Սեղմել Esc փակելու համար:
«ՇԻԿԱՀՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇԻԿԱՀՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶ ...

 

 

040.0926.130702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2002 թվականի N 926-Ն

 

«ՇԻԿԱՀՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ԵՎ «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության դրանում ներառելով նաև «Սոսու պուրակ» պետական արգելավայրը:

(1-ին կետը փոփ. 15.07.04 թիվ 1044-Ն որոշում)

2. Հաստատել`

i

ա) «Շիկահող» պետական արգելոցի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի, «Սոսու պուրակ» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն N 4 հավելվածի, և «Զանգեզուր» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն N 5 հավելվածի.

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 19.12.13 թիվ 1465-Ն որոշում)

(2-րդ կետը փոփ. 15.07.04 թիվ 1044-Ն, 15.10.09 թիվ 1187-Ն, 19.12.13 թիվ 1465-Ն որոշումներ)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 19.12.13 թիվ 1465-Ն որոշում)

i

(3-րդ կետը փոփ. 15.07.04 թիվ 1044-Ն, 15.10.09 թիվ 1187-Ն որոշումներ)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 19.12.13 թիվ 1465-Ն որոշում)

i

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

i

ա) «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո 1-ամսյա ժամկետում ապահովել դրա պետական գրանցումը.

i

բ) «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի հողատարածքների անտառաշինական և հողաշինարարական քարտեզների հիման վրա` 2 տարվա ընթացքում` սահմանված կարգով ապահովել «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքների քարտեզագրումը, դրանց պահպանական գոտիների սահմանների ճշտումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո` հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

(5-րդ կետը փոփ. 15.07.04 թիվ 1044-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության 1999-2001 թվականների պետական բյուջեների կատարման արդյունքներով «Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկի ֆինանսավորման գծով առաջացած պարտքերը մարելու վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հայտի հիման վրա` «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

մայիսի 30-ի N 926-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Շիկահող» պետական արգելոցը (այսուհետ` արգելոց) ստեղծվել է Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայկական ՍՍՌ բնության պահպանության մասին» օրենքի կիրառման մասին» N 341 որոշմամբ:

2. Արգելոցի ստեղծման նպատակներն են`

ա) Ծավ և Շիկահող գետերի ավազանների ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի ապահովումը, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանությունը.

բ) հարավային Հայաստանին բնորոշ հազվագյուտ և անհետացող վայրի բույսերի ու կենդանիների տեսակների, գենոֆոնդի և դրանց ապրելու միջավայրի պահպանությունը.

գ) բնական լանդշաֆտների, դրանց առանձին տարրերի, բնական գործընթացների և երևույթների գիտական ուսումնասիրությունը` ուղղված արգելոցի տարածքի բնական էկոհամակարգերում ընթացող գործընթացների կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, բնության պահպանության գիտական հիմունքների մշակմանը, արգելոցի հարակից տարածքների համար բնության պահպանության և օգտագործման արդյունավետ ձևերի մշակման համար բազայի ապահովմանը.

դ) էկոլոգիական դիտանցի կազմակերպման, բնության տարեգրության վարման և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը,

ե) գիտաճանաչողական զբոսաշրջության զարգացման նախադրյալների ապահովումը.

զ) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը:

3. Արգելոցի տարածքում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողերը` ներառյալ ջրերը, ընդերքը, կենդանական և բուսական աշխարհը:

4. Արգելոցի անվանումն է`

հայերեն լրիվ` «Շիկահող» պետական արգելոց,

հայերեն կրճատ` «Շիկահող» ՊԱ,

ռուսերեն լրիվ` Գօսուդառստվեննիյ զապօվեդնիկ «Շիկախօխ»,

ռուսերեն կրճատ` ԳԶ «Շիկախօխ»,

անգլերեն լրիվ` Shikahogh State Reserve,

անգլերեն կրճատ` Shikahogh SR:

 

II. ԱՐԳԵԼՈՑԻ ՌԵԺԻՄԸ

 

5. Արգելոցի տարածքում արգելվում են`

ա) ջրային պաշարների շահագործումը և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

բ) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելոցի բնականոն գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների և ճանապարհների շինարարության).

