Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՀՀ ԵՎ ՌՈՒՄԻՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՀՀ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ

 

 

i

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ

 

Հայաստանի Հանրապետությունը և Ռումինիան, ցանկանալով սահմանել երկու պետությունների միջև հյուպատոսական հարաբերություններում կիրառելի կանոններ,

որոշեցին կնքել Հյուպատոսական կոնվենցիա և այդ նպատակով նշանակել լիազոր ներկայացուցիչներ:

 

ՄԱՍ I

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Կոնվենցիան միանշանակ մեկնաբանելու նպատակով հետևյալ արտահայտություններին վերագրվում են ստորև սահմանված իմաստները.

1) «հյուպատոսական հիմնարկություն» նշանակում է ցանկացած գլխավոր հյուպատոսություն, հյուպատոսություն, փոխհյուպատոսություն կամ հյուպատոսական գործակալություն,

2) «հյուպատոսական շրջան» նշանակում է այն տարածքը, որը հատկացված է հյուպատոսական հիմնարկությանը հյուպատոսական պարտականությունների կատարման համար,

3) «հյուպատոսական հիմնարկի ղեկավար» նշանակում է անձ, որին հանձնարարված է գործել այդ պաշտոնում,

4) «հյուպատոսական պաշտոնյա» նշանակում է ցանկացած ծառայող անձ, ներառյալ հյուպատոսական հիմնարկության ղեկավարը, որին հանձնարարված է իր պաշտոնում հյուպատոսական պարտականությունների կատարումը,

5) «հյուպատոսական ծառայող» նշանակում է ցանկացած անձ, որը հյուպատոսական հիմնարկությունում կատարում է վարչական կամ տեխնիկական պարտականություններ,

6) «սպասարկող անձնակազմի անդամ» նշանակում է ցանկացած անձ, որը հիմնարկությունում կատարում է սպասարկման գծով պարտականություններ,

7) «հյուպատոսական հիմնարկության անդամներ» նշանակում է հյուպատոսական պաշտոնյաներ, հյուպատոսական ծառայողներ և սպասարկող անձնակազմի անդամներ,

8) «հյուպատոսական անձնակազմի անդամներ» նշանակում է հյուպատոսական պաշտոնյաներ (բացառությամբ հյուպատոսական հիմնարկության ղեկավարի), հյուպատոսական ծառայողներ և սպասարկող անձնակազմի անդամներ,

9) «անձնական ծառայության անդամ» նշանակում է հյուպատոսական հիմնարկության որևէ անդամի` բացառապես անձնական ծառայության մեջ գտնվող անձ,

10) «հյուպատոսական շինություններ» նշանակում է բացառապես հյուպատոսական հիմնարկության նպատակների համար օգտագործվող շենքեր, շինություններ կամ կից հողատարածքներ` անկախ այն բանից, թե դրանց նկատմամբ նախապես ով է ունեցել սեփականության իրավունք,

11) «հյուպատոսական արխիվ» նշանակում է հյուպատոսական հիմնարկության բոլոր թղթերը, փաստաթղթերը, նամակագրությունը, գրքերը, կինոժապավենները, ձայնագրությունները, հյուպատոսական հիմնարկության գրանցումները ծածկագրերի և կոդերի հետ միասին, քարտարանները և ցանկացած առարկա, որոնք կանխորոշված են պահպանության,

12) «նավ» նշանակում է Ներկայացվող պետության նավահանգստում գրանցված յուրաքանչյուր նավ, բացառությամբ ռազմանավերի:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄԸ

 

1. Յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ կարող է հյուպատոսություններ հիմնել մյուս Բարձր պայմանավորվող կողմի տարածքում: Բոլոր դեպքերում հյուպատոսարանի հիմնադրումը պետք է համաձայնեցվի Ընդունող պետության հետ:

2. Հյուպատոսարանի գտնվելու վայրը, աստիճանակարգն ու շրջանի սահմանները որոշվում են Ներկայացվող և Ընդունող պետությունների փոխադարձ համաձայնությամբ:

3. Հյուպատոսարանի գտնվելու վայրի, աստիճանակարգի և շրջանի սահմանների հետ կապված ցանկացած հետագա փոփոխություն նույնպես պետք է կատարվի Ներկայացվող և Ընդունող պետությունների փոխադարձ համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԷԿԶԵԿՎԱՏՈՒՐԱ

 

1. Ներկայացվող պետությունը պետք է նախօրոք դիվանագիտական ուղիներով Ընդունող պետության հետ համաձայնություն ձեռք բերի հյուպատոսական ղեկավարի նշանակման մասին:

2. Նման համաձայնություն ստանալուց հետո Ներկայացվող պետությունը պետք է դիվանագիտական ուղիներով հյուպատոսական լիազորագիր ուղարկի Ընդունող պետության արտաքին գործերի նախարարություն: Լիազորագրում նշվում են հյուպատոսության ղեկավարի անունը, ազգանունը և աստիճանակարգը, հյուպատոսական շրջանի սահմանները և հյուպատոսության գտնվելու վայրը:

3. Էկզեկվատուրան /նշանակման համաձայնությունը/ ստանալուն պես հյուպատոսության ղեկավարին իր պարտականությունները ստանձնելու հնարավորություն պետք է տրվի: Էկզեկվատուրայի տալն ուշացնելու դեպքում Ընդունող պետությունը կարող է հյուպատոսության ղեկավարին տալ իր պարտականությունները կատարելու ժամանակավոր իրավասություն: Նման դեպքերում պետք է կիրառվեն սույն Կոնվենցիայի դրույթները:

4. Հյուպատոսության ղեկավարին իր պարտականությունները ստանձնելու (այդ թվում նաև` ժամանակավոր) թույլտվություն տալուց հետո Ընդունող պետությունը պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնի հյուպատոսական շրջանի սահմաններում գտնվող իրավասու իշխանություններին և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի, որպեսզի նա հնարավորություն ունենա կատարելու իր պարտականությունները:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՒՄ

 

1. Եթե գլխավոր հյուպատոսը անկարող է կատարել իր պարտականությունները, և պաշտոնը մնում է թափուր, Ներկայացվող պետության նույն կամ մեկ այլ հյուպատոսարանի պաշտոնյա կամ Ընդունող պետության տարածքում գտնվող` Ներկայացվող պետության դիվանագիտական անձնակազմի անդամներից որևէ մեկը կարող է ստանձնել գլխավոր հյուպատոսի պարտականությունները:

2. Գլխավոր հյուպատոսի պարտականությունները ժամանակավորապես կատարող անձի անունն ու ազգանունը, համաձայն սույն հոդվածի 1-ին կետի, պետք է նախօրոք հաղորդվեն Ընդունող պետության արտաքին գործերի նախարարությանը:

3. Գլխավոր հյուպատոսի պարտականությունները կատարող անձը պետք է օգտվի հյուպատոսության ղեկավարի անձեռնմխելիությունից և բոլոր արտոնություններից` համաձայն սույն Կոնվենցիայի դրույթների:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ

 

1. Ընդունող պետությունը կարող է ցանկացած ժամանակ դիվանագիտական ուղիներով տեղեկացնել Ներկայացվող պետությանը, որ հյուպատոսության որևէ պաշտոնյա հայտարարված է «persona non grata», կամ որ հյուպատոսության ծառայողներից կամ ծառայողական անձնակազմի անդամներից որևէ մեկը տվյալ պետության համար անցանկալի է: Ներկայացվող պետությունը պարտավոր է հետ կանչել տվյալ անձին կամ նրա նշանակումը հյուպատոսությունում համարել ավարտված:

2. Եթե Ներկայացվող պետությունը չի կատարում այս պարտավորությունը որոշակի ժամանակահատվածում, Ընդունող պետությունը կարող է հետ պահանջել էկզեկվատուրան, եթե «persona non grata» է հայտարարված գլխավոր հյուպատոսը, իսկ հյուպատոսության պաշտոնյայի, ծառայողի կամ ծառայողական անձնակազմի անդամի դեպքում` տեղեկացնել Ներկայացվող պետությանը դիվանագիտական ուղիներով, որ հրաժարվում է շարունակել տվյալ անձին ճանաչել այդ պաշտոնում:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի կիրառման դեպքում Ընդունող պետությունը պարտավոր չէ հիմնավորել իր որոշումը:

 

ՄԱՍ II

 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 6. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Հյուպատոսական պարտականությունների կատարման նպատակներն են`

ա) պաշտպանել, հովանավորել և օժանդակել Ներկայացվող պետության և նրա քաղաքացիների իրավունքներն ու շահերը միջազգային նորմերի սահմաններում: Ներկայացվող պետության քաղաքացիներին վերաբերող սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են այդ պետությունում գրանցված իրավաբանական անձանց նկատմամբ, եթե դա բխում է կոնտեքստից,

բ) նպաստել Բարձր պայմանավորվող կողմերի միջև տնտեսական, առևտրական, մշակութային, գիտական, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը և իրենց երկկողմ հարաբերություններում բարյացակամ կապերի ընդլայնմանը:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

1. Հյուպատոսական պաշտոնյան լիազորված պետք է լինի ցուցաբերելու անհրաժեշտ հյուպատոսական աջակցություն և հովանավորություն Ներկայացվող պետության քաղաքացիներին: Նա կարող է Ներկայացվող պետության քաղաքացու հետ հաղորդակցվել, այցելել նրան, խորհուրդներ տալ և անհրաժեշտության դեպքում իրավական օժանդակություն ցուցաբերել` համաձայն Ընդունող պետության օրենսդրության կամ Բարձր պայմանավորվող կողմերի միջև գործող պայմանագրերի:

2. Ներկայացվող պետության քաղաքացին ևս իրավունք ունի այցելելու հյուպատոսական պաշտոնյային և հաղորդակցվել նրա հետ:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

 

1. Հյուպատոսական պարտականությունների կատարումը պետք է դրվի Ներկայացվող պետության հյուպատոսական պաշտոնյայի վրա:

2. Անհրաժեշտության դեպքում հյուպատոսական պարտականությունները կարող են կատարել Ընդունող պետության տարածքում գտնվող` Ներկայացվող պետության դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական գործակալները: Այդ դեպքում պետք է պահպանվեն դիվանագիտական գործակալների իրավունքներն ու պարտականությունները:

Հյուպատոսական պարտականությունները ստանձնած դիվանագիտական գործակալի անունն ու ազգանունը պետք է նախօրոք հաղորդվեն Ընդունող պետության արտաքին գործերի նախարարությանը:

3. Հյուպատոսական պարտականությունները կատարվում են հյուպատոսական շրջանի սահմաններում: Այդ շրջանից դուրս հյուպատոսական պարտականությունների կատարումը պետք է նախօրոք համաձայնեցվի Ընդունող պետության հետ:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

 

Սույն Կոնվենցիայից բխող պարտականությունների կատարման համար հյուպատոսական պաշտոնյան պետք է լիազորված լինի դիմելու.

ա) հյուպատոսական շրջանի սահմաններում գտնվող պետական իրավասու իշխանություններին,

բ) Ընդունող պետության կենտրոնական իշխանություններին` վերջիններիս օրենսդրությամբ և ընդունված կարգի սահմաններում:

 

ՀՈԴՎԱԾ 10. ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

 

Հյուպատոսական պաշտոնյան կարող է լիազորված լինել երրորդ պետության անունից հյուպատոսական պարտականություններ կատարելու` նախօրոք Ընդունող պետության համաձայնությունը ստանալու դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ

 

1. Հյուպատոսական պաշտոնյան պետք է լիազորված լինի անցկացնելու հյուպատոսական շրջանում գտնվող` Ներկայացվող պետության քաղաքացիների գրանցում:

2. Հյուպատոսական պաշտոնյայի կողմից նման գրանցում կատարելը չի ազատում քաղաքացուն Ընդունող պետության` օտարերկրացիների գրանցման վերաբերյալ ընդունած օրենսդրության և կանոնների կատարումից:

 

ՀՈԴՎԱԾ 12. ԸՆԴՈՒՆՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

 

1. Ընդունող պետության օրենսդրության համաձայն` հյուպատոսական պաշտոնյան պետք է լիազորված լինի Ներկայացվող պետության քաղաքացուն Ընդունող պետության դատարանների և այլ իշխանությունների առջև պատշաճ կերպով ներկայացնելու: Նա կարող է խնդրել, որ բոլոր այն դեպքերում, երբ Ներկայացվող պետության քաղաքացին ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չունի իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու, նրա նկատմամբ կիրառվեն ժամանակավոր միջոցներ` Ընդունող պետության օրենսդրության և սահմանված կարգի համաձայն:

2. Հյուպատոսական պաշտոնյան նաև կարող է դատական իրավասու մարմնին կամ իշխանություններին առաջարկել, որ տվյալ հարցի քննությունը հետաձգվի այնքան ժամանակ, որքան հնարավոր է` քաղաքացուն տեղեկացնելու և նրան ներկայանալու կամ ներկայացվելու հնարավորություն ընձեռելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ

 

1. Բոլոր այն դեպքերում, երբ Ներկայացվող պետության որևէ քաղաքացի կալանքի է վերցված կամ ազատազրկված է, Ընդունող պետության իրավասու մարմինները պետք է այդ մասին տեղեկացնեն Ներկայացվող պետության համապատասխան հյուպատոսությանը ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում:

2. Հյուպատոսական պաշտոնյան պետք է լիազորված լինի` համաձայն Ընդունող պետության օրենսդրության և սահմանված կանոնների, կալանքի տակ գտնվող կամ ազատազրկված անձից նամակ ստանալու կամ այլ կերպ հաղորդակցվելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, նրան օրինական օժանդակություն և ներկայացուցչություն ապահովելու նպատակով:

Հյուպատոսական պաշտոնյան նաև լիազորված պետք է լինի այդ քաղաքացուն այցելելու, նրա հետ զրուցելու և հաղորդակցվելու Ընդունող պետության օրենսդրության և սահմանված կարգի սահմաններում: Այդպիսի այցելությունները թույլատրվում են անձին կալանքի վերցնելու կամ նրա ազատազրկման օրից հինգ օր հետո:

3. Ընդունող պետության իշխանության իրավասու մարմինները պետք է անհապաղ տեղեկացնեն Ներկայացվող պետության քաղաքացուն հյուպատոսական պաշտոնյայի հետ հաղորդակցվելու` սույն հոդվածով սահմանված նրա իրավունքի մասին:

4. Հյուպատոսական պաշտոնյան պետք է լիազորված լինի Ընդունող պետության տարածքում բանտարկության մեջ գտնվող անձին պարբերաբար այցելելու, նրա հետ զրուցելու և հաղորդակցվելու` Ընդունող պետության օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՀԱՐՑԸ

 

Հյուպատոսական պաշտոնյան պետք է լիազորված լինի.

