Սեղմել Esc փակելու համար:
{30.03.2020 - 31.12.2022} ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{30.03.2020 - 31.12.2022} ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.03.2020  -ից մինչեւ   31.12.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

30.03.2020 - 31.12.2022

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«3» դեկտեմբերի 1996 թ.

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգության /քաղաքացիների, հանրության և պետության կենսական կարևոր շահերի/ ապահովման նպատակով որոշակի բնագավառի տեղեկություններ պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնազերծելու և պաշտպանելու կապակցությամբ ծագող հարաբերությունները, սահմանում է պետական և ծառայողական գաղտնիք հասկացությունը, գաղտնիության աստիճանները, գաղտնիք կազմող տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, պահպանելու, գաղտնազերծելու, օգտագործելու իրավական հիմքերը, գաղտնիքին առնչվող հարաբերություններում պետական մարմինների լիազորությունները:

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքի դրույթները ենթակա են պարտադիր կատարման Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետության պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների /անկախ կազմակերպական-իրավական ձևից/, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից որոնք իրենց կարգավիճակով պարտավոր են կամ պարտավորություն են ստանձնել կատարել պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:

(1-ին հոդ. փոփ. 20.03.02 ՀՕ-318 օրենք)

 

i
Հոդված 2. Պետական և ծառայողական գաղտնիք հասկացությունը

 

Պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:

Ծառայողական գաղտնիքը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը:

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունն ու պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից:

(2-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀՕ-318 օրենք)

 

Հոդված 3. Սույն օրենքում գործածվող հասկացությունները

 

Սույն օրենքում գործածվում են հետևյալ հասկացությունները.

1. Պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների կրողները /այսուհետ` տեղեկակիրներ/ այն նյութական օբյեկտներն են, այդ թվում` ֆիզիկական դաշտերը, որոնցում պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն արտահայտվում են պատկերների, պայմանանշանների, ազդանշանների, տեխնիկական լուծումների և գործընթացի ձևով:

2. Պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տարածումը, այդպիսի տեղեկությունների հրապարակումը կամ հոսակորուստն է.

ա/ հրապարակումը սույն օրենքով գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումը, հաղորդումը, տրամադրումը, առաքումը, ինչպես նաև որևէ ձևով մատչելի դարձնելն է այն անձանց, ովքեր այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեն.

բ/ հոսակորուստը սույն օրենքով գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող, ինչպես նաև դրանց պահպանության համար պատասխանատու անձանց անփութության հետևանքով այդպիսի տեղեկությունների արտահոսքը կամ կորուստն է:

3. Տեղեկությունների գաղտնագրումը պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և այդպիսի տեղեկակիրների տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառումն է:

4. Տեղեկությունների գաղտնազերծումը պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և այդպիսի տեղեկակիրների տարածման նկատմամբ սահմանափակումների վերացումն է:

5. Պետական կամ ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը օրենսդրությամբ նախատեսված իրավական, կազմակերպական, ինժեներատեխնիկական և այլ անհրաժեշտ միջոցների ու հնարքների համակարգված կիրառումն է, որն ուղղված է պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության և պաշտպանության ապահովմանը:

(3-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀՕ-318 օրենք)

 

Հոդված 4. Գաղտնիության աստիճանները

 

Ելնելով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների կարևորությունից, բնույթից, դրանց պաշտպանության համար անհրաժեշտ միջոցների ծավալից` սահմանվում են գաղտնիության երեք աստիճաններ`

ա/ «Հատուկ կարևորության»,

բ/ «Հույժ գաղտնի»,

գ/ «Գաղտնի»:

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության աստիճանը պետք է համապատասխանի նշված տեղեկությունների տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության անվտանգությանը պատճառվելիք հնարավոր վնասի ծանրության աստիճանին:

Գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության» և «Հույժ գաղտնի», իսկ ծառայողական տեղեկակիրներին` «Գաղտնի» դրոշմագրերը:

(4-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀՕ-318 օրենք)

 

Հոդված 5. Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրությունը

 

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և այդպիսի գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով:

 

Հոդված 6. Միջազգային պայմանագրերը

 

Այլ պետությունների գաղտնիքների և Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 7. Այլ գաղտնիքներ

 

Սույն օրենքի պահանջները չեն տարածվում այլ տեսակի կամ բնույթի /«Ծառայողական օգտագործման համար», «Հրապարակման ենթակա չէ» կամ այլ դրոշմագիր ունեցող, ինչպես նաև առևտրատնտեսական ու գործունեության այլ բնագավառի/ տեղեկությունների վրա, որոնք, թեև պարունակում են որևէ բնագավառի գաղտնի տեղեկություններ, սակայն սույն օրենքին համապատասխան չեն դասվում պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին:

(7-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀՕ-318 օրենք)

 

i
Հոդված 8. Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունները

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահը`

ա/ որոշում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց լիազորությունները.

բ/ իր իրավասության սահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 20.05.2002 թվականից` 20.03.02 ՀՕ-318 օրենք)

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա/ ապահովում է սույն օրենքի կատարումը.

բ/ մշակում և հաստատում է պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում պետական ծրագրերը և ապահովում այդ ծրագրերի գործնական իրականացումը.

գ/ մշակում և հաստատում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը.

դ/ մշակում և հաստատում է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը.

ե/ ձեռնարկում է միջոցներ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համատեղ օգտագործելու և պաշտպանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման ուղղությամբ և իր կողմից, սահմանված կարգով, որոշումներ է ընդունում պետական և ծառայողական գաղտնիքի տեղեկակիրներն այլ պետություններին փոխանցելու հնարավորության մասին.

զ/ սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հաշվառման, պահպանման և փոխանցման կարգը.

է/ սահմանում է մամուլում և լրատվության մյուս միջոցներում, ինչպես նաև արտասահման առաքվող նյութերում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տարածման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կարգը.

ը/ («ը» ենթակետն ուժը կորցրել է 10.05.2002 թվականից` 20.03.02 ՀՕ-317 օրենք)

թ/ սահմանում է պետական և ծառայողական գաղտնիքի տեղեկակիրների հետ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց վարվելու կարգը.

ժ/ հաստատում է պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը.

ժա/ («ժա» կետն ուժը կորցրել է 06.01.2018 թվականից` 06.12.17 ՀՕ-248-Ն օրենք)

ժբ/ որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց լիազորությունները.

ժգ/ իր իրավասության սահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:

i

4. Պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները`

ա/ ապահովում են պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում համապատասխան ծրագրերի իրականացումը, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրության պահանջների կատարումն իրենց ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում.

բ/ իրենց իրավասության սահմաններում ապահովում են պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և գործունեությունն իրենց ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում, որոշումներ են ընդունում այդպիսի ստորաբաժանումների վերակազմավորման կամ լուծարման մասին.

գ/ («գ» ենթակետն ուժը կորցրել է 20.05.2002 թվականից` 20.03.02 ՀՕ-318 օրենք)

դ/ («դ» կետն ուժը կորցրել է 06.01.2018 թվականից` 06.12.17 ՀՕ-248-Ն օրենք)

ե/ պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության համակարգի ձևավորման և գործող համակարգի կատարելագործման վերաբերյալ կարող են մշակել առաջարկություններ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը.

զ/ իրենց իրավասության սահմաններում իրականացնում են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:

5. Սահմանադրական դատարանը, դատական,  քննչական և դատախազական մարմինները`

ա/ ապահովում են պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրենց գործունեության ընթացքում.

