Սեղմել Esc փակելու համար:
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ ...

 

31.05.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին

 

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքի նպատակն է պաշտպանել և խրախուսել տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և ոլորտը

 

1. Սույն օրենքը տարածվում է տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների, վարքագծի կամ ակտերի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը, ինչպես նաև վնասել սպառողների շահերը:

2. Սույն օրենքը տարածվում է նաև օտարերկրյա պետություններում տնտեսավարող սուբյեկտների այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք կարող են կանխել, սահմանափակել կամ արգելել տնտեսական մրցակցությունը կամ վնասել սպառողների շահերը Հայաստանի Հանրապետությունում:

3. Սույն օրենքը չի տարածվում անդրսահմանային շուկաներում մրցակցության միասնական կանոններով կարգավորվող այն հարաբերությունների վրա, որոնց նկատմամբ վերահսկողությունը վերապահված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությանը` համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի: Ապրանքային շուկաներն անդրսահմանային դիտարկելու չափանիշները սահմանվում են Եվրասիական տնտեսական միության նորմատիվ իրավական ակտերով:

4. Հանձնաժողովը սույն օրենքով նախատեսված գործառույթները Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց նկատմամբ իրականացնում է Կենտրոնական բանկի հետ համագործակցության հիման վրա: Հանձնաժողովի և Կենտրոնական բանկի համագործակցությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.

1) Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց առնչվող ոլորտներում տնտեսական մրցակցության վերաբերյալ խնդիրների մասին Հանձնաժողովը տեղեկացնում է Կենտրոնական բանկին.

2) Կենտրոնական բանկը գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների, համակենտրոնացումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելուց առաջ դրանք ներկայացնում է Հանձնաժողով` կարծիքի.

3) Հանձնաժողովը ձեռնպահ է մնում տնտեսական մրցակցության վերաբերյալ բարձրացրած հարցի հետ կապված միջամտությունից, եթե Կենտրոնական բանկը Հանձնաժողովին հիմնավոր կերպով տեղեկացնում է, որ այդ հարցը, օրենքով սահմանված կարգավորման նպատակներից ելնելով, վերապահվում է Կենտրոնական բանկին, և Կենտրոնական բանկն իրականացնում է օրենքով սահմանված գործառույթներ: Այդ դեպքում վերջնական որոշումն ընդունում է Կենտրոնական բանկը` Հանձնաժողովի ներկայացրած դիրքորոշման հաշվառմամբ` անդրադառնալով Հանձնաժողովի բարձրացրած բոլոր հարցերին և իր վերջնական դիրքորոշման կամ որոշման մեջ նշելով դրանք ընդունելու կամ չընդունելու հիմնավորումները.

4) Հանձնաժողովը ձեռնպահ է մնում սույն մասի 2-րդ կետով նախատեսված կարծիքի ներկայացումից և սույն մասի 3-րդ կետով նախատեսված տնտեսական մրցակցության վերաբերյալ բարձրացրած հարցի հետ կապված որևէ միջամտությունից այն բացառիկ դեպքերում, երբ Կենտրոնական բանկը նպատակ ունի կանխել ֆինանսական կայունությանն ու գների կայունությանն սպառնացող հնարավոր վտանգը կամ արձագանքել դրան, ֆինանսական կազմակերպությունը ճանաչվում է անվճարունակ, կամ սնանկության դիմում է ներկայացվում դատարան, իրականացվում է ֆինանսական կազմակերպության կամ դրա մասնակցի բաժնեմասի կամ բաժնետոմսի հարկադիր օտարում, իրականացվում է ֆինանսական կազմակերպության վերակազմակերպում, հարկադիր վաճառք կամ լուծարում: Սույն կետով նախատեսված դեպքերում ընդունված որոշումները Կենտրոնական բանկը հանձնում է Հանձնաժողովին, բացառությամբ որոշման այն հատվածների, որոնք պարունակում են բանկային գաղտնիք կամ այնպիսի տեղեկություն, որի տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա.

5) Հանձնաժողովի նախագահը և Կենտրոնական բանկի նախագահն ստորագրում են համատեղ հրաման, որով կարգավորվում են`

ա. մրցակցության պաշտպանության խնդիրների հետ կապված համագործակցության ուղղություններն ու ընթացակարգերը.

բ. Հանձնաժողովի ու Կենտրոնական բանկի միջև տեղեկատվության, այդ թվում` տնտեսական մրցակցության խնդիրների առնչությամբ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվության փոխանակման դեպքերն ու կարգը.

գ. այն դեպքերը, երբ Հանձնաժողովն ու Կենտրոնական բանկը իրականացնում են իրենց իրավասությունները Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց նկատմամբ, և այդ դեպքերում Հանձնաժողովի դիրքորոշման ներկայացման ընթացակարգն ու փոխհամագործակցության մանրամասները.

դ. ոլորտում մրցակցության պաշտպանության վերաբերյալ սույն մասով նախատեսված, ինչպես նաև օրենքով չարգելված այլ հարցեր:

5. Սույն օրենքը չի տարածվում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտների այն հարաբերությունների վրա, որոնց կարգավորումն օրենքով վերապահված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավասությանը: Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործող անձանց նկատմամբ տնտեսական մրցակցության գործառույթները Հանձնաժողովն իրականացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցության սկզբունքի հիման վրա:

 

Հոդված 2. Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը

 

1. Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը կազմված է Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և այլ նորմատիվ իրավական ակտերից:

2. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և սույն օրենքի նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները և տերմինները

 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ու տերմինները կիրառվում են հետևյալ իմաստով.

1) տնտեսական մրցակցություն կամ մրցակցություն` տնտեսավարող սուբյեկտների մրցություն, որի պայմաններում նրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն գործողություններով օբյեկտիվորեն բացառվում կամ սահմանափակվում է համապատասխան ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա միակողմանի ազդելու հնարավորությունը.

2) ապրանք` քաղաքացիական իրավունքի օբյեկտ, այդ թվում` գույք, աշխատանք, ծառայություն (ներառյալ` ֆինանսական), որը նախատեսված է իրացման համար.

3) փոխադարձ փոխարինելի ապրանքներ` ապրանքներ, որոնք կարող են համեմատվել ըստ իրենց գործածության նշանակության, կիրառման, որակական, տեխնիկական, գնային կամ այլ հատկանիշներով այնպես, որ ձեռք բերողը սպառման գործընթացում կամ արտադրական նպատակներով օգտագործման ընթացքում փաստացի փոխարինում է կամ պատրաստ է փոխարինելու դրանք մեկը մյուսով.

4) ապրանքային շուկա` որոշակի տարածքում ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմանները որոշվում են համապատասխան տարածքում ապրանքի ձեռքբերման, իրացման կամ արտադրման, տնտեսական կամ այլ հնարավորություններով կամ նպատակահարմարությամբ և դրա սահմաններից դուրս այդպիսի հնարավորությունների կամ նպատակահարմարության բացակայությամբ: Ապրանքային շուկան բնութագրվում է ապրանքատեսակային ու աշխարհագրական սահմաններով, ուսումնասիրության ժամանակահատվածով, դրա սուբյեկտների կազմով և ծավալով.

5) ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման` տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների ամբողջություն.

6) ապրանքային շուկայի աշխարհագրական սահման` որոշակի աշխարհագրական տարածք (այդ թվում` ճանապարհ, օդային, ջրային, ցամաքային և այլ երթուղի), որի շրջանակում տնտեսապես հնարավոր կամ նպատակահարմար է ձեռք բերել, իրացնել կամ արտադրել տվյալ ապրանքը և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքները, և առկա չէ այդ հնարավորությունը կամ նպատակահարմարությունը տվյալ տարածքից դուրս: Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը կարող է ներառել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը կամ դրա մի մասը կամ Հայաստանի Հանրապետության (կամ դրա մի մասի) և այլ պետության (կամ դրա մի մասի) տարածքը.

7) ապրանքային շուկայի ուսումնասիրության ժամանակահատված` որոշակի ժամանակահատված (օր, ամիս, տարի), որի շրջանակում ուսումնասիրվում է ապրանքային շուկան.

8) ապրանքային շուկայի սուբյեկտներ` տվյալ ապրանքը և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներն իրացնողը, արտադրողը կամ ձեռք բերողը.

9) իրացնող` ապրանք իրացնող կամ հնարավոր իրացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ պետական մարմին.

10) ձեռք բերող` ապրանք ձեռք բերող կամ հնարավոր ձեռք բերող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ պետական մարմին.

11) սպառող` սպառման նպատակով ապրանք ձեռք բերող կամ հնարավոր ձեռք բերող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ պետական մարմին.

12) ապրանքային շուկայի ծավալ` ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացման կամ ձեռքբերման ընդհանուր ծավալը` բնեղեն և (կամ) արժեքային արտահայտությամբ.

13) իրացում` օտարում (վաճառք, մատակարարում, այլ կերպ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում), մատուցում կամ կատարում.

14) ձեռքբերում` գնում, ստացում կամ ընդունում.

15) Հանձնաժողով` Մրցակցության պաշտպանության հանձնաժողով.

16) պետական մարմին` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, պետության կամ համայնքի հիմնարկ, Կենտրոնական բանկ, Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության համայնքի անունից հանդես եկող կամ պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի գործառույթ կամ լիազորություն իրականացնող իրավաբանական անձ կամ այլ կազմակերպություն, Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության համայնքի` 50 տոկոս և ավելի փայաբաժին ունեցող կազմակերպություն.

17) տնտեսավարող սուբյեկտ` անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, անձանց խումբ կամ անձանց միություն, իսկ սույն օրենքով նախատեսված` համակենտրոնացման, անբարեխիղճ մրցակցության և տնտեսական գործունեության համակարգման դեպքերում տնտեսավարող սուբյեկտ է համարվում նաև ֆիզիկական անձը.

18) տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձ` տնտեսավարող սուբյեկտի միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձ կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամ կամ կազմակերպչական, կարգադրական կամ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձ.

19) առևտրային օբյեկտ` գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է իրացման ոլորտում ապրանքներն սպառողին հասցնելու համար.

20) առևտրային ցանց` երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, որոնք ընդհանուր կառավարման ներքո են կամ գործում են միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո.

21) տնտեսական պայմաններ (գործոններ)` ապրանքի ձեռքբերման, արտադրության, իրացման (ծառայության մատուցման, աշխատանքի կատարման) հետ կապված ծախսեր, հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ, գնաճ, գնանկում.

22) գնի չհիմնավորված բարձրացում` տնտեսավարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմաններով (գործոններով) չպայմանավորված բարձրացում.

23) գնի չհիմնավորված իջեցում` տնտեսավարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմաններով (գործոններով) չպայմանավորված իջեցում.

24) գնի չհիմնավորված պահպանում` տնտեսավարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի պահպանումն այն դեպքում, երբ որոշակի տնտեսական պայմանների (գործոնների) առկայությունը կարող էր հանգեցնել կամ պետք է հանգեցներ ավելի ցածր կամ ավելի բարձր գնի սահմանման.

25) խտրական պայմաններ` ապրանքային շուկա մուտք գործելու, արտադրության, փոխանակման, սպառման, իրացման կամ ապրանքի այլ կերպ փոխանցման պայմաններ, այդ թվում` ապրանքի գինը, որոնք տնտեսավարող սուբյեկտի կամ սպառողի համար ստեղծում են անհավասար պայմաններ կամ անհավասար դրություն այլ տնտեսավարող սուբյեկտի կամ սպառողի համեմատությամբ.

26) մրցակցության կանխման, սահմանափակման կամ արգելման հատկանիշներ` անձանց խումբ չհանդիսացող տնտեսավարող սուբյեկտների քանակի կրճատում, ապրանքի գնի բարձրացում կամ իջեցում, որոնք կապված չեն ապրանքային շուկայում տնտեսական պայմանների համապատասխան փոփոխությունների հետ, անձանց խումբ չհանդիսացող տնտեսավարող սուբյեկտների կողմից ապրանքային շուկայում ինքնուրույն գործողություններից հրաժարում, ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտների միջև հակամրցակցային համաձայնությունների հետևանքով կամ այլ անձի կողմից տրված` նրանց համար պարտադիր կատարման ենթակա ցուցումներին համապատասխան կամ անձանց խումբ չհանդիսացող տնտեսավարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցման հետևանքով ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների սահմանում, այլ հանգամանքներ, որոնք տնտեսավարող սուբյեկտի համար հնարավորություն են ստեղծում միակողմանի ազդել ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա, ինչպես նաև պետական մարմինների և (կամ) դրանց պաշտոնատար անձանց կողմից ապրանքների կամ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ օրենքով չնախատեսված պահանջների սահմանումը.

27) ուղղակի վերահսկողություն` իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները կանխորոշելու հնարավորություն, որը դրսևորվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի գործառույթների իրականացման, իրավաբանական անձի ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանները սահմանելու իրավունքի ձեռքբերման և (կամ) իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալը կազմող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) ընդհանուր թվի 50 տոկոսից ավելին տիրապետելու միջոցով.

28) անուղղակի վերահսկողություն` իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները կանխորոշելու հնարավորությունն այնպիսի իրավաբանական կամ ֆիզիկական անձի միջոցով, որն ունի ուղղակի վերահսկողություն տվյալ իրավաբանական անձի նկատմամբ.

29) ակտիվի արժեք` ակտիվի հաշվեկշռային արժեք, իսկ դրա բացակայության դեպքում` ակտիվի փաստացի կամ գործարքային արժեք.

30) հասույթ` համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում տնտեսավարող սուբյեկտի սովորական գործունեությունից առաջացող տնտեսական օգուտների համախառն դրամական ներհոսք, որը հանգեցնում է սեփական կապիտալի աճի, բացառությամբ սեփական կապիտալում մասնակիցների կողմից ներդրումների հետևանքով սեփական կապիտալի աճի: Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների համար հասույթ է համարվում ապրանքների իրացումից ստացման ենթակա ձեռնարկատիրական եկամուտը` դրամական արտահայտությամբ, որը չի ներառում անուղղակի հարկերի գումարները.

31) փայաբաժին` իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության իրավունք (բաժնեմաս, բաժնետոմս, այլ արժեթուղթ).

32) պետական օժանդակություն տրամադրող մարմին` պետական մարմին, ինչպես նաև բոլոր այն մարմինները կամ կազմակերպությունները կամ պաշտոնատար անձինք, որոնք լիազորված են հանրային ֆինանսների կամ հանրային ռեսուրսների հաշվին տրամադրելու պետական օժանդակություն սույն օրենքի իմաստով.

33) օր` օրենսդրությամբ սահմանված աշխատանքային օր:

2. Սույն օրենքում օգտագործվող մյուս հասկացությունները և տերմինները կիրառվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իմաստով:

 

Հոդված 4. Անձանց խումբը

 

1. Սույն օրենքի իմաստով` անձանց խումբն իրավաբանական և (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ է, որոնց միջև փաստացի առկա է փոխկապվածություն կամ վերահսկողություն, և որոնց նկատմամբ բավարարվում է հետևյալ պայմաններից առնվազն մեկը.

1) կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպությունում իր մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում` առք ու վաճառքի, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության, լիազորագրի կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին.

2) կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպություններում իր մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում` առք ու վաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպությունների կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին.

3) կազմակերպությունները և ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, եթե նրանք փոխկապվածության կամ վերահսկողության ուժով գործում են ընդհանուր տնտեսական շահով պայմանավորված.

4) կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպության կողմից իր հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ.

5) կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպությունների կողմից ընդունվող որոշումները (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպությունների կողմից իրենց հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ.

6) կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմինը և (կամ) կոլեգիալ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին, և (կամ) ընտրվել է այդ կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին.

7) կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ նշանակվել կամ ընտրվել են այդ կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինները և (կամ) կոլեգիալ գործադիր մարմինների կազմերի կեսից ավելին, և (կամ) ընտրվել է այդ կազմակերպությունների կառավարման մարմինների կազմերի կեսից ավելին.

8) կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձն առնվազն մեկ տարի իրականացնում է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմնի իրավասությունները.

9) կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձն առնվազն մեկ տարի իրականացնում է կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինների իրավասությունները.

10) կազմակերպությունները, որոնցում կոլեգիալ գործադիր մարմնի անդամների կեսից ավելին միևնույն ֆիզիկական անձինք են.

11) ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, որոնց կողմից շահագործվող առևտրային օբյեկտներն ընդհանուր կառավարման ներքո են կամ գործում են միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո.

12) ֆիզիկական անձը, նրա ամուսինը, ծնողը, զավակը, որդեգրողը, որդեգրվածը, եղբայրը կամ քույրը.

13) կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որոնք սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով կազմում են անձանց խումբ, եթե այդ անձինք կազմակերպությունում իրենց մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում` առք ու վաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) այդ կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին.

14) ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, որոնցից յուրաքանչյուրը սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով անձանց խումբ է կազմում միևնույն անձի հետ, և այլ անձինք, որոնք սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով տվյալ անձանցից որևէ մեկի հետ անձանց խումբ են կազմում:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 5. Հակամրցակցային համաձայնությունները և դրանց արգելումը

 

1. Սույն օրենքի իմաստով` հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված այն գործարքները, նրանց բանավոր կամ գրավոր այն համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսավարող սուբյեկտների միավորումների ընդունած որոշումները (այսուհետ` համաձայնություններ), որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Հակամրցակցային համաձայնությունները կնքվում (կայացվում) են`

1) միևնույն ապրանքային շուկայում գործող հնարավոր կամ փաստացի մրցակից հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև, եթե համաձայնությունն առնչվում է տվյալ ապրանքային շուկային (հորիզոնական համաձայնություն).

2) միևնույն ապրանքային շուկայում ձեռք բերող և իրացնող, մրցակից չհանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև, եթե համաձայնությունն առնչվում է տվյալ ապրանքային շուկային (ուղղահայաց համաձայնություն).

3) որոշակի փոխկապակցվածություն ունեցող կամ տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսավարող սուբյեկտների միջև, որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը, ինչպես նաև սույն մասի 1-ին և 2-րդ կետերով չնախատեսված այլ համաձայնություններ (այլ համաձայնություն):

3. Հորիզոնական հակամրցակցային համաձայնությունները կարող են մասնավորապես վերաբերել`

1) ապրանքային շուկան կամ մատակարարման աղբյուրները բաշխելուն կամ բաժանելուն` ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի կամ ապրանքի տեսականու կամ իրացնողների կամ ձեռք բերողների խմբերի կամ տարածքային սկզբունքի կամ այլ եղանակի.

2) այլ տնտեսավարող սուբյեկտների` ապրանքային շուկա մուտք գործելուն կամ ապրանքային շուկայից ելքը խոչընդոտելուն (շուկա մուտք գործելը կամ շուկայից ելքը սահմանափակելուն) կամ շուկայից նրանց դուրս մղելուն.

3) ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

4) իրացման կամ ձեռքբերման գների, դրույքաչափերի, զեղչերի, հավելաճի, արտոնությունների կամ առևտրի այլ պայմանների համաձայնեցված ուղղակի կամ անուղղակի սահմանմանը, փոփոխմանը կամ պահպանմանը.

5) արտադրանքի, մատակարարման, տեխնիկական զարգացման կամ արդիականացման, ներմուծման, առևտրի կամ ներդրումների սահմանափակմանը կամ վերահսկմանը.

