Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

21.06.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.11.2000  -ից մինչեւ   21.06.2005  -ը:
 

(Սույն օրենսգիրքն ուժը կորցրել է 21.06.2005 թվականից` 09.11.04 ՀՕ-125-Ն օրենք)

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

i

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը ոչնչացրեց շահագործման ու ճնշման կարգերը: Շահագործողների համար հարյուրամյակներ շարունակ հարկադրական աշխատանք կատարելուց հետո առաջին անգամ աշխատավորները հնարավորություն ստացան աշխատելու իրենց համար, իրենց հասարակության համար:

Սոցիալիզմի հաղթանակի շնորհիվ Խորհրդային Միությունում լիովին և ընդմիշտ վերացվեց մարդու կողմից մարդու շահագործումը: ԽՍՀՄ-ում, որի կազմի մեջ մյուս միութենական հանրապետությունների հետ կամավոր միավորման և իրավահավասարության հիմունքով մտնում է Հայաստանի Հանրապետությունը, աշխատանքի հասարակական կազմակերպման հիմքը կազմում է սոցիալիստական սեփականությունը, որը բացեց ազատ աշխատանքի դարաշրջանը հանուն աշխատավոր մարդու լավ կյանքի: Շահագործումից զերծ աշխատանքը, որը երաշխավորված է սոցիալիստական հասարակարգի կողմից, անհատի իսկական ազատության հիմնական պայմանն է:

Սոցիալիստական հասարակարգում, որտեղ չկան շահագործողներ և շահագործվողներ, իրականացվում է աշխատանքի համընդհանրություն հասարակության բոլոր աշխատունակ անդամների համար և ապահովվում է բոլոր քաղաքացիների աշխատելու հնարավորությունը: ԽՍՀՄ-ում գործում է «Յուրաքանչյուրից` ըստ նրա ընդունակության, յուրաքանչյուրին` ըստ նրա աշխատանքի» սոցիալիզմի սկզբունքը, աշխատանքը յուրաքանչյուր աշխատունակ քաղաքացու պարտականությունն ու բարոյական պարտքն է` ըստ «Ով չի աշխատում, նա չի ուտում» սկզբունքի: Սոցիալիստական հասարակարգը ստեղծում է մարդկանց նյութական ու բարոյական շահագրգռվածություն աշխատանքի ավելի լավ արդյունքների, հանրային արտադրության անընդհատ զարգացման ու կատարելագործման ասպարեզում: Սոցիալիստական արտադրության աճը ամուր բազա է ապահովում սովետական ժողովրդի նյութական բարեկեցության և կուլտուրական մակարդակի անշեղ բարձրացման համար: Խորհրդային պետությունը կատարելագործում է աշխատանքի նյութական ու բարոյական խթանման ձևերը և ըստ ամենայնի աջակցում է աշխատավորների մասսայական սոցիալիստական մրցության ու աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի համար ծավալված շարժման զարգացմանը:

Կոմունիզմի կառուցման կարևորագույն պայմանը աշխատանքի ավելի բարձր արտադրողականության հասնելն է, հանրային արտադրության արդյունավետության բարձրացումը: Այդ խնդրի լուծումը պահանջում է արագացնել գիտատեխնիկական առաջադիմությունը ամբողջ տնտեսության մեջ, անշեղորեն բարձրացնել աշխատավորների կուլտուր-տեխնիկական պատրաստությունը, բարձրացնել նրանց աշխատանքի կազմակերպվածության ու կարգապահության մակարդակը:

ԽՍՀՄ-ում գիտատեխնիկական առաջադիմությունը զուգորդվում է բնակչության լրիվ զբաղվածության հետ և օգտագործվում է աշխատանքը արմատապես դյուրացնելու, աշխատանքային շաբաթը կրճատելու, ֆիզիկական ծանր և ամեն տեսակի չորակավորված աշխատանքը վերացնելու համար: Գիտատեխնիկական առաջադիմության զարգացման հետ միասին աստիճանաբար տեղի է ունենում մարդկանց արտադրական գործունեության մեջ մտավոր և ֆիզիկական աշխատանքի օրգանական միացման պրոցես: Լայն մասշտաբներով իրականացվող անվճար մասնագիտական և պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթությունը երաշխավորում է աշխատանքի տեսակի ու պրոֆեսիայի ազատ ընտրություն, հաշվի առնելով հասարակության շահերը:

Աշխատավորների առողջության պահպանումը, աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը, պրոֆեսիոնալ հիվանդությունների և արտադրական տրավմատիզմի վերացումը խորհրդային պետության գլխավոր մտահոգություններից մեկն է: Խորհրդային հասարակության մեջ աշխատավորների համաժողովրդական (պետական) սեփականություն հանդիսացող ձեռնարկությունները կառավարվում են պատգամավորների խորհուրդների և նրանց կողմից ստեղծվող պետական կառավարման մարմինների միջոցով: Բանվորներին ու ծառայողներին ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կառավարմանը ներգրավելու գործում հսկայական դեր են խաղում արհեստակցական միությունները: ԽՍՀՄ սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան ապահովվում է քաղաքացիների իրավահավասարությունը աշխատանքի ասպարեզում, անկախ ազգությունից և ռասայից: Կնոջը ԽՍՀՄ-ում տղամարդուն հավասար տրված են աշխատանքի, աշխատանքի վարձատրության, հանգստի և սոցիալական ապահովության իրավունքներ:

Քաղաքացիների աշխատանքային իրավունքները պահպանվում են օրենքով: Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը իրականացվում է պետական մարմինների, ինչպես նաև արհեստակցական միությունների և մյուս հասարակական կազմակերպությունների կողմից:

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է բոլոր բանվորների ու ծառայողների աշխատանքային հարաբերությունները, նպաստելով աշխատանքի արտադրողականության աճին, աշխատանքի որակի բարելավմանը, հանրային արտադրության արդյունավետության բարձրացմանը և, դրա հիման վրա, աշխատավորների կյանքի նյութական ու կուլտուրական մակարդակի բարձրացմանը, աշխատանքային կարգապահության ամրապնդմանը և հասարակության բարօրության համար կատարվող աշխատանքը աստիճանաբար յուրաքանչյուր աշխատունակ մարդու առաջին կենսական պահանջմունքը դարձնելուն: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը սահմանում է աշխատանքի պայմանների բարձր մակարդակ, բանվորների ու ծառայողների աշխատանքային իրավունքների ըստ ամենայնի պաշտպանություն:

 

i
Հոդված 2. Բանվորների ու ծառայողների հիմնական աշխատանքային իրավունքները և պարտականությունները

 

ԽՍՀՄ քաղաքացիների աշխատանքի իրավունքը, այսինքն` ըստ աշխատանքի քանակի ու որակի և պետության սահմանած նվազագույն չափից ոչ ցածր վարձատրությամբ երաշխավորված աշխատանք ստանալու իրավունքը, ներառյալ մասնագիտություն, զբաղմունքի և աշխատանքի տեսակ ընտրելու իրավունքը` իրենց կոչմանը, ընդունակություններին, պրոֆեսիոնալ պատրաստությանը, կրթությանը համապատասխան և հաշվի առնելով հասարակական պահանջմունքները, ապահովվում է տնտեսության սոցիալիստական սիստեմով, արտադրողական ուժերի անշեղ աճով, անվճար պրոֆեսիոնալ ուսուցմամբ, աշխատանքային որակավորման բարձրացմամբ և նոր մասնագիտությունների ուսուցմամբ, պրոֆեսիոնալ կողմնորոշման և աշխատանքի տեղավորման սիստեմների զարգացմամբ: Բանվորները և ծառայողները աշխատանքի իրավունքն իրականացնում են ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում աշխատելու մասին աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով:

Բանվորները և ծառայողները ունեն հանգստի իրավունք աշխատանքային օրվա ու աշխատանքային շաբաթվա սահմանափակման և ամենամյա վճարովի արձակուրդների վերաբերյալ օրենքներին համապատասխան, աշխատանքի առողջ ու անվտանգ պայմանների, արհեստակցական միությունների մեջ միավորվելու, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կառավարմանը մասնակցելու իրավունք, ծերության ժամանակ, ինչպես նաև հիվանդության, աշխատունակությունը լրիվ կամ մասնակիորեն կորցնելու դեպքում պետական սոցիալական ապահովագրության կարգով պետության հաշվին նյութական ապահովության իրավունք:

Բարեխիղճ աշխատանքը, աշխատանքային կարգապահության պահպանումը, ժողովրդական բարիքի նկատմամբ հոգատար վերաբերմունքը, արհեստակցական միությունների մասնակցությամբ պետության կողմից սահմանված աշխատանքի նորմաների կատարումը, աշխատանքի արտադրողականության, պրոֆեսիոնալ վարպետության, աշխատանքի և թողարկվող արտադրանքի որակի բարձրացումը բոլոր բանվորների ու ծառայողների պարտականությունն է:

 

Հոդված 3. Կոլտնտեսությունների և այլ կոոպերատիվ կազմակերպությունների անդամների աշխատանքի կարգավորումը

 

Կոլտնտեսությունների և այլ կոոպերատիվ կազմակերպությունների անդամների աշխատանքը կարգավորվում է իրենց կանոնադրություններով, որոնք ընդունվում են կոլտնտեսության օրինակելի կանոնադրության, կոոպերատիվի օրինակելի կանոնադրության հիման վրա և դրանց համապատասխան, ինչպես նաև կոլտնտեսություններին և այլ կոոպերատիվ կազմակերպություններին վերաբերող ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 4. ԽՍՀ միության և հայկական ԽՍՀ աշխատանքային օրենսդրությունը

 

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը կազմված է ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքներից և դրանց համապատասխան հրատարակվող ԽՍՀ Միության աշխատանքային օրենսդրության այլ ակտերից, Հայկական ԽՍՀ աշխատանքային օրենսգրքից և աշխատանքային օրենսդրության այլ ակտերից:

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքներով նախատեսված հարցերում բանվորների ու ծառայողների աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում է` ԽՍՀ միության օրենսդրությամբ.

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Բանվորների ու ծառայողների աշխատանքի կարգավորման ասպարեզում ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության իրավասությունը սահմանազատվում է ԽՍՀ միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքների 107 և այլ հոդվածների կանոններով: Բանվորների ու ծառայողների աշխատանքի այն հարցերը, որոնք ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքներով չեն նախատեսված, կարգավորվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության այլ ակտերով:

 

Հոդված 5. Բանվորների և ծառայողների վիճակը վատթարացնող աշխատանքային պայմանագրերի պայմանների անվավերությունը

 

Աշխատանքային պայմանագրերի այն պայմանները, որոնք ԽՍՀ միության և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության համեմատությամբ վատթարացնում են բանվորների ու ծառայողների վիճակը, համարվում են անվավեր: Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան աշխատավորական կոլեկտիվի խորհրդի և արհմիութենական կոմիտեի հետ միասին իրավունք ունի սեփական միջոցների հաշվին կոլեկտիվի աշխատողների կամ առանձին կատեգորիաների բանվորների ու ծառայողների համար սահմանելու օրենսդրության համեմատությամբ լրացուցիչ աշխատանքային և սոցիալ-կենցաղային արտոնություններ:

 

Հոդված 6. Միութենական մյուս հանրապետությունների աշխատանքային օրենսդրության կիրառումը Հայաստանի Հանրապետությունում

 

Բանվորների ու ծառայողների` միութենական այլ հանրապետության տերիտորիայում ծագած իրավունքների և պարտականությունների իրականացման հարցերը Հայաստանի Հանրապետության տերիտորիայում քննարկելիս կիրառվում է այդ հանրապետության օրենսդրությունը:

 

ԳԼՈՒԽ 2
ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

i
Հոդված 7. Կոլեկտիվ պայմանագրի կնքումը և նրա գործողությունը

 

Կոլեկտիվ պայմանագիրը աշխատավորական կոլեկտիվի անունից կնքում է ձեռնարկության, կազմակերպության արհմիութենական կոմիտեն ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիայի հետ:

Կոլեկտիվ պայմանագրի կնքմանը նախորդում է դրա նախագծի քննարկումը աշխատավորական կոլեկտիվի ժողովներում (կոնֆերանսներում), որը հավանություն է տալիս պայմանագրին և ձեռնարկության, կազմակերպության արհմիութենական կոմիտեն լիազորում է աշխատավորական կոլեկտիվի անունից ստորագրել այն ադմինիստրացիայի հետ միասին:

Կոլեկտիվ պայմանագիրը կնքվում է ամեն տարի և ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման օրվանից:

Կնքված կոլեկտիվ պայմանագրին իրազեկ են պահվում ձեռնարկության, կազմակերպության բոլոր բանվորներն ու ծառայողները:

Կոլեկտիվ պայմանագիրը տարածվում է ձեռնարկության, կազմակերպության բոլոր բանվորների ու ծառայողների վրա, անկախ այն բանից` նրանք արհեստակցական միության անդամ են, թե ոչ:

 

Հոդված 8. Կոլեկտիվ պայմանագրի բովանդակությունը

 

Կոլեկտիվ պայմանագիրը պետք է բովանդակի աշխատանքի և աշխատավարձի հարցերի վերաբերյալ այն հիմնական դրույթները, որոնք գործող օրենսդրությանը համապատասխան սահմանված են տվյալ ձեռնարկության, կազմակերպության համար, ինչպես նաև աշխատաժամանակի, հանգստի ժամանակի, աշխատանքի վարձատրության և նյութական խթանման, աշխատանքի պաշտպանության բնագավառում այն դրույթները, որոնք մշակել են ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիան և արհմիութենական կոմիտեն, և որոնք նորմատիվ բնույթ են կրում:

Կոլեկտիվ պայմանագրով սահմանվում են ադմինիստրացիայի և բանվորների ու ծառայողների կոլեկտիվի փոխադարձ պարտավորությունները` արտադրական պլանները կատարելու, արտադրության և աշխատանքի կազմակերպումը կատարելագործելու, նոր տեխնիկա արմատավորելու և աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու, արտադրանքի որակը բարելավելու և ինքնարժեքը իջեցնելու, սոցիալիստական մրցությունը զարգացնելու, արտադրական և աշխատանքային կարգապահությունը ամրապնդելու, անմիջականորեն արտադրության մեջ կադրերի որակավորումը բարձրացնելու և նրանց պատրաստելու ուղղությամբ:

Կոլեկտիվ պայմանագիրը պետք է բովանդակի ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիայի և արհմիութենական կոմիտեի պարտավորությունները բանվորներին ու ծառայողներին ձեռնարկության, կազմակերպության կառավարման գործում ներգրավելու, աշխատանքի նորմավորումը, աշխատանքի վարձատրության և նյութական խթանման ձևերը կատարելագործելու, աշխատանքի պաշտպանության, արտադրության առաջավորներին արտոնություններ ու առավելություններ տալու, աշխատավորների բնակարանային պայմանները և կուլտուր-կենցաղային սպասարկումը բարելավելու, դաստիարակչական և կուլտուր-մասսայական աշխատանքը զարգացնելու ուղղությամբ:

Կոլեկտիվ պայմանագիրը կարող է բովանդակել նաև ձեռնարկության, կազմակերպության տնտեսական ու սոցիալական զարգացմանը վերաբերող այլ դրույթներ: Կոլեկտիվ պայմանագրի դրույթները չպետք է հակասեն աշխատանքային օրենսդրությանը:

 

Հոդված 9. Կոլեկտիվ պայմանագրի կնքման ու փոփոխման ժամանակ ծագող տարաձայնությունների լուծումը

 

Կոլեկտիվ պայմանագրի կնքման ու փոփոխման ժամանակ ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիայի և արհմիութենական կոմիտեի միջև ծագող տարաձայնությունները լուծում են վերադաս տնտեսական և արհմիութենական մարմինները` ադմինիստրացիայի, աշխատավորական կոլեկտիվի և արհմիութենական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Հոդված 10. Կոլեկտիվ պայմանագիրը փոխելը և լրացնելը

 

Կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում նրա մեջ փոփոխություններ ու լրացումներ մտցնում են ձեռնարկության, կազմակերպության արհմիութենական կոմիտեն և ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիան` աշխատավորական կոլեկտիվի ժողովների (կոնֆերանսների) հավանությամբ:

 

Հոդված 11. Կոլեկտիվ պայմանագրի գործողությունը ձեռնարկությունը, կազմակերպությունը վերակառուցվելու կամ դրանց ենթակայությանը փոխվելու դեպքում

 

Ձեռնարկության, կազմակերպության վերակառուցման կամ ենթակայության փոփոխման դեպքում կոլեկտիվ պայմանագիրը մնում է ուժի մեջ նրա գործողության ամբողջ ժամանակաընթացքում, եթե կողմերը չեն ցանկանում վերանայել կոլեկտիվ պայմանագիրը, որի մասին մեկ կողմը պետք է մյուս կողմին իրազեկ պահի երկու շաբաթ առաջ: Ընդ որում, նախկինում կնքված պայմանագիրն իր ուժը պահպանում է մինչև նոր համաձայնագրի կնքումը:

 

Հոդված 12. Կոլեկտիվ պայմանագրի կատարման վերահսկողությունը

 

Կոլեկտիվ պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիան, ձեռնարկության, կազմակերպության արհմիութենական կոմիտեն և նրանց վերադաս մարմինները:

 

Հոդված 13. Կոլեկտիվ պայմանագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունները

 

Ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիան և ձեռնարկության, կազմակերպության արհմիութենական կոմիտեն աշխատավորական կոլեկտիվի առջև հաշիվ են տալիս կոլեկտիվ պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման մասին:

 

Հոդված 14. Կոլեկտիվ պայմանագրերով արհեստակցական միություններին նյութական պատասխանատվությունից ազատելը

 

Արհեստակցական միությունները կոլեկտիվ պայմանագրերով նյութական պատասխանատվություն չեն կրում:

 

ԳԼՈՒԽ 3
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

Հոդված 15. Աշխատանքային պայմանագրի կողմերը և բովանդակությունը

 

Աշխատանքային պայմանագիրն աշխատավորների և ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության միջև կնքված համաձայնություն է այն մասին, որ աշխատավորը պարտավորվում է աշխատանք կատարել ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի, ենթարկվելով աշխատանքային ներքին կարգ ու կանոնին, իսկ ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը պարտավորվում է աշխատավորին վճարել աշխատավարձ և ապահովել աշխատանքային օրենսդրությամբ, կոլեկտիվ պայմանագրով ու կողմերի փոխադարձ համաձայնությամբ նախատեսված աշխատանքի պայմանները:

 

Հոդված 16. Երաշխիքներ աշխատանքի ընդունելիս

 

Արգելվում է աշխատանքի ընդունման չհիմնավորված մերժումը:

ԽՍՀՄ սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան աշխատանքի ընդունելիս չի թույլատրվում իրավունքների որևէ ուղղակի կամ անուղղակի սահմանափակում կամ ուղղակի կամ անուղղակի առավելությունների սահմանում` ելնելով սեռից, ռասայից, ազգային պատկանելությունից և կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքից:

 

i
Հոդված 16.1.  Զորակոչային տարիքի անձանց աշխատանքի ընդունելու կանոնները

 

Զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանց աշխատանքի ընդունելիս պահանջվում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան տեղեկանք:

(16.1-ին հոդ. լրաց. 03.12.96 ՀՕ-91 օրենք)

 

Հոդված 17. Աշխատանքային պայմանագրի ժամկետը

 

Աշխատանքային պայմանագրերը կնքվում են`

1) անորոշ ժամկետով.

2) երեք տարուց ոչ ավելի որոշակի ժամկետով.

3) որոշակի աշխատանք կատարելու ժամանակով:

 

i
Հոդված 18. Աշխատանքային պայմանագրի կնքումը

 

Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել բանավոր կամ գրավոր:

Աշխատանքի ընդունումը ձևակերպվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի հրամանով (կարգադրությամբ): Հրամանը (կարգադրությունը) աշխատողին հայտնվում է նրանից ստորագրություն վերցնելով:

Փաստորեն աշխատանքի անցնելու թույլտվությունը համարված է աշխատանքային պայմանագրի կնքում, անկախ այն բանից` աշխատանքի ընդունումը ձևակերպվել է պատշաճ կերպով, թե ոչ:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների համաձայնությամբ փոխադրման կարգով մեկ այլ ձեռնարկությունից, հիմնարկից, կազմակերպությունից աշխատանքի հրավիրված աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը չի կարող մերժվել:

 

Հոդված 18.1 Աշխատանքային պայմանագիր կենսաթոշակային տարիքի հասած բանվորների ու ծառայողների հետ

 

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան իրավունք ունի արհմիութենական կոմիտեի հետ համատեղ աշխատանքային հարաբերությունները պահպանել կենսաթոշակային տարիքի հասած բանվորների ու ծառայողների հետ, եթե նրանք աշխատում են բարեխղճորեն, լիակատար հատուցմամբ, ունեն աշխատանքի բարձր արդյունքներ և կոլեկտիվում օգտվում են արժանի հեղինակությունից: Կենսաթոշակային տարիքի հասած և լրիվ կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ ստաժ ունեցող մյուս աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունները շարունակվում են կողմերի համաձայնությամբ` ժամկետային (մինչև երկու տարի ժամանակով) աշխատանքային պայմանագիր կնքելու (վերակնքելու) միջոցով կամ դադարեցվում են ադմինիստրացիայի նախաձեռնությամբ` արհմիութենական կոմիտեի համաձայնությամբ (սույն օրենսգրքի 36 հոդվածի 1.1-ին կետ):

Կենսաթոշակի տարիքի հասած անձանց աշխատանքից ազատելու սույն կարգը չի տարածվում այն աշխատողների վրա, որոնք պաշտոններում ընտրվել են աշխատավորական կոլեկտիվի կողմից, ինչպես նաև այն անձանց վրա, որոնց նկատմամբ օրենսդրությամբ սահմանված է տարիքի կապակցությամբ աշխատանքից ազատելու այլ կարգ:

 

i
Հոդված 19. Աշխատանքային պայմանագիր կնքելիս ներկայացվող փաստաթղթերը

 

Աշխատանքային պայմանագիր կնքելիս ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է աշխատավորից պահանջել ներկայացնելու անձնագիրը, աշխատանքային գրքույկը, իսկ առաջին անգամ աշխատանքի ընդունվող անձերից` բնակարանային-շահագործման կազմակերպության, պատգամավորների ավանային կամ գյուղական խորհրդի կողմից տրված տեղեկանք վերջին զբաղմունքի մասին, զինված ուժերի շարքերից արձակվածներից` զինվորական գրքույկը, իսկ զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանցից` տեղեկանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ունենալու մասին:

Օրենսդրությամբ սահմանված դեպքերում ադմինիստրացիան իրավունք ունի աշխատողից պահանջելու ներկայացնել փաստաթղթեր, որոնք հաստատեն նրա որոշակի պրոֆեսիան, մասնագիտությունը (բժիշկներ, ավտոտրանսպորտի վարորդներ և այլն): Արգելվում է աշխատանքի ընդունվողից պահանջել որևէ այլ փաստաթուղթ, բացի օրենսդրությամբ նախատեսվածներից:

(19-րդ հոդ. փոփ. 03.12.96 ՀՕ-91 օրենք)

 

i
Հոդված 20. Ազգականների համատեղ ծառայության սահմանափակումը

 

Միևնույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում արգելվում է համատեղ աշխատել միմյանց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնողներ, ամուսիններ, եղբայրներ, քույրեր, որդիներ, դուստրեր, ինչպես նաև ամուսինների եղբայրներ, քույրեր, ծնողներ և զավակներ), եթե նրանց ծառայությունը կապված է մեկը մյուսի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

Անհրաժեշտության դեպքում այդ կանոնից բացառություններ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից:

 

i
Հոդված 21. Աշխատանքը համատեղությամբ

 

Երկու ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և մեկ ձեռնարկությունում, մեկ հիմնարկում, մեկ կազմակերպությունում համատեղության կարգով աշխատանք թույլատրվում է օրենսդրությամբ նախատեսված դեպքերում միայն:

 

Հոդված 22. Փորձաշրջանը աշխատանքի ընդունելիս

 

Աշխատանքային պայմանագիր կնքելիս կողմերի համաձայնությամբ կարող է նախատեսվել փորձաշրջան հանձնարարվող աշխատանքի համար բանվորի կամ ծառայողի համապատասխանությունը ստուգելու նպատակով: Փորձաշրջանի պայմանները պետք է նշված լինեն աշխատանքի ընդունման հրամանում (կարգադրությունում):

Փորձաշրջանի ընթացքում բանվորների ու ծառայողների վրա լիովին տարածվում է աշխատանքային օրենսդրությունը:

Փորձաշրջանի ժամկետը մտցվում է աշխատանքային ստաժի մեջ:

Փորձաշրջան չի սահմանվում տասնութ տարեկան չդարձած բանվորներին և ծառայողներին, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններն ավարտելուց հետո երիտասարդ բանվորներին, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտելուց հետո երիտասարդ մասնագետներին աշխատանքի ընդունելիս, տեղապահման (բրոնյայի) հաշվին հայրենական պատերազմի հաշմանդամներին աշխատանքի ուղարկելիս: Փորձաշրջան չի սահմանվում նաև այլ վայր ուղարկելու համար աշխատանքի ընդունելիս և այլ ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն աշխատանքի փոխադրելիս:

 

Հոդված 23. Փորձաշրջանի տևողությունը աշխատանքի ընդունելիս

 

Փորձաշրջանի տևողությունը, եթե ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված, չի կարող ավելի լինել երեք ամսից, իսկ առանձին դեպքերում, համապատասխան արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելով` վեց ամսից:

Փորձաշրջանի տևողության մեջ չեն մտցվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանը և մյուս ժամանակաշրջանները, երբ աշխատողը աշխատանքից բացակայել է հարգելի պատճառներով:

 

Հոդված 24. Փորձաշրջանի արդյունքները աշխատանքի ընդունելիս

 

Եթե փորձաշրջանի ժամկետն անցել է, իսկ բանվորը կամ ծառայողը շարունակում է աշխատանքը, նա համարվում է փորձաշրջանն անցկացրած, և աշխատանքային պայմանագրի հետագա դադարեցում թույլատրվում է միայն ընդհանուր հիմունքներով:

Փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան աշխատողին ազատում է աշխատանքից առանց ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելու և առանց արձակման նպաստ վճարելու: Բանվորը կամ ծառայողը իրավունք ունի աշխատանքից նման ազատումը բողոքարկել շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին, իսկ համապատասխան դեպքերում (246 հոդված) ենթակայության կարգով` վերադաս մարմնին:

 

Հոդված 25. Աշխատանքային պայմանագրով չնախատեսված աշխատանքի կատարում պահանջելն արգելելը

 

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան իրավունք չունի բանվորից կամ ծառայողից պահանջելու աշխատանքային պայմանագրով չնախատեսված աշխատանք կատարելը:

 

Հոդված 26. Աշխատանքն անձամբ կատարելու պարտականությունը

 

Բանվորը կամ ծառայողը աշխատանքային պայմանագրով պայմանավորված աշխատանքը պարտավոր է կատարել անձամբ և իրավունք չունի դրա կատարումը վերահանձնարարել մի այլ անձի, եթե օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

 

i
Հոդված 27. Աշխատանքային գրքույկ

 

Աշխատանքային գրքույկը բանվորի կամ ծառայողի աշխատանքային գործունեության հիմնական փաստաթուղթն է:

Աշխատանքային գրքույկներ են լրացվում այն բոլոր բանվորների ու ծառայողների համար, որոնք հինգ օրից ավելի աշխատում են ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում:

Աշխատանքային գրքույկի մեջ տեղեկություններ են մտցվում աշխատողի, նրա կողմից կատարվող աշխատանքի, ինչպես նաև ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում կատարած աշխատանքում ձեռք բերած հաջողությունների համար խրախուսանքների ու պարգևատրությունների մասին: Տույժերը աշխատանքային գրքույկում չեն մտցվում:

Աշխատանքից արձակման պատճառները պետք է աշխատանքային գրքույկում գրառվեն գործող օրենսդրության ձևակերպումներին ճիշտ համապատասխան և վկայակոչելով օրենքի համապատասխան հոդվածը և կետը: Հիվանդության, հաշմանդամության, ծերության պատճառով կենսաթոշակի անցնելու, բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն կամ ասպիրանտուրա ընդունվելու կապակցությամբ և այլ այնպիսի պատճառներով, որոնց հետ օրենսդրությունը կապում է որոշակի արտոնություններ և առավելություններ տրամադրելը, բանվորի կամ ծառայողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում արձակումը աշխատանքային գրքույկում գրառվում է` նշելով այդ պատճառները:

Արձակման ժամանակ ադմինիստրացիան պարտավոր է սույն օրենսգրքի 105 հոդվածով սահմանված ժամկետներում բանվորին կամ ծառայողին տալ աշխատանքային գրքույկը և նրա հետ կատարել վերջնահաշիվ:

 

Հոդված 28. Այլ աշխատանքի փոխադրելը: Աշխատանքի էական պայմանների փոփոխումը

 

Բանվորին և ծառայողին նույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում այլ աշխատանքի փոխադրելը, ինչպես նաև այլ ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն կամ այլ վայր աշխատանքի փոխադրելը թեկուզև ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հետ միասին, թույլատրվում է միայն բանվորի կամ ծառայողի համաձայնությամբ, բացառությամբ սույն օրենսգրքի 29, 30 հոդվածներով և 148 հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի:

Այլ աշխատանքի փոխադրում չի համարվում և աշխատողի համաձայնությունը չի պահանջում նույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում այլ աշխատատեղ, նույն վայրում այլ կառուցվածքային ստորաբաժանում տեղափոխելը, այլ մեխանիզմի կամ ագրեգատի վրա աշխատանք հանձնարարելը` աշխատանքային պայմանագրով պայմանավորված մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի սահմաններում: Ադմինիստրացիան իրավունք չունի բանվորին կամ ծառայողին տեղափոխել այնպիսի աշխատանքի, որը նրան հակացուցված է առողջական վիճակի բերումով:

Արտադրության և աշխատանքի կազմակերպման փոփոխությունների կապակցությամբ թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները նույն մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանքը շարունակելու դեպքում: Աշխատանքի էական պայմանները` աշխատանքի վարձատրության սիստեմները և չափերը, արտոնությունները, աշխատանքի ռեժիմը փոփոխելու, ոչ լրիվ աշխատաժամանակ սահմանելու կամ վերացնելու, պրոֆեսիաները համատեղելու, տարակարգերը և պաշտոնների անվանումը փոփոխելու և այլ փոփոխությունների մասին աշխատողը պետք է տեղյակ պահվի ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը համաձայն չէ աշխատանքը շարունակել նոր պայմաններում, ապա աշխատանքային պայմանագիրը դադարում է սույն օրենսգրքի 32 հոդվածի 6-րդ կետի համաձայն:

 

Հոդված 29. Արտադրական անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես այլ աշխատանքի փոխադրելը

 

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության համար արտադրական անհրաժեշտության դեպքում ադմինիստրացիան իրավունք ունի բանվորներին ու ծառայողներին մինչև մեկ ամիս ժամանակով աշխատանքային պայմանագրով չնախատեսված աշխատանքի փոխադրել նույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում կամ այլ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում, բայց նույն վայրում, վարձատրելով ըստ կատարված աշխատանքի, ընդ որում նախկին աշխատանքում ունեցած միջին վաստակից ոչ ցածր: Այդպիսի փոխադրում թույլատրվում է տարերային աղետը, արտադրական վթարը կանխելու կամ վերացնելու, կամ դրանց հետևանքները անհապաղ վերացնելու, դժբախտ դեպքերը, պարապուրդը կամ պետական հանրային գույքի ոչնչացումը կամ փչացումը կանխելու և այլ բացառիկ դեպքերում, ինչպես նաև բացակայող բանվորին կամ ծառայողին փոխարինելու համար:

Բացակայող աշխատողին փոխարինելու համար այլ աշխատանքի փոխադրելու տևողությունը օրացուցային տարվա ընթացքում չի կարող գերազանցել մեկ ամսից:

 

Հոդված 30. Պարապուրդի դեպքում ժամանակավորապես այլ աշխատանքի փոխադրելը

 

Պարապուրդի դեպքում բանվորներն ու ծառայողները` հաշվի առնելով նրանց մասնագիտությունն ու որակավորումը, փոխադրվում են այլ աշխատանքի նույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում` պարապուրդի ամբողջ ժամանակի ընթացքում, կամ այլ ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն, բայց նույն վայրում` մինչև մեկ ամիս ժամանակով:

Պարապուրդի հետևանքով ավելի ցածր վարձատրվող աշխատանքի փոխադրելիս արտադրանքի նորմաները կատարող բանվորների ու ծառայողների համար պահպանվում է նախկին աշխատանքի միջին վաստակը, իսկ նորմաները չկատարող կամ ժամանակավարձային աշխատանքի փոխադրված բանվորների ու ծառայողների համար պահպանվում է նրանց տարիֆային դրույքը (ռոճիկը):

 

Հոդված 31. Ոչ որակյալ աշխատանքների փոխադրման սահմանափակումը

 

Պարապուրդի դեպքում և բացակայող աշխատողին ժամանակավորապես փոխադրելու դեպքում չի թույլատրվում որակյալ բանվորներին ու ծառայողներին փոխադրել ոչ որակյալ աշխատանքի:

 

Հոդված 32. Աշխատանքային պայմանագրի դադարման հիմքերը

 

Աշխատանքային պայմանագրի դադարման հիմքերն են`

1) կողմերի համաձայնությունը.

