Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

i

    Կոտայքի մարզի առաջին              Քաղաքացիական գործ թիվ 3-2128(Ա)

ատյանի դատարանի վճիռ 2006թ.

Քաղաքացիական գործ թիվ 2-1142

Նախագահող դատավոր` Ն.Գալստյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ            Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                             Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                             Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                             Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2006թ. հոկտեմբերի 26-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով պատասխանող Շ.Բաբայանի ներկայացուցիչ Ս.Այխանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 28.11.2003 թվականին թիվ 2-1142 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ հայցի «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի (այսուհետ` Բանկ) ղեկավարի ընդդեմ Շահեն Բաբայանի` 10.748.853,30 ՀՀ դրամի (տաս միլիոն յոթ հարյուր քառասունութ հազար ութ հարյուր հիսուներեք ՀՀ դրամ և երեսուն լումա) պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Հայցվորը, դիմելով դատարան, պահանջել է հօգուտ իրեն պատասխանողից բռնագանձել 10.748.853 ՀՀ դրամ 30 լումա գումար` որպես չկատարված վարկային պարտավորության և դրանց նկատմամբ հաշվարկված տոկոսների և տույժերի գումար:

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 2003 թվականի նոյեմբերի 28-ի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` պատասխանող Շահեն Բաբայանից հօգուտ Բանկի բռնագանձվել է 2.308.528 ՀՀ դրամ 70 լումա:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել պատասխանող Շահեն Բաբայանի ներկայացուցիչը:

Բողոք բերած անձը խնդրել է բեկանել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 2003 թվականի նոյեմբերի 28-ի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Բանկի իրավահաջորդ «Արարատ» բանկ ՓԲԸ-ն:

Վճռաբեկ բողոքին լրացում չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմք, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.

1/ Դատարանը խախտել է (չի կիրառել) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:

Նշված հոդվածի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Այնինչ պատասխանողը պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի օրվա և ժամի մասին, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վճիռը բեկանելու հիմք է, քանի որ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձի բացակայությամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի դեմ հայցվորի ներկայացրած հակափաստարկները.

Վճռաբեկ բողոքին ներկայացված պատասխանում, հայցվոր կողմը վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երրորդ մասը, համաձայն որի` դատարանի ըստ էության ճիշտ վճիռը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով, նշել է, որ պատասխանողի այն պատճառաբանությունները, որ ինքը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից և այն, որ իրեն պատշաճ ձևով չեն ծանուցել դատական նիստի մասին, չի կարող վճռի բեկանման հիմք հանդիսանալ, քանի որ դատարանը ըստ էության ճիշտ վճիռ է կայացրել, իսկ դատարանի` ըստ էության ճիշտ վճիռը չի կարող ձևական նկատառումներով բեկանվել: Դատարանը պատշաճ ձևով ծանուցել է պատասխանողին, սակայն վերջինը չի ներկայացել դատական նիստերին, ինչի հետևանքով դատական նիստերը անընդհատ հետաձգվել են: Բացի այդ, պատասխանողը բաց է թողել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված բողոք բերելու ժամկետները, իսկ պատասխանողի այն պնդումը, որ իր խախտված իրավունքների մասին իմացել է 2006 թվականի սեպտեմբեր ամսին, հիմնավոր չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) պատասխանող Շ.Բաբայանը պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի օրվա և ժամի մասին:

2) Գործի դատական քննությունը կատարվել է պատասխանողի բացակայությամբ:

3) Հարկադիր կատարողի 09.03.2004 թվականի որոշմամբ կատարողական վարույթն ավարտվել է` պարտապանի գտնվելու վայրը անհայտ լինելու հիմքով:

4) Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի մեկ այլ քաղաքացիական գործով 16.11.2005 թվականին կայացված վճռով Շ.Բաբայանը ճանաչվել է Աբովյան քաղաքի Վոլկովի փողոցի 1-ին նրբանցքի 14 տան 1/2 մասի նկատմամբ Գալուստ Բաբայանի ժառանգությունն ընդունած ժառանգ և «Հայկապ» բանկի հանդեպ ունեցած Շ.Բաբայանի պարտավորության դիմաց բռնագանձումը տարածվել է այդ բաժնեմասի վրա: Այդ վճռի կատարողական գործողությունների ընթացքում ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի 06.06.2006 թվականի որոշմամբ արգելանք է դրվել Շ.Բաբայանի անձնական գույքի վրա:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով):

Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց` դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն սույն հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Սույն քաղաքացիական գործով պատասխանողը պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի օրվա և ժամի մասին: Գործում առկա չէ պատասխանողին գործի քննության ժամի և վայրի մասին պատշաճ ծանուցելու փաստը հաստատող որևէ ապացույց: Քաղաքացիական գործում առկա ծանուցագրում միայն նշված է գործի համարը, ամիս-ամսաթիվը, պատասխանողի անունը և ազգանունը. այն ստորագրված չէ ոչ ստացողի, ոչ հանձնողի կողմից, դրանում բացակայում է որևէ տեղեկություն ծանուցագրի ստացման կամ հանձնման մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունը ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է քաղաքացիադատավարական օրենքի էական խախտում:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված ծանուցման պահանջի չպահպանումը հանգեցնում է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքի խախտման: Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասում ուղղակիորեն նշված չէ, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը: Հետևաբար, Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը, գործին մասնակից չդարձած անձի իրավունքների վերաբերյալ վճիռ կայացնելով, չի ապահովել պատասխանողի իրական մասնակցությունը գործի քննությանը` զրկելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներից: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հիշյալ մեկնաբանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տվել է Կոլոցցան ընդդեմ Իտալիայի (12.02.1985թ., որոշման 28-րդ կետ) գործով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետի խախտումն առկա է:

Հայցվորի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկը, թե հայցվորին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով չծանուցելու հանգամանքը չի կարող վճռի բեկանման հիմք հանդիսանալ, քանի որ դատարանը ըստ էության ճիշտ վճիռ է կայացրել, Վճռաբեկ դատարանը գտնում է անհիմն, քանի որ անկախ կայացված վճռի բովանդակությունից, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն` դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

Հայցվորի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի այն փաստարկը, թե պատասխանողը բաց է թողել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված բողոք բերելու ժամկետները, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ:

Բողոքարկվող վճռի հիման վրա հարուցված կատարողական վարույթի նյութերի համաձայն, որոնք կցված են վճռաբեկ բողոքի պատասխանին, հաստատվում է այն հանգամանքը, որ Շ.Բաբայանը բացակայել է բնակության վայրից, նրա գտնվելու վայրը հայտնի չի եղել, և այդ հիմքով հարկադիր կատարողի 09.03.2004 թվականի որոշմամբ կատարողական վարույթն ավարտվել է:

Բողոք բերած անձը բողոքում նշել է, որ ինքը բողոքարկվող վճռի մասին իմացել է միայն 2006 թվականի սեպտեմբեր ամսին, երբ տեղեկացել է հարկադիր կատարողի 06.06.2006 թվականի որոշմամբ իր անձնական գույքի վրա արգելանք դրված լինելու վերաբերյալ:

Բողոք բերած անձի սույն պնդումը հերքող որևէ ապացույց քաղաքացիական գործում և բողոքի դեմ հայցվորի ներկայացրած պատասխանում առկա չէ: Տրամաբանական է, որ իր անձնական գույքի վրա արգելանք դրված լինելու մասին պատասխանողը կարող էր իմանալ ոչ շուտ, քան այդ մասին հարկադիր կատարողի որոշման կայացման օրը` 06.06.2006 թվականին:

Հետևաբար վճռաբեկ բողոքի ներկայացման համար սահմանված վեցամսյա ժամկետը բողոք բերած անձի կողմից բաց թողնված լինելու մասին հայցվորի փաստարկները հիմնավոր չեն, քանի որ վճռաբեկ բողոքը ներկայացվել է 08.09.2006 թվականին:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի հիմքում նշված դատավարական իրավունքի խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետի ուժով պատասխանող Շահեն Բաբայանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը բավարարելու և Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը ամբողջությամբ բեկանելու հիմք է:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Պատասխանող Շահեն Բաբայանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը բավարարել` Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 2003 թվականի նոյեմբերի 28-ի վճիռը բեկանել ամբողջությամբ և և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ս.ԱՆՏՈՆՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.10.2006
N 3-2128(Ա)
Որոշում