6) ի վնաս սպառողի շահերի` ապրանքների ներկրմանը կամ արտադրության չհիմնավորված կրճատմանը կամ դադարեցմանը կամ ապրանքները պահելու, փչացնելու կամ ոչնչացնելու միջոցով կամ այլ ձևով ապրանքային շուկայում պակասուրդի ստեղծմանը կամ պահպանմանը.

7) պետական գնումների կամ մրցույթների կամ աճուրդների պայմանների կամ արդյունքների վերաբերյալ պայմանավորվածությանը կամ արդյունքների կեղծմանը (խեղաթյուրմանը) կամ ապրանքի գնի չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

8) որոշակի իրացնողների կամ ձեռք բերողների հետ առևտրային գործունեությունը չկազմակերպելու պայմանավորվածությանը.

9) միևնույն ապրանքի համար խտրական պայմաններ առաջարկելուն կամ կիրառելուն.

10) պայմանագրի կողմին, ներառյալ` առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորություններ պարտադրելուն, որոնք տնտեսապես կամ տեխնոլոգիապես հիմնավորված և շահավետ չեն նրա համար կամ իրենց բնույթով, կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.

11) որոշակի իրացնողների կամ ձեռք բերողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չմտնելու, կամ պայմանագրային հարաբերությունները դադարեցնելու կամ կասեցնելու պարտադրմանը.

12) հակամրցակցային համաձայնության մասնակցին (մասնակիցներին) պատկանող փոխանցման ցանցերը, այլ բաշխիչ ցանցերը կամ այլ ենթակառուցվածքները ողջամիտ վճարի կամ պայմանի դիմաց այլ տնտեսավարող սուբյեկտներին (սուբյեկտին) օգտագործելու կամ շահագործելու թույլտվություն կամ հասանելիություն չտալուն, եթե այդ տնտեսավարող սուբյեկտներն օբյեկտիվորեն չեն կարող այլ տնտեսավարող սուբյեկտներից ստանալ այդ փոխանցման ցանցերի, այլ բաշխիչ ցանցերի կամ այլ ենթակառուցվածքների շահագործման կամ օգտագործման թույլտվությունը կամ հասանելիությունը, և առանց դրա հնարավոր չէ գործունեություն իրականացնել ապրանքային շուկայում.

13) այլ պայմանների կամ վարքագծի, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը:

4. Ուղղահայաց հակամրցակցային համաձայնությունները կարող են մասնավորապես վերաբերել`

1) ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի համար տվյալ ապրանքի վերավաճառքի գին սահմանելուն, բացառությամբ ապրանքի վերավաճառքի առավելագույն գնի սահմանման.

2) իրացնող տնտեսավարող սուբյեկտի մրցակից կամ հնարավոր մրցակից համարվող տնտեսավարող սուբյեկտից ապրանք ձեռք բերելուց հրաժարվելուն կամ այդ տնտեսավարող սուբյեկտից ձեռք բերվող ապրանքների քանակի, տեսականու, գնի կամ այլ պայմաններին, բացառությամբ այն դեպքերի, երբ ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտը գործում է իրացնող տնտեսավարող սուբյեկտի ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո.

3) հակամրցակցային համաձայնության մասնակցին (մասնակիցներին) պատկանող փոխանցման ցանցերը, այլ բաշխիչ ցանցերը կամ այլ ենթակառուցվածքները ողջամիտ վճարի կամ պայմանի դիմաց այլ տնտեսավարող սուբյեկտին (սուբյեկտներին) օգտագործելու կամ շահագործելու թույլտվություն չտալուն, եթե այդ տնտեսավարող սուբյեկտն օբյեկտիվորեն չի կարող այլ տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել այդ փոխանցման ցանցերի, այլ բաշխիչ ցանցերի կամ այլ ենթակառուցվածքների շահագործման կամ օգտագործման թույլտվությունը, և առանց դրա հնարավոր չէ գործունեություն իրականացնել ապրանքային շուկայում.

4) այլ պայմանների կամ վարքագծի, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-12-րդ կետերով և 4-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում հակամրցակցային համաձայնությունն առկա է անկախ հնարավոր կամ փաստացի հետևանքից:

6. Այլ հակամրցակցային համաձայնությունները կարող են մասնավորապես վերաբերել`

1) ապրանքների իրացման սահմանափակումներին` տարածքային, գնային կամ այլ հատկանիշներից ելնելով.

2) ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

3) այլ տնտեսավարող սուբյեկտներից (սուբյեկտներին) ապրանք ձեռք բերելուց (իրացնելուց) հրաժարվելուն.

4) միևնույն ապրանքի համար խտրական պայմաններ առաջարկելուն կամ կիրառելուն.

5) գործարքներում այնպիսի դրույթ սահմանելուն, որը տնտեսապես կամ տեխնոլոգիապես հիմնավորված և շահավետ չէ տնտեսավարող սուբյեկտի համար կամ իր բնույթով կամ իրականացման տեսանկյունից չի առնչվում գործարքի բուն առարկային.

6) որոշակի իրացնողների կամ ձեռք բերողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չմտնելու, կամ պայմանագրային հարաբերությունները դադարեցնելու կամ կասեցնելու պարտադրմանը.

7) ապրանքային շուկան կամ մատակարարման աղբյուրները բաշխելուն կամ բաժանելուն` ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի կամ ապրանքի տեսականու կամ իրացնողների կամ ձեռք բերողների խմբերի կամ տարածքային սկզբունքի կամ այլ եղանակի.

8) այլ տնտեսավարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն (շուկա մուտք գործելը սահմանափակելուն) կամ շուկայից նրանց դուրս մղելուն.

9) հակամրցակցային համաձայնության մասնակցին (մասնակիցներին) պատկանող փոխանցման ցանցերը, այլ բաշխիչ ցանցերը կամ այլ ենթակառուցվածքները ողջամիտ վճարի կամ պայմանի դիմաց այլ տնտեսավարող սուբյեկտին օգտագործելու կամ շահագործելու թույլտվություն չտալուն, եթե այդ տնտեսավարող սուբյեկտն օբյեկտիվորեն չի կարող այլ տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել այդ փոխանցման ցանցերի, այլ բաշխիչ ցանցերի կամ այլ ենթակառուցվածքների շահագործման կամ օգտագործման թույլտվությունը, և առանց դրա հնարավոր չէ գործունեություն իրականացնել ապրանքային շուկայում.

10) մասնագիտական կամ այլ միություններին անդամակցելու կամ դրանց գործունեությանը մասնակցելու պայմանների պարտադրմանը.

11) այլ պայմանների կամ վարքագծի, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը:

7. Հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված, եթե`

1) առկա է այդ մասին վկայող որևէ փաստական տվյալ (այդ թվում` ցանկացած գրավոր փաստաթուղթ կամ գրավոր այլ ապացույց, տեսագրություն կամ ձայնագրություն) կամ օրենքով չարգելված ցանկացած այլ ապացույց.

2) այդ մասին են վկայում տնտեսավարող սուբյեկտների` սույն հոդվածի 3-րդ, 4-րդ կամ 6-րդ մասերում նշված գործողությունները կամ վարքագիծը:

8. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը) արգելվում է:

9. Հակամրցակցային համաձայնություն չեն համարվում`

1) տնտեսավարող սուբյեկտների ուղղահայաց կամ այլ համաձայնությունները, եթե այդ համաձայնության մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը համապատասխան ապրանքային շուկայում չի գերազանցում 20 տոկոսը.

2) անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված համաձայնությունները, եթե այդ տնտեսավարող սուբյեկտներից մեկն ուղղակի կամ անուղղակի վերահսկողություն է սահմանել տնտեսավարող մյուս սուբյեկտի նկատմամբ, ինչպես նաև եթե այդ տնտեսավարող սուբյեկտները մեկ անձի ուղղակի կամ անուղղակի վերահսկողության տակ են, բացառությամբ այնպիսի տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված համաձայնությունների, որոնք իրականացնում են գործունեության այնպիսի տեսակներ, որոնց միաժամանակ իրականացումն անձանց խմբում ընդգրկված մի քանի տնտեսավարող սուբյեկտի կողմից չի թույլատրվում օրենքով.

3) այն ուղղահայաց կամ այլ համաձայնությունները, որոնցով տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ չեն սահմանվում այնպիսի սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ չեն այդ համաձայնությունների նպատակներն իրականացնելու համար և չեն ստեղծում համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության կանխման, սահմանափակման և (կամ) արգելման հնարավորություն, և եթե տնտեսավարող սուբյեկտներն ապացուցում են, որ նման համաձայնությունները նպաստում են կամ կարող են նպաստել`

ա. ապրանքների արտադրության (իրացման) կատարելագործմանը կամ տեխնիկական (տնտեսական) առաջընթացը խթանելուն կամ համաշխարհային ապրանքային շուկայում անդամ պետություններում արտադրված ապրանքների մրցունակության բարձրացմանը.

բ. համապատասխան անձանց կողմից նման գործողությունների իրականացման հետևանքով ձեռք բերվող առավելությունների (օգուտների) համապատասխան մասի ստացմանն սպառողների կողմից: 

 

ԳԼՈՒԽ 3
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Հոդված 6. Տնտեսական գործունեության համակարգումը

 

1. Տնտեսական գործունեության համակարգում է համարվում տնտեսավարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցումն այն ֆիզիկական անձի, տնտեսավարող սուբյեկտի կամ պետական մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի կողմից, որն այդ տնտեսավարող սուբյեկտներից ոչ մեկի հետ չի ընդգրկվում անձանց խմբում և գործունեություն չի իրականացնում այն ապրանքային շուկայում, որում իրականացվում է տնտեսավարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցումը:

2. Արգելվում է տնտեսական գործունեության այնպիսի համակարգումը, որը հանգեցնում է և (կամ) կարող է հանգեցնել`

1) գների (սակագների), զեղչերի, հավելումների (հավելավճարների), հավելագների կիրառմանը կամ պահպանմանը.

2) աճուրդների, սակարկությունների, գնումների կամ մրցույթների ժամանակ գների բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

3) ապրանքային շուկայի բաժանմանը` ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների իրացման կամ ձեռքբերման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների կամ պատվիրատուների կազմի.

4) ապրանքների արտադրության կրճատմանը կամ դադարեցմանը.

5) կոնկրետ վաճառողների կամ գնորդների կամ պատվիրատուների հետ պայմանագրեր կնքելուց հրաժարվելուն.

6) ապրանքի վերավաճառքի գնի սահմանմանը, բացառությամբ այն դեպքի, երբ վաճառողը գնորդի համար սահմանում է ապրանքի վերավաճառքի առավելագույն գինը.

7) գնորդի` այն տնտեսավարող սուբյեկտի ապրանքը չվաճառելու պարտավորությանը, որը վաճառողի մրցակիցն է: Այդպիսի արգելքը չի տարածվում գնորդի կողմից` ապրանքային նշան կամ վաճառողի կամ արտադրողի անհատականացման այլ միջոց կրող ապրանքի վաճառքը կազմակերպելու վերաբերյալ համաձայնության կնքման վրա.

8) այլ եղանակներով մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը:

 

ԳԼՈՒԽ 4
ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԸ

 

Հոդված 7. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքը

 

1. Սույն օրենքի իմաստով` տնտեսավարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է մենաշնորհ դիրք ունեցող, եթե, որպես իրացնող կամ ձեռք բերող, չունի մրցակից:

2. Տնտեսավարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե`

1) տվյալ ապրանքային շուկայում ունի շուկայական իշխանություն, մասնավորապես, որպես իրացնող կամ ձեռք բերող, չի հանդիպում էական մրցակցության և (կամ), իր ֆինանսական կարողությունից կամ այլ հատկանիշներից ելնելով, հնարավորություն ունի որոշիչ ազդեցություն ունենալու տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա և (կամ) դուրս մղելու այլ տնտեսավարող սուբյեկտին տվյալ ապրանքային շուկայից և (կամ) խոչընդոտելու տվյալ ապրանքային շուկա մուտք գործելուն, կամ

2) ապրանքային շուկայում, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը, կամ

3) ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսավարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը, կամ

4) ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսավարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն երկու երրորդը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկով տնտեսավարող սուբյեկտները գերիշխող դիրք ունեցող են համարվում` հաշվի առնելով տվյալ ապրանքային շուկայի կառուցվածքի առանձնահատկություններն այդ շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների բաժինների բաշխվածության վերաբերյալ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկով տնտեսավարող սուբյեկտը չի կարող համարվել գերիշխող դիրք ունեցող, եթե նա, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով չի գերազանցում տվյալ շուկայի մեկ տասներորդը:

5. Սույն հոդվածում նշված տնտեսավարող սուբյեկտը կարող է ներկայացնել տվյալ ապրանքային շուկայում իր գերիշխող դիրքի առկայությունը բացառող ապացույցներ:

6. Տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման մեթոդաբանությունը և կարգը սահմանում է Հանձնաժողովը:

 

Հոդված 8. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը

 

1. Արգելվում է տնտեսավարող սուբյեկտների կողմից մենաշնորհ կամ գերիշխող դիրքի (այսուհետ` գերիշխող դիրք) չարաշահումը:

2. Գերիշխող դիրքի չարաշահում է համարվում`

1) իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված կամ խտրական գների սահմանումը կամ կիրառումը կամ օրենսդրությանը հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը կամ կիրառումը, որի հետևանքով ստեղծվում են կամ կարող են ստեղծվել խտրական պայմաններ.

3) այլ տնտեսավարող սուբյեկտի առևտրի կամ արտադրության արդիականացման կամ ներդրումների սահմանափակումը.

4) ի վնաս սպառողի շահերի` ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատումը կամ դադարեցումը կամ ապրանքները պահելու, փչացնելու կամ ոչնչացնելու միջոցով կամ այլ ձևով ապրանքային շուկայում պակասուրդի ստեղծումը կամ պահպանումը.

5) այլ տնտեսավարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական պայմանների (այդ թվում` գների) սահմանումը կամ կիրառումն այլ հավասար պայմաններում.

6) պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին, ներառյալ` առևտրի օբյեկտներին, իրենց համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող տնտեսապես և (կամ) տեխնոլոգիապես չհիմնավորված պայմաններ պարտադրելը.

7) տնտեսավարող սուբյեկտների վերակազմակերպման, լուծարման կամ տնտեսական կապերի խզման պարտադրումը.

8) այլ տնտեսավարող սուբյեկտի` շուկա մուտք գործելուն խոչընդոտելու (շուկա մուտք գործելը սահմանափակելու) կամ շուկայից նրան դուրս մղելու գործողությունը կամ վարքագիծը, որի հետևանքով այլ տնտեսավարող սուբյեկտը մուտք չի գործել շուկա կամ դուրս է մղվել շուկայից կամ կատարել է լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար, կամ որի հետևանքով այլ տնտեսավարող սուբյեկտը կարող էր մուտք չգործել շուկա կամ դուրս մղվել շուկայից կամ կատարել լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար.

9) գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտին պատկանող փոխանցման ցանցերի, այլ բաշխիչ ցանցերի կամ այլ ենթակառուցվածքների` ողջամիտ վճարի կամ պայմանի դիմաց այլ տնտեսավարող սուբյեկտին օգտագործելու կամ շահագործելու թույլտվություն չտալը, եթե այդ տնտեսավարող սուբյեկտներն օբյեկտիվորեն չեն կարող այլ տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել այդ փոխանցման ցանցերի, այլ բաշխիչ ցանցերի կամ այլ ենթակառուցվածքների շահագործման կամ օգտագործման թույլտվությունը, և առանց դրա հնարավոր չէ գործունեություն իրականացնել ապրանքային շուկայում.

10) այնպիսի պայմանների առաջարկը կամ կիրառումը, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել խտրական պայմաններ այն դեպքում, երբ համանման պայմաններ չեն առաջարկվել տվյալ ապրանքային շուկայում գործող մյուս տնտեսավարող սուբյեկտներին.

11) իրացման կամ ձեռքբերման գների զեղչերի կամ արտոնությունների սահմանումը, փոփոխումը կամ պահպանումը, եթե դրանք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը.

12) ապրանքի գնի չհիմնավորված բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը.

13) չհիմնավորված բարձր կամ չհիմնավորված ցածր գների սահմանումը և (կամ) կիրառումը.

14) ապրանք ձեռք բերողի կամ ձեռք բերել ցանկացողի հետ պայմանագիր կնքելուց տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված պատճառներով հրաժարվելը կամ խուսափելը համապատասխան ապրանքի արտադրության և (կամ) իրացման հնարավորության առկայության դեպքում.

15) մասնագիտական կամ այլ միություններին անդամակցելու կամ դրանց գործունեությանը մասնակցելու պայմանների պարտադրումը.

16) այլ պայմանների կամ վարքագծի սահմանումը կամ կիրառումը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը:

3. Գերիշխող դիրքը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ չարաշահելու դեպքում Հանձնաժողովը կարող է տնտեսավարող սուբյեկտների ապախոշորացման (բաժանման, առանձնացման, փայաբաժնի կամ միջոցների օտարման) մասին որոշում ընդունել, որը տնտեսավարող սուբյեկտի կողմից ենթակա է կատարման ոչ ուշ, քան այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում:

4. Հանձնաժողովի` տնտեսավարող սուբյեկտի ապախոշորացման մասին որոշումը դրանում նշված ժամկետում չկատարվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը ենթակա է դատական կարգով հարկադիր վերակազմակերպման:

 

Հոդված 9. Չհիմնավորված բարձր գինը

 

1. Չհիմնավորված բարձր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի սահմանած` ապրանքի իրացման կամ ձեռքբերման այն գինը, որը միաժամանակ`

1) բարձր է այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարից,

2) բարձր է այն գնից, որը ձևավորվել է մրցակցության պայմաններում այնպիսի ապրանքային շուկայում, որը համադրելի է` ըստ ապրանք ձեռք բերողների կամ իրացնողների կազմի, ապրանքաշրջանառության պայմանների, ապրանքային շուկայի հասանելիության պայմանների կամ պետական կարգավորման, այդ թվում` հարկման ու մաքսասակագնային կարգավորման (այսուհետ` համադրելի ապրանքային շուկա)` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Չհիմնավորված բարձր գին չի համարվում ապրանքի այն գինը, որը`

1) սահմանվել է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սակագների սահմաններում.

2) սահմանվել է նորարարական գործունեության արդյունքով, այսինքն` այնպիսի գործունեության, որը հանգեցնում է նոր, փոխադարձ անփոխարինելի ապրանքի ստեղծմանը կամ նոր փոխադարձ փոխարինելի ապրանքի ստեղծմանը կամ իրականացվում է նոր արտադրական գործընթացի միջոցով, այդ թվում` նոր տեխնոլոգիայով.

3) սահմանվել է այն ապրանքների համար, որոնք ունեն ոչ լայն սպառում, խիստ սահմանափակ արտադրություն, գնային, որակական, մարկետինգային և այլ հատկանիշներով ունեն յուրահատկություններ (նիշային ապրանքներ):

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չհիմնավորված բարձր գնի որոշման ընթացքում Հանձնաժողովը կարող է հաշվի առնել նաև տվյալ ապրանքի համաշխարհային շուկաներում սահմանված բորսայական և ոչ բորսայական գնի ցուցանիշները` ելնելով յուրաքանչյուր գործի առանձնահատկություններից:

 

Հոդված 10. Չհիմնավորված ցածր գինը

 

1. Չհիմնավորված ցածր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի սահմանած` ապրանքի իրացման կամ ձեռքբերման այն գինը, որը ցածր է այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարից, և այն գնից, որը ձևավորվել է մրցակցության պայմաններում համադրելի ապրանքային շուկայում` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Ապրանքի գինը չի համարվում չհիմնավորված ցածր, եթե`

1) այն սահմանվել է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սակագների սահմաններում.