2) ժամկետի լրանալը (17 հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր), բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքային հարաբերությունները փաստորեն շարունակվում են և կողմերից ոչ մեկը չի պահանջել դրանց դադարեցում.

3) բանվորի կամ ծառայողի զորակոչվելը կամ զինվորական ծառայության ընդունվելը.

4) աշխատանքային պայմանագրի լուծվելը բանվորի կամ ծառայողի նախաձեռնությամբ (34, 35 հոդվածներ), ադմինիստրացիայի նախաձեռնությամբ (36 հոդված), կամ արհմիութենական մարմնի պահանջով (40 հոդված).

5) աշխատողի համաձայնությամբ նրան այլ ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն փոխադրելը կամ նրա` ընտրովի պաշտոնի անցնելը.

6) ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հետ միասին այլ վայր աշխատանքի փոխադրվելուց բանվորի կամ ծառայողի հրաժարվելը, ինչպես նաև աշխատանքի էական պայմանները փոփոխվելու կապակցությամբ աշխատանքը շարունակելուց հրաժարվելը.

7) դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որով բանվորը կամ ծառայողը դատապարտված է (բացի պայմանական դատապարտության և դատավճռի կատարումը հետաձգելու դեպքերից) ազատազրկման, ուղղիչ աշխատանքների ոչ ըստ աշխատանքի վայրի կամ տվյալ աշխատանքը շարունակելու հնարավորությունը բացառող այլ պատժի:

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ենթակայությունը մեկ մարմնից մեկ այլ մարմնի հանձնվելը չի դադարեցնում աշխատանքային պայմանագրի գործողությունը: Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության միաձուլման, բաժանման կամ միացման դեպքերում բանվորի կամ ծառայողի համաձայնությամբ աշխատանքային հարաբերությունները շարունակվում են. այդպիսի դեպքերում ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի դադարումը հնարավոր է միայն աշխատողների քանակը կամ հաստիքները կրճատելիս:

 

Հոդված 33. Ժամկետային աշխատանքային պայմանագրի գործողության շարունակումը անորոշ ժամանակով

 

Եթե աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո (17 հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր) աշխատանքային հարաբերությունները փաստորեն շարունակվում են և կողմերից ոչ մեկը չի պահանջել դրանց դադարեցում, ապա պայմանագրի գործողությունը շարունակվում է անորոշ ժամանակով:

 

i
Հոդված 34. Անորոշ ժամանակով կնքված աշխատանքային պայմանագրի լուծումը բանվորի կամ ծառայողի նախաձեռնությամբ

 

Բանվորներն ու ծառայողները իրավունք ունեն լուծելու անորոշ ժամանակով կնքված աշխատանքային պայմանագիրը, այդ մասին երկու ամիս առաջ գրավոր զգուշացնելով ադմինիստրացիային: Այդ ժամկետը լրանալուց հետո բանվորը կամ ծառայողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է աշխատողին տալ աշխատանքային գրքույկը և նրա հետ կատարել վերջնահաշիվ:

Մինչև երկամսյա ժամկետի լրանալը աշխատողն իրավունք ունի ցանկացած ժամանակ ետ վերցնելու իր դիմումը կամ նախկին դիմումը վերացնելու մասին նոր դիմում տալու: Այդ դեպքում ադմինիստրացիան կարող է աշխատողին արձակել աշխատանքից միայն այն պայմանով, եթե մինչև նրա կողմից առաջին դիմումը վերացնելու մասին դիմում տալը նոր աշխատող է հրավիրվել:

Արձակում չի թույլատրվում, եթե աշխատողը դիմում տալու օրվանից երկու ամիսը անցնելուց հետո փաստորեն աշխատանքից չի ազատվել և չի պնդել իր ցանկությունը աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ:

Աշխատողի և ադմինիստրացիայի պայմանավորվածության դեպքում աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել մինչև երկամսյա ժամկետի լրանալը:

Հարգելի պատճառներով աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում բանվորները և ծառայողները այդ մասին ադմինիստրացիային գրավոր զգուշացնում են մեկ ամիս առաջ:

Այն աշխատանքների կատարման ժամանակը, որին փոխադրվել է բանվորը կամ ծառայողը աշխատանքային կարգապահությունը խախտելու համար (148 հոդվածի 4-րդ կետ), ազատվելու վերաբերյալ նախազգուշացման ժամկետի մեջ չի հաշվվում:

 

Հոդված 35. Ժամկետային աշխատանքային պայմանագրի լուծումը բանվորի կամ ծառայողի նախաձեռնությամբ

 

Ժամկետային աշխատանքային պայմանագիրը (17 հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր) աշխատողի պահանջով ենթակա է վաղաժամ լուծման այն դեպքերում, երբ նրա հիվանդությունը կամ հաշմանդամությունը խոչընդոտ են հանդիսանում պայմանագրով նախատեսված աշխատանքը կատարելուն, երբ ադմինիստրացիան խախտում է աշխատանքային օրենսդրությունը, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագիրը և այլ հարգելի պատճառներով:

 

i
Հոդված 36. Աշխատանքային պայմանագրի լուծումը ադմինիստրացիայի նախաձեռնությամբ

 

Անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև ժամկետային աշխատանքային պայմանագիրը` մինչև դրա գործողության ժամկետի լրանալը, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի կողմից կարող են լուծվել միայն`

1) ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության վերացման, աշխատողների թվի կամ հաստիքի կրճատման դեպքում.

1.1) երբ աշխատողը հասել է կենսաթոշակային տարիքի` ծերության լրիվ կենսաթոշակի իրավունքի առկայության դեպքում.

i

2) երբ ի հայտ է եկել բանվորի կամ ծառայողի անհամապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին` անբավարար որակավորման կամ առողջական վիճակի հետևանքով, որոնք խոչընդոտ են հանդիսանում տվյալ աշխատանքը շարունակելուն.

3) երբ բանվորը կամ ծառայողն աշխատանքային պայմանագրով կամ ներքին աշխատանքային կարգապահության կանոններով իր վրա դրված պարտականություններն առանց հարգելի պատճառների սիստեմատիկաբար չի կատարում, եթե բանվորի կամ ծառայողի նկատմամբ ավելի վաղ կիրառվել են կարգապահական կամ հասարակական տույժի միջոցներ.

4) առանց հարգելի պատճառների գործալքության (այդ թվում աշխատանքային օրվա ընթացքում ավելի քան երեք ժամ աշխատանքից բացակայելու) դեպքում.

5) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան չորս ամիս շարունակ աշխատանքի չներկայանալու դեպքում, չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը, եթե ԽՍՀ Միության օրենսդրությամբ չի սահմանվել որոշակի հիվանդության դեպքում աշխատանքի տեղը (պաշտոնը) պահպանելու ավելի տևական ժամկետ: Աշխատանքային խեղման կամ պրոֆեսիոնալ հիվանդության հետևանքով աշխատունակությունը կորցրած բանվորների ծառայողների համար աշխատանքի տեղը (պաշտոնը) պահպանվում է մինչև աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամությունը որոշվելը.

6) այն բանվորին կամ ծառայողին աշխատանքի վերականգնելու դեպքում, որն առաջ կատարել է այդ աշխատանքը.

7) հարբած վիճակում, թմրամիջոցներով կամ թունամիջոցներով արբեցած վիճակում աշխատանքի ներկայանալու դեպքում: Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերում նշված հիմքերով աշխատանքից արձակում թույլատրվում է, եթե հնարավոր չէ աշխատողին` նրա համաձայնությամբ, փոխադրել այլ աշխատանքի: Ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանում (բացի սույն հոդվածի 5-րդ կետով աշխատանքից արձակելը) և արձակուրդում գտնվելու ժամանակ, բացառությամբ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության լրիվ վերացման դեպքերի, ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից արձակել չի թույլատրվում:

8) աշխատանքի տեղում պետական կամ հանրային գույքի հափշտակում /այդ թվում մանր/ կատարելու դեպքում, որ հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռով կամ այն մարմնի որոշմամբ, որն իրավասու է վարչական տույժ նշանակել կամ հասարակական ներգործության միջոցներ կիրառել:

 

i
Հոդված 37. Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման ժամանակ աշխատանքում թողնելու նախապատվության իրավունքը

 

Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման ժամանակ աշխատանքում թողնելու նախապատվության իրավունքը տրվում է աշխատանքի ավելի բարձր արտադրողականություն և որակավորում ունեցող բանվորներին ու ծառայողներին:

Աշխատանքի հավասար արտադրողականության և որակավորման դեպքում աշխատանքում թողնելու նախապատվությունը տրվում է` երկու և ավելի խնամարկյալ ունեցող ընտանիքավորներին. այն անձանց, որոնց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատողներ չկան. տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում անընդհատ աշխատանքի տևական ստաժ ունեցող աշխատողներին. տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում աշխատանքային հաշմանդամություն կամ պրոֆեսիոնալ հիվանդություն ստացած աշխատողներին. առանց արտադրությունից կտրվելու բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում իրենց որակավորումը բարձրացնող աշխատողներին. պատերազմի հաշմանդամներին և ԽՍՀՄ պաշտպանության ժամանակ զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ու պարտիզանների ընտանիքների անդամներին:

 

Հոդված 38. Առանց ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի համաձայնության ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումն արգելելը

 

Առանց ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի համաձայնության ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծում չի թույլատրվում, բացառությամբ ԽՍՀ Միության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Ադմինիստրացիան իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծել ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի համաձայնությունը ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, իսկ սույն օրենսգրքի 36 հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ կետերում նշված հիմքերով արձակման դեպքում` զանցանքը հայտնաբերելու օրվանից մեկ ամսվա սահմաններում, սույն օրենսգրքի 36 հոդվածի 8-րդ կետում նշված հիմքերով արձակման դեպքում` դատարանի դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելու կամ այն մարմնի կողմից որոշում կայացնելու օրվանից մեկ ամսվա սահմաններում, որն իրավասու է վարչական տույժ նշանակել կամ հասարակական ներգործության միջոցներ կիրառել:

 

Հոդված 39. Արձակման նպաստ

 

Սույն օրենսգրքի 32 հոդվածի 3-րդ և 6-րդ կետերում և 36 հոդվածի 1.1-ին, 2-րդ և 6-րդ կետերում նշված հիմքերով կամ ադմինիստրացիայի կողմից աշխատանքային օրենսդրությունը, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագիրը խախտվելու հետևանքով (հոդված 35) աշխատանքային պայմանագրի դադարման դեպքում բանվորներին ու ծառայողներին վճարվում է արձակման նպաստ` երկու շաբաթվա միջին վաստակի չափով:

 

Հոդված 40. Աշխատանքային պայմանագրի լուծումը արհմիութենական մարմնի պահանջով

 

Արհմիութենական մարմնի (շրջանայինից ոչ ցածր) պահանջով ադմինիստրացիան պարտավոր է լուծել ղեկավար աշխատողի հետ կնքված պայմանագիրը կամ նրան արձակել զբաղեցրած պաշտոնից, եթե նա խախտում է աշխատանքային օրենսդրությունը, չի կատարում կոլեկտիվ պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ցուցաբերում է բյուրոկրատիզմ, թույլ է տալիս քաշքշուկ: Աշխատավորական կոլեկտիվի կողմից պաշտոնում ընտրված ղեկավար աշխատողը ազատվում է արհմիութենական մարմնի (շրջանայինից ոչ ցածր) պահանջով` համապատասխան աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (կոնֆերանսի) կամ նրա լիազորությամբ` աշխատավորական կոլեկտիվի խորհրդի որոշման հիման վրա:

Արհմիութենական մարմնի պահանջը աշխատողի կամ ադմինիստրացիայի կողմից կարող է գանգատարկվել վերադաս արհմիութենական մարմնին, որի որոշումը վերջնական է:

 

i
Հոդված 41. Աշխատանքից հեռացնելը

 

Աշխատավարձի վճարման դադարեցումով բանվորին կամ ծառայողին աշխատանքից (պաշտոնից) հեռացնել թույլատրվում է դրանում լիազորված մարմինների առաջարկությամբ միայն` ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Հարբած վիճակում, թմրամիջոցներով կամ թունամիջոցներով արբեցած վիճակում աշխատանքի ներկայացած աշխատողին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան թույլ չի տալիս այդ օրը (հերթափոխում) աշխատել:

 

Հոդված 42. Աշխատողին աշխատանքի և աշխատավարձի մասին տեղեկանք տալու ադմինիստրացիայի պարտականությունը

 

Բանվորի կամ ծառայողի խնդրանքով ադմինիստրացիան պարտավոր է նրան տեղեկանք տալ տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում աշխատելու մասին, նշելով մասնագիտությունը, որակավորումը, պաշտոնը, ժամանակավոր աշխատանքը և աշխատավարձի չափը:

 

i

ԳԼՈՒԽ 3-Ա
ԱԶԱՏՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 42.1 Ազատվող աշխատողների համար աշխատանքի իրավունքի ապահովման երաշխիքները

 

Բանվորները և ծառայողները կարող են ազատվել ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից, եթե դադարում է նրանց գործունեությունը, կրճատվում է աշխատողների թիվը կամ հաստիքները:

Ազատվող աշխատողների համար աշխատանքի իրավունքը երաշխավորվում է`

նույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում այլ աշխատանք տրամադրելով.

այլ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում ըստ նախկին պրոֆեսիայի, մասնագիտության, որակավորման աշխատանք տրամադրելով, իսկ դրա բացակայության դեպքում` այլ աշխատանք, հաշվի առնելով անհատական ցանկությունները և հասարակական պահանջմունքները.

հնարավորություն ընձեռելով նոր պրոֆեսիաներ (մասնագիտություններ) սովորելու` համապատասխան աշխատանք տրամադրելով:

 

i
Հոդված 42.2 Աշխատողներին ազատելու կարգը

 

Առաջիկա ազատման մասին աշխատողները անհատապես նախազգուշացվում են ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման կապակցությամբ նրանց աշխատանքից ազատելիս հաշվի է առնվում աշխատանքում թողնելու` օրենսդրությամբ նախատեսված նախապատվության իրավունքը:

Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման կապակցությամբ ազատելու մասին նախազգուշացման հետ միաժամանակ ադմինիստրացիան աշխատողին առաջարկում է այլ աշխատանք նույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում: Ըստ համապատասխան պրոֆեսիայի կամ մասնագիտության աշխատանք չլինելու, ինչպես նաև նույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում ուրիշ աշխատանքի փոխադրվելուց բանվորի կամ ծառայողի հրաժարվելու դեպքում աշխատողը, իր հայեցողությամբ, դիմում է աշխատանքի տեղավորման մարմնի աջակցությանը կամ աշխատանքի է տեղավորվում ինքնուրույն: Միաժամանակ ադմինիստրացիան աշխատանքի տեղավորման մարմնին տեղյակ է պահում աշխատողի առաջիկա ազատման մասին` նշելով նրա պրոֆեսիան, մասնագիտությունը, որակավորումը և աշխատանքի վարձատրության չափը:

Աշխատանքի տեղավորման մարմինը բանվորին կամ ծառայողին աշխատանք է առաջարկում նույն կամ այլ վայրում ըստ նրա պրոֆեսիայի, մասնագիտության, որակավորման, իսկ այդպիսին չլինելու դեպքում` իրականացնում է այլ աշխատանքի ընտրություն, հաշվի առնելով անհատական ցանկությունները և հասարակական պահանջմունքները: Անհրաժեշտության դեպքում աշխատողը, իր համաձայնությամբ, կարող է ուղարկվել նոր պրոֆեսիա (մասնագիտություն) սովորելու` հետագայում նրան աշխատանք տրամադրելով:

 

Հոդված 42.3 Արտոնություններ և փոխհատուցումներ ազատվող աշխատողների համար

 

Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման միջոցառումների իրականացման կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից ազատվող աշխատողներին`

1) վճարվում է արձակման նպաստ ամսական միջին վաստակի չափով.

2) պահպանվում է միջին աշխատավարձը աշխատանքի տեղավորման ժամանակամիջոցում, բայց ոչ ավելի, քան արձակման օրվանից հետո երկու ամսվա համար, հաշվի առնելով արձակման նպաստի վճարումը.

3) բացառության կարգով միջին աշխատավարձը աշխատանքի տեղավորման ժամանակամիջոցում պահպանվում է նաև արձակման օրից հաշված երրորդ ամսվա ընթացքում` աշխատանքի տեղավորման մարմնի որոշմամբ, պայմանով, եթե աշխատողը վաղօրոք (արձակվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում) դիմել է այդ մարմնին և նրա կողմից աշխատանքի չի տեղավորվել:

Մեկամսյա արձակման նպաստի և պահպանվող միջին վաստակի վճարումը կատարվում է նախկին աշխատանքի վայրում:

Հիշյալ աշխատողների համար պահպանվում է անընդմեջ աշխատանքային ստաժը, եթե նրա արձակումից հետո աշխատանքում ընդմիջումը չի գերազանցել երեք ամսից:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների վերակազմման և լուծարման դեպքում ազատվող աշխատողների համար աշխատանքի տեղավորման ժամանակամիջոցում, բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար պահպանվում է միջին աշխատավարձը, հաշվի առնելով մեկամսյա արձակման նպաստը և անընդմեջ աշխատանքային ստաժը: Ազատված աշխատողներին տրվում են նաև այլ արտոնություններ և փոխհատուցումներ օրենսդրությանը համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 4
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ

 

i
Հոդված 43. Աշխատաժամանակի տևողության նորմավորումը

 

Բոլոր բանվորների ու ծառայողների աշխատաժամանակի տևողության նորմավորումը իրականացնում է պետությունը` արհեստակցական միությունների մասնակցությամբ: Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի և ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի կամ բանվորների ու ծառայողների համաձայնությամբ աշխատաժամանակի տևողության նորմաները չեն կարող փոխվել, եթե օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

 

i
Հոդված 44. Աշխատաժամանակի նորմալ տևողությունը

 

Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում բանվորների ու ծառայողների աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 41 ժամից: Տնտեսական և այլ անհրաժեշտ պայմաններ ստեղծվելու համեմատ անցում կկատարվի ավելի կրճատ աշխատանքային շաբաթի:

 

i
Հոդված 45. Տասնութ տարեկան չդարձած բանվորների ու ծառայողների համար աշխատաժամանակի կրճատ տևողությունը

 

Տասնութ տարեկան չդարձած բանվորների ու ծառայողների համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն` 16-ից մինչև 18 տարեկանների համար շաբաթական 36 ժամ, իսկ 15-ից մինչև 16 տարեկանների համար (198 հոդված)` շաբաթական 24 ժամ:

 

Հոդված 46. Աշխատանքի վնասակար պայմաններ ունեցող աշխատանքներում զբաղված բանվորների ու ծառայողների համար աշխատաժամանակի կրճատ տևողությունը

 

Աշխատանքի վնասակար պայմաններ ունեցող աշխատանքներում զբաղված բանվորների ու ծառայողների համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավելի:

Աշխատանքի վնասակար պայմաններ ունեցող արտադրությունների, արտադրամասերի, պրոֆեսիաների և պաշտոնների ցուցակը, որտեղ աշխատելը աշխատաժամանակի կրճատ տևողության իրավունք է տալիս, հաստատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

i
Հոդված 47. Առանձին կատեգորիաների աշխատողների համար աշխատաժամանակի կրճատ տևողությունը

 

Առանձին կատեգորիաների աշխատողների (ուսուցիչների, բժիշկների և այլն) համար ԽՍՀ Միության օրենսդրությամբ սահմանվում է աշխատաժամանակի ավելի կրճատ տևողություն:

 

Հոդված 48. Հնգօրյա աշխատանքային շաբաթը և ամենօրյա աշխատանքի տևողությունը

 

Բանվորների ու ծառայողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ` երկու հանգստյան օրով: Հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) տևողությունը որոշվում է ներքին աշխատանքային կարգապահության կանոններով կամ հերթափոխության գրաֆիկներով, որպիսիք հաստատում է ադմինիստրացիան` համաձայնեցնելով ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ, հաշվի առնելով աշխատանքի յուրահատկությունը, աշխատավորական կոլեկտիվի կարծիքը և պահպանելով աշխատանքային շաբաթի սահմանված տևողությունը (44-47 հոդվածներ):

Հնգօրյա աշխատանքային շաբաթը սահմանում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան` արհմիութենական կոմիտեի հետ համատեղ, հաշվի առնելով աշխատանքի յուրահատկությունը, աշխատավորական կոլեկտիվի կարծիքը և համաձայնեցնելով պատգամավորների տեղական խորհրդի հետ:

Հերթափոխության գրաֆիկները, որպես կանոն, ոչ ուշ, քան դրանց կիրարկումից մեկ ամիս առաջ, ի գիտություն են հայտնվում բանվորներին ու ծառայողներին:

 

Հոդված 49. Վեցօրյա աշխատանքային շաբաթը և ամենօրյա աշխատանքի տևողությունը

 

Այն ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, որտեղ արտադրության բնույթից և աշխատանքի պայմաններից ելնելով աննպատակահարմար է հնգօրյա աշխատանքային շաբաթ մտցնելը, սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ` մեկ հանգստյան օրով: Վեցօրյա աշխատանքային շաբաթ սահմանում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան` արհմիութենական կոմիտեի հետ համատեղ, հաշվի առնելով աշխատանքի յուրահատկությունը, աշխատավորական կոլեկտիվի կարծիքը և համաձայնեցնելով պատգամավորների տեղական խորհրդի հետ:

Վեցօրյա աշխատանքային շաբաթի պայմաններում ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) տևողությունը չի կարող գերազանցել շաբաթական 41 ժամ նորմայի դեպքում` 7 ժամից. շաբաթական 36 ժամ նորմայի դեպքում` 6 ժամից. շաբաթական 24 ժամ նորմայի դեպքում` 4 ժամից, ընդ որում ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) տևողությունը որոշվում է ներքին աշխատանքային կարգապահության կանոններով կամ հերթափոխության գրաֆիկներով, որոնք հաստատում է ադմինիստրացիան` համաձայնեցնելով ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ:

Հերթափոխության գրաֆիկները, որպես կանոն, ոչ ուշ, քան դրանց կիրարկումից մեկ ամիս առաջ, ի գիտություն են հայտնվում բանվորներին ու ծառայողներին:

 

i
Հոդված 50. Աշխատանքի տևողությունը տոնական և հանգստյան օրերի նախօրյակին

 

Տոնական օրերի նախօրյակին (հոդված 70) բանվորների և ծառայողների աշխատանքի տևողությունը, բացի սույն օրենսգրքի 45-47 հոդվածներում մատնանշված բանվորներից ու ծառայողներից, կրճատվում է մեկ ժամով ինչպես հնգօրյա, այնպես էլ վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:

Վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում հանգստյան օրերի նախօրյակին աշխատանքի տևողությունը չի կարող 6 ժամից ավելի լինել:

 

i
Հոդված 51. Աշխատանքը գիշեր ժամանակ

 

Գիշերային աշխատանքի (հերթափոխի) տևողությունը կրճատվում է մեկ ժամով: Այդ կանոնը չի տարածվում այն բանվորների ու ծառայողների վրա, որոնց համար արդեն նախատեսված է աշխատաժամանակի կրճատում (46, 47 հոդվածներ):

Գիշերային աշխատանքի տևողությունը ցերեկայինի հետ հավասարեցվում է այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է արտադրության պայմանների բերումով, մասնավորապես անընդհատ գործող արտադրություններում, ինչպես նաև հերթափոխային աշխատանքներում` մեկ հանգստյան օրով վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում: Գիշերային ժամանակ է համարվում երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան ժամը 6-ը:

 

i
Հոդված 52. Գիշեր ժամանակ աշխատանքի ներգրավումը սահմանափակելը

 

Գիշեր ժամանակ աշխատանքի չեն թույլատրվում` հղի կանայք, մինչև երկու տարեկան երեխա ունեցող կանայք, տասնութ տարեկան չդարձած բանվորները և ծառայողները. այլ կատեգորիայի աշխատողներ` օրենսդրությանը համապատասխան: Հաշմանդամները կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ և պայմանով, եթե այդպիսի աշխատանքը բժշկի խորհրդով նրանց արգելված չէ:

 

i
Հոդված 53. Ոչ լրիվ աշխատաժամանակ

 

Բանվորի, ծառայողի և ադմինիստրացիայի միջև կայացված համաձայնությամբ ինչպես աշխատանքի ընդունելիս, այնպես էլ հետագայում կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ: Հղի կնոջ, մինչև ութ տարեկան երեխա ունեցող կնոջ կամ բժշկական եզրակացությանը համապատասխան ընտանիքի հիվանդ անդամի խնամքն իրականացնող կնոջ խնդրանքով ադմինիստրացիան պարտավոր է նրա համար սահմանել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ:

Նման դեպքերում աշխատանքի վարձատրությունը կատարվում է աշխատած ժամանակին համեմատ կամ ելնելով արտադրանքից:

Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարած աշխատանքը բանվորների ու ծառայողների համար ամենամյա արձակուրդի տևողության, աշխատանքային ստաժը հաշվելու և աշխատանքային այլ իրավունքների սահմանափակում չի առաջացնում:

 

i
Հոդված 54. Ամենօրյա աշխատանքի սկիզբը և ավարտը

 

Ամենօրյա աշխատանքի (հերթափոխի) ժամանակի սկիզբը և ավարտը որոշվում են ներքին աշխատանքային կարգապահության կանոններով և օրենսդրությանը համապատասխան հերթափոխության գրաֆիկներով:

 

Հոդված 55. Հերթափոխային աշխատանք

 

Հերթափոխային աշխատանքի ժամանակ աշխատողների յուրաքանչյուր խումբ աշխատանքը պետք է կատարի սահմանված աշխատաժամանակի տևողության ընթացքում:

Աշխատողներն ըստ հերթափոխության միմյանց փոխարինում են համաչափորեն: Մեկ հերթափոխից մյուսը տեղափոխվելը որոշվում է ադմինիստրացիայի կողմից հաստատվող և արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցված հերթափոխության գրաֆիկներով, հաշվի առնելով աշխատանքի յուրահատկությունը և աշխատավորական կոլեկտիվի կարծիքը:

Արգելվում է աշխատողին երկու հերթափոխության ընթացքում իրար հետևից աշխատանքի նշանակել:

 

Հոդված 56. Աշխատաժամանակի գումարային հաշվարկը

 

Անընդհատ գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, ինչպես նաև առանձին արտադրություններում, արտադրամասերում, տեղամասերում, բաժանմունքներում և մի քանի այլ տեսակի աշխատանքներում, որտեղ արտադրության (աշխատանքի) պայմանների հետևանքով հնարավոր չէ պահպանել տվյալ կատեգորիայի բանվորների ու ծառայողների համար սահմանված ամենօրյա կամ ամենշաբաթյա աշխատաժամանակի տևողությունը, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի համաձայնությամբ թույլատրվում է մտցնել աշխատաժամանակի գումարային հաշվարկ այն հաշվով, որ հաշվառված ժամանակամիջոցի աշխատաժամանակի տևողությունը չգերազանցի աշխատանքային ժամերի նորմալ քանակը (44-47 հոդվածներ):

 

Հոդված 57. Աշխատանքային օրվա բաժանումը մասերի

 

Այն աշխատանքներում, որտեղ աշխատանքի առանձնահատկության պատճառով անհրաժեշտ է, աշխատանքային օրը օրենսդրությամբ նախատեսված կարգով կարող է բաժանվել մասերի այն հաշվով, որպեսզի աշխատաժամանակի ընդհանուր տևողությունը ավելի չլինի ամենօրյա աշխատանքի սահմանված տևողությունից:

 

Հոդված 58. Արտաժամյա աշխատանքներ

 

Արտաժամյա աշխատանքներ, որպես կանոն, չեն թույլատրվում: Արտաժամյա են համարվում սահմանված աշխատաժամանակից ավելի տևողությամբ աշխատանքները (44, 48, 49, 56 հոդվածներ):

 

i
Հոդված 59. Արտաժամյա աշխատանքների ներգրավման սահմանափակումը

 

Արտաժամյա աշխատանքների չեն թույլատրվում` հղի կանայք և մինչև երկու տարեկան երեխաներ ունեցող կանայք. տասնութ տարեկան չդարձած բանվորներն ու ծառայողները. առանց արտադրությունից կտրվելու հանրակրթական դպրոցներում և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորող աշխատողները` պարապմունքների օրերին. օրենսդրությանը համապատասխան այլ կատեգորիաների աշխատողները:

Երկուսից մինչև ութ տարեկան երեխաներ ունեցող կանայք և հաշմանդամները արտաժամյա աշխատանքների կարող են ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ, ընդ որում հաշմանդամները միայն այն պայմանով, եթե նման աշխատանքները բժշկական խորհրդով նրանց համար արգելված չեն:

 

Հոդված 60. Բացառիկ դեպքեր, երբ թույլատրվում են արտաժամյա աշխատանքներ

 

Ադմինիստրացիան կարող է արտաժամյա աշխատանքներ կիրառել ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվող բացառիկ դեպքերում միայն: Արտաժամյա աշխատանքներ կարող են կատարվել միայն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի թույլտվությամբ:

Արտաժամյա աշխատանքները ձևակերպվում են ադմինիստրացիայի հրամանով (կարգադրությամբ): Արտաժամյա աշխատանքներ թույլատրվում են միայն հետևյալ բացառիկ դեպքերում`

1) երկրի պաշտպանության, ինչպես նաև հասարակական կամ տարերային աղետները, արտադրական վթարները կանխելու և դրանց հետևանքները անհապաղ վերացնելու համար անհրաժեշտ աշխատանքներ կատարելու դեպքում.

2) ջրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման, լուսավորության, կոյուղու, տրանսպորտի, կապի գծով հանրորեն անհրաժեշտ աշխատանք կատարելու դեպքում` դրանց կանոնավոր գործելուն խանգարող պատահական կամ անակնկալ հանգամանքները վերացնելու համար.

3) սկսած աշխատանքն ավարտելու անհրաժեշտության դեպքում, որն արտադրության տեխնիկական պայմաններով չկանխատեսված կամ պատահական ձգձգման հետևանքով չէր կարող ավարտվել նորմալ աշխատանքային ժամանակի ընթացքում, ընդ որում, եթե սկսված աշխատանքի դադարեցումը կարող է առաջացնել պետական կամ հանրային գույքի փչացում կամ ոչնչացում.

4) մեխանիզմների կամ կառուցվածքների նորոգման և վերականգնման ժամանակավոր աշխատանքներ կատարելու դեպքում, եթե դրանց անսարքությունն առաջացնում է աշխատանքի ընդհատում զգալի թվով աշխատողների համար.

5) հերթափոխող աշխատողի չներկայանալու դեպքում աշխատանքը շարունակելու համար, եթե այն ընդհատում թույլ չի տալիս. այդպիսի դեպքերում ադմինիստրացիան պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել հերթափոխողին մի այլ աշխատողով փոխարինելու համար.

6) բեռնման-բեռնաթափման աշխատանքներ կատարելու համար` առաքման և նշանակման կետերում շարժակազմի պարապուրդը կամ բեռների կուտակումները կանխելու կամ վերացնելու նպատակով:

 

Հոդված 61. Արտաժամյա աշխատաժամանակի առավելագույն քանակը

 

Արտաժամյա աշխատանքները յուրաքանչյուր բանվորի կամ ծառայողի համար չպետք է անցնեն չորս ժամից` իրար հաջորդող երկու օրում և 120 ժամից` տարվա մեջ:

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է յուրաքանչյուր աշխատողի կատարած արտաժամյա աշխատաժամանակի ստույգ հաշվառում պահել:

 

ԳԼՈՒԽ 5
ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ

 

Հոդված 62. Ընդմիջում հանգստի և սնվելու համար

 

Հանգստանալու և սնվելու համար բանվորներին ու ծառայողներին ընդմիջում է տրվում ոչ ավելի երկու ժամ տևողությամբ: Ընդմիջումը աշխատաժամանակի մեջ չի մտցվում:

Բանվորը կամ ծառայողը ընդմիջումը օգտագործում է իր հայեցողությամբ: Նրան իրավունք է տրվում այդ ժամանակի ընթացքում բացակայելու աշխատանքի կատարման վայրից:

Հանգստի և սնվելու համար ընդմիջում տրվում է, որպես կանոն, աշխատանքը սկսելուց չորս ժամ հետո:

Ընդմիջումն սկսելու և ավարտելու ժամանակը սահմանվում է ներքին աշխատանքային կարգապահության կանոններով:

Այն աշխատանքներում, որտեղ արտադրության պայմաններից ելնելով չի կարելի ընդմիջում սահմանել, բանվորին կամ ծառայողին սնունդ ընդունելու հնարավորություն պետք է տրվի աշխատաժամանակի ընթացքում: Այդպիսի աշխատանքների ցանկը, սնունդ ընդունելու կարգն ու տեղը սահմանում է ադմինիստրացիան` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելով:

 

Հոդված 63. Հանգստյան օրեր

 

Հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում բանվորներին ու ծառայողներին շաբաթական տրվում է երկու հանգստյան օր, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում` մեկ հանգստյան օր:

 

Հոդված 64. Շաբաթական անընդհատ հանգստի տևողությունը

 

Շաբաթական անընդհատ հանգստի տևողությունը քառասուներկու ժամից պակաս չպետք է լինի:

 

i
Հոդված 65. Ընդհանուր հանգստյան օր

 

Ընդհանուր հանգստյան օր է համարվում կիրակի օրը: Հնգօրյա շաբաթի դեպքում, երկրորդ հանգստյան օրը, եթե այն չի սահմանված օրենսդրությամբ, որոշվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության աշխատանքի գրաֆիկով: Երկու հանգստյան օրերը, որպես կանոն, տրվում են իրար հետևից:

 

Հոդված 66. Հանգստյան օրերը անընդմեջ գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում

 

Այն ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, որտեղ արտադրատեխնիկական պայմանների պատճառով կամ բնակչության մշտական անընդմեջ սպասարկման անհրաժեշտության հետևանքով հնարավոր չէ աշխատանքի դադարեցում, ինչպես նաև մյուս այն ձեռնարկություններում, որտեղ արտադրությունը չի ընդհատվում, բանվորների ու ծառայողների յուրաքանչյուր խմբին ըստ հերթականության հանգստյան օրեր են տրամադրվում շաբաթվա տարբեր օրերի, համաձայն ադմինիստրացիայի կողմից հաստատվող հերթափոխության գրաֆիկի` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելով:

 

Հոդված 67. Հանգստյան օրերը բնակչության սպասարկման հետ կապված ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում

 

Այն ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, որտեղ ընդհանուր հանգստյան օրը աշխատանքը չի կարող դադարեցվել բնակչության սպասարկման անհրաժեշտության կապակցությամբ (խանութներ, կենցաղային սպասարկման ձեռնարկություններ, թատրոններ, թանգարաններ և այլն), հանգստյան օրեր սահմանվում են պատգամավորների տեղական խորհուրդների կողմից:

 

Հոդված 68. Հանգստյան օրերին աշխատանքի արգելումը: Հանգստյան օրերին առանձին բանվորների ու ծառայողների աշխատանքի ներգրավելու բացառիկ դեպքերը

 

Հանգստյան օրերին աշխատանքն արգելվում է:

Հանգստյան օրերին առանձին բանվորների ու ծառայողների աշխատանքի ներգրավել թույլատրվում է միայն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի թույլտվությամբ և միմիայն ԽՍՀ Միության օրենսդրությամբ և սույն հոդվածի երրորդ մասով սահմանվող բացառիկ դեպքերում:

Հանգստյան օրերին առանձին բանվորների ու ծառայողների աշխատանքի ներգրավել թույլատրվում է հետևյալ բացառիկ դեպքերում`

1) հասարակական կամ տարերային աղետը, արտադրական վթարը կանխելու կամ լիկվիդացնելու կամ դրանց հետևանքները անհապաղ վերացնելու համար.

