Սեղմել Esc փակելու համար:
{05.05.2021 - 31.07.2021} «ԳՅՈՒՄՐՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{05.05.2021 - 31.07.2021} «ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.05.2021  -ից մինչեւ   31.07.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1031.121016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2016 թվականի N 1031-Ն

 

i

«ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին ու 10-րդ հոդվածի 4-րդ մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 29.210.01951) վերակազմավորել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ` ՇՊՀ):

2. Հաստատել ՇՊՀ-ի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:

i

3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

(3-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն որոշում)

4. ՇՊՀ-ի տնօրեն-ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար) նշանակել Սահակ Գարուշի Մինասյանին (անձնագիր` AM 0560382, տրված` 13.12.2011 թ., 001-ի կողմից):

5. Առաջարկել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով ապահովել ՇՊՀ-ի պետական գրանցումը:

6. Սահմանել, որ «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհուրդն իր գործունեությունը կարող է շարունակել մինչև հիմնադրամի գիտական խորհրդի ձևավորումը:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` սույն որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող` սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՇՊՀ-ին:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 8-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո վեցամսյա ժամկետում ՇՊՀ-ի հետ կնքել սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքի վերաբերյալ «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող պայմանագրերի փոփոխման մասին համաձայնագրեր` դրանցում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից` դրա մասին գրավոր ծանուցելով հիմնադրամին, պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով ՇՊՀ-ի միջոցների հաշվին:

10. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

ա. ապահովել «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,

բ. հաստատել «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունները ՇՊՀ-ին փոխանցելու ակտը.

2) ՇՊՀ-ի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում`

ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի կազմը,

բ. ապահովել «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով ՇՊՀ-ին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը:

11. Սահմանել, որ ՇՊՀ-ն «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1031-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը (այսուհետ` ՇՊՀ) հիմնադրի որոշմամբ հիմնադրված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. ՇՊՀ-ն «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը` 29.210.01951) իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան, «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսացել է «Գյումրու պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը` 29.210.01927) և «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը` 29.210.01961) իրավահաջորդը` փոխանցման ակտերի համաձայն:

3. ՇՊՀ-ն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

i

4. ՇՊՀ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է (այսուհետ` լիազոր մարմին):

(4-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն որոշում)

5. ՇՊՀ-ի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` «ՇՊՀ» հիմնադրամ.

3) ռուսերեն լրիվ` ֆօնդ «Շիռակսկիյ գօսուդառստվեննիյ ունիվեռսիտետ իմենի Մ. Նալբանդյանա».

4) ռուսերեն կրճատ` ֆօնդ «ՇԳՈՒ».

5) անգլերեն լրիվ` «Shirak State University named after Nalbandyan» Foundation.

6) անգլերեն կրճատ` «SSU» Foundation:

6. ՇՊՀ-ի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Գյումրի, 3126, Պարույր Սևակի 4:

 

II. ՇՊՀ-Ի ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

7. ՇՊՀ-ն իրավաբանական անձ է և ստեղծված է համարվում պետական գրանցման պահից:

8. ՇՊՀ-ն Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:

9. ՇՊՀ-ն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

10. ՇՊՀ-ն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

11. ՇՊՀ-ի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը և շահույթը պետք է օգտագործվեն նրա կանոնադրական նպատակների իրականացման համար:

12. ՇՊՀ-ն իր կանոնադրությանը համապատասխան`

1) օգտագործում է հիմնադրի կողմից ՇՊՀ-ին տրամադրված գույքը.

2) տնօրինում, օգտագործում և տիրապետում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

13. ՇՊՀ-ն կարող է ունենալ իր անվանումը պարունակող, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմներ, ձևաթղթեր, ինչպես նաև անհատականացման այլ միջոցներ:

14. ՇՊՀ-ի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

15. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում ՇՊՀ-ի պարտավորությունների համար, իսկ ՇՊՀ-ն պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար: ՇՊՀ-ն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով:

 

III. ՇՊՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

16. ՇՊՀ-ի նպատակն է`

1) անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու միջոցով.

2) գիտության տարբեր բնագավառներում գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը, հայագիտության բազմակողմանի զարգացումը.

