Սեղմել Esc փակելու համար:
{01.05.2021 - 19.10.2021} ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.05.2021 - 19.10.2021} ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ (ԿԱՄԱՎՈՐ) ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.05.2021  -ից մինչեւ   19.10.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

26 հունվարի 2021 թվականի N 21-Ն

 

ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ (ԿԱՄԱՎՈՐ) ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.12-րդ կետը, ինչպես նաև «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 32-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել`

1) Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը` համաձայն Հավելվածի:

2) Ծրագրի իրականացման աշխատակարգը` ծրագրի հաստատումից հետո` 30-օրյա ժամկետում:

i

3) Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հրամանով հաստատված հավելվածի 28-րդ կետի 5-րդ ենթակետի, որը ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

(1-ին կետի 3-րդ ենթակետը փոփ. 13.10.2021 թիվ 77-Ն հրաման)

 

Վ. Դումանյան

 

Հավելված

Կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2021 թ. 26 հունվարի

N 21-Ն հրամանի

 

ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ (ԿԱՄԱՎՈՐ) ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Ուսուցչի մասնագիտությունը պատմականորեն դիտարկվում է որպես առաքելություն:

2. Հանրակրթության որակի ապահովման երաշխիքներից մեկը ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացումն է տարբեր միջոցներով, այդ թվում` խթանելով և ապահովելով լավագույն մասնագետների մուտքը դպրոց, վերանայելով վարձատրման քաղաքականությունը: Միևնույն ժամանակ, հավելավճարի միջոցով ուսուցիչների խրախուսումը պետք է նախագծվի այնպես, որ զուգահեռաբար խթանի նաև արդեն գործող ուսուցիչների մասնագիտական զարգացումը, նպաստի լավագույն ուսուցիչներին հայտնաբերելուն և խրախուսելուն, առկա խնդիրները բացահայտելուն, ինչպես նաև մեթոդական աջակցություն ցուցաբերելուն: Այս նպատակների իրականացումը նախատեսում է հետևյալ միջոցառումները`

1) ուսուցիչների պատրաստման համակարգի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, մասնավորապես` որակավորումը համապատասխանեցնելով ուսուցիչների մասնագիտական ստանդարտներին,

2) ուսուցչի որակավորում շնորհող մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատությունների կարգավիճակի, ընդունելության պայմանների և ծրագրերի վերանայում` արտացոլելով ուսուցչի աշխատանքի հանրային կարևորության գործնական և ինստիտուցիոնալ իրացումը,

3) ուսուցիչների` աշխատանքի ընդունման ընթացակարգի վերանայում,

4) ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման համակարգերի վերանայում,

5) ուսուցիչների որակավորման տարակարգերի շնորհման համակարգի վերանայում` դրանք փոխկապակցելով ուսուցիչների մասնագիտական ստանդարտներին,

6) ուսուցիչների ատեստավորման արդյունքում հավելավճար սահմանելու հնարավորություն:

 

2. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԽՆԴԻՐՆԵՐ, ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

3. Նախկինում աշխատանքի ընդունվելիս ուսուցիչները մասնակցում էին մրցույթի, որն ընթանում է երկու փուլով` գրավոր և բանավոր, և փուլերի հարցաշարերը ներառում էին հարցեր կրթության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերից, սակայն չէին ստուգվում ուսուցիչների մասնագիտական, առարկայական գիտելիքները և դրանք ուսուցման գործընթացում հանրակրթության պետական չափորոշչին, առարկայական չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան կիրառելու հմտությունները: Այս մոտեցումը ևս վերանայման փուլում է:

4. Ուսուցչի պարտադիր ատեստավորումն իրականացվում էր պարզ ընթացակարգով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված` ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկով նախատեսված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա:

5. 2019/2020 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում մանկավարժական աշխատողների թվաքանակը կազմել է շուրջ 37500 մարդ, որոնց 90.1%-ը կատարել է միայն ուսուցչական աշխատանք, իսկ 9.9%-ը վարչական, ուսումնաօժանդակ և այլ աշխատանքներին զուգընթաց զբաղվել է նաև ուսուցչական գործունեությամբ:

6. Ուսուցիչների զարգացման մոտիվացիան խթանելու համար 2012 թվականին ներդրվել է որակավորման տարակարգերի քառաստիճան համակարգը: Այս համակարգը գործում է կամավորության սկզբունքով` ուսուցչի նախաձեռնությամբ. տարակարգը տրվում է 5 տարի ժամկետով: Համակարգը գործում է հերթականության սկզբունքով` որակավորման առաջին աստիճանի տարակարգ ստանալուց հետո երկրորդ աստիճանի տարակարգի համար ուսուցիչը կարող է դիմել միայն 2 տարի անց, երրորդի համար` երկրորդը ստանալուց 3 տարի անց և չորրորդ աստիճանի տարակարգի համար` երրորդը ստանալուց 4 տարի անց: Այսինքն, ընդհանուր առմամբ չորրորդ` բարձրագույն աստիճանի տարակարգ ստանալու և աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար ստանալու համար ուսուցչից կպահանջվի առնվազն 9 տարի: 2020 թվականի դրությամբ Հայաստանի շուրջ 37500 ուսուցիչներից մոտավորապես միայն 2226-ն ունեն առաջին աստիճանի տարակարգ, մոտավորապես 122-ը` երկրորդ աստիճանի տարակարգ, և 1 ուսուցիչ` երրորդ աստիճանի տարակարգ, որը կազմում է ուսուցիչների ընդհանուր թվի 6,2 տոկոսը: Այսպիսով, նույնիսկ եթե ուսուցիչը համապատասխանում է չորրորդ աստիճանի տարակարգին, ապա չի կարող դիմել դրա համար, քանի դեռ չի անցել նախորդող 9 տարվա շրջափուլով: Հաշվի առնելով տարակարգի համար հիմք ծառայող որոշ բնութագրիչների առավելապես ձևական բնույթը` միանշանակ չէ, թե արդյոք դրանք իրականում չափում են ուսուցչի զարգացման այն ուղղությունները, որոնց պետք է ուղղված լինի պետական քաղաքականությունը: Ներդրված համակարգի արդյունքում տրվող հավելավճարները էական ազդեցություն չեն ունենում ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման գործում:

7. Ուսուցիչների աշխատավարձերի միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կրթության բարձր մակարդակ ունեցող երկրներում ուսուցիչների աշխատավարձերը գրեթե չեն տարբերվում կամ նույնիսկ գերազանցում են երկրի միջին աշխատավարձը:

 

________________________

ԻՐՏԵԿ - նկարը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

8. Ուսուցչի մասնագիտությունը կորցրել է երբեմնի գրավչությունը: Դրա վառ ապացույցն այն է, որ Հայաստանի Հանրապետության` մանկավարժներ պատրաստող բարձրագույն ուսումնական հաստատությունները չեն ընկալվում որպես երկրի լավագույն բուհեր և մրցունակ չեն: Ստորև ներկայացվում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և այլ բուհերի միասնական ընդհանուր միջին գնահատականների տարբերությունները. Այս իրավիճակը պահանջում է մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատությունների հանդեպ վարվող պետական քաղաքականության փոփոխություն` արտացոլվելով այս բուհերի պետական ֆինանսավորման, ընդունելության ընթացակարգերի, ծրագրերի վերանայման հանդեպ առանձնահատուկ մոտեցումներում:

 

________________________

ԻՐՏԵԿ - նկարը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

9. Հայաստանում ուսուցիչների ավելի քան 62 տոկոսի ծանրաբեռնվածությունը նվազ է, քան մեկ դրույքը, որի արդյունքում ուսուցիչների վարձատրությունը մեկ ուսուցչի և մեկ դրույքի հաշվով տարբեր է: Այսպիսով, 2020 թ.-ի առաջին կիսամյակում մեկ դրույքի համար նվազագույն աշխատավարձը կազմել է 108.800 ՀՀ դրամ, իսկ մեկ ուսուցչի հաշվով միջին աշխատավարձը կազմել է 123.714 ՀՀ դրամ: Համադրելով ուսուցչի միջին աշխատավարձը երկրի միջին աշխատավարձի և բյուջետային միջին աշխատավարձի հետ` կունենանք հետևյալ պատկերը` 2018 թ.-ի ՀՀ միջին անվանական աշխատավարձը 2018 թ.-ի դեկտեմբեր ամսվա դրությամբ կազմել է 183.900 ՀՀ դրամ, որը շուրջ 33 տոկոսով գերազանցում է ուսուցչի անվանական միջին ամսական աշխատավարձը:

