Սեղմել Esc փակելու համար:
{27.07.2019 - 01.07.2022} ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{27.07.2019 - 01.07.2022} ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.07.2019  -ից մինչեւ   01.07.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

27.07.2019 - 01.07.2022

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 3-ին

 

i

ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է գրավատնային գործունեության հետ կապված հարաբերությունները, սահմանում է գրավատների կողմից վարկավորման պայմաններն ու գրավատնային գործունեության նկատմամբ պետական վերահսկողության կարգը:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

գրավատնային գործունեություն` ֆիզիկական անձանց անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված կարճաժամկետ վարկերի տրամադրման և պահատվության ձեռնարկատիրական գործունեություն.

գրավատուն` գրավատնային գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստացած կազմակերպություն.

գրավատան տարածք` գրավատնային գործունեության համար անհրաժեշտ հիմնական շինության տարածք, որտեղ պահպանվում են կանխիկ դրամը, գրավի առարկաները (ի պահ հանձնված գույքը) և վարկավորման վերաբերյալ փաստաթղթերը, կատարվում է հաճախորդների ընդունելություն և վարկերի տրամադրում, ինչպես նաև գրավատնային գործունեության հետ կապված այլ գործառույթներ.

լիազոր մարմին` գրավատնային գործունեությունը լիցենզավորող և վերահսկող` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

հայտատու` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը դիմել է լիազոր մարմնին` գրավատան կազմակերպման լիցենզիա ստանալու, լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, լիցենզիայի կրկնօրինակ ստանալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հարցերով.

մեծածավալ իրեր` փոխադրամիջոցներ և կենցաղային իրեր, որոնք չեն կարող պահպանվել գրավատան տարածքում գտնվող երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված սենյակի չհրկիզվող պահարաններում.

փոքրածավալ իրեր` ոսկերչական իրեր և թանկարժեք քարեր, ինչպես նաև այլ կենցաղային իրեր, որոնք կարող են պահպանվել գրավատան տարածքում գտնվող երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված սենյակի չհրկիզվող պահարաններում.

պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգ` տեխնիկական սարքավորում կամ սարքավորումների համախումբ, որը վերահսկում է օրվա ցանկացած ժամի կամ որոշակի ժամերի ընթացքում անձանց մուտքը գրավատան տարածք, դրանում կրակի առկայությունը կամ հրդեհի իրական վտանգը.

վարկավորման վերաբերյալ փաստաթղթեր` վարկային պայմանագիր, գրավատոմս (գրավի պայմանագիր), անվանական պահպանական անդորրագիր և վարկառուի (պահատուի) վճարների հաշվառման անձնական քարտ, ինչպես նաև սույն օրենքով սահմանված այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն օրենքի պահանջների պահպանման հավաստիությունը որոշելու համար.

գրավատոմս` վարկային պայմանագրում նշված գրավի հաշվառման փաստաթուղթ.

անվանական պահպանական անդորրագիր` պահառության պայմանագրում նշված` ի պահ վերցված գույքի հաշվառման փաստաթուղթ.

վարկի գումար` գրավատան կողմից վարկային պայմանագրին համապատասխան վարկառուի հաշվին փոխանցված կամ վարկառուին փաստացի վճարված (չեկով, քարտով կամ բանկային պրակտիկայում ընդունված այլ վճարային գործիքներով) դրամական միջոցներ.

վարկի ժամկետի սկիզբ` վարկի ամբողջ գումարը վարկառուի հաշվին փոխանցելու կամ վարկառուին փաստացի վճարելու օրվան հաջորդող օրը.

վարկի մարման ժամկետ` այն օրը, երբ վարկային պայմանագրին համապատասխան գրավատանն ամբողջությամբ պետք է վերադարձվի վարկի գումարը և վճարվեն բոլոր տոկոսավճարները.

վարկի ժամկետ` վարկի ժամկետի սկզբի և ամբողջությամբ մարման ժամկետի միջև ընկած ժամանակահատվածը, ներառյալ` առաջին և վերջին օրերը: Ընդ որում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի, վերոհիշյալ ժամանակահատվածում հաշվի են առնվում բոլոր օրերը` անկախ դրանց աշխատանքային կամ ոչ աշխատանքային լինելու հանգամանքից.

տոկոսավճար` վարկային պայմանագրին համապատասխան, որպես վարկի փոխհատուցում, գրավատանը վճարվող գումար, որը հավասար է վարկի գումարի, օրերով արտահայտված վարկի ժամկետի (դրա մի մասի) և վարկի օրական տոկոսի արտադրյալի հարյուրերորդ մասին:

(2-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-246-Ն օրենք)

 

Հոդված 3. Գրավատնային գործունեություն իրականացնողները

 

Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություն)` լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիայի հիման վրա:

 

Հոդված 4. «Գրավատուն» բառի օգտագործումը

 

1. «Գրավատուն» բառը, դրա ածանցյալները կամ թարգմանություններն իր անվանման կամ ցուցանակների մեջ կարող է օգտագործել միայն գրավատան կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպությունը:

