Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ...

18.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.01.2006  -ից մինչեւ   18.01.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 21.12.06 թիվ 1837-Ն որոշում)

 

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«29» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 1996 թ. թիվ 368

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ապահովագրական շուկայի կազմավորման և արդյունավետ զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Հաստատել`

ա/ ապահովագրական կազմակերպությունների հարկման ենթակա շահույթի հաշվարկման կարգը /կցվում է/.

բ/ ապահովագրական պահուստների ձևավորման և տեղաբաշխման կարգը /կցվում է/.

գ/ Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեության լիցենզավորման կարգը /կցվում է/.

դ/ ապահովագրական միջնորդային /բրոքերային/ գործունեության լիցենզավորման կարգը /կցվում է/:

i

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ապահովագրական տեսչությունն է:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա/ 10-օրյա ժամկետում հաստատել ապահովագրական տեսչության կանոնադրությունը.

բ/ երկամսյա ժամկետում հաստատել`

i

ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության նորմատիվային չափի հաշվարկման կարգը.

ապահովագրական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման մասին հրահանգը:

( 2-րդ պարբերությունը ուժը կորցրել է 10.06.97 թիվ 174 որոշմամբ)

4. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում հաստատել ապահովագրողների հաշվապահական և վիճակագրական հաշվետվության ձևերը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների արտադրանքի /աշխատանքների, ծառայությունների/ ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի ու շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» թիվ 238 որոշմամբ հաստատված հիմնական դրույթների`

i

ա/ 21-րդ կետից հանել «պարտադիր և ռիսկային» բառերը.

i

բ/ 32-րդ կետի չորրորդ պարբերությունից հանել «և բուժապահովագրության», իսկ յոթերորդ պարբերությունից` «պարտադիր» բառերը.

i

գ/ 39-րդ կետից հանել «պարտադիր և ռիսկային» բառերը:

i

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 1-ի «Հանրապետությունում ապահովագրական գործունեության պետական կարգավորման միջոցառումների մասին» թիվ 485 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններից ստացված եկամուտների և կատարված ծախսերի կազմի մասին» թիվ 633 որոշումները:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 29-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 368 ՈՐՈՇՄԱՄԲ

 

i

ԿԱՐԳ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

Համաձայն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի սույն կարգը սահմանում է ապահովագրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց /այսուհետև ապահովագրողների/ հարկման ենթակա շահույթի որոշման նպատակով ապահովագրողների եկամուտների և ծախսերի, ինչպես նաև նրանց ֆինանսական արդյունքներին վերագրվող եկամուտների և ծախսերի կազմը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրապետությունում գրանցված ապահովագրողների հարկման ենթակա շահույթը հաշվարկվում է նշված եկամուտների և ծախսերի կազմին համապատասխան որոշվող եկամուտների ընդհանուր գումարը ծախսերի ընդհանուր գումարով պակասեցնելու ճանապարհով` ապահովագրողների գործունեության ֆինանսական արդյունքներին անմիջականորեն վերագրվող եկամուտների և ծախսերի տարբերությունից ստացված գումարի ճշգրտումով:

 

I. Ապահովագրողների հարկման ենթակա շահույթի

հաշվարկման համար հաշվի առնվող եկամուտների կազմը

 

Հարկման ենթակա շահույթի հաշվարկման ժամանակ ապահովագրողների եկամուտների կազմի մեջ մտնում են`

1. Ապահովագրության, համաապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերով ստացված ապահովագրավճարները /պրեմիաները/` հանած ապահովագրական պահուստների հատկացումները, վճարված ապահովագրական հատուցումները և ըստ պայմանագրերի` ապահովագրական վճարներից վերաապահովագրության փոխանցված գումարները:

2. Ապահովագրական պահուստներից վերադարձված գումարները:

3. Կոմիսիոն վարձատրություններն ու տանտյեմները, որոնք ստացվել են վերաապահովագրության փոխանցված պայմանագրերով:

4. Վթարային կոմիսարի գործառույթների իրականացման և խորհրդատվական ծառայությունների համար ստացված կոմիսիոն վարձատրությունները:

5. Վերաապահովագրության պայմանագրերի համաձայն վերաապահովագրողների կողմից վճարված հատուցումները:

6. Ապահովագրական պահուստների և այլ միջոցների ներդրումներից ստացված եկամուտները, բացառությամբ այն եկամուտների, որոնք ստացվել են կյանքի ապահովագրության գծով ապահովագրական պահուստների ներդրումներից:

7. Վերաապահովագրության ստանձնած ռիսկերի համար դեպո-պրեմիաների տոկոսներով հաշվարկված հասույթները:

8. Գույքային ապահովագրության դեպքում վնասի համար մեղավոր անձից ապահովադրի պահանջի իրավունքն իրականացնելու կարգով ստացված գումարները:

9. Այլ եկամուտներ`

ա/ հիմնական միջոցների, նյութական արժեքների և այլ ակտիվների իրացումից ստացված հասույթը.

