Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱՉԱ՞Փ Է ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱՉԱ՞Փ Է ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ Վ.ՊՈՂ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԱՎԴ/0036/01/19

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՎԴ/0036/01/19

Նախագահող դատավոր` Ա. Դանիելյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

                   

                   մասնակցությամբ պաշտպան`    Ա. Վարդևանյանի

 

    2020 թվականի մայիսի 25-ին                  ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մայիսի 29-ի որոշման դեմ Վանիկ Աբրահամի Պողոսյանի պաշտպան Ա.Վարդևանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2019 թվականի մայիսի 3-ին քրեական գործն ըստ մեղադրանքի Վանիկ Աբրահամի Պողոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-235-րդ հոդվածի 1-ին մասով, ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և 2019 թվականի մայիսի 6-ին ընդունվել վարույթ:

2. Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), 2019 թվականի մայիսի 14-ին, գործը դատական քննության նախապատրաստելու փուլում, քննության առնելով Վ.Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողել է անփոփոխ, և միաժամանակ մերժել մեղադրյալ Վ.Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:

3. Առաջին ատյանի դատարանի վերը նշված դատական ակտի դեմ պաշտպան Ա.Վարդևանյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2019 թվականի մայիսի 29-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել պաշտպան Ա.Վարդևանյանը: Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի մայիսի 14-ի` «Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու, ինչպես նաև ընտրված կալանավորում խափանման միջոցի հիմնավորվածության հարցը քննության առնելու վերաբերյալ» որոշման եզրափակիչ մասում նշել է. «(...) Վանիկ Աբրահամի Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ (...)»(1):

___________________________

1) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 52:

 

i

6. Վերաքննիչ դատարանը, բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ վկայակոչելով Անուշ Ղավալյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 28-ի` թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշումը, արձանագրել է. «(...) Մեղադրյալ Վ.Պողոսյանի պաշտպան Ա.Վարդևանյանի վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության` բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ բողոքարկված լինելու պատճառաբանությամբ (...)»(2):

___________________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 55:

 

7. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ ամբաստանյալ Վ.Պողոսյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել գրավը` 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամի չափով(3):

___________________________

i

3) Տե՛ս Դատական տեղեկատվական համակարգ (www.datalex.am), թիվ ԱՎԴ/0036/01/19 քրեական գործը:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ, ստորադաս դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 27-րդ և 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի պահանջները:

Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմամբ խախտվել են Վ.Պողոսյանի սահմանադրական և կոնվենցիոն հիմնարար այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են` ազատության ու անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության իրավունքը: Բողոքաբերը փաստել է, որ կալանավորման մասին որոշումը` որպես անձի ազատության իրավունքի սահմանափակմանն առնչվող դատական ակտ, պետք է ենթակա լինի բողոքարկման այն հիմնավորմամբ, որ վերաբերում է անձի հիմնարար իրավունքին, բացի այդ, նման հնարավորություն արդեն իսկ նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով:

8.1. Անդրադառնալով Վ.Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորմանը` բողոքաբերը նշել է, որ դրա անհրաժեշտությունն այլևս առկա չէ, քանի որ հանցագործության կատարման մեջ ենթադրաբար ներգրավված բոլոր անձինք բացահայտվել և հայտնաբերվել են, ամբողջ ծավալով իրականացվել են քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները, հետևաբար բացակայում է գործի քննությանը խոչընդոտելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մայիսի 29-ի որոշումը, Վ.Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել և նրան ազատել արգելանքից, կամ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Վ.Պողոսյանի պաշտպան Ա.Վարդևանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը` Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ` այն դեպքում, երբ բողոքարկվել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը:

i

11. ՀՀ սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ անդրադառնալով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու կամ կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննության արդյունքում կայացված որոշման բողոքարկման հնարավորությանը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Գործը դատական քննության նախապատրաստելու փուլում վիճարկվող իրավակարգավորման ուժով մեղադրյալի նկատմամբ անձնական ազատության իրավունքի սահմանափակում նախատեսող խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունվում է որոշում (Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մաս), որն, ի թիվս այլնի, Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի, ինչպես նաև Օրենսգրքի 73-րդ հոդվածի 15-րդ կետի ուժով կարող է բողոքարկվել մեղադրյալի, նրա պաշտպանի կողմից (...): Ուստիև, Սահմանադրական դատարանը գտնում է, որ (...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածով նախատեսված` վիճարկվող իրավակարգավորումը խնդրահարույց չէ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համատեքստում այն առումով, որ Օրենսգրքում, մասնավորապես, առկա են կալանքի` որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունված որոշման դատական բողոքարկման (ստուգման) օրենսդրական երաշխիքներ (...)»(4):

___________________________

4) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման 4.2-րդ կետը:

 

12. ՀՀ սահմանադրական դատարանի` նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը, վերանայելով Անուշ Ղավալյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները(5), Գարիկ Սարգսյանի գործով փաստել է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու (այդ թվում նաև` կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը մերժելու) մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով(6):

___________________________

5) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Անուշ Ղավալյանի գործով 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշման 21-րդ կետը:

6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարիկ Սարգսյանի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԵԿԴ/0294/01/17 որոշման 14-րդ կետը:

 

i

13. ՀՀ սահմանադրական դատարանը, 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Ելնելով մարդու հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողության սահմանադրական պահանջից, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան, մինչև Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները ենթակա են վերաքննության կարգով անմիջական բողոքարկման` առաջին ատյանի դատարանների` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու որոշումների բողոքարկման համար Օրենսգրքով սահմանված կարգով` առաջնորդվելով անձնական ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրացման ապահովման անհրաժեշտությամբ (...)»(7):

___________________________

7) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1487 որոշման 4.6.-րդ կետը:

 

i

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, գործը դատական քննության նախապատրաստելու փուլում, որոշում է կայացրել Վ.Պողոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին(8): Վերաքննիչ դատարանը, պաշտպան Ա.Վարդևանյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` այն պատճառաբանությամբ, որ պաշտպանի կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է Առաջին ատյանի դատարանի որոշումը, որը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով(9):

___________________________

8) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

9) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից Վ.Պողոսյանի պաշտպան Ա.Վարդևանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը` Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ` այն դեպքում, երբ բողոքարկվել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը:

16. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի` հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկել համար(10):

___________________________

i

10) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի Վ.Պողոսյանի պաշտպան Ա.Վարդևանյանի վերաքննիչ բողոքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Վանիկ Աբրահամի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մայիսի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

___________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշման հրապարակման օրը www.datalex.am կայքէջում բացակայում է, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսի 20-ին:

 

Միասնական կայք` 16.05.22-29.05.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.05.2020
N ԱՎԴ/0036/01/19
Որոշում