2) դժբախտ դեպքերը, պետական կամ հանրային գույքի ոչնչացումը կամ փչացումը կանխելու համար.

3) անհետաձգելի, նախօրոք չնախատեսված աշխատանքներ կատարելու համար, որոնց շտապ կատարումից կախված է ամբողջ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կամ դրանց առանձին ստորաբաժանումների հետագա նորմալ աշխատանքը: Բանվորներն ու ծառայողները հանգստյան օրերին աշխատանքի են ներգրավվում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի գրավոր հրամանի (կարգադրության) հիման վրա, սույն օրենսգրքի 177, 186, 187, 202 հոդվածներով նախատեսված սահմանափակումների պահպանումով:

 

Հոդված 69. Փոխհատուցում հանգստյան օրը աշխատելու համար

 

Հանգստյան օրը կատարած աշխատանքը կարող է փոխհատուցվել կողմերի համաձայնությամբ, մեկ այլ հանգստյան օր տրամադրելով կամ դրամական ձևով` կրկնակի վարձատրությամբ: Հանգստյան օրը կատարած աշխատանքի վարձատրությունը հաշվարկվում է սույն օրենսգրքի 96 հոդվածի կանոններով:

 

i
Հոդված 70. Տոնական օրեր

 

Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում աշխատանք չի կատարվում հետևյալ տոնական օրերին.

Հունվարի 1-ին` Նոր տարի,

Մարտի 8-ին` Կանանց միջազգային օր,

Մայիսի 1-ին և 2-ին` Աշխատավորների միջազգային համերաշխության օր,

Մայիսի 9-ին` Հաղթանակի օր,

Հոկտեմբերի 7-ին` ԽՍՀՄ սահմանադրության օր,

Նոյեմբերի 7-ին և 8-ին` Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության տարեդարձ:

Տոնական օրերին թույլատրվում են այնպիսի աշխատանքներ, որոնց դադարեցումն անհնարին է արտադրատեխնիկական պայմանների (անընդհատ գործող ձեռնարկություններ, հիմնարկներ, կազմակերպություններ) պատճառով, բնակչությանն սպասարկելու անհրաժեշտությունից բխող աշխատանքներ, ինչպես նաև վերանորոգման և բեռնման-բեռնաթափման անհետաձգելի աշխատանքներ:

 

i
Հոդված 71. Ամենամյա արձակուրդներ

 

Բոլոր բանվորներին ու ծառայողներին տրվում են ամենամյա արձակուրդներ, պահպանելով աշխատանքի տեղը (պաշտոնը) և միջին վաստակը (72-74 հոդվածներ):

 

i
Հոդված 72. Արձակուրդի տևողությունը

 

Բանվորներին ու ծառայողներին ամենամյա արձակուրդ է տրվում առնվազն 15 աշխատանքային օր տևողությամբ, աստիճանաբար անցնելով ավելի մեծ տևողությամբ արձակուրդ տալուն: Ամենամյա արձակուրդի տևողությունը հաշվարկելու կարգը սահմանվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ:

 

Հոդված 73. Տասնութ տարեկան չդարձած բանվորների ու ծառայողների արձակուրդի տևողությունը

 

Տասնութ տարեկան չդարձած բանվորներին ու ծառայողներին ամենամյա արձակուրդ է տրվում մեկ օրացուցային ամիս տևողությամբ:

 

i
Հոդված 74. Լրացուցիչ արձակուրդներ

 

Ամենամյա լրացուցիչ արձակուրդներ են տրվում`

1) աշխատանքի վնասակար պայմաններ ունեցող աշխատանքներում զբաղված բանվորներին ու ծառայողներին.

2) ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերում զբաղված և մեկ ձեռնարկությունում, կազմակերպությունում աշխատանքի տևական ստաժ ունեցող բանվորներին ու ծառայողներին.

3) չնորմավորված աշխատանքային օրով աշխատողներին.

4) ծայրագույն հյուսիսի շրջաններում և դրանց հավասարեցված վայրերում աշխատող բանվորներին ու ծառայողներին.

5) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

 

Հոդված 75. Պետական կամ հասարակական պարտականություններ կատարելու համար որպես խրախուսանք լրացուցիչ արձակուրդներ տալը

 

Պետական կամ հասարակական պարտականություններ կատարելու համար որպես խրախուսանք ըստ աշխատանքի վայրի լրացուցիչ արձակուրդներ կարող են տրվել անչափահասների հասարակական դաստիարակներին, կամավոր հրշեջ խմբերի անդամներին, հասարակական կարգի պահպանման կամավոր դրուժինաների անդամներին և, այլ դեպքերում` ԽՍՀ Միության ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 76. Արձակուրդներ տալու կարգը

 

Բանվորներին ու ծառայողներին աշխատանքի առաջին տարվա համար արձակուրդ է տրվում տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում անընդհատ աշխատանքի տասնմեկ ամիսը լրանալուց հետո: Անընդհատ աշխատանքի տասնմեկ ամիսը չլրացած աշխատողի խնդրանքով արձակուրդ է տրվում կանանց` հղիության և ծննդաբերության արձակուրդից առաջ կամ դրանից անմիջականորեն հետո. տասնութ տարեկան չդարձած բանվորներին ու ծառայողներին. պահեստ արձակված և կազմակերպված հավաքագրման կարգով աշխատանքի ուղարկված զինծառայողներին` աշխատանքի երեք ամիսը լրանալուց հետո. օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Մեկ ձեռնարկությունից, հիմնարկից, կազմակերպությունից մեկ այլ ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն փոխադրված բանվորներին ու ծառայողներին արձակուրդ կարող է տրվել փոխադրվելուց հետո աշխատանքի տասնմեկ ամիսը չլրացած, եթե աշխատանքից ազատվելիս աշխատողը փոխհատուցում չի ստացել չօգտագործված արձակուրդի համար: Եթե նախքան փոխադրումը աշխատողը մեկ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում տասնմեկ ամիս չի աշխատել, ապա նրան արձակուրդ կարող է տրվել փոխադրվելուց առաջ և հետո` ընդհանուր առմամբ աշխատանքի տասնմեկ ամիսը լրանալու դեպքում:

Աշխատանքի երկրորդ և հաջորդ տարիների համար արձակուրդ կարող է տրվել աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` արձակուրդներ տալու հերթականությանը համապատասխան:

 

i
Հոդված 77. Արձակուրդի իրավունք տվող աշխատանքային ստաժի հաշվարկումը

 

Արձակուրդի իրավունք տվող աշխատանքային ստաժի մեջ մտցվում են`

1) փաստորեն աշխատած ժամանակը.

2) այն ժամանակը, երբ բանվորը կամ ծառայողը փաստորեն չի աշխատել, բայց պահպանվել է նրա աշխատանքի տեղը (պաշտոնը) և աշխատավարձը` լրիվ կամ մասամբ (այդ թվում վճարված հարկադրական պարապուրդի ժամանակը` աշխատանքից սխալ ազատելու կամ այլ աշխատանքի վերականգնելու դեպքում).

3) այն ժամանակը, երբ բանվորը կամ ծառայողը փաստորեն չի աշխատել, բայց պահպանվել է նրա աշխատանքի տեղը (պաշտոնը), և նա ստացել է պետական սոցիալական ապահովագրության նպաստ, բացառությամբ մինչև երեխայի մեկ տարեկան դառնալը նրան խնամելու համար մասնակիորեն վճարովի արձակուրդի.

4) օրենսդրությամբ նախատեսված այլ ժամանակամիջոցներ:

 

i
Հոդված 78. Արձակուրդներ տալու հերթականությունը

 

Արձակուրդներ տրվում են ամեն ժամանակ ամբողջ տարվա ընթացքում: Արձակուրդներ տալու հերթականությունը սահմանում է ադմինիստրացիան, համաձայնեցնելով ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ:

Արձակուրդներ տալու հերթականությունը սահմանելիս հաշվի են առնվում բանվորների ու ծառայողների ցանկությունները և ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության նորմալ աշխատանքն ապահովելու շահերը:

 

Հոդված 79. Ժամանակավոր անաշխատունակության կամ հղիության և ծննդաբերության արձակուրդներն ամենամյա արձակուրդների մեջ չմտցնելը

 

Սահմանված կարգով տրված ժամանակավոր անաշխատունակության կամ հղիության և ծննդաբերության արձակուրդներն ամենամյա արձակուրդների մեջ չեն մտցվում:

 

Հոդված 80. Ամենամյա արձակուրդ տալը: Արձակուրդը հետաձգելու բացառիկ դեպքերը

 

Արձակուրդը պետք է տրվի ամեն տարի` սահմանված ժամանակին: Ամենամյա արձակուրդը պետք է հետաձգել կամ երկարացնել` բանվորի կամ ծառայողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում. բանվորի կամ ծառայողի կողմից պետական կամ հասարակական պարտականություններ կատարելիս. օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Բացառիկ դեպքերում, երբ բանվորին կամ ծառայողին ընթացիկ աշխատանքային տարում արձակուրդ տալը կարող է անբարենպաստ անդրադառնալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության աշխատանքի նորմալ ընթացքի վրա, թույլատրվում է աշխատողի համաձայնությամբ և համաձայնեցնելով ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ, արձակուրդը հետաձգել մյուս աշխատանքային տարի: Հետաձգված արձակուրդը կարող է միացվել հաջորդ աշխատանքային տարվա արձակուրդին:

Արգելվում է ամենամյա արձակուրդ չտրամադրել անընդհատ երկու տարվա ընթացքում, ինչպես նաև արձակուրդ չտրամադրել տասնութ տարեկան չդարձած բանվորներին ու ծառայողներին և այն աշխատողներին, որոնք աշխատանքի վնասակար պայմանների կապակցությամբ լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեն:

 

Հոդված 81. Արձակուրդը դրամական փոխհատուցմամբ փոխարինելն արգելելը

 

Չի թույլատրվում արձակուրդը փոխարինել դրամական փոխհատուցմամբ, բացի արձակուրդից չօգտված բանվորին կամ ծառայողին աշխատանքից արձակելու դեպքից:

 

i
Հոդված 82. Արձակուրդ առանց աշխատավարձի պահպանման

 

Ընտանեկան հանգամանքներով և այլ հարգելի պատճառներով բանվորին կամ ծառայողին, նրա դիմումի համաձայն, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ղեկավարի կամ արտադրական միավորի ղեկավարի թույլտվությամբ կարող է տրվել կարճատև արձակուրդ առանց աշխատավարձի պահպանման, որ ձևակերպվում է հրամանով (կարգադրությամբ): Անհրաժեշտ դեպքերում կողմերի համաձայնությամբ այդ արձակուրդի դիմաց բանվորը կամ ծառայողը կարող է աշխատել հետագայում, ելնելով արտադրության պայմաններից ու հնարավորություններից:

 

i

ԳԼՈՒԽ 6
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

 

Հոդված 83. Վարձատրություն ըստ աշխատանքի

 

ԽՍՀՄ սահմանադրությանը և Հայկական ԽՍՀ սահմանադրությանը համապատասխան բանվորների ու ծառայողների աշխատանքը վարձատրվում է ըստ նրա քանակի ու որակի:

Արգելվում է աշխատանքի վարձատրության չափերի որևէ նվազեցում, ելնելով սեռից, տարիքից, ռասայից և ազգային պատկանելությունից:

 

i
Հոդված 84. Աշխատավարձի նվազագույն չափը

 

Բանվորի կամ ծառայողի ամսական աշխատավարձը չի կարող պետության կողմից սահմանված նվազագույն չափից ցածր լինել:

 

Հոդված 85. Աշխատավարձի նորմավորումը

 

Աշխատավարձի նորմավորումն իրականացվում է պետության կողմից` արհեստակցական միությունների մասնակցությամբ:

 

Հոդված 86. Բանվորների աշխատանքի վարձատրությունը տարիֆային դրույքների հիման վրա

 

Բանվորների աշխատանքը վարձատրվում է կենտրոնացված կարգով հաստատվող տարիֆային դրույքների (ռոճիկների) հիման վրա:

Կատարվող աշխատանքները որոշակի տարիֆային կարգերին է դասում և բանվորների որակավորման տարակարգեր է շնորհում ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիան, համաձայնեցնելով ձեռնարկության, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ` տարիֆային-որակավորման տեղեկատուին համապատասխան:

Որակավորման տարակարգերը առաջին հերթին բարձրացվում են այն բանվորների համար, որոնք հաջողությամբ են կատարում աշխատանքի նորմաները և բարեխղճորեն վերաբերվում իրենց աշխատանքային պարտականություններին: Տարակարգը բարձրացնելու իրավունք ունեն այն բանվորները, որոնք ոչ պակաս, քան երեք ամիս հաջողությամբ կատարում են ավելի բարձր տարակարգի աշխատանքներ և հանձնել են որակավորման քննություն: Տեխնոլոգիական կարգապահությունը կոպիտ կերպով խախտելու և այլ լուրջ խախտումների համար, որոնք առաջ են բերել արտադրանքի որակի վատացում, բանվորի որակավորումը կարող է իջեցվել մեկ տարակարգով: Տարակարգի վերականգնումը կատարվում է ընդհանուր կարգով, բայց ոչ շուտ, քան դրա իջեցումից երեք ամիս հետո:

 

Հոդված 87. Ծառայողների աշխատանքի վարձատրությունը պաշտոնեական ռոճիկների հիման վրա

 

Ծառայողների աշխատանքը վարձատրվում է կենտրոնացված կարգով հաստատվող պաշտոնեական ռոճիկների սխեմաների հիման վրա: Ծառայողների պաշտոնեական ռոճիկները սահմանում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան` աշխատողի պաշտոնին և որակավորմանը համապատասխան:

Ադմինիստրացիան իրավունք ունի ատեստավորման արդյունքներով փոփոխելու ծառայողների պաշտոնեական ռոճիկները համապատասխան պաշտոնի և կատեգորիայի նվազագույն և առավելագույն չափերի սահմաններում:

 

i
Հոդված 88. Աշխատանքի բարձրացված վարձատրություն

 

Ծանր աշխատանքներում, աշխատանքի վնասակար պայմաններ ունեցող աշխատանքներում և կլիմայական ծանր պայմաններ ունեցող աշխատանքի վայրերում սահմանվում է աշխատանքի բարձրացված վարձատրություն:

 

Հոդված 89. Աշխատանքի վարձատրության սիստեմները

 

Բանվորների և ծառայողների աշխատանքը վարձատրվում է ժամանակավարձով, գործավարձով կամ աշխատանքի վարձատրության այլ սիստեմներով: Վարձատրումը կարող է կատարվել աշխատանքի անհատական և կոլեկտիվ արդյունքներով:

Պլանների և պայմանագրային պարտավորությունների կատարման, արտադրության արդյունավետության և աշխատանքի որակի բարձրացման գործում բանվորների և ծառայողների նյութական շահագրգռվածությունն ուժեղացնելու համար կարող են մտցվել պարգևավճարման սիստեմներ, վարձատրություն տարվա աշխատանքի արդյունքների համար, նյութական խրախուսման այլ ձևեր:

Աշխատանքի վարձատրության սիստեմների և նյութական խրախուսման ձևերի սահմանումը, պարգևավճարման և տարվա աշխատանքի արդյունքների համար վարձատրության վերաբերյալ կանոնադրությունների հաստատումը կատարվում է ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիայի կողմից` համաձայնեցնելով արհմիութենական կոմիտեի հետ:

Յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձը որոշվում է աշխատանքի վերջնական արդյունքներով, աշխատողի անձնական աշխատանքային ներդրմամբ և չի սահմանափակվում առավելագույն չափով:

 

Հոդված 90. Վարձատրություն ըստ տարեկան աշխատանքի արդյունքների

 

Ի լրումն աշխատանքի վարձատրության սիստեմների, կարող է սահմանվել ձեռնարկությունների և կազմակերպությունների բանվորների ու ծառայողների վարձատրություն ըստ տարեկան աշխատանքի արդյունքների` այն ֆոնդից, որը գոյանում է ձեռնարկության, կազմակերպության ստացած շահույթի հաշվին: Վարձատրության չափը որոշվում է հաշվի առնելով բանվորի ու ծառայողի աշխատանքի արդյունքները և ձեռնարկությունում, կազմակերպությունում աշխատելու նրա անընդհատ ստաժի տևողությունը:

Տարեկան աշխատանքի արդյունքների հիման վրա վարձատրելու կարգի վերաբերյալ կանոնադրությունը հաստատում է ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիան, համաձայնեցնելով ձեռնարկության, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ:

 

Հոդված 91. Աշխատանքի վարձատրության նոր պայմաններ մտցնելու կամ դրանք փոփոխելու մասին բանվորներին ու ծառայողներին իրազեկ պահելը

 

Աշխատանքի վարձատրության նոր պայմաններ մտցնելու կամ աշխատանքի վարձատրության պայմանները փոփոխելու մասին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում իրազեկ պահել բանվորներին ու ծառայողներին:

 

Հոդված 92. Աշխատանքի վարձատրությունը տարբեր որակավորման աշխատանքներ կատարելիս

 

Ժամանակավարձային բանվորների, ինչպես նաև ծառայողների կողմից տարբեր որակավորման աշխատանքներ կատարելիս աշխատանքը վարձատրվում է ըստ ավելի բարձր որակավորման աշխատանքի:

Գործավարձային բանվորների աշխատանքը վարձատրվում է կատարվող աշխատանքի գնահատմամբ: Ժողովրդական տնտեսության այն ճյուղերում, որտեղ արտադրության բնույթից ելնելով գործավարձային բանվորներին հանձնարարվում է նրանց շնորհված տարակարգերից ցածր տարիֆիկացված աշխատանքներ կատարել, այդպիսի աշխատանքներ կատարող բանվորներին վճարվում է միջտարակարգային տարբերություն, եթե այդ նախատեսված է կոլեկտիվ պայմանագրով: Վարձատրությունը կատարվում է բանվորների կողմից արտադրանքի նորմաները կատարելու և տարակարգերի մեջ առնվազն երկու տարակարգի տարբերության առկայության դեպքում:

Միջտարակարգային տարբերության վճարման կանոնը չի կիրառվում այն դեպքում, երբ ըստ արտադրության բնույթի տարբեր տարակարգերի աշխատանքների կատարումը մտնում է աշխատողի մշտական պարտականությունների շրջանակի մեջ:

 

Հոդված 93. Աշխատանքի վարձատրությունը բազմահաստոցային սպասարկման դեպքում

 

Գործավարձային բանվորներին սահմանված նորմայից ավելի հաստոցների (մեքենաների, ապարատների) սպասարկման փոխադրելու դեպքում աշխատանքը վարձատրվում է բարձրացված չափով:

Աշխատանքի վարձատրությունը բարձրացնելու կոնկրետ չափերը որոշում է ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիան, ձեռնարկության, կազմակերպության արհմիութենական կոմիտեի համաձայնությամբ` աշխատանքի փաստական պայմանների հաշվառումով այն սահմաններում, որ որոշված են կենտրոնացված կարգով:

 

Հոդված 94. Աշխատանքի վարձատրությունը պրոֆեսիաները համատեղելու և ժամանակավորապես բացակայող աշխատողների պարտականությունները կատարելու դեպքում

 

Աշխատանքային պայմանագրով պայմանավորված իր հիմնական աշխատանքի հետ միասին ուրիշ պրոֆեսիայի (պաշտոնի) լրացուցիչ աշխատանք կատարող կամ առանց իրենց հիմնական աշխատանքից ազատվելու ժամանակավորապես բացակայող աշխատողի պարտականությունները կատարող բանվորներին և ծառայողներին տրվում է լրացուցիչ վճար պրոֆեսիաները (պաշտոնները) համատեղելու կամ ժամանակավորապես բացակայող աշխատողի պարտականությունները կատարելու համար:

Պրոֆեսիաները (պաշտոնները) համատեղելու կամ ժամանակավորապես բացակայող աշխատողի պարտականությունները կատարելու համար լրացուցիչ վճարի չափերը սահմանում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան, համաձայնեցնելով ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ ԽՍՀ Միության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 95. Արտաժամյա աշխատանքի վարձատրությունը

 

Աշխատանքի ժամանակավարձային վարձատրության դեպքում արտաժամյա աշխատանքը առաջին երկու ժամվա համար վարձատրվում է մեկուկես, իսկ հաջորդ ժամերի համար` կրկնակի չափով:

Աշխատանքի գործավարձային վարձատրության դեպքում, ինչպես նաև ժողովրդական տնտեսության այն ճյուղերում, որտեղ սահմանված են գործավարձային բանվորների և ժամանակավարձային բանվորների միասնական տարիֆային դրույքներ, արտաժամյա աշխատանքի համար լրացուցիչ վարձատրություն է տրվում ԽՍՀ Միության օրենսդրությամբ սահմանված չափով:

Արտաժամյա աշխատանքի լրացուցիչ վարձատրությունն աշխատանքի գործավարձային վարձատրության դեպքում կատարվում է ԽՍՀ Միության օրենսդրության համաձայն` համապատասխան տարակարգ ունեցող գործավարձային աշխատողի արտաժամյա աշխատանքի առաջին երկու ժամվա համար տարիֆային դրույքի հիսուն տոկոսի չափով և հաջորդ ժամերի համար` այդ տարիֆային դրույքի հարյուր տոկոսի չափով:

Չի թույլատրվում արտաժամյա աշխատանքը փոխհատուցել հանգստյան ժամանակով:

 

Հոդված 96. Տոնական օրերի աշխատանքի վարձատրությունը

 

Տոնական օրը կատարված աշխատանքը (70 հոդվածի 2-րդ մաս) վարձատրվում է կրկնակի չափով հետևյալ կարգով`

1) գործավարձով աշխատողներին` գործավարձի կրկնակի գնահատմամբ.

2) այն աշխատողներին, որոնց աշխատանքը վարձատրվում է ժամային կամ օրական դրույքներով` ժամային կամ օրական դրույքի կրկնակի չափով.

3) այն աշխատողներին, որոնք ամսական ռոճիկ են ստանում` ժամային կամ օրական դրույքի միապատիկ չափով բացի ռոճիկից, եթե տոնական օրը աշխատանքը կատարվել է աշխատաժամանակի ամսական նորմայի սահմաններում, և ժամային կամ օրական դրույքի կրկնակի չափով, բացի ռոճիկից, եթե աշխատանքը կատարվել է ամսական նորմայից ավելի:

Տոնական օրն աշխատած բանվորի կամ ծառայողի ցանկությամբ նրան, դրամական վարձատրության փոխարեն, կարող է տրվել հանգստյան այլ օր:

 

Հոդված 97. Գիշերային աշխատանքի վարձատրությունը

 

Գիշերային աշխատանքը (51 հոդված) վարձատրվում է բարձրացված չափով, որը սահմանվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ:

 

Հոդված 98. Արտադրանքի նորմաները չկատարելու, խոտանի դեպքում աշխատանքի վարձատրության և պարապուրդի ժամանակի, ինչպես նաև նոր արտադրությունների (արտադրանքի) յուրացման դեպքում վարձատրության կարգը

 

Արտադրանքի նորմաները չկատարելու, խոտանի դեպքում աշխատանքի վարձատրության և պարապուրդի ժամանակի վարձատրության, ինչպես նաև նոր արտադրությունների (արտադրանքի) յուրացման դեպքում վարձատրության կարգը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ:

 

Հոդված 99. Աշխատանքի վարձատրության կարգը արտադրանքի նորմաները չկատարվելու դեպքում

 

ԽՍՀ Միության օրենսդրությանը համապատասխան, ոչ բանվորի կամ ծառայողի մեղքով արտադրանքի նորմաները չկատարվելու դեպքում վարձատրությունը կատարվում է փաստացի կատարված աշխատանքի համար: Ամսական աշխատավարձը այդ դեպքում չի կարող ցածր լինել նրա համար սահմանված տարակարգի (ռոճիկի) տարիֆային դրույքի երկու երրորդից: Բանվորի կամ ծառայողի մեղքով արտադրանքի նորմաները չկատարվելու դեպքում վարձատրությունը կատարվում է արված աշխատանքին համապատասխան:

 

Հոդված 100. Աշխատանքի վարձատրության կարգը խոտան արտադրանք պատրաստելու դեպքում

 

ԽՍՀ Միության օրենսդրությանը համապատասխան արտադրանք պատրաստելիս, եթե խոտան է ստացվել ոչ բանվորի կամ ծառայողի մեղքով, աշխատանքի վարձատրությունը այն պատրաստելու համար կատարվում է իջեցված գնահատումներով: Բանվորի կամ ծառայողի ամսական աշխատավարձը այդ դեպքերում չի կարող ցածր լինել նրա համար սահմանված տարակարգի (ռոճիկի) տարիֆային դրույքի երկու երրորդից:

Արտադրանքի խոտանը, որը տեղի է ունեցել մշակվող նյութի թաքնված թերության հետևանքով, ինչպես նաև ոչ աշխատողի մեղքով առաջացած խոտանի դեպքում, որը հայտնաբերվել է տեխնիկական վերահսկողության մարմնի կողմից արտադրանքն ընդունելուց հետո, այդ աշխատողին վճարվում է պիտանի արտադրանքներին համահավասար:

Բանվորի կամ ծառայողի մեղքով առաջացած լրիվ խոտանը վարձատրման ենթակա չէ: Բանվորի կամ ծառայողի մեղքով առաջացած մասնակի խոտանը վարձատրվում է իջեցված գնահատումներով` ելնելով արտադրանքի պիտանիության աստիճանից:

 

i
Հոդված 101. Պարապուրդի ժամանակի վարձատրության կարգը

 

ԽՍՀ Միության օրենսդրությանը համապատասխան, ոչ բանվորի կամ ծառայողի մեղքով տեղի ունեցած պարապուրդի ժամանակը, եթե աշխատողը ադմինիստրացիային (բրիգադավարին, վարպետին, մյուս պաշտոնատար անձանց) նախազգուշացրել է պարապուրդը սկսվելու մասին, վճարվում է աշխատողի համար սահմանված տարակարգի (ռոճիկի) տարիֆային դրույքի երկու երրորդից ոչ ցածր հաշվարկով: Աշխատողի մեղքով տեղի ունեցած պարապուրդի ժամանակը չի վարձատրվում:

 

Հոդված 101.1 Նոր արտադրություն (արտադրանք) յուրացնելու ժամանակաշրջանի համար աշխատանքի վարձատրության կարգը

 

Նոր արտադրություն (արտադրանք) յուրացնելու ժամանակաշրջանում ադմինիստրացիան կարող է բանվորներին տալ լրացուցիչ վճար նախկին միջին վաստակի չափով, վեց ամսից ոչ ավելի ժամանակով:

 

Հոդված 102. Աշխատավարձի պահպանումը ցածր վարձատրվող այլ մշտական աշխատանքի փոխադրելու և տեղափոխելու դեպքում

 

I. Բանվորին կամ ծառայողին ցածր վարձատրվող այլ մշտական աշխատանքի փոխադրելիս պահպանվում է աշխատողի նախկին միջին վաստակը` փոխադրման օրվանից սկսած երկու շաբաթվա ընթացքում:

II. Այն դեպքում, երբ բանվորի կամ ծառայողի տեղափոխման հետևանքով (28 հոդվածի երկրորդ մաս) նրանից անկախ պատճառներով նվազում է վաստակը, տրվում է լրացուցիչ վճար նախկին միջին վաստակի չափով, տեղափոխման օրից հաշված երկու ամսվա ընթացքում:

 

i
Հոդված 103. Աշխատավարձի վճարման ժամկետները

 

Աշխատավարձը վճարվում է ոչ ուշ, քան յուրաքանչյուր կիսամսյակը մեկ:

Երկու շաբաթից պակաս տևող ժամանակավոր աշխատանքի աշխատավարձը վճարվում է աշխատանքն ավարտվելուց հետո:

Բանվորների և ծառայողների առանձին կատեգորիաների համար ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել աշխատավարձի վճարման այլ ժամկետներ:

Այն դեպքում, երբ աշխատավարձի վճարման օրը զուգադիպում է հանգստյան կամ տոնական օրվան, աշխատավարձը վճարվում է այդ օրերի նախօրյակին:

Արձակուրդի ժամանակի համար աշխատավարձը վճարվում է ոչ ուշ, քան արձակուրդն սկսվելուց երեք օր առաջ:

 

Հոդված 104. Աշխատավարձի վճարման տեղը և ժամանակը

 

Բանվորներին ու ծառայողներին աշխատավարձ վճարվում է, որպես կանոն, ոչ աշխատանքային ժամի, անմիջականորեն նրանց կողմից կատարվող աշխատանքի վայրում:

 

Հոդված 105. Վերջնահաշվի ժամկետները աշխատանքից արձակելիս

 

Հասանելիք աշխատավարձի չափի վերաբերյալ վեճ չլինելու դեպքում վերջնահաշիվը պետք է կատարվի`

1) այն աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու դեպքում, որը մինչև արձակման օրը շարունակելու է աշխատանքը` աշխատանքից արձակելու օրը.

2) այն աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու դեպքում, որը մինչև արձակման օրը չի աշխատում (հիվանդության, գործալքման, ազատազրկման հետևանքով և այլն)` մեկօրյա ժամկետում այն պահից, երբ աշխատանքից արձակվողը վերջնահաշիվ կատարելու մասին պահանջ է ներկայացրել: Եթե աշխատողին աշխատանքից արձակելիս նրան հասանելիք գումարի չափի մասին վեճ է առաջանում, ադմինիստրացիան բոլոր դեպքերում պարտավոր է սույն հոդվածում նշված ժամկետում վճարել իր կողմից չվիճարկվող գումարը:

 

Հոդված 106.