բ/ գույքը վարձակալության տրամադրելուց կամ լիզինգային գործառնություններից ստացված եկամուտները.

գ/ դեբիտորական պարտքերի մարումից ստացված գումարները, որոնք նախորդ ժամանակաշրջաններում վնասների հաշվին դուրս էին գրվել.

դ/ դուրս գրված կրեդիտորական պարտքերի գումարները.

ե/ երաշխիքային և ֆակտորինգային գործառնությունների կատարումից ստացված եկամուտները.

զ/ արժեթղթերի իրացման և ձեռքբերման գների դրական տարբերությունը: Ընդ որում, ապահովագրողների կողմից թողարկվող արժեթղթերի տեղաբաշխման ժամանակ արժեթղթերի անվանական արժեքի և շուկայական արժեքի տարբերության գումարը դիտվում է որպես ապահովագրողների արժեթղթերի թողարկումից ստացված լրացուցիչ եկամուտ և ապահովագրողների կողմից հարկման ենթակա շահույթի հաշվարկման ժամանակ եկամուտների կազմի մեջ չի մտցվում.

է/ տեղեկատվական կապի և այլ ծառայությունների համար ապահովագրողների կողմից կատարված ծախսերի դիմաց հաճախորդներից ստացված փոխհատուցման գումարները:

10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործունեությամբ զբաղվելուց ստացված եկամուտները:

 

II. Հարկման ենթակա շահույթի հաշվարկման ժամանակ

ապահովագրողների կողմից ինքնարժեքի մեջ հաշվի

առնվող ծախսերի կազմը

 

Ապահովագրողների ծախսերին վերագրվում են`

11. Ապահովագրական պատահարների կանխման հետ կապված կանխարգելիչ միջոցառումների ֆինանսավորման համար կատարվող պահուստային հատկացումները:

12. Վերաապահովագրության ընդունված պայմանագրերի գծով վճարված ապահովագրական հատուցումների գումարները:

13. Վերաապահովագրության պայմանագրերի կնքման համար վճարված կոմիսիոն վարձատրություններն ու տանտյեմները:

14. Գործավարման ծախսերը`

14.1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության, կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամներին Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան պարտադիր հատկացումները:

14.2. Ապահովագրողներին պատկանող գույքի ու նրանց աշխատողների կյանքի և ոչ կյանքի ապահովագրության համար վճարված ապահովագրավճարները:

14.3. Ապահովագրական գործակալների և բրոքերների մատուցած ծառայությունների դիմաց վճարված կոմիսիոն վարձատրությունները:

14.4. Ապահովագրական գործակալների տրանսպորտային ծախսերը հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում, կամ սահմանված նորմաների համաձայն անձնական ավտոմեքենաները ծառայողական նպատակով օգտագործելու դեպքում կատարված ծախսերի փոխհատուցումները.

14.5. Ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, ինչպես նաև առանձին ֆիզիկական անձանց ապահովագրական գործունեության հետ կապված ծառայությունների մատուցման համար վճարումները, այդ թվում`

ա/ ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին կամ նրանց հաշվային աշխատողներին վճարված կոմիսիոն վարձատրությունները կապված աշխատողների աշխատավարձից անկանխիկ ապահովագրավճարները փոխանցելու աշխատանքների կատարման հետ.

բ/ ինկասատորային ծառայությունների համար վճարումները.

գ/ վճարումները /կոմիսիոն վարձատրությունները/ մասնագետներին /փորձագետներին, վթարային կոմիսարներին, փաստաբաններին և ուրիշների/` ապահովագրական ռիսկի, գույքի արժեքի, ապահովագրական փոխհատուցումների չափի, ինչպես նաև ապահովագրական պատահարների գնահատման և կարգավորման համար.