3) գիտության, կրթության, տնտեսության և արվեստի զարգացումը` գիտամանկավարժական աշխատողների ու սովորողների գիտական հետազոտությունների և ստեղծագործական գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը տնտեսության մեջ, հետազոտական և կրթական գործընթացներում.

4) բարձրագույն կրթությամբ գիտամանկավարժական աշխատողների պատրաստումը և վերապատրաստումը.

5) կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.

6) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, նոր և հեռանկարային մասնագիտությունների ու մասնագիտացումների համակարգերի մշակումը և արմատավորումը.

7) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

8) սովորողին ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակելը.

9) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.

10) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական ու քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում.

11) սովորողների ու աշխատողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

17. ՇՊՀ-ն կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

1) հանրակրթական, նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

3) մշակույթի բնագավառում կրթական գործունեության իրականացում.

4) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

5) գիտահետազոտական և գիտաարտադրական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.

6) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.

7) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում, դրա արդյունքների իրացում, գրքերի և այլ տպագրական նյութերի վաճառքի իրականացում.

8) իր կողմից հրատարակվող տպագիր և էլեկտրոնային միջոցներով գովազդի իրականացում.

9) կրթական և ուսումնական վճարովի դասընթացների կազմակերպում.

10) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացում.

11) աշխատողների և սովորողների հանրային սննդի, հանգստի, կենցաղի կազմակերպում ու սպասարկում:

18. ՇՊՀ-ում չեն թույլատրվում հասարակական-քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպական կառույցների ստեղծումն ու գործունեությունը` բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:

 

IV. ՇՊՀ-Ի ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

19. ՇՊՀ-ի շահառուները կրթական, գիտական, մշակութային, գիտաարտադրական բնագավառներին առնչվող ֆիզիկական ու իրավաբանական անձինք են:

 

V. ՇՊՀ-Ի ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. ՇՊՀ-ն իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`

1) իրականացնելու բարձրագույն, հետբուհական կրթություն, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով հանրակրթական, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթության ծրագրեր.

2) մշակելու և հաստատելու բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, հրատարակելու ուսումնական գրականություն և ուսումնամեթոդական ձեռնարկներ.

3) ինքնուրույն որոշելու ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի ու պարբերականության ընտրության հարցերը.

4) ըստ կրթական ծրագրերի` կազմակերպելու դիմորդների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը և ուսումնական գործընթացը.

5) կազմակերպելու մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման և լրացուցիչ կրթության այլ ծրագրեր.

6) որոշելու իր կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման կարգը, օրենքով սահմանված կարգով ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու ֆակուլտետներ, ամբիոններ, գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ, քոլեջներ, ավագ դպրոցներ, այլ կառուցվածքային ստորաբաժանումներ, ինչպես նաև ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը.

7) ինքնուրույն որոշելու բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնելու աշխատողների ընտրությունը, նշանակումը, բաշխումը և ատեստավորումը` ներառյալ գիտամանկավարժական համակազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական համակազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը.

8) մշակելու ընտրովի պաշտոնների ու պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգերը և անցկացնելու նրանց ընտրությունները.

9) սահմանելու և շնորհելու ՇՊՀ-ի պատվավոր կոչումներ, շքանշաններ, մեդալներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, անվանակոչելու լսարաններ, ստորաբաժանումներ, անկյուններ.

10) իրականացնելու հրատարակչական, տպագրական գործունեություն.

11) իր կողմից կնքված պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա երկկողմանի ու բազմակողմանի կապեր իրականացնելու հանրապետության և օտարերկրյա համալսարանների, գիտական հիմնարկների, պետական մարմինների, այլ կազմակերպությունների, հաստատությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, կատարելու տարատեսակ աշխատանքներ (մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում` ուսուցման բոլոր ձևերով, ուսանողների և ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային-լուսավորչական և այլ գործունեություն, գիտական խորհրդակցությունների ու արշավախմբերի կազմակերպում և այլն), օտարերկրյա պետություններում ստեղծելու ստորաբաժանումներ և այլն.