(106-րդ հոդ. վերացվել է)

 

Հոդված 107. Հաշվեգրքույկներ

 

Բոլոր բանվորներին, ինչպես նաև ծառայողներին, որոնց աշխատանքը վարձատրվում է գործավարձով, ադմինիստրացիան պարտավոր է աշխատանքի ընդունելուց հինգ օր հետո հաշվեգրքույկներ տալ:

Հաշվեգրքույկներում գրանցվում են աշխատանքի պայմանները և աշխատավարձի վերաբերյալ հաշվարկները:

 

Հոդված 108. Բանվորների ու ծառայողների նյութական-կենցաղային և կուլտուրական սպասարկումն ի հաշիվ հասարակական սպառման ֆոնդերի

 

Բացի աշխատավարձից, բանվորներին ու ծառայողներին ի հաշվի հասարակական սպառման ֆոնդերի վճարվում են պետական սոցիալական ապահովագրության նպաստներ և կենսաթոշակներ, տրվում են սանատորիաների, հանգստյան տների, տուրիստական բազաների ուղեգրեր, նրանց ապահովում են անվճար բուժօգնությամբ և անվճար ուսուցմամբ, կատարվում են այլ վճարումներ և տրվում այլ արտոնություններ: Նշված ֆոնդերից գումարներ են տրամադրվում նաև բնակարանային, դպրոցական, կուլտուր-կենցաղային և բուժհիմնարկների շինարարության, բանվորների ու ծառայողների կուլտուր-կենցաղային սպասարկումը բարելավելու, ինչպես նաև մանկական նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու համար:

 

ԳԼՈՒԽ 7
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐՄԱՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԱՐՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐ

 

Հոդված 109. Աշխատանքի նորմաները

 

Աշխատանքի նորմաները` արտադրանքի, ժամանակի, սպասարկման, թվակազմի նորմաները բանվորների և ծառայողների համար սահմանվում են տեխնիկայի, տեխնոլոգիայի, արտադրության և աշխատանքի կազմակերպման ձեռք բերված մակարդակին համապատասխան:

Աշխատանքի կազմակերպման և վարձատրման կոլեկտիվ ձևերի պայմաններում կարող են կիրառվել նաև խոշորացված և կոմպլեքսային նորմաներ:

Աշխատանքի նորմաները ենթակա են պարտադիր փոխարինման նորերով` աշխատատեղերի ատեստավորում և ռացիոնալացում անցկացնելուն, նոր տեխնիկա, տեխնոլոգիա և կազմակերպական-տեխնիկական միջոցառումներ ներդնելուն համեմատ, որոնք ապահովում են աշխատանքի արտադրողականության աճը:

Սեփական նախաձեռնությամբ աշխատանքի նոր եղանակների և առաջավոր փորձի կիրառման, իրենց ուժերով աշխատատեղերի կատարելագործման հաշվին առանձին աշխատողի, բրիգադի կողմից արտադրանքի պատրաստման բարձր մակարդակի հասնելը նորմաների վերանայման համար հիմք չի հանդիսանում:

Աշխատանքի նորմաները մտցնում, փոխում և վերանայում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան` համաձայնեցնելով արհմիութենական կոմիտեի հետ:

Աշխատանքի նոր նորմաներ մտցնելու մասին բանվորներն ու ծառայողները պետք է տեղյակ պահվեն ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

 

Հոդված 110. Արտադրանքի նորմաները կատարելու համար աշխատանքի նորմալ պայմանների ապահովումը

 

Բանվորների ու ծառայողների կողմից արտադրանքի նորմաները կատարելու համար ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է աշխատանքի նորմալ պայմաններ ապահովել: Այդպիսի պայմաններ են համարվում`

1) մեքենաների, հաստոցների և հարմարանքների սարքին վիճակը.

2) տեխնիկական փաստաթղթերի ժամանակին ապահովումը.

3) աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նյութերի ու գործիքների պատշաճ որակը և դրանց ժամանակին մատուցումը.

4) արտադրությանը ժամանակին էլեկտրաէներգիա, գազ և էներգասնուցման այլ աղբյուրներ մատակարարելը.

5) աշխատանքի անվտանգ և առողջ պայմաններ (անվտանգության տեխնիկայի կանոնների ու նորմաների պահպանումը, անհրաժեշտ լուսավորությունը, ջեռուցումը, օդափոխությունը, աշխատողների առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող աղմուկի, ճառագայթման, թրթիռների և ուրիշ գործոնների վնասակար հետևանքների վերացումը և այլն):

 

Հոդված 111. Միասնական և տիպային նորմաների փոխարինումը և վերանայումը

 

Միասնական և տիպային (միջճյուղային, ճյուղային, գերատեսչական) նորմաների փոխումը և վերանայումը իրականացվում է դրանք հաստատած մարմինների կողմից:

 

Հոդված 112. Գնահատումների որոշումը աշխատանքի գործարքային վարձատրության դեպքում

 

Աշխատանքի գործարքային վարձատրության դեպքում գնահատումները որոշվում են ելնելով աշխատանքի սահմանված տարակարգերից, տարիֆային դրույքներից (ռոճիկներից) և արտադրանքի նորմաներից (ժամանակի նորմաներից):

Գործարքային գնահատումները որոշվում են կատարվող աշխատանքի տարակարգին համապատասխան ժամային (օրական) տարիֆային դրույքը բաժանելով ժամային (օրական) արտադրանքի նորմայի վրա: Գործարքային գնահատումը կարող է որոշվել նաև կատարվող աշխատանքի տարակարգին համապատասխան ժամային կամ օրական տարիֆային դրույքը բազմապատկելով սահմանված ժամանակի նորմայով` ժամերով կամ օրերով:

 

Հոդված 113. Գյուտարար և ռացիոնալիզատոր բանվորների ու ծառայողների նկատմամբ նախկին գնահատումները որոշակի ժամանակամիջոցում պահպանելը

 

Տեխնիկական նորմաները և գնահատումները փոփոխող գյուտարարության կամ ռացիոնալիզատորական առաջարկությունների հեղինակ բանվորների ու ծառայողների նկատմամբ նախկին գնահատումները պահպանվում են վեց ամսվա ընթացքում` նոր նորմաներ և գնահատումներ մտցնելու ժամանակից սկսած: Գյուտարարի կամ ռացիոնալիզատորի առաջարկությունը ներդնելու գործում նրան օգնություն ցույց տված ուրիշ աշխատողների նկատմամբ նախկին գնահատումները պահպանվում են երեք ամսվա ընթացքում:

Նախկին գնահատումները պահպանվում են նաև այն դեպքերում, երբ գյուտարարը կամ ռացիոնալիզատորը առաջներում չի կատարել այն աշխատանքը, որի նորմաները և գնահատումները փոփոխվել են նրա առաջարկությունը ներդնելու կապակցությամբ, և նա այդ աշխատանքին է փոխադրվել առաջարկությունը ներդնելուց հետո:

 

Հոդված 114. Նորմավորված առաջադրանքներ և սպասարկման նորմաներ սահմանելը

 

ժամանակավարձային վարձատրության դեպքում բանվորների և ծառայողների համար սահմանվում են նորմավորված առաջադրանքներ: Առանձին ֆունկցիաներ կամ առանձին ծավալի աշխատանքներ կատարելու համար կարող են սահմանվել սպասարկման նորմաներ կամ աշխատողների թվակազմի նորմաներ:

 

Հոդված 115. Աշխատանքի նորմաներ մտցնելիս, փոխարինելիս և վերանայելիս ծագող տարաձայնությունների լուծման կարգը

 

Աշխատանքի նորմաներ մտցնելիս, փոխելիս և վերանայելիս ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի և արհմիութենական կոմիտեի միջև ծագող տարաձայնությունները լուծվում են վերադաս տնտեսական և արհմիութենական մարմինների կողմից:

 

ԳԼՈՒԽ 8
ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Հոդված 116. Երաշխիքներ ընտրովի պաշտոններում ընտրված բանվորների ու ծառայողների համար

 

Պետական մարմիններում, ինչպես նաև կուսակցական, արհմիութենական, կոմերիտական, կոոպերատիվ և հասարակական այլ կազմակերպություններում ընտրովի պաշտոններում ընտրվելու հետևանքով աշխատանքից ազատված բանվորներին ու ծառայողներին, ընտրովի պաշտոնում նրանց լիազորությունները վերջանալուց հետո, տրվում է նախկին աշխատանքը (պաշտոնը), իսկ այդպիսին չլինելու դեպքում` ուրիշ հավասարարժեք աշխատանք (պաշտոն) նույն կամ, աշխատողի համաձայնությամբ, այլ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում:

 

i
Հոդված 117. Երաշխիքներ բանվորների ու ծառայողների համար պետական կամ հասարակական պարտականություններ կատարելու ժամանակաընթացքում

 

Պետական կամ հասարակական պարտականություններ կատարելու ժամանակաընթացքում, եթե ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ այդ պարտականությունները կարող են իրականացվել աշխատանքի ժամին, բանվորների ու ծառայողների համար երաշխավորվում է նրանց աշխատանքի տեղի (պաշտոնի) և միջին վաստակի պահպանումը:

Ընդհանուր զինապարտության մասին ԽՍՀՄ օրենքով նախատեսված պարտականությունների կատարմանը ներգրավվող բանվորներին ու ծառայողներին տրվում են այդ օրենքով նախատեսված երաշխիքներ և արտոնություններ: Միջին աշխատավարձը պահպանվում է աշխատանքի ժամանակ հետևյալ պետական կամ հասարակական պարտականությունները կատարելու դեպքում`

1) ընտրական իրավունքը իրականացնելիս.

i

2) պատգամավորների խորհուրդների նստաշրջաններին պատգամավորների մասնակցության ժամանակ, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև պատգամավորական այլ պարտականություններ կատարելիս.

3) պետական, կուսակցական, արհմիութենական, կոմերիտական և հասարակական մյուս կազմակերպությունների կողմից հրավիրված համագումարներին, պլենումներին, կոնֆերանսներին որպես պատվիրակ մասնակցելիս.

i

4) հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազի և դատարանի կանչով որպես վկա, տուժող, փորձագետ, մասնագետ, թարգման, ընթերակա ներկայանալիս, ինչպես նաև որպես ժողովրդական ատենակալներ, հասարակական մեղադրողներ և հասարակական պաշտպաններ, հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներ դատական նիստերին մասնակցելիս.

5) ժողովրդական վերահսկողության մարմինների հանձնարարությունները կատարելիս` այդ մարմինների վերաբերյալ կանոնադրությանը համապատասխան

6) պատգամավորների խորհուրդների գործադիր կոմիտեներին կից կենսաթոշակներ նշանակող հանձնաժողովների և որպես արհմիութենական կազմակերպությունների կողմից առանձնացված անդամ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (ԲՍՓՀ) աշխատանքներին մասնակցելիս.

7) աշխատանքային ստաժի մասին ցուցմունքներ տալու համար կենսաթոշակներ նշանակող հանձնաժողովների կանչով որպես վկա ներկայանալիս.

8) կամավոր հրշեջ խմբերի անդամների կողմից հրդեհի կամ վթարի վերացմանը մասնակցելիս.

9) ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում պետական կամ հասարակական այլ պարտականություններ կատարելիս:

(117-րդ հոդ. փոփ. 11.10.00 ՀՕ-89 օրենք)

 

Հոդված 118. Երաշխիքներ որակավորումը բարձրացնելու ուղարկվող բանվորների ու ծառայողների համար

 

Այն դեպքում, երբ բանվորներն ու ծառայողները արտադրությունից կտրվելով ուղարկվում են որակավորումը բարձրացնելու, պահպանվում է նրանց աշխատանքի տեղը (պաշտոնը), և նրանք ստանում են օրենսդրությամբ հաստատված վարձատրությունը:

 

Հոդված 119. Երաշխիքներ դոնոր հանդիսացող բանվորների ու ծառայողների համար

 

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ադմինիստրացիան պարտավոր է բանվորներին ու ծառայողներին թույլատրել անարգել կերպով առողջապահության հիմնարկներ ներկայանալ հետազոտվելու օրն ու փոխներարկման համար արյուն տալու օրը և պահպանել նրանց միջին աշխատավարձը այդ օրերի համար:

Դոնոր հանդիսացող բանվորներին ու ծառայողներին փոխներարկման համար արյուն տալու յուրաքանչյուր օրվան անմիջականորեն հաջորդող օրը հանգիստ է տրվում միջին վաստակի պահպանմամբ: Աշխատողի ցանկությամբ այդ օրը միացվում է ամենամյա արձակուրդին:

 

Հոդված 120. Երաշխիքներ գյուտարար և ռացիոնալիզատոր բանվորների ու ծառայողների համար

 

Գյուտի կամ ռացիոնալիզատորական առաջարկության հեղինակ հանդիսացող բանվորների ու ծառայողների համար պահպանվում է միջին վաստակը նույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում գյուտարարության կամ ռացիոնալիզատորական առաջարկության ներդրման աշխատանքներին մասնակցելու համար հիմնական աշխատանքից ազատելիս:

Գյուտարարությունը կամ ռացիոնալիզատորական առաջարկությունը այլ ձեռնարկությունում, կազմակերպությունում ներդնելիս պահպանվում է բանվորների ու ծառայողների պաշտոնը մշտական աշխատանքի վայրում, իսկ գյուտարարության կամ ռացիոնալիզատորական առաջարկության ներդրման աշխատանքը վարձատրվում է կողմերի համաձայնությամբ` մշտական աշխատանքի վայրի միջին վաստակի չափից ոչ ցածր:

 

Հոդված 121. Երաշխիքներ բուժհիմնարկներ հետազոտման ուղարկվող բանվորների ու ծառայողների համար

 

Բժշկական հիմնարկներում հետազոտման մեջ գտնվելու ժամանակ բանվորների ու ծառայողների համար, որոնք պարտավոր են այդպիսի հետազոտում անցնել, պահպանվում է միջին վաստակը մշտական աշխատանքի վայրում:

 

i
Հոդված 122. Երաշխիքներ աշխատանքային գրքույկի տալը ուշացնելու կապակցությամբ

 

Ադմինիստրացիայի մեղքով աշխատանքային գրքույկի տալը ուշացնելու դեպքում, որի հետևանքով բանվորը կամ ծառայողը զրկվել է նոր տեղ աշխատանքի ընդունվելու հնարավորությունից, ուշացնելու ամբողջ ժամանակի համար նրան միջին վաստակ է վճարվում:

 

Հոդված 123. Երաշխիքներ և փոխհատուցումներ գործուղումների ու այլ վայրեր աշխատանքի տեղափոխվելու դեպքում

 

Բանվորներն ու ծառայողներն իրավունք ունեն պաշտոնական գործուղման, փոխադրման, աշխատանքի ընդունման կամ այլ վայր աշխատանքի ուղարկվելու հետ կապված ծախսերի հատուցում և այլ փոխհատուցումներ ստանալ:

 

Հոդված 124. Երաշխիքներ և փոխհատուցումներ գործուղումների դեպքում

 

Պաշտոնեական գործուղման դեպքում աշխատողներին վճարվում են` գործուղման մեջ գտնվելու ժամանակամիջոցի համար օրապահիկ. նշանակված տեղը գնալու և վերադառնալու ծախսերը. բնակելի տարածության վարձակալման ծախսերը: Գործուղման մեջ գտնվելու ամբողջ ժամանակամիջոցում պահպանվում է գործուղված աշխատողի աշխատանքի տեղը (պաշտոնը) և միջին վաստակը:

 

Հոդված 125. Երաշխիքներ և փոխհատուցումներ այլ վայր աշխատանքի փոխադրման դեպքում

 

Աշխատողներին, այլ աշխատանքի փոխադրման դեպքում, եթե դա կապված է այլ վայր տեղափոխվելու հետ (այլ բնակավայր` ըստ գոյություն ունեցող վարչատերիտորիալ բաժանման), վճարվում են` աշխատողի և նրա ընտանիքի անդամների ճանապարհածախսը (բացի այն դեպքերից, երբ ադմինիստրացիան տրամադրում է համապատասխան փոխադրամիջոցներ). գույքի փոխադրման ծախսերը. ճանապարհին գտնվելու յուրաքանչյուր օրվա օրապահիկը. միանվագ նպաստ` անձամբ աշխատողին և ընտանիքի յուրաքանչյուր փոխադրվող անդամին. աշխատավարձ ճանապարհի պատրաստությունների և նոր բնակության վայրում տեղավորվելու օրերի համար, բայց ոչ ավելի, քան վեց օրվա համար, ինչպես նաև ճանապարհին գտնվելու ժամանակի համար:

 

Հոդված 126. Երաշխիքներ և փոխհատուցումներ այլ վայրում աշխատանքի ընդունման դեպքում

 

Աշխատանքի ընդունման կապակցությամբ (նախնական պայմանավորվածությամբ) այլ վայր տեղափոխվող աշխատողներին վճարվում են սույն օրենսգրքի 125 հոդվածում նշված փոխհատուցումները և տրվում են երաշխիքներ, բացի միանվագ նպաստի վճարումից, որը աշխատողներին կարող է վճարվել կողմերի համաձայնությամբ:

Սույն օրենսգրքի 123-126 հոդվածներում նշված աշխատողներին տրվող փոխհատուցումների չափերը, դրանց վճարման և երաշխիքներ տալու կարգը, ինչպես նաև ասպիրանտուրան, կլինիկական օրդինատուրան, բարձրագույն, միջնակարգ մասնագիտական, պրոֆեսիոնալ-տեխնիկական և այլ ուսումնական հաստատություններ ավարտելուց հետո բաշխման կարգով կամ կազմակերպված հավաքագրման և հասարակական կոչի կարգով աշխատանքի ուղարկելու կապակցությամբ այլ վայր (այլ բնակավայր` ըստ գոյություն ունեցող վարչատերիտորիալ բաժանման) տեղափոխվող անձանց տրվող երաշխիքները և փոխհատուցումները սահմանվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ:

 

Հոդված 127. Փոխհատուցումներ բանվորներին ու ծառայողներին պատկանող գործիքների մաշվածության համար

 

Այն բանվորներն ու ծառայողները, ովքեր ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կարիքների համար օգտագործում են իրենց գործիքները (ադմինիստրացիայի կողմից նրանց անհրաժեշտ գործիքներ չտրամադրվելու դեպքում), իրավունք ունեն իրենց գործիքների մաշվածության (ամորտիզացիայի) համար փոխհատուցում ստանալու:

Այդ փոխհատուցումը վճարելու չափը և կարգը որոշվում են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի կողմից` բանվորի կամ ծառայողի ու ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի համաձայնությամբ, եթե փոխհատուցումը վճարելու չափը և կարգը սահմանված չեն կենտրոնացված կարգով:

 

Հոդված 128. Ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառած վնասի համար բանվորների ու ծառայողների նյութական պատասխանատվության սահմանափակումը

 

Բանվորներն ու ծառայողները պարտավոր են խնամքով վերաբերվել ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության գույքին և միջոցներ ձեռնարկել կանխելու վնասը:

Աշխատանքային պարտականությունները կատարելիս ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառած վնասի համար նյութական պատասխանատվությունը դրվում է բանվորի կամ ծառայողի վրա` պայմանով, եթե վնասը պատճառվել է նրա մեղքով: Այդ պատասխանատվությունը, որպես կանոն, սահմանափակվում է բանվորի կամ ծառայողի վաստակի որոշակի չափով (129, 130 հոդվածներ) և չպետք է գերազանցի պատճառված վնասի լրիվ չափից, բացառությամբ ԽՍՀ Միության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է բանվորների ու ծառայողների համար ստեղծել պայմաններ, որոնք անհրաժեշտ են նորմալ աշխատանքի և նրանց վստահված գույքի լրիվ անվթարությունն ապահովելու համար:

 

Հոդված 128.1 Ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառած վնասի կամովին հատուցումը բանվորների և ծառայողների կողմից

 

Վնաս պատճառած բանվորը կամ ծառայողը կարող է այն կամովին հատուցել լրիվ կամ մասամբ: Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի համաձայնությամբ աշխատողը կարող է պատճառած վնասը հատուցելու համար տալ համարժեք գույք կամ վերանորոգել վնասվածքը:

 

Հոդված 129. Երաշխիքներ ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառած վնասի համար բանվորների ու ծառայողների վրա նյութական պատասխանատվություն դնելու դեպքում

 

Աշխատանքային պարտականությունները կատարելիս ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառած վնասի համար բանվորներն ու ծառայողները, որոնց մեղքով վնաս է պատճառվել, նյութական պատասխանատվություն են կրում ուղղակի իրական վնասի չափով, բայց իրենց մեկ ամսվա միջին վաստակից ոչ ավելի:

Մեկ ամսվա միջին վաստակից ավելի նյութական պատասխանատվություն թույլատրվում է միայն ԽՍՀ Միության օրենսդրության մեջ նշված դեպքերում:

 

Հոդված 130. Բանվորների ու ծառայողների սահմանափակ նյութական պատասխանատվության դեպքերը

 

Սահմանափակ նյութական պատասխանատվություն ԽՍՀ Միության օրենսդրությանը համապատասխան կրում են`

1) բանվորներն ու ծառայողները` իրենց մեղքով պատճառված վնասի չափով, բայց իրենց ամսական միջին վաստակից ոչ ավելի, անփութության հետևանքով նյութերը, կիսաֆաբրիկատները, առարկաները (արտադրանքը) փչացնելու կամ ոչնչացնելու համար, այդ թվում դրանց պատրաստելիս, ինչպես նաև ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից աշխատողին օգտագործման հանձնված գործիքները, չափիչ սարքերը, հատուկ հագուստը և այլ առարկաներ անփութության հետևանքով փչացնելու կամ ոչնչացնելու համար.

2) ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները և նրանց տեղակալները, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և նրանց տեղակալները` իրենց մեղքով պատճառված վնասի չափով, բայց իրենց ամսական միջին վաստակից ոչ ավելի, եթե վնասը ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառվել է ավել դրամական վճարումների, նյութական կամ դրամական արժեքների հաշվառման և պահպանման սխալ դրվածքի, պարապուրդները, վատորակ արտադրանքի թողարկումը, նյութական կամ դրամական արժեքների հափշտակումները, ոչնչացումն ու փչացումը կանխելու համար անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու հետևանքով:

3) այն պաշտոնատար անձինք, ովքեր մեղավոր են աշխատանքից ապօրինի ազատման կամ այլ աշխատանքի փոխադրելու համար` սույն օրենսգրքի 242 հոդվածում նշված դեպքերում և չափով:

 

i
Հոդված 131. Բանվորների ու ծառայողների լրիվ նյութական պատասխանատվության դեպքերը

 

Բանվորներն ու ծառայողները, ԽՍՀ Միության օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը իրենց մեղքով պատճառած վնասի լրիվ չափով նյութական պատասխանատվություն են կրում հետևյալ դեպքերում`

1) երբ վնասը պատճառվել է աշխատողի այնպիսի գործողություններով, որոնք քրեական կարգով հետապնդելի արարքների հատկանիշներ են պարունակում.

2) երբ վնասը պատճառել է հարբած վիճակում գտնվող աշխատողը.

3) երբ ԽՍՀ Միության օրենսդրությանը համապատասխան աշխատողի վրա լրիվ նյութական պատասխանատվություն է դրված ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը աշխատանքային պարտականություններ կատարելիս պատճառած վնասի համար.

4) երբ աշխատողի և ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության միջև սույն օրենսգրքի 131.1 հոդվածին համապատասխան գրավոր պայմանագիր է կնքվել պահպանման կամ այլ նպատակներով աշխատողին հանձնված գույքի և մյուս արժեքների անվթարությունը չապահովելու համար լրիվ նյութական պատասխանատվությունը իր վրա վերցնելու մասին.

5) երբ վնասը պատճառվել է ոչ աշխատանքային պարտականություններ կատարելիս.

6) երբ գույքը և մյուս արժեքները աշխատողի կողմից ստացվել են առհաշիվ միանվագ լիազորագրով կամ այլ միանվագ փաստաթղթերով.

7) երբ վնասը պատճառվել է նյութերի, կիսաֆաբրիկատների, առարկաների (արտադրանքի), այդ թվում դրանք պատրաստելիս, ինչպես նաև ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից աշխատողին օգտագործման հանձնված գործիքների, չափիչ սարքերի, հատուկ հագուստի և այլ առարկաների պակասորդի, դիտավորյալ ոչնչացման կամ դիտավորյալ փչացման հետևանքով:

 

Հոդված 131.1 Լրիվ նյութական պատասխանատվության մասին գրավոր պայմանագրեր

 

Լրիվ նյութական պատասխանատվության մասին գրավոր պայմանագրեր կարող են կնքվել ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից այն աշխատողների հետ (18 տարին լրացած), որոնք իրենց հանձնված արժեքների պահպանության, մշակման, վաճառքի (բաց թողնման), փոխադրման կամ արտադրության պրոցեսում դրանց կիրառման հետ անմիջականորեն կապված պաշտոններ են զբաղեցնում կամ աշխատանքներ կատարում:

ԽՍՀ Միության օրենսդրությանը համապատասխան այդպիսի պաշտոնների և աշխատանքների ցանկը, ինչպես նաև լրիվ անհատական նյութական պատասխանատվության վերաբերյալ տիպային պայմանագրերը հաստատվում են ԽՍՀՄ նախարարների խորհրդի կողմից որոշվող կարգով:

 

Հոդված 131.2 Կոլեկտիվ (բրիգադային) նյութական պատասխանատվություն

 

Բանվորների ու ծառայողների կողմից նրանց հանձնված արժեքների պահպանման, մշակման, վաճառքի (բաց թողնման), փոխադրման կամ արտադրության պրոցեսում կիրառման հետ կապված աշխատանքի առանձին տեսակները համատեղ կատարելիս, երբ հնարավոր չէ սահմանազատել յուրաքանչյուր աշխատողի նյութական պատասխանատվությունը և կնքել նրա հետ լրիվ նյութական պատասխանատվության մասին պայմանագիր, կարող է կիրառվել կոլեկտիվ (բրիգադային) նյութական պատասխանատվություն:

Կոլեկտիվ (բրիգադային) նյութական պատասխանատվությունը սահմանում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելով: Կոլեկտիվ (բրիգադային) նյութական պատասխանատվության մասին գրավոր պայմանագիրը կնքվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության և կոլեկտիվ (բրիգադի) բոլոր անդամների միջև:

Այն աշխատանքների ցանկը, որոնց կատարման ժամանակ կարող է կիրառվել կոլեկտիվ (բրիգադային) նյութական պատասխանատվություն, դրա կիրառման պայմանները, ինչպես նաև կոլեկտիվ (բրիգադային) նյութական պատասխանատվության վերաբերյալ տիպային պայմանագիրը, ԽՍՀ Միության օրենսդրությանը համապատասխան հաստատվում են ԽՍՀՄ աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեի կողմից` ՀԱՄԿԽ-ի հետ համատեղ:

 

Հոդված 131.3 Ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառված վնասի չափի որոշումը

 

Ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառված վնասի չափը որոշվում է փաստացի կորուստներով, հաշվապահական հաշվառման տվյալների հիման վրա, ելնելով նյութական արժեքների հաշվեկշռային արժեքից (ինքնարժեքից), ըստ սահմանված նորմաների հանելով մաշվածքը:

Նյութական արժեքների հափշտակման, պակասորդի, դիտավորյալ ոչնչացման կամ դիտավորյալ փչացման դեպքում վնասը որոշվում է պետական մանրածախ գներով: ԽՍՀ Միության օրենսդրությանը համապատասխան նյութական արժեքների տվյալ տեսակի համար մանրածախ գների բացակայության դեպքում վնասը որոշվում է ԽՍՀՄ գների պետական կոմիտեի կողմից սահմանվող կարգով հաշվարկված գներով:

Հասարակական սննդի ձեռնարկություններում (արտադրության մեջ և բուֆետներում) և կոմիսիոն առևտրում արտադրանքի ու ապրանքների հափշտակությամբ կամ պակասորդով պատճառված վնասի չափը որոշվում է այդ արտադրանքի ու ապրանքների վաճառքի (իրացման) համար սահմանված գներով:

Մի քանի աշխատողների մեղքով պատճառված վնասի հատուցման չափը որոշվում է նրանցից յուրաքանչյուրի համար` հաշվի առնելով մեղքի աստիճանը, տեսակը և նյութական պատասխանատվության սահմանը:

 

i
Հոդված 132. Բանվորի կամ ծառայողի կողմից ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը

 

Մեկ ամսվա միջին վաստակը չգերազանցող չափով վնասի հատուցումը` բանվորների և ծառայողների կողմից կատարվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի կարգադրությամբ, իսկ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ղեկավարների և նրանց տեղակալների կողմից` ենթակայության կարգով վերադաս մարմնի կարգադրությամբ, աշխատողի աշխատավարձից պահումներ կատարելու միջոցով: Ադմինիստրացիայի կամ ենթակայության կարգով վերադաս մարմնի կարգադրությունը պետք է արվի աշխատողի կողմից պատճառված վնասը հայտնաբերվելու օրվանից ոչ ուշ, քան երկու շաբաթում և կատարվի յոթ օրվանից ոչ շուտ` աշխատողին այդ մասին հայտնելու օրվանից հաշված: Եթե աշխատողը համաձայն չէ կատարված պահումի կամ դրա չափի հետ, նրա դիմումով աշխատանքային վեճը քննարկվում է օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Մնացած դեպքերում վնասի փոխհատուցումը կատարվում է ադմինիստրացիայի կողմից շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին հայց ներկայացնելու միջոցով: Եթե ադմինիստրացիան, ի խախտումն սահմանված կարգի, աշխատավարձից պահում է կատարել, ապա աշխատանքային վեճերը քննող մարմինը աշխատողի գանգատի հիման վրա որոշում է ընդունում ապօրինի պահված գումարը վերադարձնելու մասին: Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներից և նրանց տեղակալներից նյութական վնասի գանձումը դատական կարգով կատարվում է ենթակայության կարգով վերադաս մարմնի հայցով կամ դատախազի դիմումով:

Վնասի հատուցումը կատարվում է անկախ աշխատողի կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվելուց այն գործողության (անգործության) համար, որով ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը վնաս է պատճառվել:

 

Հոդված 133. Փոխհատուցման ենթակա վնասի չափի որոշումը

 

Փոխհատուցման ենթակա վնասի չափը որոշելիս բոլոր դեպքերում նկատի է առնվում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության գույքին պատճառած ուղղակի իրական վնասը միայն: Վնասի կապակցությամբ լրիվ չստացված եկամուտները հաշվի մեջ չեն մտցվում: Անթույլատրելի է պատասխանատու դարձնել այնպիսի վնասի համար, որը կարող է դասվել նորմալ արտադրական-տնտեսական ռիսկի կատեգորիային:

 

Հոդված 134. Բանվորի կամ ծառայողի վրա դատարանի կողմից նյութական պատասխանատվություն դնելիս կոնկրետ իրադրությունը հաշվի առնելը

 

Փոխհատուցման ենթակա վնասի չափը դատարանի կողմից սահմանվելիս պետք է հաշվի առնվեն ոչ միայն պատճառված վնասները, այլև այն կոնկրետ իրադրությունը, որի ընթացքում վնասներ են պատճառվել: Դատարանը կարող է պակասեցնել վնասի փոխհատուցման չափը, հաշվի առնելով աշխատողի նյութական դրությունը: Հատուցման ենթակա վնասի չափի պակասեցումն անթույլատրելի է, եթե վնասը պատճառվել է շահադիտական նպատակով կատարված հանցագործությամբ:

Վնասի փոխհատուցման չափը որոշելիս պետք է հաշվի առնվեն պատճառված վնասը բնականում վերականգնելու, վնասված իրը վերանորոգելու աշխատողի հնարավորությունը և այլն: Եթե վնասը առաջացել է ոչ միայն աշխատողի մեղավոր վարքագծի, այլև նյութական արժեքների պահպանումն ապահովող պայմանների բացակայության հետևանքով, փոխհատուցման չափը պետք է դատական մարմինների կողմից պակասեցվի:

 

i
Հոդված 135. Բանվորների ու ծառայողների աշխատավարձից ադմինիստրացիայի կողմից կատարվող պահումները

 

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է բանվորների ու ծառայողների աշխատավարձից պահումներ կատարել հետևյալ դեպքերում`

1) հարկերը վճարելու համար.

i

2) կատարողական թերթերով և նրանց հավասարեցված փաստաթղթերով.

i

3) ըստ աշխատանքի վայրի ուղղիչ աշխատանքները կրելու դատապարտող դատարանի դատավճիռներով.

4) այն պետական մարմինների և պաշտոնատար անձանց որոշումներով, որոնց իրավունք է վերապահված վարչական կարգով տուգանքներ նշանակել անմիջականորեն քաղաքացիների նկատմամբ.

5) դրամական տույժի վերաբերյալ ժողովրդական վերահսկողության կոմիտեների որոշումներով.

i

6) բանվորների ու ծառայողների գրավոր հանձնարարություններով` իրենց հասանելիք աշխատավարձից համապատասխան գումարներ փոխանցելու ալիմենտի, ապառիկ կարգով ձեռք բերված ապրանքների արժեքի վճարման նրանց պարտավորությունները կատարելու համար.

i

7) օրենսդրությամբ նախատեսված մյուս դեպքերում:

 

Հոդված 136. Բանվորների ու ծառայողների աշխատավարձից ադմինիստրացիայի կողմից կատարվող պահումների սահմանափակումը

 

Բանվորների ու ծառայողների աշխատավարձից պահումներ կարող են կատարվել ԽՍՀ Միության և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում միայն: Իրենց աշխատանքի վայրի ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանն ունեցած պարտքը մարելու համար բանվորների ու ծառայողների աշխատավարձից պահումներ կարող են կատարվել ադմինիստրացիայի կարգադրությամբ`

1) աշխատավարձի հաշվին տրված ավանսը մարելու, հաշվային սխալմունքի հետևանքով ավելորդ վճարված գումարը վերադարձնելու, պաշտոնեական գործուղման կամ այլ վայր փոխադրվելու կապակցությամբ, տնտեսական կարիքների համար տրված, բայց չծախսված և ժամանակին չվերադարձված ավանսը մարելու համար, եթե աշխատողը չի վիճարկում պահվող գումարի հիմքերը և չափը:

Այդպիսի դեպքերում ադմինիստրացիան իրավունք ունի աշխատավարձից պահում կատարելու մասին կարգադրություն անել ոչ ուշ, քան մեկ ամսում այն ժամկետի ավարտման օրից, որը սահմանված է ավանսը վերադարձնելու կամ պարտքը մարելու համար, կամ սխալ հաշվարկումով վճարման օրից: Եթե այդ ժամկետը բաց է թողնված կամ եթե աշխատողը վիճարկում է պաշտոնեական գործուղման, փոխադրման կամ տնտեսական կարիքների նպատակով տրված ավանսը մարելու համար աշխատավարձից պահում կատարելու հիմքերը կամ չափը, ապա պարտքի մարումը կատարվում է դատական կարգով.

2) բանվորին կամ ծառայողին աշխատանքից արձակելիս մինչև այն աշխատանքային տարին վերջանալը, որի հաշվին նա արդեն արձակուրդ է ստացել` արձակուրդի չաշխատած օրերի համար: Այդ օրերի համար պահում չի կատարվում, եթե աշխատողն աշխատանքից արձակվում է սույն օրենսգրքի 32 հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերում ու 36 հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերում մատնանշված հիմքերով, ուսման ուղարկելու դեպքում, ինչպես նաև կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.