ա) Ներկայացվող պետության քաղաքացիներին անձնագրեր կամ ճանապարհորդական այլ փաստաթղթեր տալու և այդ փաստաթղթերը վերականգնելու, վերափոխելու, երկարաձգելու և չեղյալ հայտարարելու,

բ) Ներկայացվող պետություն այցելել կամ նրա միջոցով ճանապարհորդել ցանկացող անձանց մուտքի և տարանցիկ վիզաներ տալու:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Հյուպատոսական պաշտոնյան լիազորված պետք է լինի Ներկայացվող պետության քաղաքացու ծնունդը կամ մահը գրանցելու և համապատասխան վկայագիր տալու` համաձայն այդ պետության օրենսդրության:

Սույն կետի դրույթներից և ոչ մեկը չի ազատում տվյալ անձին Ընդունող պետության օրենսդրությունից բխող պարտականությունների կատարումից` ծննդի կամ մահվան մասին ծանուցման վերաբերյալ:

2. Հյուպատոսական պաշտոնյան լիազորված պետք է լինի ամուսնություն գրանցելու Ներկայացվող պետության օրենսդրության համաձայն` նկատի ունենալով Ընդունող պետության համապատասխան օրենսդրությունը, եթե ամուսնացող կողմերից մեկը Ներկայացվող պետության քաղաքացի է: Նա պետք է լիազորված լինի արձանագրելու նաև Ընդունող պետության օրենսդրության համաձայն գրանցված ամուսնալուծությունը:

3. Եթե Ընդունող պետության իրավասու մարմինները տեղեկանում են իրենց տարածքում Ներկայացվող պետության քաղաքացու մահվան մասին, նրանք պետք է անհապաղ տեղեկացնեն այդ մասին հյուպատոսությանը:

 

ՀՈԴՎԱԾ 16. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Հյուպատոսական պաշտոնյան պետք է լիազորված լինի, Ընդունող պետության օրենսդրությանը համաձայն, այդ պետության իշխանության իրավասու մարմիններին ներկայացնելու բոլոր այն փաստերը, որոնք վերաբերում են Ներկայացվող պետության որևէ քաղաքացու նկատմամբ Ընդունող պետությունում խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելուն, կամ Ընդունող պետության իրավասու մարմիններին առաջարկել խնամակալի կամ հոգաբարձուի դերում հանդես գալու համար համապատասխան անձանց անունները:

2. Եթե Ընդունող պետության իրավասու մարմինները տեղեկանում են, որ իրենց տարածքում միջոցներ պետք է ձեռնարկվեն Ներկայացվող պետության քաղաքացու համար խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու ուղղությամբ, նրանք պետք է անհապաղ տեղեկացնեն այդ մասին հյուպատոսական պաշտոնյային:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Ընդունող պետության իրավունքով թույլատրված շրջանակներում հյուպատոսական պաշտոնյան պետք է լիազորված լինի.

ա) ընդունելու, տրամադրելու և հաստատելու Ներկայացվող պետության քաղաքացիությունը փաստող վկայագրեր,

բ) ընդունելու, տրամադրելու և հաստատելու Ներկայացվող պետության քաղաքացիներին վերաբերող ժառանգական և այլ բնույթի փաստաթղթեր,

գ) ընդունելու, տրամադրելու և հաստատելու Ներկայացվող պետության քաղաքացիներին վերաբերող իրավական և այլ բնույթի փաստաթղթեր` պայմանով, որ դրանք չառնչվեն Ընդունող պետության անշարժ գույքին կամ այդօրինակ սեփականության փաստական իրավունքին,

դ) գրանցելու Ներկայացվող պետության քաղաքացիների իրավական և այլ բնույթի փաստաթղթերը և վավերացնելու դրանց ստորագրություններն ու կնիքները,

ե) վավերացնելու Ներկայացվող պետության դատարաններից կամ իշխանության այլ մարմիններից ստացվող իրավական և այլ բնույթի փաստաթղթերի ստորագրություններն ու կնիքները,

զ) վավերացնելու Ներկայացվող պետության քաղաքացիների պահանջով տրված պատճենները, թարգմանություններն ու քաղվածքները,

է) վավերացնելու Ընդունող պետության դատարանների կամ իշխանության այլ մարմինների տված իրավական և այլ բնույթի փաստաթղթերի ստորագրություններն ու կնիքները` Ներկայացվող պետությունում կիրառելու համար,

ը) ի պահ ընդունելու Ներկայացվող պետության քաղաքացիներին վերաբերող կամ նրանց հասցեագրված իրավական և այլ բնույթի փաստաթղթերը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում թվարկված գործառույթները կարող են կատարվել հյուպատոսարանում կամ այլ վայրում, եթե հարցին առնչվող անձը լուրջ պատճառով ի վիճակի չէ հյուպատոսարան գալու:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Բոլոր այն դեպքերում, երբ Ներկայացվող պետության որևէ քաղաքացի մահանում է Ընդունող պետության տարածքում, այդ պետության իշխանության իրավասու մարմինները մահացած անձի գույքի վերաբերյալ բոլոր տեղեկությունները պետք է անհապաղ հայտնեն Ներկայացվող պետության հյուպատոսարան:

2. Բոլոր այն դեպքերում, երբ Ընդունող պետության իշխանության իրավասու մարմիններին հայտնի է դառնում, որ իրենց պետությունում մահացել է մի անձ, որի գույքի նկատմամբ իրենց պետությունում մշտապես չբնակվող կամ Ներկայացվող պետության կողմից չերաշխավորվող որևէ քաղաքացի մեռնողի կտակի կամ այլ իրավունքի հիման վրա գործող իրավապահանջ է ներկայացնում կտակարարի կամ խնամակալի բացակայության պարագայում, ապա նրանք պետք է այդ մասին անհապաղ տեղյակ պահեն հյուպատոսարանին և տրամադրեն իրենց հայտնի ողջ տեղեկությունը:

3. Բոլոր այն դեպքերում, երբ հյուպատոսարանի պաշտոնյային Ընդունող պետության իշխանության իրավասու մարմիններից ավելի շուտ են հայտնի դառնում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գույքին վերաբերող տեղեկություններ, ապա նա այդ մասին պետք է անհապաղ տեղեկացնի վերոհիշյալ մարմիններին:

4. Բոլոր այն դեպքերում, երբ առկա է սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նկարագրվող որևէ գույք, ապա Ընդունող պետության իրավասու մարմինները պետք է ծանուցեն հյուպատոսարանին բոլոր այն միջոցների մասին, որոնք ձեռնարկված են կամ ձեռնարկվելու են գույքի պահպանման կամ տնօրինման համար: Հյուպատոսական պաշտոնյան կարող է նախաձեռնություն ցուցաբերել տեղական իշխանությունների կողմից համապատասխան միջոցառումներ ապահովելու ուղղությամբ:

Այդ միջոցառումներն իրականացնելու համար հյուպատոսական պաշտոնյան կարող է աջակցել անձամբ կամ իր լիազոր ներկայացուցչի միջոցով:

5. Հյուպատոսարանի պաշտոնատար անձը, Ընդունող պետության օրենսդրության համաձայն, կարող է նաև.

ա) հոգածություն ցուցաբերել Ներկայացվող պետության քաղաքացիների գույքի պաշտպանության ուղղությամբ,

բ) հսկել Ներկայացվող պետության քաղաքացիների` օրինական ձևով իրենց պատկանող գումարի կամ գույքի փոխանցմանը:

6. Բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին, որին փոխանցվում է գումարը կամ գույքը /կամ գույքի վաճառքից գոյացած գումարը/, չի գտնվում կամ ներկայացված չէ Ընդունող պետությունում, այն հանձնվում է հյուպատոսարանին` տվյալ քաղաքացուն փոխանցելու համար` պայմանով, որ Ընդունող պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում վճարվեն կամ երաշխավորվեն բոլոր հարկերի վճարումները, և լինի Ընդունող պետության իրավասու իշխանությունների համաձայնությունը` գումարը կամ գույքը այդ պետությունից Ներկայացվող պետություն փոխանցելու մասին:

7. Եթե Ներկայացվող պետության որևէ քաղաքացի ժամանակավոր կեցության կամ ուղևորության ժամանակ մահանում է Ընդունող պետության տարածքում, ապա նրա դրամը և անձնական իրերը /բացի Ընդունող պետությունում ձեռք բերված ապրանքներից, որոնք նրա մահվան ժամանակ արտահանման համար արգելված են/ պետք է առանց նախապայմանի և ձևականության հանձնվեն Ներկայացվող պետության հյուպատոսարանին:

Անձնական իրերի և դրամի փոխանցումն ու հանձնումը Ներկայացվող պետությանը պետք է կատարվեն Ընդունող պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Ներկայացվող պետության հյուպատոսարանը, ըստ սույն հոդվածի 6-րդ և 7-րդ կետերի, պետք է իշխանությանը կամ շահագրգիռ անձին հանձնի դրամի կամ սեփականության ստացման անդորրագիր:

9. Ներկայացվող պետության քաղաքացին սեփականության հետմահու ձեռքբերման կամ տնօրինման հարցերում պետք է օժտված լինի Ընդունող պետության քաղաքացուն հավասար իրավունքներով:

10. Այնքանով, որքանով սույն հոդվածի դրույթներն այլ բան չեն նախատեսում, 12-րդ հոդվածի դրույթները կիրառվում են մահացած անձի գույքի նկատմամբ հյուպատոսարանի իրավունքների և պարտականությունների շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

 

Ընդունող պետության օրենսդրությամբ թույլատրված շրջանակներում հյուպատոսարանի պաշտոնյան պետք է լիազորված լինի Ներկայացվող պետության դատարանի իրավաբանական և ոչ իրավաբանական փաստաթղթերով սպասարկելու իր պետության քաղաքացիներին, որոնք ժամանակավոր կամ մշտական բնակվում են Ընդունող պետությունում, պայմանով, որ այդ քաղաքացին խնդրում է այդ ծառայությունը:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԾՈՎՈՎ ԿԱՄ ԳԵՏՈՎ ՆԱՎԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Հյուպատոսական պաշտոնյան կարող է ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցառումները` իրագործելու համար Ներկայացվող պետության նավարկության կանոնները և այդ նպատակով կարող է այցելել նավերը և ընդունվել Ներկայացվող պետության նավապետերի կամ նավակազմերի կողմից: Նա կարող է նաև այցելել ցանկացած գրանցում ունեցող, բայց Ներկայացվող պետություն ուղևորվող նավ` փաստաթղթեր ձևակերպելու կամ ցանկացած պահանջվող տեղեկություն ստանալու համար:

2. Եթե Ընդունող պետության իշխանությունները մտադիր են կալանավորել կամ ձերբակալել Ընդունող պետության քաղաքացի չհանդիսացող և Ներկայացվող պետության նավի վրա գտնվող որևէ քաղաքացու, ներառյալ նավի պաշտոնյայի կամ այլ անդամի, նավապետին կամ նրա անունից հանդես եկող պաշտոնյային պետք է հնարավորություն տրվի տեղեկացնելու Ներկայացվող պետության հյուպատոսարանի պաշտոնյային, իհարկե, եթե հանգամանքների բերումով դա անհնար չէ, որպեսզի վերջինս ցանկության դեպքում ներկա գտնվի:

3. Եթե Ընդունող պետության իշխանությունները Ներկայացվող պետության նավի վրա կալանավորում են անձ կամ արգելանք են դնում ապրանքի վրա, և հյուպատոսարանի պաշտոնյան ներկա չի լինում, ապա նրանք պետք է տեղեկացնեն Ներկայացվող պետության հյուպատոսարանի պաշտոնյային և տրամադրեն լիարժեք հնարավորություն` այցելելու և հաղորդակցվելու կալանավորված անձի հետ և ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ` նման անձի կամ նավի շահերը պաշտպանելու համար:

4. Եթե Ներկայացվող պետության նավը նավաբեկության է ենթարկվել Ընդունող պետության ջրերում, Ընդունող պետության համապատասխան իշխանությունները պետք է ծանուցեն հյուպատոսարանի պաշտոնյային և ձեռնարկեն բոլոր գործնական միջոցները նավի, ինչպես նաև մարդկանց և գույքի պաշտպանության և պահպանման համար: Նման դեպքերում հյուպատոսական պաշտոնյան կարող է համապատասխան միջոցներ ձեռնարկել այլ գրանցում ունեցող նավի վրա գտնվող կամ վթարված նավից վերցված` Ներկայացվող պետության քաղաքացիների և բեռի տնօրինման նպատակով, բացառությամբ այն դեպքի, երբ նավը պատկանում է Ընդունող պետությանը: Եթե Ներկայացվող պետության վնասված նավի բեռը կամ պաշարները չեն նախատեսված Ընդունող պետությունում սպառվելու համար, ապա դրանց վրա մաքսային տուրքեր չեն դրվում:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱԳՆԱՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

20-րդ հոդվածի դրույթները հնարավորության սահմաններում կիրառվում են նաև քաղաքացիական օդագնացության նկատմամբ, եթե դրանք չեն հակասում Բարձր պայմանավորվող կողմերի միջև գործող այլ համաձայնագրի դրույթներին:

 

ՀՈԴՎԱԾ 22. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՅԼ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եթե Ընդունող պետությունն իր համաձայնությունն է տալիս կամ չի առարկում, հյուպատոսական պաշտոնյան կարող է նաև, սույն Կոնվենցիայում նշված պարտականություններից բացի, կատարել այլ` Ներկայացվող պետության կողմից սահմանված պարտականություններ` այդ մասին նախօրոք տեղեկացնելով:

 

ՄԱՍ III

 

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 23. ԸՆԴՈՒՆՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

 

1. Ընդունող պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Ներկայացվող պետության հյուպատոսարանը, հյուպատոսական պաշտոնյաները, հյուպատոսական ծառայողները և ծառայողական անձնակազմի անդամները հնարավորություն ունենան կատարել իրենց պարտականությունները և ստանան սույն Կոնվենցիայից բխող կամ Ընդունող պետության օրենսդրության համաձայն փոխադարձաբար տրամադրվող անձեռնմխելիություն և արտոնություններ:

2. Ընդունող պետությունը պետք է ցուցաբերի հարգանք հյուպատոսական պաշտոնյայի նկատմամբ և ձեռնարկի համապատասխան բոլոր միջոցները` կանխելու նրա անձի, ազատության ու արժանապատվության դեմ ոտնձգությունները:

 

ՀՈԴՎԱԾ 24. ԶԻՆԱՆՇԱՆԻ ԵՎ ԴՐՈՇԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հյուպատոսարանի շենքերի, ինչպես նաև մուտքի դռան վրա կամ կողքին կարող են փակցվել Ներկայացվող պետության զինանշանը և համապատասխան ցուցանակ` Ներկայացվող և Ընդունող պետությունների լեզուներով:

2. Դրոշներ կարող են ամրացվել հյուպատոսարանի և հյուպատոսության ղեկավարի բնակարանի, ինչպես նաև իր պաշտոնական պարտականությունների կատարման համար օգտագործվող փոխադրամիջոցների վրա:

3. Սույն հոդվածով տրամադրված իրավունքից օգտվելիս պետք է հարգվեն Ընդունող պետության օրենսդրությամբ սահմանված կարգն ու կանոնները:

 

ՀՈԴՎԱԾ 25. ՇԵՆՔԵՐ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ներկայացվող պետությունը կարող է Ընդունող պետության օրենսդրությամբ թույլատրվող շրջանակներում սեփականության ցանկացած ձևով ձեռք բերել հողամաս, շենքեր կամ շենքերի մասեր` հյուպատոսարանի կամ հյուպատոսական պաշտոնյայի կամ ծառայողի կամ ծառայողական անձնակազմի անդամների բնակության համար: Նա կարող է նաև նշված նպատակների համար շենքեր կառուցել կամ վերակառուցել` Ընդունող պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ընդունող պետությունն իր օրենսդրության շրջանակներում պետք է օժանդակի սույն հոդվածի 1-ին կետում նշված նպատակների համար Ներկայացվող պետության կողմից հողամասի, շենքերի կամ շենքերի մասերի գնմանը կամ տնօրինման համար այլ ձևով ձեռքբերմանը:

3. Սույն հոդվածի դրույթների ոչ մի մեկնաբանում Ներկայացվող պետությանը չի ազատում Ընդունող պետության բոլոր օրենքների կամ սահմանված կարգի պահանջներից խնդրո առարկա հողամասի, շենքերի կամ շենքերի մասերի տարածքի վրա տարածվող քաղաքաշինության կամ պլանավորման առումով:

 

ՀՈԴՎԱԾ 26. ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հյուպատոսարանի տարածքը և հյուպատոսության ղեկավարի նստավայրը պետք է անձեռնմխելի լինեն:

2. Ընդունող պետության իշխանության մարմինները չպետք է մտնեն հյուպատոսարանի տարածք և հյուպատոսության ղեկավարի նստավայր առանց հյուպատոսարանի ղեկավարի կամ դիվանագիտական ներկայացուցչության կամ էլ նրանցից մեկի կողմից նշանակված որևէ անձի համաձայնության: Հյուպատոսության ղեկավարի նստավայր մուտք գործելու համար պարտադիր է նրա կամ Ներկայացվող պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի համաձայնությունը:

3. Ընդունող պետությունը բոլոր անհրաժեշտ միջոցները պետք է ձեռնարկի հյուպատոսարանի տարածքի անվտանգությունն ապահովելու և հյուպատոսարանի տարածք բռնի կերպով ներխուժումը կամ վնասումը, ինչպես նաև հյուպատոսության արժանապատվության ոտնահարումը կամ անհանգստություն պատճառող որևէ գործողություն կանխելու համար:

4. Միմիայն Ներկայացվող պետության հյուպատոսական աշխատանքի համար օգտագործվող գույքը, ներառյալ` փոխադրամիջոցները, անկախ սեփականությունից, ենթակա չեն բռնագրավման, կալանքի կամ առգրավման, քանի որ դա կխանգարի հյուպատոսարանի արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը: Փոխադրամիջոցները ենթակա չեն Ընդունող պետության իշխանության մարմինների կողմից հյուպատոսարանի տարածքից դուրս խուզարկության` առանց հյուպատոսության ղեկավարի կամ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի համաձայնության:

 

ՀՈԴՎԱԾ 27. ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

1. Ընդունող պետության կողմից չպետք է հարկադրվեն կամ այլ ծախսեր /մունիցիպալ տուրքերը ներառյալ/ պահանջվեն հետևյալի համար.

ա) Ընդունող պետության կամ նրա քաղաքացու կամ այդ պետության անունից գործող իրավաբանական անձի կողմից որպես սեփականություն գնված կամ վարձված հողամասը, շենքերը կամ շենքերի մասերը, որոնք ծառայում են միայն որպես հյուպատոսարանի տարածք կամ հյուպատոսության ղեկավարի բնակարան, բացառությամբ այն վճարումների, որոնք կատարվում են առանձնահատուկ ծառայությունների համար,

բ) նման հողամաս, շենքեր կամ շենքերի մասեր ձեռք բերելու հետ կապված գործարքներն ու փաստաթղթերը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հարկազերծումները չեն տարածվում վարձակալված սեփականության վրա բոլոր այն դեպքերում, երբ Ընդունող պետության օրենսդրության համաձայն` հարկի կամ տուրքի ծանրությունն ընկնում է վարձակալ հանդիսացող անձի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 28. ԱՐԽԻՎԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Հյուպատոսության արխիվը և փաստաթղթերը պետք է անձեռնմխելի լինեն միշտ և ամենուր:

 

ՀՈԴՎԱԾ 29. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հյուպատոսությունը պետք է հնարավորություն ունենա Ներկայացվող պետության կառավարության և դիվանագիտական ներկայացուցչության կամ Ընդունող պետության տարածքում գտնվող Ներկայացվող պետության այլ հյուպատոսությունների հետ հաղորդակցվելու: Ընդունող պետությունը պետք է այդ նպատակով համապատասխան հնարավորություններ տրամադրի: Հյուպատոսությունը կարող է օգտվել հաղորդակցության բոլոր օրինական միջոցներից: Նրանք կարող են օգտագործել դիվանագիտական կամ հյուպատոսական սուրհանդակներին, դիվանագիտական կամ հյուպատոսական փոստ, սովորական լեզու կամ ծածկագիր:

2. Հյուպատոսության կողմից հաղորդակցության հասարակական միջոցների օգտագործման դեպքում կիրառվում են նույն սակագները, որոնք կիրառվում են Ներկայացվող պետության դիվանագիտական ներկայացուցչության համար:

3. Հյուպատոսական փոստը և հյուպատոսության պաշտոնական նամակագրությունն պետք է լինեն անձեռնմխելի: Ընդունող պետության իշխանության մարմինները չպետք է այն քննության կամ կալանքի ենթարկեն:

4. Հյուպատոսական փոստն ու դրա բաղադրիչ մասերը պետք է կապարակնքված լինեն, կրեն իրենց պաշտոնական բնույթը հավաստող արտաքին ֆիզիկական նշաններ և պետք է պարունակեն միայն հյուպատոսության պաշտոնական նամակագրություն, փաստաթղթեր և միայն պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաներ:

5. Հյուպատոսության սուրհանդակը պետք է լինի Ներկայացվող պետության քաղաքացի և մշտական բնակություն չունենա Ընդունող պետությունում: Նա պետք է ապահոված լինի իր կարգավիճակը հյուպատոսական փոստի մեջ պարունակվող փաթեթների քանակը հաստատող պաշտոնական փաստաթղթով:

Հյուպատոսական սուրհանդակը պետք է իր պարտականությունները կատարելիս պաշտպանված լինի Ընդունող պետության կողմից, ունենա անձնական անձեռնմխելիություն և չպետք է ենթարկվի ձերբակալման կամ կալանքի:

 

ՀՈԴՎԱԾ 30. ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

 

Հյուպատոսական պաշտոնյան, ծառայողը կամ ծառայողական անձնակազմի անդամը պետք է իրավունք ունենան Ընդունող պետությունում ազատ տեղաշարժվելու` ենթարկվելով ազգային անվտանգության նկատառումներով մուտքը արգելված կամ սահմանափակված տարածքների վերաբերյալ Ընդունող պետության օրենսդրությանը: Նման ուղևորությունները պետք է համապատասխանեն Ընդունող պետությունում գործող օրենսդրությանը:

 

ՀՈԴՎԱԾ 31. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՐԿԵՐ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

 

1. Հյուպատոսությունը պետք է Ընդունող պետությունում իր հյուպատոսական ծառայությունների համար Ներկայացվող պետության օրենսդրությամբ սահմանված վճարումներ գանձի:

2. Նման կարգով գանձված վճարումների վրա Ընդունող պետության կողմից ոչ մի հարկ կամ այլ տուրքեր չեն դրվում:

 

ՀՈԴՎԱԾ 32. ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

 

1. Հյուպատոսության ղեկավարը ենթակա չէ Ընդունող պետության քրեական, քաղաքացիական կամ վարչական իրավազորությանը:

Վերոհիշյալ կետի դրույթները չեն գործում այն քաղաքացիական հայցերի նկատմամբ.

