Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

  ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԼԴ/7767/02/22

    Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/7767/02/22         2025 թ.

    Նախագահող դատավոր` Ս. Գրիգորյան

 Դատավորներ`        Հ. Ենոքյան

                                     Ն. Գաբրիելյան

                      

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Գ. Հակոբյան

զեկուցող` Ա. Մկրտչյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

2025 թվականի սեպտեմբերի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Վարդգես Օխանյանի հայցի ընդդեմ Սամվել Պետրոսյանի, Ստելլա Շուխյանի, Անի Պետրոսյանի և Մարիանա Պետրոսյանի` ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2024 թվականի որոշման դեմ Վարդգես Օխանյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարդգես Օխանյանը պահանջել է առանձնացնել Սամվել Պետրոսյանի 1/4 բաժինը ***(1) բնակելի տնից, բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել` ստացված գումարը բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ` բռնագանձումը տարածելով Սամվել Պետրոսյանի բաժնի վրա:

 

____________

1) Առկա է անձնական տվյալ:

 

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.09.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.06.2024 թվականի որոշմամբ Վարդգես Օխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.09.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդգես Օխանյանը (ներկայացուցիչ Մարիամ Սիմոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ և 337-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ, 9-րդ, 60-րդ ու 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թեև պատասխանողները որպես հայցային վաղեմություն կիրառելու հիմնավորում վկայակոչել են հարկադիր կատարողի` կատարողական վարույթն ավարտելու մասին 06.07.2015 թվականի որոշումը, սակայն իր իրավունքների խախտման մասին 06.07.2015 թվականից իմանալու վերաբերյալ ապացույցներ գործում առկա չեն: Գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ ինքը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ծանուցվել է կատարողական վարույթի ընթացքի և այն ավարտելու մասին 06.07.2015 թվականի որոշման վերաբերյալ: Ավելին` գործում առկա ապացույցները վկայում են տվյալ փաստի մասին իրազեկվելու այլ ժամանակի վերաբերյալ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.06.2024 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) թիվ ԼԴ4/0217/02/12 քաղաքացիական գործով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 25.01.2013 թվականին կայացված վճռով բավարարվել է Վարդգես Օխանյանի հայցն ընդդեմ Սամվել Պետրոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 15-19).

2) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարողի 06.07.2015 թվականի` կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման պատճենի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի պետի կողմից Վարդգես Օխանյանին հասցեագրված 10.07.2015 թվականի գրության համաձայն` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06.03.2013 թվականին տրված թիվ ԼԴ4/0217/02/12 կատարողական թերթի համաձայն` Սամվել Պետրոսյանից հօգուտ Վարդգես Օխանյանի պետք է բռնագանձել 540.700 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները: Կատարողական գործողությունների ընթացքում պահանջատիրոջ օգտին բռնագանձվել է 470.000 ՀՀ դրամ: Պարտապանին պատկանող բռնագանձման ենթակա այլ դրամական միջոցներ և գույք չի հայտնաբերվել, սակայն արգելանք է դրվել պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող` ***(2) հասցեում գտնվող բնակելի տան վրա: Առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան` պարտապանին պատկանող բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու նպատակով: Արդյունքում` վերսկսված կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետի հիմքով ավարտվել է (հատոր 1-ին, գ.թ. 111, 112).

 

____________

2) Առկա է անձնական տվյալ:

 

3) անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վերաբերյալ 2004 թվականի վկայականի համաձայն` ***(3) բնակելի տան նկատմամբ գրանցված է Սամվել Պետրոսյանի, Ստելլա Շուխյանի, Անի Պետրոսյանի և Մարիանա Պետրոսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 20-22).

