Սեղմել Esc փակելու համար:
{29.09.2011 - 08.08.2019} «ԽՈՍՐՈՎԻ ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{29.09.2011 - 08.08.2019} «ԽՈՍՐՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.09.2011  -ից մինչեւ   08.08.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0925.130702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2002 թվականի N 925-Ն

 

i

«ԽՈՍՐՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ԵՎ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Խոսրովի պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել`

i

ա) «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի, «Խոր Վիրապ» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն N 5 հավելվածի, և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն N 6 հավելվածի.

բ) «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի.

(2-րդ կետը փոփ. 25.01.07 թիվ 975-Ն որոշում)

3. Սահմանել, որ

i

ա) «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերի տարածքների էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, բնության տարեգրության վարման ապահովումն է.

բ) «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

գիտաճանաչողական զբոսաշրջության, այդ թվում` էկոզբոսաշրջության կազմակերպում.

գիտական ու գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրապարակում.

բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար նախադրյալների ապահովում.

էկոլոգիական և գիտաճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,

«Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերին վերաբերող գովազդի կազմակերպում.

տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն.

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանական գոտու, «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերի տարածքներում տարածաշրջանային բնորոշ արժեքավոր, հազվագյուտ և անհետացող կենդանիների ու բույսերի տեսակների վերարտադրության կազմակերպում.

գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ «Խոսրովի պետական արգելոց» պետական հիմնարկի տնօրինության`

պետական սեփականություն հանդիսացող գույքը` համաձայն N 3 հավելվածի, բացառությամբ շենքերի և շինությունների, սեփականության իրավունքով հանձնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

շենքերը և շինությունները` համաձայն N 4 հավելվածի, ինչպես նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերի համապատասխան տարածքները` ըստ անտառաշինական և հողաշինարարական նախագծերի, «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով.

դ) մինչև վերակազմակերպումը «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրում:

(3-րդ կետը փոփ. 25.01.07 թիվ 975-Ն որոշում)

i

4. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 936-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

ա) «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո 1-ամսյա ժամկետում ապահովել կազմակերպության պետական գրանցումը.

բ) «Խոսրովի անտառ» պետական արգելոցի անտառաշինական քարտեզների հիման վրա մեկ տարվա ընթացքում` սահմանված կարգով ապահովել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքի քարտեզագրումը, արգելոցի ու դրա պահպանական գոտու սահմանների ճշտումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո, հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության 1999-2001 թվականների պետական բյուջեների կատարման արդյունքներով «Խոսրովի» պետական արգելոց» պետական հիմնարկի ֆինանսավորման գծով առաջացած պարտքերը մարելու վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հայտի հիման վրա` «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

մայիսի 30-ի N 925-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Խոսրովի անտառ» պետական արգելոցը (այսուհետ` արգելոց) ստեղծվել է Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայկական ՍՍՌ բնության պահպանության մասին» օրենքի կիրառման մասին» N 341 որոշմամբ:

2. Արգելոցի ստեղծման նպատակներն են`

ա) Ազատ և Վեդի գետերի ավազանների ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի ապահովումը, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանությունը.

բ) կենտրոնական Հայաստանին բնորոշ հազվագյուտ և անհետացող վայրի բույսերի ու կենդանիների տեսակների, գենոֆոնդի և դրանց ապրելու միջավայրի պահպանությունը.

գ) բնական լանդշաֆտների, դրանց առանձին տարրերի, բնական գործընթացների և երևույթների գիտական ուսումնասիրությունը` ուղղված արգելոցի տարածքի բնական էկոհամակարգերում ընթացող գործընթացների կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, բնության պահպանության գիտական հիմունքների մշակմանը, արգելոցին հարակից տարածքների համար բնության պահպանության և օգտագործման արդյունավետ ձևերի մշակման համար բազայի ապահովմանը.

դ) էկոլոգիական դիտանցի կազմակերպման, բնության տարեգրության վարման և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը.

ե) գիտաճանաչողական զբոսաշրջության զարգացման նախադրյալների ապահովումը.