3) բանվորի կամ ծառայողի մեղքով ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառած վնասը վերականգնելու դեպքում (132 հոդվածի առաջին մաս):

Ադմինիստրացիայի կողմից աշխատողին ավելի վճարված աշխատավարձը (այդ թվում օրենքը սխալ կիրառելու դեպքում) չի կարող նրանից բռնագանձվել, բացառությամբ հաշվային սխալի դեպքերի:

 

Հոդված 137. Պահումների առավելագույն չափերը աշխատավարձը վճարելիս

 

Յուրաքանչյուր անգամ աշխատավարձ վճարելիս բոլոր պահումների ընդհանուր չափը չի կարող գերազանցել բանվորին կամ ծառայողին վճարման ենթակա աշխատավարձի քսան տոկոսը, իսկ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հատկապես նախատեսված դեպքերում` հիսուն տոկոսը:

Մի քանի կատարողական թերթերով աշխատավարձից պահումներ կատարելիս բանվորի կամ ծառայողի համար ամեն դեպքում պետք է պահպանվի նրա վաստակի հիսուն տոկոսը: Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված պահումների առավելագույն չափերը չեն տարածվում ուղղիչ աշխատանքներ կրելիս և անչափահաս երեխաների համար ալիմենտ բռնագանձելիս աշխատավարձից կատարվող պահումների վրա:

 

i
Հոդված 138. Բանվորներին ու ծառայողներին վճարման ենթակա որոշ գումարներից պահումներ կատարելն արգելելը

 

Արգելվում է պահումներ կատարել արձակման նպաստից, փոխհատուցումային և այլ վճարումներից, որոնց վրա օրենսդրության համաձայն բռնագանձումներ չեն տարածվում:

 

ԳԼՈՒԽ 9
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 139. Բանվորների ու ծառայողների պարտականությունները

 

Բանվորներն ու ծառայողները պարտավոր են աշխատել ազնվորեն և բարեխղճորեն, պահպանել աշխատանքային կարգապահությունը, ժամանակին և ճշտորեն կատարել ադմինիստրացիայի կարգադրությունները, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը, բարելավել արտադրանքի որակը, պահպանել տեխնոլոգիական կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի պահանջները, պահպանել և ամրապնդել սոցիալիստական սեփականությունը:

 

Հոդված 140. Աշխատանքային կարգապահության ապահովումը

 

Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում աշխատանքային կարգապահությունն ապահովվում է նորմալ բարձրարտադրողական աշխատանքի համար անհրաժեշտ կազմակերպական և տնտեսական պայմաններ ստեղծելով, աշխատանքի նկատմամբ գիտակից վերաբերմունքով, համոզման, դաստիարակման մեթոդներով, ինչպես նաև խրախուսանքով` բարեխիղճ աշխատանքի համար:

Աշխատավորական կոլեկտիվներում աշխատանքային կարգապահության խախտումների նկատմամբ ստեղծվում է անհանդուրժողականության մթնոլորտ, աշխատանքային պարտականությունները անբարեխղճորեն կատարող աշխատողների նկատմամբ` ընկերական խստապահանջության մթնոլորտ: Առանձին անբարեխիղճ աշխատողների նկատմամբ անհրաժեշտության դեպքում կիրառվում են կարգապահական և հասարակական ներգործության միջոցներ:

 

i
Հոդված 141. Ադմինիստրացիայի պարտականությունները

 

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ադմինիստրացիան պարտավոր է ճշտորեն կազմակերպել բանվորների և ծառայողների աշխատանքը, պայմաններ ստեղծել աշխատանքի արտադրողականության աճման համար, ապահովել աշխատանքային և արտադրական կարգապահությունը, անշեղորեն պահպանել աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքի պաշտպանության կանոնները, ուշադիր վերաբերվել աշխատողների կարիքներին ու պահանջներին, բարելավել նրանց աշխատանքի ու կենցաղի պայմանները:

 

i
Հոդված 142. Աշխատանքային ներքին կարգապահական կանոններ

 

Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում աշխատանքային կարգուկանոնը որոշվում է աշխատանքային ներքին կարգապահական կանոններով, որ հաստատում են աշխատավորական կոլեկտիվները ադմինիստրացիայի և արհմիութենական կոմիտեի ներկայացմամբ` տիպային կանոնների հիման վրա:

Աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, որոնք արտահայտում են աշխատանքի պայմանների առանձնահատկությունը ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերում (ճյուղային կանոններ), մշակվում են տիպային կանոնների հիման վրա և հաստատվում` նախարարությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների կողմից` համապատասխան արհեստակցական միության կենտրոնական (հանրապետական) կոմիտեի հետ համաձայնեցնելով:

Աշխատանքային ներքին կարգապահական կանոնները չպետք է հակասեն աշխատանքային օրենսդրությանը:

 

i
Հոդված 143. Կարգապահական կանոնադրություններ

 

Ժողովրդական տնտեսության որոշ ճյուղերում առանձին կատեգորիաների բանվորների և ծառայողների համար գործում են կարգապահական կանոնադրություններ:

 

Հոդված 144. Խրախուսանքներ աշխատանքում ունեցած հաջողությունների համար

 

Աշխատանքային պարտականությունների օրինակելի կատարման, սոցիալիստական մրցության մեջ ձեռք բերած հաջողությունների, աշխատանքի արտադրողականության բարձրացման, արտադրանքի որակի բարելավման, տևական և անբասիր աշխատանքի, աշխատանքում ունեցած նորարարության և այլ նվաճումների համար կիրառվում են հետևյալ խրախուսանքները`

1) շնորհակալության հայտարարում.

2) դրամական պարգևատրություն.

3) պարգևատրություն` արժեքավոր նվերով.

4) պարգևատրություն` պատվոգրով.

5) գրանցում պատվո մատյանում, պատվո տախտակին:

Աշխատանքային ներքին կարգապահական կանոններով և կարգապահական կանոնադրություններով կարող են նախատեսվել նաև այլ խրախուսանքներ:

 

Հոդված 145. Խրախուսանքների կիրառման կարգը

 

Խրախուսանքներ կիրառում է ադմինիստրացիան` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ համատեղ կամ նրա հետ համաձայնեցնելով:

 

Հոդված 146. Առավելություններ և արտոնություններ իրենց աշխատանքային պարտականությունները հաջողությամբ և բարեխղճորեն կատարող բանվորների և ծառայողների համար

 

Իրենց աշխատանքային պարտականությունները հաջողությամբ և բարեխղճորեն կատարող բանվորներին և ծառայողներին առաջին հերթին են առավելություններ ու արտոնություններ տրվում սոցիալ-կուլտուրական և բնակարանակենցաղային սպասարկման ասպարեզում (սանատորիայի և հանգստյան տների ուղեգրեր, բնակարանային պայմանների բարելավում և այլն): Այդպիսի աշխատողներին առավելություններ են տրվում նաև աշխատանքում առաջ քաշելիս:

 

Հոդված 147. Խրախուսանքներ հատուկ աշխատանքային արժանիքների համար

 

Հատուկ աշխատանքային արժանիքների համար բանվորներն ու ծառայողները ներկայացվում են վերադաս մարմիններ` խրախուսանքի, պարգևատրելու շքանշաններով, մեդալներով, պատվոգրերով, կրծքանշաններով, շնորհելու պատվավոր կոչումներ և տվյալ պրոֆեսիայի գծով լավագույն աշխատողի կոչում:

 

i
Հոդված 148. Տույժեր աշխատանքային կարգապահությունը խախտելու համար

 

Աշխատանքային կարգապահության խախտման համար ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան կիրառում է հետևյալ կարգապահական տույժերը`

1) դիտողություն.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) փոխադրում ավելի ցածր վարձատրվող աշխատանքի մինչև երեք ամիս ժամանակով կամ ավելի ցածր պաշտոնի նշանակում նույն ժամանակով. աշխատանքային կարգապահության սիստեմատիկ խախտման, անհարգելի պատճառներով գործալքության, հարբած վիճակում, թմրամիջոցներով կամ թունամիջոցներով արբեցած վիճակում աշխատանքի ներկայանալու համար բանվորը կամ ծառայողը կարող է փոխադրվել ցածր վարձատրվող այլ աշխատանքի կամ նշանակվել այլ ավելի ցածր պաշտոնի սույն կետի առաջին պարբերությունում նշված ժամկետով:

5) աշխատանքից արձակում (36 հոդվածի 3-րդ, 4-րդ, 7-րդ և 8-րդ կետեր): Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ օրենսդրությամբ և կարգապահական կանոնադրություններով բանվորների և ծառայողների առանձին կատեգորիաների համար կարող են նախատեսվել նաև այլ կարգապահական տույժեր:

 

Հոդված 149. Տույժի միջոցի ընտրությունը

 

Կարգապահական տույժ նշանակելիս պետք է հաշվի առնվեն կատարված զանցանքի ծանրությունը, այն հանգամանքները, որոնց առկայությամբ զանցանքը կատարված է, բանվորի կամ ծառայողի նախորդ աշխատանքը և վարքագիծը աշխատանքում:

 

Հոդված 150. Կարգապահական տույժի նշանակման ժամկետն ու կարգը

 

Կարգապահական տույժեր նշանակվում են ադմինիստրացիայի կողմից զանցանքը հայտնաբերվելուն պես:

Մինչև տույժ նշանակելը պետք է բացատրություն պահանջվի աշխատանքային կարգապահությունը խախտողից: Տույժ նշանակվում է, եթե մեկ ամսից ավելի չի անցել զանցանքի հայտնաբերման օրից, չհաշված աշխատողի հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել զանցանքի կատարման օրից: Տույժը հայտարարվում է հրամանով (կարգադրությամբ) և աշխատողին հաղորդվում է նրանից ստորագրություն վերցնելով:

 

Հոդված 151. Աշխատանքային կարգապահության մեկ խախտման համար մի քանի տույժ նշանակելու անթույլատրելիությունը

 

Աշխատանքային կարգապահության յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ:

 

Հոդված 152. Կարգապահական տույժի գանգատարկումը

 

Կարգապահական տույժը կարող է գանգատարկվել սահմանված կարգով: Աշխատանքային վեճը քննող մարմինը իրավունք ունի հաշվի առնելու կատարված զանցանքի ծանրությունը, այն հանգամանքները, որոնց առկայությամբ այն կատարվել է, բանվորի կամ ծառայողի նախկին աշխատանքը և վարքագիծը, ինչպես նաև կարգապահական տույժի համապատասխանությունը կատարված զանցանքի ծանրությանը:

 

Հոդված 153. Կարգապահական տույժի գործողության ժամկետը

 

Եթե կարգապահական տույժի նշանակման օրից բանվորը կամ ծառայողը մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չենթարկվի, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված:

 

Հոդված 154. Կարգապահական տույժը հանելը

 

Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե բանվորը կամ ծառայողը թույլ չի տվել աշխատանքային կարգապահության նոր խախտում և ընդսմին իրեն դրսևորել է որպես լավ և բարեխիղճ աշխատող:

 

Հոդված 155. Աշխատանքային կարգապահության խախտման հարցի հանձնումը աշխատավորական կոլեկտիվի, ընկերական դատարանի կամ հասարակական կազմակերպության քննարկմանը

 

Ադմինիստրացիան իրավունք ունի կարգապահական տույժ կիրառելու փոխարեն աշխատանքային կարգապահության խախտման հարցը հանձնել աշխատավորական կոլեկտիվի, ընկերական դատարանի կամ հասարակական կազմակերպության քննարկմանը:

 

i

ԳԼՈՒԽ 10
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

i
Հոդված 156. Աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովումը

 

Բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ստեղծվում են աշխատանքի առողջ և անվտանգ պայմաններ:

Աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովումը դրվում է ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ադմինիստրացիայի վրա:

Ադմինիստրացիան պարտավոր է արմատավորել արտադրական վնասվածքները չեզոքացնող անվտանգության տեխնիկայի ժամանակակից միջոցներ և ապահովել բանվորների ու ծառայողների պրոֆեսիոնալ հիվանդությունների առաջացումը կանխող սանիտարահիգիենիկ պայմաններ: Աշխատավորական կոլեկտիվները քննարկում և հավանություն են տալիս աշխատանքի պայմանների բարելավման, աշխատանքի պաշտպանության և սանիտարական-առողջարարական միջոցառումների կոմպլեքսային պլաններին և վերահսկում այդ պլանների կատարումը:

 

Հոդված 157. Աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանումը արտադրական շենքերի, կառուցվածքների և սարքավորումների շինարարության ու շահագործման ժամանակ

 

Արտադրական շենքերը, կառուցվածքները, սարքավորումները, տեխնոլոգիական պրոցեսները պետք է համապատասխանեն աշխատանքի առողջ և անվտանգ պայմանները ապահովող պահանջներին: Այդ պայմանները ներամփոփում են տերիտորիաների ու արտադրական շենքերի նպատակահարմար օգտագործումը, սարքավորման ճիշտ շահագործումը և տեխնոլոգիական պրոցեսների կազմակերպումը, աշխատողների պաշտպանությունը աշխատանքի վնասակար պայմանների ներգործությունից, արտադրական շենքերի և աշխատատեղերի պահպանումը սանիտարահիգիենիկ նորմաներին ու կանոններին համապատասխան, սանիտարակենցաղային շինությունների կառուցումը:

Արտադրական շենքեր նախագծելիս, կառուցելիս և շահագործելիս պետք է պահպանվեն աշխատանքի պաշտպանության կանոններն ու նորմաները:

Մեքենաների, հաստոցների և այլ արտադրական սարքավորման նախագծերը պետք է համապատասխանեն անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի պահանջներին:

 

Հոդված 158. Աշխատանքի պաշտպանության պահանջներին չհամապատասխանող ձեռնարկությունների շահագործման հանձնումն արգելելը

 

Ոչ մի ձեռնարկություն, արտադրամաս, տեղամաս, արտադրություն չի կարող ընդունվել և շահագործման հանձնվել, եթե դրանցում ապահովված չեն աշխատանքի առողջ և անվտանգ պայմաններ:

Արտադրական նշանակություն ունեցող նոր և վերակառուցված օբյեկտների շահագործման հանձնումը չի թույլատրվում առանց պետական սանիտարական և տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինների, արհմիությունների տեխնիկական տեսչության (հոդված 270) և օբյեկտը շահագործման հանձնող ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի թույլտվության:

 

Հոդված 159. Աշխատանքի պաշտպանության պահանջներին չհամապատասխանող նոր մեքենաների և այլ սարքավորման նմուշների սերիական արտադրության հանձնումն արգելելը

 

Նոր մեքենաների, մեխանիզմների և այլ արտադրական սարքավորման ոչ մի նմուշ չի կարող սերիական արտադրության հանձնվել, եթե այն չի համապատասխանում աշխատանքի պաշտպանության պահանջներին:

 

Հոդված 160. Ադմինիստրացիայի պարտականությունները թեթևացնելու և առողջացնելու բանվորների ու ծառայողների աշխատանքի պայմանները

 

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ադմինիստրացիան պարտավոր է արտադրական պրոցեսները մեքենայացնելու և ավտոմատացնելու, օդի, միջավայրի փոշեծածկման ու գազապատման լարվածությունը, աղմուկը, թրթիռը, ճառագայթումը և մյուս արտադրական վնասակարությունները նվազեցնելու և վերացնելու ճանապարհով միջոցներ ձեռնարկել թեթևացնելու և առողջացնելու բանվորների ու ծառայողների աշխատանքի պայմանները, ինչպես նաև միջոցառումներ կիրառել կանխելու պրոֆեսիոնալ և այլ հիվանդություններ:

 

Հոդված 161. Աշխատանքի պաշտպանության` ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ադմինիստրացիայի համար պարտադիր կանոնները

 

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ադմինիստրացիան պարտավոր է բոլոր աշխատատեղերն ապահովել պատշաճ տեխնիկական սարքավորմամբ և նրանց համար ստեղծել աշխատանքի պաշտպանության համապատասխան կանոններ (անվտանգության տեխնիկայի կանոններ, սանիտարական նորմաներ ու կանոններ և այլն):

 

Հոդված 162. Աշխատանքի պաշտպանության կանոնների հաստատման կարգը

 

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքների 60 հոդվածին համապատասխան աշխատանքի պաշտպանության կանոնները (ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի համար միասնական կամ միջճյուղային) հաստատվում են ԽՍՀՄ նախարարների խորհրդի կողմից կամ նրա հանձնարարությամբ, պետական այլ մարմինների կողմից` ՀԱՄԿԽ-ի հետ համատեղ կամ նրա հետ համաձայնեցնելով:

Աշխատանքի պաշտպանության ճյուղային կանոններն ու նորմաները սահմանված կարգով հաստատվում են նախարարությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների, ինչպես նաև պետական հսկողության մարմինների կողմից (270 հոդվածի առաջին մաս), համապատասխան արհեստակցական միությունների կենտրոնական կոմիտեների հետ համատեղ կամ նրանց հետ համաձայնեցնելով:

Եթե կանոններում չկան այնպիսի պահանջներ, որոնց պահպանումը անհրաժեշտ է աշխատանքներ կատարելիս անվտանգ պայմաններ ապահովելու համար, ապա ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելով, աշխատանքի անվտանգ պայմաններ ապահովող միջոցներ է ձեռնարկում:

 

Հոդված 163. Աշխատանքի պաշտպանության վերաբերյալ հրահանգի հաստատումը

 

Աշխատանքի պաշտպանության վերաբերյալ հրահանգը մշակվում և հաստատվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի կողմից` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ համատեղ:

Նախարարությունները, պետական կոմիտեներն ու գերատեսչությունները, արհեստակցական միությունների կենտրոնական կոմիտեների համաձայնությամբ, իսկ անհրաժեշտ դեպքերում` նաև պետական հսկողության համապատասխան մարմինների համաձայնությամբ (270 հոդվածի առաջին մաս) կարող են հաստատել աշխատանքի պաշտպանության տիպային հրահանգներ հիմնական պրոֆեսիաների բանվորների համար:

 

Հոդված 164. Բանվորների ու ծառայողների հրահանգավորումը և ուսուցումը անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի գծով

 

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի վրա դրվում է բանվորների և ծառայողների հրահանգավորումը, անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարիայի, հակահրդեհային պահպանության և աշխատանքի պաշտպանության մյուս կանոնների գծով նրանց աշխատանքի անվտանգ եղանակներ ուսուցանելը:

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի վրա է դրվում անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարիայի և աշխատանքային օրենսդրության հարցերում ղեկավար և ինժեներատեխնիկական աշխատողների գիտելիքների ստուգումը:

 

Հոդված 165. Բանվորների ու ծառայողների պարտականությունը` պահպանելու աշխատանքի պաշտպանության վերաբերյալ հրահանգները

 

Բանվորներն ու ծառայողները պարտավոր են պահպանել աշխատանքի պաշտպանության վերաբերյալ հրահանգները, աշխատանքների կատարման և արտադրական շենքերում ու շինարարական հրապարակներում սահմանվող վարքագծի կանոնները: Նրանք նաև պարտավոր են պահպանել մեքենաների ու մեխանիզմների հետ վարվելու, իրենց տրամադրվող անհատական պաշտպանության միջոցներից օգտվելու վերաբերյալ սահմանված պահանջները:

Աշխատավորական կոլեկտիվները վերահսկում են ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում բոլոր աշխատողների կողմից աշխատանքի պաշտպանության կանոնների և հրահանգների կատարումը:

 

Հոդված 166. Վերահսկողությունն աշխատանքի պաշտպանության պահանջների կատարման նկատմամբ

 

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ադմինիստրացիայի վրա դրվում է աշխատողների կողմից աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի վերաբերյալ հրահանգների ու կանոնների բոլոր պահանջների կատարման նկատմամբ մշտական վերահսկողության իրականացումը:

 

Հոդված 167. Միջոցներ աշխատանքի պաշտպանությունը կազմակերպելու համար

 

Աշխատանքի պաշտպանությունը կազմակերպելու համար սահմանած կարգով առանձնացվում են միջոցներ և անհրաժեշտ նյութեր: Արգելվում է այդ միջոցների ու նյութերի ծախսումը այլ նպատակներով:

Մատնանշված միջոցների ու նյութերի օգտագործման կարգը որոշվում է ադմինիստրացիայի և ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի միջև կնքվող կոլեկտիվ պայմանագրերում կամ աշխատանքի պաշտպանության վերաբերյալ համաձայնություններում:

Աշխատավորական կոլեկտիվները վերահսկում են աշխատանքի պաշտպանության համար նախատեսված միջոցների օգտագործումը:

 

Հոդված 168. Հատուկ հագուստ և անհատական պաշտպանության այլ միջոցներ տալը

 

Վնասակար պայմաններ ունեցող աշխատանքներում, ինչպես նաև հատուկ ջերմաստիճանային պայմաններում կատարվող կամ աղտոտման հետ կապված աշխատանքներում բանվորներին ու ծառայողներին սահմանված նորմաներով անվճար տրվում են հատուկ հագուստ, հատուկ կոշիկ և անհատական պաշտպանության այլ միջոցներ:

Ադմինիստրացիան պարտավոր է ապահովել բանվորներին և ծառայողներին տրված հատուկ հագուստի, հատուկ կոշիկի և անհատական պաշտպանության այլ միջոցների պահպանումը, լվացումը, չորացումը, ախտահանումը, գազազերծումը, ապաակտիվացումը և վերանորոգումը:

 

Հոդված 169. Օճառ և վնասազերծող միջոցներ տալը

 

Աղտոտման հետ կապված աշխատանքներում բանվորներին ու ծառայողներին անվճար տրվում է սահմանված նորմայով օճառ: Այն աշխատանքներում, ուր հնարավոր է վնասակար ներգործող նյութերի ազդեցությունը մաշկի վրա, սահմանված նորմաներով անվճար տրվում են լվացող և վնասազերծող միջոցներ:

 

Հոդված 170. Կաթ և բուժպրոֆիլակտիկ սնունդ տալը

 

Վնասակար պայմաններ ունեցող աշխատանքներում բանվորներին ու ծառայողներին սահմանված կարգով անվճար տրվում են կաթ և այլ համարժեք սննդամթերքներ:

Առանձնապես վնասակար պայմաններ ունեցող աշխատանքներում սահմանված նորմաներով անվճար տրվում է բուժպրոֆիլակտիկ սնունդ:

 

Հոդված 171. Տաք արտադրամասերի բանվորներին ու ծառայողներին գազացված աղի ջրով ապահովելը

 

Ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է տաք արտադրամասերի բանվորներին ու ծառայողներին ժամանակին ապահովել սահմանված ջերմաստիճանի գազացված աղի ջրով:

Այն արտադրամասերն ու արտադրական տեղամասերը, որտեղ կազմակերպվում է գազացված աղի ջրով մատակարարում, սահմանվում են սանիտարական հսկողության մարմինների կողմից` ձեռնարկության ու կազմակերպության ադմինիստրացիայի հետ համաձայնեցնելով:

 

Հոդված 172. Որոշ կատեգորիաների բանվորների ու ծառայողների բժշկական քննությունը

 

Ծանր աշխատանքներում և վնասակար կամ վտանգավոր պայմաններ ունեցող (այդ թվում ստորերկրյա աշխատանքներում), ինչպես նաև տրանսպորտի շարժման հետ կապված աշխատանքներում զբաղված բանվորներն ու ծառայողները աշխատանքի ընդունվելիս պարտադիր նախնական, իսկ այնուհետև պարբերական (մինչև 21 տարեկան անձինք` ամեն տարի) բժշկական քննություն են անցնում հանձնարարվող աշխատանքում նրանց պիտանիությունը որոշելու և պրոֆեսիոնալ հիվանդություններ կանխելու համար:

Սննդարդյունաբերության ձեռնարկությունների, հասարակական սննդի և առևտրի, ջրատար կառուցվածքների, բուժպրոֆիլակտիկ և մանկական հիմնարկների աշխատողները, ինչպես նաև մի շարք այլ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների աշխատողներ նշված բժշկական քննությունն անցնում են բնակչության առողջության պահպանման նպատակով:

 

Հոդված 173. Փոխադրումը ավելի թեթև աշխատանքի

 

Այն բանվորներին և ծառայողներին, որոնք առողջության վիճակի պատճառով ավելի թեթև աշխատանքի կարիք ունեն, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է նրանց համաձայնությամբ, բժշկական եզրակացությանը համապատասխան, այդպիսի աշխատանքի փոխադրել ժամանակավորապես կամ առանց ժամկետի սահմանափակման:

 

Հոդված 174. Ավելի թեթև աշխատանքի փոխադրված աշխատողների վարձատրությունը

 

Առողջության վիճակի պատճառով ցածր վարձատրվող ավելի թեթև աշխատանքի փոխադրելիս բանվորների ու ծառայողների նախկին միջին վաստակը պահպանվում է փոխադրման օրից երկու շաբաթվա ընթացքում:

Տուբերկուլյոզի կամ պրոֆեսիոնալ հիվանդության կապակցությամբ ժամանակավորապես ցածր վարձատրվող այլ աշխատանքի փոխադրված բանվորներին և ծառայողներին փոխադրման ամբողջ ժամանակի համար, բայց ոչ ավելի, քան երկու ամիս, հիվանդության թերթիկով նպաստ է տրվում այն չափով, որ նոր աշխատանքում ունեցած վաստակի հետ միասին այն չգերազանցի նախկին աշխատանքում ունեցած լրիվ փաստական վաստակը: Եթե հիվանդության թերթիկի մեջ նշված ժամկետում ադմինիստրացիան այլ աշխատանք չի տվել, ապա դրա հետևանքով բաց թողած օրերի համար նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով:

Աշխատանքի հետ կապված խեղման կամ առողջության այլ վնասվածքի պատճառով ժամանակավորապես ցածր վարձատրվող աշխատանքի փոխադրված բանվորներին և ծառայողներին` առողջության վնասվածքի համար պատասխանատու ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը վճարում է նախկին վաստակի և նոր աշխատանքում ունեցած վաստակի տարբերությունը: Այդպիսի տարբերություն վճարվում է մինչև աշխատունակության վերականգնումը, կամ աշխատունակության կայուն կորստի, կամ թե հաշմանդամության որոշումը:

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել ցածր վարձատրվող աշխատանքի ամբողջ ժամանակամիջոցում նախկին միջին վաստակի պահպանման կամ պետական սոցիալական ապահովագրության գծով նպաստի վճարման նաև այլ դեպքեր` առողջության վիճակի պատճառով ցածր վարձատրվող ավելի թեթև աշխատանքի փոխադրելիս:

 

Հոդված 175. Աշխատաժամանակի մեջ մտցվող ընդմիջումները

 

Տարվա ցուրտ եղանակին բացօթյա աշխատող կամ չտաքացվող փակ շենքերում աշխատող բանվորներին կամ ծառայողներին, բեռնման-բեռնաթափման աշխատանքներում զբաղված բեռնակիրներին, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում, այլ կատեգորիայի աշխատողների տաքանալու և հանգստի համար տրվում են հատուկ ընդմիջումներ, որոնք մտցվում են աշխատանքային օրվա մեջ և վճարվում ըստ աշխատողի տարիֆային դրույքի (ռոճիկի):

Ընդմիջումների թիվն ու տևողությունը, ձեռնարկության աշխատողների կամ առանձին խմբերի տաքանալու տեղերը, նայած տեղական պայմաններին, որոշում է ադմինիստրացիան` ձեռնարկության, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ համատեղ:

Ցածր ջերմաստիճանի հետևանքով աշխատանքի դադարեցման ժամանակի համար վճարվում է այն կարգով, որ սահմանված է ոչ աշխատողի մեղքով պարապուրդի վերաբերմամբ (101 հոդված):

 

Հոդված 176. Այլ աշխատանքի փոխադրումը ցածր ջերմաստիճանի հետևանքով աշխատանքը դադարեցնելու դեպքում

 

Ցածր ջերմաստիճանի հետևանքով աշխատանքը դադարեցվելու դեպքում ադմինիստրացիան իրավունք ունի աշխատողին փոխադրելու այլ աշխատանքի` տաք շենքում:

Այդ պատճառով ցածր վարձատրվող աշխատանքի փոխադրելիս վարձատրությունը կատարվում է սույն օրենսգրքի 30 հոդվածով նախատեսված կարգով և պայմաններով:

 

i
Հոդված 177. Հաշմանդամների աշխատանքի կիրառումը

 

Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ադմինիստրացիան պարտավոր է տեղավորման կարգով աշխատանքի ընդունել հաշմանդամներին և բժշկի խորհուրդներին համապատասխան նրանց համար սահմանել ոչ լրիվ աշխատաժամանակ և աշխատանքի այլ արտոնյալ պայմաններ:

Հաշմանդամներին արտաժամյա, հանգստյան օրերին և գիշեր ժամանակ աշխատանքի ներգրավել թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ և այն պայմանով, եթե այդպիսի աշխատանքը արգելված չէ բժշկի խորհուրդներով:

 

Հոդված 178. Առաջին բուժօգնությունը

 

Աշխատանքում դժբախտ դեպքերի և հանկարծակի հիվանդությունների ժամանակ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է բանվորների և ծառայողների համար ապահովել առաջին բուժօգնությունը:

 

Հոդված 179. Աշխատանքի վայրում հիվանդացած բանվորների և ծառայողների փոխադրումը բուժհիմնարկներ

 

Աշխատանքի վայրում հիվանդացած բանվորներն ու ծառայողները անհրաժեշտ դեպքերում բուժհիմնարկներ են փոխադրվում այն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության տրանսպորտային միջոցներով կամ նրանց հաշվին, որտեղ աշխատում է հիվանդացած բանվորը կամ ծառայողը:

 

Հոդված 180. Ադմինիստրացիայի պարտականությունները արտադրությունում տեղի ունեցած դժբախտ դեպքերի քննման և հաշվառման բնագավառում

 

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, պարտավոր է ժամանակին և ճիշտ անցկացնել արտադրությունում տեղի ունեցած դժբախտ դեպքերի քննումն ու հաշվառումը:

Արտադրությունում տեղի ունեցած յուրաքանչյուր դժբախտ դեպքի մասին ադմինիստրացիան պարտավոր է ակտ կազմել սահմանված ձևով:

Ադմինիստրացիան պարտավոր է դժբախտ դեպքի մասին ակտի հաստատված պատճենը տուժողի պահանջով նրան տալ ոչ ուշ, քան երեք օրում` դեպքի վերաբերյալ քննությունն ավարտելուց հետո:

Եթե ադմինիստրացիան հրաժարվում է ակտ կազմել դժբախտ դեպքի մասին կամ եթե տուժողը չի համաձայնում դժբախտ դեպքի մասին ակտում շարադրված հանգամանքներին, ապա տուժողը իրավունք ունի դիմելու ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեին, որի` ակտ կազմելու կամ ակտի բովանդակության առթիվ ընդունած որոշումը պարտադիր է ադմինիստրացիայի համար:

Դժբախտ դեպքերի քննության և հաշվառման նյութերի հիման վրա ադմինիստրացիան պարտավոր է ժամանակին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դժբախտ դեպքեր առաջացնող պատճառները վերացնելու համար:

 

i
Հոդված 181. Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության նյութական պատասխանատվությունը բանվորների և ծառայողների առողջությանը պատճառված վնասի համար

 

Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան նյութական պատասխանատվություն են կրում այն վնասի համար, որ պատճառվել է բանվորներին և ծառայողներին` վերջիններիս կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղմամբ կամ առողջության այլ վնասումով:

 

Հոդված 182. Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից բանվորին կամ ծառայողին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ վեճերի լուծման կարգը

 

Իր աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման կամ առողջության այլ վնասվածքի հետևանքով բանվորին կամ ծառայողին պատճառված վնասը հատուցվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի որոշումով:

Եթե շահագրգռված անձը համաձայն չէ ադմինիստրացիայի որոշմանը այն վնասի հատուցման չափի վերաբերյալ, որ խեղմամբ կամ առողջության այլ վնասվածքի հետևանքով պատճառվել է բանվորի կամ ծառայողի առողջությանը, ապա վեճը քննարկվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի կողմից:

Եթե շահագրգռված անձը կամ ադմինիստրացիան համաձայն չէ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշմանը, ինչպես նաև եթե ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում արհմիութենական կոմիտե չկա, պատճառված վնասի հատուցման վերաբերյալ վեճը քննարկում է ժողովրդական դատարանը:

Ադմինիստրացիան դատարան դիմելու իրավունք ունի տասը օրվա ընթացքում` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշումն ստանալու օրից սկսած:

 

Հոդված 183. Խեղմամբ կամ առողջության այլ վնասվածքով բանվորին կամ ծառայողին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ վեճով ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշման հարկադրական կատարումը

 

Եթե ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան չի կատարում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի այն որոշումը, որի առթիվ նա դատարան չի դիմել (182 հոդվածի չորրորդ մաս) ապա այդ որոշումը ենթակա է անհապաղ կատարման դատական վեճերի կատարման համար սահմանված կարգով:

 

i

ԳԼՈՒԽ 11
ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ

 

Հոդված 184. Կանանց համար չթույլատրվող աշխատանքներ

 

Արգելվում է կանանց աշխատանքը կիրառել ծանր կամ վնասակար պայմաններ ունեցող, ինչպես նաև ստորերկրյա աշխատանքներում, բացի մի քանի ստորերկրյա աշխատանքներից (ոչ ֆիզիկական աշխատանքներ կամ սանիտարական ու կենցաղային սպասարկման աշխատանքներ):