2) այդ գնի սահմանումը չի հանգեցրել կամ չէր կարող հանգեցնել մրցակցության կանխմանը, սահմանափակմանը և (կամ) արգելմանը` կապված ապրանքային շուկայում ապրանք իրացնողների և ձեռք բերողների հետ անձանց խումբ չհանդիսացող տնտեսավարող սուբյեկտների քանակի կրճատման հետ:

 

ԳԼՈՒԽ 5
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԸ

 

Հոդված 11. Բանակցային ուժեղ դիրքը

 

1. Տնտեսավարող սուբյեկտն ունի բանակցային ուժեղ դիրք, եթե`

1) համապատասխան ոլորտում իր էական ազդեցության կամ ենթակառուցվածքի շնորհիվ կարող է ապահովել համապատասխան ապրանքների մուտքն իրացման շուկա, և նրա հետ պայմանագիր կնքած կամ կնքել ցանկացող տնտեսավարող սուբյեկտը չունի հնարավորություն առանց տվյալ տնտեսավարող սուբյեկտի հետ համագործակցության սպառողներին իրացնելու այդ ապրանքները, կամ բացակայում է այլընտրանքի տնտեսական նպատակահարմարությունը, կամ

2) տվյալ տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր կառավարման ներքո են չորս կամ ավելի առևտրային օբյեկտներ (առևտրային ցանց), որոնցում իրացման տարեկան հասույթը գերազանցում է ընդհանուր երեք միլիարդ դրամը, կամ

3) տվյալ տնտեսավարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործում են չորս կամ ավելի առևտրային օբյեկտներ (առևտրային ցանց), որոնցում իրացման տարեկան հասույթը գերազանցում է ընդհանուր երեք միլիարդ դրամը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված բանակցային ուժեղ դիրքի առկայությունը որոշվում է` հաշվի առնելով`

1) իրացնողների և ձեռք բերողների միջև տնտեսական կամ այլ հարաբերությունների բնույթը կամ պատմությունը, կամ

2) ոլորտի կամ իրացվող ապրանքի առանձնահատկությունները, կամ

3) այդ տնտեսավարող սուբյեկտների գործարար գործունեության շրջանակը, կամ

4) այդ տնտեսավարող սուբյեկտների հասույթի չափը, կամ

5) իրացնող և ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտների` միմյանցից կախվածության աստիճանը, կամ

6) այլընտրանքային առևտրային գործընկեր կամ իրացման այլ աղբյուրներ կամ ենթակառուցվածքներ գտնելու հնարավորությունը և տնտեսական նպատակահարմարությունը:

Հոդված 12. Բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը

 

1. Արգելվում է տնտեսավարող սուբյեկտների կողմից բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը:

2. Բանակցային ուժեղ դիրքի չարաշահում է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հիմնավորված չէ տնտեսական պայմաններով կամ գործոններով և վնասում է կամ կարող է վնասել բանակցություններում թույլ դիրք ունեցող կողմի շահերը:

3. Բանակցային ուժեղ դիրքի չարաշահում է համարվում`

1) ապրանքներ ձեռք բերելուց անհիմն հրաժարվելը.

2) խտրական պայմանների սահմանումը կամ կիրառումը.

3) ձեռնարկատիրական հարաբերությունների անհիմն դադարեցումը.

4) արտոնությունների տրամադրման, այդ թվում` զեղչերի կիրառման, հավելյալ ծառայությունների մատուցման պարտադրումը, որի դիմաց բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից որևէ գործողություն չի իրականացվում.

5) պայմանագրի կամ համագործակցության պայմանների միակողմանի և հաճախակի փոփոխությունն առանց պայմանագրի կողմի համաձայնության կամ գիտության.

6) առևտրային օբյեկտում իրացնողների ապրանքների ներկայացման և իրացման համար չհիմնավորված հավելյալ վճարների գանձումը.

7) բանակցային ուժեղ դիրք ունեցող սուբյեկտին պատկանող առևտրային ցանցերում մրցակից ապրանքների գների, ցուցադրման եղանակի, տեղի և իրացման համար էական նշանակություն ունեցող այլ պայմանների միջև արհեստական տարբերությունների սահմանումը կամ կիրառումը.

8) պայմանագրի կողմին պայմանների պարտադրումը, որոնք վերաբերում են`

ա. այլ տնտեսավարող սուբյեկտի հետ պայմանագիր կնքելու արգելքին.

բ. այլ տնտեսավարող սուբյեկտի հետ կնքվող պայմանագրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը.

գ. մատակարարված և առևտրային ցանցի սեփականությունը համարվող ապրանքի փչացման, վնասվածքի, կորստի կամ ոչնչացման դեպքում տնտեսավարող սուբյեկտի կողմից վնասների փոխհատուցմանը, բացառությամբ այն դեպքի, երբ դա տեղի է ունեցել վերջինիս մեղքով.

դ. տնտեսավարող սուբյեկտի կողմից այն ծախսերի փոխհատուցմանը, որոնք կապված չեն ապրանքի մատակարարման պայմանագրի կատարման կամ ապրանքի հետագա իրացման հետ.

ե. այն ապրանքի վերադարձման պարտավորության սահմանմանը, որոնք չեն իրացվել որոշակի ժամանակահատվածի ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքների վերադարձման պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ պայմանագրով.

զ. ապրանքները բանակցային ուժեղ դիրք ունեցող սուբյեկտի մատնանշած ապրանքային նշանով իրացնելուն.

է. իրացման ընթացքում զեղչեր կամ ակցիաներ կիրառելու, արտոնություններ սահմանելու արգելքին.

9) առանց գրավոր պայմանագիր կնքելու կամ գործարքը հաստատող այլ գրավոր փաստաթղթի առկայության մատակարարում իրականացնելուն պարտադրելը.

10) բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից առևտրային հարաբերության մյուս կողմի համար վատթարացնող այլ պայմանների պարտադրանքը.

11) այլ գործողություն կամ վարքագիծ, որը պարունակում է սույն հոդվածի 2-րդ մասի հատկանիշները:

 

ԳԼՈՒԽ 6
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 13. Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացման հասկացությունը

 

1. Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում`

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսավարող սուբյեկտների միացումը.

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսավարող սուբյեկտների միաձուլումը.

3) տնտեսավարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ տնտեսավարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ գործարքին նախորդող վերջին երեք տարվա ընթացքում տվյալ տնտեսավարող սուբյեկտից ձեռք բերված ակտիվների հետ միասին կազմում է համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահի դրությամբ ակտիվն իրացնող տնտեսավարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին.

4) տնտեսավարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ տնտեսավարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կազմում է այդ տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առնվազն 20 տոկոսը կամ եթե ձեռք բերողին արդեն իսկ պատկանող փայաբաժնի հետ կազմում է այդ տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առնվազն 20 տոկոսը.

5) մտավոր սեփականության օբյեկտի, այդ թվում` անհատականացման միջոցի օգտագործման իրավունքի ձեռքբերումը, որի հետևանքով տնտեսավարող սուբյեկտը կարող է ազդեցություն ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում որևէ ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա.

6) տնտեսավարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ, որի շնորհիվ տնտեսավարող սուբյեկտն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է ազդել այլ տնտեսավարող սուբյեկտի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ազդեցություն ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում որևէ ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա.

7) մեկից ավելի տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետությունում այնպիսի իրավաբանական անձի հիմնադրումը, որը գործելու է որպես ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտ:

2. Միացման մասնակիցներ են համարվում միացման ձևով վերակազմակերպվող տնտեսավարող սուբյեկտները:

3. Միաձուլման մասնակիցներ են համարվում միաձուլվող տնտեսավարող սուբյեկտները:

4. Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են ակտիվներ իրացնող և ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտները:

5. Փայաբաժնի ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են փայաբաժին ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտը և այն տնտեսավարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում իրավահարաբերության մասնակից տնտեսավարող սուբյեկտները:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում հիմնադիր տնտեսավարող սուբյեկտները:

8. Սույն օրենքի իմաստով` համակենտրոնացումը կայացվում է`

1) միևնույն ապրանքային շուկայում (հորիզոնական համակենտրոնացում).

2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում (ուղղահայաց համակենտրոնացում).

3) տարբեր ապրանքային շուկաներում (խառը համակենտրոնացում):

9. Համակենտրոնացում չեն համարվում`

1) տնտեսավարող սուբյեկտների` սույն հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, որոնք տեղի են ունենում սույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերի, եթե պահպանվել են սույն օրենքի 14-րդ հոդվածի պայմանները.

2) ֆոնդային բորսաներում ցուցակված արժեթղթերի ձեռքբերման վերաբերյալ գործարքները.

3) դատական ակտի հիման վրա իրականացվող աճուրդների միջոցով կնքված գործարքները.

4) ժառանգության ընդունումը:

 

Հոդված 14. Անձանց խմբի ներսում իրականացվող վերակազմակերպումների, գործողությունների կամ գործարքների մասին տեղեկացնելու կարգը

 

1. Անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտները սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները կատարելուց հետո` 10 օրվա ընթացքում, տեղեկացնում են Հանձնաժողովին:

2. Անձանց խումբը պարտավոր է պահպանել հետևյալ պայմանները.

1) անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը, նրանց` անձանց խումբ հանդիսանալու հիմնավորումները Հանձնաժողովի որոշմամբ հաստատված ձևով սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան վերակազմակերպումը, գործողությունը կամ գործարքը կատարելուց առնվազն մեկ ամիս առաջ ներկայացված լինի Հանձնաժողով.

2) անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան վերակազմակերպման, գործողության կամ գործարքի պահին փոփոխության ենթարկված չլինի այն ցուցակի համեմատ, որը ներկայացվել է Հանձնաժողով.

3) անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը հիմնված լինի հավաստի տեղեկությունների վրա և չպարունակի կեղծ տվյալներ:

3. Հանձնաժողովն անձանց խմբի ցուցակը ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, դիմողին ներկայացնում է հետևյալ ծանուցումներից մեկը.

1) ցուցակը ստանալու և այն, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկությունների, Հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրելու վերաբերյալ.

2) Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ձևը կամ պայմանները չպահպանելու վերաբերյալ:

4. Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Հանձնաժողով ներկայացնելու կարգը, ձևը և ժամկետները սահմանում է Հանձնաժողովը:

5. Անձանց խմբի ցուցակը Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ձևի կամ պայմանների խախտմամբ ներկայացվելու դեպքում անձանց խմբի ցուցակը համարվում է չներկայացված:

6. Հանձնաժողով ներկայացված անձանց խմբի ցուցակում ոչ հավաստի տվյալներ հայտնաբերվելու դեպքում այն ներկայացնողը ենթակա է պատասխանատվության, և ցուցակը հանվում է Հանձնաժողովի պաշտոնական կայքից:

 

Հոդված 15. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը

 

1. Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացումը մինչև գործողության մեջ դնելը ենթակա է հայտարարագրման, եթե`

1) համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացվելու պահին կամ դրան նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների արժեքը.

2) համակենտրոնացման մասնակիցների հասույթի ընդհանուր չափը կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացվելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հասույթի չափը.

3) համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու տարվան նախորդող ֆինանսական տարում գործունեություն չիրականացրած կամ 12 ամսից պակաս ժամանակահատվածում գործունեություն իրականացրած համակենտրոնացման մասնակիցների հասույթի ընդհանուր չափը կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացվելու պահին նախորդող 12 ամիսների հաշվարկով գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված չափը.

4) համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետությունում որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:

2. Անձանց խմբի դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ակտիվների կամ հասույթի արժեքի (չափի) հաշվարկման հիմքում դրվում է անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ակտիվների կամ հասույթի արժեքի (չափի) հանրագումարը:

 

ԳԼՈՒԽ 7
ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 16. Անբարեխիղճ մրցակցությունը

 

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է տնտեսավարող սուբյեկտների միջև կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռք բերողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները:

2. Անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:

3. Անբարեխիղճ մրցակցություն են սույն օրենքի 17-24-րդ հոդվածներում նախատեսված դեպքերը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողությունները:

4. Սույն օրենքի 16-24-րդ հոդվածներում նկարագրված իրավախախտումների հատկանիշների առկայության հարցը գնահատում է Հանձնաժողովը:

 

Հոդված 17. Տնտեսավարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելը

 

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող կամ այլ կերպ շրջանառության մեջ դրված ապրանքների, դրանց փաթեթավորումների կամ պիտակների վրա կամ ապրանքին առնչվող այլ տեղեկատվության մեջ կամ ինտերնետային դոմենի անվանումներում կամ գովազդում այնպիսի անվանման, նշանի, նիշի, հնչյունի կամ բառի օգտագործումը, որը նույնական կամ շփոթելու աստիճանի նման է այլ տնտեսավարող սուբյեկտի` Հայաստանի Հանրապետությունում պահպանվող կամ նրա կողմից ավելի վաղ օգտագործվող կամ հանրահայտ ապրանքային կամ սպասարկման նշանին կամ ֆիրմային անվանմանը.

2) այլ տնտեսավարող սուբյեկտի կողմից քաղաքացիական շրջանառության մեջ դրված ապրանքի, դրա արտաքին տեսքի կամ փաթեթավորման, գունային համակցության կամ այլ ոչ ֆունկցիոնալ բնութագրերի կրկնօրինակումը կամ նմանակումը.

3) այլ տնտեսավարող սուբյեկտի` Հայաստանի Հանրապետությունում պահպանվող արդյունաբերական դիզայնին նույնական կամ շփոթության աստիճանի նման դիզայնի ապօրինի օգտագործումը.

4) քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, անհատականացման այլ միջոցների, օրինակ` գործարարության խորհրդանիշի, բառեր փոխարինող նշանների կամ տառերի, կարգախոսների, տնտեսավարող սուբյեկտի ապրանքի կամ ֆիրմային բնութագրիչների (անձնակազմի հագուստ, առևտրային օբյեկտի կահավորում, ցուցափեղկերի ներկայացման ձև և այլն) նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.

5) ապրանքների ներկայացման ձևերի, այդ թվում` գովազդի, ծառայողական հագուստի, ապրանքների մատուցման ոճի նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.

6) հռչակավոր մարդկանց, գրականության, արվեստի կամ սպորտի հանրաճանաչ գործիչների, հանրաճանաչ այլ անձանց անունների, այլ տվյալների, պատկերների օգտագործումը, ստեղծագործությունների, դրանց անվանումների, տեքստերի կամ պատկերների ամբողջական կամ մասնակի արտատպումը, պատճենումը կամ այլ կերպ օգտագործումն առանց համապատասխան համաձայնության (թույլտվության).

7) ինտերնետային կամ հեռահաղորդակցության համաշխարհային համակարգչային այլ ցանցերում, հասցեագրման ցանկացած միջոցներում, այդ թվում` դոմենում, այլ տնտեսավարող սուբյեկտի անհատականացման միջոցին կամ կայքի դիզայնին նույնական կամ շփոթության աստիճանի նման անհատականացման միջոցի կամ կայքի դիզայնի օգտագործումը:

 

Հոդված 18. Անբարեխիղճ մրցակցությունը` կապված քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ բացառիկ իրավունքների ձեռքբերման և օգտագործման հետ

 

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ բացառիկ իրավունքների ձեռքբերման կամ օգտագործման հետ կապված գործողությունը կամ վարքագիծը, որն ուղղված է այլ սուբյեկտին ապրանքային շուկայից դուրս մղելուն, ապրանքային շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն, այլ տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը սահմանափակելուն կամ խոչընդոտելուն կամ ապրանքային շուկայում մրցակցությունն այլ կերպ սահմանափակելուն: 

Հոդված 19. Մտավոր գործունեության արդյունքների օգտագործմամբ դրսևորվող անբարեխիղճ մրցակցությունը

 

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի կողմից մտավոր գործունեության պահպանվող արդյունքի ապօրինի օգտագործմամբ (առանց դրա իրավատիրոջ թույլտվության) ապրանքի արտադրումը, վաճառքը, վաճառքի առաջարկը և այլ ձևով քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելը, եթե առկա չեն սույն օրենքի 17-րդ կամ 24-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների հատկանիշները:

 

Հոդված 20. Տնտեսավարող սուբյեկտի կամ նրա գործունեության վարկաբեկումը

 

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ցանկացած կեղծ, ոչ հավաստի, աղավաղված կամ անհիմն հայտարարություն, որը վարկաբեկում է կամ կարող է վարկաբեկել տնտեսավարող սուբյեկտին, նրա գործունեությունը կամ առաջարկած ապրանքները, այդ թվում` ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների իրականացման ընթացքում ապրանքների` արտադրության կամ իրացման գործընթացի, որոշակի նպատակի համար դրանց պիտանիության, որակի, քանակի կամ այլ բնութագրերի, առաջարկման կամ մատուցման պայմանների կամ գնի կամ դրա հաշվարկման եղանակի նկատմամբ:

 

Հոդված 21. Հասարակության մոլորեցումը

 

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում հասարակության մոլորեցումը, այդ թվում`

1) ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների, դրանց գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների, ապրանքի աշխարհագրական ծագման կամ սույն օրենքի 20-րդ հոդվածում թվարկված բնութագրերի կամ պայմանների վերաբերյալ.

2) ապրանքների որակն անհիմն չափազանցելը կամ որակի, քանակի կամ այլ բնութագրերի կամ ապրանքների ձեռքբերման կամ իրացման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը կամ տեղեկատվությունն այն ձևով ներկայացնելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման).

3) գովազդի մեջ (գովազդելու ընթացքում) կամ իրացման ընթացքում թերի կամ կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը կամ այնպիսի տվյալների (տեղեկությունների) բացակայությունը կամ տվյալների (տեղեկությունների) այն ձևով նշումը, որն սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմելու իրացվող կամ գովազդվող ապրանքի կամ տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ.

4) օրենքին հակասող, այդ թվում` անբարեխիղճ կամ հակաօրինական կամ հավաստիության կամ պատշաճության խախտմամբ իրականացվող գովազդները, որոնք կարող են կանխել, սահմանափակել կամ արգելել տնտեսական մրցակցությունը կամ վնասել սպառողների շահերը:

2. Սույն հոդվածը չի տարածվում այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնց (որի) հետևանքով կարող է վնաս հասցվել սպառողների կյանքին, առողջությանը, անվտանգությանը, հասարակական կամ պետական անվտանգությանը կամ շրջակա միջավայրին:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում օգտագործված հասկացությունները կիրառվում են «Գովազդի մասին» օրենքի իմաստով:

 

Հոդված 22. Տնտեսավարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասումը

 

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը վնասում է կամ կարող է վնասել տնտեսավարող սուբյեկտի համբավը կամ վարկարժեքը (ոչ նյութական ակտիվը), որը կարող է հիմնականում լինել սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված օբյեկտների հետ կապված համբավի կամ վարկարժեքի թուլացման արդյունք:

2. Համբավի կամ վարկարժեքի թուլացում է համարվում նաև սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում նշված տարբերակիչ բնութագրերի կամ գովազդային նշանակությունների (իմաստի) նվազեցումը` մասնավորապես որոշակի ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում պահպանվող կամ ճանաչում ձեռք բերած ապրանքային նշանի նման կամ նույնական նշան միանգամայն տարբեր այլ ապրանքների համար կիրառելով:

 

Հոդված 23. Անտեղի համեմատությունների կատարումը

 

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի կողմից անտեղի` ոչ կոռեկտ, անպատշաճ համեմատություն կատարելն իր կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների և այլ տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների միջև:

 

Հոդված 24. Անբարեխիղճ մրցակցությունը չբացահայտված տեղեկատվության նկատմամբ

 

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հանգեցնում է չբացահայտված տեղեկատվության ձեռքբերմանը, օգտագործմանը, բացահայտմանը կամ հրապարակմանը` առանց դրա օրինաչափ տիրապետողի համաձայնության կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող ձևերով, այդ թվում`

1) արդյունաբերական, առևտրային լրտեսությունը կամ դրան հարկադրումը.