զ) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը:

3. Արգելոցի տարածքում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողերը` ներառյալ ջրերը, ընդերքը, կենդանական և բուսական աշխարհը:

4. Արգելոցի անվանումն է`

հայերեն լրիվ` «Խոսրովի անտառ» պետական արգելոց,

հայերեն կրճատ` «Խոսրովի անտառ» ՊԱ

ռուսերեն լրիվ` Գօսուդառստվեննիյ զապօվեդնիկ «Խօսռօվսկիյ լես»

ռուսերեն կրճատ` ԳԶ «Խօսռօվսկիյ լես»,

անգլերեն լրիվ` Khosrov Forest State Reserve

անգլերեն կրճատ` Khosrov Forest SR:

 

II. ԱՐԳԵԼՈՑԻ ՌԵԺԻՄԸ

 

5. Արգելոցի տարածքում արգելվում են`

ա) ջրային պաշարների շահագործումը և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն,

բ) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունը և շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելոցի բնականոն գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների և ճանապարհների շինարարության),

գ) որսորդությունը, ձկնորսությունը, կենդանիների ապրելու միջավայրի և բնական պայմանների խախտումը.

դ) կենդանիների և բույսերի առանձին տեսակների թվի ավելացման նպատակով իրականացվող ցանկացած աշխատանք, ինչպես նաև դրանց նոր տեսակների ներմուծումը,

ե) հավաքածուների ստեղծման նպատակով նյութերի հավաքումը (բացառությամբ արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված նյութերի),

զ) վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի և հողերի պարարտացման նպատակով թունաքիմիկատների ու պարարտանյութերի օգտագործումը,

է) երկրաբանահետախուզական աշխատանքները, որոնք ուղեկցվում են փորձնական հանույթներով, մակաբացումներով, պայթեցումներով և բնական միջավայրը խախտող այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ,

ը) օգտակար հանածոների մշակումը, հողային ծածկույթի խախտումը, հանքաշերտերի, հանքելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը,

թ) ծառահատումները, բույսերի, ծաղիկների ու սերմերի մթերումը, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ,

ժ) մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը` թույլատրված ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում,

ժա) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է արգելոցի բնական էկոհամակարգերն ու օբյեկտները կամ վտանգ է ստեղծում գիտական և (կամ) մշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանության համար:

6. Արգելոցի տարածք մուտքը թույլատրվում է`

ա) գիտահետազոտական աշխատանքների կատարման, ինչպես նաև արգելոցի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունների համար,

բ) զբոսաշրջության համար:

7. Արգելոցի տարածք մուտքը թույլատրվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի կամ լիազորված պետական մարմնի կողմից տրված անցագրերով:

 

III. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Արգելոցի պահպանությունն իրականացնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

 

IV. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ

 

9. Արգելոցի պահպանական գոտին ընդգրկում է արգելոցին հատկացված տարածքում Ազատ և Վեդի գետերի ջրհավաք ավազանների ջրբաժանային գծերով սահմանափակված տարածքը: Պահպանական գոտու տարածքում կարող են ընդգրկվել տարբեր սեփականատերերի պատկանող հողամասեր, այդ թվում` համայնքների վարչական տարածքներում ներառվածը: Դրանց օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Արգելոցի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է արգելոցի էկոհամակարգին և դրա բնականոն զարգացմանը չվնասող` լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված ցանկացած տնտեսական գործունեություն:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

մայիսի 30-ի N 925-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բնապահպանական, գիտահետազոտական, գիտաճանաչողական (էկոկրթական) կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):

3. Կազմակերպության կանոնադրությունը դրա հիմնադիր փաստաթուղթն է:

i

4. Կազմակերպությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի (այսուհետ` արգելոց), «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերի (այսուհետ` արգելավայրեր) տարածքներում ապահովում է դրանց կանոնադրություններով ամրագրված պահանջների կատարումը:

(4-րդ կետը փոփ. 25.01.07 թիվ 975-Ն որոշում)

5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն ու անգլերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, կարող է ունենալ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Կազմակերպության անվանումն է`

հայերեն լրիվ` «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` «Խոսրովի անտառ» ՊԱ ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ` Գօսուդառստվեննայա նեկօմմեռչեսկայա օռգանիզացիյա «Գօսուդառստվեննիյ զապօվեդնիկ «Խօսռօվսկիյ լես»,