Ծանր և վնասակար պայմաններ ունեցող աշխատանքների ցանկը, ուր արգելվում է կանանց աշխատանքի կիրառումը, հաստատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Արգելվում է կանանց համար սահմանված նորմաները գերազանցող ծանրությունների փոխադրումն ու տեղաշարժումը նրանց կողմից:

 

Հոդված 185. Կանանց աշխատանքի սահմանափակումը գիշեր ժամանակ

 

Գիշեր ժամանակ կանանց աշխատանքի ներգրավումը արգելվում է, բացառությամբ ժողովրդական տնտեսության այն ճյուղերի, որտեղ դա բխում է հատուկ անհրաժեշտությունից և թույլատրվում է որպես ժամանակավոր միջոցառում:

 

Հոդված 186. Հղի կանանց ու մինչև երկու տարեկան երեխա ունեցող կանանց գիշերային, արտաժամյա, հանգստյան օրերի աշխատանքի և գործուղման արգելումը

 

Չի թույլատրվում հղի կանանց և մինչև երկու տարեկան երեխա ունեցող կանանց ներգրավել գիշերային, արտաժամյա, հանգստյան օրերին կատարվող աշխատանքների և գործուղման ուղարկել:

 

Հոդված 187. Երկուսից մինչև ութ տարեկան երեխաներ ունեցող կանանց արտաժամյա աշխատանքների և գործուղման սահմանափակումը

 

Երկուսից մինչև ութ տարեկան երեխաներ ունեցող կանայք չեն կարող արտաժամյա աշխատանքների ներգրավվել կամ գործուղման ուղարկվել առանց նրանց համաձայնության:

 

Հոդված 188. Հղի կանանց և մինչև մեկուկես տարեկան երեխաներ ունեցող կանանց ավելի թեթև աշխատանքի փոխադրելը

 

Հղի կանանց համար, բժշկական եզրակացությանը համապատասխան, իջեցվում են արտադրանքի նորմաները, սպասարկման նորմաները կամ նրանք փոխադրվում են այլ` ավելի թեթև և արտադրական անբարենպաստ գործոնների ազդեցությունը բացառող աշխատանքի` նախկին աշխատանքում ունեցած միջին վաստակի պահպանումով: Մինչև մեկուկես տարեկան երեխաներ ունեցող կանայք, նախկին աշխատանքի կատարումն անհնարին լինելու դեպքում, փոխադրվում են այլ աշխատանքի` նախկին աշխատանքում ունեցած միջին վաստակի պահպանումով մինչև երեխայի մեկուկես տարեկան դառնալը:

 

i
Հոդված 189. Հղիության, ծննդաբերության արձակուրդներ և մինչև երեխայի մեկ տարեկան դառնալը նրան խնամելու համար մասնակիորեն վճարովի արձակուրդներ

 

Կանանց տրվում են հղիության և ծննդաբերության արձակուրդներ հիսունվեց օրացուցային օր տևողությամբ` մինչև ծննդաբերությունը և հիսունվեց (ոչ նորմալ ծննդաբերության կամ երկու կամ ավելի երեխաներ ծնվելու դեպքում` յոթանասուն) օրացուցային օր` ծննդաբերությունից հետո և, նրանց ցանկությամբ, առնվազն մեկ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի առկայության դեպքում, տրվում են մինչև երեխայի մեկ տարեկան դառնալը նրան խնամելու համար մասնակիորեն վճարովի արձակուրդներ, այդ ժամանակաշրջանների համար նպաստները վճարելով պետական սոցիալական ապահովագրության գծով:

 

Հոդված 190. Տարեկան արձակուրդի միացումը հղիության և ծննդաբերության արձակուրդին

 

Հղիության և ծննդաբերության արձակուրդից առաջ կամ դրանից անմիջականորեն հետո կնոջը, նրա դիմումի համաձայն, տարեկան արձակուրդ է տրվում անկախ տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում ունեցած ստաժից:

 

i
Հոդված 191. Մինչև երեխայի մեկուկես տարեկան դառնալը նրան խնամելու համար լրացուցիչ արձակուրդ` առանց աշխատավարձի պահպանման

 

Սույն օրենսգրքի 189 հոդվածով նախատեսված արձակուրդներից բացի, կնոջը, նրա դիմումով, տրվում է մինչև երեխայի մեկուկես տարեկան դառնալը նրան խնամելու համար լրացուցիչ արձակուրդ` առանց աշխատավարձի պահպանման: Կինը` երեխային խնամելու համար արձակուրդում գտնվելու ժամանակամիջոցում, իր ցանկությամբ կարող է աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կամ տանը: Ընդ որում, պահպանվում է երեխային խնամելու համար մասնակիորեն վճարովի արձակուրդի ժամանակաշրջանում նրա նպաստ ստանալու իրավունքը:

 

Հոդված 192. Առանց աշխատավարձի պահպանման արձակուրդի ժամանակը աշխատանքի ստաժի որոշ տեսակների մեջ մտցնելը

 

Առանց աշխատավարձի պահպանման լրացուցիչ արձակուրդը մտցվում է աշխատանքի ընդհանուր և անընդհատ ստաժի մեջ, ինչպես նաև մասնագիտական աշխատանքի ստաժի մեջ:

Առանց աշխատավարձի պահպանման լրացուցիչ արձակուրդի ժամանակը չի մտցվում հաջորդ տարեկան արձակուրդի իրավունք տվող աշխատանքի ստաժի մեջ:

 

i
Հոդված 193. Նորածին երեխաներ որդեգրած կանանց արձակուրդները

 

Անմիջականորեն ծննդատնից նորածին երեխաներ որդեգրած կանանց արձակուրդ է տրվում որդեգրման օրից մինչև հիսունվեց օրը լրանալը` երեխայի ծննդյան օրից հաշված և, նրանց ցանկությամբ, առնվազն մեկ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի առկայության դեպքում, մինչև երեխայի մեկ տարեկան դառնալը, նրան խնամելու համար մասնակիորեն վճարովի արձակուրդներ` այդ ժամանակահատվածի համար վճարելով պետական սոցիալական ապահովագրության նպաստներ:

Անմիջականորեն ծննդատնից նորածին երեխա որդեգրած կնոջը, նրա դիմումով, տրվում է մինչև երեխայի մեկուկես տարեկան դառնալը նրան խնամելու համար լրացուցիչ արձակուրդ` առանց աշխատավարձի պահպանման:

 

Հոդված 194. Ընդմիջումներ երեխային կերակրելու համար

 

Մինչև մեկուկես տարեկան երեխաներ ունեցող կանանց, բացի հանգստի և սննդի համար ընդհանուր ընդմիջումից, լրացուցիչ ընդմիջում է տրվում երեխային կերակրելու համար:

Այդ ընդմիջումները տրվում են ոչ ուշ, քան երեք ժամը մեկ անգամ` յուրաքանչյուրը երեսուն րոպե տևողությամբ: Մինչև մեկուկես տարեկան երկու և ավելի երեխաների առկայության դեպքում ընդմիջման տևողությունը սահմանվում է առնվազն մեկ ժամ:

Երեխային կերակրելու համար տրվող ընդմիջումները մտցվում են աշխատաժամանակի մեջ և վճարվում են ըստ միջին վաստակի:

Ընդմիջումներ տալու ժամկետներն ու կարգը սահմանում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ համատեղ` հաշվի առնելով մոր ցանկությունը:

 

Հոդված 195. Հղի կանանց սանատորիաների ու հանգստյան տների ուղեգրեր տրամադրելը և նրանց նյութական օգնություն ցույց տալը

 

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ադմինիստրացիան ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելով` անհրաժեշտության դեպքում կարող է հղի կանանց սանատորիայի և հանգստյան տան ուղեգրեր տալ անվճար կամ արտոնյալ պայմաններով, ինչպես նաև նյութական օգնություն ցույց տալ նրանց:

 

Հոդված 196. Կանանց սպասարկումը կանանց աշխատանքի լայն կիրառում ունեցող ձեռնարկություններում, կազմակերպություններում

 

Կանանց աշխատանքի լայն կիրառում ունեցող ձեռնարկություններում, կազմակերպություններում ստեղծվում են մանկամսուրներ, մանկապարտեզներ, կրծքի երեխաներին կերակրելու սենյակներ, ինչպես նաև կանանց անձնական հիգիենայի սենյակներ:

 

Հոդված 197. Երաշխիքներ հղի կանանց ու մինչև մեկուկես տարեկան երեխա ունեցող կանանց աշխատանքի ընդունելիս և աշխատանքից նրանց արձակումն արգելելը

 

Արգելվում է կանանց աշխատանքի չընդունել և նրանց աշխատավարձն իջեցնել հղիության և երեխային կերակրելու հետ կապված պատճառներով:

Չի թույլատրվում հղի կանանց, մինչև մեկուկես տարեկան երեխա ունեցող մայրերի արձակումը ադմինիստրացիայի նախաձեռնությամբ, բացի ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության լրիվ լուծարքի դեպքերից, երբ արձակումը թույլատրվում է պարտադիր կերպով աշխատանքի տեղավորելու պայմանով:

Հղի կանանց և մինչև մեկուկես տարեկան երեխաներ ունեցող կանանց պարտադիր կերպով աշխատանքի տեղավորումը ադմինիստրացիայի կողմից իրականացվում է նաև ժամկետային աշխատանքային պայմանագիրն ավարտվելուց հետո նրանց արձակման դեպքում:

 

i

ԳԼՈՒԽ 12
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

 

i
Հոդված 198. Երիտասարդներին աշխատանքի ընդունելու համար թույլատրվող տարիքը

 

Չի թույլատրվում աշխատանքի ընդունել տասնվեց տարեկանից ցածր անձանց: Բացառիկ դեպքերում, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի համաձայնությամբ, կարող են աշխատանքի ընդունվել տասնհինգ տարին լրացած անձինք:

 

Հոդված 199. Անչափահասների իրավունքները աշխատանքային իրավահարաբերություններում

 

Անչափահասները (տասնութ տարեկան չդարձած անձինք) աշխատանքային իրավահարաբերություններում իրենց իրավունքներով հավասարվում են չափահասներին, իսկ աշխատանքի պաշտպանության, աշխատաժամանակի, արձակուրդների և աշխատանքի մի քանի այլ պայմանների ասպարեզում օգտվում են ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքներով, սույն օրենսգրքով և աշխատանքային օրենսդրության այլ ակտերով սահմանված արտոնություններից:

 

i
Հոդված 200. Տասնութ տարեկան չդարձած անձանց համար չթույլատրվող աշխատանքներ

 

Արգելվում է տասնութ տարեկան չդարձած անձանց աշխատանքի կիրառումը ծանր աշխատանքներում, աշխատանքի վնասակար կամ վտանգավոր պայմաններ ունեցող աշխատանքներում և ստորերկրյա աշխատանքներում:

Ծանր աշխատանքների և վնասակար կամ վտանգավոր պայմաններ ունեցող աշխատանքների ցանկը, որտեղ արգելվում է տասնութ տարեկան չդարձած անձանց աշխատանքի կիրառումը, հաստատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

Արգելվում է անչափահասների համար սահմանված նորմաները գերազանցող ծանրությունների փոխադրումն ու տեղաշարժումը նրանց կողմից:

 

Հոդված 201. Տասնութ տարեկան չդարձած անձանց բժշկական քննությունը

 

Տասնութ տարեկան չդարձած բոլոր անձինք աշխատանքի են ընդունվում միայն նախնական բժշկական քննությունից հետո և հետագայում, մինչև տասնութ տարին լրանալը, յուրաքանչյուր տարի ենթակա են բժշկական քննության:

 

Հոդված 202. Տասնութ տարեկան չդարձած բանվորներին ու ծառայողներին գիշերային, արտաժամյա և հանգստյան օրերին աշխատանքի ներգրավումն արգելելը

 

Արգելվում է տասնութ տարեկան չդարձած բանվորներին ու ծառայողներին ներգրավել գիշերային, արտաժամյա և հանգստյան օրերին կատարվող աշխատանքների:

 

Հոդված 203. Տասնութ տարեկան չդարձած բանվորների ու ծառայողների արձակուրդը

 

Տասնութ տարեկան չդարձած բանվորներին ու ծառայողներին ամենամյա արձակուրդներ են տրվում (73 հոդված) ամառ ժամանակ կամ, նրանց ցանկությամբ, տարվա որևէ այլ ժամանակ:

 

Հոդված 204. Արտադրանքի նորմաներ երիտասարդ բանվորների համար

 

Տասնութ տարեկան չդարձած բանվորների համար արտադրանքի նորմաներ սահմանվում են ելնելով չափահաս բանվորների համար սահմանված արտադրանքի նորմաներից` տասնութ տարեկան չդարձած անձանց համար սահմանված աշխատանքային օրվա կրճատ տևողությանը համապատասխան:

Այն երիտասարդ բանվորների համար, որոնք ձեռնարկություն, կազմակերպություն են ընդունվել հանրակրթական դպրոցները, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունները, դասընթացներն ավարտելուց հետո, ինչպես և արտադրությունում պրոֆեսիոնալ ուսուցում անցած անձանց համար, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու չափերով և նրանց համար սահմանվող ժամկետներում կարող են արտադրանքի իջեցված նորմաներ հաստատվել: Այդ նորմաները հաստատում է ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիան` համաձայնեցնելով ձեռնարկության, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ:

 

Հոդված 205. Տասնութ տարեկան չդարձած բանվորների և ծառայողների աշխատանքի վարձատրությունը ամենօրյա աշխատանքի կրճատ տևողություն կիրառելիս

 

Տասնութ տարեկան չդարձած բանվորների ու ծառայողների աշխատավարձը` ամենօրյա աշխատանքի կրճատ տևողություն կիրառելիս, վճարվում է նույն չափով, ինչպես որ համապատասխան կատեգորիաների ամենօրյա աշխատանքի լրիվ տևողություն ունեցող բանվորներին ու ծառայողներին:

Գործարքային աշխատանքի թույլատրված տասնութ տարեկանից ցածր բանվորների ու ծառայողների աշխատանքը վարձատրվում է չափահաս աշխատողների համար սահմանված գործարքային գնահատումներով, ըստ տարիֆային դրույքի լրացուցիչ վճարելով այնքան ժամանակի համար, որքան նրանց ամենօրյա աշխատանքի տևողությունը կրճատվում է չափահաս աշխատողների ամենօրյա աշխատանքի տևողության համեմատությամբ:

 

Հոդված 206. Տեղապահումը (բրոնյան) արտադրության մեջ երիտասարդներին աշխատանքի և պրոֆեսիոնալ ուսուցման ընդունելիս

 

Բոլոր ձեռնարկությունների և կազմակերպությունների համար սահմանվում է տեղապահում (բրոնյա) հանրակրթական դպրոցներ, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններ ավարտած երիտասարդներին, ինչպես նաև տասնութ տարեկանից ցածր մյուս անձանց արտադրության մեջ աշխատանքի և պրոֆեսիոնալ ուսուցման ընդունելու համար:

Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդները հաստատում են հանրակրթական դպրոցներն ավարտած երիտասարդների աշխատանքի տեղավորման պլանները և ապահովում են դրանց կատարումը բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից:

 

Հոդված 207. Ուսումնական հաստատություններն ավարտած երիտասարդ բանվորներին ու մասնագետներին ըստ մասնագիտության և որակավորման աշխատանքով ապահովելը

 

Պրոֆեսիոնալ-տեխնիկական և տեխնիկական ուսումնական հաստատություններն ավարտած երիտասարդ բանվորները և բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտած երիտասարդ մասնագետները աշխատանքով ապահովվում են ստացած մասնագիտությանը և որակավորմանը համապատասխան:

 

Հոդված 208. Տասնութ տարեկան չդարձած բանվորների ու ծառայողների արձակման սահմանափակումը

 

Տասնութ տարեկան չդարձած բանվորների ու ծառայողների արձակումը ադմինիստրացիայի նախաձեռնությամբ թույլատրվում է, բացի արձակման ընդհանուր կարգի պահպանումից, միայն անչափահասների գործերի շրջանային (քաղաքային) հանձնաժողովի համաձայնությամբ:

Ընդ որում սույն օրենսգրքի 36 հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերում մատնանշված հիմունքներով արձակումը կատարվում է միայն բացառիկ դեպքերում և չի թույլատրվում առանց աշխատանքի տեղավորման:

 

Հոդված 209. Անչափահասի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծումը նրա ծնողների կամ այլ անձանց պահանջով

 

Անչափահասի ծնողները, որդեգրողները և հոգաբարձուն, ինչպես նաև այն խնամակալական և հոգաբարձական մարմինները, հասարակական կազմակերպությունները և պաշտոնատար անձինք, որոնց վրա դրված է աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը, իրավունք ունեն անչափահասի հետ կնքած աշխատանքային պայմանագրի, այդ թվում նաև ժամկետային պայմանագրի (17 հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր) լուծում պահանջելու, եթե պայմանագրի գործողության շարունակումը սպառնում է անչափահասի առողջությանը կամ խախտում է նրա օրինական շահերը:

 

ԳԼՈՒԽ 13
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՈՒՍՄԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂՈՂ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՈՒ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հոդված 210. Արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցման կազմակերպումը

 

Բանվորների ու ծառայողների, հատկապես երիտասարդների պրոֆեսիոնալ պատրաստականության և որակավորումը բարձրացնելու համար ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ադմինիստրացիան անհատական, բրիգադային, դասընթացային և արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցման այլ ձևեր է կազմակերպում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հաշվին:

 

Հոդված 211. Ուսուցումը աշխատաժամանակի սահմաններում

 

Անմիջականորեն արտադրությունում անհատական, բրիգադային և դասընթացային ուսուցման միջոցով նոր բանվորներ պատրաստելիս տեսական պարապմունքներն ու արտադրական ուսուցումը անց են կացվում համապատասխան տարիքի, պրոֆեսիաների և արտադրությունների աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի սահմաններում:

 

Հոդված 212. Ստացած որակավորմանը համապատասխան աշխատանք տալը

 

Արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցումն ավարտելուց հետո բանվորին շնորհվում է որակավորում տարիֆային-որակավորման տեղեկատուի համաձայն և աշխատանք է տրվում նրա ստացած որակավորմանը և նրան շնորհված տարակարգին համապատասխան:

 

Հոդված 213. Աշխատանքը ուսման հետ համատեղելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը

 

Արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցում անցնող կամ առանց արտադրությունից կտրվելու ուսումնական հաստատություններում սովորող բանվորների ու ծառայողների համար ադմինիստրացիան պարտավոր է անհրաժեշտ պայմաններ ստեղծել աշխատանքը ուսման հետ համատեղելու նպատակով:

 

Հոդված 214. Աշխատանքն ուսման հետ համատեղող բանվորների և ծառայողների խրախուսումը

 

Որակավորման տարակարգերը բարձրացնելիս կամ աշխատանքի գծով առաջ քաշելիս պետք է հաշվի առնվեն բանվորների և ծառայողների կողմից հաջողությամբ արտադրությունում պրոֆեսիոնալ ուսուցում անցնելը, ընդհանուր միջնակարգ և պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթությունը, ինչպես նաև նրանց կողմից բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալը:

 

Հոդված 215. Արտոնություններ հանրակրթական և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորող բանվորների ու ծառայողների համար

 

Առանց արտադրությունից կտրվելու հանրակրթական և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորող բանվորների ու ծառայողների համար սահմանվում է կրճատ աշխատանքային շաբաթ կամ ամենօրյա աշխատանքի կրճատ տևողություն, աշխատավարձը պահպանելով սահմանված կարգով. նրանց տրամադրվում են նաև այլ արտոնություններ:

 

Հոդված 216. Աշխատաժամանակի կրճատումը հանրակրթական դպրոցներում սովորողների համար

 

Բանվոր երիտասարդության դպրոցների` երեկոյան (հերթափոխային) և հեռակա միջնակարգ հանրակրթական դպրոցների 9-11 դասարաններում արտադրությունից չկտրված հաջողությամբ սովորող բանվորների և ծառայողների համար ուսումնական տարվա ընթացքում սահմանվում է մեկ օրով կամ դրան համապատասխան աշխատանքային ժամաքանակով կրճատված աշխատանքային շաբաթ (շաբաթվա ընթացքում աշխատանքային օրը կրճատելու դեպքում), իսկ գյուղական երիտասարդության դպրոցների` երեկոյան (հերթափոխային, սեզոնային) դպրոցների 9-11 դասարաններում սովորողների համար` երկու օրով կամ դրանց համապատասխան աշխատանքային ժամաքանակով կրճատված աշխատանքային շաբաթ (շաբաթվա մեջ աշխատանքային օրեր կրճատելու դեպքում):

9-11 դասարաններում սովորողները ուսումնական տարվա ընթացքում աշխատանքից ազատվում են ոչ ավելի, քան 36 աշխատանքային օր` վեցօրյա շաբաթի դեպքում, կամ դրանց համապատասխան աշխատանքային ժամաքանակով: Հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում աշխատանքից ազատ աշխատանքային ընդհանուր ժամաքանակը պահպանվում է, իսկ աշխատանքից ազատ աշխատանքային օրերի թիվը փոփոխվում է` նայած աշխատանքային հերթափոխի տևողության, և կազմում է 31,5 օր` ութժամյա հերթափոխության դեպքում, կամ 31 օր, եթե հերթափոխի տևողությունը կազմում է 8 ժամ 12 րոպե:

Աշխատանքից ազատման ժամանակի համար սովորողներին վճարվում է աշխատանքի հիմնական տեղի միջին աշխատավարձի հիսուն տոկոսը, բայց ոչ պակաս սահմանված աշխատավարձի նվազագույն չափից:

5-8 դասարաններում սովորողների համար աշխատաժամանակի կրճատումը կարգավորվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ և, նրա սահմանած շրջանակներում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ադմինիստրացիան իրավունք ունի բանվորական և գյուղական երիտասարդության դպրոցների 9-11 դասարանների սովորողներին, առանց վնաս հասցնելու արտադրական գործունեությանը, նրանց ցանկությամբ շաբաթվա մեջ ևս մեկ-երկու լրացուցիչ ազատ օր տալու` առանց աշխատավարձի պահպանման:

 

i
Հոդված 217. Արձակուրդներ հանրակրթական դպրոցներում սովորելու կապակցությամբ

 

Առանց արտադրությունից կտրվելու բանվորական և գյուղական երիտասարդության երեկոյան (հերթափոխային, սեզոնային) դպրոցներում և հեռակա միջնակարգ հանրակրթական դպրոցներում սովորող բանվորներին և ծառայողներին ավարտական քննություններ հանձնելու ժամանակաշրջանում արձակուրդ է տրվում 11 դասարանում` 20 աշխատանքային օր, իսկ 8-րդ դասարանում` 8 աշխատանքային օր տևողությամբ, աշխատանքի հիմնական տեղում պահպանելով աշխատավարձը` ըստ տարիֆային դրույքի կամ ըստ ռոճիկի:

Հիշյալ դպրոցների 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ դասարաններում առանց արտադրությունից կտրվելու սովորողների համար, փոխադրական քննությունների ժամանակ, սահմանվում են աշխատանքից ազատ 4-ից մինչև 6 օր, պահպանելով աշխատանքի հիմնական տեղի միջին աշխատավարձը` ի հաշիվ սույն օրենսգրքի 216 հոդվածին համապատասխան տրվող օրերի ընդհանուր քանակի կրճատման (8-12 օր):

 

Հոդված 218. Հանրակրթական դպրոցներում սովորողներին տարեկան արձակուրդներ տալու ժամանակը

 

Առանց արտադրությունից կտրվելու հանրակրթական դպրոցներում սովորողներին տարեկան արձակուրդներ տալիս ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է, սովորողների ցանկությամբ, այդ արձակուրդները հարմարեցնել դպրոցներում կատարվող քննությունների ժամանակի հետ:

 

Հոդված 219. Հանրակրթական դպրոցներում և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորողներին արտաժամյա աշխատանքների ներգրավելու սահմանափակումը

 

Արգելվում է պարապմունքների օրերին արտաժամյա աշխատանքի ներգրավել առանց արտադրությունից կտրվելու հանրակրթական դպրոցներում և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորող բանվորներին և ծառայողներին:

 

Հոդված 220. Արձակուրդներ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորելու կապակցությամբ

 

Ուսուցման երեկոյան (հերթափոխային) ձևով գործող միջնակարգ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններում, ուսումնարանների, երեկոյան (հերթափոխային) բաժանմունքներում առանց արտադրությունից կտրվելու հաջողությամբ սովորող բանվորներն ու ծառայողները պատրաստվելու և քննություններ հանձնելու համար տարվա ընթացքում 30 աշխատանքային օր ազատվում են աշխատանքից, պահպանելով հիմնական աշխատանքի վայրում նրանց ունեցած միջին վաստակի հիսուն տոկոսը:

 

Հոդված 221. Արձակուրդներ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության քննություններ հանձնելու համար

 

Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունների թույլատրված բանվորներին ու ծառայողներին տրվում է արձակուրդ առանց աշխատավարձի պահպանման:

Բարձրագույն ուսումնական հաստատություններում (այդ թվում` գործարան-բուհերում) ընդունելության քննություններին թույլատրվածներին արձակուրդ է տրվում 15 օրացուցային օր, իսկ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում` 10 օրացուցային օր, չհաշվելով ուսումնական հաստատության գտնվելու վայրը մեկնելու և վերադարձի ժամանակը:

 

Հոդված 222. Արտոնություններ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բանվորների ու ծառայողների համար

 

Երեկոյան և հեռակա բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բանվորներին և ծառայողներին ուսման կապակցությամբ տրվում են սահմանված կարգով վճարվող արձակուրդներ, ինչպես նաև այլ արտոնություններ:

 

Հոդված 223. Աշխատաժամանակի կրճատումը երեկոյան և հեռակա բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների համար

 

Երեկոյան և հեռակա բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները և երեկոյան ու հեռակա միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողները դիպլոմային նախագծի (աշխատանքի) կատարմանը կամ պետական քննությունների հանձնմանը նախորդող 10 ուսումնական ամիսների ընթացքում իրավունք ունեն` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, պարապմունքներին պատրաստվելու համար, շաբաթվա մեջ մեկ օր աշխատանքից ազատվելու, ստացվող աշխատավարձի հիսուն տոկոսի, բայց ոչ պակաս, քան նվազագույն չափի վճարումով: Հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում աշխատանքից ազատ օրերի թիվը փոփոխվում է` նայած աշխատանքային հերթափոխի տևողության, պահպանելով աշխատանքից ազատ ժամերի քանակը:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ադմինիստրացիան իրավունք ունի հիշյալ 10 ուսումնական ամիսների ընթացքում լրացուցիչ կերպով, ուսանողի կամ սովորողի ցանկությամբ, տալու շաբաթական ևս մեկ-երկու աշխատանքից ազատ օր` առանց աշխատավարձի պահպանման:

 

Հոդված 224. Արձակուրդներ երեկոյան և հեռակա բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորելու կապակցությամբ

 

Երեկոյան բարձրագույն ուսումնական հաստատություններում հաջողությամբ սովորող ուսանողներին, լաբորատոր աշխատանքներ կատարելու, ստուգարքներ ու քննություններ հանձնելու ժամանակաշրջանում, ամեն տարի արձակուրդ է տրվում առաջին և երկրորդ կուրսերում` 20 օրացուցային օր, երրորդ և հաջորդ կուրսերում` 30 օրացուցային օր: Երեկոյան միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում հաջողությամբ սովորողներին, լաբորատոր աշխատանքներ կատարելու, ստուգարքներ ու քննություններ հանձնելու ժամանակաշրջանում, յուրաքանչյուր տարի արձակուրդ է տրվում առաջին և երկրորդ կուրսերում` 10 օրացուցային օր, երրորդ և հաջորդ կուրսերում` 20 օրացուցային օր:

Հեռակա բարձրագույն և միջնակարգ ուսումնական մասնագիտական հաստատություններում հաջողությամբ սովորող ուսանողներին ու սովորողներին, լաբորատոր աշխատանքներ կատարելու, ստուգարքներ ու քննություններ հանձնելու ժամանակաշրջանում, յուրաքանչյուր տարի արձակուրդ է տրվում առաջին և երկրորդ կուրսերում` 30 օրացուցային օր, երրորդ և հաջորդ կուրսերում` 40 օրացուցային օր:

Երեկոյան և հեռակա բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին և սովորողներին պետական քննություններ հանձնելու ժամանակաշրջանում արձակուրդ է տրվում 30 օրացուցային օր:

Երեկոյան և հեռակա բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին դիպլոմային նախագծի (աշխատանքի) պատրաստման և պաշտպանության ժամանակաշրջանում արձակուրդ է տրվում 4 ամիս, իսկ երեկոյան և հեռակա միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին` 2 ամիս տևողությամբ:

Լաբորատոր աշխատանքներ կատարելու, ստուգարքներ և քննություններ հանձնելու ժամանակաշրջանում լրացուցիչ արձակուրդների տևողությունը ըստ կուրսերի, հաշվի առնելով հեռակա բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (ֆակուլտետների, բաժանմունքների) ուսանողների և սովորողների մասնագիտությունը, կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես բացառություն, փոփոխվել ուսման ամբողջ ժամկետի ընթացքում տրվող այդ արձակուրդների ընդհանուր տևողության սահմաններում:

Երեկոյան և հեռակա բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորելու կապակցությամբ տրվող արձակուրդների ընթացքում պահպանվում է բանվորների ու ծառայողների աշխատավարձը, բայց ոչ ավելի սահմանված չափից:

 

Հոդված 225. Արձակուրդ` ընտրած մասնագիտության գծով աշխատանքին ծանոթանալու և դիպլոմային նախագծի նյութեր նախապատրաստելու համար

 

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ադմինիստրացիան համապատասխան ուսումնական հաստատության հանձնարարականի հիման վրա իրավունք ունի երեկոյան և հեռակա բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների վերջին կուրսերում սովորողներին մեկ ամիս լրացուցիչ արձակուրդ տալ առանց աշխատավարձի պահպանման` ընտրած մասնագիտության գծով անմիջականորեն արտադրության մեջ աշխատանքին ծանոթանալու և դիպլոմային նախագծի վերաբերյալ նյութեր նախապատրաստելու համար: Արձակուրդի ժամանակաշրջանում ուսանողները և սովորողները համարվում են թոշակառուներ` ընդհանուր կարգով:

 

Հոդված 226. Հեռակա ուսումնական հաստատության գտնվելու վայրը մեկնելու ճանապարհածախսի վճարումը

 

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան հեռակա բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին վճարում է լաբորատոր աշխատանքներ կատարելու և ստուգարքներ ու քննություններ հանձնելու համար ուսումնական հաստատության գտնվելու վայրը մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը` տարվա մեջ մեկ անգամ, ճանապարհածախսի հիսուն տոկոսի չափով:

Բացի այդ, նույն չափով վճարվում է դիպլոմային նախագիծը (աշխատանքը) պատրաստելու և պաշտպանելու կամ պետական քննություններ հանձնելու համար մեկնելու ճանապարհածախսը:

 

ԳԼՈՒԽ 14
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐ

 

Հոդված 227. Աշխատանքային վեճեր քննող մարմինները

 

Աշխատանքային վեճերը քննում են`

1) աշխատանքային վեճերի հանձնաժողովները.

2) ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեները.

3) շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները:

Աշխատողների որոշ կատեգորիաների աշխատանքային վեճերը քննվում են ենթակայության կարգով` վերադաս մարմինների կողմից (246 հոդված):

 

Հոդված 228. Աշխատանքային վեճերը քննելու կարգը

 

Աշխատանքային վեճերի հանձնաժողովների, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեների և ենթակայության կարգով վերադաս մարմինների կողմից աշխատանքային վեճերի քննումը կարգավորվում է ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքներով, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատված աշխատանքային վեճերի քննման կարգի կանոնադրությամբ, սույն օրենսգրքով, իսկ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններում աշխատանքային վեճերի քննման կարգը սահմանվում է, բացի այդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

 

Հոդված 229. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի կազմումը

 

Աշխատանքային վեճերի հանձնաժողովներ կազմվում են ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի և ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի հավասար թվով ներկայացուցիչներից:

Յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչների թիվը սահմանվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի և ադմինիստրացիայի համաձայնությամբ:

Հանձնաժողովի համար ներկայացուցիչներ առանձնացվում են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի լիազորությունների ժամկետով: Աշխատանքային վեճերի հանձնաժողովի համար արհեստակցական միության ներկայացուցիչներ առանձնացվում են արհմիութենական կոմիտեի անդամների թվից:

Այն ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, որտեղ չկա ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտե, աշխատանքային վեճերի հանձնաժողով կազմվում է արհմիության կազմակերպչից և ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ղեկավարից:

Այն ձեռնարկությունում, հիմնարկում և կազմակերպությունում, որտեղ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեին տրված են արհմիության շրջանային կոմիտեի իրավունքներ, այդ կոմիտեի և ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի որոշմամբ արտադրամասերում և այլ կառուցվածքային ստորաբաժանումներում կարող են կազմվել աշխատանքային վեճերի արտադրամասային հանձնաժողովներ:

 

Հոդված 230. Աշխատանքային վեճերի հանձնաժողովների իրավասությունը

 

Աշխատանքային վեճերի հանձնաժողովը հանդիսանում է ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում մի կողմից` բանվորների ու ծառայողների, մյուս կողմից` ադմինիստրացիայի միջև ծագող աշխատանքային վեճերի քննման սկզբնական մարմինը, բացառությամբ այն վեճերի, որոնք, օրենքի համաձայն, անմիջականորեն ենթակա են շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների և այլ մարմինների քննությանը:

 

Հոդված 231. Աշխատանքային վեճերի հանձնաժողովներին հղված դիմումների ընդունման կարգը և աշխատանքային վեճերի քննման ժամկետը

 

Աշխատանքային վեճերի հանձնաժողովին հղված դիմումներն ընդունում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեն, իսկ որտեղ դա չկա` արհմիութենական կազմակերպիչը: Հանձնաժողովը պարտավոր է աշխատանքային վեճերը քննել դիմումը տալուց հնգօրյա ժամկետում:

 

Հոդված 232. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի կողմից որոշումներ ընդունելու կարգը

 

Աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի ներկայացուցիչների և ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի ներկայացուցիչների համաձայնությամբ: Հանձնաժողովի որոշումներն ունեն պարտադիր ուժ և որևէ հաստատման կարիք չունեն:

 

Հոդված 233. Աշխատանքային վեճի քննումը աշխատանքային վեճերի հանձնաժողովում համաձայնության չհասնելու դեպքում: Հանձնաժողովի որոշման գանգատարկումը

 

Եթե աշխատանքային վեճերի հանձնաժողովում վեճը քննելիս արհմիութենական կոմիտեի ներկայացուցիչների և ադմինիստրացիայի ներկայացուցիչների միջև համաձայնություն չի կայացել, բանվորը կամ ծառայողը իրավունք ունի հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը նրան հանձնելու օրից տասնօրյա ժամկետում վեճը լուծելու մասին դիմում տալու ձեռնարկության, հիմնարկի կազմակերպության արհմիութենական կոմիտեին:

Բանվորը կամ ծառայողը կարող է աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշումը նույն ժամկետում գանգատարկել ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեին:

Այն դեպքում, երբ բանվորը կամ ծառայողը համաձայն չէ աշխատանքային վեճի վերաբերյալ արհմիութենական կազմակերպչից և ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ղեկավարից կազմված հանձնաժողովի որոշմանը, կամ եթե այդ հանձնաժողովում համաձայնություն չի կայացել, նա կարող է աշխատանքային վեճի լուծման մասին նույն ժամկետում դիմում տալ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին:

 

Հոդված 234. Աշխատանքային վեճերի քննումը ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի կողմից

 

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեները աշխատանքային վեճերը քննում են բանվորների ու ծառայողների դիմումների հիման վրա, երբ աշխատանքային վեճեր քննող հանձնաժողովում կողմերը համաձայնության չեն եկել, և երբ բանվորը կամ ծառայողը գանգատարկել է այդ հանձնաժողովի որոշումը:

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեն, որին տրված են արհմիության շրջանային կոմիտեի իրավունքներ, կարող է արհեստակցական միության արտադրամասային կոմիտեներին փոխանցել աշխատանքային վեճերը աշխատանքային վեճերի քննարկման կարգի կանոնադրությամբ սահմանված կարգով քննելու իրավունքը:

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեները պարտավոր են աշխատանքային վեճերը քննել դիմումը կամ գանգատը ստացվելուց յոթնօրյա ժամկետում: Այն աշխատանքային վեճը քննելիս, որով աշխատանքային վեճերի հանձնաժողովում համաձայնություն ձեռք չի բերվել, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեն որոշում է ընդունում ըստ վեճի էության:

Աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշման վերաբերյալ գանգատը քննարկելիս ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեն կարող է հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ կամ բեկանել այն և որոշում ընդունել ըստ վեճի էության:

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեն սեփական նախաձեռնությամբ կամ դատախազի բողոքի հիման վրա բեկանում է հանձնաժողովի` գործող օրենսդրությանը հակասող որոշումը և որոշում է ընդունում ըստ վեճի էության:

 

Հոդված 235. Այն դեպքերը, երբ ձեռնարկության, հիմնարկի կազմակերպության արհմիութենական կոմիտեի քննած աշխատանքային վեճը կարող է հանձնվել դատարանի քննությանը

 

Եթե բանվորը կամ ծառայողը համաձայն չէ աշխատանքային վեճի վերաբերյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի ընդունած որոշմանը, նա կարող է աշխատանքային վեճի քննման մասին շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին դիմում տալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշումն ստանալուց տասնօրյա ժամկետում: Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան կարող է վեճի լուծման համար վերը նշված ժամկետում դիմել շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին, եթե նա գտնում է, որ աշխատանքային վեճի վերաբերյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշումը հակասում է գործող օրենսդրությանը:

 

Հոդված 236. Աշխատանքային վեճերի քննումը շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններում

 

Շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններում աշխատանքային վեճերը քննվում են`

1) բանվորների ու ծառայողների դիմումներով, երբ նրանք համաձայն չեն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշմանը.

2) ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի դիմումով, երբ նա գտնում է, որ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշումը հակասում է գործող օրենսդրությանը.

3) բանվորների ու ծառայողների դիմումներով, երբ նրանք համաձայն չեն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կազմակերպչից և ղեկավարից կազմված աշխատանքային վեճերի հանձնաժողովի վճռին, կամ երբ այդ հանձնաժողովում կողմերը համաձայնության չեն եկել, ինչպես նաև երբ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում չկան արհմիութենական կոմիտե և արհմիութենական կազմակերպիչ.

4) դատախազի դիմումով, երբ նա գտնում է, որ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշումը կամ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կազմակերպչից և ղեկավարից կազմված աշխատանքային վեճերի հանձնաժողովի վճիռը հակասում է գործող օրենսդրությանը:

Բացի դրանից, անմիջականորեն շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններում, առանց աշխատանքային վեճերի հանձնաժողովին և ձեռնարկության, հիմնարկի կազմակերպության արհմիութենական կոմիտեին դիմելու, աշխատանքային վեճերը քննվում են`

1) ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի նախաձեռնությամբ արձակված բանվորների և ծառայողների` աշխատանքում վերականգնելու, ինչպես նաև նրանց արձակման պատճառների ձևակերպումը փոխելու մասին դիմումներով, բացառությամբ այն աշխատողների վեճերի, որոնք հատուկ ցանկերում (246 հոդված) նախատեսված պաշտոններ են զբաղեցնում.

2) այն ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների բանվորների ու ծառայողների դիմումներով, որտեղ չկան ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեներ և արհմիութենական կազմակերպիչներ, ինչպես նաև այն անձանց դիմումներով, որոնք աշխատանքային պայմանագրերով աշխատում են կոլտնտեսություններում և միջկոլտնտեսային կազմակերպություններում.

3) ադմինիստրացիայի դիմումով` ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառված վնասը բանվորների և ծառայողների կողմից հատուցվելու մասին: Անմիջականորեն շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններում նաև քննվում է աշխատողի և ադմինիստրացիայի միջև աշխատանքային օրենսդրության կիրառման այնպիսի հարցով աշխատանքային վեճը, որը այդ աշխատողի նկատմամբ նախապես լուծել է ադմինիստրացիան` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելով, նրանց վերապահված իրավունքների սահմաններում:

 

Հոդված 237. Աշխատանքային վեճերի լուծման համար դիմելու ժամկետների մասին

 

Բանվորներն ու ծառայողները աշխատանքային վեճերի հանձնաժողովին կարող են դիմել երեքամսյա ժամկետում այն օրից, երբ նրանք իմացել էին կամ պետք է իմանային իրենց իրավունքի խախտման մասին, իսկ աշխատանքից արձակման գործերի առթիվ` շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին` մեկամսյա ժամկետում, արձակման հրամանի հանձնման օրվանից հաշված:

Աշխատողների կողմից ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառված նյութական վնասի գանձման հարցերով ադմինիստրացիայի կողմից դատարանին դիմելու համար սահմանվում է մեկ տարի ժամկետ աշխատողի պատճառած վնասի հայտնաբերման օրվանից:

Նույն ժամկետներն են կիրառվում նաև ենթակայության կարգով վերադաս մարմնի կամ դատախազի կողմից դատարան դիմելիս:

Սույն հոդվածով սահմանված ժամկետները հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում դրանք կարող են վերականգնել համապատասխանաբար աշխատանքային վեճերի հանձնաժողովը և դատարանը: Այն գանգատները, որոնք տրվում են աշխատանքում վերականգնելը մերժելու մասին դատարանի վճիռը կամ ենթակայության կարգով վերադաս մարմնի որոշումը օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարի անցնելուց հետո, քննարկման ենթակա չեն:

 

i
Հոդված 238. Աշխատանքային գործերով դատարան դիմելու դեպքում բանվորներին ու ծառայողներին դատական ծախսերի վճարումից ազատելը

 

Աշխատանքային իրավահարաբերություններից բխող պահանջներով դատարան դիմելիս բանվորներն ու ծառայողները ազատվում են հօգուտ պետության գանձվող դատական ծախսերի վճարումից (գործի քննության հետ կապված պետական տուրքերից ու ծախսերից):

 

i
Հոդված 239. Աշխատանքում վերականգնելը

 

Առանց օրինական հիմքի աշխատանքից արձակվելու կամ անօրինական կարգով այլ աշխատանքի փոխադրվելու դեպքում բանվորը կամ ծառայողը պետք է վերականգնվի նախկին աշխատանքում աշխատանքային վեճը քննող մարմնի կողմից:

Եթե աշխատողը արձակվել է առանց ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի համաձայնության, աշխատանքային վեճը քննող մարմինը պետք է հետաձգի դրա լուծումը` մինչև աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծման մասին արհմիութենական կոմիտեի կողմից համաձայնություն տալու վերաբերյալ հարցի քննարկումը: Աշխատողին արձակելու համար համաձայնություն տալուց հրաժարվելու դեպքում արհմիութենական կոմիտեն որոշում է ընդունում նրան աշխատանքում վերականգնելու մասին:

 

Հոդված 240. Վարձատրությունը հարկադրական պարապուրդի կամ ցածր վարձատրվող աշխատանքի կատարման ժամանակի համար

 

Աշխատանքից անօրինական կերպով արձակված և նախկին աշխատանքում վերականգնված բանվորին կամ ծառայողին դատարանի որոշմամբ հարկադրական պարապուրդի ժամանակի համար վճարվում է միջին վաստակը` արձակման օրից հաշված, բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար: Դատարանի վճռով այդ նույն չափով է վճարվում հարկադրական պարապուրդի ժամանակի համար այն դեպքերում, երբ արձակման պատճառի սխալ ձևակերպումը աշխատանքային գրքույկում խոչընդոտ է հանդիսացել բանվորի կամ ծառայողի նոր աշխատանքի ընդունվելուն:

Հարկադրական պարապուրդի ժամանակամիջոցում միջին վաստակը, բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար, աշխատողին վճարվել կարող է նաև աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշման կամ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշման հիման վրա:

Անօրինական կարգով այլ աշխատանքի փոխադրված և նախկին աշխատանքում վերականգնված բանվորին կամ ծառայողին աշխատանքային վեճեր քննող մարմնի վճռով կամ որոշմամբ վճարվում է միջին վաստակը, կամ ցածր վարձատրվող աշխատանք կատարելու ժամանակամիջոցում վաստակի մեջ առաջացած տարբերությունը, բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար:

Անօրինական կերպով արձակման կամ փոխադրման դեպքում հարկադրական պարապուրդի ժամանակի համար վճարումը, ինչպես նաև ցածր վարձատրվող աշխատանք կատարելու ժամանակամիջոցում վաստակի մեջ առաջացած տարբերության վճարումը ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի կողմից կարող է կատարվել նաև այն դեպքում, երբ աշխատանքային վեճը քննող մարմնի վճիռ կամ որոշում չկա:

 

Հոդված 241. Աշխատանքային գործերով որոշ վճիռների ու որոշումների անհապաղ կատարումը

 

Անօրինական կերպով արձակված կամ փոխադրված աշխատողին աշխատանքում վերականգնելու մասին աշխատանքային վեճեր քննող մարմնի ընդունած վճիռը կամ որոշումը ենթակա է անհապաղ կատարման: Եթե ադմինիստրացիան ձգձգել է այդպիսի վճռի կամ որոշման կատարումը, ապա ձգձգման ժամանակի համար վճիռը կամ որոշումը ընդունելու օրից մինչև դրա կատարման օրը աշխատողին վճարվում է միջին վաստակը կամ վաստակի տարբերությունը: Անհապաղ կատարման ենթակա է նաև դատարանի վճիռը բանվորի կամ ծառայողի օգտին աշխատավարձ բռնագանձելու մասին, բայց ոչ ավելի, քան մեկ ամսվա համար:

 

i
Հոդված 242. Անօրինական կերպով արձակելու կամ փոխադրելու, կամ աշխատանքում վերականգնելու վերաբերյալ դատարանի վճռի կատարումը ձգձգելու մեջ մեղավոր պաշտոնատար անձի վրա նյութական պատասխանատվություն դնելը

 

Աշխատողին անօրինական կերպով արձակելու կամ այլ աշխատանքի փոխադրելու մեջ մեղավոր պաշտոնատար անձի վրա դատարանը պարտականություն է դնում հատուցելու այն վնասը, որ հասցվել է ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը հարկադրական պարապուրդի ժամանակի կամ ցածր վարձատրվող աշխատանք կատարելու ժամանակի համար վարձատրելու կապակցությամբ: Այդպիսի պարտականություն դրվում է, եթե արձակումը կամ փոխադրումը տեղի է ունեցել օրենքի բացահայտ խախտումով, կամ եթե ադմինիստրացիան ձգձգել է աշխատողին աշխատանքում վերականգնելու մասին դատարանի վճռի կամ ենթակայության կարգով վերադաս մարմնի որոշման կատարումը:

Վնասի հատուցման չափը չի կարող գերազանցել պաշտոնատար անձի երեք ամսվա ռոճիկը:

 

Հոդված 243. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշումը և աշխատանքային վեճերի վերաբերյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշումը ադմինիստրացիայի կողմից կատարվելու ժամկետը

 

Աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշումը և աշխատանքային վեճի վերաբերյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի ընդունած որոշումը ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի կողմից ենթակա է կատարման տասնօրյա ժամկետում, եթե որոշման մեջ դրա կատարման այլ ժամկետ սահմանված չէ: Աշխատանքում վերականգնելու վերաբերյալ վճիռները և որոշումները ենթակա են անհապաղ կատարման (241 հոդված):

 

Հոդված 244. Աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշման կամ աշխատանքային վեճի վերաբերյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշման հարկադրական կատարումը

 

Եթե ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան սույն օրենսգրքի 243 հոդվածում նշված ժամկետում չի կատարում աշխատանքային վեճի վերաբերյալ աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշումը կամ աշխատանքային վեճի վերաբերյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշումը, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեն բանվորին կամ ծառայողին տալիս է կատարողական թերթի ուժ ունեցող վկայական:

Արհմիութենական կազմակերպչից և ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ղեկավարից կազմված հանձնաժողովի ընդունած որոշումը կատարելու համար վկայական տրվում է արհեստակցական միության վերադաս մարմնի կողմից:

Վկայական ստանալու համար բանվորը կամ ծառայողը կարող է դիմել մեկ ամսվա ընթացքում այն օրից, երբ նրան է հանձնվում աշխատանքային վեճերի հանձնաժողովի նիստի արձանագրության կամ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշման քաղվածքը:

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշումը կատարելու համար վկայական չի տրվում, եթե աշխատողը կամ ադմինիստրացիան սահմանված ժամկետում դիմել է շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան աշխատանքային վեճի լուծման համար:

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի կողմից տրված և ոչ ուշ, քան երեք ամսվա ժամկետում դատական կատարածուին ներկայացված վկայականի հիման վրա վերջինիս աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշումը կամ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշումը ի կատար է ածում հարկադրական կարգով:

 

Հոդված 245. Աշխատանքային վեճեր քննող մարմինների որոշմամբ վճարված գումարների բռնագանձման սահմանափակումը

 

Աշխատանքային վեճերի հանձնաժողովի որոշման կամ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշման հիման վրա բանվորին կամ ծառայողին վճարված գումարների ետբռնագանձումը նրանից, եթե հետագայում աշխատանքային վեճը այլ լուծում է ստացել, ինչպես նաև աշխատանքային վեճի վերաբերյալ դատական վճռի հիման վրա վճարված գումարների ետբռնագանձումը, եթե հսկողության կարգով վճիռը բեկանվել է, թույլատրվում է միայն այն դեպքում, երբ բեկանված վճիռը կամ որոշումը հիմնված է եղել բանվորի կամ ծառայողի հաղորդած կեղծ տեղեկությունների կամ ներկայացրած կեղծ փաստաթղթերի վրա:

 

Հոդված 246. Աշխատանքային վեճերի քննումը ենթակայության կարգով վերադաս մարմինների կողմից

 

Ենթակայության կարգով վերադաս մարմինների կողմից աշխատանքային վեճերը քննվում են`

1) աշխատանքային վեճերի քննման կարգի կանոնադրության հ.1 հավելվածի հ.1 ցանկում նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողների դիմումներով` արձակման, արձակման պատճառների ձևակերպումը փոխելու և նրանց այլ աշխատանքի փոխադրելու, ինչպես նաև կարգապահական տույժերի ենթարկելու հարցերով.

2) աշխատանքային վեճերի քննման կարգի կանոնադրության հ.1 հավելվածի հ.2 ցանկում թվարկված պաշտոններ զբաղեցնող աշխատողների դիմումներով` արձակման կամ արձակման պատճառների ձևակերպումը փոխելու հարցերով, եթե արձակումը կապված է զբաղեցրած պաշտոնին սահմանված կարգով նրանց անհամապատասխան ճանաչելու կամ նոր ժամկետով չընտրվելու հետ.

3) իրենց կարգապահական տույժերի ենթարկելու վերաբերյալ այն աշխատողների դիմումներով, որոնք կարգապահական պատասխանատվություն են կրում ըստ կարգապահական կանոնադրությունների.

4) ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավար աշխատողների դիմումներով այն դրամական պարգևատրումների հարցերի վերաբերյալ, որոնց վճարումը, նրանց գործող կանոնադրությունների համաձայն, հաստատվում է վերադաս կազմակերպությունների ղեկավարների կողմից: Ենթակայության կարգով վերադաս մարմնի կողմից ընդունված որոշման հիման վրա նախկին աշխատանքում աշխատողին վերականգնելու դեպքում նրան վճարվում է հարկադրական պարապուրդի ժամանակի համար` արձակման օրից, կամ ցածր վարձատրվող աշխատանքի ժամանակի համար, բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար: Ընդ որում համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 240, 242 հոդվածները:

 

Հոդված 246.1 Դրամական պահանջների բավարարումը

 

Դրամական պահանջների հարցերով, բացի հարկադրական պարապուրդի ժամանակամիջոցի համար աշխատողին միջին աշխատավարձը կամ ցածր վարձատրվող աշխատանք կատարելու ժամանակամիջոցի համար աշխատավարձի տարբերությունը վճարելու պահանջներից (սույն օրենսգրքի 240 հոդված և 246 հոդվածի երկրորդ մաս), աշխատանքային վեճերը քննելիս, վեճը քննող մարմինն իրավունք ունի վճիռ կայացնել վճարելու աշխատողին նրան հասանելիք գումարները ոչ ավելի, քան մեկ տարվա համար, իսկ արձակման դեպքում` չօգտագործած արձակուրդի դիմաց դրամական փոխհատուցման հարցերով, ոչ ավելի, քան երկու աշխատանքային տարվա համար (ծայրագույն հյուսիսի շրջաններում և ծայրագույն հյուսիսի շրջաններին հավասարեցված վայրերում` ոչ ավելի, քան երեք աշխատանքային տարվա համար):

 

Հոդված 247. Աշխատանքի պայմաններ սահմանելու կամ փոփոխելու վերաբերյալ վեճերի քննման կարգը

 

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության աշխատողների և ադմինիստրացիայի միջև աշխատանքի այնպիսի նոր պայմաններ սահմանելու կամ գոյություն ունեցող այն պայմանները փոփոխելու առթիվ ծագող վեճերը, որպիսիք կարգավորված չեն աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ կամ այլ նորմատիվ դրույթներով, քննվում են ադմինիստրացիայի և ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի համաձայնությամբ, իսկ վերջինս չկայանալու դեպքում` լուծվում են վերադաս արհմիութենական և տնտեսական մարմինների համաձայնությամբ:

 

Հոդված 248. Աշխատանքի պայմաններ սահմանելու կամ փոփոխելու հարցերով ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի և ադմինիստրացիայի միջև եղած տարաձայնությունների քննարկման կարգը

 

Ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում աշխատանքի պայմաններ սահմանելու կամ փոփոխելու հարցերով ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի և ադմինիստրացիայի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են վերադաս տնտեսական և արհմիութենական մարմինների կողմից` ադմինիստրացիայի, աշխատավորական կոլեկտիվի և արհմիութենական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

ԳԼՈՒԽ 15
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ

 

Հոդված 249. Արհեստակցական միությունների մեջ միավորվելու բանվորների ու ծառայողների իրավունքը

 

ԽՍՀՄ սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան բանվորների ու ծառայողների համար ապահովվում է արհեստակցական միություններում միավորվելու իրավունքը: Արհեստակցական միությունները գործում են իրենց կողմից ընդունվող կանոնադրություններին համապատասխան և պետական մարմիններում գրանցման ենթակա չեն: Պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները պարտավոր են ըստ ամենայնի աջակցել արհեստակցական միությունների գործունեությանը:

 

Հոդված 250. Արհեստակցական միությունների իրավունքները

 

Արհեստակցական միությունները ներկայացնում են բանվորների ու ծառայողների շահերը արտադրության, աշխատանքի, կենցաղի ու կուլտուրայի բնագավառում:

Արհեստակցական միությունները մասնակցում են տնտեսական և սոցիալական զարգացման պետական պլանների մշակմանն ու իրականացմանը, նյութական ու ֆինանսական ռեսուրսների բաշխման ու օգտագործման հարցերի լուծմանը, բանվորներին ու ծառայողներին ներգրավում են ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կառավարմանը, կազմակերպում են սոցիալիստական մրցություն, մասսայական տեխնիկական ստեղծագործություն, աջակցում են արտադրական ու աշխատանքային կարգապահության ամրապնդմանը:

Աշխատանքի ու աշխատավարձի պայմանների սահմանումը, աշխատանքային օրենսդրության կիրառումը, սպառման հանրային ֆոնդերի օգտագործումը ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԽՍՀՄ նախարարների խորհրդի և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշումներով նախատեսված դեպքերում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և դրանց վերադաս մարմինների կողմից իրականացվում են համատեղ կամ արհեստակցական միությունների հետ համաձայնեցնելով:

Արհեստակցական միությունները հսկողություն ու վերահսկողություն են իրականացնում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման նկատմամբ, վերահսկում են բանվորների ու ծառայողների բնակարանային-կենցաղային սպասարկմանը:

Արհեստակցական միությունները կառավարում են պետական սոցիալական ապահովագրությունը, ինչպես և իրենց տնօրինության ներքո գտնվող սանատորիաները, պրոֆիլակտորիումներն ու հանգստյան տները, կուլտուր-լուսավորական, տուրիստական և մարզական հիմնարկները:

Հայաստանի Հանրապետության արհեստակցական միությունները, հանձին արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի, օժտված են օրենսդրական նախաձեռնության իրավունքով:

 

i
Հոդված 251. Բանվորների և ծառայողների իրավունքը մասնակցելու ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կառավարմանը

 

Բանվորները և ծառայողները իրավունք ունեն մասնակցելու ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կառավարմանը աշխատավորական կոլեկտիվների ընդհանուր ժողովների (կոնֆերանսների) և խորհուրդների, արհեստակցական միությունների և այլ հասարակական կազմակերպությունների, ժողովրդական վերահսկողության մարմինների և աշխատավորական կոլեկտիվներում գործող այլ հասարակական մարմինների միջոցով, առաջարկություններ մտցնելու ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության աշխատանքի բարելավման, ինչպես նաև սոցիալ-կուլտուրական և կենցաղային սպասարկման հարցերի մասին:

 

Հոդված 252. Ադմինիստրացիայի պարտականությունները ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կառավարմանը բանվորների ու ծառայողների մասնակցությունն ապահովող պայմաններ ստեղծելու ուղղությամբ

 

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ադմինիստրացիան պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ապահովեն բանվորների ու ծառայողների մասնակցությունը ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կառավարմանը: Ձեռնարկությունների, հիմնարկների,կազմակերպությունների պաշտոնատար անձինք պարտավոր են սահմանված ժամկետում քննության առնել բանվորների ու ծառայողների քննադատական դիտողություններն ու առաջարկությունները և նրանց հայտնել ձեռնարկված միջոցների մասին:

 

Հոդված 253. Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի մասնակցությունը պլանների նախագծերի մշակմանը

 

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեն մասնակցում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արտադրական պլանների, նոր տեխնիկայի արմատավորման, կապիտալ շինարարության պլանների նախագծերի, բնակելի շենքերի ու կուլտուր-կենցաղային օբյեկտների շինարարության ու նորոգման պլանների, ինչպես նաև կոլեկտիվի սոցիալական զարգացման նախագծերի մշակմանը:

 

Հոդված 254. Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի փոխհարաբերությունները ադմինիստրացիայի հետ

 

Արհմիութենական կոմիտեի փոխհարաբերությունները ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի հետ որոշվում են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի իրավունքների վերաբերյալ ԽՍՀՄ օրենքով: Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեն`

1) ներկայացնում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության բանվորների ու ծառայողների շահերը արտադրության, աշխատանքի, կենցաղի, կուլտուրայի ասպարեզում.

2) ադմինիստրացիայի հետ միասին բաշխում է նյութական խրախուսման ֆոնդը և սոցիալ-կուլտուրական միջոցառումների ու բնակարանային շինարարության ֆոնդը` սահմանված ուղղություններով, հաստատում է այդ ֆոնդերի ծախսման նախահաշիվները` աշխատավորական կոլեկտիվների կողմից քննարկվելուց և հավանություն ստանալուց հետո, ինչպես նաև որոշում է նյութական խրախուսման ֆոնդից պարգևատրումների ու խրախուսման մյուս տեսակների, նյութական օգնության և ձեռնարկության, կազմակերպության աշխատանքի տարեկան արդյունքների համար վարձատրության չափերը.

3) լսում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ղեկավարների զեկուցումները արտադրական պլանի, կոլեկտիվ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման, աշխատանքի պայմանների կազմակերպման ու բարելավման, բանվորների ու ծառայողների նյութական-կենցաղային և կուլտուրական սպասարկման միջոցառումների մասին և պահանջում է վերացնել հայտնաբերված թերությունները.

4) վերադաս տնտեսական և խորհրդային մարմիններ առաջարկություններ են մտցնում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության աշխատանքի բարելավման, ինչպես նաև բանվորների ու ծառայողների աշխատանքի պայմանների, նյութական-կենցաղային և կուլտուրական սպասարկման հարցերով: Հիշյալ մարմինները պարտավոր են քննել այդ առաջարկությունները և դրանց քննարկման արդյունքների մասին հաղորդել ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեին.

5) կուսակցական և կոմերիտական կազմակերպությունների ընտրովի մարմինների հետ համատեղ մասնակցում է աշխատավորական կոլեկտիվի խորհրդի կողմից սոցիալիստական մրցության պայմանների հաստատմանը և դրա արդյունքների ամփոփմանը, ադմինիստրացիայի հետ համատեղ կազմակերպում է սոցիալիստական մրցությունը, լայնորեն մասսայականացնում դրա արդյունքները, տարածում առաջավոր փորձը: Սոցիալիստական մրցության գծով պարգևավճարման բոլոր միջոցները ծախսում է ձեռնարկության, կազմակերպության ղեկավարը` համաձայնեցնելով ձեռնարկության, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ.

6) ամեն կերպ նպաստում է գյուտարարության ու ռացիոնալիզացիայի զարգացմանը և վերահսկողություն է իրականացնում ընդունված գյուտերի ու ռացիոնալիզատորական առաջարկությունների ժամանակին արմատավորմանը: Ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիայի հետ համատեղ քննության է առնում բանվորների ու ծառայողների գանգատները իրենց ռացիոնալիզատորական առաջարկությունները մերժելու վերաբերյալ, ինչպես նաև այն գանգատները, որոնք վերաբերում են ընդունված ռացիոնալիզատորական առաջարկությունների և գյուտերի համար վարձատրության հաշվարկման կարգի ու վճարման ժամկետների հարցերին.

7) մասնակցում է աշխատանքի և աշխատավարձի այն հարցերի վճռելուն, որոնք օրենսդրության համաձայն ենթակա են ադմինիստրացիայի լուծմանը` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ համատեղ կամ նրա հետ համաձայնեցնելով.

8) հսկողություն է իրականացնում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի կողմից աշխատանքային օրենսդրության, անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի կանոնների ու նորմաների պահպանման, աշխատանքի վարձատրության սահմանված պայմանների ճիշտ կիրառման նկատմամբ.

9) քննության է առնում աշխատանքի հետ կապված խեղման կամ առողջության այլ վնասվածքի հետևանքով բանվորին կամ ծառայողին պատճառված վնասը ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից հատուցվելու մասին ադմինիստրացիայի որոշման վերաբերմամբ տրված գանգատները.

10) կենսագործում է բանվորների և ծառայողների պետական սոցիալական ապահովագրությունը, նշանակում է նպաստներ սոցիալական ապահովագրության գծով, ադմինիստրացիայի հետ միասին նախապատրաստում է բանվորներին, ծառայողներին և նրանց ընտանիքներին կենսաթոշակներ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բանվորներին ու ծառայողներին ուղարկում է սանատորիաներ, պրոֆիլակտորիումներ, հանգստյան տներ, ստուգում է բանվորների, ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բուժսպասարկման կազմակերպումը.

11) ադմինիստրացիայի հետ համատեղ սահմանված կարգով բաշխում է բնակելի տարածությունը ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության տներում, ինչպես նաև այլ տներում նրանց տնօրինությանը հատկացված բնակելի տարածությունը. վերահսկում է բնակարանակենցաղային սպասարկումը:

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ղեկավար տնտեսական պաշտոններում աշխատողների նշանակումը, եթե նրանք ենթակա չեն փոխարինման ընտրությունների միջոցով, կատարվում է ադմինիստրացիայի կողմից` հաշվի առնելով ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի կարծիքը:

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեն ունի նաև այլ իրավունքներ, որոնք նախատեսված են ԽՍՀՄ օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:

 

Հոդված 255. Արհմիութենական մարմինների լիազորությունները աշխատանքային օրենսդրության պահպանման և բանվորների ու ծառայողների բնակարանակենցաղային սպասարկման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս

 

Աշխատանքային օրենսդրության, աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման, կոլեկտիվ պայմանագրերի կատարման և բանվորների ու ծառայողների բնակարանակենցաղային սպասարկման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի և վերադաս արհմիութենական մարմինների անդամները, ինչպես նաև այդ մարմինների մյուս իրավազոր ներկայացուցիչները իրավունք ունեն`

1) ցերեկվա և գիշերվա ամեն ժամի անարգել այցելելու և ստուգելու ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արտադրամասերը, բաժինները, արհեստանոցները և մյուս աշխատատեղերը.

2) ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայից պահանջելու համապատասխան փաստաթղթեր, տեղեկություններ ու բացատրություններ, ինչպես նաև ստուգելու աշխատավարձի հաշվարկները.