2) չբացահայտված տեղեկատվությանն առնչվող պայմանագրի խախտումը կամ դրան հարկադրումը.

3) խորհրդապահության խախտումը կամ դրան հարկադրումը.

4) չբացահայտված տեղեկատվության ձեռքբերումը երրորդ անձի կողմից, որը գիտեր կամ կարող էր իմանալ, որ դա ենթադրում է սույն մասի նախորդ կետերում նշված որևէ գործողության կատարում: 

 

ԳԼՈՒԽ 8
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 25. Պետական օժանդակությունը և դրա արգելումը

 

1. Սույն օրենքի իմաստով` պետական օժանդակություն է համարվում պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին կամ տնտեսավարող սուբյեկտների որոշակի խմբին կամ որոշակի ապրանքի համար կամ որոշակի ոլորտին ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրվող ցանկացած օժանդակություն (ներառյալ` սուբսիդիա, դրամաշնորհ, օգնություն, վարկ, փոխառություն, գույք, արտոնություններ, այլ ֆինանսական միջոցներ կամ այլ պայմաններ), որի հետևանքով տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծվում են այնպիսի առավելություններ, որոնք ազատ տնտեսական մրցակցության պայմաններում տրամադրվող օժանդակության բացակայության դեպքում տնտեսավարող սուբյեկտները չէին ունենա:

2. Պետական օժանդակությունը, որն ուղղակի կամ անուղղակի կերպով հանգեցնում կամ կարող է հանգեցնել որևէ ապրանքային շուկայում մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը կամ վնասում կամ կարող է վնասել սպառողների շահերը, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված օժանդակությունը նախատեսված է օրենքով կամ ուղղված է շրջակա միջավայրի պաշտպանությանը, կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացմանը և ադապտացմանը, սոցիալական բնույթի խնդիրների լուծմանը, բնական աղետների կամ այլ բացառիկ դեպքերի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցմանը, սահմանամերձ համայնքների զարգացմանը, տարածքային համաչափ զարգացմանը, մշակութային ժառանգությունների պահպանությանը, օրենքով կամ միջազգային պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարմանը:

3. Պետական օժանդակության տրամադրումը նախաձեռնող մարմինը (կազմակերպությունը) կամ այն ստանալու համար դիմող տնտեսավարող սուբյեկտը, համապատասխանաբար մինչև պետական օժանդակություն տրամադրելը կամ այն ստանալու համար դիմելը, թույլտվություն ստանալու համար իրավասու են դիմելու Հանձնաժողով:

4. Հանձնաժողովը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ գնահատում է պետական օժանդակության թույլատրելիությունը:

5. Արգելված պետական օժանդակություն ստացած տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է հետ վերադարձնել որպես պետական օժանդակություն ստացած անհատապես որոշվող գույքը` Հանձնաժողովի որոշմամբ սահմանած կարգով և ժամկետում։ Այլ եղանակով ստացված պետական օժանդակությունը ենթակա է դադարեցման` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում:

6. Հանձնաժողովը վարում է պետական օժանդակության միասնական գրանցամատյան, որի ձևը և վարման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

7. Պետական օժանդակություն տրամադրող մարմինները պետական օժանդակության տրամադրումից հետո Հանձնաժողով են ներկայացնում իրենց տրամադրած պետական օժանդակության վերաբերյալ տեղեկատվությունը: Կենտրոնական բանկը կարող է տրամադրված պետական օժանդակությունների վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնել Հանձնաժողով:

8. Պետական օժանդակություն տրամադրած մարմինների կողմից Հանձնաժողովին տեղեկատվության տրամադրման կարգը, ձևն ու ժամկետները սահմանում է Կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 9
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 26. Պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի արգելումը

 

1. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի գործողությունները կամ վարքագիծը կամ ակտերը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը, ինչպես նաև կարող են վնասել սպառողների շահերը, արգելվում են:

2. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` տնտեսական մրցակցությունը կանխող, սահմանափակող կամ արգելող իրավական ակտ, գործողություն կամ վարքագիծ է համարվում`

1) տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ խտրական պայմանների սահմանումը և (կամ) կիրառումը.

2) ձեռնարկատիրական գործունեության սահմանափակումը կամ արգելումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

3) տնտեսավարող սուբյեկտներին հրահանգներ, հանձնարարություններ, ցուցումներ, խորհուրդներ կամ հրամաններ տալը` կապված նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ (ապրանքների, կնքվող գործարքների կամ այլ հարցերի վերաբերյալ), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

4) ապրանք ձեռք բերողների կամ իրացնողների համար պարտականություն նախատեսելը, որով սահմանափակվում է ապրանքների կամ կոնտրագենտների ազատ ընտրության նրանց իրավունքը.

5) այլ պետական մարմինների կամ տնտեսավարող սուբյեկտների կամ դրանց պաշտոնատար անձանց հետ համաձայնությունները, այդ թվում` գործարքները, պայմանավորվածությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը, ինչպես նաև կարող են վնասել սպառողների շահերը:

3. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից իր իրավասությունների սահմաններում իրականացված, օրինական նպատակ հետապնդող` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կամ վարքագիծը չպետք է համարվեն հակամրցակցային, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է այդ նպատակի իրագործման` տնտեսական մրցակցությունն ավելի պակաս սահմանափակող` օրենքով չարգելված այլ միջոց:

4. Պետական մարմինը կամ դրա պաշտոնատար անձը մինչև համապատասխան գործողություն կատարելը, գործարք կնքելը կամ իրավական ակտն ընդունելը կարող է դիմել Հանձնաժողով դրա` տնտեսական մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման և (կամ) սպառողների շահերը վնասելու, ինչպես նաև տնտեսական մրցակցությանը կամ տնտեսական մրցակցության պաշտպանությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:

 

ԳԼՈՒԽ 1
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

Հոդված 27. Հանձնաժողովի կարգավիճակը և գործառույթները

 

1. Հանձնաժողովն ինքնավար մարմին է, որն ապահովում է տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, բարեխիղճ մրցակցության և ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրը և իրականացնում է սպառողների շահերի պաշտպանությունը:

 

Հոդված 28. Հանձնաժողովի կազմը և անդամներին ներկայացվող պահանջները

 

1. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից` նախագահ և վեց անդամ:

2. Հանձնաժողովի անդամների պաշտոններն ինքնավար պաշտոններ են:

3. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ և հայերենին տիրապետող անձը, որն ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին` քաղաքական, ինքնավար, վարչական կամ հայեցողական պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից):

4. Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական, առնվազն մեկը` բարձրագույն տնտեսագիտական կրթություն:

 

Հոդված 29. Հանձնաժողովի կազմավորման կարգը

 

1. Հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը:

2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի նախագահ կամ լիազորությունների ամբողջ ժամկետով` Հանձնաժողովի անդամ:

3. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը`

1) չի համապատասխանում սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին.

2) լրացել է նրա 65 տարին.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է դիտավորությամբ կատարած հանցագործության համար.

5) օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

6) ունի Կառավարության սահմանած ցանկով նախատեսված` դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:

4. Հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը: Հանձնաժողովի մյուս անդամների պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար` Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը և Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը:

5. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի պաշտոնում թեկնածուն առաջադրվում է սույն օրենքի 35-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահ կամ անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չընդունվելուց հետո` մեկամսյա ժամկետում: Եթե Կառավարությանը կամ Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը վերապահված` Հանձնաժողովի անդամի պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա նույն մարմինն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում: Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված` Հանձնաժողովի անդամի պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա Ազգային ժողովի կառավարող խմբակցությունն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:

6. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Եթե Հանձնաժողովի անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա նույն մարմնի կողմից այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է:

 

Հոդված 30. Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետը

 

1. Հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները նշանակվում են հինգ տարի ժամկետով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

2. Հանձնաժողովի անդամի պաշտոնում նշանակումը մինչև այդ պաշտոնի թափուր դառնալը կատարվելու դեպքում Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետն սկսվում է այդ պաշտոնը թափուր դառնալու օրվանից:

3. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում Հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է նախորդ անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի, որին գումարվում է մնացած ժամանակահատվածը: Այն դեպքում, երբ Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն առաջացել է այդ պաշտոնը զբաղեցրած անդամի` Հանձնաժողովի նախագահ նշանակվելու հետևանքով, ապա այդ թափուր պաշտոնում Հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածով: Եթե Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման չլրացած ժամկետը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի, որին գումարվում է մնացած ժամանակահատվածը:

4. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի նախագահ է նշանակվում Հանձնաժողովի անդամներից մեկը, ապա նա պաշտոնավարում է մինչև իր` որպես Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտը: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի, որին գումարվում է մնացած ժամանակահատվածը:

5. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարում է մինչև նրա 65 տարին լրանալը:

 

Հոդված 31. Հանձնաժողովի անդամի գործունեության երաշխիքները

 

1. Հանձնաժողովի անդամն անկախ է և գործում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

2. Հանձնաժողովի անդամի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն:

3. Հանձնաժողովի անդամը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորություններն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած որոշման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա արարքում առկա են հանցագործության հատկանիշներ:

4. Հանձնաժողովի անդամն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո չի կարող բացատրություն տալ կամ հարցաքննվել պաշտոնավարման ընթացքում Հանձնաժողովի իրականացրած վարչական վարույթի հետ կապված, բացառությամբ տվյալ վարույթի ընթացքում թույլ տված սխալների և չարաշահումների քննության դեպքի:

5. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Հանձնաժողովի անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել, կամ Հանձնաժողովի անդամը կարող է ազատությունից զրկվել Գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա միայն Հանձնաժողովի համաձայնությամբ` Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Հանձնաժողովի անդամն առանց Հանձնաժողովի համաձայնության կարող է զրկվել ազատությունից, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Հանձնաժողովի անդամին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Հանձնաժողովի նախագահին:

6. Հանձնաժողովի անդամը և նրա ընտանիքի անդամները պետության հատուկ պաշտպանության ներքո են: Հանձնաժողովի անդամի, նրա ընտանիքի անդամների, նրա զբաղեցրած բնակելի և աշխատանքային տարածքների, այլ գույքի նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության կամ դրա սպառնալիքի դեպքում Հանձնաժողովի անդամը հաղորդում է իրավասու պետական մարմիններին: Իրավասու պետական մարմինները Հանձնաժողովի անդամի դիմումի հիման վրա պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ Հանձնաժողովի անդամի և նրա ընտանիքի, նրա զբաղեցրած բնակելի և աշխատանքային տարածքների, այլ գույքի նկատմամբ անվտանգությունն ապահովելու նպատակով:

 

Հոդված 32.

Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները

 

1. Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, հանդիսանալ որևէ կուսակցության անդամ կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:

2. Հանձնաժողովի անդամն իր հրապարակային ելույթներում ցուցաբերում է քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

 

Հոդված 33. Հանձնաժողովի նախագահը

 

1. Հանձնաժողովի նախագահը`

1) իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

2) ղեկավարում և համակարգում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այդ նպատակով իր կողմից նշանակվող աշխատողներին տալիս է հանձնարարականներ, կատարում է աշխատանքային պարտականությունների բաշխում Հանձնաժողովի անդամների միջև.

3) հրավիրում և նախագահում է Հանձնաժողովի նիստերը, հաստատում է նիստի օրակարգը.

4) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները.

5) կազմակերպում է Հանձնաժողովին հասցեագրված` Հանձնաժողովի որոշումների կատարումը.

6) հաստատում է Հանձնաժողովի հաստիքացուցակը, Հանձնաժողովի անդամների և իր կողմից նշանակվող աշխատողների համար հանդես է գալիս որպես գործատուի ներկայացուցիչ, իր իրավասությունների սահմաններում աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հանձնաժողովի աշխատողներին, դատարանում հանդես է գալիս Հանձնաժողովի անունից, տալիս է Հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր, ընդունում է հրամաններ, ներառյալ` ստուգում, հսկիչ գնում, արտաքին դիտում, մշտադիտարկում կամ դիտանցում իրականացնելու վերաբերյալ, իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ.

7) ձևավորում է Հանձնաժողովին կից հասարակական խորհուրդ և հաստատում է դրա կազմավորման և գործունեության կարգը:

2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակվելու, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման, դադարեցման կամ կասեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի` տարիքով ավագ անդամը:

Հոդված 34. Հանձնաժողովի անդամը

 

1. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին և քվեարկում, Հանձնաժողովի նիստի ժամանակ կարող է հանդես գալ ելույթներով, հարցերով և առաջարկություններով.

2) մեծամասնության կարծիքից տարբերվող կարծիք ունենալու դեպքում ներկայացնում է հատուկ կարծիք.

3) իր համակարգման լիազորությունների սահմաններում համակարգում է կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը կամ դրա կողմից իրականացվող աշխատանքները, տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն, ապահովում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարականների իրականացումը.

4) իր համակարգման լիազորությունների սահմաններում հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում է քննարկումներ, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

5) իր համակարգման լիազորությունների սահմաններում Հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, նշագրում Հանձնաժողովի որոշումներ և այլ փաստաթղթեր.

6) Հանձնաժողով և Հանձնաժողովի նախագահին ներկայացնում է առաջարկություններ.

7) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 35. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը

 

1. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե`

1) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.

2) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.

3) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

4) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.

5) նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

6) նրա նկատմամբ կայացվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.

7) նա մահացել է.

8) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները Հանձնաժողովի եզրակացության հիման վրա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են, եթե`

1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել Կառավարության սահմանած ցանկով նախատեսված` դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հիվանդություն.

2) նա երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է Հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.

3) նա մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է Հանձնաժողովի նիստերից.

4) նա խախտել է Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.

5) նա պարբերաբար չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր պաշտոնեական պարտականությունները.

6) պաշտոնավարման ընթացքում պարզվել է, որ նա նշանակման պահին չի համապատասխանել Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջներին, կամ առկա են եղել նշանակումը խոչընդոտող հիմքեր:

3. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե նրա` որպես Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են:

4. Հանձնաժողովի նախագահը կամ սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

5. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կասեցվում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացության ընդունման դեպքում:

6. Ազգային ժողով հրաժարական ներկայացնելիս Հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին, որի առաջարկությամբ նա նշանակվել է Հանձնաժողովի անդամ:

7. Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երեք, և ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, իսկ այլ հիմքով Հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը կամ սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին, որն իրավասու է տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու` միաժամանակ ներկայացնելով թեկնածուի համար անհրաժեշտ` սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պահանջները:

 

ԳԼՈՒԽ 11
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված 36. Հանձնաժողովի գործունեությունը

 

1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրությանը, սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան և իր գործառույթներն ու լիազորություններն իրականացնելիս ինքնուրույն է:

2. Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերի մանրամասները սահմանվում են Հանձնաժողովի աշխատակարգով:

 

Հոդված 37. Հանձնաժողովի լիազորությունները

 

1. Հանձնաժողովը`

1) իրականացնում է վերահսկողություն տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ.

2) իրականացնում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումները կանխող միջոցառումներ, այդ թվում`

ա. հաստատում է տնտեսական մրցակցությանն առնչվող խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցներ, այլ փաստաթղթեր:

բ. իրազեկում է հանրությանը տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի մասին.

գ. տալիս է պարզաբանումներ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ.

դ. սույն օրենքով նախատեսված դեպքերում տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց գործողության, գործարքի կամ իրավական ակտի նախագծի վերաբերյալ ընդունում է եզրակացություն.

ե. տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց տալիս է զգուշացում այն գործողությունների և (կամ) վարքագծի վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ վնասել սպառողների շահերը.

3) հարուցում է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ և սույն օրենքը խախտելու համար տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին և նրանց պաշտոնատար անձանց ենթարկում է պատասխանատվության` հանձնարարելով իր սահմանած ժամկետում շտկել խախտումը և հետագայում բացառել այն.

4) իրականացնում է վերահսկողություն` Հանձնաժողովի որոշման կատարման (պահպանման) նկատմամբ.

5) իրականացնում է ոլորտային ուսումնասիրություն.

6) սույն օրենքին հակասող գործողությունները կամ վարքագիծը դադարեցնելու միջնորդությամբ դիմում է պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վերադասին, իսկ վերադաս չունենալու դեպքում` պետական մարմին կամ դրա պաշտոնատար անձին.

7) դիմում է դատարան` պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունը խախտող ակտերը, գործողությունները և անգործությունը ոչ իրավաչափ կամ անվավեր ճանաչելու, դադարեցնելու կամ դրանցից ձեռնպահ մնալու պահանջով, եթե այդ վեճը հնարավոր չէ լուծել վարչական կարգով.

8) դիմում է դատարան` տնտեսավարող սուբյեկտի լուծարման, հարկադիր վերակազմակերպման, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների միջև` սույն օրենքի խախտմամբ կնքված գործարքներն անվավեր ճանաչելու պահանջներով.

9) օրենքով սահմանված դեպքում դիմում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում աջակցություն ստանալու նպատակով.

10) իրավաբանական անձի նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև Հանձնաժողովի որոշմամբ սահմանված և չկատարված պարտականությունների առկայության դեպքում դիմում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի լուծարումը կամ ռեդոմիցիլացումը արգելելու նպատակով.

11) ամփոփում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կիրառման փորձը և առաջարկություններ է մշակում դրա կատարելագործման ուղղությամբ.

12) մասնակցում է տնտեսական մրցակցության բնագավառում պետական քաղաքականությունը կարգավորող իրավական ակտերի մշակմանը.

13) հաստատում է իր աշխատակարգը.

14) սահմանում է տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման մեթոդաբանությունը և կարգը.

15) սահմանում է ապրանքային շուկաների որոշման կարգը.

16) սահմանում է անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Հանձնաժողով ներկայացնելու կարգը, ձևը և ժամկետները.

17) սահմանում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերը, համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը.

18) սահմանում է ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնելու ընթացքի տեսաձայնագրման և լուսանկարահանման կարգը.

19) սահմանում է դիտանցումների և հսկիչ գնումների արդյունքների վերաբերյալ արձանագրությունների ձևը.

20) սահմանում է դիտանցումների և հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը.

21) սահմանում է պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը.

22) սահմանում է պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացման և քննարկման կարգը.

23) սահմանում է տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման կարգը.

24) սահմանում է Հանձնաժողովին փաստաթղթերի հանձնման, ըստ տեսակների` գործերի դասակարգման, վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները, ինչպես նաև Հանձնաժողովի գործավարության այլ կանոններ.

25) սահմանում է գաղտնագրման ենթակա հաղորդումը ներկայացնելու և այն գաղտնագրելու կարգը.