12) ՇՊՀ-ի հիմնական և ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման նպատակով պայմանագրային կարգով ներգրավելու այլ անձանց կողմից տրամադրվող միջոցներ, ընդ որում, առանց հիմնադրի որոշման` բացառելու հիմնադրի կողմից ՇՊՀ-ի օգտագործմանը հանձնված գույքի, այդ թվում` շենքերի, շինությունների և հողատարածքների գրավադրումը, օտարումը կամ անհատույց օգտագործման հանձնումը.

13) Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

14) իրեն օգտագործման իրավունքով տրամադրված գույքը հանձնելու վարձակալության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հանձնված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքի: Հանձնված գույքի վարձակալության հանձնման արդյունքում ստացված եկամուտները պետական սեփականություն են.

15) կառավարելու իր ֆինանսները, ինքնուրույն որոշելու իր ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները` ներառյալ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգը և չափերը, սահմանելու կրթաթոշակներ.

16) իրականացնելու օրենքով և իր կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:

21. ՇՊՀ-ն պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան.

2) հրապարակել իր գործունեության մասին ամենամյա հաշվետվություն, օրենքով նախատեսված դեպքում նաև` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի եզրակացությունը.

3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

5) ապահովել սույն կետում նշված հաշվետվություններին ծանոթանալու մատչելիությունը.

6) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

VI. ՇՊՀ-Ի ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

22. ՇՊՀ-ն կառավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` ինքնակառավարման հիման վրա:

23. ՇՊՀ-ի կառավարումը հիմնված է իր ինքնավարության վրա` միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ, հիմնադրի, լիազոր մարմնի, ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի, ՇՊՀ-ի գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթների իրականացմամբ:

24. ՇՊՀ-ն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով:

25. ՇՊՀ-ի կառավարման մարմիններն են`

1) հոգաբարձուների խորհուրդը.

2) տնօրենը (այսուհետ` ռեկտոր):

i

26. ՇՊՀ-ի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից: ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 20 է: Խորհուրդը համարվում է ձևավորված, եթե նշանակվել են խորհրդի անդամների կեսից ավելին:

(26-րդ կետը փոփ. 04.05.2021 թիվ 704-Ն որոշում)

i

27. ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ՇՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումները: ՇՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից առաջադրված թեկնածուներն ընտրվում են ՇՊՀ-ի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին: Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 10 տոկոսը:

(27-րդ կետը փոփ. 04.05.2021 թիվ 704-Ն որոշում)

28. ՇՊՀ-ի սովորողների ներկայացուցիչներից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների, մասնաճյուղերի ուսանողական խորհուրդները: ՈՒսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և ակտիվ հասարակական դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող: ՈՒսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետներից առաջադրված ուսանողների թեկնածուներին և ներկայացնում լիազոր մարմին: Սովորողների կողմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը և խորհրդի անդամի լիազորություններն իրականացնում են ՇՊՀ-ում իրենց սովորելու ժամանակահատվածում:

i

29. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 55 տոկոսը):

(29-րդ կետը փոփ. 04.05.2021 թիվ 704-Ն որոշում)

30. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 10 տոկոսը):

(30-րդ կետը փոփ. 04.05.2021 թիվ 704-Ն որոշում)

i

31. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հոգաբարձուների խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

32. Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, ովքեր չեն կարող լինել ՇՊՀ-ի այլ մարմնի անդամներ:

33. Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները` խորհրդի անդամների կազմից (բացի ուսանողության ներկայացուցիչներից), հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

34. ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության` հասարակական հիմունքներով: Հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում` նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:

35. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) ներկայացնելու առաջարկություններ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ, որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ ՇՊՀ-ի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին.

4) ստանալու իրենց պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

36. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են`

1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով ՇՊՀ-ի շահերից:

37. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է`

1) իր դիմումի համաձայն.

2) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.

4) եթե դադարել են ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսի լիազորությունները.

5) ըստ պաշտոնի առաջադրված լինելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.

6) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում` հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով:

7) նրա մահվան դեպքում:

38. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով` ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին ռեկտորի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ռեկտորը տեղեկացնում է հիմնադրին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, ՇՊՀ-ի մարմիններին:

39. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ` հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով` հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից` համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

40. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

41. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են`

1) իր աշխատակարգի հաստատումը.

