Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով պահպանել և ամրապնդել ավանդական բարեկամական և գործնական փոխադարձ կապը,

ձգտելով զարգացնել մաքսային գործում համագործակցություն, որը համապատասխանում է երկու պետությունների տնտեսական շահերին, հիմնված է միջազգային իրավունքի նորմերի, փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման վրա,

նպատակ ունենալով խթանել տնտեսության զարգացումը և պաշտպանել ներքին շուկան,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերի միջև մաքսային գործի բնագավառում համագործակցությունը հիմնվում է առավել բարենպաստության սկզբունքի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրի նպատակների իրագործման համար Պայմանավորվող կողմերը ստեղծում են բարենպաստ պայմաններ` ձեռնարկությունների, ֆիրմաների միջև ուղղակի կապերը խրախուսելու, մի Կողմի տարածքում մյուս Կողմի քաղաքացիների անարգել մուտքն ու տեղաշարժը ապահովելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմինները մաքսային գործում համագործակցության կազմակերպական ապահովման նպատակով բացում են մաքսային անցման կետեր երկու պետությունների սահմաններում:

Կողմերն ընդունում են միմյանց մաքսային ապահովումները:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում մյուս Պայմանավորվող կողմի իրավունքը` միջազգային իրավունքին, ինչպես նաև իր ներքին օրենսդրությանը համապատասխան ձեռնարկել միջոցներ, որոնք անհրաժեշտ են պետական անվտանգության, տնտեսական շահերի, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության, իրենց ժողովուրդների պատմամշակութային ժառանգության պահպանության, հազվագյուտ կենդանիների և բույսերի պահպանության համար:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Համաձայնագրի Կողմերի մաքսատների միջև փոխադրվող բեռները տարանցման պետությունում ազատվում են մաքսատուրքերից, մաքսային ձևակերպումների համար հարկերից ու վճարումներից:

Պայմանավորվող կողմերի տարածքներ բեռների փոխադրումը կարգավորվում է փոխադրման միջազգային կանոններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Մի Պայմանավորվող կողմի տարածքից մյուս Պայմանավորվող կողմի տարածք ապօրինի ներմուծվող տրանսպորտային միջոցների, բեռների, ուղեբեռի, փոստային առաքումների, տարադրամի, այլ վճարամիջոցների և արժութային արժեքների նկատմամբ կկիրառվեն այն պետության մաքսային օրենսդրության կանոնները, որի տարածքում նշված առարկաները գտնվում են:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության մաքսային մարմինները միմյանց տնօրինությանը կհանձնեն.

ա) Համաձայնագրի մի մասնակից պետության տարածքից Համաձայնագրի մյուս մասնակից պետության տարածք ապօրինի ներմուծված առարկաները, եթե այդ առարկաները պատժելի գործողությունների արդյունքում ձեռք են բերվել այն պետության տարածքում, որտեղից ներմուծվել են,

բ) հնության և արվեստի հատուկ արժեք ունեցող առարկաները, եթե դրանք Համաձայնագրի մասնակից պետության սահմանով տեղափոխվել են մաքսային, տարադրամային և այլ կանոնների խախտմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են չկիրառել սույն Համաձայնագրին, միջազգային իրավունքին հակասող և երկու պետությունների իրավունքները ոտնահարող նորմատիվ ակտեր:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանավորվող կողմերը միասնական են այն հարցում, որ մաքսային գործում համագործակցությունը կզարգանա առանց նրանց պարտավորությունները խախտելու, և չեն խոչընդոտի երրորդ երկրների հետ մաքսային հարաբերությունների զարգացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման կապակցությամբ առաջացող վիճելի հարցերի կարգավորման կարգը որոշվում է Պայմանավորվող կողմերի միջև կնքվող առանձին համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերը պայմանավորվեցին երկկողմ մաքսային հարաբերությունների ողջ համալիրի համար կնքել առանձին համաձայնագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում յուրաքանչյուր Կողմի համար ստորագրման պահից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարով` դրա ուժի մեջ մտնելու օրվանից, և յուրաքանչյուր անգամ ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակաշրջանի համար, եթե Կողմերից ոչ մեկը հերթական հնգամյա ժամանակաշրջանից վեց ամիս առաջ գրավոր չհայտարարի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Թբիլիսի քաղաքում 1993 թվականի հունիսի 24-ին, երկու օրինակով, ռուսերեն, բնօրինակին համապատասխանող հայերեն և վրացերեն թարգմանությունները երաշխավորում է յուրաքանչյուր Կողմը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի հունիսի 24-ից:

 

 

pin
Վրաստանի Հանրապետություն
Համաձայնագիր