դ/ վճարումները հաշվողական կենտրոններին, բանկային և այլ վարկային հիմնարկներին` ապահովագրական գործունեության հետ կապված ծառայությունների մատուցման համար.

ե/ ապահովագրական գործակալների և բրոքերների պատրաստման ու վերապատրաստման ծախսերը.

զ/ գովազդի ծախսերը.

է/ գրասենյակային, փոստային, հեռախոսային և կապի այլ ծառայությունների ծախսերը.

ը/ մասնագիտական գրականության, թերթերի և ամսագրերի, ինչպես նաև նորմատիվային ու հրահանգչական ակտերի բաժանորդագրության և ձեռքբերման ծախսերը.

թ/ ապահովագրողների հաստիքային և ոչ հաստիքային աշխատողների աշխատանքի վարձատրության ծախսերը:

Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում արտադրանքի /աշխատանքների, ծառայությունների/ ինքնարժեքի մեջ մտցված ծախսերի կազմի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 16-ի թիվ 238 որոշմամբ նախատեսված ծախսերի ցանկին համապատասխան`

ժ/ ապահովագրողներին պատկանող կամ ապահովագրական պահուստներում հաշվառվող ու վարձակալված շենքերի, սարքավորումների, գույքի, ծառայողական ավտոտրանսպորտի պահպանման, շահագործման և նորոգումների ծախսերը.

ժա/ հրշեջ և պահակային պահպանության ծախսերը:

14.6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների և նորմատիվների սահմաններում` հետևյալ ծախսերը.

ա/ ներկայացուցչական ծախսերը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում.

բ/ աշխատողների հավաքագրման հետ կապված ծախսերը.

գ/ գործուղման ծախսերը.

դ/ աշխատողների կողմից անձնական ավտոմեքենաները ծառայողական նպատակով օգտագործելու ծախսերը.

ե/ հիմնական միջոցների մաշվածքը` սահմանված կարգով հաստատված նորմաներով, հաշվարկված հիմնական միջոցների լրիվ վերականգնման ամորտիզացիոն հատկացումների ձևով, այդ թվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ակտիվ մասի արագացված ամորտիզացիան.

զ/ փոքրարժեք և արագամաշ առարկաների մաշվածքը.

է/ ոչ նյութական ակտիվների մաշվածքը:

14.7. Ապահովագրության պայմանագրերի, պոլիսների, խիստ հաշվառման ձևերի, դիսկետների, ծրագրերի, անդորրագրերի և այլ ձևաթղթերի ձեռքբերման, նախապատրաստման և տպագրման ծախսերը:

14.8. Ապահովագրողների բաժնետոմսերի, պարտատոմսերի, պարտքի այլ հանձնառությունների և ֆինանսական շուկայում շրջանառության մեջ գտնվող այլ արժեթղթերի թողարկման ծախսերը:

14.9. Տեղեկատվական, խորհրդատվական և աուդիտորական ծառայությունների համար վճարումները.

14.10. Տարեկան հաշվետվությունների և հաշվեկշռի հրապարակման ծախսերը:

15. Ապահովագրական գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական միջոցների վարձակալության վճարահաշվարկային միջոցների /պլաստիկային քարտեր, ճանապարհային չեկեր և այլն/ պատրաստման ու ներդրման, ինչպես նաև նյութական արժեքների և փաստաթղթերի փոխադրման ծախսերը:

16. Մարքետինգային և նմանատիպ այլ ծառայությունների համար վճարումները:

17. Ապահովագրողների կողմից ֆակտորինգային, լիզինգային և երաշխիքային գործառնությունների իրականացման ծախսերը:

18. Ապահովագրողների վճարած պետական տուրքերը:

19. Կարճաժամկետ վարկերի գծով տոկոսների վճարման ծախսերը /բացառությամբ ժամկետանց տոկոսների վճարումների ծախսերի/:

20. Արժեթղթերի ձեռքբերման և իրացման գների բացասական տարբերությունը:

21. Ապահովագրողների պարտքի հանձնառությունների /պարտատոմսերի, մուրհակների և այլնի/ գծով վճարված տոկոսները:

22. Նյութական ռեսուրսների, աշխատանքների և ծառայությունների /որոնց արժեքը հաշվետու ժամանակաշրջանում, փաստորեն, վերագրվել է ծախքերին/ գծով ավելացված արժեքի հարկի գումարները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