ա) քաղաքացիական հայցերով, որոնք բխում են հյուպատոսական պաշտոնատար անձանց կնքած պայմանագրերից, որոնցով նրանք ուղղակի կամ անուղղակի պարտավորություններ չեն ստանձնել` որպես Ներկայացվող պետության գործակալներ,

բ) երրորդ կողմի հայցով` այն վնասի համար, որ հասցրել է ճանապարհատրանսպորտային միջոցի, նավի կամ ինքնաթիռի հարուցած դժբախտ դեպքը:

2. Հյուպատոսության ղեկավարի անձը պետք է անձեռնմխելի լինի. նրա դեմ չեն կարող ձեռնարկվել որևէ հարկադիր միջոցներ, բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի դրույթները, և եթե միջոցները կարող են ձեռնարկվել առանց նրա անձի կամ նստավայրի անձեռնմխելիությունը վնասելու:

 

ՀՈԴՎԱԾ 33. ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

 

1. Հյուպատոսության պաշտոնյան, հյուպատոսության ծառայողը կամ ծառայողական անձնակազմի անդամը ենթակա չեն Ընդունող պետության քրեական, քաղաքացիական կամ վարչական իրավազորությանը` իրենց պաշտոնական պարտականություններից բխող` կատարված ակտերի համար:

2. Այնուամենայնիվ, սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն գործում այն քաղաքացիական հայցերի նկատմամբ, որոնք`

ա) բխում են իր կողմից կնքված պայմանագրերից, որում որոշակիորեն կան ենթադրաբար նշված չէ, որ այն կնքված է Ներկայացվող պետության անունից,

բ) ներկայացված են երրորդ պետության կողմից Ընդունող պետության տարածքում պատահած փոխադրամիջոցի, նավի կամ օդանավի վթարի պատճառով հասցված վնասների փոխհատուցման կապակցությամբ:

3. Պաշտոնական շրջանակներից դուրս գործելուն առնչվող հայցի դեպքում հյուպատոսական պաշտոնյան չի կարող.

ա) կալանքի տակ պահվել կամ ձերբակալվել, բացառությամբ այն դեպքի, երբ նա Ընդունող պետության տարածքում հանցանք է գործել, որի համար նախատեսված է առնվազն 5 տարվա ազատազրկում, և միայն` Ընդունող պետության իրավասու դատական մարմնի որոշմամբ,

բ) ենթարկվել ազատազրկման որևէ ձևով, բացառությամբ ուժի մեջ մտած դատական որոշման:

4. Եթե հյուպատոսական պաշտոնյայի դեմ դատական վարույթ է հարուցվում, ապա նա պետք է ներկայանա Ընդունող պետության իրավասու մարմիններին: Բոլոր նման դեպքերում գործը պետք է վարվի նվազագույն հապաղումով: Դա պետք է արվի` հարգելով հյուպատոսական պաշտոնյային` հաշվի առնելով նրա պաշտոնական դիրքը և, բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները, հնարավորին չափ նվազագույնի հասցնելով նրա պարտականությունների կատարմանը միջամտելը:

5. Բոլոր այն դեպքերում, երբ հյուպատոսական պաշտոնյան, ծառայողը կամ ծառայողական անձնակազմի որևէ անդամ կամ նրանց ընտանիքների անդամներից մեկը ձերբակալվել են, կալանքի վերցվել կամ այլ ձևով ազատազրկման ենթարկվել, և կամ նրանց դեմ քրեական գործ է հարուցվել, Ընդունող պետության իրավասու մարմինները պետք է անհապաղ տեղեկացնեն այդ մասին հյուպատոսության ղեկավարին:

6. Սույն հոդվածի` պաշտոնյաներին վերաբերող դրույթները չեն կիրառվում հյուպատոսարանների ղեկավարների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 34. ՈՐՊԵՍ ՎԿԱ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼԸ

 

1. Ընդունող պետության իրավասու մարմինները կարող են խնդրել հյուպատոսական պաշտոնյային, հյուպատոսական ծառայողին կամ հյուպատոսական ծառայողական անձնակազմի անդամին` որպես վկա ներկայանալ դատական կամ վարչական դատավարությանը:

Եթե հյուպատոսական պաշտոնյան մերժում է խնդրանքը, ապա նրա դեմ ոչ մի հարկադրական միջոց չի ձեռնարկվում, և նա որևէ պատիժ չի կրում:

Հյուպատոսական ծառայողը կամ հյուպատոսական ծառայողական անձնակազմի անդամն իրավունք չունի մերժելու նման խնդրանքը, բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները:

2. Հյուպատոսական պաշտոնյայից որպես վկա ցուցմունքներ պահանջող իշխանության մարմինը պետք է խուսափի նրան` իր պարտականությունները կատարելու մեջ խոչընդոտ լինելուց: Նման ցուցմունքը, եթե դա հնարավոր և թույլատրելի է, կարող է տրվել բանավոր կամ գրավոր` հյուպատոսարանում կամ հյուպատոսության պաշտոնյայի բնակարանում: Հյուպատոսական ծառայողի դեպքում` հնարավոր բոլոր միջոցները պետք է ձեռնարկվեն հյուպատոսարանի աշխատանքներին խոչընդոտ լինելուց խուսափելու համար:

3. Հյուպատոսական պաշտոնյան, հյուպատոսական ծառայողը կամ հյուպատոսության ծառայողական անձնակազմի անդամն իրավունք ունեն հրաժարվել ցուցմունքներ տալուց, եթե դրանք առնչվում են իրենց պաշտոնական պարտականությունների շրջանակներում որևէ հարցի կամ հյուպատոսության արխիվից որևէ փաստաթուղթ կամ առարկա ներկայացնելուն: Նա նաև իրավունք ունի հրաժարվել որպես Ներկայացվող պետության օրենսդրության վերաբերյալ փորձագետ վկա ցուցմունքներ տալուց:

4. Հյուպատոսական պաշտոնյան, որին խնդրել են ցուցմունքներ տալ, իրավունք ունի երդման փոխարեն հանդիսավոր հայտարարություն տալ:

 

ՀՈԴՎԱԾ 35. ԱՆՁՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ԱՅԼ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

 

1. Հյուպատոսական պաշտոնյան, հյուպատոսական ծառայողը կամ ծառայողական անձնակազմի անդամը ազատվում են Ընդունող պետության զինված ուժերում ծառայելուց, բոլոր տեսակի հասարակական ծառայություններից կամ դրանց փոխարեն հատուցվող մուծումներից:

2. Հյուպատոսական պաշտոնյաների, ծառայողների ու ծառայողական անձնակազմի անդամների վրա չեն տարածվում Ընդունող պետությունում օտարերկրացիների գրանցման և բնակության թույլտվության վերաբերյալ Ընդունող պետության օրենսդրությունը և սահմանված կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 36. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

 

1. Հյուպատոսական պաշտոնյան, ծառայողը կամ հյուպատոսարանի ծառայողական անձնակազմի անդամը ազատվում են իրենց պաշտոնական պարտականությունների վարձատրումից ստացված եկամտի վրա` Ընդունող պետության կողմից դրվող բոլոր հարկերից կամ նման վճարումներից:

2. Հյուպատոսական պաշտոնյան կամ հյուպատոսական ծառայողն ազատվում է Ընդունող պետության կողմից դրված բոլոր հարկերից կամ նման այլ վճարումներից, բացառությամբ.

