Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ, 33-ՐԴ, 18 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                  ԵԴ/0275/11/18

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0275/11/18

Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Հ. Ասատրյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2021 թվականի հուլիսի 1-ին                        ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի ապրիլի 17-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Թ.Մաթևոսյանի (այսուհետ նաև` Հետաքննության մարմին)` 2018 թվականի մայիսի 4-ի որոշմամբ «Hraparak.am» կայքում տեղադրված «Քաղաքացիական հագուստով անձինք մահակով ծեծի են ենթարկել անչափահասների» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ նախապատրաստված նյութերով հարուցվել է թիվ 12175818 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով և ընդունվել վարույթ:

1.1. Նախաքննության մարմնի` 2018 թվականի մայիսի 22-ի որոշմամբ Սարգիս Սարգսի Հակոբյանը, Գագիկ Անդրանիկի Ազարյանը, Սարգիս Վահանի Բաղդասարյանը, Վլադիմիր Մարտինի Մխիթարյանը որպես մեղադրյալ են ներգրավվել, և նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

i

Նախաքննության մարմնի` 2018 թվականի մայիսի 23-ի որոշմամբ Ս.Հակոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Ս.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

i

Նախաքննության մարմնի` նույն օրվա որոշմամբ Ս.Բաղդասարյանին, Վ.Մխիթարյանին, Գ.Ազարյանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել և լրացվել են, Ս.Բաղդասարյանին և Վ.Մխիթարյանին 2018 թվականի մայիսի 24-ին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գ.Ազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

1.2. 2018 թվականի հունիսի 11-ին մեղադրյալներ Ս.Հակոբյանի, Վ.Մխիթարյանի պաշտպան Տ.Աթանեսյանը և մեղադրյալներ Գ.Ազարյանի, Ս.Բաղդասարյանի պաշտպան Է.Ալեքսանյանը միջնորդություն են ներկայացրել Երևանի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն` խնդրելով վերացնել «Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին» Հետաքննության մարմնի` 2018 թվականի մայիսի 4-ի որոշումը:

2. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Մ.Մուրադյանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշմամբ պաշտպաններ Տ.Աթանեսյանի և Է.Ալեքսանյանի միջնորդությունը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

2018 թվականի հունիսի 13-ին մեղադրյալներ Ս.Հակոբյանի, Վ.Մխիթարյանի պաշտպան Տ.Աթանեսյանը և մեղադրյալներ Գ.Ազարյանի, Ս.Բաղդասարյանի պաշտպան Է.Ալեքսանյանը բողոք են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով վերացնել «Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին» Հետաքննության մարմնի` 2018 թվականի մայիսի 4-ի որոշումը:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ պաշտպաններ Տ.Աթանեսյանի և Է.Ալեքսանյանի բողոքը մերժվել է` բողոքարկման ենթակա չլինելու հիմքով:

4. Պաշտպան Է.Ալեքսանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, 2018 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը բեկանել է և նյութերն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

5. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2019 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն` արձանագրելով քրեական գործ հարուցելու մասին 2018 թվականի մայիսի 4-ի որոշմամբ քրեական գործի մինչդատական վարույթում Սարգիս Հակոբյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Գագիկ Ազարյանի և Սարգիս Բաղդասարյանի իրավունքների խախտման փաստը` առանց այդ խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանելու:

6. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա.Մուրադյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի փետրվարի 25-ի որոշումը:

7. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հունիսի 22-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Թ.Մաթևոսյանը 2018 թվականի մայիսի 3-ին տեղեկանք է կազմել հետևյալի մասին. ««Hraparak.am» լրատվական կայքում հրապարակված «Քաղաքացիական հագուստով անձինք մահակով ծեծի են ենթարկել անչափահասների» վերտառությամբ հոդվածում նշված դեպքի վերաբերյալ նախապատրաստվող նյութերի անհրաժեշտությունից ելնելով, 2018 թվականի մայիսի 3-ին` ժամը 16.10-ին, զանգահարել եմ 077-32-50-33 հեռախոսահամարին Դավիթ Վարուժանի Ավետիսյանի մորը` Լուսինեին, ոստիկանության Էրեբունու բաժին Դավիթ Ավետիսյանին հրավիրելու, բացատրություն, հաղորդում վերցնելու համար, սակայն Լուսինեն հայտնեց, որ ինքն իր որդու` Դավիթ Ավետիսյանի հետ ցանկություն չունի ներկայանալու և չի ցանկանում նշված հարցով իրենց տուն այցելել, իր փաստաբանը գտնվում է գործադուլի մեջ և իրենց նաև հայտնել է, որ չներկայանան, բայց իրենք բողոքը պնդում են և ցանկանում են, որ արարքը կատարած անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության»(1):

______________________________

1) Տե՛ս, թիվ 12175818 քրեական գործը, հատոր 1-ին, թերթ 18:

 

8.1. Հետաքննության մարմնի` «Անձին ոստիկանության բաժին հրավիրելու մասին» 2018 թվականի մայիսի 3-ի ծանուցագրի համաձայն, «Hraparak.am» լրատվական կայքում հրապարակված` «Քաղաքացիական հագուստով անձինք մահակով ծեծի են ենթարկել անչափահասների» վերտառությամբ հոդվածում նշված դեպքի վերաբերյալ նախապատրաստվող նյութերով բացատրություն և հաղորդում տալու համար Դավիթ Ավետիսյանը 2018 թվականի մայիսի 4-ին, ժամը 12.00-ին, հրավիրվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին(2):

______________________________

2) Տե՛ս, թիվ 12175818 քրեական գործը, հատոր 1-ին, թերթ 19:

 

8.2. Նախաքննության ընթացքում, վկա Դավիթ Ավետիսյանը 2018 թվականի մայիսի 8-ի հարցաքննության ժամանակ քննիչի հարցին, թե արդյո՞ք բողոք ունի կատարված դեպքի առթիվ, հայտնել է, որ բողոք ունի և ցանկանում է, որպեսզի նշված անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության(3):

______________________________

3) Տե՛ս, թիվ 12175818 քրեական գործը, հատոր 1-ին, թերթեր 55-57:

 

8.3. «Հանցագործության մասին հաղորդում ընդունելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնի քննիչ Տ.Միրզոյանի` 2018 թվականի մայիսի 8-ի արձանագրության համաձայն` Դավիթ Վարուժանի Ավետիսյանը խնդրել է հանցանք կատարած անձանց ենթարկել քրեական պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ(4):

______________________________

4) Տե՛ս, թիվ 12175818 քրեական գործը, հատոր 1-ին, թերթ 58:

 

9. 2018 թվականի հունիսի 25-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել և 2018 թվականի հունիսի 27-ին ընդունվել վարույթ թիվ ԵԴ/0455/01/18 քրեական գործն ըստ մեղադրանքի` Գագիկ Ազարյանի, Սարգիս Բաղդասարյանի, Վլադիմիր Մխիթարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և Սարգիս Հակոբյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով(5):

______________________________

5) Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԴ/0455/01/18 քրեական գործը:

 

i

9.1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի փետրվարի 25-ի դատավճռով Ս.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ` վերջինիս նկատմամբ թողնվել է կրելու ազատազրկում` 4 (չորս) տարի 5 (հինգ) ամիս 2 (երկու) օր ժամկետով: Ս.Հակոբյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի նոյեմբերի 1-ի` «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, և վերջինս ազատվել է պատժից:

i

Գ.Ազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Գ.Ազարյանի նկատմամբ կիրառվել է Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, և վերջինս ազատվել է պատժից(6):

______________________________

6) Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԴ/0455/01/18 քրեական գործը:

 

i

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ Ս.Բաղդասարյանի և Վ.Մխիթարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցվել է` Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիմքով:

9.2. Պաշտպաններ Տ.Աթանեսյանի և Վ.Մակյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, 2020 թվականի հունիսի 24-ի որոշմամբ բողոքը մերժել է` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի փետրվարի 25-ի դատավճիռը թողնելով անփոփոխ(7):

