Սեղմել Esc փակելու համար:
ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳԻՐ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

i

(16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1966 Թ.)

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Սույն Դաշնագրի մասնակից պետությունները`

ուշադրության առնելով, որ, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ հռչակված սկզբունքներին համապատասխան, մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումն ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքն է,

ընդունելով, որ այդ իրավունքները բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից,

ընդունելով, որ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին համապատասխան, վախից ու կարիքից ձերբազատված մարդկային ազատ անհատի իդեալը կարող է իրականացվել, եթե միայն ստեղծվեն այնպիսի պայմաններ, երբ յուրաքանչյուրը կարող է օգտվել ինչպես իր տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներից, այնպես էլ քաղաքացիական ու քաղաքական իրավունքներից,

ուշադրության առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ պետությունները պարտավոր են խրախուսել մարդու իրավունքների և ազատությունների հանդեպ համընդհանուր հարգանքն ու դրանց պահպանումը,

գիտակցելով, որ անհատը, պարտավորություններ ունենալով այլ անձանց և այն համայնքի հանդեպ, որին ինքը պատկանում է, պետք է հետամուտ լինի սույն Դաշնագրում ճանաչվող իրավունքների խրախուսմանն ու պահպանմանը,

 

համաձայնում են ներքոհիշյալ հոդվածների շուրջ.

 

ՄԱՍ 1

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը:

2. Բոլոր ժողովուրդներն իրենց նպատակներին հասնելու համար կարող են ազատորեն տնօրինել իրենց բնական հարստությունները և ռեսուրսները` առանց խոչընդոտելու որևէ պարտավորություն, որը բխում է փոխշահավետության սկզբունքի վրա հիմնված միջազգային տնտեսական համագործակցությունից և միջազգային իրավունքից: Ոչ մի ժողովուրդ ոչ մի դեպքում չի կարող զրկվել գոյության` իրեն պատկանող միջոցներից:

3. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները, այդ թվում և նրանք, որոնք պատասխանատու են ինքնակառավարում չունեցող և խնամարկյալ տարածքների կառավարման համար, պետք է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության դրույթներին համապատասխան խրախուսեն ինքնորոշման իրավունքի իրականացումը և հարգեն այդ իրավունքը:

 

ՄԱՍ 2

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Սույն Դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է իր ունեցած ռեսուրսների առավելագույն սահմաններում, անհատապես և միջազգային օգնության ու համագործակցության միջոցով, ձեռնարկել միջոցներ, մասնավորապես, տնտեսական և տեխնիկական բնագավառներում, առաջադիմորեն հասնելու համար սույն Դաշնագրում ճանաչվող իրավունքների լիարժեք իրականացմանը` բոլոր պատշաճ միջոցներով, ներառյալ, մասնավորապես, օրենսդրական միջոցների ընդունմամբ:

2. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են երաշխավորել, որ սույն Դաշնագրով հռչակված իրավունքները կիրականացվեն առանց որևէ խտրականության, այն է` անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ծննդից, գույքային կամ այլ դրությունից:

3. Զարգացող երկրները, պատշաճ կերպով հաշվի առնելով մարդու իրավունքները և իրենց ազգային տնտեսությունը, կարող են որոշել, թե սույն Դաշնագրով ճանաչվող տնտեսական իրավունքներն իրենք ինչ ծավալով պետք է երաշխավորեն իրենց քաղաքացի չհանդիսացող անձանց համար:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են տղամարդկանց և կանանց համար ապահովել սույն Դաշնագրով նախատեսված բոլոր տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներից օգտվելու հավասար իրավունք:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Դաշնագրի մասնակից պետություններն ընդունում են, որ պետությունը կարող է սույն Դաշնագրին համապատասխան իր սահմանած իրավունքների իրականացումը ենթարկել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանվում են օրենքով և միայն այնքանով, որքանով դա համատեղելի է նշված իրավունքների բնույթի հետ, և բացառապես ժողովրդավարական հասարակությունում ընդհանուր բարեկեցությանը նպաստելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Սույն Դաշնագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել այնպես, որ ենթադրվի որևէ պետության, խմբի կամ անձի իրավունքը` զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի գործողություն, որն ուղղված է սույն Դաշնագրով ճանաչված իրավունքների կամ ազատությունների վերացմանը կամ դրանց սահմանափակմանն ավելի մեծ ծավալով, քան նախատեսվում է սույն Դաշնագրով:

2. Չի թույլատրվում մարդու` օրենքի, կոնվենցիաների, ենթաօրենսդրական ակտերի կամ սովորույթների հիման վրա ցանկացած երկրում ճանաչված կամ գոյություն ունեցող հիմնարար իրավունքների որևէ սահմանափակում կամ նվազեցում այն հիմնավորմամբ, թե սույն Դաշնագիրը նման իրավունքներ չի ճանաչում կամ ճանաչում է նվազ ծավալով:

 

ՄԱՍ 3

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները ճանաչում են աշխատանքի իրավունքը, որը ներառում է յուրաքանչյուրի` իր ապրուստն այնպիսի աշխատանքով վաստակելու հնարավորության իրավունքը, որը նա ազատորեն ընտրում է, կամ որին նա ազատորեն համաձայնում է, և կձեռնարկեն այդ իրավունքի ապահովմանն ուղղված համապատասխան քայլեր:

2. Սույն Դաշնագրի մասնակից պետության կողմից այս իրավունքի լիարժեք իրականացմանը հասնելու նպատակով ձեռնարկվող քայլերն ընդգրկում են տեխնիկական և մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման ծրագրեր, տնտեսական, սոցիալական ու մշակութային անշեղ զարգացման և արտադրական լրիվ զբաղվածության ձեռքբերման ուղիներ ու մեթոդներ այնպիսի պայմաններում, որոնք երաշխավորում են մարդու քաղաքական և տնտեսական հիմնարար ազատությունները:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Դաշնագրի մասնակից պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի` աշխատանքի արդարացի և բարենպաստ պայմաններից օգտվելու իրավունքը, մասնավորապես,

ա) վարձատրություն, որը բոլոր աշխատավորների համար նվազագույնն ապահովում է.

(i) արդար աշխատավարձ և հավասարարժեք աշխատանքի դիմաց` հավասար վարձատրություն` առանց որևէ տարբերակման, մասնավորապես, կանանց համար պետք է երաշխավորվեն աշխատանքի այնպիսի պայմաններ, որոնցից օգտվում են տղամարդիկ` հավասար աշխատանքի դիմաց հավասար վճարում,

(ii) իրենց և իրենց ընտանիքների համար բավարար ապրուստ` սույն Դաշնագրի դրույթներին համապատասխան,

բ) անվտանգ և հիգիենիկ աշխատանքային պայմաններ,

գ) յուրաքանչյուրի համար իր աշխատանքում համապատասխան ավելի բարձր աստիճանով առաջխաղացման հավասար հնարավորություն` պայմանավորված բացառապես աշխատանքային ստաժով և որակավորմամբ,

դ) հանգստի, ժամանցի հնարավորություն և աշխատանքային ժամանակի ողջամիտ սահմանափակում ու վճարովի պարբերական արձակուրդ, ինչպես նաև` վարձատրություն տոնական օրերի դիմաց:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են ապահովել`

ա) յուրաքանչյուրի` իր տնտեսական և սոցիալական շահերի ներկայացման ու պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու և իր ընտրությամբ արհեստակցական միության անդամակցելու իրավունքը` համապատասխան կազմակերպության կանոնների պահպանման միակ պայմանով: Նշված իրավունքի իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի այն սահմանափակումներից, որոնք նախատեսվում են օրենքով, և որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակական կարգի, կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության,

բ) արհեստակցական միությունների` ազգային դաշնություններ կամ համադաշնություններ կազմելու իրավունքը և վերջիններիս` միջազգային արհեստակցական կազմակերպություններ ստեղծելու ու կամ դրանց միանալու իրավունքը,