23. Ապահովագրողների վերակազմավորման, լուծարման և գործունեության դադարման հետ կապված ծախսերը:

 

III. Ապահովագրողների գործունեության ֆինանսական

արդյունքներին վերագրվող եկամուտներն ու ծախսերը

 

Սույն կարգի համաձայն ձևավորվում են ապահովագրողների ֆինանսական արդյունքները:

Նախքան ֆինանսական արդյունքների որոշումը, հաշվարկվում են ապահովագրական պահուստներին հատկացումների գումարները, ինչպես նաև նախորդ ժամանակաշրջաններում ապահովագրական պահուստների հատկացումներից վերադարձման ենթակա գումարները:

24. Ապահովագրողների գործունեության ֆինանսական արդյունքներին անմիջականորեն վերագրվում են հետևյալ եկամուտները`

ա/ ապահովագրողներին պատկանող բաժնետոմսերի, պարտատոմսերի և թողարկված այլ արժեթղթերի գծով ստացված դիվիդենտներն ու տոկոսները, ինչպես նաև այլ ձեռնարկությունների գործունեության մեջ փայամասնակցություններից ստացված եկամուտները, եթե դրանք նախապես չեն հարկվել վճարման աղբյուրի մոտ:

Եթե դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նախապես հարկվել են վճարման աղբյուրի մոտ, ապա անմիջականորեն ուղղվում են ապահովագրողների համապատասխան ֆոնդերին.

բ/ պայմանագրային պարտավորությունների խախտման համար ապահովագրողներին վճարված տուգանքները, տույժերը, ինչպես նաև ապահովագրողներին հասցված վնասների հատուցումները.

գ/ հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների շահույթը.

դ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավականի /նյութական և ոչ նյութական ակտիվների, ապրանքների և այլ գույքի/ իրացումից ստացված եկամուտները:

25. Ապահովագրողների գործունեության ֆինանսական արդյունքներին անմիջականորեն վերագրվում են հետևյալ ծախսերն ու կորուստները`

ա/ պայմանագրային պարտավորությունների խախտման համար ապահովագրողների վճարած տուգանքները, տույժերը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց ապահովագրողների կողմից հասցված վնասների հատուցման ծախսերը.

բ/ կեղծ պոլիսներով ապահովագրողների կրած վնասները.

գ/ ապահովագրողների գործունեության հետ կապված դատական ու արբիտրաժային ծախքերը.

դ/ ապահովագրողներին հասցված վնասները, որոնց համար մեղավորները դատարանի որոշմամբ չեն հայտնաբերվել:

 

----------------------------

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

1. Ապահովագրողների հարկման ենթակա շահույթի հաշվարկման ժամանակ

հաշվի են առնվում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը

համապատասխան շահույթի հաշվին վճարվող հարկերը և այլ վճարները,

շահույթի ավելացումն ու նվազումը, ինչպես նաև հարկային

արտոնությունները:

2. Ապահովագրողների հարկման ենթակա շահույթի հաշվարկման ժամանակ

նորմավորվող ծախսերը հաշվառվում են Հայաստանի Հանրապետության

օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 368 ՈՐՈՇՄԱՄԲ

 

i

ԿԱՐԳ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ

(կարգն ուժը կորցրել է 09.12.05 թիվ 2146-Ն որոշում)

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

Սույն կարգը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեության լիցենզավորման գործընթացը:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Ապահովագրական գործունեությունն ապահովագրողների կողմից իրականացվող մի գործունեություն է, ըստ որի ապահովագրողները պարտավորվում են ապահովագրողին կամ այլ անձի, որի օգտին կնքվել է պայմանագիրը, ոչ կյանքի ապահովագրության դեպքում հատուցել ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական պատահարների հետևանքով կրած վնասը (վճարել ապահովագրական հատուցում ապահովագրական գումարի սահմաններում) կամ կյանքի ապահովագրության դեպքում պայմանագրով պայմանավորված ապահովագրական գումարը:

Ապահովադիրները պարտավորվում են մուծել պայմանագրով սահմանված ապահովագրավճարները:

2. Ապահովագրական գործունեության լիցենզիան (այսուհետև լիցենզիա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետև լիազորված պետական կառավարման մարմին) կողմից տրվող ապահովագրական գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է:

3. Ապահովագրական գործունեության լիցենզիան անժամկետ է, որի համար ապահովագրողից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Լիցենզիայում նախատեսված իրավունքները չեն կարող փոխանցվել կամ այլ կերպ օտարվել:

4. Ապահովագրական գործունեության լիցենզիայում նշվում են լիցենզիայի գրանցման համարը, ապահովագրողի լրիվ ֆիրմային անվանումը, ապահովագրողի կազմակերպական-իրավական տեսակը, լիցենզիան տալու ամսաթիվը և թույլատրված գործունեության տեսակները: Լիցենզիայի միասնական ձևը սահմանում է լիազորված պետական կառավարման մարմինը:

5. Լիցենզիաները տրվում են ապահովագրական գործունեության հետևյալ տեսակների համար.

ա) կյանքի ապահովագրություն.

բ) ոչ կյանքի ապահովագրություն.

դժբախտ դեպքերի և հիվանդությունների ապահովագրություն.

բժշկական ապահովագրություն.

տրանսպորտային միջոցների ապահովագրություն.

բեռների փոխադրման ապահովագրություն.

գույքային ապահովագրության այլ տեսակներ.

ֆինանսական ռիսկերի ապահովագրություն.

վարկերի չմարման համար վարկառուների պատասխանատվության

ապահովագրություն.

ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի պատասխանատվության

ապահովագրություն.

պատասխանատվության այլ տեսակների ապահովագրություն.

գ) վերաապահովագրություն:

6. Ապահովագրողների կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

7. Ապահովագրողի լուծարման դեպքում ապահովագրական գործունեության լիցենզիան ուժը կորցնում է և պետք է վերադարձվի լիազորված պետական կառավարման մարմնին նրա կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

8. Լիցենզիայի կորստի դեպքում ապահովագրողն այդ մասին անհապաղ հայտնում է լիազորված պետական կառավարման մարմնին: Վերջինս ապահովագրողի դիմումի հիման վրա 15-օրյա ժամկետում վերականգնում է լիցենզիան:

9. Ապահովագրողի ղեկավար չեն կարող լինել`

ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք.

բ) դատավճռով որոշակի պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.

գ) սնանկ ճանաչված և չմարած (չներված) պարտավորություններ ունեցող անձինք.

դ) այն անձինք, որոնց ապօրինի գործողությունները նախկինում հանգեցրել են ապահովագրողների կամ այլ իրավաբանական անձանց սնանկացմանը:

10. Ապահովագրողի տնօրենն ու գլխավոր հաշվապահը պետք է ունենան մասնագիտական որակավորում: Որակավորման կարգն ու չափանիշները սահմանում է լիազորված պետական կառավարման մարմինը:

 

II. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

11. Ապահովագրողները լիցենզիա ստանալու համար լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացնում են դիմում, որին կցվում են հետևյալ փաստաթղթերը.

ա) ապահովագրողի հիմնադիր փաստաթղթերը (կանոնադրություն և (կամ) հիմնադիր պայմանագիր).

բ) ապահովագրողի գործունեության բիզնես-նախագիծը, որը պետք է ներառի ապահովագրական գործունեության տեսակները, և ըստ յուրաքանչյուր տեսակի`

կնքվելիք պայմանագրերի թիվը.

ապահովագրական գումարի չափը.

ապահովագրական սակագները.

ապահովագրավճարի չափը.

կոմիսիոն վարձատրության և տանտյեմների չափը.

գործավարման ծախսերի մեծությունը.

հատկացումները ապահովագրական պահուստներին.

վերաապահովագրության ծավալները.

վճարվելիք հատուցումների ծավալը.

շահույթը (վնասը).

գ) հայտարարված կանոնադրական հիմնադրամի գումարի 30 տոկոսի վճարման անդորրագրի պատճենը.

դ) ապահովագրական գործունեության լիցենզիա տալու համար վճարված պետական տուրքի անդորրագրի պատճենը.

ե) վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվեկշիռը (գործող ապահովագրողի համար).

զ) ապահովագրողի կողմից հաստատված ապահովագրության յուրաքանչյուր տեսակի պայմանները, որոնք ընդգրկում են`

ապահովագրության օբյեկտը.

ապահովագրական պատահարների սահմանումը.

ապահովագրության ժամկետները.

ապահովագրավճարի (պրեմիայի) վճարման կարգը և ժամկետները.