գ) որսորդությունը, ձկնորսությունը, կենդանիների ապրելու միջավայրի և բնական պայմանների խախտումը.

դ) կենդանիների և բույսերի առանձին տեսակների թվի ավելացման նպատակով իրականացվող ցանկացած աշխատանք, ինչպես նաև դրանց նոր տեսակների ներմուծումը.

ե) հավաքածուների ստեղծման նպատակով նյութերի հավաքումը (բացառությամբ արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված նյութերի).

զ) վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի և հողերի պարարտացման նպատակով թունաքիմիկատների ու պարարտանյութերի օգտագործումը.

է) երկրաբանահետախուզական աշխատանքներ, որոնք ուղեկցվում են փորձնական հանույթներով, մակաբացումներով, պայթեցումներով և բնական միջավայրը խախտող այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ.

ը) օգտակար հանածոների մշակումը, հողային ծածկույթի խախտումը, հանքաշերտերի, հանքելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը.

թ) ծառահատումները, բույսերի, ծաղիկների ու սերմերի մթերումը, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ,

ժ) մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը` թույլատրված ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

ժա) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է արգելոցի բնական էկոհամակարգերն ու օբյեկտները կամ վտանգ է ստեղծում գիտական և (կամ) մշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանության համար:

6. Արգելոցի տարածք մուտքը թույլատրվում է`

ա) գիտահետազոտական աշխատանքների կատարման, ինչպես նաև արգելոցի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունների համար,

բ) զբոսաշրջության համար:

7. Արգելոցի տարածք մուտքը թույլատրվում է «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի կամ լիազորված պետական մարմնի կողմից տրված անցագրերով:

 

III. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i

8. Արգելոցի պահպանությունն իրականացնում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

(8-րդ կետը փոփ. 19.12.13 թիվ 1465-Ն որոշում)

 

IV. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ

 

9. Արգելոցի պահպանական գոտին ընդգրկում է արգելոցին հատկացված տարածքում Ծավ և Շիկահող գետերի ջրհավաք ավազանների ջրբաժանային գծերով սահմանափակված տարածքը: Պահպանական գոտու տարածքում կարող են ընդգրկվել տարբեր սեփականատերերի պատկանող հողամասեր, այդ թվում` համայնքների վարչական տարածքներում ներառվածը: Դրանց օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Արգելոցի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է արգելոցի էկոհամակարգին և դրա բնականոն զարգացմանը չվնասող` լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված ցանկացած տնտեսական գործունեություն:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

մայիսի 30-ի N 926-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բնապահպանական, գիտահետազոտական, գիտաճանաչողական (էկոկրթական) կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):

3. Կազմակերպության կանոնադրությունը դրա հիմնադիր փաստաթուղթն է:

i

4. Կազմակերպությունը «Շիկահող» պետական արգելոցի (այսուհետ` արգելոց), «Սոսու պուրակ» և «Զանգեզուր» պետական արգելավայրերի (այսուհետ` արգելավայրեր) տարածքներում ապահովում է դրանց կանոնադրություններով ամրագրված պահանջների կատարումը:

(4-րդ կետը փոփ. 15.07.04 թիվ 1044-Ն, 15.10.09 թիվ 1187-Ն որոշումներ)

5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն ու անգլերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, կարող է ունենալ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Կազմակերպության անվանումն է`

հայերեն լրիվ` «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` «Շիկահող» ՊԱ ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ` Գօսուդառստվեննայա նեկօմմեռչեսկայա օռգանիզացիյա «Գօսուդառստվեննիյ զապօվեդնիկ «Շիկախօխ»,

ռուսերեն կրճատ` ԳՆՕ ԳԶ «Շիկախօխ»,

անգլերեն լրիվ` Shikahogh State Reserve, State Non-Commercial Organization,

անգլերեն կրճատ` Shikahogh SR SNCO:

7.Կազմակերպության գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, գ. Շիկահող:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

i

8. Կազմակերպության առարկան և նպատակն արգելոցի և արգելավայրերի տարածքների բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, բնության տարեգրության վարման ապահովումն է: Այդ նպատակով կազմակերպությունը`

ա) ապահովում է Ծավ և Շիկահող գետերի ավազաններում բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանությունը, կազմակերպում և իրականացնում է դրանց գիտական ուսումնասիրությունը.