10. Եվս մեկ խնդիր է նոր մասնագետների մուտքը դպրոց: Ներկայումս ուսուցիչների 24 տոկոսը դպրոցում աշխատում է 36 և ավելի տարի. ընդհանուր առմամբ` ուսուցիչների ավելի քան 40 տոկոսը դպրոցում ավելի քան քսանհինգ տարվա աշխատանքային ստաժ ունի: Սրա համեմատ` դպրոց նոր մուտք գործող ուսուցիչները կազմում են ընդամենը 2 տոկոս, ինչը նշանակում է, որ սերնդափոխությունը տեղի է ունենում դանդաղ: Կենսաթոշակային տարիքի ուսուցիչները կազմում են ուսուցիչների ընդհանուր թվի շուրջ 11.7 տոկոսը: Ստորև բերված աղյուսակից երևում է, որ 60-ն անց ուսուցիչների թիվը գերազանցում է համակարգ նոր մուտք գործող ուսուցիչների թվին:

 

________________________

ԻՐՏԵԿ - նկարները տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

11. Դպրոցների ֆինանսավորումը ներկայումս իրականացվում էր ըստ դասարանի կոմպլեկտավորման կամ սովորողների թվի` համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի` «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման և ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշման և ՀՀ ԿԳՄՍ նախարարի` ֆինանսավորման գործակիցների մասին հրամանի: Միևնույն ժամանակ սովորողների թվի` նույն քանակն ունեցող դպրոցների ֆինանսավորումը կարող էր էապես տարբերվել, քանի որ ՀՀ մարզպետարանները անհրաժեշտության դեպքում կարող էին իրականացնել հատկացվող բյուջեի վերաբաշխում` հաշվի առնելով դպրոցների տարբերություններն ըստ աշխարհագրական դիրքի, շենքային պայմանների և այլն: Սակայն պետք է նշել, որ վերաբաշխման գործընթացը հստակ կանոնակարգված չէր նորմատիվ ակտերով, ինչը դպրոցների ֆինանսավորման գործընթացը դարձնում էր թույլ վերահսկելի, իսկ դրա արդյունավետության գնահատումը` անհնարին: Արդյունքում որոշ դպրոցներ ունենում էին բյուջեի ճեղքվածք, մյուսները` տնտեսում: Մարզպետարաններն իրավասու են իրականացնելու տնտեսված գումարների վերաբաշխում. դրանք կազմում են բյուջեների 25-30 տոկոսը, և, հետևաբար, նմանատիպ դպրոցները միևնույն մարզում կարող են ունենալ մինչև 13 մլն. դրամի տարբերություն:

12. 2020 թվականին վերանայվել է նաև այս կարգը, որի արդյունքում դպրոցի ֆինանսավորումը իրականացվելու է ըստ դասարանների թվի, ինչը հնարավորություն կտա վերանայելու նաև դասարանների կոմպլեկտավորման կարգը` նվազեցնելով դասարանում սովորողների թիվը:

 

________________________

ԻՐՏԵԿ - նկարը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

13. Միևնույն դասաժամեր ունեցող ուսուցիչների վարձատրությունը հանրապետության տարբեր դպրոցներում տարբեր է` կախված դպրոցների ֆինանսավորման ձևից: Դա էական թերություն է առկա բանաձևում, քանի որ դպրոցների ֆինանսավորման չափը ձևավորվում է` ելնելով աշակերտների թվից, իսկ դպրոցները իրականացնում են աշխատավարձերի վճարման համար ծախսեր` ելնելով մանկավարժական դրույքից:

14. Անհրաժեշտություն է առաջանում բարելավելու դպրոցների ֆինանսավորման համակարգը` կանխելով ուսուցիչների վարձատրության տատանումները: Ներկայումս նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Հանրակրթական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ինչպես նաև մշակվել և քննարկման փուլում է գտնվում ՀՀ ԿԳՄՍ նախարարի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին» հրամանի նախագիծը, որոնցով փորձ է արվում կանոնակարգել վերոնշյալը:

15. Անհրաժեշտ է ստեղծել համակարգ, որը.

1) հնարավորություն կտա բացահայտելու և խրախուսելու դպրոցում դասավանդող որակյալ ուսուցիչներին,

2) կխրախուսի երիտասարդ ուսուցիչների մուտքը դպրոց` միևնույն ժամանակ ապահովելով հարթ սերնդափոխություն,

3) հիմք կհանդիսանա ատեստավորման պարտադիր համակարգի բարելավման համար,

4) հիմք կհանդիսանա տարակարգերի շնորհման համակարգի բարելավման համար` հենվելով ուսուցիչների մասնագիտական ստանդարտների վրա,

5) հիմք կհանդիսանա ուսուցիչների պատրաստման գործընթացի բարելավման համար:

 

3. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

 

16. Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ համակարգ նոր մուտք գործող, ինչպես նաև արդեն դասավանդող ուսուցիչների գնահատում իրականացվում է գրեթե բոլոր երկրներում:

17. Լիարժեք որակավորում ստանալու համար համակարգ նոր մուտք գործող ուսուցիչները հանձնում են լրացուցիչ քննություն: Քննությունները կարող են կազմակերպված լինել նախարարության, տարածքային կամ տեղական կառավարման լիազորված մարմինների կողմից գրավոր թեստերի, հարցազրույցների, թղթապանակների գնահատման, դասապրոցեսի դիտարկման, փորձաշրջանի գնահատման միջոցով կամ նման միջոցների համադրմամբ: Այն ներառում է տարբեր փուլեր, որի ընթացքում գնահատվում են հիմնականում ուսուցիչների առարկայական գիտելիքները և մասնագիտական հմտությունները: Այն երկրներում, որտեղ ուսուցիչների ընդունելությունն իրականացվում է քննության միջոցով, ստեղծվում են ուսուցիչների պաշտոնների թեկնածուների ցանկեր, և նշանակումը կատարվում է կրթության լիազոր մարմինների կողմից:

18. Եվրոպական երկրների մեկ երրորդի կրթական համակարգերում ուսուցիչների գնահատումն իրականացվում է նաև ուսուցիչների խրախուսման նպատակով: Տասը երկրներում գնահատման արդյունքում որոշվում է` արդյոք ուսուցիչը պետք է ստանա հավելավճարներ կամ այլ արտոնություններ, և եվրոպական ինը երկրների կրթական համակարգերում գնահատումն իրականացվում է աշխատավարձի բարձրացում իրականացնելու նպատակով:

19. Շատ հազվադեպ է ուսուցիչների գնահատումն ունենում միայն մեկ նպատակ: Այնուամենայնիվ, որոշ երկրներում (Բելգիա, Իսպանիա, Ավստրիա, Շոտլանդիա, Հյուսիսային Մակեդոնիա) գնահատումն իրականացվում է ուսուցիչներին հետադարձ կապ ապահովելու, մասնագիտական խորհուրդներով օգնելու և ուսուցչի մասնագիտական հմտությունները բարելավելու նպատակով: Խորվաթիայում և Լիտվայում գնահատման հիմնական նպատակը ուսուցիչների խրախուսումն է: Իտալիայում դասավանդող ուսուցիչների գնահատումն իրականացվում է ուսուցիչներին պարգևատրելու նպատակով:

20. Եվրոպական մյուս բոլոր երկրներում ուսուցիչների գնահատումն իրականացվում է տարբեր նպատակներով: Ի լրումն բնութագրական գնահատման, որը միտված է ուսուցիչների կարիքների գնահատմանը և մասնագիտական խորհրդատվության տրամադրմանը, իրականացվում է նաև ընդհանրական գնահատում, որի արդյունքների հիման վրա որոշվում է խրախուսման ձևը` աշխատավարձի բարձրացում, հավելավճարներ կամ այլ պարգևներ:

21. Խրախուսման նպատակով դասավանդող ուսուցիչների գնահատումը հիմնականում լինում է կամավորության սկզբունքով` ուսուցչի նախաձեռնությամբ: Գնահատման այս միջոցը հաջորդում է մի շարք այլ գործընթացների, որոնք այլ նպատակ են հետապնդում. մասնավորապես, բացի դասավանդելու համար բավարար պահանջների գնահատումից, հաշվի են առնվում դասավանդման տարիները և մասնագիտական զարգացմանն ուղղված միջոցառումներին մասնակցությունը:

22. Դասավանդող ուսուցիչների գնահատումը մասնագիտական զարգացման կարիքները դուրս բերելուց բացի, նպատակ ունի նաև բացահայտելու և լուծելու այն ուսուցիչների հարցը, որոնք չեն ապահովում դասավանդման համար անհրաժեշտ նվազագույն պահանջները: Ինչպես գնահատման դրական արդյունքները կարող են հանգեցնել ուսուցիչների վարձատրության բարձրացմանը, այնպես էլ գնահատման բացասական արդյունքները կարող են պատճառ հանդիսանալ հետագա մի շարք գործընթացների համար, ինչպես օրինակ` պարտադիր մասնագիտական զարգացում, հավելավճարների կասեցում, աշխատանքային պայմանագրերի կասեցում, աշխատանքից ազատում և այլն:

23. Եվրոպական երկրների մեծ մասում համակարգ նոր մուտք գործող ուսուցիչների գնահատումն իրականացվում է դասավանդելու թույլտվություն ընձեռելու նպատակով: Այս փուլում նրանք ստանում են դրական կամ բացասական գնահատական` առանց հետագա որակական կամ քանակական բնութագրիչների:

24. Դասավանդող ուսուցիչների գնահատումը տալիս է նաև կարգի շնորհման հնարավորություն` հանդիսանալով ուսուցիչների մասնագիտական զարգացման և առաջընթացի ամբողջական գնահատման մի մասը և նպատակ ունենալով առանձնացնելու և համակարգելու ուսուցիչների մասնագիտական գործունեության տարբեր մակարդակները:

 

4. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ, ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

25. Խնդիրը լուծելու նպատակով անհրաժեշտ է մշակել և ներկայացնել ուսուցիչների` սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգ, որը կիրականացվի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգման թեստավորման եղանակով` որպես արդյունք ունենալով ուսուցիչների խրախուսումը:

26. Կամավոր ատեստավորումն անցած ուսուցիչներին հավելավճար կտրվի 5 տարի ժամկետով:

27. Հավելավճարները կտրվեն միայն հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցիչներին: Դպրոցից դպրոց տեղափոխման արդյունքում հավելավճարը կպահպանվի:

i

28. Կամավոր ատեստավորումը գործում է պարտադիր ատեստավորմանը զուգահեռ (Հավելվածի ժամանակացույցին համապատասխան) և ուսուցիչներին ընձեռում է հավելավճար ստանալու հնարավորություն: Մասնավորապես, կամավոր ատեստավորման արդյունքում`

1) 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար` 50 տոկոսի չափով:

2) 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար` 40 տոկոսի չափով:

3) 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար` 30 տոկոսի չափով:

4) 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, աշխատավարձը կպահպանվի:

5) 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է պարտադիր վերաատեստավորման` մեկ տարի անց: Երկրորդ տարում վերաատեստավորումը չանցած ուսուցչի դասավանդման իրավունքը կկասեցվի մինչև իր հայեցողությամբ հաջորդ վերապատրաստմանը մասնակցելը և վերաատեստավորման դրական արդյունք ունենալը` համաձայն «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 22-րդ և 23-րդ կետերի:

(28-րդ կետը փոփ. 13.10.2021 թիվ 77-Ն հրաման)

29. Ատեստավորումը նախատեսվում է անցկացնել նախապես կազմված ժամանակացույցին համապատասխան.

1) Առաջին տարում ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 7-12-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հայ գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն առարկաները դասավանդող ուսուցիչների համար:

2) Երկրորդ տարում` 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ատեստավորման այս եղանակը պարտադիր է դառնում համակարգ նոր մուտք գործող այն ուսուցիչների համար, որոնք դասավանդելու են 7-12-րդ դասարաններում:

3) Երրորդ տարում` 1-4-րդ դասարաններում /5-12-րդ դասարաններում/ դասավանդող բոլոր ուսուցիչների համար: Ինչպես նաև պարտադիր` 1-12-րդ դասարաններում դասավանդել ցանկացող` նոր համակարգ մուտք գործող ուսուցիչների համար:

 

._____________________________________________________________________.

|Դասարան/Առարկայախումբ                              |2021 |2022 |2023 |

|___________________________________________________|_____|_____|_____|

|7-12-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն,  |     |     |     |

|հայ գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ,  |     |     |     |

|երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և  |     |     |     |

|աշխարհագրություն առարկաներ                         |     |     |     |

|___________________________________________________|_____|_____|_____|

|5-12-րդ դասարաններում բոլոր առարկաներ              |     |     |     |

|___________________________________________________|_____|_____|_____|

|1-4-րդ դասարաններ/5-12-րդ դասարաններ -             |     |     |     |

|բոլոր առարկաներ                                    |     |     |     |

|___________________________________________________|_____|_____|_____|

|Նոր ուսուցիչներ                                    |     |     |     |

|7-12-րդ դասարաններ                                 |     |     |     |

|___________________________________________________|_____|_____|_____|

|Նոր ուսուցիչներ                                    |     |     |     |

|5-12-րդ դասարաններ                                 |     |     |     |

|___________________________________________________|_____|_____|_____|

|Նոր ուսուցիչներ                                    |     |     |     |

|1-12-րդ դասարաններ                                 |     |     |     |

._____________________________________________________________________.