բ/ («բ» կետն ուժը կորցրել է 06.01.2018 թվականից` 06.12.17 ՀՕ-248-Ն օրենք)

(8-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀՕ-317, 20.03.02 ՀՕ-318, 19.05.14 ՀՕ-43-Ն, 06.12.17 ՀՕ-248-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.01.20 ՀՕ-34-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 2
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i
Հոդված 9. Պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելուն ենթակա տեղեկությունները

 

Պետական և ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դասվել հետևյալ տեղեկությունները.

1. Ռազմական բնագավառում`

ա/ զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման, նրանց մարտունակության և զորակոչային պահեստազորի ստեղծման ու օգտագործման վերաբերյալ փաստաթղթերի բովանդակության մասին.

բ/ ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին.

գ/ հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու մասին.

դ/ Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին.

ե/ ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին:

2. Արտաքին հարաբերությունների բնագավառում`

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական /առևտրային, վարկային և արժութային/ գործունեության մասին, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության կենսական կարևոր շահերին:

3. Տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառում`

ա/ Հայաստանի Հանրապետությունը արտաքին զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ նախապատրաստական ծրագրերի բովանդակության, ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության գծով արդյունաբերական կարողությունների, ռազմական հումքի ու նյութերի պահեստավորման և մատակարարումների ծավալների, ինչպես նաև նյութական պահուստների փաստացի չափերի և դրանց տեղաբաշխման մասին, բացառությամբ սույն օրենքի 10 հոդվածի 1-ին մասի «ե» կետում ներկայացված տեղեկությունների.

բ/ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման նպատակով ներքին կառույցների օգտագործման մասին.

գ/ պետական պաշտպանական պատվերների ծավալների, ծրագրերի /հանձնարարականների/, սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության և մատակարարումների, դրանց առկայության և արտադրական կարողությունների զարգացման, այդ նպատակով ձեռնարկությունների ու հիմնարկների միջև ստեղծված փոխհամագործակցության կապերի, նշված սպառազինությունները և ռազմական տեխնիկա արտադրողների կամ տեխնիկական և գիտական մշակումներ կատարողների մասին.

դ/ պաշտպանական կամ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող աշխատանքների, տեխնիկական լուծումների մասին.

ե/ քաղաքացիական պաշտպանության ուժերի ու միջոցների, վարչական կառավարման օբյեկտների պաշտպանվածության ու բնակչության անվտանգության ապահովվածության աստիճանի մասին.

զ/ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, Հայաստանի Հանրապետության պետական պահուստների ու պաշարների, նրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության /բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից/ մասին:

4. Հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառում`

ա/ հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների և արդյունքների, ինչպես նաև այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները.

բ/ հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնաբար համագործակցող կամ համագործակցած անձանց մասին.

գ/ կառավարական և այլ տեսակի հատուկ կապի համակարգի, պետական ծածկագրերի, դրանց վերլուծության մեթոդների ու միջոցների մասին.

դ/ գաղտնի տեղեկատվության պաշտպանության մեթոդների ու միջոցների մասին.

ե/ պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի ու միջոցների մասին:

(9-րդ հոդ. փոփ. 29.09.14 ՀՕ-151-Ն, 04.03.20 ՀՕ-133-Ն օրենքներ)

 

Հոդված 10. Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու սահմանափակումները

 

Պետական և ծառայողական գաղտնիքի շարքին չեն կարող դասվել`

ա/ քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպես նաև տարերային /ներառյալ պաշտոնապես կանխատեսվող/ աղետների, դրանց հետևանքների մասին տեղեկությունները.

բ/ տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, ներքին առևտրի, մշակույթի բնագավառներում տիրող իրական վիճակը ներկայացնող տեղեկությունները.

գ/ քաղաքացիների իրավունքների և ազատությունների սահմանափակման փաստերի, իրավախախտումների և սոցոլոգիական հետազոտությունների արդյունքների մասին տեղեկությունները.

դ/ այն տեղեկությունները, որոնք եթե դասվեն պետական և ծառայողական գաղտնիքի շարքին, ապա բացասական ազդեցություն կունենան Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական և ճյուղային ծրագրերի իրականացման վրա.