2) ռեկտորի ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրության կազմակերպումը, ռեկտորի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

3) ռեկտորի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը.

4) ՇՊՀ-ի գործունեության տարեկան և ռազմավարական ծրագրերի հաստատումը.

5) հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

6) ՇՊՀ-ի կառուցվածքի հաստատումը.

7) ՇՊՀ-ի հաստիքացուցակի հաստատումը.

8) ՇՊՀ-ի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու ՇՊՀ-ի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

9) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշման ընդունումը.

10) ՇՊՀ-ի գործունեության, այդ թվում` ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.

11) հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

12) ռեկտորի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների և ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

13) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

14) ՇՊՀ-ի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

15) ՇՊՀ-ի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

16) ՇՊՀ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

17) ՇՊՀ-ի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

18) քսան միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի սահմանաչափը գերազանցող պայմանագրերի հաստատումը.

19) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի մյուս մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

42. Հոգաբարձուների խորհրդի իրավասությանը պատկանող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

43. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու ՇՊՀ-ի բոլոր փաստաթղթերին:

44. Հոգաբարձուների խորհրդի նախագահը`

1) հրավիրում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

2) ստորագրում է հոգաբարձուների խորհրդի որոշումները.

3) հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ կարող է ստեղծել հանձնախմբեր և նշանակել դրանց նախագահներին, մասնավորապես, ՇՊՀ-ի` սույն կանոնադրությամբ նախատեսված ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) և սույն կանոնադրության 41-րդ կետի 8-րդ, 9-րդ, 16-րդ ու 17-րդ ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկում իրականացնելու և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհուրդ եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

4) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրության վարումը.

5) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը` օրենքով նախատեսված դեպքերում.

6) ՇՊՀ-ի անունից ռեկտորի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր:

45. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը:

46. ՇՊՀ-ի գիտական խորհուրդը (այսուհետ` գիտական խորհուրդ) ձևավորվում է սույն կանոնադրության համաձայն: Այն ՇՊՀ-ի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է:

47. Գիտական խորհուրդը գործում է ռեկտորի նախագահությամբ: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են ուսումնական տարվա ընթացքում` առնվազն 8 անգամ:

48. Գիտական խորհուրդը`

1) հաստատում է իր կանոնակարգը.

2) ռեկտորի ներկայացմամբ` հոգաբարձուների խորհրդին ներկայացնում է առաջարկություն կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ.

3) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում քննարկում և ընդունում է որոշումներ ՇՊՀ-ի` ըստ կրթական ծրագրերի և մասնագիտությունների ընդունելության վերաբերյալ.

4) հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում` օրինակելի), ՇՊՀ-ի և կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական գործունեությունը և ուսումնական գործընթացը կանոնակարգող այլ ներքին իրավական ակտեր.

5) քննարկում և հաստատում է կրթական ծրագրերը, ըստ մասնագիտությունների սահմանում է վճարաչափերը.

6) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ՇՊՀ-ում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

7) ընդունում է պատվավոր կոչումներ շնորհելու, մրցանակներ, անվանական և այլ կրթաթոշակներ տալու, ՇՊՀ-ի շքանշանով և մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածություններ ներկայացնելու, լսարաններ, ստորաբաժանումներ, անկյուններ անվանակոչելու մասին որոշումներ.

8) հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների և այլ ընտրովի պաշտոնների ընտրության կարգերը.

9) շնորհում է գիտական կոչումներ, հաստատում ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական համակազմի թափուր պաշտոնների տեղակալման մրցույթների արդյունքները.

10) ՇՊՀ-ի գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություններ ՇՊՀ-ի գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում` նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ.

11) ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ՇՊՀ-ի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագծի վերաբերյալ.

12) քննարկում և հրատարակության է երաշխավորում մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ժողովածուներ և այլ նյութեր.

13) ըստ անհրաժեշտության ստեղծում է գիտական խորհրդին կից գործող մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ, սահմանում դրանց կառուցվածքը, կազմերի ձևավորման կարգը և աշխատակարգը.