գ) արհեստակցական միությունների ազատորեն գործելու իրավունքը` առանց որևէ սահմանափակման, բացի այն սահմանափակումներից, որոնք նախատեսվում են օրենքով, և որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակական կարգի, կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության,

դ) գործադուլի իրավունքը` այն տվյալ երկրի օրենքներին համապատասխան իրականացնելու պայմանով:

2. Սույն հոդվածը չի խոչընդոտում այս իրավունքներն իրականացնելու օրինական սահմանափակումների նախատեսում այն անձանց համար, ովքեր մտնում են պետության զինված ուժերի, ոստիկանության կամ վարչակազմի մեջ:

3. Սույն հոդվածում ոչինչ իրավունք չի տալիս Աշխատանքի միջազգային կազմակերպության` Միավորումներ կազմելու ազատության և կազմակերպվելու իրավունքի պաշտպանության վերաբերյալ 1948 թ. կոնվենցիայի մասնակից պետություններին` ընդունելու նշված Կոնվենցիայով նախատեսվող երաշխիքներին ի վնաս օրենսդրական ակտեր կամ օրենքը կիրառելու ի վնաս այդ երաշխիքների:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Դաշնագրի մասնակից պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի` սոցիալական ապահովության, ներառյալ սոցիալական ապահովագրության, իրավունքը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Դաշնագրի մասնակից պետություններն ընդունում են, որ.

1. Ընտանիքին, որը հասարակության բնական ու հիմնական խմբային միավորն է, պետք է ըստ հնարավորին տրամադրվեն ամենալայն պաշտպանություն և աջակցություն, մասնավորապես, ընտանիքի կազմավորման ժամանակ և քանի դեռ ընտանիքը պատասխանատու է ոչ ինքնուրույն երեխաների խնամքի ու կրթության համար: Ամուսնությունը պետք է կայանա ամուսնացողների ազատ համաձայնությամբ:

2. Հատուկ պաշտպանություն պետք է տրամադրվի հղի կանանց` մինչև ծննդաբերությունը և դրանից հետո ընկած ողջամիտ ժամանակաշրջանի ընթացքում: Այդ ժամանակաշրջանի ընթացքում աշխատող մայրերին պետք է տրամադրվի վճարովի արձակուրդ կամ արձակուրդ` սոցիալական ապահովության բավարար նպաստներով:

3. Պաշտպանության և օգնության հատուկ միջոցներ պետք է ձեռնարկվեն բոլոր երեխաների ու դեռահասների համար` առանց որևէ խտրականության ընտանեկան ծագման կամ այլ հատկանիշով: Երեխաներն ու դեռահասները պետք է պաշտպանված լինեն տնտեսական և սոցիալական շահագործումից: Նրանց բարոյականության կամ առողջության համար վնասակար կամ կյանքի համար վտանգավոր, կամ բնականոն զարգացման համար հնարավոր վնասակար բնագավառում նրանց աշխատանքի օգտագործումը պետք է պատժելի լինի օրենքով: Պետությունները պետք է նաև սահմանեն տարիքային սահմանափակումներ, որից ցածր տարիքի երեխայի վճարովի աշխատանքն արգելվում է և պատժվում օրենքով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի` իր ու իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում` բավարար սննդի, հագուստի ու բնակարանի, և կենսապայմանների շարունակական բարելավման իրավունքը: Մասնակից պետությունները կձեռնարկեն պատշաճ միջոցներ` այդ իրավունքի իրականացումն ապահովելու համար, այս կապակցությամբ ընդունելով ազատ կամքի արտահայտության վրա հիմնված միջազգային համագործակցության կարևոր նշանակությունը:

2. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները, ճանաչելով յուրաքանչյուրի` սովի չմատնվելու հիմնարար իրավունքը, անհատապես և միջազգային համագործակցությամբ ձեռնարկում են միջոցներ, ներառյալ` հատուկ ծրագրերը, որոնք նպատակ ունեն.