______________________________

7) Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԴ/0455/01/18 քրեական գործը:

 

9.3. Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հունվարի 29-ի որոշմամբ ամբաստանյալներ Ս.Հակոբյանի և Գ.Ազարյանի պաշտպաններ Զ.Հարությունյանի, Վ.Մակյանի և Տ.Աթանեսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է(8):

______________________________

8) Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԴ/0455/01/18 քրեական գործը:

 

10. Առաջին ատյանի դատարանն իր 2019 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Նյութերի նախապատրաստման ընթացքում Դավիթ Ավետիսյանը հրաժարվել է բացատրություն և հաղորդում տալուց, իսկ նրա հետ եղած երկու անձանց ինքնությունները դեռևս չեն պարզվել, հետաքննության մարմինը, անտեսելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցվող քրեական գործը հանդիսանում է մասնավոր հետապնդման գործ, որի համար նախատեսվում է քննության առանձնահատուկ դատավարական կարգ, չունենալով դիմող(ներ)ի (տուժող(ներ)ի) հստակ կամարտահայտությունը` հանցավոր(ներ)ին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, 2018թ. մայիսի 4-ին որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու մասին: (...)

i

Ինչ վերաբերում է դատախազի այն պատճառաբանությանը, որ մինչև քրեական գործ հարուցելը հետաքննիչը հեռախոսազրույց է ունեցել Դավիթ Ավետիսյանի մոր հետ` (...), ապա հարկ է նշել, որ հետաքննիչի կողմից կազմված (...) տեղեկանքը չի կարող փոխարինել կամ նույնացվել քրեադատավարական իմաստով դիմողի (տուժողի) հստակ կամահայտնությունը պարունակող բողոքի հետ: Ավելին` քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով, որը պարտադիր է դատարանների, հետաքննության, նախաքննության և դատախազության մարմինների, ինչպես նաև դատավարության մասնակիցների համար: (...) Մասնավորապես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածով սահմանված են հետաքննության մարմնի լիազորությունները, որոնցով հետաքննության մարմնին վերապահված չէ դիմողի (տուժողի) բողոքի առկայության կամ բացակայության հարցը հեռախոսազրույցով պարզելու և այդ մասին տեղեկանք կազմելու հնարավորություն կամ լիազորություն:

(...) Դատարանը գտնում է, որ քրեական գործ հարուցելու մասին 2018 թվականի մայիսի 4-ի որոշումը կայացվել է մեջբերված քրեադատավարական օրենսդրության պահանջների խախտմամբ, ինչի արդյունքում խախտվել է ինչպես օրինականության սկզբունքը, այնպես էլ Գագիկ Ազարյանի, Սարգիս Բաղդասարյանի, Սարգիս Հակոբյանի, Վլադիմիր Մխիթարյանի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված` գործի արդարացի քննության իրավունքը:

i

Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ թիվ 12175818 քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ըստ մեղադրանքի Գագիկ Ազարյանի, Սարգիս Բաղդասարյանի, Վլադիմիր Մխիթարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Սարգիս Հակոբյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 2018թ. հունիսի 27-ին ընդունվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ:

Դատարանը գտնում է, որ թեև նախաքննությունն ավարտված լինելու հանգամանքն արգելք չէ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով քրեական գործ հարուցելու մասին որոշումների դեմ բերված բողոքները քննության առնելու համար, սակայն հետագա դատական վերահսկողության կառուցակարգն այս դեպքում կարող է սահմանափակվել մինչդատական վարույթում անձի իրավունքների հնարավոր խախտման փաստի արձանագրմամբ` առանց այդ խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանելու: (...)