2. Գրավատունը չի կարող իր անվանման մեջ օգտագործել ապակողմնորոշող այնպիսի բառեր, որոնք կարող են տեղիք տալ գրավատան ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ թյուր ենթադրությունների:

 

ԳԼՈՒԽ 2.
ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 5. Գրավատան և վարկառուի միջև հարաբերությունները

 

1. Գրավատան և վարկառուի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պայմանագրային հիմունքներով:

2. Վարկային պայմանագրերը կնքվում են գրավատան կողմից հաստատված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված վարկավորման ընդհանուր պայմաններին համապատասխան:

3. Հայտատուն վարկավորման ընդհանուր պայմանները լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացնում լիցենզիա ստանալու հայտի հետ միասին:

4. Գրավատան վարկավորման ընդհանուր պայմաններում կատարվող փոփոխություններն ու լրացումները գրավատունը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` նախքան դրանց կիրառումը, փոփոխությունները ներկայացնելով լիազոր մարմին` երկու օրինակից:

Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում` վարկավորման ընդհանուր պայմաններում առաջարկվող փոփոխություններին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է գրավատանը:

Եթե լիազոր մարմինն ընդունել է գրավատան վարկավորման պայմանների փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա գրավատունը պարտավոր է այդ որոշումը ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում գրավատանը տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված վարկավորման ընդհանուր պայմաններում կատարված փոփոխության մեկ օրինակը: Եթե գրավատունը վերոհիշյալ որոշումն ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա վերջինիս որոշումը` գրավատան վարկավորման պայմանների փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ, համարվում է չեղյալ:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փոփոխություններին և լրացումներին լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե դրանք`

ա) հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին.

բ) վարկառուներին կարող են պատճառել վնաս:

6. Գրավատունը վարում է վարկային պայմանագրերի գրանցամատյան, որը համարակալում, կարում և ստորագրում է գործադիր մարմնի ղեկավարը: Հերթական վարկային պայմանագիրը կնքելիս և համապատասխան քարտը բացելուց անմիջապես հետո գրանցամատյանում նշվում են`

ա) հերթական գրառման համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

բ) վարկառուի անձնագրային տվյալները.

գ) վարկային պայմանագրի և համապատասխան գրավատոմսի (գրավատոմսերի) համարը (համարները).

դ) վարկի չափը և ժամկետը.

ե) վարկի մարման մասին տեղեկություն.

զ) այլ տեղեկություններ:

i

7. Վարկային պայմանագրերի գրանցամատյանի օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը:

(5-րդ հոդ. փոփ. 19.03.12 ՀՕ-67-Ն օրենք)

 

Հոդված 6. Գրավատներին ներկայացվող պահանջները

 

1. Գրավատան վարկային միջոցների աղբյուր են համարվում սեփական միջոցները, մասնակիցներից ներգրավված փոխառությունները, բանկերից և այլ կազմակերպություններից ստացված վարկերն ու փոխառությունները:

2. Գրավատունը`

ա) գրավատնային գործունեություն է իրականացնում միայն լիցենզիայում նշված տարածքում (հասցեում), ընդ որում, գրավատան կողմից այլ տարածքներում գրավատնային գործունեություն իրականացնելը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում.

բ) փոքրածավալ իրեր հանդիսացող գրավադրված (ի պահ հանձնված) գույքը պահպանում է գրավատան տարածքում գտնվող երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված սենյակի չհրկիզվող պահարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում` վերջինիս հետ կնքված պայմանագրի համաձայն.

գ) մեծածավալ իրեր հանդիսացող գրավադրված (ի պահ հանձնված) գույքը պահպանում է սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված տարածքում, որը պետք է համապատասխանի սույն մասի «ե» ենթակետի պահանջներին.

դ) իրականացնում է գրավ ընդունած շարժական գույքի, ինչպես նաև ի պահ հանձնված գույքի ապահովագրություն բնական աղետներից, հրդեհից, կողոպուտից, գողությունից և ավազակային հարձակումից` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերությունում.

ե) ապահովում է գրավատան տարածքի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով.

զ) իր տարածքը պաշտպանելու նպատակով աշխատանքային ժամերին իրականացնում է պահպանության ծառայություն, որի աշխատակիցները նկատելիորեն տարբերվում են իրենց միասնական համազգեստով: Օրենքով սահմանված կարգով նրանք կարող են ստանալ զենք կրելու իրավունք.

է) լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան տուրքի գումարը` մինչև այդ ժամկետի սկիզբը.

ը) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բանկերից և այլ կազմակերպություններից ստացված վարկերի և փոխառությունների, մասնակիցներից ներգրավված փոխառությունների և դրանց մուտքը հաստատող փաստաթղթերի, սույն հոդվածի 2-րդ մասի «դ» ենթակետով սահմանված ապահովագրական պայմանագրերի, դրանցում կատարված փոփոխությունների և լրացումների մասին տեղեկացնում է լիազոր մարմնին` համապատասխան պայմանագրերը կնքելուց կամ դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարելուց հետո` 15 օրվա ընթացքում, գրավոր ձևով` կցելով պայմանագրի կամ դրանում փոփոխությունների (լրացումների) պատճենը.