14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

49. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը, որի առնվազն 50 տոկոսն ընտրովի անդամներն են:

50. Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը, որը գիտական խորհրդի նախագահն է, պրոռեկտորները և ՇՊՀ-ի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ընտրովի անդամներ` ՇՊՀ-ի կանոնադրությանը համապատասխան: ՇՊՀ-ի գիտական խորհրդի անդամների թվի քսանհինգ տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրում են համապատասխան ֆակուլտետների ուսանողական խորհուրդները, իսկ ընտրությունն իրականացնում է ՇՊՀ-ի ուսանողական խորհուրդը:

51. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե որոշում չի ընդունվում փակ, գաղտնի քվեարկության մասին: Գիտական խորհրդի նիստերը կարող են անցկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման միջոցով:

52. Գիտական խորհրդի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել գիտական խորհրդի նախագահի առաջարկով, ինչպես նաև գիտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Գիտական խորհրդի նախագահն արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ պահանջն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարտավոր է ապահովել նիստի գումարումը:

53. ՇՊՀ-ի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է ռեկտորը: Ռեկտորն իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան, գործում է միանձնյա:

54. Ռեկտորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրով:

55. ՇՊՀ-ի ռեկտորը`

1) ղեկավարում է ՇՊՀ-ի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը.

2) կազմակերպում է ՇՊՀ-ի գիտական խորհրդի, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

3) հրավիրում է ՇՊՀ-ի գիտական խորհրդի, ռեկտորատի նիստերը.

4) տարեկան հաշվետվություն է ներկայացնում ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդին.

5) ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում տարեկան բյուջեի նախագիծը, զարգացման ռազմավարական ծրագրերը, ՇՊՀ-ի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը, ՇՊՀ-ի կառուցվածքը և հաստիքացուցակը.

6) կազմակերպում և ապահովում է ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

7) ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ նախագծեր.

8) ՇՊՀ-ի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում` օրինակելի), կանոնակարգերը, այլ ներքին իրավական ակտեր.

9) սույն կանոնադրությանը համապատասխան` կազմավորում է ՇՊՀ-ի գիտական խորհուրդը և կառուցվածքային ստորաբաժանումների կոլեգիալ կառավարման մարմինները, սահմանում է աշխատողների լիազորությունները, պաշտոնեական պարտականությունները.

10) արձակում է ուսանողների ընդունելության, հեռացման, վերականգնման, համապատասխան արձակուրդ ձևակերպելու, խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելու, որակավորման աստիճան շնորհելու, ուսանողական նպաստ հատկացնելու և ՇՊՀ-ի գործունեությանը վերաբերող այլ հրամաններ.

11) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում պրոռեկտորներին և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունը.

12) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է տնտեսական ընկերությունների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների տնօրեններին, նրանց հետ կնքում աշխատանքային պայմանագրեր.

13) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր, կազմակերպում է աշխատողների ատեստավորումը.

14) աշխատանքային պայմանագրեր է կնքում ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և գիտամանկավարժական համակազմի աշխատողների հետ.

15) կնքում է մինչև քսան միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր: Նշված սահմանաչափը գերազանցող պայմանագրերը ենթակա են հաստատման` հոգաբարձուների խորհրդի կողմից.

16) արհեստակցական կազմակերպության նախագահի հետ կնքում է կոլեկտիվ պայմանագիր.

17) կասեցնում է ՇՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման մարմինների այն որոշումները, որոնք չեն բխում նրանց իրավասությունից, հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը, և նշանակում է դրանց վերաքննարկում.

18) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարում է պրոռեկտորներից մեկին.

19) տալիս է ՇՊՀ-ի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

20) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և ՇՊՀ-ի այլ կառավարման մարմիններին չվերապահված լիազորություններ.

21) ձևավորում է ռեկտորին կից խորհրդատվական մարմիններ, սահմանում է դրանց կազմն ու լիազորությունները:

i

56. ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ:

(56-րդ կետը փոփ. 29.07.2021 թիվ 1248-Ն որոշումներ)

57. Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով` հոգաբարձուների խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայն:

58. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

59. Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:

60. Ռեկտոր ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով` հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, եթե`

1) նա դիմում է դրա մասին.

2) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:

61. ՇՊՀ-ի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ձևավորվում է ՇՊՀ-ի ռեկտորի հրամանով: ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի և ՇՊՀ-ի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատը քննարկում է ՇՊՀ-ի գործունեության ոլորտներին վերաբերող հարցեր: Ռեկտորատի անվանական կազմը հաստատում է ՇՊՀ-ի ռեկտորը:

62. Պրոռեկտորներն իրականացնում են ՇՊՀ-ի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարում` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:

 

VII. ՇՊՀ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

63. ՇՊՀ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել, ձեռնարկատիրական գործունեության նոր տեսակներ սահմանել կարող է ինչպես ՇՊՀ-ի հիմնադիրը, այնպես էլ ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհուրդը` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

64. ՇՊՀ-ի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները չեն կարող վերաբերել ՇՊՀ-ի նպատակներին կամ շահառուներին:

 

VIII. ՇՊՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

65. ՇՊՀ-ն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:

66. ՇՊՀ-ի` այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով:

67. ՇՊՀ-ն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:

68. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս` ՇՊՀ-ն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:

69. ՇՊՀ-ն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում է իր կանոնադրությանը կամ ծառայում իր կանոնադրական նպատակների իրականացմանը: ՇՊՀ-ն կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել ինքնուրույն կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ, կամ լինել դրանց մասնակից: ՇՊՀ-ի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակները սահմանվում են ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

70. Հիմնադրի կողմից ՇՊՀ-ին` որպես հիմնադրի ներդրում հանձնված գույքը ՇՊՀ-ի սեփականությունն է: ՇՊՀ-ն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով:

71. ՇՊՀ-ի սեփական միջոցներով ձեռք բերված գույքը և օրենքով սահմանված այլ աղբյուրներից ձևավորված գույքը ՇՊՀ-ի սեփականությունն են: ՇՊՀ-ն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով:

72. Այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից որպես կամավոր գույքային ներդրում հանձնված գույքը, ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները ՇՊՀ-ի սեփականությունն են:

73. ՇՊՀ-ի սեփականությունը հանդիսացող և նրան օգտագործման հանձնված ընդհանուր ակտիվների արժեքի 20 տոկոսը գերազանցող գործարքները կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:

74. ՇՊՀ-ի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ ՇՊՀ-ի մարմինների անդամների, ինչպես նաև ՇՊՀ-ի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և, ՇՊՀ-ի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված, փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ ՇՊՀ-ի հիմնադիրը, ՇՊՀ-ի մարմինների անդամները, ինչպես նաև ՇՊՀ-ի աշխատողները կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:

 

IX. ՇՊՀ-ՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

75. ՇՊՀ-ում բարձրագույն կրթությունն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի հիմնական կրթական ծրագրերով` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան: ՇՊՀ-ն կարող է իրականացնել նաև հանրակրթական, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական, լրացուցիչ կրթական ծրագրեր:

76. Սովորողների` ՇՊՀ ընդունելությունը և ուսուցման մեկ մակարդակից մյուսին անցումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

77. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

78. ՇՊՀ-ում կիրառվում է բարձրագույն կրթության աստիճանական համակարգ: ՈՒսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ):

79. Լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է ՇՊՀ-ի կողմից սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (վկայագիր, հավաստագիր):

80. ՇՊՀ-ում ուսուցումը կարող է իրականացվել առկա, հեռակա, դրսեկության և հեռավար ձևերով: Թույլատրելի է բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու տարբեր ձևերի զուգակցումը:

81. ՇՊՀ-ի հիմնական կրթական ծրագրերով ուսումնառությունն իրականացվում է կրեդիտների կուտակման և փոխանցման համաեվրոպական համակարգի դրույթներին համապատասխան:

82. ՇՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ:

83. ՇՊՀ-ում գործում է որակի ներքին ապահովման և վերահսկման համակարգ, որի նպատակը կրթության որակի շարունակական բարելավումն է:

84. ՇՊՀ-ի ասպիրանտուրա ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման հիման վրա` ըստ դիմորդների մրցութային ընդունելության քննությունների արդյունքների, որի կարգը և մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

85. ՇՊՀ-ում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ՇՊՀ-ի աշխատողները և սովորողները, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով հրավիրված այլ մասնագետներ:

86. ՇՊՀ-ն կազմակերպում և անցկացնում է գիտաժողովներ, համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, հրատարակում է գիտական պարբերականներ, ժողովածուներ, մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ:

87. ՇՊՀ-ի ուսումնական և գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հիմնարկների, կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց նվիրատվություններից, դրամաշնորհներից.