ա) բարելավելու սննդամթերքի արտադրության, պահպանման և բաշխման մեթոդները` տեխնիկական և գիտական գիտելիքի սպառիչ օգտագործման, սնման սկզբունքների մասին գիտելիքի տարածման և ագրարային համակարգերի զարգացման կամ բարենորոգման միջոցով այնպես, որպեսզի ապահովվեն բնական ռեսուրսների առավել արդյունավետ զարգացումն ու օգտագործումը,

բ) հաշվի առնելով ինչպես սննդամթերք ներմուծող, այնպես էլ արտահանող երկրների հիմնահարցերը` ապահովելու պարենի համաշխարհային պաշարների արդարացի բաշխումը` պահանջմունքի հարաբերությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի` ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույնս հասանելի մակարդակից օգտվելու իրավունքը:

2. Սույն Դաշնագրի մասնակից պետությունների կողմից այս իրավունքի լիարժեք իրականացումն ապահովելու նպատակով ձեռնարկվող միջոցներն ընդգրկում են միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են.

ա) մեռելածնության ու մանկական մահացության կրճատման ապահովման և երեխայի առողջ զարգացման համար,

բ) շրջակա միջավայրի և արդյունաբերության մեջ աշխատանքի հիգիենայի բոլոր կողմերի բարելավման համար,

գ) համաճարակային, տեղաճարակային, մասնագիտական և այլ հիվանդությունների կանխարգելման, բուժման և վերահսկման համար,

դ) այնպիսի պայմանների ստեղծման համար, որոնք հիվանդության դեպքում բոլորի համար կապահովեն բժշկական օգնություն և բժշկական խնամք:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի կրթության իրավունքը: Նրանք համաձայնում են, որ կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատի և նրա արժանապատվության գիտակցման լիակատար զարգացմանը և պետք է ամրապնդի հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ: Մասնակից պետություններն այնուհետև համաձայնում են, որ կրթությունը բոլորին պետք է հնարավորություն ընձեռի արդյունավետ մասնակցություն ունենալ ազատ հասարակությանը, նպաստելու բոլոր ազգերի և ռասայական, էթնիկական կամ կրոնական բոլոր խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու բարեկամությանը և աջակցելու խաղաղության պահպանման ուղղությամբ Միավորված ազգերի կազմակերպության գործունեությանը:

2. Սույն Դաշնագրի մասնակից պետություններն ընդունում են, որ այդ իրավունքի լիարժեք իրականացման նպատակով.

ա) տարրական կրթությունը պարտադիր է և անվճար բոլորի համար,

բ) միջնակարգ կրթությունը` իր տարբեր ձևերով, ներառյալ` միջնակարգ տեխնիկական և մասնագիտական կրթությունը, բաց և մատչելի է բոլորի համար` բոլոր համապատասխան միջոցներով, մասնավորապես, առաջադիմական անվճար կրթություն մտցնելու միջոցով,

գ) բարձրագույն կրթությունը, ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների, հավասարապես մատչելի է բոլորի համար` բոլոր համապատասխան միջոցներով, մասնավորապես, առաջադիմական անվճար կրթություն մտցնելու միջոցով,

դ) հիմնական կրթությունը խրախուսվում կամ հնարավորինս ակտիվացվում է այն անձանց համար, ովքեր չեն անցել կամ չեն ավարտել իրենց տարրական կրթության լրիվ դասընթացը,

ե) պետք է ակտիվորեն իրականացնել բոլոր մակարդակների դպրոցների համակարգի զարգացումը, սահմանել կրթաթոշակների բավարար համակարգ և շարունակաբար կատարելագործել ուսուցչական կազմի նյութական պայմանները:

3. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են հարգել ծնողների և համապատասխան դեպքերում օրինական խնամակալների` իրենց երեխաների համար պետական իշխանության կողմից ստեղծված դպրոցներից բացի այլ դպրոցների ընտրության ազատությունը, որոնք համապատասխանում են պետության կողմից սահմանվող կամ հաստատվող կրթական նվազագույն ստանդարտներին, ինչպես նաև իրենց երեխաների կրոնական և բարոյական դաստիարակությունը սեփական համոզմունքին համապատասխան ապահովելու նրանց ազատությունը:

4. Սույն հոդվածի ոչ մի մաս չպետք է մեկնաբանվի որպես առանձին անձանց և մարմինների` ուսումնական հաստատություններ ստեղծելու և դրանք սույն հոդվածի 1-ին կետում շարադրված սկզբունքներին և նման հաստատություններում այնպիսի նվազագույն ստանդարտներին համապատասխան ղեկավարելու ազատության սահմանափակում, որոնք կարող են սահմանվել պետության կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն, որը մասնակից դառնալու ժամանակ իր մետրոպոլիայի տարածքում կամ իր իրավազորության ներքո գտնվող մյուս տարածքներում չի կարողացել ապահովել պարտադիր անվճար տարրական կրթություն, պարտավորվում է երկու տարվա ընթացքում մշակել և ընդունել միջոցառումների մանրամասն ծրագիր, պարտադիր անվճար տարրական կրթության սկզբունքը ողջամիտ ժամկետում, որը պետք է նշված լինի այդ ծրագրում, աստիճանաբար կենսագործելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

1. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի իրավունքը`

ա) մասնակցելու մշակութային կյանքին,

բ) օգտվելու գիտական առաջընթացի և դրա կիրառման բարիքներից,

գ) օգտվելու այն բարոյական և նյութական շահերի պաշտպանությունից, որոնք առաջանում են իր հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական ցանկացած երկի կապակցությամբ:

2. Սույն Դաշնագրի մասնակից պետությունների կողմից այդ իրավունքի լիարժեք իրականացման նպատակով ձեռնարկվող միջոցներին դասվում են նրանք, որոնք անհրաժեշտ են կրթության ու մշակույթի նվաճումների պահպանման, զարգացման և տարածման համար:

3. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են հարգել գիտական հետազոտությունների և ստեղծագործական գործունեության համար անհրաժեշտ ազատությունը:

4. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները ճանաչում են գիտական ու մշակութային բնագավառներում միջազգային կապերի և համագործակցության խրախուսումից ու զարգացումից բխող օգուտը:

 

ՄԱՍ 4

 

ՀՈԴՎԱԾ 16

 

1. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են Դաշնագրի սույն մասին համապատասխան ներկայացնել զեկույցներ իրենց ձեռնարկած միջոցառումների և սույն Դաշնագրով ճանաչվող իրավունքների պահպանման ասպարեզում ձեռք բերված առաջընթացի մասին:

2. ա) Բոլոր զեկույցները ներկայացվում են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրանց պատճեններն ուղարկում է Տնտեսական և սոցիալական խորհրդի քննությանը` սույն Դաշնագրի դրույթներին համապատասխան:

բ) Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը նաև մասնագիտացված հաստատություններին է ուղարկում սույն Դաշնագրի մասնակից և միաժամանակ այդ հաստատությունների անդամ պետությունների զեկույցների կամ դրանց ցանկացած համապատասխան հատվածների պատճեններն այնքանով, որքանով նման զեկույցները կամ այդ զեկույցների հատվածները վերաբերում են բոլոր այն հարցերին, որոնք մտնում են վերը նշված հաստատությունների պարտականությունների շրջանակների մեջ` նրանց հիմնադիր ակտերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

1. Սույն Դաշնագրի մասնակից պետություններն իրենց զեկույցները ներկայացնում են փուլ առ փուլ, այն ծրագրին համապատասխան, որը պետք է սահմանի Տնտեսական և սոցիալական խորհուրդը սույն Դաշնագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում` մասնակից պետությունների և շահագրգիռ մասնագիտացված հաստատությունների հետ խորհրդակցելուց հետո:

2. Զեկույցները կարող են մատնանշել այն գործոններն ու դժվարությունները, որոնք ազդում են սույն Դաշնագրով ստանձնված պարտավորությունների կատարման աստիճանի վրա:

3. Եթե համապատասխան տեղեկատվությունը սույն Դաշնագրի որևէ մասնակից պետություն ավելի վաղ է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպությանը կամ որևէ մասնագիտացված հաստատություն, ապա այդ տեղեկատվությունը վերաշարադրելու անհրաժեշտություն չկա և բավական կլինի ճշգրիտ հղումը ներկայացված տեղեկատվությանը:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Տնտեսական և սոցիալական խորհուրդը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ասպարեզում Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ նախատեսված իր պարտականությունների համաձայն, կարող է համաձայնության գալ մասնագիտացված հաստատությունների հետ սույն Դաշնագրի` իրենց գործունեության ոլորտին վերաբերող դրույթների կատարման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացի մասին իրեն զեկույցներ ներկայացնելու վերաբերյալ: Այդ զեկույցները կարող են ներառել տվյալներ` հիշյալ դրույթների կատարման մասին իրենց իրավասու մարմինների ընդունած որոշումների և հանձնարարականների վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Տնտեսական և սոցիալական խորհուրդը կարող է քննության առնելու և ընդհանուր հանձնարարականներ տալու համար կամ համապատասխան դեպքերում, որպես ի գիտություն, Մարդու իրավունքների հանձնաժողովին փոխանցել մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներ, որոնք 16-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան ներկայացրել են պետությունները, և մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներ, որոնք 18-րդ հոդվածին համապատասխան ներկայացրել են մասնագիտացված հաստատությունները:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Սույն Դաշնագրի մասնակից շահագրգիռ պետությունները և մասնագիտացված հաստատությունները կարող են Տնտեսական և սոցիալական խորհրդին ներկայացնել դիտողություններ 19-րդ հոդվածի համաձայն ընդունված ցանկացած ընդհանուր հանձնարարականի կամ նման ընդհանուր հանձնարարականի հղման կապակցությամբ, որը տեղ է գտնում Մարդու իրավունքների հանձնաժողովի ցանկացած զեկույցում կամ ցանկացած փաստաթղթում, որում առկա է այդ հղումը:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Տնտեսական և սոցիալական խորհուրդը կարող է ժամանակ առ ժամանակ Գլխավոր ասամբլեային ներկայացնել զեկույցներ` ընդհանուր բնույթի հանձնարարականներով և ձեռնարկված միջոցառումների ու սույն Դաշնագրով ճանաչվող իրավունքների ընդհանուր պահպանման ապահովման բնագավառում ձեռք բերված առաջընթացի մասին սույն Դաշնագրի մասնակից պետությունների և մասնագիտացված հաստատությունների ներկայացրած տեղեկատվության համառոտ շարադրանքով:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Տնտեսական և սոցիալական խորհուրդը կարող է Միավորված ազգերի կազմակերպության մյուս մարմինների, նրանց օժանդակ մարմինների և տեխնիկական օգնության տրամադրման գործով զբաղվող մասնագիտացված հաստատությունների ուշադրությունը հրավիրել սույն Դաշնագրի այս մասում հիշատակված զեկույցների կապակցությամբ ծագող հիմնահարցերի վրա, որոնք կարող են այդ մարմինների համար օգտակար լինել իրենց իրավասությունների շրջանակներում միջազգային այն միջոցների նպատակահարմարությունը որոշելիս, որոնք կարող էին նպաստել սույն Դաշնագրի աստիճանական արդյունավետ կենսագործմանը:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

Սույն Դաշնագրի մասնակից պետությունները համաձայնում են, որ սույն Դաշնագրով ճանաչվող իրավունքների իրականացմանը նպաստող միջազգային միջոցառումները ներառում են այնպիսի մեթոդներ, ինչպիսին են կոնվենցիաների կնքումը, հանձնարարականների ընդունումը, տեխնիկական օգնության տրամադրումը և խորհրդատվության նպատակով տարածաշրջանային հանդիպումների ու տեխնիկական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև շահագրգիռ կառավարությունների հետ համատեղ կազմակերպված հետազոտությունները:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

Սույն Դաշնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության և մասնագիտացված հաստատությունների կանոնադրությունների դրույթների նշանակության նվազեցում, որոնք սահմանում են Միավորված ազգերի կազմակերպության զանազան մարմինների և մասնագիտացված հաստատությունների համապատասխան պարտականություններն այն հարցերի կապակցությամբ, որոնց վերաբերում է սույն Դաշնագիրը:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