i

Վերոգրյալի հաշվառմամբ դատարանը, նկատի ունենալով, որ առաջին ատյանի դատարանն իրավասու չէ վերացնելու քրեական գործ հարուցելու մասին որոշումը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը չի նախատեսում մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումը վերացնելու լիազորություն, գտնում է, որ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, անհրաժեշտ է արձանագրել քրեական գործ հարուցելու մասին 2018թ. մայիսի 4-ի որոշման արդյունքում թիվ 12175181 քրեական գործի մինչդատական վարույթում Սարգիս Հակոբյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Գագիկ Ազարյանի և Սարգիս Բաղդասարյանի իրավունքների խախտման փաստը` առանց այդ խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանելու (...)»(9):

______________________________

9) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 34-42:

 

11. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործ հարուցելու առիթ կարող է համարվել ֆիզիկական անձի այն բանավոր դիմումը, որը կատարվել է քրեական հետապնդման մարմնին` դիմողի անմիջական ներկայությամբ և վերջինիս ինքնությունը ստուգելու պայմաններում: Մնացած դեպքերում (այդ թվում` հեռախոսով) ներկայացված բանավոր դիմումները, եթե, մանավանդ, հնարավոր չէ ստուգել դրանք ներկայացնողի ինքնությունը, չեն կարող քրեական գործ հարուցելու առիթ հանդիսանալ:

Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն պնդմանը, թե «(...) ենթադրյալ տուժողը չունենալով օբյեկտիվ հնարավորություն վարույթ իրականացնող մարմին ներկայանալու և հանցագործության մասին իր հաղորդումը ներկայացնելու, այն իրացրել է հեռախոսազանգի միջոցով, ինչն իրավացիորեն հետաքննիչի կողմից դիտվել է որպես հանցագործության մասին բանավոր հաղորդում», ապա այն չի բխում դատարան ներկայացված նյութերում առկա տեղեկանքից, որի համաձայն` «(...) ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության կապիտան` Թ.Մաթևոսյանս, կազմեցի սույն տեղեկանքն այն մասին, որ «Hraparak.am» լրատվական կայքում հրապարակված «Քաղաքացիական հագուստով անձինք մահակով ծեծի են ենթարկել անչափահասների» վերտառության հոդվածում նշված դեպքի վերաբերյալ նախապատրաստվող նյութերի անհրաժեշտությունից ելնելով 2018թ. մայիսի 3-ին, ժամը 16:10-ին զանգահարել եմ 077-32-50-33 հեռախոսահամարին Դավիթ Մերուժանի Ավետիսյանի մորը Լուսինեին` ոստիկանության Էրեբունու բաժին Դավիթ Ավետիսյանին հրավիրելու, բացատրություն և հաղորդում վերցնելու համար, սակայն Լուսինեն հայտնեց, որ ինքն իր որդու Դավիթ Ավետիսյանի հետ ցանկություն չունի ներկայանալու և չի ցանկանում նշված հարցով իրենց տուն այցելել, իր փաստաբանը գտնվում է գործադուլի մեջ և իրենց նաև հայտնել է, որ չներկայանան, բայց իրենք իրենց բողոքը պնդում են և ցանկանում են, որ արարքը կատարած անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության (...)»(10):

______________________________

10) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 78-90:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

12. Բողոքաբերը, վկայակոչելով 1985 թվականի նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի` «Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի հանդեպ արդարադատության հիմնարար սկզբունքների հռչակագրի», Եվրոպայի նախարարների Կոմիտեի` 1985 թվականի N2 R(85) 11 «Տուժողի կարգավիճակը քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում» հանձնարարականի, Յանկովիչն ընդդեմ Խորվաթիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ և Տիգրան Քամալյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման դրույթները, արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը, դիմող անձի կողմից հեռախոսազանգի միջոցով կատարված բանավոր հայտարարությունը և դրա արդյունքում կազմված տեղեկանքը ճանաչելով ոչ իրավաչափ` անտեսել է տուժողի դերն ու նշանակությունը քրեադատավարական ընթացակարգերում` զրկելով վերջինիս Էմմա Կարապետյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշմամբ վերապահած այն իրավունքից, որ հանցագործության մասին հաղորդում կարող է լինել նաև քրեական հետապնդում իրականացնող մարմնին հասցեագրված բանավոր դիմումը:

12.1. Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Հետաքննության մարմինը 2018 թվականի մայիսի 4-ին քրեական գործ հարուցելու ժամանակ ունեցել է անչափահաս տուժող Դ.Ավետիսյանի մոր` Լուսինեի` քրեական գործ հարուցելու հստակ կամարտահայտությունը, այն է` հեռախոսազրույցի ժամանակ վերջինս հայտնել է, որ պնդում են «Hraparak.am» կայքում հրապարակած ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումը, ցանկանում են, որ արարքը կատարած անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության: Ավելին, բողոքաբերը փաստել է, որ վերջիններիս կամարտահայտության` օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունենալու հանգամանքը հաստատվում է նաև տուժողի և նրա օրինական ներկայացուցչի կողմից քրեական գործ հարուցելուց անմիջապես հետո ներկայացված բողոքներով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից վիճարկվող որոշումը կայացնելիս:

12.2. Բողոքաբերի պնդմամբ` Վերաքննիչ դատարանն անտեսել է քրեական գործով ձեռք բերված հիշյալ փաստական տվյալները, յուրովի է մեկնաբանել «կամարտահայտություն» եզրույթը` արձանագրելով, որ դիմողի բողոքը հեռախոսազանգի միջոցով առիթ չէ քրեական գործ հարուցելու համար:

i

Արդյունքում, բողոքաբերը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է անհիմն, անօրինական որոշում, որով խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ, 33-րդ, 183-րդ, 175-րդ, 180-րդ, 181-րդ հոդվածների պահանջները:

Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի ապրիլի 17-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնելով որոշմամբ արձանագրված տուժողի իրավունքի խախտումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք «Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին» Հետաքննության մարմնի` 2018 թվականի մայիսի 4-ի որոշմամբ քրեական գործի մինչդատական վարույթում Սարգիս Հակոբյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Գագիկ Ազարյանի և Սարգիս Բաղդասարյանի իրավունքների խախտման փաստը արձանագրելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

i

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածը սահմանում է.

«1. Կատարված հանցագործության ծանրությունից և բնույթից ելնելով` քրեական դատավարությունում հետապնդումն իրականացվում է հանրային և մասնավոր կարգով:

i

2. Մասնավոր հետապնդման գործեր են համարվում սույն օրենսգրքի 183 հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը:

(...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը.

(...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն` քրեական գործ հարուցելու առիթներն են`

«1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.

2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները.

(...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով (...) նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման (...)»:

14.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մեջբերված դրույթների համադրված վերլուծությունից երևում է, որ քրեադատավարական օրենսդրությունը, արարքի հանրային նվազ վտանգավորության հանգամանքով պայմանավորված, առանձնացնում և հստակ սահմանում է մասնավոր հետապնդման գործերի շրջանակը, որոնց համար նախատեսում է քննության առանձնահատուկ դատավարական կարգ: Մասնավորապես, մասնավոր հետապնդման գործերը կարող են հարուցվել բացառապես տուժողի բողոքի հիման վրա և կասկածյալի կամ մեղադրյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման(11):

______________________________

i

11) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Տիգրան Առաքելյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՔԴ/0217/01/14 որոշման 14.1-րդ կետը:

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ և 183-րդ հոդվածների ուժով մասնավոր մեղադրանքով գործ հարուցելու և դրանով քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունը լիովին կախված է դիմողի` հանցավորին քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար քրեական հետապնդման մարմնին դիմելու ցանկությունից և կամարտահայտությունից(12):

______________________________

i

12) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Աբրահամյանի գործով 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-73/08 որոշման 10-րդ կետը:

 

14.2. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մասնավոր մեղադրանքով քրեական գործ կարող է հարուցվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության պարագայում.

i

ա) առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության վերաբերյալ դեպքը,