3) ՇՊՀ-ի վճարովի ծառայություններից ստացվող միջոցներից.

4) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.

5) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված միջոցներից.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

88. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացվող գիտահետազոտական, նախագծային, կոնստրուկտորական, փորձարարական և այլ աշխատանքների պլանավորումը, ֆինանսավորումը, հաշվետվությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

X. ՇՊՀ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

89. ՇՊՀ-ի կառուցվածքը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:

90. ՇՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներն են ֆակուլտետները, ամբիոնները, կենտրոնները, քոլեջը, վարժարանը, ավագ դպրոցը, վարչությունները, բաժինները, լաբորատորիաները, կաբինետները, գիտական գրադարանը և այլ ստորաբաժանումներ:

91. ՇՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակը և իրավասությունը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և ՇՊՀ-ի գիտական խորհրդի հաստատած կանոնադրություններով:

92. ՇՊՀ-ի ֆակուլտետը գործում է իր կանոնադրությանը համապատասխան:

93. Ֆակուլտետը, ելնելով իր կողմից իրականացվող ուսումնական, մանկավարժական, մեթոդական, գիտական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքներից, ըստ սահմանված չափանիշների, կազմում է իր հաստիքացուցակի նախագիծը և ներկայացնում ՇՊՀ-ի ռեկտորին:

94. Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական, գիտական ու օժանդակ այլ ստորաբաժանումներից:

95. Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը:

96. Ֆակուլտետի կառավարման կոլեգիալ մարմինը ֆակուլտետի խորհուրդն է, որի նախագահը ֆակուլտետի դեկանն է: Ֆակուլտետի խորհրդի կազմում ընդգրկվում են դեկանի տեղակալները, ֆակուլտետի ամբիոնների վարիչները, ֆակուլտետի պրոֆեսորներ, դոցենտներ, ոլորտի այլ մասնագետներ, սովորողներ: Ֆակուլտետի խորհրդի անդամների թվի 25 տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

97. Ֆակուլտետի խորհրդի, որպես կառավարման մարմնի կազմ, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի օրինակելի կանոնադրությամբ:

98. Ֆակուլտետի խորհուրդը`

1) ՇՊՀ-ի ռեկտորին ներկայացնում է առաջարկություն ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, լուծարելու, վերակազմավորելու վերաբերյալ.

2) ընդունում է որոշում ֆակուլտետի կրթական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ հարցերի վերաբերյալ.

3) սահմանված կարգի համաձայն իրականացնում է ֆակուլտետի դեկանի ընտրությունը.

4) լսում է ֆակուլտետի դեկանի ամենամյա հաշվետվությունը և գնահատում նրա գործունեությունը.

5) ՇՊՀ-ի գիտական խորհրդի ընդունած օրինակելի կանոնադրության հիման վրա ընդունում է ֆակուլտետի կանոնադրությունը.

6) առաջադրում է ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդում և ՇՊՀ-ի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչների թեկնածուներին.

7) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ գործունեության հարցերը.

8) ՇՊՀ-ի ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները` ՇՊՀ-ի գիտական խորհրդում հաստատելու համար.