ե) արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքները նվազեցնելու ու վերացնելու, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու, մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված արագ արձագանքման պաշարի մասին տեղեկությունները:

(10-րդ հոդ. փոփ. 29.09.14 ՀՕ-151-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3
ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԱՂՏՆԱԳՐՈՒՄԸ

 

Հոդված 11. Գաղտնագրման սկզբունքները

 

Տեղեկությունները գաղտնագրվում են օրինականության, հիմնավորվածության և ժամանակին կատարելու սկզբունքներին համապատասխան:

Գաղտնագրման օրինականությունը գաղտնագրվող տեղեկությունների համապատասխանության ապահովումն է սույն օրենքի պահանջներին:

Գաղտնագրման հիմնավորվածությունը փորձագիտական գնահատման միջոցով յուրաքանչյուր տեղեկության գաղտնագրման նպատակահարմարության պարզումն է` ելնելով Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման շահերից:

Գաղտնագրման ժամանակին կատարումը տեղեկությունների ստացման /մշակման/ պահից կամ նախապես դրանց տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառումն է:

 

i
Հոդված 12. Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելը

 

Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելն իրականացվում է ըստ դրանց բնագավառի կամ գերատեսչական պատկանելիության:

Գաղտնագրման սկզբունքներին համապատասխան` տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու անհրաժեշտության հիմնավորումը դրվում է պետական այլ մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների վրա, որոնք ստացել /մշակել/ են այդ տեղեկությունները:

Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասում են պետական այն մարմինները, որոնց պաշտոնատար անձինք օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով:

i

Տեղեկությունների գաղտնագրման բնագավառում միասնական պետական ձեռնարկություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով մշակվում է Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը, որում նշվում են նաև տեղեկություններից յուրաքանչյուրը տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինները:

Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ենթակա է հրապարակման:

Պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, մշակում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը, որոնցում ներգրավվում են`

ա/ պետական գաղտնիքի շարքին դասվող այն տեղեկությունները, որոնք տնօրինելու լիազորությամբ օժտված են իրենք.

բ/ ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունները:

Գերատեսչական ցանկերում նշվում են նաև ներգրավված տեղեկություններից յուրաքանչյուրի գաղտնիության աստիճանը: Այդ ցանկերը և դրանցում կատարվող փոփոխություններն ու լրացումները հաստատվում են պետական մարմինների համապատասխան ղեկավարների կողմից:

Գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական կամ ծառայողական գաղտնիք: Այդպիսի տեղեկությունների գաղտնագրումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

(12-րդ հոդ. փոփ. 21.03.13 ՀՕ-21-Ն օրենք)

 

Հոդված 13. Տեղեկությունների գաղտնագրումը

 

Տեղեկությունների գաղտնագրումն արտահայտվում է, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, յուրաքանչյուր առանձին տեղեկության գաղտնիության աստիճանը որոշելու և համապատասխան տեղեկակրին գաղտնիության դրոշմագիր տալու ձևով:

Պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից ստացված /մշակված/ տեղեկությունների գաղտնագրման համար հիմք է հանդիսանում այդ տեղեկությունների համապատասխանությունը տվյալ մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում գործող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերին:

Ստացված /մշակված/ տեղեկությունները գործող ցանկում ընդգրկված տեղեկությունների հետ ներկայացնելու անհնարինության դեպքում պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել այդ տեղեկությունների նախնական գաղտնագրումը` ենթադրվող գաղտնիության աստիճանին համապատասխան և տասնհինգօրյա ժամկետում առաջարկություններ ուղարկել նշված ցանկը հաստատող պաշտոնատար անձի հասցեով` ցանկում լրացում /փոփոխություն/ կատարելու վերաբերյալ:

Գործող ցանկը հաստատող պաշտոնատար անձինք պարտավոր են երկամսյա ժամկետում կազմակերպել ստացված առաջարկությունների կամ իրենց կողմից ստացված /մշակված/ և նախապես գաղտնագրված տեղեկությունների փորձագիտական գնահատումը և որոշում ընդունել գործող ցանկում լրացում /փոփոխություն/ կատարելու կամ տեղեկություններին նախապես տրված գաղտնիության դրոշմագրերը հանելու վերաբերյալ: Գաղտնագրված տեղեկակիրների և դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա կատարվում են անհրաժեշտ և կարող են կատարվել լրացուցիչ նշումներ, որոնց տեսակները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(13-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀՕ-318 օրենք)

 

i
Հոդված 14. Տեղեկատվության նկատմամբ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների սեփականության իրավունքի սահմանափակումը

 

Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք իրավասու են ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող տեղեկատվության գաղտնագրման մասին որոշումներ ընդունել, եթե այդ տեղեկատվությունը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ: Նշված տեղեկատվության գաղտնագրումն իրականացվում է տեղեկատվության սեփականատիրոջ ներկայացմամբ կամ պետական համապատասխան մարմնի նախաձեռնությամբ` հատուցելով դրա հետևանքով սեփականատիրոջը հասցվող վնասը: Փոխհատուցումը կատարվում է պետական բյուջեի միջոցներից, որի չափը որոշվում է տեղեկատվության սեփականատիրոջ և պետական այն մարմնի միջև կնքված պայմանագրով, որի տնօրինության տակ անցնում է այդ տեղեկատվությունը: Պայմանագրում նախատեսվում է նաև տեղեկատվության սեփականատիրոջ պարտավորությունը` տեղեկատվությունը չտարածելու վերաբերյալ:

Պայմանագիրը ստորագրելուց հրաժարվելու դեպքում տեղեկատվության սեփականատերը գրավոր նախազգուշացվում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները տարածելու համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:

Տեղեկատվության սեփականատերն իրավունք ունի դատական կարգով գանգատարկել պաշտոնատար անձի գործողությունները:

Տեղեկատվության գաղտնագրման պահից դրանում ընդգրկված տեղեկության սեփականատերը համարվում է պետությունը:

 

ԳԼՈՒԽ 4
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄԸ

 

i
Հոդված 15. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման ժամկետները

 

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները, գաղտնագրման պահից սկսած, որպես գաղտնիք պահպանվում են`

i

ա/ «Հատուկ կարևորություն» և «Հույժ գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները` մինչև 30 տարի: Ելնելով անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նշված ժամկետից ավելի երկար ժամկետներ.

բ/ «Գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները` մինչև 10 տարի:

Պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, պարտավոր են ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ վերանայել պետական մարմիններում գործող գաղտնագրման ենթակա գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածությունը և այդ տեղեկություններին նախկինում տրված գաղտնիության աստիճանների համապատասխանությունը պարզելու համար: Նշված մարմինների ղեկավարները, ելնելով անվտանգության ապահովման շահերից, իրավասու են երկարացնել գաղտնագրված տեղեկությունների պահպանության` նախկինում սահմանված ժամկետները, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով:

(15-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀՕ-318 օրենք)

 

i
Հոդված 16. Տեղեկությունների գաղտնազերծումը

 

Տեղեկությունների գաղտնազերծման հիմքերն են`

ա/ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների բաց փոխանակման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները.

բ/ օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որի հետևանքով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում է աննպատակահարմար:

Սույն օրենքով նախատեսված պահպանման ժամկետները լրանալուց հետո պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները սահմանված կարգով գաղտնազերծվում և համարվում են ծանոթանալու համար բաց կամ ոչնչացվում են սահմանված կարգով:

Գաղտնագրված տեղեկությունների պահպանության սահմանված ժամկետները կարող են կրճատվել, և տեղեկությունները` ժամկետից շուտ գաղտնազերծվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները գաղտնազերծվում են դրանք տնօրինող պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից, որոնց ղեկավարներն անմիջականորեն կազմակերպում և գլխավորում են գաղտնազերծման աշխատանքները:

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները գաղտնազերծումից հետո եռամսյա ժամկետում ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը:

Պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող, գաղտնազերծված տեղեկությունները պետական արխիվ հանձնելու կամ տեղեկությունները ոչնչացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(16-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀՕ-318 օրենք)

 

ԳԼՈՒԽ 5
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

i
Հոդված 17. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումը

 

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման հետ կապված աշխատանքներ կատարելու ընթացքում, անհրաժեշտության դեպքում, նշված տեղեկությունները կարող են պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից փոխանցվել այլ շահագրգիռ մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց` պետական այն մարմնի թույլտվությամբ, որի տնօրինության տակ, սույն օրենքի 12 հոդվածին համապատասխան, գտնվում են այդ տեղեկությունները:

Պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները մինչև պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումը պարտավոր են համոզվել, որ դրանք ընդունող պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, գաղտնիության համապատասխան աստիճանի տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավունք ունեն, իսկ ֆիզիկական անձինք` դրանց առնչվելու համապատասխան թույլտվություն ունեն:

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպություններն իրենց գործառնությունները, սեփականության ձևը փոխելու, պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքները դադարեցնելու կամ վերացնելու դեպքերում պարտավոր են ձեռնարկել միջոցներ` նշված տեղեկությունների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Այդպիսի տեղեկակիրները սահմանված կարգով վերացվում են, հանձնվում արխիվային պահպանության կամ փոխանցվում են`

ա/ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության իրավահաջորդին, եթե վերջինս նշված տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու լիազորություններ ունի.

բ/ պետական այն մարմնին, որի տնօրինության տակ, սույն օրենքի 12 հոդվածին համապատասխան, գտնվում են դրանց համապատասխանող տեղեկությունները.

գ/ պետական այլ մարմնին, ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(17-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀՕ-318, 16.01.18 ՀՕ-91-Ն օրենքներ)

 

i
Հոդված 18. Համատեղ աշխատանքի կատարումը

 

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքների պատվիրատուի` պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության և համատեղ աշխատանքներում ներգրավվող պետական կամ ոչ պետական ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության, ինչպես նաև ֆիզիկական անձի միջև կնքվում են համատեղ աշխատանքներ կատարելու մասին պայմանագիր:

Պայմանագրում այլ անհրաժեշտ պայմանների հետ մեկտեղ նախատեսվում են պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության ապահովման ուղղությամբ կողմերի փոխադարձ պարտավորությունները /ինչպես աշխատանքների կատարման ընթացքում, այնպես էլ դրանց ավարտից հետո/, պայմանագրի գործողության վաղաժամկետ դադարեցման հիմքերը, ինչպես նաև սահմանվում են փոխանցվող տեղեկությունների պաշտպանության ուղղությամբ աշխատանքների ֆինանսավորման պայմանները:

Կողմերի կնքած պայմանագրի դրույթներին համապատասխան` համատեղ աշխատանքներ իրականացնելու ընթացքում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության նկատմամբ վերահսկողության կազմակերպման պատասխանատուն այդ աշխատանքների պատվիրատուն է:

 

ԳԼՈՒԽ 6
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 19. Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության կազմակերպումը

 

Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովումն իրականացնում են այդպիսի գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող, դրանց օգտագործմամբ աշխատանքներ կատարող պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները` իրենց իրավասության սահմաններում և իրենց առջև դրված խնդիրներին համապատասխան:

Պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության կազմակերպման պատասխանատվությունը դրվում է դրանց ղեկավարների վրա:

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ կատարվող աշխատանքների ծավալից կախված` պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների կողմից ստեղծվում են պետական ու ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնց գործառնությունները որոշում են նշված ղեկավարները` Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան` հաշվի առնելով իրենց կողմից տարվող աշխատանքների առանձնահատկությունները:

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ ցանկացած տեսակի գործունեության իրականացումը թույլատրվում է միայն դրանց պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցների ապահովումից հետո:

 

i
Հոդված 20. Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ունենալը

 

Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվել կարող են`

ա/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` կամավորության հիման վրա.