բ) առկա է դիմողի, այսինքն` այն անձի (անձանց) բողոքը, ում իրավունքները խախտվել են քրեական օրենսգրքով չթույլատրված ենթադրյալ արարքով, ինչպես նաև այն անձանց, ովքեր օրենքի ուժով անչափահաս կամ անգործունակ անձանց օրինական ներկայացուցիչներ են, եթե խախտվել են նրանց խնամարկյալների իրավունքները(13): Ինչ վերաբերում է մասնավոր մեղադրանքի գործով տուժողի (դիմողի) բողոքի առկայությանը` որպես քրեական գործ հարուցելու առիթ, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ իբրև այդպիսին կարող է լինել ֆիզիկական կամ իրավաբանական անձի ոչ միայն գրավոր, այլ նաև բանավոր դիմումը քրեական հետապնդում իրականացնող մարմնին` կոնկրետ հանցագործության տարրեր պարունակող նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվությամբ(14):

______________________________

13) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արմեն Աբրահամյանի գործով վերը հիշատակված որոշումը:

i

14) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Էմմա Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ-133/07 որոշման 4-րդ կետը:

 

14.3. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական օրենքով արգելված արարքի հետևանքով ենթադրաբար տուժած անձի` ենթադրյալ հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար քրեական հետապնդման մարմնին ուղղված կամարտահայտությունն առաջացնում է իրավասու մարմնի պարտականությունը քրեական գործ հարուցելու հիմքերի առկայության պարագայում հարուցել քրեական գործ` իրավական հիմքեր ստեղծելով քրեական հետապնդման կառուցակարգը գործի դնելու և տուժողի իրավաչափ շահերի պաշտպանությունն իրականացնելու համար:

15. Սույն գործի նյութերից երևում է, որ Հետաքննության մարմնի 2018 թվականի մայիսի 4-ի որոշմամբ «Hraparak.am» կայքում տեղադրված` «Քաղաքացիական հագուստով անձինք մահակով ծեծի են ենթարկել անչափահասների» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ նախապատրաստված նյութերով հարուցվել է թիվ 12175818 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով և ընդունվել վարույթ(15): Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Թ.Մաթևոսյանի` 2018 թվականի մայիսի 3-ին կազմած տեղեկանքի համաձայն` նա զանգահարել է անչափահաս տուժողի` Դ.Ավետիսյանի մորը` Լուսինե Գալստյանին` վերջինիս որդուն ոստիկանության Էրեբունու բաժին հրավիրելու, բացատրություն, հաղորդում վերցնելու համար, սակայն Դ.Ավետիսյանի մայրը հայտնել է, որ պնդում են «Hraparak.am» կայքում հրապարակած ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումը, ինքն իր որդու հետ ցանկություն չունեն ներկայանալու, սակայն իրենք բողոքը պնդում են և ցանկանում են, որ արարքը կատարած անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության(16):

______________________________

15) Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

16) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ արձանագրել է Հետաքննության մարմնի` 2018 թվականի մայիսի 4-ի որոշմամբ Գ.Ազարյանի, Ս.Բաղդասարյանի, Ս.Հակոբյանի և Վ.Մխիթարյանի` գործի արդարացի քննության իրավունքի խախտման փաստն այն հիմնավորմամբ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցվող քրեական գործը մասնավոր հետապնդման գործ է, սակայն չունենալով դիմողների հստակ կամարտահայտությունը` հանցավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, Հետաքննության մարմինը 2018 թվականի մայիսի 4-ին որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու մասին: Անդրադառնալով դատախազի այն պատճառաբանությանը, որ մինչև քրեական գործ հարուցելը Հետաքննության մարմինը հեռախոսազրույց է ունեցել Դ.Ավետիսյանի մոր հետ` Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ Հետաքննիչի կողմից կազմված` հեռախոսային խոսակցության վերաբերյալ տեղեկանքը չի կարող փոխարինել կամ նույնացվել քրեադատավարական իմաստով դիմողի (տուժողի) հստակ կամահայտնությունը պարունակող բողոքի հետ(17): Վերաքննիչ դատարանը, 2019 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի փետրվարի 25-ի որոշումը(18):