 

____________

3) Առկա է անձնական տվյալ:

 

4) Վարդգես Օխանյանի ներկայացուցիչը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետով, 19.10.2022 թվականի գրությամբ Ստելլա Շուխյանից, Անի Պետրոսյանից և Մարիանա Պետրոսյանից պահանջել է նույն գրությունն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, շուկայական գնով ձեռք բերել Սամվել Պետրոսյանի բաժնեմասը` միաժամանակ նշելով, որ առաջարկի մերժման դեպքում նմանօրինակ պահանջով պատրաստվում են դիմել դատարան: Նշված գրությունը Ստելլա Շուխյանի, Անի Պետրոսյանի և Մարիանա Պետրոսյանի կողմից ստանալու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ (հատոր 1-ին, գ.թ. 25-29).

5) Վարդգես Օխանյանը 17.11.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Սամվել Պետրոսյանի, Ստելլա Շուխյանի, Անի Պետրոսյանի և Մարիանա Պետրոսյանի` պահանջելով ***(4) բնակելի տնից առանձնացնել Սամվել Պետրոսյանի 1/4 բաժինը, բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու ու շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում անշարժ գույքը վաճառել հրապարակային սակարկություններով` ստացված գումարը բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ` բռնագանձումը տարածելով Սամվել Պետրոսյանի բաժնի վրա (հատոր 1-ին, գ.թ. 2-10).

 

____________

4) Առկա է անձնական տվյալ:

 

6) համապատասխանողները 14.02.2023 թվականին հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Դատարան (հատոր 1-ին, գ.թ. 66, 67):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ ու 337-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետում նշված հիմքով կատարողական վարույթն ավարտվելուց հետո պահանջատիրոջ կողմից դատարան ներկայացվող` պարտապանի ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից վերջինիս բաժնեմասն առանձնացնելու մասին հայցապահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու իրավական հնարավորությանը:

 

i

Վճռաբեկ դատարանը, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ Նորիկ Միքաելյանի, երրորդ անձինք Գայանե Սահակյանի, Արմեն և Նարինե Միքաելյանների թիվ ԵԴ/50197/02/21 քաղաքացիական գործով 02.06.2025 թվականին կայացրած որոշմամբ նպատակ ունենալով սահմանադրական ու Կոնվենցիոն նորմերի և դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված համապատասխան իրավակարգավորումների վերլուծության համատեքստում զարգացնելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ ու 337-րդ հոդվածները, արձանագրել է հետևյալը.

«(...) ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ [Կատարողական վարույթը ավարտելը], 42-րդ [Կատարողական վարույթը կարճելը] և 44.1-ին [Պարտապանի գույքն արգելանքից հանելը] հոդվածների համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ի տարբերություն կատարողական վարույթը կարճելու, ինչպես նաև կատարողական թերթը վերադարձնելու մասին պահանջատիրոջ դիմումի հիման վրա կատարողական վարույթն ավարտելու դեպքերի, կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-9-րդ կետերով նախատեսված հիմքերից ցանկացածով ավարտվելու դեպքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության և կատարելիության հատկանիշը չի սպառվում, ավելին` չի դադարում պարտապանի գույքի հաշվին այդ ակտի հարկադիր կատարումն ապահովելու պետության պոզիտիվ պարտականությունը, ինչը, իր հերթին, ենթադրում է կատարողական վարույթի շրջանակում պարտապանի ու նրան պատկանող գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների (արգելանքի) պահպանում այնքան ժամանակ, քանի դեռ դատական ակտը փաստացի կատարված չէ կամ կատարողական վարույթը կարճված չէ այլ հիմքով: Միևնույն ժամանակ կատարողական վարույթի ավարտը, այդ թվում` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետում նշված հիմքով, ենթադրում է ցանկացած պահի պարտապանին պատկանող բռնագանձման ենթակա գույք հայտնաբերելու դեպքում կատարողական վարույթը պահանջատիրոջ կամ հարկադիր կատարողի նախաձեռնությամբ վերսկսելու և հարկադիր կատարողի կողմից անհրաժեշտ կատարողական գործողություններ կատարելու անհրաժեշտություն (բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ կատարողական վարույթն ավարտվել է կատարողական թերթը վերադարձնելու մասին պահանջատիրոջ դիմումի հիման վրա)` անկախ նրանից` պահանջատերը, հետևելով հարկադիր կատարողի առաջարկությանը, ներկայացրել է համապատասխան հայցը դատարան, թե ոչ:»:

i

Հիմք ընդունելով որոշմամբ կատարված վերլուծությունները և նկատի ունենալով թիվ 3-486(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 26.09.2008 թվականին որոշում կայացնելուց հետո արտահայտված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ «միջազգային-իրավական կարևորագույն փաստաթղթերով երաշխավորված արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատական ակտերի կատարման իրավունքի հետևողական կենսագործումն ապահովելու, ինչպես նաև դատական ակտերի պարտադիրության և կատարելիության սահմանադրական ու կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու նկատառումներից ելնելով` ներկայումս անհրաժեշտություն է առաջացել վերանայելու ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ 3-486(ՎԴ) քաղաքացիական գործով արտահայտված դիրքորոշումը և Սահմանադրությամբ ՀՀ վճռաբեկ դատարանին վերապահված` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորության շրջանակներում զարգացնելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ և 337-րդ հոդվածները` արձանագրելով, որ եթե օրենսդիրը հայցային վաղեմության ինստիտուտն ուղղակիորեն կապել է իրավունքի խախտման և այդ մասին իրավունքը կրող անձի իմանալու կամ իմանալ կարողանալու հետ, իսկ քննարկվող իրավիճակում կատարողական վարույթի ընթացքում պարտապանի գույքային դրության բացահայտումը որևէ պարագայում չի կարող դիտարկվել որպես պահանջատիրոջ իրավունքի խախտում, իսկ այդ մասին նրան իրազեկելը` դատական պաշտպանության ենթակա իրավունքի խախտման մասին տեղեկացում, ապա կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված հիմքով ավարտելու դեպքերում իրավաչափ չի կարող համարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելը և այն մերժելը պատճառաբանությամբ, թե հայցվորը, կատարողական վարույթն ավարտելու որոշմամբ ներկայացված առաջարկով իրազեկվելով պարտապանի բաժնեմասն առանձնացնելու պահանջով դատարան դիմելու հնարավորության մասին` բաց է թողել իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը»:

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «վերոգրյալ դիրքորոշումը չի կարող ընկալվել բացարձակ իմաստով, և դատարանները, քննելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված հիմքով կատարողական վարույթն ավարտելու դեպքերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով ներկայացված պահանջները, յուրաքանչյուր դեպքում, ունենալով գործին մասնակցող անձի դիրքորոշումը` պահանջատիրոջ կողմից իրավունքը չարաշահած լինելու մասին, պետք է պարզեն և գնահատման առարկա դարձնեն նման հայցատեսակով դատարան դիմող պահանջատիրոջ, ինչպես նաև պարտապանի, իսկ հնարավորության դեպքում նաև պարտապանին պատկանող գույքի նկատմամբ ընդհանուր բաժնային կամ համատեղ սեփականության իրավունք ունեցող այլ անձանց վարքագիծը` բացառելով պարտատիրոջ կողմից իր քաղաքացիական և դատավարական իրավունքները չարաշահելու հանգամանքը, որպիսի մոտեցումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական շրջանառության և իրավահարաբերությունների որոշակիության ու կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը»:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործով Վարդգես Օխանյանը 17.11.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Սամվել Պետրոսյանի, Ստելլա Շուխյանի, Անի Պետրոսյանի և Մարիանա Պետրոսյանի` պահանջելով ***(5) բնակելի տնից առանձնացնել Սամվել Պետրոսյանի 1/4 բաժինը, բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու ու շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում անշարժ գույքը վաճառել հրապարակային սակարկություններով` ստացված գումարը բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ` բռնագանձումը տարածելով Սամվել Պետրոսյանի բաժնի վրա:

 

____________

5) Առկա է անձնական տվյալ:

 

Պատասխանողները ներկայացրել են հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

Դատարանը, պատճառաբանելով, որ`

- «Սույն գործով հայցվորը ներկայացրել է ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանին հասանելիք ստացված գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջ, որի համար գործում է հայցային վաղեմության ընդհանուր` երեք տարվա ժամկետը (քանի որ օրենքով հատուկ ժամկետ սահմանված չէ)»,

- «10.05.2015թ. Վարդգես Օխանյանին ուղղված գրությամբ և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարողի 06.07.2015թ. կատարողական վարույթն ավարտելու մասին որոշմամբ հիմնավորվում է, որ հայցվորն իմացել է կամ առնվազն ունեցել է ողջամիտ հնարավորություն` իմանալու, որ Սամվել Պետրոսյանն այլ գույք չունի, և առկա է դատարան դիմելու` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված հիմքը»,

- «20.09.2022թ. փաստաբան Լիլիթ Սարգսյանին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի պետի կողմից ուղարկված գրությունը չի հերքում պատասխանողների կողմից ապացուցված այն փաստը, որ Վարդգես Օխանյանը 10.05.2015թ. սկսած ունեցել է ողջամիտ հնարավորություն` իմանալու իր ենթադրյալ իրավունքի խախտման մասին և դրսևորել է «անբարեխիղճ պասիվ վարքագիծ»,

եզրահանգել է, որ հայցը ենթակա է մերժման` հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:

Վերաքննիչ դատարանը Վարդգես Օխանյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` նշելով, որ «տեղյակ լինելով կատարողական վարույթի և այդ վարույթով իր պահանջի ոչ ամբողջական մարման մասին, հայցվորը կարող էր այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք իրեն թույլ կտային պարզել, թե 2015 թվականի հուլիս ամսից հետո ինչ գործողություններ են կատարվել կամ որոշումներ են կայացվել կատարողական վարույթի ընթացքում: Մասնավորապես, եթե հայցվորը չի ստացել հարկադիր կատարողի որոշումները կամ ծանուցումները, ապա կարող էր առնվազն կապ հաստատել վերջինիս հետ և պատշաճ հասցե տրամադրել փաստաթղթերն իրեն առաքելու համար: Կատարողական վարույթն ավարտվելուց հետո անցել է ավելի քան 7 տարի, երբ հայցվորը դիմել է դատարան: 2015 թվականի հուլիս ամսից սկսած մինչև 2022 թվականի օգոստոս ամիսը հայցվորն ակնհայտորեն ցուցաբերել է տևական անգործություն և ձեռնամուխ չի եղել պարզելու այն հարցը, թե ինչ ընթացքում է գտնվում կատարողական վարույթը, որը, ի դեպ, հարուցված է եղել հենց հայցվորի իրավունքների պաշտպանության համար: Այլ կերպ ասած` հայցվորն ինքը պետք է շահագրգիռ լիներ կատարողական վարույթի ընթացքի մասին տեղեկություններ ձեռք բերելու հարցում և նշված տարիների ընթացքում կարող էր այդ հարցով դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Նման պայմաններում ենթադրվում է, որ հայցվորը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված և ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ, այն է` 2015 թվականի հուլիսի 10-ից սկսած 3 տարվա ընթացքում դիմեր Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն` կատարողական վարույթի ընթացքի մասին իրազեկվելու համար: Այսպիսով, վերաքննիչ բողոքը հիմնավորված չէ. հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսել է 2015 թվականի հուլիսի 10-ից, ինչն էլ իրավացիորեն արձանագրել է Դատարանը»:

i

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք չեն բխում թիվ ԵԴ/50197/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.06.2025 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումից այն մասին, որ կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված հիմքով ավարտելու դեպքերում իրավաչափ չի կարող համարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելը և այն մերժելը պատճառաբանությամբ, թե հայցվորը, կատարողական վարույթն ավարտելու որոշմամբ ներկայացված առաջարկով իրազեկվելով պարտապանի բաժնեմասն առանձնացնելու պահանջով դատարան դիմելու հնարավորության մասին, բաց է թողել իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 03.06.2024 թվականի որոշումը բեկանելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով գործը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով թիվ ԵԴ/50197/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.06.2025 թվականի որոշմամբ արտահայտած և սույն որոշմամբ վերահաստատած իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ սույն գործով անհրաժեշտ է դրանց հաշվառմամբ իրականացնել ամբողջ ծավալով նոր քննություն:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը, այդ թվում` Վճռաբեկ դատարանի 23.10.2024 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի վճարման, ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Գ. Հակոբյան

Զեկուցող  Ա. Մկրտչյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի

կողմից թիվ ԼԴ/7767/02/22 քաղաքացիական գործով 2025 թվականի

սեպտեմբերի 30-ին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ

մասերի վերաբերյալ

 

08.10.2025 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2025 թվականի սեպտեմբերի 30-ին գրավոր ընթացակարգով քննելով Վարդգես Օխանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2024 թվականի որոշման դեմ` ըստ Վարդգես Օխանյանի հայցի ընդդեմ Սամվել Պետրոսյանի, Ստելլա Շուխյանի, Անի Պետրոսյանի և Մարիանա Պետրոսյանի` ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, որոշել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության»:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս և Ն. Հովսեփյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

Դիմելով դատարան` Վարդգես Օխանյանը պահանջել է առանձնացնել Սամվել Պետրոսյանի 1/4 բաժինը ***(1) բնակելի տնից, բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել` ստացված գումարը բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ` բռնագանձումը տարածելով Սամվել Պետրոսյանի բաժնի վրա:

 

____________

1) Առկա է անձնական տվյալ:

 

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.09.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.06.2024 թվականի որոշմամբ Վարդգես Օխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.09.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդգես Օխանյանը (ներկայացուցիչ Մարիամ Սիմոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ և 337-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ, 9-րդ, 60-րդ ու 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թեև պատասխանողները որպես հայցային վաղեմություն կիրառելու հիմնավորում վկայակոչել են հարկադիր կատարողի` կատարողական վարույթն ավարտելու մասին 06.07.2015 թվականի որոշումը, սակայն իր իրավունքների խախտման մասին 06.07.2015 թվականից իմանալու վերաբերյալ ապացույցներ գործում առկա չեն: Գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ ինքը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ծանուցվել է կատարողական վարույթի ընթացքի և այն ավարտելու մասին 06.07.2015 թվականի որոշման վերաբերյալ: Ավելին` գործում առկա ապացույցները վկայում են տվյալ փաստի մասին իրազեկվելու այլ ժամանակի վերաբերյալ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.06.2024 թվականի որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) թիվ ԼԴ4/0217/02/12 քաղաքացիական գործով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 25.01.2013 թվականին կայացված վճռով բավարարվել է Վարդգես Օխանյանի հայցն ընդդեմ Սամվել Պետրոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 15-19).

2) ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարողի 06.07.2015 թվականի` կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման պատճենի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի պետի կողմից Վարդգես Օխանյանին հասցեագրված 10.07.2015 թվականի գրության համաձայն` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06.03.2013 թվականին տրված թիվ ԼԴ4/0217/02/12 կատարողական թերթի համաձայն` Սամվել Պետրոսյանից հօգուտ Վարդգես Օխանյանի պետք է բռնագանձել 540.700 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները: Կատարողական գործողությունների ընթացքում պահանջատիրոջ օգտին բռնագանձվել է 470.000 ՀՀ դրամ: Պարտապանին պատկանող բռնագանձման ենթակա այլ դրամական միջոցներ և գույք չի հայտնաբերվել, սակայն արգելանք է դրվել պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող` ***(2) հասցեում գտնվող բնակելի տան վրա: Առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան` պարտապանին պատկանող բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու նպատակով: Արդյունքում` վերսկսված կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետի հիմքով ավարտվել է (հատոր 1-ին, գ.թ. 111, 112).