ը.1) չպետք է ունենա դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն (եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ) ունեցող 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակից կամ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն ունեցող ղեկավար.

թ) կանոնադրությունում տեղի ունեցած փոփոխությունների մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին, այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում` կցելով փոփոխության պատճենը:

(6-րդ հոդ. փոփ. 23.05.06 ՀՕ-82-Ն, 28.06.19 ՀՕ-110-Ն օրենքներ)

 

Հոդված 7. Գրավատների կողմից իրականացվող գործառնությունները

 

1. Գրավատունն իրավունք ունի`

ա) տոկոսավճարով տրամադրել անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված վարկեր.

բ) վարկեր և փոխառություններ ներգրավել բանկերից և այլ կազմակերպություններից, ինչպես նաև փոխառություններ ներգրավել մասնակիցներից.

գ) թողարկել և բանկերի կամ այլ կազմակերպությունների միջև տեղաբաշխել սահմանափակ շրջանառության իրավունքով արժեթղթեր (բացառությամբ բաժնետոմսերի) և ածանցյալ ֆինանսական գործիքներ, որոնց երկրորդային տեղաբաշխումը կարող է կատարվել միայն բանկերի կամ այլ կազմակերպությունների միջև.

դ) բաժնետիրական ընկերություն հանդիսացող գրավատան դեպքում` օրենքով սահմանված կարգով թողարկել և տեղաբաշխել բաժնետոմսեր.

ե) պարտավորությունների դիմաց իրացնել իրեն որպես գրավ կամ պահատվության հանձնված 100 000 դրամ և ավելի արժողություն ունեցող գույքը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.

զ) պարտավորությունների դիմաց իրացնել իրեն որպես գրավ կամ պահատվության հանձնված մինչև 100 000 դրամ արժողություն ունեցող գույքը` գրավատան կողմից հաստատված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված հրապարակային սակարկությունների կարգին համապատասխան կամ սույն մասի «ե» ենթակետով սահմանված կարգով.

է) օրենսդրությամբ սահմանված կարգով գույք ընդունել միայն գրավատուից կամ պահատուից: Գրավատան համար գրավատու (պահատու) լինելու փաստի հավաստիության հիմք կարող է ծառայել գույքը հանձնող անձի գրավատոմսում կամ պահպանական անվանական անդորրագրում կատարված գրավոր հայտարարությունը:

2. Գրավատունը չի կարող`

ա) վարկային միջոցների ձեռքբերման համար տեղաբաշխել պարտատոմսեր, այլ արժեթղթեր կամ ածանցյալ ֆինանսական գործիքներ, ներգրավել միջոցներ այլ կերպ, քան նախատեսված է սույն հոդվածի 1-ին մասով.

բ) տրամադրել ապրանքային վարկեր.

գ) վարկը տրամադրել մասնաբաժիններով` առանց յուրաքանչյուր մասնաբաժնի համար նոր պայմանագիր կնքելու.

դ) որևէ պահանջ ներկայացնել վարկառուի կողմից վարկով ստացած գումարի տնօրինման վերաբերյալ.

ե) վարկն ամբողջությամբ մարելու` վարկային պայմանագրով նախատեսված ժամկետի կետանցից հետո իրականացնել վարկային պայմանագրում նշված ժամկետի որևէ փոփոխություն: (Կողմերի համաձայնությամբ վարկային նոր պայմանագրով նախկինում չմարված, բայց մարման ենթակա վարկը կամ դրա մի մասը կարող է համարվել վարկի նոր գումարի բաղկացուցիչ մասը, իսկ մինչև այդ կնքված պայմանագիրը` ճանաչվել ուժը կորցրած).

զ) գրավատնային գործունեությունից բացի իրականացնել այլ գործունեություն (գործառնություններ):

(7-րդ հոդ. փոփ. 27.10.16 ՀՕ-200-Ն օրենք)

 

Հոդված 8. Գրավատան կողմից քաղաքացիների վարկավորման պայմանները

 

1. Գրավատան կողմից վարկերը տրվում են որոշակի ժամկետով, միայն հայկական դրամով` կանխիկ կամ անկանխիկ վճարումով, չեկով, քարտով կամ բանկային պրակտիկայում ընդունված այլ վճարային գործիքներով:

2. Եթե վարկն ամբողջությամբ մարելու օրը վարկառուի կողմից վարկը մարելու հնարավորությունը բացառվում է գրավատան հայտարարած աշխատանքային օրերին (ժամերին) փակ լինելու պատճառով, ապա վարկն ամբողջությամբ մարելու օր է համարվում հաջորդ աշխատանքային օրը: Ընդ որում, սույն մասում նշված պայմանի կիրառման դեպքում վարկի մարման օրվա փոփոխությունը չի կարող հանգեցնել հաշվարկվող տոկոսավճարի աճին:

3. Կողմերի համաձայնությամբ, միևնույն վարկային պայմանագրով, վարկի ժամկետի առանձին հատվածների համար կարող են սահմանվել վարկի տարբեր տոկոսներ:

 

Հոդված 9. Վարկավորմանը վերաբերող փաստաթղթերի ձևակերպումը և պահպանումը

 