26) սահմանում է Հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը.

27) սահմանում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության մշտադիտարկման և դրա արդյունքների ամփոփման կարգը.

28) սահմանում է Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի շրջանակում ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների շփոթության աստիճանի նմանության որոշման կարգը.

29) սահմանում է չհիմնավորված բարձր գնի և չհիմնավորված ցածր գնի որոշման կարգը.

30) սահմանում է պետական օժանդակության գնահատման կարգը.

31) սահմանում է պետական օժանդակության միասնական գրանցամատյանի ձևը և վարման կարգը.

32) որոշում է կայացնում հաշտության համաձայնություն կնքելու վերաբերյալ.

33) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

2. Հանձնաժողովը սույն հոդվածի 1-ին մասի 13-31-րդ կետերով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաև մյուս լիազորությունների իրականացման ժամանակ նորմատիվ կարգավորում սահմանելիս ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

 

Հոդված 38. Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները

 

1. Հանձնաժողովն ընդունում է որոշումներ և եզրակացություններ:

2. Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները ընդունվում են գրավոր, բացառությամբ ընթացակարգային հարցերի քննարկման կամ ըստ էության որոշում չկայացնելու (այդ թվում` դռնփակ նիստ գումարելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, աշխատողներին հանձնարարություն տալու, նիստից հեռացնելու մասին որոշումները և այլն) դեպքերի: Հանձնաժողովի հայեցողությամբ այդ որոշումները ևս կարող են ձևակերպվել գրավոր:

3. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ, պետական մարմնի միջնորդությամբ կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա իրավունք ունի որոշմամբ պարզաբանելու իր որոշումները և եզրակացությունները, ուղղելու դրանցում առկա գրասխալները, թվաբանական սխալներն ու վրիպակները` առանց փոխելու դրանց բովանդակությունը:

 

Հոդված 39. Հանձնաժողովի նիստերը, քննարկումները և դրանց անցկացման կարգը

 

1. Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները ընդունվում են նիստում:

2. Հանձնաժողովի նիստերը գումարվում են որոշակի պարբերականությամբ կամ ըստ անհրաժեշտության` Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի պահանջով, ինչպես նաև Հանձնաժողովի աշխատակարգով նախատեսված այլ դեպքերում:

3. Հանձնաժողովի նիստն անցկացվում է Հանձնաժողովի գտնվելու վայրում կամ Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` այլ վայրում:

4. Հանձնաժողովի նիստը նախագահում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անդամը:

5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն չորս անդամ:

6. Հանձնաժողովի նիստը նախագահողի համաձայնությամբ Հանձնաժողովի անդամը նիստին կարող է մասնակցել տեսաձայնային կապի միջոցով` իրական ժամանակի ռեժիմում:

7. Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ այն դեպքերի, երբ շահագրգիռ անձանց շահերի, ներառյալ` առևտրային գաղտնիքի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով Հանձնաժողովը որոշում է կայացրել նիստը կամ դրա առանձին մասն անցկացնել դռնփակ:

8. Հարցը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու մասին հարցը քննարկվում է դռնփակ:

9. Հարցը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու մասին որոշում կայացվելու դեպքում նիստին կամ դրա առանձին մասին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է նիստը նախագահողը:

10. Դռնբաց նիստին ներկա գտնվող անձինք իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն և ձայնագրություն: Նիստի ընթացքում կինոնկարահանումը, լուսանկարահանումը և տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են նախագահողի թույլտվությամբ:

11. Հանձնաժողովի նիստին հնարավոր է մասնակցել տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցով, որի կիրառման կարգը սահմանվում է Հանձնաժողովի աշխատակարգով:

12. Եթե նիստին ներկա անձանցից որևէ մեկը խախտում է նիստի կարգը կամ անհարգալից վերաբերմունք է դրսևորում Հանձնաժողովի կամ այլ անձանց նկատմամբ, ապա Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել նիստի անցկացման վայրից նրան հեռացնելու և նրա բացակայությամբ նիստը շարունակելու վերաբերյալ:

13. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են գրավոր համառոտագրման, իսկ համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում` ձայնագրման կամ տեսաձայնագրման միջոցով: Գրավոր արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների և քվեարկության արդյունքների վերաբերյալ: Գրավոր արձանագրությունն ստորագրում են Հանձնաժողովի` նիստին մասնակցած բոլոր անդամները:

14. Հանձնաժողովի, Հանձնաժողովի աշխատակիցների, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ անձանց մասնակցությամբ նիստերից դուրս իրականացվող քննարկումների դեպքերը և կարգը սահմանվում են Հանձնաժողովի աշխատակարգով:

Հոդված 40. Հարցի քննարկմանը և քվեարկությանը հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինությունը

 

1. Հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և քվեարկությանը, եթե առկա է «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված բացարկ հայտնելու հիմքերից որևէ մեկը:

2. Հանձնաժողովի անդամը պարտավոր է ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի դառնալու պահից անհապաղ գրավոր կամ բանավոր Հանձնաժողով ինքնաբացարկ ներկայացնել` շարադրելով ինքնաբացարկի հիմք հանդիսացող հանգամանքները:

3. Հանձնաժողովի անդամը կարող է քննարկման առարկա դարձնել Հանձնաժողովի այլ անդամին բացարկ հայտնելու հարցը:

4. Հանձնաժողովի նիստը նախագահողը քննարկման է ներկայացնում ինքնաբացարկի կամ բացարկի հարցը, որը քննարկվում է Հանձնաժողովի` ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամի մասնակցությամբ:

5. Հարցի քննարկումից հետո Հանձնաժողովը կայացնում է որոշում: Հանձնաժողովի` ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամը, ինչպես նաև բացարկ հայտնած անդամը չեն մասնակցում ինքնաբացարկի կամ բացարկի հարցով քվեարկությանը:

6. Ինքնաբացարկի կամ բացարկի ընդունման դեպքում այդ անդամը չի մասնակցում այն հարցի քննությանը և քվեարկությանը, որի կապակցությամբ առկա է ինքնաբացարկի կամ բացարկի հիմք:

 

Հոդված 41. Հանձնաժողովի որոշումների և եզրակացությունների ընդունման և ստորագրման կարգը

 

1. Հանձնաժողովի նիստերում որոշումները և եզրակացություններն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում նիստը նախագահողի ձայնը որոշիչ է:

2. Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը մեկ այլ անդամի չի թույլատրվում:

3. Հանձնաժողովի որոշման կամ եզրակացության պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ տարբերվող կարծիք ունենալու դեպքում Հանձնաժողովի անդամը մեկ օրվա ընթացքում ներկայացնում է գրավոր հատուկ կարծիք: Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքն ստորագրվում և կցվում է համապատասխան որոշմանը կամ եզրակացությանը:

4. Հանձնաժողովի ընդունած որոշումը և եզրակացությունը Հանձնաժողովի նախագահն ստորագրում է մեկ օրվա ընթացքում:

5. Հանձնաժողովի ընդունած որոշումը կամ եզրակացությունը, որն ընդունվել է որոշակի դիտողությունների և առաջարկությունների ներկայացմամբ, դրանց համապատասխան լրամշակվում և Հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվում է հինգ օրվա ընթացքում:

 

Հոդված 42. Հանձնաժողովի որոշումների և եզրակացությունների ընդունման մասին իրազեկելը և ուժի մեջ մտնելը

 

1. Հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ստորագրվելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկվում են հասցեատիրոջը: Հանձնաժողովի որոշումները, եզրակացությունները և Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող հատվածների:

2. Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից, բացառությամբ Հանձնաժողովի ընդունած վարչական ակտերի և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև այն դեպքի, երբ Հանձնաժողովը սահմանել է որոշման ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ:

3. Հանձնաժողովի եզրակացություններն ուժի մեջ են մտնում ընդունման պահից:

 

Հոդված 43. Պետական մարմինների և տնտեսավարող սուբյեկտների պարտականությունը հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու հարցում

 

1. Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա պետական մարմինները, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն, բացառությամբ, եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա:

2. Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել Հանձնաժողովի` օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն, բացառությամբ եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով:

3. Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն պահանջելիս Հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնում է դրանք ներկայացնելու ժամկետների, ինչպես նաև սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու իրավական հետևանքների մասին:

4. Տնտեսավարող սուբյեկտի հիմնավոր միջնորդության հիման վրա Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված տեղեկատվության ներկայացման ժամկետը համապատասխանաբար կարող է Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ երկարաձգվել, և տեղեկատվությունը ենթակա է տրամադրման այդ ժամկետում:

5. Եթե որևէ տնտեսավարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը և այլ տեղեկատվություն, ապա Հանձնաժողովի կողմից իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի, նյութերի և այլ տեղեկատվության հիման վրա որոշում կայացվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը չի ազատվում փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունից կամ դրանք սահմանված ժամկետում չներկայացնելու համար սահմանված պատասխանատվությունից:

6. Հանձնաժողովի կողմից փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն պահանջելու իրավաչափությունը տնտեսավարող սուբյեկտը կարող է վիճարկել միայն այն չտրամադրվելու դեպքում` Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշման վիճարկման շրջանակում:

 

Հոդված 44. Օրենքով պահպանվող գաղտնիքի պահպանումը հանձնաժողովի կողմից

 

1. Առևտրային, բանկային, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, որոնք ստացվել են սույն օրենքով տրված լիազորությունների կատարման ժամանակ, Հանձնաժողովի կողմից պահպանվում են օրենքով սահմանված կարգով:

2. Հանձնաժողովի անդամները և աշխատողներն իրավունք չունեն հրապարակելու կամ այլ կերպ տարածելու, ինչպես նաև իրենց պաշտոնեական լիազորություններից դուրս կամ դրանց չարաշահմամբ ցանկացած նպատակով օգտագործելու իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ստացած գաղտնի տեղեկությունները:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունների հրապարակման դեպքում տնտեսավարող սուբյեկտին հասցված վնասը ենթակա է փոխհատուցման Հայաստանի Հանրապետության կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Հանձնաժողովը սահմանում է Հանձնաժողովի անդամների և աշխատողների կողմից գաղտնիք կազմող տեղեկությունների հետ վարվելու կարգը:

Հոդված 45. Հանձնաժողովի որոշումները, ծանուցումները կամ այլ փաստաթղթեր ուղարկելու (հանձնելու) կարգը

 

1. Հանձնաժողովի որոշումները, ծանուցումները կամ այլ փաստաթղթեր (այսուհետ` նաև թղթակցություն) ուղարկվում են փոստային առաքմամբ կամ սուրհանդակային կապի ծառայության միջոցով կամ հանձնվում են առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով:

2. Թղթակցությունը փոստային առաքմամբ ուղարկվում է հասցեատիրոջ նշած հասցեով (ծանուցման հասցե), իսկ հասցե նշված չլինելու դեպքում` հասցեատիրոջ հաշվառման (գտնվելու) վայրի հասցեով:

3. Թղթակցությունն առձեռն հանձնելու դեպքում այն հանձնվում է հասցեատիրոջը կամ նրա ներկայացուցչին:

4. Պետական մարմիններ, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին թղթակցությունն ուղարկվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, իսկ դրա բացակայություն դեպքում` նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, եթե նրանք այլ էլեկտրոնային փոստի հասցե չեն տրամադրել: Պետական մարմին, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող հասցեատիրոջը թղթակցությունն ուղարկվում է էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով, եթե այդ մասին միջնորդել է հասցեատերը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով թղթակցությունն ուղարկելու անհնարինության պարագայում այն ուղարկվում է փոստային առաքմամբ կամ հանձնվում է առձեռն:

6. Թղթակցությունը փոստային առաքմամբ ուղարկվելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան գործին կցվում է հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը, իսկ պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում` նաև հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը:

7. Թղթակցությունն առձեռն հանձվելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան գործին կցվում է այն հանձնելը հաստատող փաստաթուղթ:

8. Թղթակցությունն էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան գործին կցվում են թղթակցությունն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը, իսկ հաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ ուղարկվելու դեպքում` այն ուղարկելու (հաղորդելու) փաստը հաստատող ապացույցներ (արձանագրություն, հեռախոսագիր, ձայնագրություն և այլն):

9. Թղթակցությունն էլեկտրոնային փոստի հասցեով կամ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով ուղարկվելու դեպքում հասցեատերն ստանում է թղթակցության տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով թղթակցությունը կարող է հասանելի դառնալ հասցեատիրոջը:

10. Հասցեատերը պարտավոր է Հանձնաժողովին անհապաղ հայտնել իր հասցեի, ներառյալ` էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում թղթակցությունն ուղարկվում է այն հասցեով կամ հաղորդակցության միջոցով, որով կատարվել է թղթակցության հանձնումը, և հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված:

11. Այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվում է փոստային առաքմամբ ուղարկված թղթակցությունն ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթն ստորագրելուց, կամ որևէ պատճառով Հանձնաժողովի կողմից պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունը վերադարձվում է, ապա թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված` Հանձնաժողովի կողմից http://www.azdarar.am հասցեում և իր պաշտոնական կայքում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության և դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություններից վերջինը հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ օրը: 

 

Հոդված 46. Հանձնաժողովի գործունեության կազմակերպման կարգը

 

1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է Հանձնաժողովի անդամներին անմիջական հաշվետու անձանց, հիմնական և աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների և Հանձնաժողովի այլ աշխատողների միջոցով:

2. Հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային հարցերը կարգավորվում են Հանձնաժողովի որոշումներով, որոնք ունեն ծառայողական օգտագործման նպատակ և ենթակա չեն Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակման:

 

Հոդված 47. Հանձնաժողովի ֆինանսավորումը

 

1. Հանձնաժողովի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Հանձնաժողովի ֆինանսավորումը պետք է իրականացվի այնպես, որ ապահովվի Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այդ թվում` միջազգային կազմակերպություններում ներկայացուցչության ապահովումը:

3. Հանձնաժողովի նախագահը «Բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված ժամկետում Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է Կառավարություն` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

4. Բյուջետային հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում անփոփոխ, իսկ առարկության դեպքում փոփոխված ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում, որի հետ միասին Ազգային ժողով է ներկայացվում նաև հայտը:

5. Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում նաև բյուջետային հայտի փոփոխությունների վերաբերյալ իր հիմնավորումը:

6. Հանձնաժողովի նախագահի, մյուս անդամների և աշխատողների վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:

 

Հոդված 48. Հանձնաժողովի գործունեության հրապարակայնությունը

 

1. Հանձնաժողովն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, պաշտոնական ինտերնետային կայքի և այլ միջոցներով:

2. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, որն առնվազն համառոտ տեղեկատվություն է պարունակում Հանձնաժողովի գործունեության, ապրանքային շուկաների վերլուծության, տնտեսական մրցակցության պաշտպանության և վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումների, մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկների իրականացման ընթացքի և իր գործունեության ֆինանսական հաշվետվության վերաբերյալ:

3. Հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունը հաստատվում է Հանձնաժողովի որոշմամբ:

 

ԳԼՈՒԽ 12
ՍՏՈՒԳՄԱՆ, ՀՍԿԻՉ ԳՆՄԱՆ, ԴԻՏԱՆՑՄԱՆ, ԱՐՏԱՔԻՆ ԴԻՏՄԱՆ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 49. Հանձնաժողովի կողմից ստուգում իրականացնելը

 

1. Տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման կամ Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով Հանձնաժողովի կողմից ստուգումներն իրականացվում են Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Ստուգում իրականացնելու մասին Հանձնաժողովի նախագահի հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

3. Հանձնաժողովն ստուգում իրականացնելիս իրավունք ունի ստանալու այլ պետական մարմինների աջակցությունը, ստուգմանը ներգրավելու այդ մարմինների աշխատողներին, ինչպես նաև ստուգման ցանկացած փուլում առանձին հարցերի պարզաբանման նպատակով ներգրավելու համապատասխան մասնագետների, փորձագետների և թարգմանիչների:

 

Հոդված 50. Հանձնաժողովի կողմից հսկիչ գնում իրականացնելը

 

1. Հսկիչ գնում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի պարզման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով Հանձնաժողովի իրականացրած գնումը:

2. Հսկիչ գնում իրականացնելու համար հիմք են`

1) Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի` Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագիրը հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ.

2) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները:

3. Հսկիչ գնումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա: Հրամանում նշվում են Հանձնաժողովի լրիվ անվանումը, տնտեսավարող սուբյեկտի (սուբյեկտների) լրիվ անունը (անունները) կամ անվանումը (անվանումները), հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, ժամկետները, վայրը (վայրերը) կամ ինտերնետային կայքը, որտեղ իրականացվելու է հսկիչ գնումը և Հանձնաժողովի` հսկիչ գնում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը): Հսկիչ գնումը Հանձնաժողովի աշխատակից չհանդիսացող այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացվելու դեպքում հրամանում նշվում են այդ անձի տվյալները (պետական մարմնի ներկայացուցչի դեպքում` վերջինիս անունը, ազգանունը, պաշտոնը, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը):

4. Հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

5. Հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ հրամանի պատճենը հսկիչ գնումն իրականացնելուց հետո հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին կամ տնտեսավարող սուբյեկտի այլ ներկայացուցչի:

6. Հսկիչ գնման արդյունքներով կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձևով արձանագրություն` երկու օրինակից: Հսկիչ գնման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունն ստորագրում են հսկիչ գնում կատարող անձը և տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, առաքող կամ հանձնող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող անձը: Հսկիչ գնման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում արձանագրությունն ստորագրող անձն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին:

7. Հանձնաժողովի կողմից իրականացվող հսկիչ գնումները ֆինանսավորվում են պետական բյուջեով Հանձնաժողովի համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Հանձնաժողովը:

 

Հոդված 51. Հանձնաժողովի կողմից դիտանցում իրականացնելը

 

1. Դիտանցում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի պարզման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործունեության վայրում (այդ թվում` առևտրի օբյեկտում) Հանձնաժողովի իրականացրած դիտարկումը` առանց գնում կատարելու:

2. Դիտանցում իրականացնելու համար հիմք են`

1) Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի` Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագիրը դիտանցում իրականացնելու վերաբերյալ.

2) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները:

3. Դիտանցումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա: Հրամանում նշվում են Հանձնաժողովի լրիվ անվանումը, տնտեսավարող սուբյեկտի (սուբյեկտների) լրիվ անունը (անունները) կամ անվանումը (անվանումները), դիտանցում կատարելու հիմքերը, նպատակը, ժամկետները, վայրը (վայրերը), որտեղ իրականացվելու է դիտանցումը և Հանձնաժողովի` դիտանցում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը): Դիտանցումը Հանձնաժողովի աշխատակից չհանդիսացող այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացվելու դեպքում հրամանում նշվում են այդ անձի տվյալները (պետական մարմնի ներկայացուցչի դեպքում` վերջինիս անունը, ազգանունը, պաշտոնը, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը):

4. Դիտանցում իրականացնելու վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

5. Դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանի պատճենը դիտանցում իրականացնելուց հետո հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին, տնտեսավարող սուբյեկտի աշխատողին կամ տնտեսավարող սուբյեկտի այլ ներկայացուցչի:

6. Դիտանցման արդյունքներով կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձևով արձանագրություն` երկու օրինակից: Դիտանցման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունն ստորագրում են դիտանցում իրականացնող անձը և տնտեսավարող սուբյեկտի աշխատողը կամ այլ ներկայացուցիչ: Դիտանցման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում արձանագրությունն ստորագրող անձն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին:

 

Հոդված 52. Հանձնաժողովի կողմից արտաքին դիտում իրականացնելը

 

1. Արտաքին դիտում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի պարզման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով Հանձնաժողովի գտնվելու վայրում կամ ինտերնետային կայքում կամ բաց տարածությունում կամ հասարակական վայրում իրականացվող դիտարկումը:

2. Արտաքին դիտումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա: Հրամանում նշվում են Հանձնաժողովի լրիվ անվանումը, արտաքին դիտում կատարելու նպատակը, ժամկետները, վայրը, որտեղ իրականացվելու է արտաքին դիտումը և Հանձնաժողովի` արտաքին դիտում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը):

3. Արտաքին դիտում իրականացնելու վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

4. Հանձնաժողովն արտաքին դիտում իրականացնելիս կարող է կիրառել համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնիկական միջոցներ, օգտագործել տեսանկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ սարքավորումներ և կրիչներ:

5. Արտաքին դիտման արդյունքներով կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձևով արձանագրություն` մեկ օրինակից: Արտաքին դիտման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունն ստորագրում է (են) արտաքին դիտում իրականացնող անձը (անձինք):

 

Հոդված 53. Հանձնաժողովի կողմից մշտադիտարկում իրականացնելը

 

1. Մշտադիտարկում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի պարզման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով Հանձնաժողովի գտնվելու վայրում որոշակի պարբերականությամբ իրականացվող դիտարկումը:

2. Հանձնաժողովը մշտադիտարկումն իրականացնելիս կարող է կիրառել համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնիկական միջոցներ, օգտագործել տեսանկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ սարքավորումներ և կրիչներ և կատարել այլ գործողություններ` ուղղված մշտադիտարկման իրականացմանն ու արդյունքների ամփոփմանը:

3. Մշտադիտարկումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա: Հրամանում նշվում են Հանձնաժողովի լրիվ անվանումը, մշտադիտարկման ենթակա հարցերը, մշտադիտարկման ժամանակահատվածը, պարբերականությունը, արդյունքների ամփոփման և ներկայացման կարգը և ձևը, մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը):

 

Հոդված 54. Ստուգման, հսկիչ գնման, դիտանցման, արտաքին դիտման և մշտադիտարկման տեսաձայնագրումը

 

1. Ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնելու ընթացքը Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի կողմից կարող է տեսաձայնագրվել և (կամ) լուսանկարահանվել, որի կարգը սահմանվում է Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

2. Տեսաձայնագրում և (կամ) լուսանկարահանում իրականացվելու դեպքում այդ մասին նշում է կատարվում արձանագրությունում:

 

Հոդված 55. Ստուգման, հսկիչ գնման, դիտանցման, արտաքին դիտման և մշտադիտարկման իրականացմանը խոչընդոտելը

 

1. Եթե տնտեսավարող սուբյեկտը կամ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը կամ նրա աշխատողը կամ այլ ներկայացուցիչ հրաժարվում է ստորագրել ստուգման, հսկիչ գնման կամ դիտանցման արձանագրությունը կամ այլ կերպ խոչընդոտում է ստուգման, հսկիչ գնման, դիտանցման, արտաքին դիտման կամ մշտադիտարկման իրականացմանը, ինչպես նաև եթե ստուգմանը, հսկիչ գնմանը, դիտանցմանը, արտաքին դիտմանը և մշտադիտարկմանը խոչընդոտում է այլ անձ, ապա Հանձնաժողովի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ, իսկ հնարավորության դեպքում նշվում են նաև խոչընդոտած անձի անունը և ազգանունը:

2. Հանձնաժողովի նախագահի հրամանով ստուգման, հսկիչ գնման, դիտանցման, արտաքին դիտման կամ մշտադիտարկման իրականացմանը տնտեսավարող սուբյեկտի, տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի, նրան փոխարինող անձի, նրա աշխատողի կամ այլ ներկայացուցչի կողմից խոչընդոտելը դիտվում է որպես տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովին վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտում և տնտեսավարող սուբյեկտի համար առաջացնում է սույն օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

ԳԼՈՒԽ 13
ՈԼՈՐՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 56. Ոլորտային ուսումնասիրության նպատակը

 

1. Հանձնաժողովն իրականացնում է ոլորտային ուսումնասիրություն որևէ ոլորտում կամ ապրանքային շուկայում կամ տարածքում մրցակցային իրավիճակը, տնտեսական մրցակցության հնարավոր կանխման, սահմանափակման, արգելման և (կամ) սպառողների շահերի հնարավոր վնասման դեպքերը պարզելու, մրցակցային իրավիճակի վրա ազդող այլ պայմաններ բացահայտելու նպատակով:

 

Հոդված 57. Ոլորտային ուսումնասիրություն իրականացնելու և ամփոփելու կարգը

 

1. Ոլորտային ուսումնասիրությունն իրականացվում է Հանձնաժողովի ոլորտային ուսումնասիրություն իրականացնելու մասին որոշմամբ, որում առնվազն սահմանվում են ուսումնասիրվող ոլորտը կամ ոլորտները և ուսումնասիրություն իրականացնելու ժամկետը:

2. Ոլորտային ուսումնասիրության շրջանակում Հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության, հատկորոշում է ապրանքային շուկայի ապրանքատեսակային և աշխարհագրական սահմանները, որոշում է ապրանքային շուկայի սուբյեկտների կազմը, ապրանքային շուկայի ծավալները, տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները, ապրանքային շուկայի կենտրոնացվածության աստիճանը, ուսումնասիրում է համապատասխան իրավական ակտերը, պարզում է ապրանքային շուկա մուտքի խոչընդոտների առկայությունը, ինչպես նաև ուսումնասիրում է ոլորտին կամ ապրանքային շուկային առնչվող այլ հանգամանքներ, որոնք կարող են ընդհանուր մրցակցային իրավիճակի, տնտեսական մրցակցության հնարավոր կանխման, սահմանափակման, արգելման և (կամ) սպառողների շահերի հնարավոր վնասման դեպքերի վերաբերյալ եզրահանգումներ կատարելու հնարավորություն տալ:

3. Ոլորտային ուսումնասիրության արդյունքները հաստատվում են Հանձնաժողովի որոշմամբ:

 

ԳԼՈՒԽ 14
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

Հոդված 58. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացության ընդունման հիմքերը

 

1. Մինչև համապատասխան գործողության կատարումը, գործարքի կնքումը կամ իրավական ակտի (բացառությամբ նորմատիվ իրավական ակտի) ընդունումը սույն օրենքով նախատեսված դեպքերում դրա` տնտեսական մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման և (կամ) սպառողների շահերը վնասելու, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու խնդրանքով Հանձնաժողով դիմելու իրավունք ունեն պետական մարմինները, դրանց պաշտոնատար անձինք և տնտեսավարող սուբյեկտները:

2. Մինչև նորմատիվ իրավական ակտի ընդունումը դրա` տնտեսական մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման և (կամ) սպառողների շահերը վնասելու, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու խնդրանքով Հանձնաժողով դիմելու իրավունք ունի այն ընդունելու իրավասություն ունեցող պետական մարմինը կամ դրա պաշտոնատար անձը:

3. Նորմատիվ իրավական ակտի նախագծի` տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ եզրակացություն Հանձնաժողովը կարող է ընդունել սեփական նախաձեռնությամբ:

 

Հոդված 59. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու դիմումին ներկայացվող պահանջները

 

1. Գործողության, գործարքի կամ իրավական ակտի (բացառությամբ նորմատիվ իրավական ակտի)` տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու վերաբերյալ դիմումում նշվում են`

1) Հանձնաժողովի անվանումը,

2) դիմող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հաշվառման հասցեն, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, գտնվելու վայրի հասցեն, նրա անունից դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը և պաշտոնը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից),

3) եզրակացությամբ պարզաբանման ենթակա հարցի մանրամասն նկարագրությունը` նշելով տնտեսավարող սուբյեկտների տվյալները, նրանց միջև կապը կամ հնարավոր կապը, ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վերաբերյալ դիմումատուի ունեցած տվյալները, ինչպես նաև եզրակացության համար էական նշանակություն ունեցող այլ տեղեկություններ,

4) եզրակացությամբ պարզաբանման ենթակա հարցերը և դիմումատուի դիրքորոշումն այդ հարցերի վերաբերյալ,

5) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը,

6) դիմումին կցվող նյութերի ցանկը,

7) դիմում ներկայացրած անձի ստորագրությունը:

2. Առկայության դեպքում դիմումին կցվում են պայմանագրերի, համաձայնագրերի, ակտերի կամ այլ փաստաթղթերի նախագծերը: Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի լիազորությունները հավաստող փաստաթուղթ:

3. Եզրակացություն ստանալու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել Հանձնաժողովի սահմանած ձևով:

4. Ներկայացված դիմումը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում չի քննարկվում, որի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ դիմում ներկայացրած անձը տեղեկացվում է: Գրությամբ նշվում են դիմումում թույլ տրված բոլոր առերևույթ սխալները:

 

Հոդված 60. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ընդունելու կարգը

 

1. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու կամ Հանձնաժողովի կողմից նախաձեռնություն դրսևորվելու դեպքում Հանձնաժողովը կայացնում է որոշում տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացության ընդունման ընթացակարգ սկսելու մասին:

2. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացությունն ընդունվում է այդ մասին ընթացակարգ սկսելու մասին Հանձնաժողովի որոշումը կայացվելու օրվանից մեկամսյա ժամկետում:

3. Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն տալու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկամսյա ժամկետով:

4. Նախքան եզրակացության ընդունումը Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում սույն օրենքով սահմանված կարգով կարող է դիմել դիմումատուին, պետական մարմիններ և այլ սուբյեկտներին` եզրակացության ընդունման համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու պահանջով, ինչպես նաև ստանալ քննարկման ենթակա հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև դիմումատուին կամ այլ անձանց հրավիրել Հանձնաժողովի նիստի կամ քննարկման:

5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված տեղեկատվության բացակայության դեպքում Հանձնաժողովը եզրակացությունն ընդունում է այդ տեղեկատվության բացակայությամբ` նշելով դրա նշանակությունը և ազդեցությունը քննարկվող հարցի վերաբերյալ:

 

Հոդված 61. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացությունը

 

1. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը, բացառությամբ նորմատիվ իրավական ակտի նախագծի կապակցությամբ ընդունվելու դեպքի, պարտադիր է, և դրանով չառաջնորդվելը կարող է հիմք լինել տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու համար:

2. Նորմատիվ իրավական ակտի նախագծի` տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը կրում է խորհրդատվական բնույթ:

 

ԳԼՈՒԽ 15
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 62. Վարչական վարույթի իրականացման կարգը

 

1. Հանձնաժողովը վարչական վարույթն իրականացնում է Հանձնաժողովի գործունեության ընդհանուր կանոնների համաձայն` այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն օրենքով:

2. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի համար սույն օրենքով առանձնահատկություններ սահմանված չլինելու դեպքում համապատասխան հարաբերությունների նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները:

3. Հանձնաժողովի վարչական ակտի դեմ բերված բողոքի քննությունը իրականացվում է սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան:

 

Հոդված 63. Վարչական վարույթի ժամկետը

 

1. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը երեք ամիս է: Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ վարույթի ժամկետը մեկ անգամ կարող է երկարաձգվել մինչև երեք ամսով:

2. Հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի և բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, տնտեսական գործունեության արգելված համակարգման իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթների ժամկետը վեց ամիս է:

3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը որոշվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով:

4. Եթե Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթը վերաբերում է մեկից ավելի իրավախախտումների, որոնցից առնվազն մեկը սույն հոդվածի 2-րդ մասում նշված իրավախախտում է, ապա այդ վարչական վարույթի ժամկետը սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետն է:

 

Հոդված 64. Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքը

 

1. Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքն ապահովվում է վարույթի հարուցման մասին ծանուցվելուց հետո նրա կողմից երկշաբաթյա ժամկետում վարույթում քննարկվող հարցերի վերաբերյալ Հանձնաժողով գրավոր դիրքորոշում և այն հիմնավորող նյութեր ներկայացնելու միջոցով: Վարչական վարույթի մասնակցի հիմնավոր միջնորդության հիման վրա սույն մասով սահմանված ժամկետը կարող է Հանձնաժողովի նախագահի գրությամբ երկարաձգվել մինչև երկշաբաթյա ժամկետով:

2. Հանձնաժողովը բանավոր լսումներ անցկացնելու անհրաժեշտության դեպքում վարույթի մասնակիցներին և, ըստ անհրաժեշտության, այլ անձանց ծանուցում է Հանձնաժողովի նիստի ժամանակի և վայրի մասին:

3. Նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված վարույթի մասնակցի չներկայանալը խոչընդոտ չէ նիստի անցկացման համար:

 

Հոդված 65. Վարչական վարույթի կասեցումը և վերսկսումը

 

1. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթը կասեցվում է, եթե`

1) անհնարին է տվյալ վարույթի արդյունքում որոշման ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը.

2) անհնարին է տվյալ վարույթի արդյունքում որոշման ընդունումը մինչև այլ վարչական վարույթով որոշում կայացնելը.

3) գործում է անհաղթահարելի ուժ կամ այլ հանգամանք, որը ժամանակավորապես խոչընդոտում է վարույթի ընթացքը.

4) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:

2. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթը կարող է կասեցվել, եթե`

1) չեն ներկայացվել պահանջված փաստաթղթերը, նյութերը կամ այլ տեղեկատվություն կամ ներկայացվել են ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ.

2) նշանակվել է փորձաքննություն.

3) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:

3. Վարույթը կասեցվում է մինչև այն կասեցնելու հիմք հանդիսացած հանգամանքների վերանալը կամ վարույթի կարճման հիմքի ի հայտ գալը: Դրանք վերանալուց կամ վարույթի կարճման հիմքի ի հայտ գալուց կամ առաջանալուց հետո Հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթը վերսկսվում է:

4. Վարույթի կասեցման ընթացքում Հանձնաժողովը կարող է կատարել կասեցման հիմքերի վերացումը պարզելուն ուղղված և վարույթի` ըստ էության քննությանը չուղղված այլ գործողություններ:

5. Վարույթի իրականացման ժամկետի ընթացքը կասեցվում է վարույթի կասեցման ժամանակահատվածով:

 

Հոդված 66. Վարչական վարույթի կարճումը

 

1. Վարչական վարույթը ենթակա է կարճման, եթե`

1) դիմումով առաջադրված պահանջը դուրս է Հանձնաժողովի իրավասությունից.

2) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:

 

Հոդված 67. Վարչական ակտի ընդունումը և ուժի մեջ մտնելը

 

1. Վարչական ակտն ընդունվում է Հանձնաժողովի նիստում, որին մասնակցում են Հանձնաժողովի անդամները, իսկ Հանձնաժողովի նիստը նախագահողի թույլտվությամբ` նաև Հանձնաժողովի աշխատողները:

2. Հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ է մտնում դրա պատճենը հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Վարչական ակտի` մեկից ավելի հասցեատերերի առկայության դեպքում վարչական ակտը նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ուժի մեջ է մտնում իր մասով` տվյալ վարչական ակտի պատճենը համապատասխան հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

 

ԳԼՈՒԽ 16
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 68. Համակենտրոնացման հայտարարագրման նպատակը, մասնակիցները և գնահատման վարույթի հարուցման հիմքը

 

1. Համակենտրոնացման հայտարարագրումն իրականացվում է համակենտրոնացման հետևանքով մրցակցային իրավիճակը գնահատելու, մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման, համապատասխան ապրանքային շուկայում այլ կերպ տնտեսական մրցակցության սահմանափակման հնարավորություն բացահայտելու կամ կանխատեսելու կամ գերիշխող դիրքի հանգեցման կամ սպառողների շահերի հնարավոր վնասման հարցը պարզելու նպատակներով:

2) Համակենտրոնացման գնահատման վարույթի մասնակիցներն են համակենտրոնացման դիմում և հայտարարագիր ներկայացրած անձինք:

3. Համակենտրոնացման գնահատման վարույթը հարուցվում է սահմանված կարգով դիմումի և հայտարարագրի ներկայացման հիման վրա:

4. Համակենտրոնացման հայտարարագրում նշվում է համակենտրոնացման ձևը, նպատակը և մասնակիցներից յուրաքանչյուրի մասին հետևյալ տեղեկատվությունը`

1) անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն և ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից),

2) գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրմանը նախորդող ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը փաստացի գործունեությունն սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրմանը նախորդող ամսվա վերջի դրությամբ: Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում տնտեսավարող սուբյեկտի կողմից կարող է ներկայացվել նաև այլ ժամկետի դրությամբ առկա ֆինանսական հաշվետվություն,

3) նախորդ տարվա ընթացքում իրացրած ապրանքների ծավալներն ըստ տեսականու, ինչպես նաև արտադրական կարողությունների, ենթակառուցվածքների նկարագիրը,

4) համակենտրոնացման մասնակիցների հետ անձանց խումբ կազմող բոլոր անձանց շրջանակը, անձանց խումբ հանդիսանալու հիմքերը և ապացույցները,

5) Հանձնաժողովի` համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը հաստատելու մասին որոշմամբ սահմանված այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:

5. Համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանում է Հանձնաժողովը:

 

Հոդված 69. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացման գնահատումը

 

1. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը գնահատման արդյունքում թույլատրվում կամ արգելվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա:

Հոդված 70. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումն արգելելու հիմքերը

 

1. Հանձնաժողովն արգելում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը, եթե`

1) Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն` համակենտրոնացման հետևանքով կանխվելու, սահմանափակվելու, արգելվելու կամ այլ կերպ վատթարանալու է տնտեսական մրցակցությունը համապատասխան ապրանքային շուկայում, կամ

2) Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն` համակենտրոնացումը հանգեցնելու է գերիշխող դիրքի առաջացմանը կամ ամրապնդմանը, կամ

3) Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն` համակենտրոնացման հետևանքով վնասվելու են սպառողների շահերը, կամ

4) համակենտրոնացման մասնակիցը չի ներկայացնում համակենտրոնացման ազդեցությունը համապատասխան ապրանքային շուկայում գնահատելու համար Հանձնաժողովի կողմից էական դիտարկվող տեղեկատվություն, և այդ տեղեկատվությունն այլ աղբյուրներից ստանալն անհնար է, կամ

5) համակենտրոնացման մասնակիցը ներկայացրել է համակենտրոնացման ազդեցությունը համապատասխան ապրանքային շուկայում գնահատելու համար Հանձնաժողովի կողմից էական դիտարկվող կեղծ տեղեկատվություն, ինչը բացասաբար է անդրադարձել Հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրության ընթացքի և արդյունքների վրա:

 

Հոդված 71. Համակենտրոնացման թույլատրումը պարզեցված կարգով

 

1. Խառը համակենտրոնացումը և անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացումը թույլատրվում է պարզեցված ընթացակարգով, եթե առերևույթ բացակայում են համակենտրոնացումը մերժելու հիմքերը:

2. Հանձնաժողովը պարզեցված ընթացակարգով համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշումը կայացնում է վարույթի հարուցումից հետո` մեկ ամսվա ընթացքում, որը պարունակում է տեղեկություններ համակենտրոնացման մասնակիցների, նրանց գործունեության ոլորտների կամ ապրանքային շուկաների և պարզեցված ընթացակարգով համակենտրոնացումը թույլատրելու հիմնավորումների վերաբերյալ:

 

Հոդված 72. Համակենտրոնացման թույլատրումը

 

1. Համակենտրոնացումն արգելելու հիմքեր առկա չլինելու դեպքում Հանձնաժողովը թույլատրում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը:

2. Համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշումը գործում է մեկ տարի ժամկետով, եթե առավել կարճ ժամկետ սահմանված չէ Հանձնաժողովի որոշմամբ:

3. Սույն օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Հանձնաժողովը հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը թույլ է տալիս այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտը հիմնավորում է, որ տվյալ համակենտրոնացման հետևանքով ապրանքային շուկայում կապահովվեն բարենպաստ մրցակցային պայմաններ, և չեն վնասվի սպառողների շահերը:

4. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը թույլատրելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը կարող է պարունակել համակենտրոնացման մասնակցի համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ և պարտավորություններ, որոնք գործում են անժամկետ, եթե այլ ժամկետ սահմանված չէ Հանձնաժողովի որոշմամբ:

5. Համակենտրոնացման մասնակիցները պարտավոր են համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշման մեջ սահմանված կարգով և ժամկետներում Հանձնաժողով ներկայացնել պարտադիր կատարման ենթակա պայմանների և պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:

6. Համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշմամբ նախատեսված պայմանները և պարտավորությունները խախտելու դեպքում Հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշումը:

 

Հոդված 73. Չհայտարարագրված և արգելված համակենտրոնացումը

 

1. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը համարվում է չհայտարարագրված, եթե այն գործողության մեջ է դրվել առանց Հանձնաժողովի` համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշման, և առկա չէ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերից որևէ մեկը:

2. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը համարվում է արգելված, եթե`

1) այն գործողության մեջ է դրվել առանց Հանձնաժողովի` համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշման, և հետագայում Հանձնաժողովն ամրագրել է, որ այն ենթակա է արգելման.