9) լուծում է սույն կանոնադրությունից և ՇՊՀ-ի այլ ներքին իրավական ակտերից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությանը վերաբերող այլ հարցեր:

99. Ֆակուլտետի խորհրդի նիստերը գումարվում են ուսումնական տարվա ընթացքում առնվազն 8 անգամ: Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ կամ ֆակուլտետի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Ֆակուլտետի գիտաուսումնամեթոդական խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի աշխատողների և սովորողների համար:

100. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրության համաձայն:

101. Ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն դոցենտը կամ պրոֆեսորը, որն ունի գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:

102. Դեկանն ընտրվում է գիտական խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ` 5 տարի ժամկետով: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ամենաշատ, բայց առնվազն մասնակիցների ձայների կեսից ավելի ձայներ հավաքած թեկնածուն: Ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված դեկանին պաշտոնի է նշանակում ՇՊՀ-ի ռեկտորը և սահմանված կարգով կնքում է պայմանագիր` 5 տարի ժամկետով: Դեկանի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է ՇՊՀ-ի գիտական խորհրդի կողմից հաստատված` դեկանների ընտրության կանոնակարգին համապատասխան: Դեկանն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ:

103. Ֆակուլտետի դեկանը`

1) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեությունը.

2) ապահովում է ՇՊՀ-ի մարմինների և ֆակուլտետի գիտական խորհրդի որոշումների կատարումը.

3) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների և ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղարի թեկնածությունները.

4) սահմանված կարգով ռեկտորին ներկայացնում է առաջարկություն ուսանողներին հեռացնելու, վերականգնելու, կուրսից կուրս փոխադրելու վերաբերյալ.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

104. Ֆակուլտետի խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ֆակուլտետին առնչվող ընթացիկ հարցերը քննարկվում և լուծվում են դեկանատի խորհրդի նիստում, որին մասնակցում են դեկանը, դեկանի տեղակալը (եթե այդպիսիք կան), ֆակուլտետի կազմի մեջ մտնող ամբիոնների վարիչները, ֆակուլտետի խորհրդի քարտուղարը, ուսանողական խորհրդի և ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահները: Դեկանատի նիստերն արձանագրվում են:

105. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների կանոնադրությունների հիման վրա: Ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները և դասախոսները:

106. ՇՊՀ-ի ամբիոնները կարող են լինել նաև համահամալսարանական, որոնց գործունեության անմիջական համակարգումը կատարվում է համապատասխան պրոռեկտորի կողմից:

107. Ամբիոնը գործում է սույն կանոնադրությանը և ֆակուլտետի կանոնադրությանը համապատասխան:

108. Ամբիոնը, ելնելով կատարվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքների ծավալից ու ձևերից, ըստ սահմանված չափանիշների, մշակում է իր աշխատողների ուսումնական բեռնվածությունը:

109. ՇՊՀ-ի ամբիոնում պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը, նրանց և ՇՊՀ-ի միջև աշխատանքային հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով, մրցութային կարգով:

110. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է բաց մրցույթի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ, մինչև 5 տարի ժամկետով: Ընտրությունների արդյունքների հիման վրա ամբիոնի վարիչին պաշտոնի է նշանակում ռեկտորը: Ամբիոնի վարիչի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է ՇՊՀ-ի գիտական խորհրդի կողմից հաստատված` ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգին համապատասխան: Ամբիոնի վարիչի գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք: Ամբիոնի վարիչն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ:

111. Ամբիոնի ուսումնագիտական գործունեությանը վերաբերող հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի գիտամանկավարժական կազմի նիստում: Ամբիոնի ուսումնաօժանդակ համակազմի աշխատողներն ամբիոնի նիստին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:

112. Ֆակուլտետի մյուս ստորաբաժանումների ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ:

113. Կենտրոնը ՇՊՀ-ի կանոնադրական խնդիրների և գործառույթների իրագործման նպատակով ստեղծված կառուցվածքային ստորաբաժանում է, որի գործունեության կարգը սահմանում է ՇՊՀ-ի գիտական խորհուրդը:

114. ՇՊՀ-ում հանրակրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպվում է հենակետային վարժարանում (ավագ դպրոց), որը գործում է կանոնադրության հիման վրա: Հենակետային վարժարանի շրջանավարտներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվում է ավարտական փաստաթուղթ:

115. ՇՊՀ-ում միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպվում է ՇՊՀ-ի կազմում գործող քոլեջում, որը գործում է իր կանոնադրության հիման վրա: Քոլեջի շրջանավարտներին տրվում է միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) և դրա ներդիրը:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2016
N 1031-Ն
Որոշում