Սույն Դաշնագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես բոլոր ժողովուրդների` իրենց բնական հարստություններից և ռեսուրսներից լիարժեքորեն ու ազատորեն օգտվելու և դրանք օգտագործելու անկապտելի իրավունքի նվազեցում:

 

ՄԱՍ 5

 

ՀՈԴՎԱԾ 26

 

1. Սույն Դաշնագիրը բաց է ստորագրման Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետության կամ այդ Կազմակերպության ցանկացած մասնագիտացված հաստատության անդամ պետության, Միջազգային դատարանի ստատուսի ցանկացած անդամ պետության և Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից սույն Դաշնագրին մասնակից դառնալու հրավիրված ցանկացած այլ պետության համար:

2. Սույն Դաշնագիրը ենթակա է վավերացման: Վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

3. Սույն Դաշնագիրը բաց է միանալու սույն հոդվածի 1-ին կետում նշված ցանկացած պետության համար:

4. Միանալը կատարվում է միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով:

5. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Դաշնագիրն ստորագրած կամ դրան միացած բոլոր պետություններին ծանուցում է յուրաքանչյուր վավերագրի կամ միանալու վերաբերյալ փաստաթղթի ի պահ հանձնելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

1. Սույն Դաշնագիրն ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին երեսունհինգերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս անց:

2. Երեսունհինգերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո սույն Դաշնագիրը վավերացրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության համար սույն Դաշնագիրն ուժի մեջ է մտնում իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս անց:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

Սույն Դաշնագրի դրույթները տարածվում են դաշնային պետությունների բոլոր մասերի վրա` առանց որևէ սահմանափակման կամ բացառության:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

1. Սույն Դաշնագրի մասնակից ցանկացած պետություն կարող է առաջարկել լրացումներ ու փոփոխություններ և դրանք ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարը, այնուհետև, առաջարկված ցանկացած լրացում կամ փոփոխություն ուղարկում է սույն Դաշնագրի մասնակից պետություններին` խնդրելով հայտնել, թե նրանք համաձայն են արդյոք այդ առաջարկությունները քննության առնելու և դրանց առթիվ քվեարկություն անցկացնելու նպատակով մասնակից պետությունների խորհրդաժողով հրավիրել: Եթե մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդն արտահայտվում է նման խորհրդաժողովի օգտին, ապա Գլխավոր քարտուղարը խորհրդաժողովը հրավիրում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո: Խորհրդաժողովին ներկա և քվեարկությանը մասնակից պետությունների մեծամասնությամբ ընդունված ցանկացած լրացում կամ փոփոխություն ներկայացվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հաստատմանը:

2. Լրացումներն ու փոփոխություններն ուժի մեջ են մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատվելուց և սույն Դաշնագրի մասնակից պետությունների երկու երրորդի մեծամասնությամբ իրենց սահմանադրական ընթացակարգերին համապատասխան ընդունվելուց հետո:

3. ՈՒժի մեջ մտնելուց հետո լրացումներն ու փոփոխությունները դառնում են պարտադիր դրանք ընդունած մասնակից պետությունների համար, իսկ մյուս մասնակից պետությունների համար պարտադիր են մնում սույն Դաշնագրի դրույթները և նախկինում կատարված ու նրանց կողմից ընդունված լրացումներն ու փոփոխությունները:

 

ՀՈԴՎԱԾ 30

 

26-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն կատարվող ծանուցումներից անկախ` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը նույն հոդվածի 1-ին կետում նշված բոլոր պետություններին տեղեկացնում է ներքոհիշյալը.

ա) 26-րդ հոդվածի համաձայն` ստորագրումների, վավերացումների և միանալու մասին,

բ) 27-րդ հոդվածի համաձայն` սույն Դաշնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվի, և 29-րդ հոդվածի համաձայն` ցանկացած լրացման ու փոփոխության ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 31

 

1. Սույն Դաշնագիրը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության արխիվ:

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Դաշնագրի հաստատված պատճեններն ուղարկում է 26-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին:

 

* Դաշնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 13-ից:

 

 

pin
16.12.1966
Միջազգային դաշնագիր