 

i

29.1 Մեկից ավելի առարկաներ դասավանդող ուսուցիչը ատեստավորման կարող է մասնակցել միայն մեկ առարկայից` իր ընտրությամբ:

(29.1-ին կետը լրաց. 16.04.2021 թիվ 30-Ն հրաման)

30. Հաշվի առնելով ժամանակացույցը` ըստ նախնական կանխատեսումների` ենթադրվում է, որ.

1) առաջին տարում ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը կկազմի ընդհանուր ուսուցիչների թվի 4.2 տոկոսը, որոնց 76.8 տոկոսը կստանա հավելավճար.

 

._____________________________________________________________________.

|Տարիները                         |2021       |2022       |2023       |

|_________________________________|___________|___________|___________|

|կամավոր ատեստավորմանը մասնակցած  |2070       |6370       |9860       |

|ուսուցիչների թիվը                |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|կամավոր ատեստավորման արդյունքում |1590       |5210       |8680       |

|հավելավճար ստացող ուսուցիչների   |           |           |           |

|թիվը                             |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|կամավոր ատեստավորման արդյունքում |76.8       |81.8       |88.0       |

|հավելավճար ստացող ուսուցիչների   |           |           |           |

|հարաբերակցությունը կամավոր       |           |           |           |

|ատեստավորմանը մասնակիցների       |           |           |           |

|թվին` %                          |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|կամավոր ատեստավորման արդյունքում |4.2        |13.9       |23.1       |

|հավելավճար ստացող ուսուցիչների   |           |           |           |

|հարաբերակցությունը ուսուցիչների  |           |           |           |

|ընդհանուր թվին` %                |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|հավելավճարների տարեկան գումարը`  |1,031,250,0|3,375,000.0|5,625,000.0|

|հազար դրամ                       |           |           |           |

._____________________________________________________________________.

 

2) երկրորդ տարում ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը կկազմի 13.9 տոկոս, որոնց 81,8 տոկոսը կստանա հավելավճար.

3) երրորդ տարում ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը կկազմի 23.1 տոկոս, որոնց 88 տոկոսը կստանա հավելավճար:

31. Այսպիսով, ըստ նախնական կանխատեսումների` 3 տարվա ընթացքում կամավոր ատեստավորմանը ընդհանուր առմամբ կմասնակցի դասավանդող ուսուցիչների ավելի քան 46 տոկոսը, հավելավճար կստանա ավելի քան 41 տոկոսը, և ատեստավորումը չանցած ուսուցիչների թիվը կկազմի 15 տոկոս:

32. Հիմնվելով վերը նշված կանխատեսումների վրա` 50 տոկոս հավելավճար ստանալու դեպքում ՀՀ պետբյուջեի ծախսի տարեկան ավելացումները 3 տարվա համար կկազմեն 10.031.250.0 դրամ:

 

5. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ

 

33. Ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի ներդրմամբ ակնկալվում է`

1) բացահայտել և խրախուսել արդի պահանջներին համապատասխանող ուսուցիչներին.

2) ուսուցիչների վարձատրությունը աստիճանաբար մոտեցնել երկրի միջին աշխատավարձին.

3) ապահովել նոր, արդի պահանջներին համապատասխան ուսուցիչների մուտք դպրոց` առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ.

4) ուսուցիչների ատեստավորման գործընթացն աստիճանաբար փոխարինել կամավոր ատեստավորման սկզբունքներով.

5) հիմք ստեղծել ուսուցիչների տարակարգերի շնորհման բարեփոխման համար` փոխկապակցելով դրանք ուսուցիչների մասնագիտական ստանդարտների հետ.

6) հիմք ստեղծել ուսուցիչների դասավանդելու տարիքի իրավունքի առավելագույն շեմ սահմանելու համար:

 

6. ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԻՔ

 

34. Կամավոր ատեստավորման ծրագրին դպրոցի ուսուցիչների մասնակցելը կարող է առավելություն հանդիսանալ`

1) դպրոցներում դասավանդման որակի բարելավման և որպես հետևանք` դպրոցի` սովորողների և նրանց ծնողների շրջանում գրավչության մեծացման,

2) տնօրենի տարեկան հաշվետվության արդյունքների բարելավման,

3) դպրոցին զարգացման հավելյալ բյուջեի տրամադրման գործընթացներում:

35. Հնարավորություն կտա բարելավելու ուսուցիչների ատեստավորման եղանակը, նպաստելու ուսուցիչների մասնագիտական զարգացմանը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
26.01.2021
N 21-Ն
Հրաման