ռուսերեն կրճատ` ԳՆՕ ԳԶ «Խօսռօվսկիյ լես»,

անգլերեն լրիվ` Khosrov Forest State Reserve, State Non-Commercial Organization,

անգլերեն կրճատ` Khosrov Forest SR SNCO:

7.Կազմակերպության գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, քաղ. Վեդի:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

i

8. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակն արգելոցի և արգելավայրերի տարածքների բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, բնության տարեգրության վարման ապահովումն է: Այդ նպատակով կազմակերպությունը`

ա) ապահովում է Ազատ և Վեդի գետերի ավազաններում բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանությունը, կազմակերպում և իրականացնում է դրանց գիտական ուսումնասիրությունը.

բ) կազմակերպում և իրականացնում է բնական էկոհամակարգերի ու դրանց առանձին բաղադրիչների, բուսական և կենդանական աշխարհի հաշվառումը և նախապատրաստում կադաստրի վարման համար անհրաժեշտ նյութերը.

գ) իրականացնում է էկոլոգիական դիտանց, վարում բնության տարեգրությունը և կազմակերպում բնության թանգարանի գործունեությունը: Թանգարանում պահպանվում ու ցուցադրվում են արգելոցի ու արգելավայրերի և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի էկոհամակարգերի և դրանց տարրերի վերաբերյալ ցուցանմուշներ, հավաքածուներ ու տեղեկատվություն.

դ) կանխարգելում է մարդու գործունեության հետևանքով արգելոցի և արգելավայրերի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացները և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում իրականացնում խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.

ե) կազմակերպում է գիտաճանաչողական զբոսաշրջություն (այդ թվում` էկոզբոսաշրջություն).

զ) սահմանված կարգով իրականացնում է հրդեհային անվտանգության միջոցառումներ.

է) ապահովում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արգելոցի և արգելավայրերի կանոնադրություններով սահմանված դրույթների կատարումը.

ը) իր իրավասության սահմաններում իրականացնում է բնակչության էկոլոգիական կրթությանն ու դաստիարակությանն ուղղված միջոցառումներ.

թ) ծրագրում և կազմակերպում է գիտահետազոտական աշխատանքներ.

ժ) անդամակցում է միջազգային բնապահպանական կազմակերպություններին, մասնակցում միջազգային բնապահպանական ծրագրերին.

ժա) պատրաստում ու հրատարակում է գիտական և գիտաճանաչողական գրականություն ու տեղեկատվական նյութեր.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

(8-րդ կետը փոփ. 25.01.07 թիվ 975-Ն որոշում)

i

9. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) գիտաճանաչողական զբոսաշրջության, այդ թվում` էկոզբոսաշրջության կազմակերպում.

բ) գիտական ու գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում.

գ) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար նախադրյալների ապահովում.

դ) էկոլոգիական և գիտաճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում.

ե) արգելոցին և արգելավայրերին վերաբերող գովազդի կազմակերպում.

զ) տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն.

է) արգելոցի պահպանական գոտու տարածքում տարածաշրջանին բնորոշ արժեքավոր, հազվագյուտ և անհետացող կենդանիների ու բույսերի տեսակների վերարտադրության կազմակերպում:

(9-րդ կետը փոփ. 25.01.07 թիվ 975-Ն որոշում)

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

i

10. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, դրա լիազորված պետական մարմինը, կոլեգիալ կառավարման մարմինը (այսուհետ` խորհուրդ) ու գործադիր մարմինը` տնօրենը:

(10-րդ կետը փոփ. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

11. Կազմակերպության հիմնադիրն ունի դրա գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնականապես լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

12. Հիմնադրի լիազորությունները սահմանվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

12.1. Խորհուրդը կազմված է հինգ անդամից, որոնցից մեկն ընտրվում է կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է լիազորված պետական մարմնի կողմից:

(12.1-ին կետը լրաց. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

13. Պետական լիազորված մարմնի լիազորություններն են`

ա) կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների սահմանված կարգով ստեղծումը.

բ) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.