բ/ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու համար քաղաքացիները պարտավոր են ունենալ դրա իրավունքը, որը տրվում է քաղաքացիների գրավոր համաձայնությամբ, լիազորված մարմինների կողմից, իրենց նկատմամբ ստուգողական միջոցառումներ անցկացնելու և այդ միջոցառումների դրական արդյունքների հիման վրա պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների կամ կազմակերպությունների կողմից իրենց հետ աշխատանքային պարտավորագիրը կնքելու միջոցով:

Քաղաքացիների նկատմամբ ստուգողական միջոցառումները, որոնց անցկացման նպատակը սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված հիմքերի հայտնաբերումն է, իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Համապատասխան քաղաքացու հետ կնքվող աշխատանքային պարտավորագրում նախատեսվում են`

ա/ իրեն վստահված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները չտարածելու ուղղությամբ պետության առջև քաղաքացու պարտավորությունը.

բ/ սույն օրենքի 23 հոդվածին համապատասխան, քաղաքացու իրավունքների ժամանակավոր սահմանափակումների կիրառման պայմանները.

գ/ պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրական նորմերին քաղաքացու իրազեկ լինելը.

դ/ կողմերի իրավունքները և պարտականությունները.

ե/ պարտավորագրի գործողության վաղաժամկետ դադարեցման հիմքերը.

զ/ պարտավորագրի գործողության ժամկետը:

Աշխատանքային պարտավորագրում կարող են նախատեսվել նաև այլ պայմաններ, որոնք կողմերն անհրաժեշտ կհամարեն: Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության երեք աստիճաններին համապատասխան սահմանվում են պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու երեք ձևի թույլտվություն`

ա/ հատուկ կարևորության տեղեկություններին.

բ/ հույժ գաղտնի տեղեկություններին.

գ/ գաղտնի տեղեկություններին:

Առավել բարձր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվության առկայությունը հիմք է առնչվելու (ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` իրենց վերաբերող մասով) ավելի ցածր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին:

Պետական և ծառայողական գաղտնիքին քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց առնչվելու թույլտվության ձևակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(20-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀՕ-318, 06.12.17 ՀՕ-248-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 21. Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու մերժման հիմքերը

 

Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունք քաղաքացուն չի տրվում, եթե`

ա/ օրենսդրությամբ սահմանված կարգով նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ.

բ/ օրենսդրությամբ սահմանված կարգով նա ունի դիտավորյալ կատարված ծանր հանցագործությունների համար դատվածություն կամ այդպիսի հանցագործություն կատարելու համար նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.

i

գ/ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող ցանկի համաձայն նա տառապում է այնպիսի հիվանդությամբ, որի առկայությունը խոչընդոտում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելուն.

դ/ ձևակերպում է փաստաթղթեր` այլ պետություն մշտական բնակության մեկնելու համար.

ե/ ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է, որ նա կատարել է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող գործողություններ.

զ/ խուսափում է ստուգողական միջոցառումներից կամ ներկայացրել է ակնհայտ կեղծ տվյալներ:

(21-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀՕ-318 օրենք)

 

i
Հոդված 22. Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունքի դադարեցման հիմքերը

 

Պետական և ծառայողական գաղտնիքին քաղաքացու առնչվելու իրավունքը կարող է դադարեցվել, եթե`

ա/ օրենսդրությամբ սահմանված կարգով չեղյալ է հայտարարվել նրա հետ կնքված աշխատանքային պարտավորագիրը.