______________________________

17) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

18) Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

 

16. Սույն որոշման 14-14.3-րդ կետերում ներկայացված իրավանորմերը և իրավական դիրքորոշումները կիրառելով սույն որոշման նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքների նկատմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել այն հանգամանքը, որ Հետաքննության մարմինը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու ժամանակ ունեցել է ենթադրյալ տուժողի և նրա օրինական ներկայացուցչի` իրեն ուղղված` քրեական գործ հարուցելու վերաբերյալ հստակ կամարտահայտություն: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հետաքննության մարմինը վերը նշված հաղորդման կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հաղորդման մեջ նշված հանցագործությունը ներառված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածում և դրա վերաբերյալ քրեական գործ կարող է հարուցվել բացառապես տուժողի բողոքի հիման վրա, նշված բողոքի առկայության հանգամանքը պարզել է ենթադրյալ տուժողի օրինական ներկայացուցչի հետ հեռախոսային խոսակցության միջոցով` բանավոր եղանակով, և ենթադրյալ հանցանք կատարած անձանց նկատմամբ բողոք ունենալու վերջինիս բանավոր հստակ դիրքորոշումը դատավարական առումով ձևակերպել է համապատասխան տեղեկանքում: Այլ կերպ, քրեական գործ հարուցելու որոշում կայացնելիս, Հետաքննության մարմինն իր տրամադրության տակ ունեցել է անչափահաս տուժող` Դ.Ավետիսյանի և նրա օրինական ներկայացուցչի բանավոր դիմումը, որով հաստատվել է վերջիններիս` բողոք ունենալու հանգամանքը: Այս առնչությամբ, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև բողոքաբերի այն փաստարկը, որ տուժողի և նրա օրինական ներկայացուցչի կամարտահայտության` օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունենալու հանգամանքը հաստատվում է նաև Դավիթ Ավետիսյանի կողմից քրեական գործ հարուցելուց հետո` 2018 թվականի մայիսի 8-ի հարցաքննության ժամանակ տրված ցուցմունքով(19), ինչպես նաև 2018 թվականի մայիսի 8-ին տրված հանցագործության մասին գրավոր հաղորդմամբ` այն մասին, որ բողոք ունի և ցանկանում է, որպեսզի նշված անձինք ենթարկվեն քրեական պատասախանատվության` օրենքի ողջ խստությամբ(20):

______________________________

19) Տե՛ս սույն որոշման 8.2.-րդ կետը:

20) Տե՛ս սույն որոշման 8.3.-րդ կետը:

 

17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին» Հետաքննության մարմնի` 2018 թվականի մայիսի 4-ի որոշմամբ քրեական գործի մինչդատական վարույթում Սարգիս Հակոբյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Գագիկ Ազարյանի և Սարգիս Բաղդասարյանի իրավունքների խախտման փաստն արձանագրելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի փետրվարի 25-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի ապրիլի 17-ի որոշումը բեկանելու և փոփոխելու համար:

19. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալներ Ս.Հակոբյանի, Վ.Մխիթարյանի պաշտպան Տ.Աթանեսյանի և մեղադրյալներ Գ.Ազարյանի, Ս.Բաղդասարյանի պաշտպան Է.Ալեքսանյանի բողոքը պետք է մերժել:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի փետրվարի 25-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի ապրիլի 17-ի որոշումները բեկանել և փոփոխել: Մեղադրյալներ Սարգիս Հակոբյանի, Վլադիմիր Մխիթարյանի պաշտպան Տ.Աթանեսյանի և մեղադրյալներ Գագիկ Ազարյանի, Սարգիս Բաղդասարյանի պաշտպան Է.Ալեքսանյանի բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյանի

Դատավորներ` Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, ուստի չենք կարող նշել հրապարակման օրը, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2021 թվականի հոկտեմբերի 4-ին:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.07.2021
N ԵԴ/0275/11/18
Որոշում