գ) կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

դ) կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ե) կազմակերպության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

զ) կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրա գործունեության վերստուգման արդյունքները քննարկելը.

է) կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ը) կազմակերպության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

թ) կազմակերպության լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

ժ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործառույթների իրականացումը:

13.1. Խորհրդի լիազորություններն են`

i

ա) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` կազմակերպության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` պետական կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների մասին լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ ներկայացնելը.

բ) կազմակերպության գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողության իրականացումը.

գ) հիմնադրի կողմից սահմանված կարգով կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը.

դ) կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

ե) իր աշխատակարգի հաստատումը.

զ) սահմանված կարգով լիազորված պետական մարմին կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

է) կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերի, ներքին կարգապահական և այլ կանոնների հաստատումը.

ը) կազմակերպության գործադիր մարմնի հաշվետվությունների հաստատումը.

թ) կազմակերպության տարեկան հաշվապահական և այլ հաշվետվությունների քննարկումը.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

(13.1-ին կետը լրաց. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

13.2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, գործադիր մարմնի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով:

(13.2-րդ կետը լրաց. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

13.3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

(13.3-րդ կետը լրաց. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

13.4. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք:

(13.4-րդ կետը լրաց. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

13.5. Տնօրենն իրավունք ունի մասնակցելու խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով:

(13.5-րդ կետը լրաց. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

i

14. Կազմակերպության ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը: Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի, լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն` օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի, լիազորված պետական մարմնի կամ խորհրդի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

(14-րդ կետը փոփ. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

15. Տնօրենի հետ կնքում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունն ու փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի, կազմակերպության կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման` օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

16. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

17. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

i

18. Տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի և խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

(18-րդ կետը փոփ. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

19. Տնօրենի բացակայության դեպքում, լիազորված պետական մարմնի գրավոր որոշման համաձայն, այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

i

20. Տնօրենի տեղակալը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է լիազորված պետական մարմնի կողմից` տնօրենի ներկայացմամբ:

(20-րդ կետը փոփ. 25.01.07 թիվ 975-Ն որոշում)

21. Տնօրենը`

i

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում դրա շահերը և կնքում գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

զ) կատարում է աշխատանքի բաշխում.

է) սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

թ) ապահովում է կազմակերպության գործունեության մասին համապատասխան հաշվետվությունների կազմումը և դրանք սահմանված կարգով ներկայացնում լիազորված պետական մարմին.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է միջոցներ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից արգելոցի և արգելավայրերի ռեժիմների խախտման հետևանքով բնությանը պատճառված վնասը հատուցելու համար.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմինների չվերապահված այլ լիազորություններ:

(21-րդ կետը փոփ. 25.01.07 թիվ 975-Ն, 25.01.07 թիվ 975-Ն որոշումներ)

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԳԵԼՈՑԻ ԵՎ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

i

22. Արգելոցի և արգելավայրերի պահպանությունն իրականացվում է կազմակերպության պահպանության ծառայության` պահպանության բաժնի և տեղամասային տեսուչների միջոցով:

(22-րդ կետը փոփ. 25.01.07 թիվ 975-Ն, 25.01.07 թիվ 975-Ն որոշումներ)

23. Պահպանության ծառայության աշխատողները`

i

ա) ապահովում են արգելոցի և արգելավայրերի կանոնադրություններով սահմանված բնապահպանական նորմերի ու կանոնների կատարումը դրանց տարածքներում.

բ) ստուգում են արգելոցի և արգելավայրերի տարածք մուտք գործող անձանց անցագրերը.

գ) կանխում են արգելոցի և արգելավայրերի ռեժիմները խախտող ցանկացած գործողություն.

դ) կազմում են արգելոցի և արգելավայրերի ռեժիմների խախտումների մասին արձանագրություններ, դրանք ներկայացնում տնօրենին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալու համար.

ե) իրավախախտողի անձը խախտման վայրում պարզելու անհնարինության դեպքում կարող են նրան բերել մոտակա ներքին գործերի մարմին.

զ) օրենքով սահմանված դեպքերում վերցնում են արգելոցի և արգելավայրերի ռեժիմները խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող իրերն ու փաստաթղթերը.

