Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱ ...

 

 

i

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՈՒ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը,

կամենալով խորացնել երկու պետությունների տնտեսական համագործակցությունը,

ձգտելով բարենպաստ պայմաններ ստեղծել մի պետության քաղաքացիների կամ ընկերությունների կապիտալ ներդրումները մյուս պետության տարածքում իրականացնելու համար,

գիտակցելով, որ այդ կապիտալ ներդրումների իրականացմանն աջակցելն ու դրանց պայմանագրային պաշտպանությունը կարող են աշխուժացնել մասնավոր տնտեսական նախաձեռնությունն ու բազմապատկել երկու ժողովուրդների բարեկեցությունը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Պայմանագրի նպատակների համար`

1. «կապիտալ ներդրումներ» հասկացությունն ընդգրկում է գույքային արժեքների բոլոր տեսակները, մասնավորապես`

ա) շարժական և անշարժ իրերի սեփականությունը, ինչպես նաև մյուս գույքային իրավունքները, ինչպիսիք են հիպոթեքային իրավունքները և գրավադրման իրավունքները,

բ) ընկերություններում մասնեբաժնային մասնակցության և մասնակցության մյուս ձևերի նկատմամբ իրավունքները,

գ) տնտեսական արժեքների ստեղծման համար օգտագործված դրամական միջոցների վերաբերյալ կամ տնտեսական արժեք ունեցող ծառայությունների վերաբերյալ պահանջների իրավունքը,

դ) մտավոր սեփականության իրավունքներ, ինչպիսիք են, մասնավորապես, հեղինակային իրավունքները, արտոնագրերը, տեխնոլոգիան, «Նոու-հաուն» և «գուդվիլը», գրանցված ֆիրմաների նմուշները, անվանումները, արդյունաբերական նմուշներն ու մոդելները, ապրանքանիշերը, արտադրական գաղտնիքները,

ե) իրավահավասար կոնցեսիաները, ներառյալ բնական պաշարների հետախուզումն ու արդյունահանումը. գույքային արժեքների ներդրման տեսակի փոփոխությունը չի շոշափում դրանց հատկությունը` որպես կապիտալ ներդրումի,

2. «եկամուտներ» տերմինը նշանակում է կապիտալ ներդրման շնորհիվ որոշակի ժամանակամիջոցում ստացվող գումարները, ինչպիսիք են շահույթի մասը, շահաբաժինները, տոկոսները, լիցենզիային կամ այլ վարձատրությունները,

3. «քաղաքացիներ» տերմինը նշանակում է`

ա) Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ`

գերմանացիներ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության հիմնական օրենքին համապատասխան,

բ) Հայաստանի Հանրապետության նկատմամբ`

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և գործող օրենսդրության համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք,

4. «ընկերություններ» տերմինը նշանակում է`

ա) Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ` ցանկացած իրավաբանական անձ կամ առևտրային ընկերություն, այլ ընկերություններ կամ միավորումներ` իրավաբանական անձի իրավունքով կամ առանց դրա, Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության տարածքում գտնվելու տեղով` անկախ այն բանից` դրանց գործունեությունն ուղղված է շահույթ ստանալուն, թե ոչ,

բ) Հայաստանի Հանրապետության նկատմամբ` իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններ, որոնք ստեղծված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը հնարավորությունների սահմաններում խրախուսողների կամ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների կապիտալ ներդրումները և այդ կապիտալ ներդրումները թույլատրելու է իր օրենսդրությանը համապատասխան:

Այն յուրաքանչյուր դեպքում կապիտալ ներդրումների հետ վարվելու է ամենայն արդարությամբ:

2. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը, իր տարածքում կամայական կամ խտրական միջոցներ ձեռնարկելով, ոչ մի կերպ չի սահմանափակելու մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների կապիտալ ներդրումների կառավարումն ու տնօրինումը, ինչպես նաև դրանց կիրառումն ու օգտագործումը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների սեփականություն հանդիսացող կամ նրանց ազդեցության տակ գտնվող կապիտալ ներդրումների նկատմամբ ապահովում է ոչ պակաս բարենպաստ գործելակարգ /ռեժիմ/, քան սեփական քաղաքացիների և ընկերությունների կապիտալ ներդրումների կամ երրորդ պետությունների քաղաքացիների և ընկերությունների կապիտալ ներդրումների նկատմամբ:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների նկատմամբ ապահովում է կապիտալ ներդրումների կապակցությամբ նրանց գործունեությանը վերաբերող հարցում ոչ պակաս բարենպաստ գործելակարգ, քան սեփական քաղաքացիների և ընկերությունների կամ էլ երրորդ պետությունների քաղաքացիների ու ընկերությունների նկատմամբ:

3. Այդ գործելակարգը չի վերաբերում այն արտոնություններին, որոնք մի Պայմանավորվող կողմը տրամադրում է երրորդ պետությունների քաղաքացիներին կամ ընկերություններին` մաքսային կամ տնտեսական միությանը, ընդհանուր շուկային կամ ազատ առևտրի գոտուն նրանց անդամակցությանը կամ դրանց հետ զուգակցության հիման վրա:

4. Սույն հոդվածին համապատասխան տրամադրվող գործելակարգը չի վերաբերում այն արտոնություններին, որոնք մի Պայմանավորվող կողմը տրամադրում է երրորդ պետությունների քաղաքացիներին կամ ընկերություններին` կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագրի կամ հարկային հարցերի վերաբերյալ այլ պայմանավորվածությունների հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների կապիտալ ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օգտվում են լիակատար պաշտպանությունից և լիակատար անվտանգությունից:

2. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումների բռնագրավման, պետականացման կամ ներգործությամբ բռնագրավմանը կամ պետականացմանը հավասարեցված այլ միջոցառումների մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կարող են ենթարկվել միայն հասարակական շահերից ելնելով և փոխհատուցում վճարելով: Փոխհատուցումը պետք է համապատասխանի բռնագրավման, պետականացման փաստորեն իրականացված կամ իրականացվելիք միջոցառումների կամ համանման հետևանքներով միջոցառումների պաշտոնական ծանուցմանը անմիջականորեն նախորդող պահին բռնագրավված կապիտալ ներդրման արժեքին: Փոխհատուցումը պետք է վճարվի անհապաղ, և մինչև դրանք վճարելու պահը փոխհատուցման գումարի վրա բանկային տոկոսներ են գալիս գործող տոկոսային դրույքին համապատասխան. այն պետք է լինի գործնականորեն օգտագործելի և ազատ փոխադրելի: Ընձեռվում է բռնագրավման, ազգայնացման կամ իր բնույթով համանման միջոցառման օրինականությունը, ինչպես նաև փոխհատուցման չափը դատական կարգով քննության առնելու հնարավորություն:

3. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացիներին կամ ընկերություններին, որոնց կապիտալ ներդրումներին մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վնաս է հասցվել պատերազմի կամ այլ զինված ընդհարումների, հեղափոխության, արտակարգ դրության կամ խռովության հետևանքով, այս Պայմանավորվող կողմը պետք է վնասների հատուցման, հրաժարագումարների փոխհատուցման կամ այլ վարձահատուցումների նկատմամբ ոչ պակաս բարենպաստ գործելակարգ տրամադրի, քան իր սեփական քաղաքացիներին կամ ընկերություններին: Այդ վճարումները պետք է լինեն ազատ փոխադրելի:

4. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացիները կամ ընկերությունները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օգտվում են սույն հոդվածով կարգավորվող հարցերի նկատմամբ առավել բարենպաստ գործելակարգից:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներին կամ ընկերություններին երաշխավորում է կապիտալ ներդրումների հետ կապված վճարումների ազատ փոխադրում, մասնավորապես`

ա) կապիտալի և կապիտալ ներդրումների ծավալը պահպանելու կամ ավելացնելու համար լրացուցիչ գումարների,

բ) եկամուտների,

գ) փոխառությունների մարման համար վճարվող գումարների,

դ) կապիտալ ներդրումների լրիվ կամ մասնակի վերացման կամ օտարման դեպքում առաջացող հասույթի,