1. Գրավատունը յուրաքանչյուր վարկը տրամադրելիս (գույքն ի պահ ընդունելիս) ձևակերպում է գրավատոմս (անվանական պահպանական անդորրագիր) և վարկառուի (պահատուի) վճարների հաշվառման անձնական քարտ (այսուհետ` քարտ)` սույն օրենքի 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան:

2. Գրավատունը վարկավորման վերաբերյալ փաստաթղթերը պահպանում է համապատասխան պայմանագիրը դադարելուց հետո` առնվազն երեք տարվա ընթացքում:

3. Վարկավորման վերաբերյալ փաստաթղթերը պահպանվում են գրավատան տարածքում` մետաղյա պահարանում կամ առանձին սենյակում, որտեղ կողմնակի անձանց մուտքը սահմանափակ է, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում:

4. Գրավատունը երաշխավորում է վարկավորման վերաբերյալ փաստաթղթերի գաղտնիությունը:

i

5. Գրավատունը տվյալ անձի վարկավորման վերաբերյալ փաստաթղթերը կամ դրանցում ներառված տեղեկությունները տրամադրում է միայն`

ա) լիազոր մարմնին` ելնելով վերջինիս վերահսկողության լիազորությունների իրականացման անհրաժեշտությունից, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով.

բ) դատարանին, հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով.

գ) վարկառուի կողմից լիազորված անձանց.

դ) նոտարական գրասենյակին` ժառանգության վերաբերյալ հարցերով:

ե) («ե» ենթակետն ուժը կորցրել է 01.01.2006 թվականից` 08.12.05 ՀՕ-246-Ն օրենք)

Սույն մասում նշված մարմինները և անձինք օրենքով սահմանված կարգով պահպանում են իրենց տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը:

(9-րդ հոդ. փոփ. 14.12.04 ՀՕ-20-Ն, 08.12.05 ՀՕ-246-Ն, 26.05.08 ՀՕ-92-Ն օրենքներ)

 

Հոդված 10. Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից գրավատոմսերի ձևակերպման կարգը

 

1. Գրավատունը գույքը գրավ ընդունելիս ձևակերպում է գրավատոմս` երկու օրինակից: Յուրաքանչյուր գրավատոմս ունի իր հերթական համարը:

2. Գրավատոմսի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

3. Գույքի գրավադրումը ձևակերպվում է մեկ գրավատոմսով, եթե`

ա) գրավադրվող գույքը հնարավոր չէ բաժանել առանց այդ գույքի որակական հատկանիշների փոփոխման.

բ) գրավադրվող գույքը ապահովում է միայն մեկ վարկային պայմանագրի կատարումը:

4. Գրավատոմսում նշվում են`

ա) գրավատան լրիվ անվանումը և գրավատուի անձնագրային տվյալները.

բ) համապատասխան վարկի պայմանագրի համարը.

i

գ) գրավադրվող գույքն ընդունելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև գրավադրվող գույքի` գրավատան և գրավատուի միջև համաձայնեցված արժեքը (այսուհետ` գույքի արժեք).

դ) գրավադրվող գույքի նկարագրությունը, ընդ որում, եթե գրավադրվող գույքը հնարավոր է մասնատել առանց այդ գույքի ապրանքային հատկանիշներն էապես վնասելու, բայց այն հանձնվում է առանց մասնատելու, ապա գրավատոմսում տրվում է յուրաքանչյուր մասի առանձին և բավարար նկարագրությունը:

5. Գրավատոմսը համարվում է ձևակերպված, եթե դրանում կատարվել է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված բոլոր նշումները և գրավատոմսի յուրաքանչյուր օրինակն ստորագրված է գրավատան ներկայացուցչի ու գրավատուի կողմից:

Գրավատոմսի մեկ օրինակը պահվում է գրավատանը, իսկ մյուս օրինակը հանձնվում է գրավատուին:

Ձևակերպումից հետո գրավատոմսում բոլոր փոփոխությունները կատարվում են գրավատանը և գրավատուի մոտ պահվող գրավատոմսերի օրինակներում: Ընդ որում, ձևակերպումից հետո գրավատոմսում յուրաքանչյուր փոփոխություն վավերացվում է գրավատան ներկայացուցչի և գրավատուի ստորագրություններով:

6. Գույքը գրավատուին վերադարձնելիս գրավատան և գրավատուի մոտ պահվող գրավատոմսերի օրինակներում (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի) պարտադիր նշվում և գրավատուի ստորագրությամբ վավերացվում են ստորև նշված տեղեկությունները`

ա) գույքի փաստացի վերադարձման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

բ) վերադարձվող գույքի նկարագրությունը:

7. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավատան կողմից գույքն ամբողջությամբ իրացվում է գրավատուի պարտավորությունների կատարումն ապահովելու համար, ապա սույն հոդվածի իմաստով գրավատոմսը դադարած է համարվում անկախ գրավատուի համաձայնությունը հավաստող գրառումներից (ստորագրությունից), իսկ գրավատոմսը պահպանվում է սույն օրենքով սահմանված կարգով` պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման ընթացակարգի օրինականությունը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին:

