Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՄԱՍՆԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1491.261103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հոկտեմբերի 2003 թվականի N 1491-Ա

 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ ու 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Կապան-Քաջարան մայրուղու 12-րդ կիլոմետրի վրա գտնվող` 240245 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և 194742 հազ. դրամ գնահատված արժեքով «Ողջի-1» ՀԷԿ-ի անավարտ շինարարության օբյեկտը և այն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Կապան-Էնեղջի» փակ բաժնետիրական ընկերությանը` համապատասխան չափով նվազեցնելով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասի չափը:

(1-ին կետը փոփ. 03.06.04 թիվ 1288-Ն որոշում)

2. Սահմանել մասնավորեցման ենթակա գույքի գնահատված արժեքը` 194742 հազար դրամ:

3. Սահմանել մասնավորեցման ենթակա գույքի գինը` 29212 հազար դրամ:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

գույքի շինարարության ավարտից հետո օբյեկտը շահագործել որպես ՀԷԿ,

սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո երկամսյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովին` համապատասխան գործունեության լիցենզիա ստանալու համար,

Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի կողմից համապատասխան գործունեության լիցենզիայի ստացումից հետո` լիցենզիայով սահմանված ժամկետում ավարտել գույքի վերականգնման աշխատանքները և դրա մասին գրավոր տեղեկացնել հանձնաժողովին,

գույքի վերականգնման համար ներդրումներ կատարելիս նկատի ունենալ այն հանգամանքը, որ գույքի վերականգնումից հետո առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագինը չի կարող սահմանվել ավելի բարձր, քան Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի կողմից սահմանված` Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) առավելագույն սահմանային սակագինը,

գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարել իր հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) «Կապան-Էնեղժի» փակ բաժնետիրական ընկերությանը ծանուցել այն մասին, որ սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետում նշված պայմանները չկատարելու դեպքում գույքի մասնավորեցման հետագա գործընթացը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) ապահովել սույն որոշման 1-ին կետով անավարտ շինարարության օբյեկտի առանձնացման հետևանքով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացող ավելացված արժեքի հարկի գծով պարտավորությունների` «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված կարգով մարումը:

(4-րդ կետը փոփ. 16.06.05 թիվ 864-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.10.2003
N 1491-Ա
Որոշում