2) Հանձնաժողովի կողմից սույն օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշման դեպքում համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) կողմից պարտադիր կատարման ենթակա պայմանների և պարտավորությունների խախտման հիմքով Հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշումը:

3. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը Հանձնաժողովի որոշմամբ արգելվելու դեպքում, եթե այն դրվել է գործողության մեջ, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում Հանձնաժողովը որոշում է կայացնում հետևյալ հանձնարարությունները տալու մասին, եթե դրանց շնորհիվ համապատասխան ապրանքային շուկայում, համաձայն Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների, կվերականգնվեն մրցակցային բարենպաստ պայմանները.

1) համակենտրոնացման արդյունքում միացած իրավաբանական անձին առանձնացնելու.

2) համակենտրոնացման արդյունքում միաձուլված իրավաբանական անձանց բաժանելու.

3) համակենտրոնացման արդյունքում նոր հիմնադրված իրավաբանական անձին լուծարելու.

4) համակենտրոնացման համար հիմք հանդիսացած և դեռևս ամբողջությամբ չկատարված պայմանագիրը լուծելու և մինչև պայմանագրի լուծման պահը պայմանագրի կողմերից յուրաքանչյուրի` գործարքով ամբողջ ստացածը մյուս կողմին վերադարձնելու, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` դրա արժեքը դրամով հատուցելու.

5) համակենտրոնացման համար հիմք հանդիսացած և ամբողջությամբ կատարված պայմանագրի կողմերից յուրաքանչյուրի` գործարքով ամբողջ ստացածը մյուս կողմին վերադարձնելու, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` դրա արժեքը դրամով հատուցելու:

4. Հանձնաժողովի սահմանած ժամկետում սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված գործողությունները չկատարելու դեպքում համակենտրոնացված տնտեսավարող սուբյեկտը ենթակա է դատական կարգով հարկադիր վերակազմակերպման:

5) Հանձնաժողովի սահմանած ժամկետում սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում նշված գործողությունները չկատարելու դեպքում նոր հիմնադրված իրավաբանական անձը ենթակա է դատական կարգով հարկադիր լուծարման:

 

ԳԼՈՒԽ 17
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 74. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի մասնակիցները

 

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի մասնակիցներն են`

1) վարույթով պատասխանողը.

2) շահագրգիռ անձը.

3) իրավասու մարմինները:

2. Վարույթով պատասխանող է այն տնտեսավարող սուբյեկտը, պետական մարմինը կամ պաշտոնատար անձը, որին վերագրվում է առերևույթ իրավախախտման կատարումը:

3. Շահագրգիռ է այն անձը, որի իրավունքներն իրավախախտման հետևանքով անմիջականորեն խախտվել են:

4. Անձը շահագրգիռ է ճանաչվում իր միջնորդության հիման վրա Հանձնաժողովի ընդունած` նրան շահագրգիռ անձ ճանաչելու մասին որոշմամբ:

5. Այն դեպքերում, երբ առերևույթ իրավախախտմամբ խախտվել են անորոշ թվով անձանց իրավունքները, Հանձնաժողովը շահագրգիռ անձ ճանաչելու մասին որոշում չի կայացնում:

6. Իրավասու մարմին է այն պետական մարմինը, որի լիազորություններն առնչվում են վարույթում քննարկվող հարցերին:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անձինք վարույթի ընթացքում կարող են հանդես գալ ինչպես անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, այնպես էլ ներկայացուցչի հետ միասին:

8. Վարույթին կարող են մասնակցել նաև այլ անձինք` վկաներ, փորձագետներ և թարգմանիչներ:

 

Հոդված 75. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի մասնակիցների իրավունքները և պարտականությունները

 

1. Վարույթի մասնակիցները, սույն օրենքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`

1) ծանոթանալու գործի նյութերին, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.

2) ներկայացնելու ապացույցներ.

3) հարցեր տալու վարույթի մասնակիցներին.

4) միջնորդություններ անելու և բացատրություն տալու.

5) վարույթի այլ մասնակիցների միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ հայտնելու դիրքորոշում.

6) հայտնելու բացարկ.

7) բողոքարկելու Հանձնաժողովի` բողոքարկման ենթակա որոշումները.

8) կատարելու սույն օրենքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ գործողություններ:

2. Վարույթի մասնակիցները պարտավոր են`

1) տրամադրել պահանջվող փաստաթղթերն ու տեղեկատվությունը.

2) չխոչընդոտել Հանձնաժողովի կողմից օրենսդրությամբ լիազորված գործողությունների իրականացմանը և ենթարկվել վարույթի շրջանակում իրենց ներկայացված օրինական պահանջներին.

3) հարգալից վերաբերմունք դրսևորել Հանձնաժողովի, Հանձնաժողովի աշխատողների և վարույթի մասնակիցների հանդեպ.

4) կատարել սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված գործողություններ:

Հոդված 76. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթները

 

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթներն են`

1) սույն օրենքի առերևույթ խախտման մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումները.

2) սույն օրենքի առերևույթ խախտման մասին պետական մարմինների (այդ թվում` օտարերկրյա) կամ դրանց պաշտոնատար անձանց հաղորդումները.

3) Հանձնաժողովի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում սույն օրենքի առերևույթ խախտման փաստի հայտնաբերումը.

4) սույն օրենքի առերևույթ խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակած տեղեկությունները:

 

Հոդված 77. Ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները

 

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձի հաղորդումը ներկայացվում է գրավոր:

2. Հաղորդման մեջ պետք է նշվեն Հանձնաժողովի անվանումը, հաղորդում ներկայացնող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հաշվառման հասցեն, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, պետական գրանցման կամ հաշվառման համարը և գտնվելու վայրի հասցեն, նրա անունից հաղորդում ներկայացրած անձի անունը, ազգանունը և պաշտոնը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), սույն օրենքի առերևույթ խախտման և այն կատարողի մասին տեղեկությունները, հաղորդում ներկայացնող անձի պահանջը, հաղորդումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև հաղորդմանը կցվող փաստաթղթերի ցանկը:

3. Հաղորդումն ստորագրվում է այն ներկայացնող անձի կողմից: Եթե հաղորդումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի լիազորությունները հավաստող փաստաթուղթ:

4. Հաղորդմանը կարող են կցվել հաղորդման մեջ նկարագրված փաստերի առկայությունը հիմնավորող նյութեր, այդ թվում` լուսանկարներ, տեսագրություններ, ձայնագրություններ և այլն:

5. Հաղորդում ներկայացնող անձի ցանկությամբ այն ներկայացնողի տվյալները գաղտնագրվում են: Գաղտնագրման ենթակա հաղորդումը ներկայացնելու և այն գաղտնագրելու կարգը սահմանվում է Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

6. Հաղորդումը կարող է ներկայացվել Հանձնաժողովի սահմանած ձևով:

 

Հոդված 78. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի հաղորդումը

 

1. Պետական մարմնի հաղորդումը պարունակում է այն ներկայացրած պետական մարմնի անվանումը և հասցեն կամ համապատասխան պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, սույն օրենքի առերևույթ խախտման և այն կատարողի մասին տեղեկություններ, ինչպես նաև բացահայտում է համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձի այն գործունեությունը, որի իրականացման ընթացքում նրան հայտնի է դարձել սույն օրենքի առերևույթ խախտման փաստը: Հաղորդմանը կարող են կցվել այն հաստատող նյութեր, այդ թվում` լուսանկարներ, տեսագրություններ, ձայնագրություններ և այլն:

2. Քրեական գործ հարուցելը մերժելու կամ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում կայացվելու դեպքում, երբ անձի գործողություններում առերևույթ առկա են տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հատկանիշներ, քրեական հետապնդման մարմինը նման որոշում կայացնելուց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում այդ որոշումն անհրաժեշտ նյութերի հետ միասին ուղարկում է Հանձնաժողով:

 

Հոդված 79. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկումը

 

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթները Հանձնաժողովում քննարկվում են մեկամսյա ժամկետում:

2. Մինչև տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկման արդյունքում որոշման ընդունումը Հանձնաժողովը սույն օրենքի առերևույթ խախտման փաստի հավաստիությունն ստուգելու նպատակով կարող է կատարել դիտանցում, հսկիչ գնում, մշտադիտարկում, արտաքին դիտում, պահանջել և ստանալ տեղեկություններ:

3. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է որոշում`

1) տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին.

2) տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը մերժելու մասին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մի քանի որոշում կայացնելու հիմքերի առկայության դեպքում Հանձնաժողովը դրանք կայացնում է առանձին` դրանցից յուրաքանչյուրի մասով կատարելով սույն գլխով նախատեսված գործողությունները:

5. Ներկայացված հաղորդումները սույն օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում չեն քննարկվում, որի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ հաղորդում ներկայացրած անձինք տեղեկացվում են:

6. Սույն օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասով և 82-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում հաղորդումը Հանձնաժողովի նախագահի գրությամբ վերահասցեագրվում կամ վերադարձվում է այն ստանալուց հետո` տասն օրվա ընթացքում:

 

Հոդված 80. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման մերժումը

 

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը ենթակա է մերժման, եթե`

1) բացակայում է խախտման դեպքը.

2) առկա է պատասխանատվությունից ազատելու հիմք.

3) նույն արարքի վերաբերյալ առկա է Հանձնաժողովի կողմից իրականացվող կամ կարճված վարույթ.

4) առկա է նույն արարքի համար նույն անձի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու կամ պատասխանատվության միջոցի կիրառումից ազատելու մասին Հանձնաժողովի որոշում.

5) առկա է միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտ.

6) ենթադրյալ իրավախախտում կատարած ֆիզիկական անձը մահացել է.

7) ենթադրյալ իրավախախտում կատարած իրավաբանական անձը լուծարվել է.

8) ուժը կորցրել է տվյալ խախտման համար պատասխանատվություն սահմանող օրենքի նորմը:

2. Վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումն ընդունման օրվանից եռօրյա ժամկետում ուղարկվում է հաղորդում ներկայացրած անձին:

3. Վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում այն կարող է բողոքարկել հաղորդում ներկայացրած անձը:

 

Հոդված 81. Հաղորդման վերահասցեագրումը

 

1. Իրավախախտման վերաբերյալ հաղորդումը վերահասցեագրվում է, եթե վարույթի հարուցման առիթներում առկա հարցերը մտնում են այլ վարչական կամ քրեական հետապնդման մարմնի իրավասության մեջ:

2. Հաղորդումը վերահասցեագրելու մասին գրությունը հաղորդման հետ ուղարկվում է իրավասու մարմին և հաղորդում ներկայացրած անձին:

 

Հոդված 82. Հաղորդումը վերադարձնելը

 

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ հաղորդումը վերադարձվում է, եթե այն դուրս է ինչպես Հանձնաժողովի, այնպես էլ այլ մարմինների իրավասությունից:

2. Հաղորդումը վերադարձնելու մասին գրությունը հաղորդման և կից փաստաթղթերի հետ ուղարկվում է հաղորդում ներկայացրած անձին:

 

Հոդված 83. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը

 

1. Վարույթի հարուցումը մերժելու, հաղորդումը վերահասցեագրելու կամ վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում Հանձնաժողովը որոշում է կայացնում տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին, որում նշվում են`

1) վարույթ իրականացնող մարմնի անվանումը,

2) առերևույթ իրավախախտման նկարագրությունը,

3) սույն օրենքի այն դրույթը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ խախտման համար,

4) վարույթով պատասխանողի անունը, ազգանունը (անվանումը),

5) որոշումն ստորագրելու ժամանակը (տարեթիվը, ամիսը, օրը),

6) որոշումն ստորագրող պաշտոնատար անձի պաշտոնը, անվան սկզբնատառը, ազգանունը:

2. Վարույթ հարուցելու մասին որոշումը կարող է պարունակել գործի քննության ժամանակի և վայրի, ինչպես նաև տեղեկություններ տրամադրելու պահանջի մասին դրույթներ:

3. Վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունման օրվանից եռօրյա ժամկետում ուղարկվում է վարույթով պատասխանողին և հաղորդում ներկայացրած անձին:

 

Հոդված 84. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթների միացումը և առանձնացումը

 

1. Հանձնաժողովն իր որոշմամբ կարող է մեկ վարույթի շրջանակներում միացնել միևնույն սուբյեկտի կատարած` մեկից ավելի խախտումների կամ մի քանի սուբյեկտների կատարած նույն կամ համասեռ խախտումների վերաբերյալ վարույթները, եթե այդ վարույթների միջև առկա է փոխադարձ կապ, և դրանց համատեղ իրականացումը կարող է ապահովել վարույթի առավել արագ և արդյունավետ լուծումը:

2. Մեկից ավելի անձանց կատարած մեկ կամ մեկից ավելի խախտումների վերաբերյալ կամ նույն սուբյեկտի կատարած` մեկից ավելի խախտումների վերաբերյալ հարուցված խախտման վերաբերյալ վարույթը Հանձնաժողովի որոշմամբ կարող է առանձնացվել, եթե դրա առանձին իրականացումը կարող է ապահովել վարույթի առավել արագ և արդյունավետ լուծումը:

3. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթները միացնելու կամ առանձնացնելու մասին որոշումների պատճեններն ընդունման օրվանից եռօրյա ժամկետում ուղարկվում են վարույթի մասնակիցներին:

 

Հոդված 85. Վարույթով ոչ պատշաճ պատասխանողի փոխարինումը և նոր պատասխանողի ներգրավումը

 

1. Վարույթի իրականացման ընթացքում իրավախախտումն այլ սուբյեկտի կողմից կատարված լինելու մասին տեղեկություններ ձեռք բերվելու դեպքում Հանձնաժողովի որոշմամբ այդ անձը ներգրավվում է որպես վարույթով պատշաճ պատասխանող, իսկ վարույթով ոչ պատշաճ պատասխանողի նկատմամբ վարույթն առանձին որոշմամբ կամ վարույթը եզրափակող ակտով կարճվում է:

2. Վարույթի իրականացման ընթացքում իրավախախտումը նաև այլ սուբյեկտի կողմից կատարված լինելու մասին տեղեկություններ ձեռք բերվելու դեպքում Հանձնաժողովի որոշմամբ այդ սուբյեկտը ներգրավվում է որպես վարույթով նոր պատասխանող:

 

Հոդված 86. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի իրականացման ժամկետը վարույթների միացման և նոր պատասխանողի ներգրավման դեպքում

 

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթների միացման դեպքում վարույթի իրականացման ժամկետը հաշվարկվում է միացված վարույթներից առավել ուշ հարուցված վարույթի հարուցման օրվանից:

2. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթին նոր սուբյեկտ ներգրավելն ինքնին չի հանգեցնում վարույթի ժամկետի փոփոխության:

 

Հոդված 87. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթում բանավոր լսումը

 

1. Վարույթի մասնակիցներին բանավոր լսելը Հանձնաժողովի կողմից անհրաժեշտ համարվելու դեպքում վարույթի մասնակիցները հրավիրվում են նիստին:

2. Բանավոր լսման համար հրավիրված նիստը կարող է անցկացվել վարույթին մասնակցող անձի բացակայությամբ, եթե`

1) վարույթին մասնակցող անձը միջնորդել է այն քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա.

2) նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված լինելով` վարույթին մասնակցող անձը չի ներկայացել և չի ներկայացրել նիստի հետաձգման մասին միջնորդություն, կամ այդ միջնորդությունը մերժվել է:

3. Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ կարող է հետաձգել գործի քննությունը` ծանուցելով վարչական վարույթին մասնակցող անձանց:

4. Բանավոր լսման նպատակով հրավիրված նիստի ընթացքում`

1) հայտարարվում է, թե ինչ գործ է քննվում, և ով է վարույթով պատասխանողը.

2) պարզվում է վարույթի մասնակիցների և գործի քննությանը կանչված այլ անձանց ներկայության կամ բացակայության փաստը, պարզվում են նրանց բացակայության պատճառները, և որոշվում է նիստը նրանց բացակայությամբ անցկացնելու կամ նիստը հետաձգելու հարցը.

3) ստուգվում են վարույթի մասնակիցների, նրանց ներկայացուցիչների և այլ անձանց ինքնությունը, ներկայացուցիչների լիազորությունները հավաստող փաստաթղթերը.

4) քննարկվում և լուծվում են վարույթի մասնակիցների ներկայացրած միջնորդությունները.

5) լսվում են վարույթի մասնակիցները և այլ անձինք.

6) վարույթի մասնակիցները և այլ անձինք պատասխանում են Հանձնաժողովի նախագահի և անդամների, իսկ նախագահողի համաձայնությամբ` նաև Հանձնաժողովի աշխատողների հարցերին.