(10-րդ հոդ. փոփ. 19.03.12 ՀՕ-67-Ն օրենք)

 

Հոդված 11. Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից անվանական պահպանական անդորրագրերի ձևակերպման կարգը

 

1. Անվանական պահպանական անդորրագիրը (այսուհետ` անդորրագիր) ձևակերպվում է երկու օրինակից` գույքն անմիջապես պահառության ընդունելիս: Յուրաքանչյուր անդորրագիր օժտվում է հերթական համարով:

2. Անդորրագրի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

3. Գույքի պահատվությունը ձևակերպվում է մեկ անդորրագրով, եթե պահառության հանձնվող գույքը հնարավոր չէ մասնատել առանց այդ գույքի ապրանքային հատկանիշները վնասելու:

4. Անդորրագրում նշվում են`

ա) գրավատան լրիվ անվանումը և պահատուի անձնագրային տվյալները.

բ) գույքը պահատվության ընդունելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև գրավատան և պահատուի միջև համաձայնեցված պահառության հանձնվող գույքի արժեքը (այսուհետ` պահառվող գույքի արժեք).

գ) պահառվող գույքի նկարագրությունը, ընդ որում, եթե պահառվող գույքը հնարավոր է բաժանել առանց այդ գույքի նշանակության փոփոխման, բայց գույքը հանձնվում է առանց մասնատման, ապա անդորրագրում տրվում է յուրաքանչյուր մասի առանձին և բավարար նկարագրությունը.

դ) համապատասխան պահառության պայմանագրի համարը:

5. Անդորրագիրը համարվում է ձևակերպված, եթե դրանում կատարվել են սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված բոլոր նշումները, և անդորրագրի յուրաքանչյուր օրինակն ստորագրված է գրավատան ներկայացուցչի ու պահատուի կողմից:

Անդորրագրի մեկ օրինակը պահվում է գրավատանը, իսկ մյուս օրինակը հանձնվում է պահատուին: Ձևակերպումից հետո անդորրագրում բոլոր փոփոխությունները կատարվում են գրավատան և պահատուի մոտ պահվող անդորրագրերի օրինակներում: Ընդ որում, ձևակերպումից հետո անդորրագրում յուրաքանչյուր փոփոխությունը (այդ թվում` նաև պահառվող գույքի արժեքի փոփոխությունը) վավերացվում է գրավատան ներկայացուցչի և պահատուի ստորագրություններով:

6. Գույքը պահատուին վերադարձնելիս գրավատան և պահատուի մոտ պահվող անդորրագրերի օրինակներում (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի) պարտադիր նշվում և պահատուի ստորագրությամբ վավերացվում են ստորև նշված տեղեկությունները`

ա) պահառվող գույքի փաստացի վերադարձման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

բ) պահառվող գույքի նկարագրությունը.

գ) պահառվող գույքն ստանալու փաստը:

7. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավատան կողմից պահառվող գույքն ամբողջությամբ իրացվում է պահատուի պարտավորությունների կատարումն ապահովելու համար, ապա սույն հոդվածի իմաստով անդորրագիրը համարվում է դադարած` անկախ պահատուի համաձայնությունը հավաստող գրառումներից (ստորագրությունից), իսկ անդորրագիրը պահպանվում է սույն օրենքով սահմանված կարգով` պարտավորությունների դիմաց պահառվող գույքի իրացման ընթացակարգի օրինականությունը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին:

(11-րդ հոդ. փոփ. 19.03.12 ՀՕ-67-Ն օրենք)

 

Հոդված 12. Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից վարկառուի (պահատուի) վճարների հաշվառման անձնական քարտի ձևակերպումը

 

1. Վարկառուների (պահատուների) վճարների հաշվառման անձնական քարտերը (այսուհետ` քարտ) բացվում են անմիջապես համապատասխան գրավատոմսի (անդորրագրի) ձևակերպումից հետո: Գրավատունը յուրաքանչյուր վարկային (պահատվության) պայմանագրի շրջանակներում կատարվող վճարների հաշվառման համար բացում է նոր քարտ: Յուրաքանչյուր քարտի վրա նշվում է ծածկագիրը:

2. Վարկառուի (պահատուի) վճարների հաշվառման անձնական քարտը փակվում է միայն վարկային (պահատվության) պայմանագրի դադարելուց հետո:

3. Քարտի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

4. Քարտում նշվում են`

ա) քարտի բացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

բ) համապատասխան վարկային պայմանագրի համարը կամ անվանական պահպանական անդորրագրի համարը (եթե հաշվառվում են պահատվության տոկոսավճարները).

գ) գրավատան լրիվ անվանումը, ինչպես նաև վարկառուի (պահատուի) անձնագրային տվյալները, հերթական վճարման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և վճարված գումարի չափը, ընդ որում, յուրաքանչյուր վճարում վավերացվում է վարկառուի (պահատուի) և գրավատան ներկայացուցչի ստորագրություններով.

դ) գրավադրված (պահատվության հանձնված) գույքը սահմանված կարգով իրացնելու դեպքում գույքի իրացումից (վաճառքից) գոյացած և գրավատան օգտին գանձման ենթակա գումարները գրավատան դրամարկղ մուտքագրվելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև հաշվառված գումարի չափը.