ե) սույն Պայմանագրի 4-րդ հոդվածում նախատեսված փոխհատուցումների:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Եթե Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կապիտալ ներդրման երաշխիքի հիման վրա գումարներ է վճարում իր քաղաքացիներին կամ ընկերություններին, ապա այդ մյուս Պայմանավորվող կողմը, առանց առաջին Պայմանավորվող կողմի` սույն Պայմանագրի 10-րդ հոդվածից բխող իրավունքները խախտելու /օրենքի կամ գործարքի հիման վրա/, ճանաչելու է այդ քաղաքացիների կամ ընկերությունների բոլոր իրավունքների ու պահանջների հանձնումը առաջին Պայմանավորվող կողմին: Բացի դրանից, մյուս Պայմանավորվող կողմը ճանաչում է առաջին Պայմանավորվող կողմի` այդ բոլոր իրավունքների կամ պահանջների /հանձնած իրավունքների/ տնօրինումը, որպիսիք առաջին Պայմանավորվող կողմը իրավասու է իրականացնելու նույն ծավալով, ինչ իրավանախորդը: Պահանջի հանձնված իրավունքների հիման վրա իրականացվող վճարների փոխանցման նկատմամբ համապատասխանաբար գործում են սույն Պայմանագրի 4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերությունները, ինչպես նաև 5-րդ հոդվածը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. 4-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ պարբերություններում, ինչպես նաև 5-րդ կամ 6-րդ հոդվածներում նշված վճարների փոխանցումները իրականացվում են անհապաղ` ըստ տվյալ պահին գործող դրամական փոխարժեքի:

2. Այդ դրամական փոխարժեքը պետք է համապատասխանի հաշվարկային կուրսերից այն բխող համատեղված դրամական փոխարժեքին, որոնք միջազգային տարադրամային ֆոնդը հիմք կընդուներ համապատասխան տարադրամների միջազգային վճարումների վերահաշվարկման համար /special drawing rights/ վճարումների իրականացման պահին:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Եթե մի Պայմանավորվող կողմի օրենսդրությունից կամ Պայմանավորվող կողմերի միջև սույն Պայմանագրի հետ միաժամանակ կամ հետագայում գոյացող միջազգային իրավական պարտավորություններից բխում է մի ընդհանուր կամ հատուկ դրույթ, ըստ որի մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների կապիտալ ներդրումները առավել բարենպաստ գործելակարգից պիտի օգտվեն, քան նախատեսվում է սույն Պայմանագրով, ապա այդպիսի դրույթը առավելություն կունենա սույն Պայմանագրի դրույթների նկատմամբ, քանի որ առավել բարենպաստ է:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պահպանելու է ամեն մի այլ պարտավորություն, որը նա իր տարածքում ստանձնել է մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների կապիտալ ներդրումների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Պայմանագիրը վերաբերում է նաև այն կապիտալ ներդրումներին, որոնք իրականացրել են մի Պայմանավորվող կողմի քաղաքացիները կամ ընկերությունները մյուս Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան, նրա տարածքում` դեռևս մինչև սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Սույն Պայմանագրի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ Պայմանավորվող կողմերի միջև ծագած տարաձայնությունները, ըստ հնարավորության, պետք է լուծվեն երկու Պայմանավորվող կողմերի կառավարությունների կողմից:

2. Եթե այդ եղանակով տարաձայնությունները չեն կարող լուծվել, ապա, Պայմանավորվող կողմերից մեկի պահանջով, այն հանձնվում է միջնորդ դատարանին:

3. Միջնորդ դատարանը ստեղծվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար. ընդ որում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է միջնորդ դատարանի մեկ անդամ, և միջնորդ դատարանի երկու անդամները միասին պայմանավորվում են երրորդ պետության քաղաքացու թեկնածության վերաբերյալ, որին երկու Պայմանավորվող կողմերի կառավարությունները նշանակում են միջնորդ դատարանի նախագահ: Միջնորդ դատարանի անդամները պետք է նշանակվեն երկու ամսվա ընթացքում, իսկ միջնորդ դատարանի նախագահը` երեք ամսվա ընթացքում` սկսած այն պահից, երբ Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Պայմանավորվող կողմին կհայտնի տարակարծությունը միջնորդ դատարանի վճռին հանձնելու իր մտադրության մասին:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ պարբերությունում նշված ժամկետները չպահպանվեն, ապա, այլ պայմանավորվածության բացակայության դեպքում, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է անհրաժեշտ նշանակումներն իրականացնելու նպատակով դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարանի նախագահին:

Եթե նախագահը Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացիություն ունի կամ մեկ ուրիշ պատճառ նրան խանգարում է` իրականացնելու այդ գործունեությունը, ապա նշանակումները կկատարի փոխնախագահը: Եթե փոխնախագահը ևս Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացիություն ունի կամ որևէ այլ պատճառով չի կարող նշանակումներ կատարել, ապա նշանակումները կկատարի Միջազգային դատարանի` ըստ աստիճանի հաջորդ անդամը, որը Պայմանավորվող կողմերից ոչ մեկի քաղաքացիություն չունի:

5. Միջնորդ դատարանն իր վճիռը կայացնում է ձայների մեծամասնությամբ: Նրա վճիռները ունեն պարտադիր ուժ: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կրում է միջնորդ դատարանի իր նշանակած անդամի գործունեության, ինչպես նաև դատական գործընթացում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը, միջնորդ դատարանի նախագահի գործունեության հետ կապված ծախսերը. ինչպես նաև մյուս ծախսերը Պայմանավորվող կողմերը կրում են հավասարապես: Միջնորդ դատարանը կարող է ծախսերի կարգավորման վերաբերյալ այլ որոշում ընդունել: Մնացած բոլոր հարցերում միջնորդ դատարանը իր աշխատակարգը որոշում է ինքնուրույն:

6. Եթե երկու Պայմանավորվող կողմերը կապիտալ ներդրումների վերաբերյալ պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև վեճերի կարգավորման 1965 թվականի մարտի 18-ի Կոնվենցիայի մասնակից պետություններ են հանդիսանում, ապա հաշվի առնելով տվյալ Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 1-ին պարբերության դրույթները` սույն հոդվածում հիշատակված միջնորդ դատարանին դիմել հնարավոր չէ, եթե մի Պայմանավորվող կողմի քաղաքացու կամ ընկերության և մյուս Պայմանավորվող կողմի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Կոնվենցիայի 25-րդ հոդվածին համապատասխան: Դրանով չի շոշափվում սույն հոդվածում հիշատակված միջնորդ դատարանին դիմելու հնարավորությունը հիշյալ Կոնվենցիային /հոդված 27/ համապատասխան գործող միջնորդ դատարանի վճիռը չհարգելու դեպքում կամ օրենքի կամ գործարքի հիման վրա իրավունքը փոխանցելու դեպքում /սույն Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն/:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացու կամ ընկերության միջև կապիտալ ներդրումների առնչությամբ տարակարծությունները, ըստ հնարավորին, պետք է Կողմերը կարգավորեն փոխադարձ համաձայնությամբ:

2. Եթե վեճը չի կարող կարգավորվել Կողմերից մեկի` այդ մասին հայտարարելու պահից սկսած վեց ամսվա ընթացքում, ապա մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացու կամ ընկերության պահանջով այն հանձնվում է միջնորդ դատարանի վճռին: Եթե վիճաբանության Կողմերը մեկ այլ համաձայնության չեն գալիս, ապա պետք է սույն Պայմանագրի 10-րդ հոդվածի 3-5-րդ պարբերությունները համապատասխանաբար կիրառել` այն պայմանով, որ միջնորդ դատարանի անդամների նշանակումը վիճաբանության Կողմերն իրականացնեն սույն Պայմանագրի 10-րդ հոդվածի 3-րդ պարբերությանը համապատասխան, և որ Կողմերից յուրաքանչյուրը սույն Պայմանագրի 10-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում նշված ժամկետը չպահպանելու և այլ պայմանավորվածության բացակայության դեպքում կարող է դիմել Փարիզում Միջազգային առևտրաարդյունաբերական պալատի միջնորդ դատարանի նախագահին` խնդրելով կատարել անհրաժեշտ նշանակումները: Միջնորդ դատարանի որոշումն ի կատար է ածվում ազգային օրենսդրությանը համապատասխան:

3. Միջնորդ դատաքննության կամ միջնորդ դատարանի որոշման կատարման ժամանակ վիճաբանությանը մասնակցող Պայմանավորվող կողմը որպես առարկություն չի կարող ներկայացնել այլ փաստ, որ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացին կամ ընկերությունը կրած վնասի համար մասնակի կամ լրիվ փոխհատուցում է ստացել ապահովագրության հիմունքով:

4. Եթե երկու Պայմանավորվող կողմերը դարձել են նաև կապիտալ ներդրումների վերաբերյալ պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև վեճերի կարգավորման 1965 թվականի մարտի 18-ի Կոնվենցիայի մասնակից պետություններ, ապա վիճաբանության Կողմերի միջև առկա տարաձայնությունները, ըստ սույն հոդվածի, քննության է առնում վերոհիշյալ Կոնվենցիայի շրջանակում գործող միջնորդ դատարանը, բացառությամբ այն դեպքերի, որոնց նկատմամբ վիճաբանության Կողմերը այլ ընթացակարգի մասին են պայմանավորվում: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը սույնով իր համաձայնությունն է տալիս այդպիսի կարգին:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Պայմանագիրը գործում է անկախ այն բանից, թե երկու Պայմանավորվող կողմերի միջև դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերություններ գոյություն ունեն, թե ոչ:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման. վավերագրերի փոխանակումը կկատարվի հնարավորին չափ սեղմ ժամկետում:

2. Սույն Պայմանագիրը ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակումից հետո մեկ ամիս անց: Այն գործելու է տասը տարի: Եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը սույն Պայմանագիրը գրավոր չեղյալ չհայտարարի դրա գործողության ժամկետը լրանալուց տասներկու ամիս առաջ, սույն Պայմանագիրը կերկարաձգվի անսահմանափակ ժամկետով:

3. Մինչև սույն Պայմանագրի գործողության դադարեցման պահն իրականացված կապիտալ ներդրումների նկատմամբ 1-12-րդ հոդվածների դրույթները ուժի մեջ կմնան Պայմանագրի գործողության դադարեցման օրվանից հետագա քսան տարիների ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից սկսած` Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դադարում է գործել Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Խորհրդային Միության միջև 1989 թվականի հունիսի 13-ի կապիտալ ներդրումների փոխադարձ պաշտպանության և խրախուսման մասին Պայմանագիրը:

 

Կատարված է 1995 թվականի դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքում, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի օգոստոսի 4-ից:

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Կապիտալ ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջև Պայմանագիրը ստորագրելիս ներքոստորագրող լիազորները պայմանավորվեցին նաև Պայմանագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող հետևյալ դրույթների շուրջը.

 

/1/ 1-ին հոդվածի համար

 

ա/ Կապիտալ ներդրումից ստացված շահույթը և այն կրկին ներդնելու դեպքում դրանից ստացված շահույթները օգտվում են կապիտալ ներդրման համար նախատեսված հավասար պաշտպանությունից:

բ/ Քաղաքացիությունը որոշելու այլ կարգից անկախ` Պայմանավորվող կողմի քաղաքացի, մասնավորապես, համարվում է ամեն մի անձնավորություն, որն ունի համապատասխան Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից տրված ազգային անձնագիր:

 

/2/ 3-րդ հոդվածի համար

 

ա/ Սույն Պայմանագրի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերության իմաստով որպես «գործունեություն» պետք է համարել, մասնավորապես, բայց ոչ բացառապես, կապիտալ ներդրման ղեկավարումն ու տնօրինումը, ինչպես նաև դրա կիրառումը և օգտագործումը: Սույն Պայմանագրի 3-րդ հոդվածի իմաստով որպես «պակաս բարենպաստ» գործելակարգ պետք է, մասնավորապես, դիտել տարբեր մոտեցումները հումքի և օժանդակ նյութերի, էներգիայի ու վառելիքի, ինչպես նաև արտադրության միջոցների ու արտադրական նյութերի բոլոր տեսակների ստացման սահմանափակման դեպքում, տարբեր մոտեցումներ երկրի ներսում և արտասահմանում արտադրանքի վաճառքի խոչընդոտման դեպքում, ինչպես նաև համանման հետևանքներով մյուս միջոցառումները: Ի շահ հասարակական անվտանգության և հասարակական կարգի` ժողովրդի առողջության պահպանման կամ բարոյականության ձեռնարկվող միջոցները սույն Պայմանագրի 3-րդ հոդվածի իմաստով «պակաս բարենպաստ» գործելակարգ չեն համարվում:

բ/ Սույն Պայմանագրի 3-րդ հոդվածի դրույթները Պայմանավորվող կողմին չեն պարտավորեցնում հարկային արտոնությունները, հարկերից ազատումը ու զեղչերը, որ տրամադրվում են, հարկային օրենսդրությանը համապատասխան, միայն իր տարածքում բնակվող կամ գտնվող ֆիզիկական անձանց կամ ընկերություններին, տարածելու մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բնակվող կամ գտնվող ֆիզիկական անձանց կամ ընկերությունների վրա:

գ/ Պայմանավորվող կողմերը ազգային օրենսդրության շրջանակներում բարյացակամորեն կքննեն մի Պայմանավորվող կողմի այն անձանց մուտք գործելու և գտնվելու հայտերը, որոնք կապիտալի ներդրման կապակցությամբ մտադիր են գալ մյուս Պայմանավորվող տարածք. տվյալ դրույթը տարածվում է նաև մի Պայմանավորվող կողմի աշխատավորների վրա, որոնք կապիտալ ներդրման կապակցությամբ մտադիր են գալ մյուս Պայմանավորվող կողմի տարածք: Տվյալ դրույթը տարածվում է նաև մի Պայմանավորվող կողմի աշխատավորների վրա, որոնք կապիտալ ներդրման կապակցությամբ մտադիր են գալ մյուս Պայմանավորվող կողմի տարածք և այնտեղ գտնվել աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով: Բարյացակամորեն կքննվեն նաև աշխատանքի թույլտվություն ստանալու հայտերը:

 

/4/ 4-րդ հոդվածի համար

 

Փոխհատուցում պահանջելու իրավունք գոյություն ունի նաև այն դեպքերում, եթե պետությունն իր միջոցառումներով միջամտում է կապիտալ ներդրման առարկա հանդիսացող ձեռնարկմանը և դրանով իսկ էական տնտեսական վնաս հասցնում նրան:

 

/5/ 7-րդ հոդվածի համար

 

Փոխանցումը սույն Պայմանագրի 7-րդ հոդվածի առաջին պարբերության իմաստով «անհապաղ» կատարված է համարվում այն դեպքում, եթե կատարվում է այն ժամկետի սահմաններում, որը սովորաբար պահանջվում է փոխանցումն իրականացնելու ձևակերպումները պահպանելու համար: Ժամկետն սկսվում է համապատասխան հայտը ներկայացնելու պահից և ոչ մի պարագայում չի կարող գերազանցել երկու ամիս ժամկետը:

6/ Կապիտալ ներդրման կապակցությամբ բեռների և մարդկանց փոխադրման ժամանակ Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի արգելի և չի խանգարի մյուս Պայմանավորվող կողմի տրանսպորտային ձեռնարկություններին` կատարելու տրանսպորտային գործողություններ և, անհրաժեշտության դեպքում, այդ փոխադրումները կատարելու թույլտվություն կտա:

Հիշյալ փոխադրումներին են վերաբերում`

ա/ սույն Պայմանագրի իմաստով անմիջականորեն կապիտալ ներդրումների համար նախատեսված բեռների կամ Պայմանավորվող կողմերից մեկի կամ երրորդ պետության տարածքում որևէ ձեռնարկության կողմից կամ որևէ ձեռնարկության պատվերով ձեռք բերվող բեռների փոխադրումները, որոնցում, սույն Պայմանագրի իմաստով, գույքային արժեքներ են ներդրված,

բ/ այն անձանց փոխադրումները, որոնք կապիտալի ներդրման կապակցությամբ գործուղման մեջ են գտնվում:

 

Կնքված է 1995 թվականի դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքում, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
21.12.1995
Միջազգային պայմանագիր