բ) կազմակերպում և իրականացնում է բնական էկոհամակարգերի ու դրանց առանձին բաղադրիչների, բուսական և կենդանական աշխարհի հաշվառումն ու նախապատրաստում կադաստրի վարման համար անհրաժեշտ նյութերը.

գ) իրականացնում է էկոլոգիական դիտանց, վարում բնության տարեգրությունը և կազմակերպում բնության թանգարանի գործունեությունը: Թանգարանում պահպանվում ու ցուցադրվում են արգելոցի ու արգելավայրերի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի էկոհամակարգերի ու դրանց տարրերի վերաբերյալ ցուցանմուշներ, հավաքածուներ ու տեղեկատվություն.

դ) կանխարգելում է մարդու գործունեության հետևանքով արգելոցի և արգելավայրերի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացները և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում իրականացնում խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.

ե) կազմակերպում է գիտաճանաչողական զբոսաշրջություն (այդ թվում` էկոզբոսաշրջություն).

զ) սահմանված կարգով իրականացնում է հրդեհային անվտանգության միջոցառումներ.

է) ապահովում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արգելոցի և արգելավայրերի կանոնադրություններով սահմանված դրույթների կատարումը.

ը) իր իրավասության սահմաններում իրականացնում է բնակչության էկոլոգիական կրթությանն ու դաստիարակությանն ուղղված միջոցառումներ.

թ) ծրագրում և կազմակերպում է գիտահետազոտական աշխատանքներ.

ժ) անդամակցում է միջազգային բնապահպանական կազմակերպություններին, մասնակցում միջազգային բնապահպանական ծրագրերին.

ժա) պատրաստում ու հրատարակում է գիտական և գիտաճանաչողական գրականություն ու տեղեկատվական նյութեր.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

(8-րդ կետը փոփ. 15.07.04 թիվ 1044-Ն, 15.10.09 թիվ 1187-Ն որոշումներ)

i

9. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) գիտաճանաչողական զբոսաշրջության, այդ թվում` էկոզբոսաշրջության կազմակերպում.

բ) գիտական ու գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում.

գ) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար նախադրյալների ապահովում.

դ) էկոլոգիական և գիտաճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում.

ե) արգելոցին և արգելավայրերին վերաբերող գովազդի կազմակերպում.

զ) տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն.

է) արգելոցի պահպանական գոտու տարածքում տարածաշրջանին բնորոշ արժեքավոր, հազվագյուտ և անհետացող կենդանիների ու բույսերի տեսակների վերարտադրության կազմակերպում:

(9-րդ կետը փոփ. 15.07.04 թիվ 1044-Ն, 15.10.09 թիվ 1187-Ն որոշումներ)

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

i

10. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, դրա լիազորված պետական մարմինը, կոլեգիալ կառավարման մարմինը (այսուհետ` խորհուրդ) և գործադիր մարմինը` տնօրենը:

(10-րդ կետը փոփ. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

11. Կազմակերպության հիմնադիրն ունի դրա գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնականապես լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

12. Հիմնադրի լիազորությունները սահմանվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

12.1. Խորհուրդը կազմված է հինգ անդամից, որոնցից մեկն ընտրվում է կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է լիազորված պետական մարմնի կողմից:

(12.1-ին կետը լրաց. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

13. Պետական լիազորված մարմնի լիազորություններն են`

ա) կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների սահմանված կարգով ստեղծումը.

բ) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.

գ) կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

դ) կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ե) կազմակերպության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

զ) կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրա գործունեության վերստուգման արդյունքները քննարկելը.

է) կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ը) կազմակերպության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

թ) կազմակերպության լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

ժ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործառույթների իրականացումը:

13.1. Խորհրդի լիազորություններն են`

i

ա) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` կազմակերպության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` պետական կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների մասին լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ ներկայացնելը.

բ) կազմակերպության գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողության իրականացումը.

գ) հիմնադրի կողմից սահմանված կարգով կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը.

դ) կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

ե) իր աշխատակարգի հաստատումը.

զ) սահմանված կարգով լիազորված պետական մարմին կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

է) կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերի, ներքին կարգապահական և այլ կանոնների հաստատումը.