է) ապահովում են արգելոցի և արգելավայրերի պահպանական գոտիների տարածքներում ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների կողմից արգելոցի և արգելավայրերի կանոնադրություններով սահմանված պահանջների կատարումը:

(23-րդ կետը փոփ. 25.01.07 թիվ 975-Ն որոշում)

24. Պահպանության ծառայության աշխատողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի կրելու համազգեստ և օգտագործելու քաղաքացիական ու ծառայողական զենք:

25. Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ պահպանության ծառայության աշխատողների առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

26. Կազմակերպության կողմից իրականացվող գիտական հետազոտություններն ուղղվում են արգելոցի տարածքի բնական և արգելավայրերի տարածքների էկոհամակարգերի ուսումնասիրմանը, գործընթացների և երևույթների դիտանցին, դրանց կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, էկոլոգիական իրավիճակի գնահատմանն ու կանխատեսմանը:

(26-րդ կետը փոփ. 25.01.07 թիվ 975-Ն որոշում)

i

27. Գիտահետազոտական աշխատանքները կազմակերպում է կազմակերպության գիտության բաժինը:

(27-րդ կետը փոփ. 25.01.07 թիվ 975-Ն, 25.01.07 թիվ 975-Ն որոշումներ)

28. Կազմակերպության գիտության բաժինը`

i

ա) կազմակերպում և իրականացնում է արգելոցի և արգելավայրերի էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների ուսումնասիրությունը.

բ) արգելոցի տարածքում և արգելավայրերի տարածքներում կազմակերպում և իրականացնում է շրջակա միջավայրի դիտանցը.

գ) պատրաստում և հրատարակում է գիտահետազոտական, գիտաճանաչողական նյութեր.

դ) վայրի կենդանիների և բույսերի հազվագյուտ և անհետացող տեսակների վերարտադրության նպատակով կազմակերպում է փորձարարական և այլ գիտահետազոտական աշխատանքներ:

(28-րդ կետը փոփ. 25.01.07 թիվ 975-Ն որոշում)

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

i

29. Կազմակերպությունն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում (տիրապետում) է իրեն ամրացված գույքը:

(29-րդ կետը փոփ. 18.10.07 թիվ 1203-Ն, 23.06.11 թիվ 866-Ն որոշումներ)

30. Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված տրանսֆերտներից և կազմակերպության կողմից միջոցառումների իրականացման ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ մուտքերից:

31. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է կազմակերպության կանոնադրական նպատակներին համապատասխան:

32. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվներ` Հայաստանի Հանրապետության արժույթով և (կամ) արտարժույթով:

 

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

33. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով:

Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

մայիսի 30-ի N 925-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________.

|           Գույքի անվանումը    |2002 թ. ապրիլի 29-ի դրությամբ|

|                               |_____________________________|

|                               |քանակը (հատ)| գումարը (հազ.  |

|                               |            | դրամ)          |

|_______________________________|____________|________________|

|Բարձր լարման տրանսֆորմատոր     |1           |1,4             |

|_______________________________|____________|________________|

|Բարեկարգում                    |1           |9,5             |

|_______________________________|____________|________________|

|Գրամեքենա «Յատրե»              |1           |1,2             |

|_______________________________|____________|________________|

|Օդորակիչ (կոնդիցիոներ)         |1           |2,0             |

|_______________________________|____________|________________|

|Կահույքի լրակազմ (կոմպլեկտ)    |1           |3,5             |

|_______________________________|____________|________________|

|Կահույք` փափուկ                |6           |37              |

|_______________________________|____________|________________|

|Գրասեղան` 2 տումբանի           |1           |1,2             |

|_______________________________|____________|________________|

|Հեռուստացույց                  |1           |130             |

|_______________________________|____________|________________|

|Բազկաթոռ` կիսափափուկ           |1           |110             |

|_______________________________|____________|________________|

|Ավտոմեքենա «ԳԱԶ-66»            |1           |8,0             |

|_______________________________|____________|________________|

|Ավտոմեքենա «ԳԱԶ-53»            |1           |12,0            |

|_______________________________|____________|________________|

|Ավտոմեքենա «ԶԻԼ-ՄՄԶ-45021»     |1           |14,6            |

|_______________________________|____________|________________|

|Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3303»         |1           |10,26           |