ե) քարտը փակելիս` «Քարտը փակված է» բառերը, ինչպես նաև փակման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ընդ որում, սույն հոդվածի իմաստով քարտը փակված է համարվում համապատասխան վարկային պայմանագրի (անդորրագրի) դադարումից անմիջապես հետո:

(12-րդ հոդ. փոփ. 19.03.12 ՀՕ-67-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3.
ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 13. Գրավատնային գործունեության լիցենզավորումը
i

 

1. Գրավատնային գործունեության լիցենզավորումն իրականացնում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան:

2. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`

ա) հայտը և դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

բ) սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում.

բ.1) հայտատուի 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, և այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ ղեկավարն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն.

գ) հայտատուն ունի հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություն.

դ) սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վարկավորման ընդհանուր պայմանները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ դրանցում ներառված են պայմաններ, որոնք կարող են վարկառուներին վնաս պատճառել.

ե) օրենքով սահմանված այլ դեպքերում:

3. Լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին լիազոր մարմնի որոշումը դրա կայացման հիմքերի հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում կամ փոստով ուղարկվում է հայտատուին:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերի բացակայության դեպքում լիազոր մարմինը որոշում է ընդունում բավարարել լիցենզիա ստանալու հայտը և այդ որոշումը եռօրյա ժամկետում տրամադրում կամ փոստով ուղարկում է հայտատուին:

5. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների` վրիպումների, ոչ իրավաբանական բնույթի անճշտությունների, նման այլ բացթողումների առկայության դեպքում լիազոր մարմինը որոշում է ընդունում բավարարել լիցենզիա ստանալու հայտը վերապահումով, որ հայտատուն մեկամսյա ժամկետում կվերացնի նկատված թերությունները: Լիազոր մարմինը լիցենզիա ստանալու հայտը վերապահումով բավարարելու մասին որոշումը եռօրյա ժամկետում տրամադրում կամ փոստով ուղարկում է հայտատուին:

i

6. Լիցենզիա ստանալու հայտը բավարարելու որոշում ընդունելու դեպքում լիցենզիան հայտատուին է տրամադրվում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարումը կատարելուց և վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

7. Եթե սույն հոդվածի 5-րդ մասում նշված թերությունները վերացնելու մասին տեղեկությունները կամ լիցենզիա ստանալու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարման անդորրագիրը լիազոր մարմին են ներկայացվում սահմանված ժամկետից ուշ, ապա լիազոր մարմինը, որպես լիցենզիան հանձնելու պայման, հայտատուից հայտարարագիր է պահանջում այն մասին, որ անցած ժամանակահատվածում լիցենզիա ստանալու հայտին կից փաստաթղթերը չեն կորցրել իրենց իրավական ուժը` սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության իմաստով:

8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասում նշված հայտարարագիրը չի ներկայացվում կամ հայտատուն հայտնում է, որ հայտին կից փաստաթղթերից որևէ մեկը կորցրել է իրավական ուժը` սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջները բավարարելու իմաստով, ապա լիցենզիայի տրման մասին լիազոր մարմնի որոշումը համարվում է չեղյալ, եթե միաժամանակ հայտատուն չի ներկայացնում այնպիսի փաստաթղթեր, որոնք կապահովեն սույն հոդվածի 4-րդ մասի պայմանը:

9. Լիցենզիայի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

10. Լիցենզիան տրվում է անժամկետ:

11. Լիցենզիան չի կարող գրավադրվել կամ օտարվել: Իրավաբանական անձի առանձնացման դեպքում լիցենզիան պահպանում է լիցենզիա ստացած անձը, իսկ անձի բաժանման դեպքում ստեղծված անձինք կարող են օրենքով սահմանված կարգով դիմել նոր լիցենզիա ստանալու համար:

12. Լիազոր մարմինը վարում է տրամադրված լիցենզիաների գրանցամատյան:

(13-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-246-Ն, 28.06.19 ՀՕ-110-Ն օրենքներ)

 

i
Հոդված 14. Գրավատնային գործունեության նկատմամբ վերահսկողությունը

 

1. Գրավատնային գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգումներ և հեռակա վերահսկողություն իրականացնելու միջոցով:

2. Լիազոր մարմինը վերահսկողության արդյունքներով սույն օրենքի խախտումների բացահայտման դեպքում կիրառում է սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

i

3. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում գրավատների կազմակերպիչները պարտավոր են նաև համապատասխան տեղեկություններ տրամադրել լիազոր մարմնին` «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

(14-րդ հոդ. փոփ. 14.12.04 ՀՕ-20-Ն, 08.12.05 ՀՕ-246-Ն օրենքներ)

 

Հոդված 15. Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից իրենց գործունեության մասին տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացումը լիազոր մարմին

 

1. Գրավատնային գործունեություն իրականացնող անձինք լիազոր մարմին են ներկայացնում`

ա) վարկային միջոցների ընդհանուր ծավալի, տեղաբաշխված վարկերի, գրավի առարկաների և ի պահ ընդունած գույքի գնահատված արժեքի, ներգրավված միջոցների` յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ մնացորդի մասին ամսական հաշվետվություն` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը.