ը) կազմակերպության գործադիր մարմնի հաշվետվությունների հաստատումը.

թ) կազմակերպության տարեկան հաշվապահական և այլ հաշվետվությունների քննարկումը.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

(13.1-ին կետը լրաց. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

13.2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, գործադիր մարմնի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով:

(13.2-րդ կետը լրաց. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

13.3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

(13.3-րդ կետը լրաց. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

13.4. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք:

(13.4-րդ կետը լրաց. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

13.5. Տնօրենն իրավունք ունի մասնակցելու խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով:

(13.5-րդ կետը լրաց. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

i

14. Կազմակերպության ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը: Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի, լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն` օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի, լիազորված պետական մարմնի կամ խորհրդի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

(14-րդ կետը փոփ. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

15. Տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի, կազմակերպության կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման` օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

16. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

17. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

i

18. Տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի և խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

(18-րդ կետը փոփ. 08.09.11 թիվ 1310-Ն որոշում)

19. Տնօրենի բացակայության դեպքում, լիազորված պետական մարմնի գրավոր որոշման համաձայն, այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

20. Տնօրենի տեղակալները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են լիազորված պետական մարմնի կողմից` տնօրենի ներկայացմամբ:

21. Տնօրենը`

i

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում դրա շահերը և կնքում գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

է) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

թ) ապահովում է կազմակերպության գործունեության մասին համապատասխան հաշվետվությունների կազմումը և դրանք սահմանված կարգով ներկայացնում լիազորված պետական մարմին.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է միջոցներ` կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից արգելոցի և արգելավայրերի ռեժիմների խախտման հետևանքով բնությանը պատճառված վնասը հատուցելու համար.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմինների չվերապահված այլ լիազորություններ:

(21-րդ կետը փոփ. 15.07.04 թիվ 1044-Ն, 15.10.09 թիվ 1187-Ն որոշումներ)

 

i

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԳԵԼՈՑԻ ԵՎ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

(IV բաժինը փոփ. 15.10.09 թիվ 1187-Ն որոշում)

 

i

22. Արգելոցի և արգելավայրերի պահպանությունն իրականացվում է կազմակերպության պահպանության ծառայության` պահպանության բաժնի և տեղամասային տեսուչների միջոցով: Պահպանության բաժնի ղեկավարն ի պաշտոնե նաև տնօրենի տեղակալն է:

(22-րդ կետը փոփ. 15.07.04 թիվ 1044-Ն որոշում)

23. Պահպանության ծառայության աշխատողները`

i

ա) ապահովում են արգելոցի և արգելավայրերի կանոնադրություններով սահմանված բնապահպանական նորմերի ու կանոնների կատարումը դրանց տարածքներում.

բ) ստուգում են արգելոցի և արգելավայրերի տարածք մուտք գործող անձանց անցագրերը.

գ) կանխում են արգելոցի և արգելավայրերի ռեժիմները խախտող ցանկացած գործողություն.

դ) կազմում են արգելոցի և արգելավայրերի ռեժիմների խախտումների մասին արձանագրություններ, դրանք ներկայացնում տնօրենին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալու համար.

ե) իրավախախտողի անձը խախտման վայրում պարզելու անհնարինության դեպքում կարող են նրան բերել մոտակա ներքին գործերի մարմին.

զ) օրենքով սահմանված դեպքերում վերցնում են արգելոցի և արգելավայրերի ռեժիմները խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող իրերն ու փաստաթղթերը.

է) ապահովում են արգելոցի և արգելավայրերի պահպանական գոտիների տարածքներում գտնվող ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների կողմից արգելոցի և արգելավայրերի կանոնադրություններով սահմանված պահանջների կատարումը:

(23-րդ կետը փոփ. 15.07.04 թիվ 1044-Ն որոշում)

24. Պահպանության ծառայության աշխատողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի կրելու համազգեստ և օգտագործելու քաղաքացիական ու ծառայողական զենք:

25. Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ պահպանության ծառայության աշխատողների առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

i

26. Կազմակերպության կողմից իրականացվող գիտական հետազոտություններն ուղղվում են արգելոցի և արգելավայրերի տարածքների էկոհամակարգերի ուսումնասիրմանը, գործընթացների և երևույթների դիտանցին, դրանց կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, էկոլոգիական վիճակի գնահատմանն ու կանխատեսմանը:

(26-րդ կետը փոփ. 15.07.04 թիվ 1044-Ն, 15.10.09 թիվ 1187-Ն որոշումներ)

i

27. Գիտահետազոտական աշխատանքները կազմակերպում է կազմակերպության գիտության բաժինը, որի ղեկավարն ի պաշտոնե նաև տնօրենի տեղակալն է:

(27-րդ կետը փոփ. 15.07.04 թիվ 1044-Ն որոշում)

28. Կազմակերպության գիտության բաժինը`

i

ա) կազմակերպում և իրականացնում է արգելոցի և արգելավայրերի էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների ուսումնասիրությունը.

բ) արգելոցի և արգելավայրերի տարածքներում կազմակերպում և իրականացնում է շրջակա միջավայրի դիտանցը.

գ) պատրաստում և հրատարակում է գիտահետազոտական, գիտաճանաչողական նյութեր.

դ) մշակում և կատարելագործում է բնապահպանական ու բնօգտագործման մեթոդները.

ե) վայրի կենդանիների և բույսերի հազվագյուտ ու անհետացող տեսակների վերարտադրության նպատակով կազմակերպում է փորձարարական և այլ գիտահետազոտական աշխատանքներ:

(28-րդ կետը փոփ. 15.07.04 թիվ 1044-Ն, 15.10.09 թիվ 1187-Ն որոշումներ)

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

29. Կազմակերպությունն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում (տիրապետում) է իրեն ամրացված գույքը:

30. Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված տրանսֆերտներից և կազմակերպության կողմից միջոցառումների իրականացման ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ մուտքերից:

31. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է կազմակերպության կանոնադրական նպատակներին համապատասխան:

32. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվներ` Հայաստանի Հանրապետության արժույթով և (կամ) արտարժույթով:

 

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

33. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով:

Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

մայիսի 30-ի N 926-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

.___________________________________________________________.

|         Գույքի անվանումը      |Քանակը |Հաշվեկշռային արժեքը|

|                               |(հատ)  |    (հազ. դրամ)    |

|_______________________________|_______|___________________|

|Տնակ` անտառապետի               |1      |64,0               |

|_______________________________|_______|___________________|

|Ընդամենը                       |1      |64,0               |

.___________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2004 թվականի հուլիսի 15-ի

N 1044-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՍՈՍՈՒ ՊՈՒՐԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Սոսու պուրակ» արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է համաձայն ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի N 341 որոշման: Արգելավայրն զբաղեցնում է 60 հեկտար տարածք, գտնվում է Զանգեզուրի հարավային մասում` Ծավ և Շիկահող գետերի ափերին, ծովի մակերևույթից 700-800 մետր բարձրության վրա:

2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը Կովկասում միակ բնական սոսու պուրակի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի ամբողջականության պահպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է: Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտ է հնագույն ժամանակներից պահպանվող ռելիկտային ծառատեսակ արևելյան սոսին:

3. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող` տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով 100 մետր լայնությամբ շրջագծով տարածքը սահմանվում է որպես պահպանական գոտի:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`

ա) «Սոսու պուրակ» արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը և պահպանությունը.

բ) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը.

գ) հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող` վտանգված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

դ) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը:

5. Արգելավայրի տարածքում իրականացվող հիմնական գործառույթներն են`

ա) սոսու, հունական ընկուզենու, դաշտային թխկենու, ինչպես նաև այլ բուսական և կենդանական օբյեկտների էկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը, մոնիտորինգը և վերարտադրությունը.

բ) արգելավայրի ռեժիմին համապատասխան` զբոսաշրջության տարբեր ձևերի կազմակերպումը:

 

III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ

 

6. Արգելավայրի տարածքում արգելվում են`

ա) ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի բնական համալիրների զարգացման բնականոն ընթացքը, ինչպես նաև սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը.

բ) տարածքի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

գ) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների).

դ) օգտակար հանածոների շահագործումը, հողային և բուսական ծածկույթի խախտումը.