|_______________________________|____________|________________|

|Տրակտոր «ԴՏ-75»                |1           |17,6            |

|_______________________________|____________|________________|

|Էքսկավատոր «Բելոռուս»          |1           |13,7            |

|_______________________________|____________|________________|

|Էլեկտրաեռակցման ագրեգատ        |1           |2,3             |

|_______________________________|____________|________________|

|Մամլիչ                         |1           |2,4             |

|_______________________________|____________|________________|

|Ցիստեռն                        |4           |1,1             |

|_______________________________|____________|________________|

|Ոռոգման ցանց                   |1           |39,9            |

|_______________________________|____________|________________|

|Բանող ձիեր                     |11          |137,0           |

|_______________________________|____________|________________|

|Ճանապարհ                       |1           |16,2            |

|_______________________________|____________|________________|

|Ագիտ. ստենդ                    |1           |2,2             |

|_______________________________|____________|________________|

|Ռադիոկապի սարք                 |12          |2341,6          |

|_______________________________|____________|________________|

|Ալեհավաք (անտենա)              |1           |83,3            |

|_______________________________|____________|________________|

|Ընդամենը                       |50          |2753,7          |

._____________________________________________________________.

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

մայիսի 30-ի N 925-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

.___________________________________________________________.

|         Գույքի անվանումը      |Քանակը |Հաշվեկշռային արժեքը|

|                               |(հատ)  |    (հազ. դրամ)    |

|_______________________________|_______|___________________|

|Վարչական շենք                  |1      |202,2              |

|_______________________________|_______|___________________|

|Հյուրանոցի շենք                |1      |64                 |

|_______________________________|_______|___________________|

|Բնակելի շենք                   |4      |31,17              |

|_______________________________|_______|___________________|

|Մեղվանոց                       |1      |24,5               |

|_______________________________|_______|___________________|

|Տնակ (անտառապետության)         |1      |67,8               |

|_______________________________|_______|___________________|

|Պահակատուն                     |1      |3,7                |

|_______________________________|_______|___________________|

|Տնակ` ֆիննական                 |2      |27,8               |

|_______________________________|_______|___________________|

|Ջրհան կայան                    |1      |14,5               |

|_______________________________|_______|___________________|

|Ավտոմեքենաների ծածկ            |1      |10,8               |

|_______________________________|_______|___________________|

|Նավթամթերքների ծածկ            |1      |7,7                |

|_______________________________|_______|___________________|

|Ընդամենը                       |16     |463,64             |

.___________________________________________________________.

 

Հավելված N 5

i

ՀՀ կառավարության

2002 թվականի մայիսի 30-ի

N 925-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԽՈՐ ՎԻՐԱՊ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ

 

l. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Խոր Վիրապ» պետական արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Փոքր Վեդու գյուղական համայնքի վարչական սահմաններում, Արաքս գետի ձախակողմյան մասի Խոր Վիրապ եկեղեցական համալիրի և Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի աջակողմյան հատվածում գտնվող` 50,28 հեկտար խոնավ տարածքի վրա:

2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության, բնականոն զարգացման, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է:

3. Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտները մերձարաքսյան խոնավ տարածքի էկոհամակարգի յուրահատուկ կենդանական աշխարհն ու ջրաճահճային բուսականությունն են:

4. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով 100 մետր լայնությամբ շրջագծով տարածքը սահմանվում է որպես պահպանական գոտի:

 

ll. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`

1) «Խոր Վիրապ» արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումն ու պահպանությունը.

2) խոնավ տարածքի էկոհամակարգի էկոլոգիական հավասարակշռության, այդ թվում` ջրային ռեժիմի պահպանությունը.

3) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը.

4) վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

5) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը:

 

lll. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ

 

6. Արգելավայրի տարածքում արգելվում են`

1) ցանկացած գործունեություն, որը խախտում է խոնավ տարածքի զարգացման բնականոն ընթացքը, ինչպես նաև սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը.