7) անհրաժեշտության դեպքում իրականացվում են հարցի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

5. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի իրականացման արդյունքներով այլ մարմինների իրավասությանը վերապահված հարցեր բացահայտվելու դեպքում Հանձնաժողովի որոշմամբ կամ Հանձնաժողովի նախագահի գրությամբ այդ մասին հայտնվում է համապատասխան մարմնին:

 

Հոդված 88. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ արագացված վարույթը

 

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում վարույթով պատասխանողը իրեն վերագրվող իրավախախտման փաստն ընդունելու և իրավախախտման հետևանքները վերացրած լինելու դեպքում կարող է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնել Հանձնաժողով:

2. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացվելու դեպքում վարույթով պատասխանողը չի կարող հետագայում հերքել իր կողմից իրավախախտում կատարելու փաստը:

3. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը Հանձնաժողովը բավարարում կամ մերժում է միջնորդությունն ստանալու օրվանից տասն օրվա ընթացքում:

4. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը բավարարվում է, եթե այն համապատասխանում է սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին: Նշված պահանջները չբավարարելու դեպքում միջնորդությունը մերժվում է:

5. Արագացված վարույթ կիրառելու մասին որոշում կայացվելու դեպքում գործի` ըստ էության քննությանն ուղղված գործողություններ չեն իրականացվում, և գնահատվում են միայն պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

6. Հանձնաժողովը վարույթի արդյունքում որոշումը կայացնում է արագացված վարույթ կիրառելու մասին որոշման ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում` առանց վարույթի մասնակիցներին լսման նպատակով նիստ հրավիրելու:

7. Արագացված վարույթի կիրառման արդյունքում պատասխանատվության միջոց կիրառելիս պատասխանատվության միջոցը չի կարող գերազանցել տվյալ իրավախախտման համար նախատեսված ամենախիստ պատասխանատվության միջոցի մեկ երկրորդը:

 

Հոդված 89. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի կարճումը

 

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթը ենթակա է կարճման, եթե`

1) վարույթի իրականացման արդյունքում հնարավոր չի եղել պարզել խախտում կատարած սուբյեկտին.

2) առկա է վարույթի հարուցումը մերժելու որևէ հիմք.

3) առկա են վարույթը կարճելու` օրենքով նախատեսված այլ հիմքեր:

 

Հոդված 90. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի արդյունքում ընդունվող որոշումները

 

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի արդյունքում Հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը կամ մի քանիսը.

1) պատասխանատվության միջոց կիրառելու մասին.

2) պատասխանատվության միջոցի կիրառումից ազատելու մասին.

3) իրավախախտման վերաբերյալ վարույթը կարճելու մասին:

2. Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշում ընդունելու դեպքում Հանձնաժողովը կարող է վարույթով պատասխանողի գույքի վրա կիրառված տուգանքի չափով նույն կամ մինչև այդ որոշման անբողոքարկելի դառնալն ընդունված առանձին պատճառաբանված որոշմամբ դնել արգելանք, եթե նման որոշում չկայացնելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել Հանձնաժողովի` պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշման կատարումը:

3. Պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշումն արգելանք դնելու մասով կամ առանձին ընդունված արգելանք դնելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է անհապաղ կատարման Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

4. Արգելանք դնելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվում Հանձնաժողովի նախագահի գրությամբ, որում նշվում են`

1) Հանձնաժողովի անվանումը,

2) գրությունը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը,

3) արգելանք դնելու մասին որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը,

4) արգելանք դնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը,

5) արգելադրման ենթակա գումարի չափը,

6) պարտապանի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց հաշվառման (գտնվելու վայրի) և առկայության դեպքում ծանուցման հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը:

5. Արգելանք դնելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու վերաբերյալ գրությունը Հանձնաժողովի նախագահի գրությամբ հետ է պահանջվում, եթե`

1) վարույթով պատասխանողի վերաբերյալ ընդունված պատասխանատվության միջոց կիրառելու մասին անբողոքարկելի որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետում և կարգով չի ներկայացվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն.

2) վարույթով պատասխանողի` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված տուգանքը վճարելու պարտավորությունը դադարել է.

3) Հանձնաժողովի որոշումը ճանաչվել է անվավեր կամ ուժը կորցրած:

6. Արգելանք դնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել: Որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը:

 

Հոդված 91. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի վերսկսումը դատական ակտի հիման վրա

 

1. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի որոշման բողոքարկման արդյունքում դատարանը հանգում է հետևության, որ Հանձնաժողովը հայեցողական լիազորություններն իրականացրել է ոչ իրավաչափորեն, ապա Հանձնաժողովը դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում որոշում է ընդունում տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթը վերսկսելու մասին:

2. Վերսկսված վարույթն իրականացվում է սույն գլխի կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով դատական ակտում արտահայտված` դատարանի իրավական դիրքորոշումները:

 

ԳԼՈՒԽ 18
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 92. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները

 

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար Հանձնաժողովն իրավասու է տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

 

Հոդված 93. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նշանակվող տուգանքների չափերը

 

1. Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը:

2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից տնտեսական գործունեության արգելված համակարգման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը:

3. Գերիշխող դիրքի չարաշահման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը:

4. Բանակցային ուժեղ դիրքի չարաշահման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը:

5. Համակենտրոնացումը չհայտարարագրելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:

6. Արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը:

7. Անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի` տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը:

8. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացվելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացվելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:

9. Վարույթով պատասխանող տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացվելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացվելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև վարույթով քննարկվող իրավախախտման համար սահմանված տուգանքի չափը, իսկ մի քանի խախտումների դեպքում` դրանց համար սահմանված առավել խիստ տուգանքի չափը:

10. Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը կամ Հանձնաժողովի անդամի կամ աշխատակցի` օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:

11. Վարույթով պատասխանող տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը կամ Հանձնաժողովի անդամի կամ աշխատակցի` օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև վարույթով քննարկվող իրավախախտման համար սահմանված տուգանքի չափը, իսկ մի քանի խախտումների դեպքում` դրանց համար սահմանված առավել խիստ տուգանքի չափը:

12. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չդադարեցվելու կամ չշտկվելու կամ որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարվելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:

13. Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափը կազմում է իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի նկատմամբ սույն հոդվածում նախատեսված տոկոսը:

14. Անձանց խմբի կողմից օրենքի խախտման համար սույն հոդվածով նախատեսված տուգանքը նշանակվում է այն տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, որոնք իրենց գործողությամբ կամ վարքագծով մասնակցություն են ունեցել իրավախախտմանը կամ իրավախախտման հետևանքով ստացել են կամ կարող էին ստանալ շահույթ կամ առավելություն կամ հայտնվել են առավել բարենպաստ պայմաններում, և տուգանքը հաշվարկվում է այդ տնտեսավարող սուբյեկտների հասույթների ընդհանուր գումարից:

Հոդված 94. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը

 

1. Պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ խախտման կրկնակիությունը, եթե նախորդ խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելու օրվանից չի անցել հինգ տարի, տնտեսավարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու փաստն ընդունելու կամ Հանձնաժողովի հետ համագործակցելու հանգամանքը, պատասխանատվությունից ազատելու հիմքերը, տնտեսավարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը:

2. Տնտեսավարող սուբյեկտի աշխատողի վարքագիծն աշխատանքային գործունեության ընթացքում դիտարկվում է որպես տնտեսավարող սուբյեկտի վարքագիծ:

3. Հակամրցակցային համաձայնության համար տուգանք նշանակելիս Հանձնաժողովը հաշվի է առնում նաև սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հակամրցակցային համաձայնության տեսակը (հորիզոնական, ուղղահայաց, այլ), ինչպես նաև պատասխանատվությունից ազատելու կամ տուգանքի չափը նվազեցնելու հիմքերը:

4. Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանվում է Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

Հոդված 95. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունից ազատելու ընդհանուր հիմքերը

 

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե վարույթ հարուցելու օրվա դրությամբ իրավախախտման կատարման օրվանից անցել է հինգ տարի:

2. Հանձնաժողովը կարող է անձին ազատել պատասխանատվությունից, եթե նրա վարքագիծը թեև ձևականորեն պարունակում է սույն օրենքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` որևէ անձի կամ պետությանն էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել:

 

Հոդված 96. Հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտին պատասխանատվությունից ազատումը

 

1. Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց չկիրառելու մասին, եթե տնտեսավարող սուբյեկտը, մինչև տվյալ համաձայնության առնչությամբ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի հարուցման մասին որոշման կայացումը կամ ստուգում կատարելու մասին Հանձնաժողովի նախագահի հրամանի ընդունումն իր նախաձեռնությամբ առաջինն է դիմում Հանձնաժողով և կամովին պարտավորվում դադարեցնել այդ հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կարծիքով դա անհրաժեշտ է հակամրցակցային համաձայնության բացահայտման համար) և հետագայում բացառել այն` միաժամանակ ներկայացնելով տվյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող այնպիսի ապացույցներ, որոնք, ըստ Հանձնաժողովի, բավարար հիմք են տվյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու և (կամ) ստուգում կատարելու համար:

2. Տնտեսավարող սուբյեկտը լիովին ազատվում է հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նախատեսված պատասխանատվությունից, եթե Հանձնաժողովին տրամադրում է իր տնօրինության տակ եղած կամ իրեն հայտնի հետևյալ ապացույցները.

1) հակամրցակցային համաձայնությանը մասնակցող (մասնակցած) բոլոր տնտեսավարող սուբյեկտների անվանումները և այլ տեղեկություններ.

2) հակամրցակցային համաձայնության մանրամասն նկարագրությունը, ներառյալ` դրա նպատակը, դրսևորման եղանակը, համաձայնության առարկա հանդիսացող ապրանքը, հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) ամսաթիվը, տևողությունը, վայրը, այլ տվյալներ.

3) բոլոր այն անձանց անունները, պաշտոնները, հասցեները, որոնք ներգրավված են կամ ներգրավված են եղել կամ կարող են ներգրավված լինել հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) գործընթացում.

4) հակամրցակցային համաձայնությանն առնչվող` դիմողի տրամադրության տակ եղած այլ ապացույցներ:

3. Հանձնաժողով դիմած տնտեսավարող սուբյեկտը չի կարող ազատվել պատասխանատվությունից, եթե նա չի կատարել հետևյալ պայմաններից որևէ մեկը.

1) տնտեսավարող սուբյեկտը դիմում ներկայացնելուց անմիջապես հետո չի դադարեցնում իր մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կարծիքով դա անհրաժեշտ է հակամրցակցային համաձայնության բացահայտման համար.

2) տեղեկատվություն ներկայացնելու պահից սկսած մինչև վարչական վարույթի ավարտը տնտեսավարող սուբյեկտը չի համագործակցում Հանձնաժողովի հետ` առանց վերապահումների և շարունակական հիմունքով: Այդ համագործակցությունը ենթադրում է, որ տնտեսավարող սուբյեկտը`

ա. ենթադրյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը և ապացույցները, որոնք հայտնվում են իր տնօրինության տակ կամ հայտնի են դառնում իրեն, անհապաղ ներկայացնում է Հանձնաժողով,

բ. սահմանված ժամկետում պատասխանում է Հանձնաժողովի բոլոր հարցումներին, որոնք կարող են նպաստել ենթադրյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող փաստերի արձանագրմանը,

գ. ապահովում է իր գործող կամ հնարավորության դեպքում նախկին տնօրենների և աշխատողների բացատրություններ ներկայացնելու հնարավորությունը,

դ. չի ոչնչացնում, կեղծում կամ թաքցնում հակամրցակցային համաձայնությանը վերաբերող տեղեկություններն ու ապացույցները և

ե. չի բացահայտում ենթադրյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ հայտարարության, դիմումի, տեղեկատվության կամ ապացույցների ներկայացման փաստը և բովանդակությունը մինչև Հանձնաժողովի կողմից ընդունված հակամրցակցային համաձայնության հնարավոր փաստի վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու մասին որոշման ուժի մեջ մտնելը կամ Հանձնաժողովի համաձայնությամբ` այլ դեպքերում:

4. Հակամրցակցային համաձայնության միաժամանակ երկու և (կամ) ավելի մասնակից տնտեսավարող սուբյեկտների ներկայացրած դիմումը Հանձնաժողովը թողնում է առանց քննության:

5. Հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի` պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացման և քննության կարգը սահմանվում են Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

Հոդված 97. Հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվելիք տուգանքի չափը նվազեցնելու հիմքը

 

1. Հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը բացահայտող տնտեսավարող սուբյեկտը, երբ չեն բավարարվում սույն օրենքի 96-րդ հոդվածի պայմանները, կարող է դիմում ներկայացնել տուգանքի չափի նվազեցման մասին:

2. Տուգանքի չափի նվազեցման համար տնտեսավարող սուբյեկտը պետք է ապացույց ներկայացնի Հանձնաժողով սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման հնարավոր փաստի վերաբերյալ, որն էական նշանակություն կունենա իրավախախտումն ապացուցելու համար:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով հակամրցակցային համաձայնության մասին առաջինը հայտնած և այդ համաձայնության բացահայտման համար էական նշանակություն ունեցող ապացույցներ ներկայացրած տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի մինչև 50 տոկոսը: Էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացրած երկրորդ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի մինչև 70 տոկոսը: Էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացրած երրորդ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի մինչև 85 տոկոսը:

4. Եթե տուգանքի չափի նվազեցման մասին դիմում ներկայացնելու պահին տնտեսավարող սուբյեկտը մեկ այլ հակամրցակցային համաձայնության մասնակից է և հայտնում է նաև այդ հակամրցակցային համաձայնության մասին, ապա տնտեսավարող սուբյեկտը կարող է դիմում ներկայացնել Հանձնաժողով` իր հայտնած հակամրցակցային համաձայնության համար տուգանքի վճարումից ամբողջովին ազատվելու համար` սույն օրենքի 96-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 98. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հետևանքով պատճառված վնասի հատուցումը

 

1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման հետևանքով տնտեսավարող սուբյեկտներին կամ անձանց վնաս պատճառվելու դեպքում դրանք ենթակա են օրենսդրությամբ սահմանված կարգով խախտում կատարած տնտեսավարող սուբյեկտի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից հատուցման:

 

ԳԼՈՒԽ 19
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված 99. Հանձնաժողովի որոշումների պարտադիրությունը

 

1. Հանձնաժողովի որոշումները, դրանցում սահմանված պայմանները, պարտավորությունները և տրված հանձնարարությունները պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

 

Հոդված 100. Հանձնաժողովի որոշմամբ նշանակված տուգանքի վճարումը

 

1. Հանձնաժողովի որոշմամբ նշանակված տուգանքի 75 տոկոսը որոշման ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, վճարելու դեպքում տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված:

2. Հանձնաժողովի որոշմամբ նշանակված տուգանքը կամովին չվճարվելու դեպքում որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկվում է հարկադիր կատարման` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

 

Հոդված 101. Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունների կատարումը

 

1. Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմանները, նախատեսված պարտավորությունները և տրված հանձնարարությունները որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա են անհապաղ, սակայն ոչ ուշ, քան որոշման մեջ սահմանված ժամկետում կատարման, և որոշման բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:

2. Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները դրանցում սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում ենթակա են հարկադիր կատարման` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված որոշումները ներկայացվում են հարկադիր կատարման դրանցում նշված ժամկետում չկատարվելու դեպքում:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված որոշումները հարկադիր կատարման ներկայացնելիս Հանձնաժողովը որոշմանը կից ներկայացնում է այդ որոշումը հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցները և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են`

1) որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը,

2) որոշմամբ կատարման ենթակա գործողությունները և (կամ) այն գործողությունները, որոնց կատարումից պարտավոր անձը պետք է ձեռնպահ մնա, և դրանց կատարման համար որոշմամբ սահմանված ժամկետը,

3) որոշումն ընդունելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշման համարը և որոշումն ուժի մեջ մտնելու տարին, ամիսը, ամսաթիվը,

4) պարտավոր անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց հաշվառման (գտնվելու վայրի) և առկայության դեպքում` ծանուցման հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր կարող են Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել, և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից փաստաթղթերը կարող են ստացվել էլեկտրոնային եղանակով:

6. Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները հարկադիր կատարման ներկայացնելը տնտեսավարող սուբյեկտին չի ազատում Հանձնաժողովի որոշումները չկատարելու համար սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

 

Հոդված 102. Պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների քննարկումը

 

1. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից սույն օրենքի խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելու մասին Հանձնաժողովի որոշումն ուղարկվում է տվյալ պետական մարմին և առկայության դեպքում` նրա վերադաս մարմին, և հիմք է մեղավոր անձանց կարգապահական պատասխանատվության հարցը քննարկելու համար:

2. Քննարկման արդյունքների մասին համապատասխան մարմինը եռամսյա ժամկետում տեղեկացնում է Հանձնաժողովին:

 

ԳԼՈՒԽ 20
ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ

 

Հոդված 103. Հանձնաժողովի կայացրած վարչական ակտերը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելը

 

1. Նոր երևան եկած հանգամանքներով վերանայման են ենթակա Հանձնաժողովի անբողոքարկելի դարձած վարչական ակտերը:

2. Նոր երևան եկած հանգամանքներով վարչական ակտերը վերանայում է Հանձնաժողովը:

3. Նոր երևան եկած հանգամանքով վարչական ակտի վերանայման առիթներն են`

1) վարույթի մասնակիցների դիմումները.

2) Հանձնաժողովի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում վարչական ակտի վերանայման հիմք հանդիսացող նոր երևան եկած հանգամանքի հայտնաբերումը:

4. Նոր երևան եկած հանգամանքները հիմք են վարչական ակտի վերանայման համար, եթե`

1) այդ հանգամանքները գոյություն են ունեցել վարչական վարույթի ընթացքում, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել Հանձնաժողովին, և դրանք գործի լուծման համար ունեն էական նշանակություն.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, կեղծված ապացույցներն ընկած են եղել վարչական ակտի հիմքում.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ Հանձնաժողովի անդամը, որի ձայնը որոշիչ ազդեցություն է ունեցել վարչական ակտի կայացման հարցում, կատարել է գործի քննության հետ կապված հանցավոր արարք:

5. Հանձնաժողովը նոր երևան եկած հանգամանքով վարչական ակտի վերանայման առիթները քննարկում է տասնօրյա ժամկետում` բացահայտելով սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության կամ բացակայության հարցը:

6. Քննարկման արդյունքում Հանձնաժողովը որոշում է կայացնում`

1) վարչական ակտի վերանայման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին, եթե եզրահանգում է, որ առկա է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը.

2) վարչական ակտի վերանայման վերաբերյալ վարույթի հարուցումը մերժելու մասին, եթե եզրահանգում է, որ բացակայում են սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերը, կամ վարչական ակտի` անբողոքարկելի դառնալու պահից անցել է հինգ տարի.

3) դիմումն առանց քննության թողնելու մասին, եթե դիմումատուն դիմումում չի նշել վերանայվող վարչական ակտի մասին տեղեկատվություն և (կամ) որևէ հանգամանք, որը, ըստ դիմումատուի, կարող է հիմք հանդիսանալ վարչական ակտի վերանայման համար:

7. Վերանայման վարույթի հարուցումը մերժելու և դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով երկամսյա ժամկետում:»:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթները

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է գործել որպես Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամները պաշտոնավարման մնացած ժամկետը շարունակում են պաշտոնավարել որպես Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարույթներն իրականացվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտման կրկնակիությունը բացառող պայմանը, 95-րդ հոդվածը և 100-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվում են նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ ծագած հարաբերությունների նկատմամբ:

5. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգն ընդունվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը:

6. Սույն օրենքից բխող մյուս ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

7. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված համատեղ հրամանն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

8. Մինչև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելն ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների նմանության հարցը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գնահատում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով:

9. Մինչև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը գործում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նույն հարցի վերաբերյալ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընդունած իրավական ակտերն այնքանով, որքանով չեն հակասում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքին, իսկ այդպիսի իրավական ակտերի բացակայության դեպքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է միայն օրենքով սահմանված կարգավորումների շրջանակում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. մարտի 30
Երևան
ՀՕ-92-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 03.03.2021
N ՀՕ-92-Ն օրենք