ա) անուղղակի հարկերից, որոնք սովորաբար մտնում են ապրանքների կամ ծառայությունների գների մեջ,

բ) առանց հակասելու 27-րդ հոդվածի դրույթներին` Ընդունող պետության տարածքում գտնվող անշարժ գույքի վրա դրված հարկերից կամ նմանատիպ այլ վճարումներից,

գ) առանց հակասելու 38-րդ հոդվածի «բ» կետի դրույթներին` հողամասերի կամ մահվան պատճառով ունեցվածքն այլ անձանց անցնելու կամ ունեցվածքն այլ կերպ փոխանցելու հետ կապված պարտականությունների վրա դրված հարկերից կամ նմանատիպ վճարումներից,

դ) Ընդունող պետությունում տարբեր աղբյուրներից ստացված եկամտի, ինչպես նաև այդ պետությունում սեփականության վաճառքից արժեքի աճի պատճառով ստացված եկամտի վրա դրված հարկերից կամ նմանատիպ այլ վճարումներից,

ե) առանց հակասելու 27-րդ հոդվածի դրույթներին` գրանցման, դատական կամ պետական տուրքերից, գույքի գրավադրման հարկերից և տուրքերից:

3. Հյուպատոսական պաշտոնյաները, հյուպատոսական ծառայողներն ու հյուպատոսարանի ծառայողական անձնակազմի անդամները, որոնք ծառայության են վերցնում այնպիսի անձանց, որոնց աշխատավարձերը Ընդունող պետությունում ազատված չեն եկամտահարկերից, պետք է պահպանեն եկամտահարկերի գանձման վերաբերյալ ձեռնարկատերերի վրա տարածվող տվյալ պետության օրենսդրությունը:

 

ՀՈԴՎԱԾ 37. ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

 

1. Ներկայացվող պետությանը թույլատրվում է Ընդունող պետություն ներմուծել և հետագայում այնտեղից վերաարտահանել իրեր, ինչպես օրինակ` կահույք և փոխադրամիջոցներ` հյուպատոսարանի պաշտոնական նպատակներով օգտագործելու կամ սպառելու համար, և նման իրերի համար պետք է ազատվեն Ընդունող պետության կողմից ներմուծման կամ վերաարտահանման վրա դրվող բոլոր մաքսատուրքերից կամ այլ հարկերից կամ նման ցանկացած վճարումից:

2. Հյուպատոսական պաշտոնյային թույլատրվում է Ընդունող պետություն ներմուծել և հետագայում այնտեղից վերաարտահանել իր ամբողջ ուղեբեռը, ունեցվածքը կամ այլ առարկաներ, ներառյալ` փոխադրամիջոցները, բացառապես իր կամ իր ընտանիքի անդամների օգտագործման կամ սպառման համար, և նման գործողությունների համար պետք է ազատվի Ընդունող պետության կողմից ներմուծման կամ վերաարտահանման վրա դրվող բոլոր մաքսատուրքերից կամ այլ հարկերից կամ նման ցանկացած վճարումից:

3. Հյուպատոսական ծառայողը կամ հյուպատոսարանի ծառայողական անձնակազմի անդամն ազատվում է սույն հոդվածի 2-րդ կետում նշված տուրքերից իր առանձին տեղակայման հետ կապված առարկաների ներմուծման դեպքում:

4. Ընդունող պետությունը կարող է սույն հոդվածով նախատեսված տուրքերից ազատումների տրամադրման դիմաց պահանջել, որ ներմուծման կամ վերաարտահանման մասին պահանջված կարգով ծանուցում տրվի:

5. Սույն հոդվածով նախատեսված տուրքերից ազատումները վերաբերում են միայն պաշտոնական կամ անձնական օգտագործման համար ներմուծվող առարկաներին և չեն տարածվում այլ անձանց տրամադրելու կամ վաճառքի կամ առևտրային այլ նպատակների համար ներմուծվող առարկաների վրա: Այս դրույթը, այնուամենայնիվ, չի կարող արգելք հանդիսանալ միայն հյուպատոսարանում ցուցադրելու նպատակով որպես առևտրական արտադրանքի նմուշ առարկաների ներմուծմանը` այն պայմանով, որ հետագայում վերաարտահանվեն կամ ոչնչացվեն:

6. Ընդունող պետությունն իրեն իրավունք է վերապահում սույն հոդվածի համաձայն ներմուծված յուրաքանչյուր առարկայի վաճառքի կամ փոխանցման վրա ցանկացած հարկ կամ տույժ դնել, բացառությամբ այն դեպքերի, երբ Ներկայացվող պետությունը իրավունք ունի խնդրո առարկա իրերը ներմուծել առանց որևէ մաքսատուրքերի կամ վճարման:

7. Սույն հոդվածի և ոչ մի մեկնաբանություն թույլ չի տալիս Ընդունող պետություն ներմուծել կամ այնտեղից արտահանել որևէ առարկա, որի ներմուծումը կամ արտահանումը հատկապես արգելված է Ընդունող պետության օրենսդրությամբ:

8. Հյուպատոսական պաշտոնյայի անձնական ուղեբեռը ենթակա չէ մաքսային զննման: Դա կարող է արվել միայն այն դեպքում, երբ լուրջ հիմքեր կան կասկածելու, որ ուղեբեռը պարունակում է այնպիսի առարկաներ, որոնք, համաձայն Ընդունող պետության օրենսդրության, չեն կարող ներմուծվել կամ արտահանվել կամ էլ ենթակա են կարանտինի: Բոլոր նման դեպքերում զննումը պետք է կատարվի հյուպատոսական պաշտոնյայի կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկի ներկայությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 38. ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՀԱՑԱԾ ԱՆԴԱՄԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

 

Եթե Ներկայացվող պետության հյուպատոսական պաշտոնյան, հյուպատոսական ծառայողը կամ հյուպատոսարանի ծառայողական անձնակազմի որևէ անդամ մահանում է և Ընդունող պետությունում թողնում է շարժական գույք, ապա այդ պետությունը.

ա) պետք է թույլատրի մահացածի շարժական գույքի պահպանումը, բացառությամբ այն գույքի, որը ձեռք է բերվել Ընդունող պետությունում, և որի արտահանումն արգելված է մահվան պահին,

բ) պետք է ձեռնպահ մնա հողամասերի կամ ունեցվածքի հետմահու փոխանցման վրա սահմանված հարկեր կամ նմանատիպ այլ տուրքեր դնելուց, եթե շարժական գույքն Ընդունող պետությունում գտնվում էր մահացածի` զուտ հյուպատոսական պարտականությունները կատարելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 39. ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

 

1. Ներկայացվող պետությունը կարող է հրաժարվել անձեռնմխելիությունից, որը տրամադրվում է անձանց` ըստ 32-րդ, 33-րդ և 34-րդ հոդվածների: Նման հրաժարականը պետք է միշտ գրավոր ձևով արտահայտվի և ուղարկվի Ընդունող պետության իշխանության իրավասու մարմիններին:

2. Քաղաքացիական կամ վարչական դատավարությունից անձեռնմխելիությունից հրաժարվելը չպետք է օգտագործվի դատավճռի կատարման դեմ անձեռնմխելիությունից հրաժարվելու համար: Դրա համար պահանջվում է առանձին հրաժարական:

 

ՀՈԴՎԱԾ 40. ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հյուպատոսության ղեկավարի ընտանիքի անդամներին, որոնք բնակվում են նրա հետ, տրամադրվում է անձնական անձեռնմխելիություն և անձեռնմխելիություն Ընդունող պետության իրավազորությունից` պայմանով, որ նրանք հանդիսանում են Ներկայացվող պետության քաղաքացի, մշտապես չեն բնակվում Ընդունող պետությունում և այդ պետությունում վարձու աշխատանքով չեն զբաղվում:

2. Սույն Կոնվենցիայի 33(5)-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածներով հյուպատոսական պաշտոնյաներին և հյուպատոսական ծառայողներին տրամադրված արտոնությունները տարածվում են նաև նրանց հետ բնակվող ընտանիքների անդամների վրա` պայմանով, որ նրանք հանդիսանում են Ներկայացվող պետության քաղաքացի, մշտապես չեն բնակվում Ընդունող պետությունում և այդ պետությունում վարձու աշխատանքով չեն զբաղվում:

Սույն Կոնվենցիայի 33-րդ, 35-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածներով ծառայողական անձնակազմի և հյուպատոսարանի անդամներին տրամադրված արտոնությունները տարածվում են նաև նրանց հետ բնակվող ընտանիքի անդամների վրա` պայմանով, որ նրանք Ընդունող պետության քաղաքացի չեն, մշտապես չեն բնակվում այդ պետությունում և այդ պետությունում վարձու աշխատանքով չեն զբաղվում:

 