բ/ առաջացել է սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունքի դադարեցումը քաղաքացուն չի ազատում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները չտարածելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունից:

Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունքի դադարեցման վերաբերյալ համապատասխան պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի որոշմանը համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի գանգատարկել այդ որոշումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(22-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀՕ-318 օրենք)

 

Հոդված 23. Իրավունքների ժամանակավոր սահմանափակումները

 

Սույն օրենքի 20 հոդվածին համապատասխան պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունք ունեցող կամ նախկինում ունեցած քաղաքացիների իրավունքները կարող են ժամանակավորապես սահմանափակվել:

Սահմանափակումները կարող են վերաբերել`

ա/ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները տարածելու իրավունքին.

i

բ/ պետական և ծառայողական գաղտնիք կազմող հայտնագործությունները և ստեղծագործություններն օգտագործելու իրավունքին:

Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները կիրառվում են քաղաքացիներին պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունք տալու պահից, գործում են պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու ամբողջ ժամանակահատվածում, ընդհուպ մինչև սույն օրենքին համապատասխան նշված տեղեկությունների գաղտնազերծումը:

(23-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀՕ-318 օրենք)

 

Հոդված 24. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին ծանոթանալը

 

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին կարող են ծանոթանալ միայն այդպիսի գաղտնիքին առնչվելու իրավունք ունեցող քաղաքացիները` միայն համապատասխան պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության լիազորված պաշտոնատար անձի թույլտվությամբ:

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին քաղաքացիների ծանոթանալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(24-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀՕ-318 օրենք)

 

Հոդված 25. Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության միջգերատեսչական և գերատեսչական վերահսկողությունը

 

Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման նպատակով սահմանվում է միջգերատեսչական և գերատեսչական վերահսկողություն:

Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման միջգերատեսչական վերահսկողությունը պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում իրականացնում է ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության գերատեսչական վերահսկողությունը, սույն օրենքին համապատասխան, իրականացնում են պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին տնօրինելու լիազորություններով օժտված պետական կառավարման համակարգի մարմինները` կառավարության կողմից սահմանված կարգով: Նշված մարմինները պարտավոր են վերահսկել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության արդյունավետությունը, այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող իրենց ենթակա բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերում, սահմանադրական դատարանում, դատական, քննչական և դատախազական մարմիններում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման նկատմամբ վերահսկողությունը կազմակերպում են Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, սահմանադրական դատարանի նախագահը և համապատասխան մարմինների ղեկավարները` ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի աջակցությամբ:

(25-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀՕ-318, 19.05.14 ՀՕ-43-Ն, 21.01.20 ՀՕ-34-Ն օրենքներ)

 

Հոդված 26. Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությանն ուղղված միջոցառումների ֆինանսավորումը

 

Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությանն ուղղված միջոցառումների ֆինանսավորումն իրականացնում են պետական մարմինները, բյուջետային ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումները` պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ սույն օրենքին համապատասխան պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող ոչ պետական սուբյեկտները` իրենց միջոցների հաշվին:

Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությանն ուղղված միջոցառումների անցկացման համար հատկացվող ֆինանսական միջոցների ծախսերի նկատմամբ վերահսկողությունը, իրենց իրավասության սահմաններում, իրականացնում են պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների /անկախ սեփականության ձևից/ ղեկավարները, ինչպես նաև այդ նպատակով հատուկ լիազորված Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների բնագավառը կառավարող պետական մարմնի ներկայացուցիչները: Եթե վերահսկողության իրականացումը կապված է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին ծանոթանալու հետ, ապա նշված անձինք պետք է ունենան համապատասխան գաղտնիության աստիճանի տեղեկություններին առնչվելու իրավունք:

(26-րդ հոդ. փոփ. 20.03.02 ՀՕ-318, 16.01.18 ՀՕ-64-Ն օրենքներ)

 

i
Հոդված 27. Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը

 

Պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման մեջ մեղավոր անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, կրում են քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվություն:

 

ԳԼՈՒԽ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 28. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
30 դեկտեմբերի 1996 թ.
ՀՕ-94

 

 

pin
ՀՀ 03.12.1996
N ՀՕ-94 օրենք