կողմերի փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները և ապահովագրական հատկացումների հնարավոր մերժման դեպքերը.

վեճերի լուծման կարգը և պայմանների հստակությունը ըստ ապահովագրության պայմանագրերի.

բժշկական ապահովագրության դեպքում պայմանագիր` կնքված բուժհիմնարկների հետ.

է) ապահովագրողի տնօրենի և գլխավոր հաշվապահի մասնագիտական որակավորման վկայականների պատճենները:

Ապահովագրության պայմաններին կցվում են պոլիսների (ապահովագրական վկայագրերի) օրինակները: Պոլիսները ենթակա են գրանցման լիազորված պետական կառավարման մարմնի կողմից: Այդ գրանցումը հաստատվում է պոլիսի ձևաթղթի բնօրինակի առաջին էջի հակառակ կողմի վերին աջ անկյունում դրված դրոշմակով:

12. Օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ հիմնադրվող ապահովագրողները լիցենզիա ստանալու համար, սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, լիազորված պետական կառավարման մարմնին լրացուցիչ ներկայացնում են նախորդ երեք տարվա հաշվապահական հաշվեկշիռները և աուդիտորական եզրակացությունը:

13. Սահմանված կարգով փաստաթղթերը ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում լիազորված պետական կառավարման մարմինը պարտավոր է որոշում կայացնել ներկայացված դիմումի վերաբերյալ: Լիցենզիա տալու կամ մերժելու մասին որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին:

14. Լիազորված պետական կառավարման մարմինը կարող է մերժել դիմումը, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը`

ա) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

բ) ապահովագրողի ղեկավարի և գլխավոր հաշվապահի մասնագիտական որակավորումը չի համապատասխանում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից ներկայացվող պահանջներին:

Մերժման դեպքում դիմողը լիցենզիայի մերժումը կարող է գանգատարկել դատական կարգով:

 

III. Լիցենզիաների գրանցամատյանը

 

15. Լիազորված պետական կառավարման մարմինը վարում է լիցենզիաների գրանցամատյանը, որտեղ գրառվում են հետևյալ տեղեկությունները`

ա) լիցենզիայի գրանցման համարը.

բ) լիցենզիայի գրանցման ամսաթիվը.

գ) ապահովագրողի կազմակերպական-իրավական տեսակը.

դ) ապահովագրողի լրիվ ֆիրմային անվանումը.

ե) ապահովագրողի իրավաբանական հասցեն.

զ) ապահովագրողի հիմնադիրների (բաժնետերերի, մասնակիցների) կազմը.

է) ապահովագրողի կանոնադրական հիմնադրամի չափը.

ը) ապահովագրողի գործունեության դադարման մասին:

16. Լիցենզիաների գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում են և կնքվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կնիքով:

 

IV. Փոփոխությունների գրանցումը

 

17. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրողները պարտավոր են մեկամսյա ժամկետում լիազորված պետական կառավարման մարմնին ծանուցել հետևյալ փոփոխությունների մասին`

ա) ապահովագրողի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները.

բ) կանոնադրական հիմնադրամի չափի փոփոխությունը.

գ) ապահովագրողի լուծարման վերաբերյալ տեղեկությունները:

18. Լիազորված պետական կառավարման մարմինը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին:

 

V. Լիցենզիայի անվավեր ճանաչումը

 

19. Լիցենզիան լիազորված պետական կառավարման մարմնի հայցով անվավեր է ճանաչվում դատական կարգով:

20. Լիցենզիան անվավեր ճանաչելու որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովագրողը զրկվում է ապահովագրական գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են ապահովադիրների նկատմամբ նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը:

 

VI. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը և դրա

իրավական հետևանքները

 

21. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե`

ա) խախտվել են սույն կարգի պահանջները.

բ) ապահովագրողը լիցենզիա ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում ապահովագրական գործունեություն չի իրականացրել.

գ) ապահովագրողը լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանված ժամկետում չի կատարել խախտումները վերացնելու վերաբերյալ վերջինիս հանձնարարականները.