ե) թունաքիմիկատների և քիմիական պարարտանյութերի օգտագործումը.

զ) տարածքի հողի հերկումը:

7. Արգելավայրի տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են իրականացվել`

ա) մարդածին գործունեության հետևանքով բնական էկոհամակարգերի հավասարակշռված վիճակը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող միջոցառումներ.

բ) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների և վարակի օջախների վերացման աշխատանքներ.

գ) էկոլոգիական, գիտաճանաչողական էքսկուրսիաներ և զբոսաշրջություն.

դ) սոսու վերարտադրության միջոցառումների իրականացում.

ե) գիտահետազոտական ուսումնասիրություններ:

8. Արգելավայրի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է արգելավայրի նպատակին և խնդիրներին չհակասող գործունեությունը` պետական լիազորված մարմնի հետ համաձայնեցված:

9. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(4-րդ հավելվածը լրաց. 15.07.04 թիվ 1044-Ն որոշում)

 

Հավելված N 5

i

ՀՀ կառավարության

2002 թվականի մայիսի 30-ի

N 926-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԶԱՆԳԵԶՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Զանգեզուր» պետական արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 25870.64 հեկտար հողերի վրա և ընդգրկում է Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի գետի ավազանի վերին հատվածը, Ողջի գետի ձախափնյա Գեղի վտակի մերձափնյա և Բարգուշատի լեռնաշղթայի հարավային ու հյուսիսային լանջերի վերին հատվածները:

2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Զանգեզուրի լեռնաշղթայի Զանգեզուր և Բարգուշատ լեռնաբազուկների ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության և պատմամշակութային եզակի հուշարձանների, բնության ժառանգության պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է:

3. Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտները Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան և Բարգուշատի լեռնաշղթայի հարավային ու հյուսիսային լեռնալանջերի բարձրլեռնային էկոհամակարգերի յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև արգելավայրի տարածքում առկա պատմամշակութային հարուստ ժառանգությունն են:

 

II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`

1) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը և պահպանությունը.

2) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը.

3) Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաշղթաների վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

4) էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը.

5) էկոլոգիական մոնիթորինգի կազմակերպման, բնության տարեգրության վարման և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը.

6) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը:

 

III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ

 

5. Արգելավայրի տարածքում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն` բացառությամբ բնակավայրերի բնակչության խմելու համար պահանջվող ջրային ռեսուրսների օգտագործման.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) որսորդությունը.

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

9) անտառահատումները` բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների.

10) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

11) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների` գրասենյակ, տնակ և այլն).

12) այլ ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

6. Արգելավայրի տարածքում օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել`

1) էկոհամակարգին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների վերարտադրություն.

2) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.

3) սահմանված կարգով էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպում.

4) զբոսաշրջության` ներառյալ էկոզբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումը, հաշվի առնելով նաև արգելավայրի տարածքում առկա պատմության և մշակույթի հուշարձանների տեղաբաշխվածությունը և պատմական միջավայրի անխաթարության ապահովումը.

5) հերթափոխային արածեցում.

6) խոտհունձ.

7) ուտելի և դեղաբույսերի հավաքը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցվածների).

8) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործում.

9) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացում.

10) գիտահետազոտական ուսումնասիրություններ.

11) սիրողական և մարզական ձկնորսություն` այդ նպատակով առանձնացված վայրերում.

12) ռեկրեացիայի նպատակով հողերն օրենքով սահմանված կարգով վարձակալության տրամադրելը.

13) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում:

7. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆ

 

9. Արգելավայրի պահպանման գոտին ընդգրկում է Ողջի և Գեղի գետերի վերին հոսանքների, ինչպես նաև Բարգուշատի լեռնաշղթայի հարավային և հյուսիսային լեռնալանջերի ջրհավաք ավազանի ջրբաժան գծերով սահմանափակված տարածքները:

 

V. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏՈՒ ՌԵԺԻՄԸ

 

10. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

11. Արգելավայրի պահպանման գոտու տարածքում ընդգրկված` սեփականաշնորհված հողամասերի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

VI. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

(5-րդ հավելվածը լրաց. 15.10.09 թիվ 1187-Ն, 19.12.13 թիվ 1465-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.2002
N 926-Ն
Որոշում