3) ստուգելու առևտրի և հասարակական սննդի ձեռնարկությունների աշխատանքը, ինչպես նաև պոլիկլինիկաների, մանկամսուրների, մանկապարտեզների, հանրակացարանների, բաղնիքների և տվյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության բանվորներին ու ծառայողներին սպասարկող մյուս կոմունալ-կենցաղային ձեռնարկությունների աշխատանքը:

Անհրաժեշտության դեպքում արհմիութենական մարմինները համապատասխան կազմակերպություններ առաջարկություններ են մտցնում կարգապահական պատասխանատվության ենթարկելու այն ղեկավար աշխատողներին, որոնք խախտում են աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքի պաշտպանության կանոնները: Այդ կազմակերպությունները պարտավոր են մեկամսյա ժամկետում արհմիութենական մարմնին հաղորդել ձեռք առնված միջոցների մասին:

 

Հոդված 256. Ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից արհմիութենական մարմիններին դրամական միջոցներ մասհանելը կուլտուր-մասսայական և ֆիզկուլտուրային աշխատանքի համար

 

Ձեռնարկությունները և կազմակերպությունները պարտավոր են արհմիութենական կազմակերպություններին դրամական միջոցներ մասհանել կուլտուր-մասսայական և ֆիզկուլտուրային աշխատանքի համար:

 

Հոդված 257. Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեներին շենքեր, տրանսպորտի և կապի միջոցներ տրամադրելը

 

Ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը պարտավոր է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեին անվճար տրամադրել անհրաժեշտ շենքեր` իրենց ողջ սարքավորանքով, ջեռուցմամբ, լուսավորությամբ, մաքրմամբ ու պահպանումով իր` կոմիտեի աշխատանքի համար և բանվորների ու ծառայողների ժողովներ անցկացնելու համար: Ադմինիստրացիան ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեին անվճար տրամադրում է տրանսպորտի և կապի միջոցներ:

 

Հոդված 258. Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեներին շենքեր, շինություններ, կառուցվածքներ, այգիներ և զբոսայգիներ տրամադրելը կուլտուր-լուսավորական, առողջարարական, ֆիզկուլտուրային և սպորտային աշխատանքներ կատարելու համար

 

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության բանվորների ու ծառայողների և նրանց ընտանիքների անդամների մեջ կուլտուր-լուսավորական, առողջարարական, ֆիզկուլտուրային և սպորտային աշխատանք կատարելու համար նախատեսված շենքերը, շինությունները, կառուցվածքները, այգիները, զբոսայգիները, ինչպես նաև պիոներական ճամբարները գտնվում են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հաշվեկշռի մեջ և անվճար օգտագործման են տրվում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեին:

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից հիշյալ նպատակների համար վարձակալված շենքերը, շինությունները և կառուցվածքները նույնպես հատկացվում են արհմիութենական կոմիտեի անվճար օգտագործմանը: Սույն հոդվածում մատնանշված շենքերի, շինությունների ու կառուցվածքների և պիոներական ճամբարների տնտեսական պահպանումը, վերանորոգումը, ջեռուցումը, լուսավորությունը, մաքրումը, ինչպես նաև սարքավորումը կատարվում են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հաշվին:

 

i
Հոդված 259. Լրացուցիչ երաշխիքներ ընտրովի արհմիութենական աշխատողների և աշխատավորական կոլեկտիվների խորհուրդների անդամների համար

 

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի կազմում ընտրված և իրենց արտադրական աշխատանքից չազատված բանվորներն ու ծառայողները չեն կարող փոխադրվել այլ աշխատանքի կամ կարգապահական տույժի ենթարկվել առանց ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի նախնական համաձայնության, իսկ այդ կոմիտեների նախագահներն ու արհմիութենական կազմակերպիչները` առանց վերադաս արհմիութենական մարմնի նախնական համաձայնության:

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեների արտադրական աշխատանքից չազատված նախագահների և անդամների արձակումը ադմինիստրացիայի նախաձեռնությամբ կարող է տեղի ունենալ, բացի արձակման ընդհանուր կարգը պահպանելուց, միայն վերադաս արհմիութենական մարմնի համաձայնությամբ: Ադմինիստրացիայի նախաձեռնությամբ արհմիութենական կազմակերպիչների արձակումը թույլատրվում է միայն վերադաս արհմիութենական մարմնի համաձայնությամբ:

Աշխատավորական կոլեկտիվի խորհրդի անդամները չեն կարող ադմինիստրացիայի նախաձեռնությամբ փոխադրվել այլ աշխատանքի կամ ենթարկվել կարգապահական տույժի առանց աշխատավորական կոլեկտիվի խորհրդի համաձայնության: Աշխատավորական կոլեկտիվի խորհրդի անդամների արձակումը ադմինիստրացիայի նախաձեռնությամբ, բացի արձակման ընդհանուր կարգի պահպանումից, թույլատրվում է միայն աշխատավորական կոլեկտիվի խորհրդի համաձայնությամբ:

 

i

ԳԼՈՒԽ 15-1
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿՈԼԵԿՏԻՎԸ

 

Հոդված 259.1 Աշխատավորական կոլեկտիվի ինքնակառավարումը աշխատանքի ոլորտում

 

Աշխատավորական կոլեկտիվը, հանդիսանալով ձեռնարկության լիիրավ տերը, ինքնուրույն լուծում է արտադրական և սոցիալական զարգացման բոլոր հարցերը: Օրենսդրությանը համապատասխան աշխատավորական կոլեկտիվը միջոցառումներ է իրականացնում աշխատանքի կազմակերպման, նորմավորման, վարձատրության և պաշտպանության ուղղությամբ: Սոցիալական ինքնակառավարումը իրացվում է լայն հրապարակայնության պայմաններում` կարևորագույն որոշումների մշակմանը և նրանց կատարման վերահսկողությանը ամբողջ կոլեկտիվի և նրա հասարակական կազմակերպությունների մասնակցության, ձեռնարկության ղեկավարների ընտրովիության և միանձնյա կառավարման միջոցով: Ինքնակառավարումը իրականացնում են ձեռնարկությունների, միավորումների կառուցվածքային միավորների աշխատավորական կոլեկտիվները, ստորաբաժանումների և բրիգադների կոլեկտիվները:

 

i
Հոդված 259.2 Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (կոնֆերանսի) լիազորությունները աշխատանքի ոլորտում

 

Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը (կոնֆերանսը) ընտրում է ձեռնարկության ղեկավար, աշխատավորական կոլեկտիվի խորհուրդ և լսում նրանց գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում և հաստատում է ձեռնարկության տնտեսական և սոցիալական զարգացման պլանները, ստանձնում է սոցիալիստական պարտավորություններ, հավանություն է տալիս կոլեկտիվ պայմանագրին, հաստատում է աշխատանքային ներքին կարգապահության կանոնները և քննարկում աշխատանքի բնագավառում ձեռնարկության գործունեության առավել կարևոր այլ հարցեր:

Ընդհանուր ժողովի (կոնֆերանսի) որոշումները, որոնք ընդունվել են աշխատավորական կոլեկտիվի լիազորությունների սահմաններում և օրենսդրությանը համապատասխան, պարտադիր են կոլեկտիվի անդամների և ադմինիստրացիայի, ինչպես նաև վերադաս պետական ու տնտեսական մարմինների համար:

 

Հոդված 259.3 Աշխատավորական կոլեկտիվի խորհրդի լիազորությունները

 

Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովների (կոնֆերանսների) միջև ընկած ժամանակաշրջանում նրա լիազորությունները իրականացնում է աշխատավորական կոլեկտիվի խորհուրդը:

աշխատավորական կոլեկտիվի խորհուրդը` վերահսկողություն է իրականացնում աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովների (կոնֆերանսների) որոշումների կատարման, բանվորների, ծառայողների քննադատական դիտողությունների և առաջարկությունների կենսագործման նկատմամբ, աշխատավորական կոլեկտիվին տեղյակ է պահում դրանց կատարման մասին.

լսում է ադմինիստրացիայի պլանների և պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի, արտադրատնտեսական գործունեության արդյունքների մասին, նախատեսում է միջոցառումներ, որոնք կնպաստեն ձեռնարկության առավել արդյունավետ աշխատանքին, սոցիալական արտադրության սկզբունքի պահպանմանը.

կուսակցական, արհմիութենական և կոմերիտական կազմակերպությունների ընտրովի մարմինների հետ համատեղ հաստատում է սոցիալիստական մրցության պայմանները և ամփոփում դրա արդյունքները.

լուծում է ձեռնարկության կառավարման և կազմակերպական կառուցվածքի կատարելագործման, ըստ աշխատողների անձնական ներդրման նրանց աշխատանքի վարձատրության համապատասխանությունը ապահովելու և սոցիալական բարիքները արդարացի բաշխելու հարցերը.

որոշումներ է ընդունում արտադրության, գիտության և տեխնիկայի զարգացման, նյութական խրախուսման, սոցիալական զարգացման ֆոնդերի օգտագործման մասին, բնակելի տների, մանկական հիմնարկների, ճաշարանների շինարարության, աշխատանքի պայմանների և աշխատանքի պաշտպանության, բանվորների, ծառայողների բժշկական, կենցաղային և կուլտուրական սպասարկման բարելավման համար միջոցների տրամադրման մասին, լուծում է կոլեկտիվի սոցիալական զարգացման այլ հարցեր.

լուծում է կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման, աշխատանքային ներքին կարգապահության կանոնների, ձեռնարկությունում պետական, արտադրական և աշխատանքային կարգապահության պահպանման հարցերը, նախատեսում է այն ամրապնդելու միջոցառումներ.

վերահսկողություն է իրականացնում նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդերի միջոցների հաշվին արտադրության նորարարներին, առաջավորներին, պատերազմի և աշխատանքի վետերաններին արտոնություններ և առավելություններ տալու նկատմամբ.

լսում է ստորաբաժանումների կոլեկտիվների ներկայացուցիչներին, առաջարկություններ է մտցնում աշխատանքում ձեռք բերած հաջողությունների համար բարոյական և նյութական խրախուսման միջոցների կիրառման մասին, քննության է առնում պետական պարգևների ներկայացնելու հարցերը.

լուծում է արտադրությունների, արտադրամասերի, բաժանմունքների, տեղամասերի և մյուս ստորաբաժանումների կոլեկտիվների խորհուրդների ընտրության հարցերը և որոշում նրանց իրավունքները` ձեռնարկության (միավորման կառուցվածքային միավորի) աշխատավորական կոլեկտիվի խորհրդի լիազորությունների սահմաններում.

լուծում է արտադրական և սոցիալական զարգացման այլ հարցեր, եթե դրանք վերապահված չեն աշխատավորական կոլեկտիվի ժողովի (կոնֆերանսի) իրավասությանը:

Աշխատավորական կոլեկտիվի խորհուրդը աշխատում է ադմինիստրացիայի, կուսակցական, արհմիութենական, կոմերիտական և այլ հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: Աշխատավորական կոլեկտիվի խորհրդի որոշումները, որոնք ընդունվել են նրա լիազորությունների սահմաններում և օրենսդրությանը համապատասխան, պարտադիր են ադմինիստրացիայի և կոլեկտիվի անդամների համար: Աշխատավորական կոլեկտիվի խորհրդի որոշման հետ ադմինիստրացիայի համաձայն չլինելու դեպքում հարցը լուծվում է աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովում (կոնֆերանսում):

 

Հոդված 259.4 Ղեկավարների ընտրությունները աշխատավորական կոլեկտիվներում

 

Ձեռնարկությունների, միավորումների կառուցվածքային միավորների, ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև վարպետները և բրիգադավարներն ընտրվում են համապատասխան կոլեկտիվի ընդհանուր ժողովում (կոնֆերանսում) և հաստատվում են սահմանված կարգով: Եթե կոլեկտիվի կողմից ընտրված թեկնածությունը հաստատված չէ վերադաս մարմնի կողմից, անցկացվում են նոր ընտրություններ: Ընդ որում, վերադաս մարմինը պարտավոր է կոլեկտիվին բացատրել ընտրությունների արդյունքները հաստատելուց հրաժարվելու պատճառները: Ձեռնարկությունների, միավորումների կառուցվածքային միավորների ընտրված ղեկավարները կարող են ժամկետից շուտ ազատվել պաշտոնից աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (կոնֆերանսի) որոշման, կամ նրա լիազորությամբ` աշխատավորական կոլեկտիվի խորհրդի որոշման հիման վրա, իսկ ստորաբաժանումների ղեկավարները, վարպետները և բրիգադավարները` համապատասխան կոլեկտիվի որոշմամբ: Ձեռնարկությունների և միավորումների կառուցվածքային միավորների ղեկավարներին օրենսդրությամբ նախատեսված հիմքերով ժամկետից շուտ ազատելու մասին կոլեկտիվի որոշումը ենթակա է կատարման վերադաս մարմնի կողմից, իսկ ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև վարպետների և բրիգադավարների վերաբերյալ որոշումը` ձեռնարկության ղեկավարի կողմից: Աշխատանքից ազատելու վերաբերյալ ղեկավարների, վարպետների գանգատները, իսկ բրիգադավարներին` բրիգադի ղեկավարությունից ազատելու վերաբերյալ գանգատները քննարկվում են վերադաս տնտեսական և արհմիութենական մարմինների կողմից համատեղ:

Լիազորությունների ժամկետը լրանալուց հետո ղեկավարները, ինչպես նաև վարպետները և բրիգադավարները կարող են ընտրվել նորից կամ նրանց տրվում է այլ աշխատանք, պահպանելով սույն օրենսգրքի 116 հոդվածով սահմանված երաշխիքները:

 

Հոդված 259.5 Աշխատավորական կոլեկտիվի նյութական շահագրգռվածության ընդհանուր սկզբունքները տնտեսական գործունեության արդյունքների մեջ

 

Ձեռնարկության աշխատանքում նվաճումները և կորուստները անմիջականորեն ազդում են կոլեկտիվի տնտհաշվարկային եկամտի մակարդակի, յուրաքանչյուր աշխատողի բարեկեցության վրա: Ձեռնարկությունը, որն ապահովում է լավագույն արտադրանքի (աշխատանքի, ծառայությունների) արտադրությունն ու իրացումը նվազագույն ծախսումներով, ստանում է ավելի մեծ տնտհաշվարկային եկամուտ և առավելություն իր արտադրական և սոցիալական զարգացման ու աշխատողների աշխատանքի վարձատրության հարցում:

Ձեռնարկության կողմից մյուս կազմակերպություններին և պետությանը պատճառված վնասների հատուցումը, տուգանքների, տուժանքների և օրենսդրությամբ սահմանված այլ սանկցիաների վճարումը կատարվում է կոլեկտիվի տնտհաշվարկային եկամտի հաշվին: Ադմինիստրացիան որոշում է կոնկրետ այն ստորաբաժանումներին և աշխատողներին, որոնք մեղավոր են ձեռնարկությանը պատճառված վնասի համար, այդ մասին տեղյակ է պահում աշխատավորական կոլեկտիվին և կոնկրետ ստորաբաժանումների ու աշխատողների վրա դնում է գույքային (նյութական) պատասխանատվություն օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 259.6 Բրիգադի կոլեկտիվի ձևավորումը

 

Բրիգադի մեջ նոր աշխատողների ընդունումը կատարվում է բրիգադի կոլեկտիվի համաձայնությամբ: Բրիգադին չի թույլատրվում մերժել այն աշխատողների ընդունումը, որոնք բրիգադ են ուղարկվել օրենսդրությանը համապատասխան աշխատանքի տեղավորման կարգով (երիտասարդ մասնագետներ, պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության համակարգի ուսումնական հաստատությունների շրջանավարտներ և այլն): Բրիգադի կոլեկտիվը իրավունք ունի ադմինիստրացիայից պահանջելու բրիգադի կազմից հանել աշխատողների` բրիգադի թվի կրճատման, կատարվող աշխատանքին աշխատողի անհամապատասխանության և սույն օրենսգրքի 36 հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Ադմինիստրացիան, օրենսդրությանը համապատասխան, այդ աշխատողներին, նրանց համաձայնությամբ, փոխադրում է այլ աշխատանքի կամ արձակում է սահմանված կարգով:

 

Հոդված 259.7 Բրիգադում կոլեկտիվի վաստակի բաշխումը` աշխատանքային մասնակցության գործակցի կիրառմամբ

 

Բրիգադի կոլեկտիվը կարող է բաշխել կոլեկտիվ վաստակը` կիրառելով աշխատանքային մասնակցության գործակից: Բրիգադի անդամների համար գործակիցները հաստատվում են բրիգադի կոլեկտիվի կողմից` բրիգադավարների (բրիգադի խորհրդի) ներկայացմամբ:

Աշխատանքային մասնակցության գործակից կիրառելիս աշխատողի աշխատավարձը չի կարող ցածր լինել պետության կողմից սահմանված նվազագույն չափից (հոդված 84):

 

Հոդված 259.8 Ադմինիստրացիայի և բրիգադի փոխադարձ պատասխանատվությունը

 

Ձեռնարկության, միավորման, կառուցվածքային ստորաբաժանման ադմինիստրացիան բրիգադի առջև պատասխանատվություն է կրում բարձր արտադրողական աշխատանքի նորմալ պայմաններ ստեղծելու համար (աշխատանք տրամադրել, ապահովել մեխանիզմների և սարքավորումների սարքին վիճակը, ապահովել տեխնիկական փաստաթղթերով, նյութերով և գործիքներով, էներգիայով, ստեղծել աշխատանքի անվտանգ և առողջ պայմաններ): Բրիգադի կողմից արտադրական ցուցանիշներն ադմինիստրացիայի մեղքով չկատարվելու դեպքում բրիգադի համար պահպանվում է աշխատանքի վարձատրության ֆոնդը` հաշվարկված ըստ տարիֆային դրույքների: Այն պաշտոնատար անձինք, ովքեր ադմինիստրացիայի պարտականությունների խախտման մեջ մեղավոր են բրիգադի առջև, ենթարկվում են կարգապահական պատասխանատվության, իսկ բրիգադին ավելորդ դրամական վճարումների համար` նաև նյութական պատասխանատվության ձեռնարկության առջև` օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով:

Բրիգադը ձեռնարկության ադմինիստրացիայի առջև պատասխանատվություն է կրում արտադրական ցուցանիշները իր մեղքով չկատարելու համար: Այդպիսի դեպքերում վարձատրությունն իրականացվում է կատարված աշխատանքի համար, պարգևավճարումներ և այլ խրախուսական վճարումներ չեն կատարվում: Բրիգադի մեղքով թողարկված անորակ արտադրանքով ձեռնարկությանը պատճառված վնասը հատուցվում է նրա կոլեկտիվ վաստակից` բրիգադի ամսական միջին վաստակի սահմաններում: Բրիգադի անդամների միջև կոլեկտիվ վաստակը բաշխելիս հաշվի է առնվում անորակ արտադրանք թողարկելու մեջ կոնկրետ աշխատողների մեղքը:

 

ԳԼՈՒԽ 16
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 260. Սոցիալական ապահովագրության տարածումը բոլոր բանվորների և ծառայողների վրա

 

Բոլոր բանվորներն ու ծառայողները ենթակա են պարտադիր պետական սոցիալական ապահովագրության:

 

Հոդված 261. Սոցիալական ապահովագրության միջոցները

 

Բանվորների ու ծառայողների պետական սոցիալական ապահովագրությունն իրականացվում է պետության հաշվին:

Սոցիալական ապահովագրության համար կատարվող մուծումները վճարվում են ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից` առանց բանվորների ու ծառայողների աշխատավարձից որևէ պահում կատարելու: Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից ապահովագրական մուծում չկատարելը բանվորներին ու ծառայողներին չի զրկում պետական սոցիալական ապահովագրության գծով ապահովության իրավունքից:

 

Հոդված 262. Ապահովության տեսակները ըստ սոցիալական ապահովագրության

 

Բանվորներն ու ծառայողները, իսկ համապատասխան դեպքերում նաև նրանց ընտանիքների անդամները պետական սոցիալական ապահովագրության կարգով ապահովվում են`

1) ժամանակավոր անաշխատունակության նպաստներով, իսկ կանայք, բացի դրանից, հղիության, ծննդաբերության և մինչև երեխայի մեկ տարեկան դառնալը նրան խնամելու նպաստներով.

2) երեխայի ծննդյան նպաստներով.

3) թաղման նպաստներով.

4) ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակներով, ինչպես նաև աշխատողների որոշ կատեգորիաների համար սահմանված երկարամյա ծառայության կենսաթոշակներով:

Պետական սոցիալական ապահովագրության միջոցները օգտագործվում են նաև բանվորների ու ծառայողների սանատորակուրորտային բուժման համար, պրոֆիլակտորիումներում ու հանգստյան տներում նրանց սպասարկման համար, բուժական (դիետիկ) սննդի, պիոներական ճամբարների պահպանության ու պետական սոցիալական ապահովագրության այլ միջոցառումների համար:

Սոցիալական ապահովագրության միջոցները ծախսվել կարող են միայն իրենց ուղղակի նպատակով:

 

Հոդված 263. Ժամանակավոր անաշխատունակության նպաստներով ապահովելը

 

Ժամանակավոր անաշխատունակության նպաստներ վճարվում են հիվանդության, խեղման, հիվանդության կապակցությամբ ժամանակավորապես այլ աշխատանքի փոխադրելու, ընտանիքի հիվանդ անդամին խնամելու, կարանտինի, սանատորակուրորտային բուժման և պրոթեզավորման դեպքում` մինչև լրիվ վաստակի չափով:

Հիվանդության կամ խեղման դեպքերում նպաստ վճարվում է մինչև աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամության որոշվելը:

 

Հոդված 264. Հղիության և ծննդաբերության նպաստներով ապահովելը

 

Հղիության և ծննդաբերության նպաստ վճարվում է հղիության և ծննդաբերության ամբողջ արձակուրդի ընթացքում լրիվ վաստակի չափով:

 

Հոդված 265. Երեխայի ծննդյան դեպքում նպաստներով ապահովելը

 

Երեխայի ծննդյան նպաստը տրվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կազմված է նորածնի խնամքի առարկաներ ձեռք բերելու միանվագ նպաստից ու երեխային կերակրելու նպաստից:

 

Հոդված 266. Թաղման նպաստներով ապահովելը

 

Թաղման նպաստ տրվում է բանվորի կամ ծառայողի մահվան, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների մահվան դեպքում:

 

i
Հոդված 266.1 Նպաստներ տալու հիմնական պայմանները և չափերը

 

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքներին համապատասխան պետական սոցիալական ապահովագրության գծով նպաստներ տալու հիմնական պայմաններն ու չափերը սահմանում է ԽՍՀՄ նախարարների խորհուրդը ՀԱՄԿԽ-ի հետ համատեղ:

 

i
Հոդված 267. Կենսաթոշակային ապահովություն

 

Բանվորներին, ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակները նշանակվում են պետական կենսաթոշակների մասին ԽՍՀՄ օրենքին համապատասխան:

 

Հոդված 268. Ծերության կենսաթոշակ

 

Բանվորներն ու ծառայողները ծերության կենսաթոշակի իրավունք ունեն` 60 տարեկան դարձած տղամարդիկ` առնվազն 25 տարվա աշխատանքի ստաժի առկայությամբ, 55 տարեկան դարձած կանայք` առնվազն 20 տարվա աշխատանքի ստաժի առկայությամբ:

Արտոնյալ պայմաններով (տարիքի և ստաժի կամ միայն տարիքի իջեցմամբ) ծերության կենսաթոշակի իրավունք ունեն` ստորերկրյա աշխատանքներում, աշխատանքի վնասակար պայմաններ ունեցող աշխատանքներում և տաք արտադրամասերում ու ծանր պայմաններ ունեցող այլ աշխատանքներում զբաղված բանվորներն ու ծառայողները. տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունների բանվորուհիները` ըստ արտադրությունների և պրոֆեսիաների ցանկի, 5 կամ ավելի երեխա ծնած և նրանց մինչև 8 տարեկան դառնալը դաստիարակած կանայք. զինծառայողների թվից այն հաշմանդամ բանվորներն ու ծառայողները, որոնք հաշմանդամ են դարձել ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական ծառայության այլ պարտականություններ կատարելիս ստացած վերքերի, կոնտուզիայի կամ խեղման հետևանքով, կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդությունների հետևանքով. բանվորների և ծառայողների որոշ այլ կատեգորիաներ:

 

Հոդված 269. Հաշմանդամության և կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակներ

 

Հաշմանդամության և կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակներ նշանակվում են աշխատողի հաշմանդամության կամ կերակրողի մահվան դեպքում, որոնք տեղի են ունեցել աշխատանքային խեղման, պրոֆեսիոնալ հիվանդության հետևանքով, աշխատանքի հետ չկապված ընդհանուր հիվանդության կամ խեղման հետևանքով:

 

ԳԼՈՒԽ 17
ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ: ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՅԴ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 270. Աշխատանքային օրենսդրության պահպանմանը հսկող և վերահսկող մարմինները

 

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքների 104 հոդվածին համապատասխան աշխատանքային օրենսդրության և աշխատանքի կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրագործում են`

1) հատկապես դրա համար լիազորված պետական մարմիններն ու տեսչությունները, որոնք իրենց գործունեության մեջ անկախ են ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ադմինիստրացիայի և դրանց վերադաս մարմիններից.

2) արհեստակցական միությունները, ինչպես նաև դրանց տնօրինության ներքո գտնվող աշխատանքի տեխնիկական և իրավական տեսչությունները` համաձայն ՀԱՄԿԽ-ի կողմից հաստատված այդ տեսչությունների կանոնադրությունների:

Պատգամավորների խորհուրդները և նրանց գործադիր ու կարգադրիչ մարմինները աշխատանքային օրենսդրության պահպանման վերահսկողություն իրականացնում են ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Նախարարությունները, պետական կոմիտեները և գերատեսչությունները ներգերատեսչական կարգով վերահսկում են աշխատանքային օրենսդրության պահպանմանը իրենց ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում:

Աշխատանքի վերաբերյալ օրենքների ճշգրիտ ու միատեսակ կատարման նկատմամբ բարձրագույն հսկողությունը դրվում է ԽՍՀՄ գլխավոր դատախազի և նրան ենթակա Հայաստանի Հանրապետության դատախազի և ստորադաս դատախազների վրա` ԽՍՀՄ դատախազության մասին ԽՍՀՄ օրենքին համապատասխան:

 

Հոդված 271. Պետական հսկողությունը արդյունաբերության մեջ աշխատանքի անվտանգ կատարման նկատմամբ

 

Արդյունաբերության առանձին ճյուղերում և որոշ օբյեկտներում անվտանգ աշխատանքի կանոնները պահպանելու նկատմամբ պետական հսկողությունը իրագործում են (արհեստակցական միությունների տեխնիկական տեսչության հետ մեկտեղ) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման հսկողության և լեռնային հսկողության պետական կոմիտեն (ՀՀ պետլեռտեխհսկողություն) և նրա տեղական մարմինները` այդ կոմիտեի կանոնադրությանը համապատասխան:

Հիշյալ հսկողությունը ՀՀ-ում իրագործվում է լեռնահանքային, լեռնաքիմիական, ոչ հանքային, քիմիական, մետալուրգիական արդյունաբերության մեջ, երկրաբանական-հետախուզական էքսպեդիցիաներում և արշավախմբերում, ինչպես և վերամբարձ կառուցվածքներ, կաթսայական տեղակայումներ ու ճնշման տակ աշխատող անոթներ, շոգու և տաք ջրի խողովակաշարեր, գազի տեղափոխման, պահպանման ու օգտագործման հետ կապված օբյեկտներ կառուցելիս և շահագործելիս, արդյունաբերության մեջ պայթուցիկ աշխատանքներ կատարելիս:

 

Հոդված 272. Պետական էներգետիկ հսկողություն

 

Էլեկտրական և ջերմաօգտագործման կառուցվածքների անվտանգ սպասարկումն ապահովող միջոցառումների նկատմամբ պետական հսկողությունը իրականացվում է ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրիֆիկացիայի նախարարության սիստեմի պետական հսկողության մարմինների կողմից` ԽՍՀՄ-ում պետական էներգետիկ հսկողության կանոնադրությանը համապատասխան:

 

Հոդված 273. Պետական սանիտարական հսկողություն

 

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից հիգիենիկ նորմաները` սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները պահպանելու նկատմամբ պետական սանիտարական հսկողությունը իրականացնում են ԽՍՀՄ առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սանիտարահամաճարակային ծառայության մարմիններն ու հիմնարկները` ԽՍՀՄ-ում պետական սանիտարական հսկողության կանոնադրությանը համապատասխան, իսկ որոշ օբյեկտների գծով` համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների բուժական ծառայության մարմինները:

 

Հոդված 274. Հասարակական վերահսկողությունը աշխատանքային օրենսդրությունը պահպանելու նկատմամբ

 

Աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքի պաշտպանության կանոնները պահպանելու նկատմամբ հասարակական վերահսկողությունը իրականացնում են արհեստակցական միությունները, ինչպես նաև ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հասարակական տեսուչներն ու հանձնաժողովները` ՀԱՄԿԽ-ի կողմից հաստատվող նրանց կանոնադրություններին համապատասխան:

Հասարակական սանիտարական վերահսկողությունը իրականացնում են ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում գոյություն ունեցող հասարակական սանիտարական տեսուչները:

 

i
Հոդված 275. Պատասխանատվություն աշխատանքային օրենսդրությունը խախտելու համար

 

Աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, աշխատանքի պաշտպանության վերաբերյալ կոլեկտիվ պայմանագրերով և համաձայնություններով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ արհեստակցական միությունների գործունեությանը խոչընդոտ հանդիսանալու մեջ մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 18
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 276. Սույն օրենսգրքով նախատեսված ժամկետների հաշվումը

 

Այն ժամկետների ընթացքը, որոնց հետ սույն օրենսգիրքը կապում է աշխատանքային իրավունքների ու պարտականությունների ծագում, փոփոխում կամ դադարում, սկսվում է նրա սկիզբը որոշող օրացուցային ամսաթվից հետո հաջորդ օրը:

Տարիներով, ամիսներով, շաբաթներով հաշվվող ժամկետները լրանում են ժամկետի վերջին տարվա, ամսվա կամ շաբաթվա համապատասխան օրը: Օրացուցային շաբաթներով կամ օրերով հաշվվող ժամկետների մեջ մտցվում են նաև ոչ աշխատանքային օրերը:

Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի ավարտման օրը համարվում է այդ օրվան հաջորդող ամենամոտիկ աշխատանքային օրը:

 

i
Հոդված 277. Աշխատանքային արտոնություններ բանվորների և ծառայողների որոշ կատեգորիաների համար

 

ՍՍՀ Միության օրենսդրությամբ և, դրանով որոշվող սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են աշխատանքային արտոնություններ սահմանվել հանրապետության բարձրադիր վայրերում աշխատող բանվորների ու ծառայողների, ինչպես նաև բանվորների ու ծառայողների որոշ այլ կատեգորիաների համար:

Սույն հոդվածի առաջին մասում նշված վայրերում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան իրավունք չունի առանց արհմիութենական կոմիտեի համաձայնության բանվորին կամ ծառայողին մերժելու պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նոր կամ անորոշ ժամկետով պայմանագիր կնքելը, եթե աշխատողների թիվը կամ հաստիքները չեն կրճատվում:

 

Հոդված 278. Աշխատաժամանակի և հանգստի ժամանակի կարգավորման առանձնահատկությունը ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերում

 

ԽՍՀ Միության օրենսդրությամբ և, դրանով որոշվող սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են աշխատաժամանակի և հանգստի ժամանակի կարգավորման առանձնահատկություններ սահմանվել տրանսպորտում, կապի և գյուղատնտեսության ձեռնարկություններում ու կազմակերպություններում` ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքներով որոշվող նորմաների սահմաններում:

 

Հոդված 279. Սեզոնային, ժամանակավոր և որոշ այլ կատեգորիաների բանվորների ու ծառայողների աշխատանքի հատուկ պայմանները

 

ԽՍՀ Միության օրենսդրությամբ և, դրանով որոշվող սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են աշխատանքի հատուկ պայմաններ սահմանվել սեզոնային աշխատանքներում կամ անտառային արդյունաբերության մեջ և անտառային տնտեսությունում զբաղված բանվորների ու ծառայողների, ժամանակավոր բանվորների ու ծառայողների համար, ինչպես նաև այն անձանց համար, ովքեր պայմանագրերով աշխատում են քաղաքացիների մոտ (տնային ծառայողներ և այլն), ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքներից որոշ բացառություններ անելով` աշխատաժամանակի և հանգստի ժամանակի ռեժիմի, արտաժամյա և ոչ աշխատանքային օրերին աշխատանքի ներգրավելու, այդ աշխատանքի համար փոխհատուցում տալու, ժամանակավորապես այլ աշխատանքի փոխադրելու և աշխատանքից արձակելու հարցերում:

 

i
Հոդված 280. Որոշ կատեգորիաների բանվորների և ծառայողների աշխատանքային պայմանագիրը որոշակի պայմաններում դադարեցնելու լրացուցիչ հիմքերը

 

Բացի սույն օրենսգրքի 32, 36 հոդվածներով նախատեսված հիմքերից, որոշ կատեգորիաների բանվորների և ծառայողների աշխատանքային պայմանագիրը, ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, կարող է դադարեցվել այն դեպքում`

i

1) երբ մեկ անգամ կոպիտ կերպով խախտվել են ենթակայության կարգով կարգապահական պատասխանատվություն կրող աշխատողների աշխատանքային պարտականությունները.

2) երբ անմիջականորեն դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկող աշխատողի կողմից հանցավոր գործողություններ են կատարվել, եթե այդ գործողությունները նրա նկատմամբ ադմինիստրացիայի վստահությունը կորցնելու հիմք են տալիս.

3) երբ դաստիարակչական ֆունկցիաներ կատարող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի անբարոյական արարք.

4) երբ դատարանի որոշման հիման վրա աշխատողն ուղարկվել է բուժաշխատանքային պրոֆիլակտորիում:

ԽՍՀ Միության օրենսդրությամբ և, դրանով որոշվող սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են որոշ կատեգորիաների բանվորների և ծառայողների աշխատանքային պայմանագրերի դադարեցման լրացուցիչ հիմքեր սահմանվել աշխատանքի ընդունման սահմանված կանոնների խախտման և այլ դեպքերում: 2-րդ և 3-րդ կետերում մատնանշված հիմքերով աշխատանքային պայմանագրերի լուծումը կատարվում է սույն օրենսգրքի 38 հոդվածի կանոնների պահպանումով:

 

Հոդված 281. Բանվորների և ծառայողների նյութական պատասխանատվությունը այն դեպքում, երբ վնասի փաստական չափը գերազանցում է նրա անվանական չափին

 

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքներին համապատասխան, գույքի և մյուս արժեքների առանձին տեսակների հափշտակման, դիտավորյալ փչացման, պակասորդի կամ կորստյան միջոցով ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառված վնասի համար, ինչպես նաև այն դեպքում, երբ վնասի փաստական չափը գերազանցում է նրա անվանական չափին, բանվորների և ծառայողների նյութական պատասխանատվության սահմանները որոշվում են ԽՍՀ Միության օրենքներով և ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշումներով:

 

Հոդված 282. Որոշ կատեգորիաների բանվորների և ծառայողների աշխատանքի կարգավորման այլ առանձնահատկությունները

 

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքներին համապատասխան` բանվորների և ծառայողների որոշ կատեգորիաների աշխատանքի կարգավորման մյուս առանձնահատկությունները առանձին հարցերում կարող են սահմանվել միայն ԽՍՀ Միության օրենքներով և ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշումներով:

 

 

pin
ՀՀ 16.06.1972
օրենսգիրք