դ) դադարել է ապահովագրողի գործունեությունը, կամ ուժի մեջ են մտել նրա հիմնադիր փաստաթղթերում նշված գործունեության դադարման այլ պայմաններ:

22. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազորված պետական կառավարման մարմնի որոշումն անմիջապես հրապարակվում է:

23. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշման ուժի մեջ մտնելու պահից ապահովագրողը զրկվում է ապահովագրական գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են ապահովադիրների նկատմամբ նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը:

24. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազորված պետական կառավարման մարմնի որոշման պատճենը` որոշման ընդունման հիմքերի հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում է ապահովագրողին:

 

VII. Լիցենզիայի գործողությունը կասեցնելը

և չեղյալ համարելը

 

25. Լիցենզավորված ապահովագրողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի դրույթների խախտման դեպքում լիազորված պետական կառավարման մարմինը կարող է կասեցնել տրված լիցենզիայի գործողությունը: Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվում է լիազորված պետական կառավարման մարմնի կողմից և չի կարող գերազանցել 45 օրը: Լիցենզիայի գործողության կասեցման հիմքերի ի հայտ գալու դեպքում լիազորված պետական կառավարման մարմինն այդ մասին տեղեկացնում է լիցենզավորված ապահովագրողին և նրան հնարավորություն տալիս վերացնելու թույլ տրված խախտումները:

26. Լիցենզիայի գործողության կասեցման համար կարող է հիմք հանդիսանալ հետևյալ պատճառներից որևէ մեկը`

ա) լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացված փաստաթղթերը պարունակում են ոչ ճիշտ տեղեկություններ.

բ) ապահովագրողի գործունեության ստուգման արդյունքներով հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտումներ.

գ) անվավեր է ճանաչվել ապահովագրողի մասնագիտական որակավորման վկայականը.

դ) հիմնադիր փաստաթղթերում տեղ գտած փոփոխությունների մասին տեղյակ չի պահվել լիազորված պետական կառավարման մարմինը.

ե) ապահովագրողն իրականացրել է ապահովագրական գործունեության տեսակներ, որոնք նախատեսված չեն լիցենզիայում.

զ) ապահովագրական պահուստների ձևավորման և օգտագործման հետ կապված խախտումներ:

27. Ապահովագրողը պարտավոր է սահմանված ժամկետում վերացնել վերոհիշյալ խախտումները և այդ մասին տեղեկացնել լիազորված պետական կառավարման մարմնին:

28. Սահմանված ժամկետում վերոհիշյալ խախտումները չվերացնելու դեպքում լիցենզիան լիազորված պետական կառավարման մարմնի որոշմամբ չեղյալ է համարվում:

29. Մեկ տարվա ընթացքում լիցենզիայի գործողության երկրորդ անգամ կասեցումը հանգեցնում է լիցենզիայի չեղյալ համարման:

30. Լիցենզիան չեղյալ համարելու վերաբերյալ որոշման պատճենը 5-օրյա ժամկետում ուղարկվում է ապահովագրողին:

31. Լիցենզիան չեղյալ համարելու վերաբերյալ որոշման պատճենը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում այն կարող է գանգատարկվել դատական կարգով:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 368 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ (ԲՐՈՔԵՐԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ապահովագրական միջնորդային (բրոքերային) գործունեության լիցենզավորման գործընթացը:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը տարածվում է այն ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների (այսուհետև` ապահովագրական բրոքերներ) վրա, որոնք ապահովագրական (վերաապահովագրական) շուկայում իրականացնում են`

ապահովագրական միջնորդային գործունեության ապահովադրի և ապահովագրողի միջև, ինչպես նաև ապահովագրողի և վերաապահովագրողի միջև.

ապահովագրական ռիսկերի տեղաբաշխում և լիազորագրային կառավարում:

2. Ապահովագրական միջնորդային գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ պահանջները`

ա) ապահովագրական միջնորդային գործունեությունն իրականացնել ապահովագրական բրոքերների և պատվիրատուների (ապահովադիրների, ապահովագրողների և վերաապահովագրողների) միջև կնքված ապահովագրական միջնորդային պայմանագրերի հիման վրա.

բ) ապահովագրական բրոքերները պարտավոր են ապահովադիրներին շահավետ պայմաններով ապահովագրել հուսալի ապահովագրողների մոտ իսկ ապահովագրողների ապահովագրական ռիսկերը տեղաբաշխել հուսալի վերաապահովագրողների մոտ.