բ) տեղաբաշխված վարկերի և այլ ակտիվների, սեփական ու ներգրավված միջոցների, պարտավորությունների, ինչպես նաև գրավի առարկաների մասին եռամսյակային հաշվետվություն` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը.

բ.1) սույն օրենքի 6-րդ հոդվածի «ը.1» կետով նախատեսված` 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարների` դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու վերաբերյալ հաշվետվություն` լիազոր մարմնի սահմանած կարգով և ժամկետներով.

գ) հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններ ներկայացվող իրենց տարեկան ֆինանսական հաշվետվություններ և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացություն` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը:

2. Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան ներկայացվող ամսական և եռամսյակային հաշվետվությունների ձևերը և լրացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

3. Հրապարակում է սույն հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետով սահմանված հաշվետվությունները առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում:

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունները լիազոր մարմին են ներկայացվում ուղեկցող նամակով:

5. Հաշվետվությունը լիազորված մարմին ներկայացված է համարվում սույն հոդվածի 3-րդ մասում նշված փաստաթուղթը լիազորված մարմնի փաստաթղթերի մուտքագրման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից մուտքագրման պահից, իսկ այդ փաստաթուղթը լիազորված մարմնին փոստով ուղարկելու դեպքում` փոստային համապատասխան ծառայության կողմից մուտքագրման օրը:

(15-րդ հոդ. փոփ. 23.05.06 ՀՕ-82-Ն, 28.06.19 ՀՕ-110-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 4.
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

i
Հոդված 16. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները

 

Սույն օրենքի խախտման դեպքերում լիազոր մարմինը գրավատների նկատմամբ կիրառում է հետևյալ պատասխանատվության միջոցները`

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական.

բ) տուգանք.

գ) լիցենզիայի գործողության կասեցում.

դ) լիցենզիայի գործողության դադարեցում:

 

i
Հոդված 17. Նախազգուշացումը և խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականը

 

1. Լիազոր մարմինը ստուգումների կամ հեռակա վերահսկողության միջոցով արձանագրում է թույլ տրված խախտումը և նախազգուշացնում գրավատանը:

2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տված խախտումը լիազոր մարմնի սահմանած ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:

3. Նախազգուշացումը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե գրավատունը`

ա) չի ապահովել սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ հոդվածի 3-րդ մասերում նշված պահանջներից որևէ մեկը.

բ) խախտել է 6-րդ հոդվածի 2-րդ մասի «բ», «գ», «ե», «զ» և «ը» և 7-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետերում նշված պահանջներից որևէ մեկը.

գ) սահմանված ժամկետներում չի ներկայացրել սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված հաշվետվությունները:

(17-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-246-Ն օրենք)

 

Հոդված 18. Տուգանքը

 

1. Տուգանքը կիրառվում և գանձվում է լիազոր մարմնի որոշմամբ: Եթե գրավատունը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ որոշման հետ, ապա լիազոր մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե գրավատունը`

ա) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանը` 200 000 դրամի չափով.

բ) խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետով սահմանված պայմանը` գրավի վաճառքի գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 100 000 դրամից.

գ) խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետով սահմանված պայմանը` 50 000 դրամի չափով.

դ) խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով սահմանված պայմանը` 50 000 դրամի չափով.

ե) խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետով սահմանված պայմանը` 50 000 դրամի չափով.

զ) խախտել է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանը` «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով.

է) խախտել է սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանը` 50 000 դրամի չափով.

ը) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի «ը.1» մասով սահմանված պայմաններից առնվազն մեկը կամ 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանը` 200 000 դրամի չափով.

թ) խախտել է սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանը` 100 000 դրամի չափով.

ժ) խախտել է սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանը` 50 000 դրամի չափով.

ժա) խախտել է սույն օրենքի 10-րդ, 11-րդ կամ 12-րդ հոդվածներով սահմանված պայմանները` յուրաքանչյուր դեպքի համար 25 000 դրամի չափով.

ժբ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված հաշվետվություններում ներկայացված տվյալներում առկա են ոչ էական թերություններ (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ)` 30 000 դրամի չափով.

ժգ) սույն օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան խախտումը վերացնելու հանձնարարականը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում` 100 000 դրամի չափով.

ժդ) սույն օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո` 2 տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը` 100 000 դրամի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն տուգանքի կիրառումից հետո` երկու տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է 500 000 դրամով:

4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տվյալներ արտացոլելու համար լիազոր մարմինը կարող է գրավատան ղեկավարների նկատմամբ տուգանք նշանակելու հայցով դիմել դատարան` 100 000 դրամի չափով:

(18-րդ հոդ. փոփ. 23.05.06 ՀՕ-82-Ն, 28.06.19 ՀՕ-110-Ն օրենքներ)

 

Հոդված 19. Լիցենզիայի գործողության կասեցումը

 

1. Լիազոր մարմինը կարող է կասեցնել լիցենզիայի գործողությունը`

ա) եթե գրավատունը խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի պահանջը.