 

____________

2) Առկա է անձնական տվյալ:

 

3) անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վերաբերյալ 2004 թվականի վկայականի համաձայն` ***(3) բնակելի տան նկատմամբ գրանցված է Սամվել Պետրոսյանի, Ստելլա Շուխյանի, Անի Պետրոսյանի և Մարիանա Պետրոսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 20-22).

 

____________

3) Առկա է անձնական տվյալ:

 

4) Վարդգես Օխանյանի ներկայացուցիչը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետով, 19.10.2022 թվականի գրությամբ Ստելլա Շուխյանից, Անի Պետրոսյանից և Մարիանա Պետրոսյանից պահանջել է նույն գրությունն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, շուկայական գնով ձեռք բերել Սամվել Պետրոսյանի բաժնեմասը` միաժամանակ նշելով, որ առաջարկի մերժման դեպքում նմանօրինակ պահանջով պատրաստվում են դիմել դատարան: Նշված գրությունը Ստելլա Շուխյանի, Անի Պետրոսյանի և Մարիանա Պետրոսյանի կողմից ստանալու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ (հատոր 1-ին, գ.թ. 25-29).

5) Վարդգես Օխանյանը 17.11.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Սամվել Պետրոսյանի, Ստելլա Շուխյանի, Անի Պետրոսյանի և Մարիանա Պետրոսյանի` պահանջելով ***(4) բնակելի տնից առանձնացնել Սամվել Պետրոսյանի 1/4 բաժինը, բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու ու շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում անշարժ գույքը վաճառել հրապարակային սակարկություններով` ստացված գումարը բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ` բռնագանձումը տարածելով Սամվել Պետրոսյանի բաժնի վրա (հատոր 1-ին, գ.թ. 2-10).

 

____________

4) Առկա է անձնական տվյալ:

 

6) համապատասխանողները 14.02.2023 թվականին հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Դատարան (հատոր 1-ին, գ.թ. 66, 67)»:

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին` առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ օրենսդիրը, խախտված իրավունքների պաշտպանության համար հայցային վաղեմության ժամկետներ նախատեսելով, միաժամանակ սահմանել է այդ ժամկետների ընդհատման և կասեցման կարգն ու հիմքերը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ և 340-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար անհրաժեշտ է հայցը սահմանված կարգով (օրենքով սահմանված կարգով) հարուցած լինելու հանգամանքի առկայությունը, այսինքն` երբ հայցը հարուցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան և ընդունվել է դատարանի կողմից: Հայցային վաղեմության ընթացքի ընդհատման յուրահատկությունը կայանում է նրանում, որ օրենքով մատնանշված հիմքերի առկայության դեպքում հայցային վաղեմության արդեն իսկ անցած ժամանակահատվածն այլևս հաշվի չի առնվում և հայցային վաղեմության ժամկետն սկսում է հոսել վերստին (տե՛ս «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն ընդդեմ Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի թիվ ԵԿԴ/0526/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, իր 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ արձանագրել է, որ` «(...) վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետևյալը. «իմացել է» ձևակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը: Մինչդեռ, «պետք է իմանար»/»պարտավոր էր իմանալ» ձևակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ` զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից: Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող` «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտությունները կրում են այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին»:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ինչպես բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից` օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի` եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով` այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը (տե՛ս «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ յուրաքանչյուր դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը և սուբյեկտային կազմը: (...) (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հենրիկ Սարգսյանի թիվ ԵՄԴ/1149/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել պարտատիրոջ իրավունքի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի կիրառելիությանը, արձանագրել է, որ հարկադիր կատարողի 11.12.2003 թվականի որոշմամբ պահանջատերը տեղեկացվել է իր իրավունքների չվերականգնման և դրանց վերականգնման նոր հնարավորության մասին, որ պահից և սկսվել է ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը: Փաստորեն, 11.12.2003 թվականից պահանջատերը հնարավորություն է ունեցել ձեռնամուխ լինել իրականացնելու իր խախտված իրավունքների պաշտպանությունը, մինչդեռ հայցով դատարան է դիմել միայն 21.03.2007 թվականին` հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո (տե՛ս Գայանե Հովհաննիսյանը, Դավիթ Բալասանյանն ընդդեմ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների դատախազության, երրորդ անձ Գևորգ Բալասանյանի` թիվ 3-486(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.09.2008 թվականի որոշումը):