ՀՈԴՎԱԾ 41. ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն Կոնվենցիայով տրամադրված անձեռնմխելիությունն ու արտոնությունները չեն տարածվում Ընդունող պետության քաղաքացիների կամ մշտական բնակիչների վրա, բացառությամբ 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթների` հյուպատոսական ծառայողների նկատմամբ և 34-րդ հոդվածի միայն 3-րդ կետով նախատեսված անձեռնմխելիությունից` հյուպատոսարանի ծառայողական անձնակազմի անդամների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 42. ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԻԶԲԸ ԵՎ ԱՎԱՐՏԸ

 

1. Հյուպատոսական պաշտոնյան, հյուպատոսական ծառայողը և ծառայողական անձնակազմի անդամը ստանում են սույն Կոնվենցիայով տրամադրված անձեռնմխելիություն և արտոնություններ իրենց պաշտոնը ստանձնելու համար Ընդունող պետության սահմանն անցնելուն պես, իսկ եթե արդեն գտնվում են այդ պետությունում` իրենց պարտականությունները ստանձնելուն պես:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված անձանց ընտանիքի անդամներն ստանում են սույն Կոնվենցիայով իրենց տրամադրված անձեռնմխելիությունն ու արտոնությունները.

ա) այն պահից, երբ հյուպատոսական պաշտոնյան, հյուպատոսական ծառայողը կամ ծառայողական անձնակազմի անդամը լիազորվում են անձեռնմխելիություն և արտոնություն ստանալու` համաձայն սույն հոդվածի 1-ին կետի,

բ) եթե նրանք Ընդունող պետություն են ժամանում այդ օրվանից հետո, ապա` սահմանը հատելու պահից, կամ

գ) ընտանիքի անդամ կամ պաշտոնատար անձ դառնալու պահից, ինչպես տվյալ պայմաններում պահանջվի:

3. Երբ հյուպատոսական պաշտոնյայի, հյուպատոսական ծառայողի կամ ծառայողական անձնակազմի անդամի նշանակման ժամկետն ավարտվում է, նրա անձեռնմխելիությունը և արտոնությունները, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների անձեռնմխելիությունը և արտոնությունները ևս վերջանում են Ընդունող պետությունից մեկնելու պահից կամ նրա նշանակման ժամկետի ավարտից հետո, ընդունելու ժամանակահատվածի լրանալուց ի վեր:

4. Այն դեպքում, երբ հյուպատոսական պաշտոնյան և ծառայողական անձնակազմի անդամները Ընդունող պետության քաղաքացիներ են կամ, լինելով Ներկայացվող պետության քաղաքացի, մշտապես բնակվում են Ընդունող պետությունում, նրանք անձեռնմխելիությունից և արտոնություններից զրկվում են իրենց նշանակման ժամկետը լրանալուն պես:

5. Նմանապես, ընտանիքի անդամները զրկվում են անձեռնմխելիությունից և արտոնություններից այն պահից, երբ նրանք դադարում են տվյալ հյուպատոսական պաշտոնյայի, հյուպատոսական ծառայողի կամ ծառայողական անձնակազմի անդամի ընտանիքի անդամ լինելուց: Այդուհանդերձ, եթե տվյալ անձը պատրաստվում է Ընդունող պետությունից մեկնել դրանից հետո ընդունելի ժամանակամիջոցում, ապա անձեռնմխելիությունը և արտոնությունները պահպանվում են մինչև այդ օրը:

6. Հյուպատոսական պաշտոնյայի, հյուպատոսական ծառայողի կամ ծառայողական անձնակազմի անդամի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամները շարունակում են օգտվել սույն Կոնվենցիայով տրամադրված անձեռնմխելիությունից և արտոնություններից մինչև Ընդունող պետությունից իրենց մեկնելու օրը կամ այդ նպատակով նրանց տրամադրված ժամանակահատվածի լրանալը:

 

ՀՈԴՎԱԾ 43. ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՎՏԱՆԳԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ

 

1. Ներկայացվող պետությանը պատկանող և հյուպատոսարանի պաշտոնական ծառայության համար օգտագործվող կամ հյուպատոսական պաշտոնյային, հյուպատոսական ծառայողին, կամ հյուպատոսարանի ծառայողական անձնակազմի անդամին կամ նրանց հետ բնակվող ընտանիքի անդամին պատկանող փոխադրամիջոցները պետք է համապատասխանաբար ապահովագրվեն երրորդ կողմի վտանգից:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, որոնք Ընդունող պետության քաղաքացի են կամ մշտապես բնակվում են այնտեղ, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են Ընդունող պետության օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 44. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Ներկայացվող պետության հյուպատոսական ներկայացուցչության հյուպատոսական գործակալի կողմից հյուպատոսական պարտականությունները պետք է կատարվեն առանց նրա հյուպատոսական անձեռնմխելիությանն ու արտոնություններին վնաս պատճառելու: Այս դրույթը կիրառվում է նաև բոլոր այն դեպքերում, երբ հյուպատոսական պաշտոնյայի պարտականությունները ժամանակավորապես կատարում է դիվանագիտական ներկայացուցչության անդամը:

 

ՀՈԴՎԱԾ 45. ԸՆԴՈՒՆՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

1. Առանց սույն Կոնվենցիայով տրամադրված անձեռնմխելիությանը և արտոնություններին վնասելու` բոլոր անձինք, ում տրամադրվել են դրանք, պարտավոր են հարգել Ընդունող պետության օրենսդրությունը և խուսափել այդ պետության ներքին գործերին միջամտելուց:

2. Հյուպատոսական պաշտոնյային, հյուպատոսական ծառայողին և ծառայողական անձնակազմի անդամներին տրամադրված անձեռնմխելիությունը և արտոնությունները պետք է օգտագործվեն միայն ծառայողական պարտականությունների կատարման համար:

3. Հյուպատոսության շենքը պետք է օգտագործվի միայն հյուպատոսական բնույթի գործունեության համար:

4. Հյուպատոսական արխիվում պետք է պահվեն միայն պաշտոնական բնույթի փաստաթղթեր և իրեր:

 

ՀՈԴՎԱԾ 46. ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

Պատվավոր հյուպատոսը պետք է նշանակվի Ներկայացվող պետության ներքին օրենսդրությանը համապատասխան:

Պատվավոր հյուպատոսի իրավական կարգավիճակը պետք է բխի 1963 թվականի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայից:

 

ՀՈԴՎԱԾ 47. ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված` Կողմերի միջև ծագած ցանկացած տարաձայնություն Կողմերի միջև կարգավորվում է բանակցությունների միջոցով:

Եթե վերոհիշյալ բանակցություններն անհաջողություն կրեն, Կողմերը պետք է միասին որոշում ընդունեն կարգավորման հետագա ուղիներ գտնելու համար:

 

ՄԱՍ IV

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 48. ՎԱՎԵՐԱՑՆԵԼԸ, ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Սույն Կոնվենցիան կվավերացվի, և վավերացման փաստաթղթերը հնարավորինս արագ կփոխանակվեն Երևանում:

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի վավերացման փաստաթղթերի փոխանակման օրվանից 30 օր անց և կգործի ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում: Կոնվենցիան ուժի մեջ կմնա մինչև սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված կարգով դրա գործողության դադարեցման պահը:

3. Յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմի նախաձեռնությամբ սկզբնական հինգ տարի ժամկետը լրանալուց հետո ցանկացած ժամանակ կարող է դադարեցվել Կոնվենցիայի գործողությունը` վեց ամիս առաջ մյուս Բարձր պայմանավորվող կողմին այդ մասին գրավոր ծանուցելով:

 

Կատարված է Բուխարեստ քաղաքում 1994 թվականի ապրիլի 20-ին, հայերեն և ռումիներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1996 թվականի ապրիլի 24-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
20.04.1994
Հյուպատոսական կոնվենցիա