2) տարածքի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն, այդ թվում` ստորերկրյա ջրերի և ջրավազանի հատակային նստվածքների շահագործումը.

3) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների).

4) օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը և հողային ու բուսական ծածկույթի խախտումը.

5) թունաքիմիկատների օգտագործումը.

6) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

7) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

8) տարածքի հողի հերկումը:

7. Թույլատրվում է արգելավայրի տարածքում օրենքով սահմանված կարգով իրականացնել`

1) մարդու գործունեության հետևանքով խոնավ տարածքի ջրակենսաբանական հավասարակշռված վիճակը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող միջոցառումներ.

2) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների և վարակի օջախների վերացման աշխատանքներ.

3) էկոլոգիական, գիտաճանաչողական էքսկուրսիաներ և զբոսաշրջություն.

4) տարածքին բնորոշ վայրի բույսերի և կենդանիների, այդ թվում` հազվագյուտ և անհետացող տեսակների վերարտադրությանը նպատակաուղղված միջոցառումներ.

5) գիտահետազոտական ուսումնասիրություններ:

8. Արգելավայրի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է ցանկացած գործունեություն, որը չի խախտում արգելավայրի ջրավազանի հիդրոլոգիական ռեժիմը (ջրավազանի մակարդակի իջեցում, չորացում):

9. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

(5-րդ հավելվածը լրաց. 25.01.07 թիվ 975-Ն որոշում)

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2002 թվականի մայիսի 30-ի

N 925-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԳՈՌԱՎԱՆԻ ԱՎԱԶՈՒՏՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ

 

l. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Գոռավանի ավազուտներ» արգելավայրը (այսուհետ` արգելավայր) զբաղեցնում է 95,99 հեկտար տարածք, գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի հարավ-արևելյան մասում` Արարատյան հարթավայրի նախալեռնային գոտում, ծովի մակերևույթից 920-980 մետր բարձրության վրա:

2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակն Անդրկովկասում եզակի անապատային էկոհամակարգի, բուսական և կենդանական աշխարհի ամբողջականության պահպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է:

3. Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտներն ավազային անապատին յուրահատուկ կենդանական աշխարհն ու ավազասեր բուսականությունն են:

4. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով 100 մետր լայնությամբ շրջագծով տարածքը սահմանվում է որպես պահպանական գոտի:

 

ll. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`

1) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումն ու պահպանությունը.

2) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը,

3) վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

4) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը:

 

lll. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ

 

6. Արգելավայրի տարածքում արգելվում են`

1) ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի բնական համալիրների զարգացման բնականոն ընթացքը, ինչպես նաև սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը.

2) տարածքի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

3) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների).

4) օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը և հողային ու բուսական ծածկույթի խախտումը.

5) թունաքիմիկատների և քիմիական պարարտանյութերի օգտագործումը.

6) օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հողային և բուսական ծածկույթի խախտումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

8) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

9) տարածքի հողի հերկումը:

7. Արգելավայրի տարածքում օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել`

1) մարդու գործունեության հետևանքով բնական էկոհամակարգերի հավասարակշռված վիճակը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող միջոցառումներ.

2) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների և վարակի օջախների վերացման աշխատանքներ.

3) էկոլոգիական, գիտաճանաչողական էքսկուրսիաներ և զբոսաշրջություն.

4) էկոհամակարգին բնորոշ հազվագյուտ և անհետացող բույսերի և կենդանիների տեսակների վերարտադրությանը նպատակաուղղված միջոցառումներ.

5) գիտահետազոտական ուսումնասիրություններ:

8. Արգելավայրի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է ցանկացած գործունեություն, որն անմիջականորեն կամ անուղղակի կերպով բացասական ազդեցություն չի թողնում արգելավայրի ավազային անապատին բնորոշ կենդանական աշխարհի և ավազասեր (պսամոֆիլ) բուսականության վրա, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող թունավոր նյութերի և փոշու արտանետումներ, ինչպես նաև չորային միկրոկլիմայական պայմանները խախտող գործողության` ջրամբարի կառուցում:

9. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

(6-րդ հավելվածը լրաց. 25.01.07 թիվ 975-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.2002
N 925-Ն
Որոշում