բ) եթե գրավատունը խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը.

գ) եթե գրավատունն ունի հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.

դ) եթե գրավատունը խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «դ», «ը.1» կամ «թ» ենթակետերի պահանջը.

ե) եթե գրավատունը խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» և «դ» ենթակետերի պահանջը.

զ) եթե գրավատունը խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի պահանջը.

է) գրավատան կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.

ը) գրավատան կողմից օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չհայտնելու դեպքում.

թ) գրավատան կողմից պարբերաբար խախտումներ կատարելու դեպքում: Պարբերաբար է համարվում այն խախտումը, որի կատարման համար լիցենզավորված անձը 1 տարվա ընթացքում ոչ պակաս, քան 2 անգամ, գրավոր նախազգուշացվել է.

ժ) գրավատան կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումներին խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

ժա) գրավատան կողմից գրավատնային գործունեությունից բխող` օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրվանից ավելի ժամկետով խախտելու դեպքում.

ժբ) գրավատան կողմից իր գործունեության ընթացքում լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաև գրավատնային գործունեությունը կարգավորող օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջների կոպիտ խախտման դեպքում.

ժգ) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

ժդ) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում.

ժե) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ժդ» ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիցենզիայում նշված ժամկետում տարեկան պետական տուրքը չվճարելու օրվանից:

3. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում գրավատան կողմից գրավատնային գործունեություն իրականացնելը (նոր վարկեր տրամադրելը) համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում:

(19-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-246-Ն, 28.06.19 ՀՕ-110-Ն օրենքներ)

 

Հոդված 20. Լիցենզիայի գործողության դադարեցումը

 

1. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցնել`

ա) եթե գրավատունը սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նշված հաշվետվություններում ներկայացրել է կեղծ տվյալներ.

բ) եթե գրավատունը լիցենզիա ստանալու համար հայտը ներկայացնելիս կամ դրանից հետո` մինչև լիցենզիան ստանալու պահը, խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է ոչ լիարժեք տեղեկություններ (եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացումը կհանգեցներ լիցենզիա ստանալու հայտի մերժման).

գ) եթե գրավատունը սույն օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան տուգանք կիրառելուց հետո` երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ թույլ է տվել տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում.

դ) եթե գրավատունը սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո` մեկ տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար.

ե) գրավատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու դեպքերում.

զ) գրավատան կողմից չարամտորեն խախտումներ կատարելու դեպքում.

է) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ գրավատնային գործունեություն կամ դրա առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.

ը) լիազոր մարմնի` օրենքով սահմանված կարգով տրված նախազգուշացումը` խախտումը վերացնելու հանձնարարականը չկատարելու դեպքում.

թ) կազմակերպչի դիմումի համաձայն.

ժ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիազոր մարմնի կողմից լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմամբ:

2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետով նախատեսված դեպքի, լիցենզիայի գործողությունը դադարեցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, լիցենզիա ստանալու համար իրավունք չունեն դիմելու`

ա) այն կազմակերպությունը, որի լիցենզիայի գործողությունը դադարեցվել է.

բ) լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերի արձանագրման պահին այդ կազմակերպության կանոնադրական կապիտալում մեկ երրորդից ավելի մասնակցություն ունեցող կազմակերպությունը.

գ) այն կազմակերպությունը, որի կանոնադրական կապիտալում մեկ երրորդից ավելի մասնակցությամբ որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերի արձանագրման պահին լիցենզիան ուժը կորցրած կազմակերպության կանոնադրական կապիտալում ունեցել է մեկ երրորդից ավելի մասնակցություն:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմելու միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված լիազոր մարմնի որոշումը լիցենզավորված անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու կամ լիազորված մարմնի կողմից պատշաճ առաքելու օրվանը հաջորդող օրվանից, եթե լիցենզավորված անձի դիմումով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Սույն հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված լիցենզավորված իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցվելու օրվանից:

(20-րդ հոդ. փոփ. 08.12.05 ՀՕ-246-Ն, 23.05.06 ՀՕ-82-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 21. Եզրափակիչ դրույթներ

 

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով տրված լիցենզիաները սույն օրենքի պահանջների պահպանմամբ ուժի մեջ են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրավատների կազմակերպիչների կողմից սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» ենթակետի պայմաններին չհամապատասխանող ապահովագրական ընկերությունների հետ կնքած պայմանագրերը սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, ենթակա են համապատասխանեցման սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» ենթակետի պայմաններին:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո գրավատան կազմակերպիչները եռամսյա ժամկետում պետք է լիազոր մարմնի համաձայնեցմանը ներկայացնեն սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարկավորման ընդհանուր պայմանները:

4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

i

5. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-133 օրենքը:

6. Սույն օրենքի վրա չեն տարածվում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթները:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. դեկտեմբերի 25
Երևան
ՀՕ-43-Ն

 

 

pin
ՀՀ 03.12.2003
N ՀՕ-43-Ն օրենք