Հարկ եմ համարում արձանագրել, որ բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնելու պարտատիրոջ իրավունքի նկատմամբ կիրառելի է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը, որը երեք տարի է, քանի որ օրենքով այլ` հատուկ ժամկետ սահմանված չէ:

Անդրադառնալով պարտապան հանդիսացող բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի հոսման պահին` հարկ եմ համարում արձանագրել, որ այդպիսի պահ է այն պահը, երբ պահանջատերն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների վերականգնման անհնարինության և դրանց վերականգնման նոր հնարավորության, այն է` պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու հնարավորության մասին:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Վարդգես Օխանյանը 17.11.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Սամվել Պետրոսյանի, Ստելլա Շուխյանի, Անի Պետրոսյանի և Մարիանա Պետրոսյանի` պահանջելով ***(5) բնակելի տնից առանձնացնել Սամվել Պետրոսյանի 1/4 բաժինը, բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու ու շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում անշարժ գույքը վաճառել հրապարակային սակարկություններով` ստացված գումարը բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ` բռնագանձումը տարածելով Սամվել Պետրոսյանի բաժնի վրա:

 

____________

5) Առկա է անձնական տվյալ:

 

Պատասխանողները ներկայացրել են հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

Դատարանը, պատճառաբանելով, որ`

- «Սույն գործով հայցվորը ներկայացրել է ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանին հասանելիք ստացված գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջ, որի համար գործում է հայցային վաղեմության ընդհանուր` երեք տարվա ժամկետը (քանի որ օրենքով հատուկ ժամկետ սահմանված չէ)»,

- «10.05.2015թ. Վարդգես Օխանյանին ուղղված գրությամբ և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարողի 06.07.2015թ. կատարողական վարույթն ավարտելու մասին որոշմամբ հիմնավորվում է, որ հայցվորն իմացել է կամ առնվազն ունեցել է ողջամիտ հնարավորություն` իմանալու, որ Սամվել Պետրոսյանն այլ գույք չունի, և առկա է դատարան դիմելու` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված հիմքը»,

- «20.09.2022թ. փաստաբան Լիլիթ Սարգսյանին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի պետի կողմից ուղարկված գրությունը չի հերքում պատասխանողների կողմից ապացուցված այն փաստը, որ Վարդգես Օխանյանը 10.05.2015թ. սկսած ունեցել է ողջամիտ հնարավորություն` իմանալու իր ենթադրյալ իրավունքի խախտման մասին և դրսևորել է «անբարեխիղճ պասիվ վարքագիծ»,

եզրահանգել է, որ հայցը ենթակա է մերժման` հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:

Վերաքննիչ դատարանը Վարդգես Օխանյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` նշելով, որ «տեղյակ լինելով կատարողական վարույթի և այդ վարույթով իր պահանջի ոչ ամբողջական մարման մասին, հայցվորը կարող էր այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք իրեն թույլ կտային պարզել, թե 2015 թվականի հուլիս ամսից հետո ինչ գործողություններ են կատարվել կամ որոշումներ են կայացվել կատարողական վարույթի ընթացքում: Մասնավորապես, եթե հայցվորը չի ստացել հարկադիր կատարողի որոշումները կամ ծանուցումները, ապա կարող էր առնվազն կապ հաստատել վերջինիս հետ և պատշաճ հասցե տրամադրել փաստաթղթերն իրեն առաքելու համար: Կատարողական վարույթն ավարտվելուց հետո անցել է ավելի քան 7 տարի, երբ հայցվորը դիմել է դատարան: 2015 թվականի հուլիս ամսից սկսած մինչև 2022 թվականի օգոստոս ամիսը հայցվորն ակնհայտորեն ցուցաբերել է տևական անգործություն և ձեռնամուխ չի եղել պարզելու այն հարցը, թե ինչ ընթացքում է գտնվում կատարողական վարույթը, որը, ի դեպ, հարուցված է եղել հենց հայցվորի իրավունքների պաշտպանության համար: Այլ կերպ ասած` հայցվորն ինքը պետք է շահագրգիռ լիներ կատարողական վարույթի ընթացքի մասին տեղեկություններ ձեռք բերելու հարցում և նշված տարիների ընթացքում կարող էր այդ հարցով դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Նման պայմաններում ենթադրվում է, որ հայցվորը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված և ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ, այն է` 2015 թվականի հուլիսի 10-ից սկսած 3 տարվա ընթացքում դիմեր Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն` կատարողական վարույթի ընթացքի մասին իրազեկվելու համար: Այսպիսով, վերաքննիչ բողոքը հիմնավորված չէ. հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսել է 2015 թվականի հուլիսի 10-ից, ինչն էլ իրավացիորեն արձանագրել է Դատարանը»:

 

Վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությունը` հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.

Տվյալ դեպքում գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ հայցվորը դեռևս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարողի 06.07.2015 թվականի կատարողական վարույթն ավարտելու մասին որոշմամբ տեղեկացվել է իր իրավունքների չվերականգնման և դրանց վերականգնման նոր հնարավորության մասին առ այն, որ իր խախտված իրավունքների պաշտպանությունն իրականացնելու նպատակով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն, կարող է դիմել դատարան` պարտապանին պատկանող բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու նպատակով: Վարդգես Օխանյանը, թեև չի ստացել հարկադիր կատարողի որոշումները կամ ծանուցումները, սակայն տեղյակ լինելով կատարողական վարույթի և այդ վարույթով իր պահանջի ոչ ամբողջական մարման մասին, կարող էր այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք իրեն թույլ կտային պարզել, թե 2015 թվականի հուլիս ամսից հետո ինչ գործողություններ են կատարվել կամ որոշումներ են կայացվել կատարողական վարույթի ընթացքում: Այնուհետև Վարդգես Օխանյանը դատական պաշտպանության է դիմել 17.11.2022 թվականին` բաց թողնելով հայցային վաղեմության եռամյա ժամկետը:

Փաստերի նման դասավորվածությունից հետևում է, որ սույն գործով առկա է եղել հայցային վաղեմություն կիրառելու հիմքեր, որպիսի իրավաչափ հետևության է եկել Վերաքննիչ դատարանը 03.06.2024 թվականի որոշմամբ, որով անփոփոխ է թողել Դատարանի 19.09.2023 թվականի վճիռը:

Այսպիսով, հիմք ընդունելով վերը նշված թիվ 3-486(ՎԴ) գործով 29.09.2008 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ու հիմնավորումները գտնում ենք, որ բողոքում ներկայացված փաստարկները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված պայմանի առկայությունը հիմնավորված համարելու համար:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար` սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:

 

Հետևաբար անհրաժեշտ էր վճռաբեկ բողոքը մերժել և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2024 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

 

Դատավորներ` Էդ. Սեդրակյան

Ն. Հովսեփյան

 

https://datalex.am:443/.app=AppCaseSearch&case_id=30962247438346301

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.09.2025
N ԼԴ/7767/02/22
Որոշում