գ) ձեռնարկության տնօրենն ու անհատ ձեռներեցը պետք է ունենան ապահովագրական բրոքերի որակավորում: Որակավորման կարգն ու չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը /այսուհետև լիազորված պետական կառավարման մարմին/.

դ) ապահովագրական բրոքերային գործունեություն թույլատրվում է իրականացնել լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համապատասխան լիցենզիա ստանալուց հետո: Այն տրվում է երեք տարի ժամանակով, որի համար ապահովագրական բրոքերից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

3. Լիցենզիայում նախատեսված իրավունքները չեն կարող փոխանցվել կամ այլ կերպ օտարվել:

 

II. Լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

4. Լիցենզավորման համար ձեռնարկությունը լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացնում է դիմում, որին կցվում են`

ա) սահմանված կարգով վավերացված հիմնադիր փաստաթղթերը (2 օրինակից).

բ) տնօրենի մասնագիտական որակավորման վկայականի պատճենը.

գ) ապահովագրական միջնորդային գործունեության լիցենզիա տալու համար գանձվող պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

դ) վերջին հաշվետու ժամանակաշրջանի տարեկան հաշվապահական հաշվետվությունները (գործող ձեռնարկությունների համար):

5. Անհատ ձեռներեցները դիմումին կից ներկայացնում են`

ա) ապահովագրական բրոքերների որակավորման վկայականի պատճենը.

բ) ապահովագրական միջնորդային գործունեության լիցենզիա տալու համար գանձվող պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը:

6. Փաստաթղթերում տեղ գտած փոփոխությունների մասին լիցենզավորված անձը պարտավոր է 10-օրյա ժամկետում տեղեկացնել լիազորված պետական կառավարման մարմնին:

7. Լիազորված պետական կառավարման մարմինը պարտավոր է 15-օրյա ժամկետում որոշում կայացնել ներկայացված դիմումի վերաբերյալ: Լիցենզիան տալու կամ մերժելու վերաբերյալ որոշումը դիմողին հանձնվում է որոշումը կայացնելուց հետո երեք օրվա ընթացքում:

8. Ապահովագրական միջնորդային գործունեության լիցենզիա ստանալու համար տրված դիմումը կարող է մերժվել, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը`

ա) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

բ) համապատասխան մասնագիտական որակավորման բացակայության դեպքում:

Մերժման դեպքում դիմողը կարող է լիցենզիայի մերժումը 30 օրվա ընթացքում գանգատարկել դատական կարգով:

9. Լիցենզիայի կորստի դեպքում ապահովագրական բրոքերը պետք է հայտարարություն տա մամուլում և եռօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնի լիազորված պետական կառավարման մարմնին:

Ապահովագրական միջնորդային գործունեության լիցենզիան վերականգնվում է 10-օրյա ժամկետում:

10. Լիազորված պետական կառավարման մարմինը հատուկ գրանցամատյանում իրականացնում է լիցենզիաների հաշվառում:

 

III. Լիցենզիան չեղյալ համարելը և անվավեր ճանաչելը

 

11. Լիցենզիան չեղյալ համարելու հիմք կարող են հանդիսանալ հետևյալ պատճառները`

ա) լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացված փաստաթղթերը պարունակում են ոչ ճիշտ տեղեկություններ.

բ) ապահովագրական բրոքերի գործունեության ստուգման արդյունքներով հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական ակտերի պահանջների խախտումներ.

գ) անվավեր է ճանաչվել ապահովագրական բրոքերի որակավորման վկայականը.

դ) չեն պահպանվել սույն կարգի մյուս պահանջները:

12. Լիցենզիան չեղյալ համարելու համար հիմքերի ի հայտ գալու դեպքում լիազորված պետական կառավարման մարմինը սահմանում է 45 - օրյա ժամկետ թույլ տրված խախտումները վերացնելու համար:

13. Թույլ տրված խախտումները սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում լիազորված պետական կառավարման մարմինը կարող է լիցենզիան չեղյալ համարել:

14. Լիցենզիան չեղյալ համարելու որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է հասցեատիրոջը:

15. Լիցենզիան չեղյալ համարելու վերաբերյալ որոշման պատճենն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում այն կարող է գանգատարկվել դատական կարգով:

16. Լիցենզիան լիազորված պետական կառավարման մարմնի հայցով անվավեր է ճանաչվում դատական կարգով:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.11.1996
N 368
Որոշում