Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 52-ՐԴ ԵՎ 69...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 52-ՐԴ ԵՎ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ        Քաղաքացիական գործ թիվ 3-2504(ՏԴ)

    Նախագահող դատավոր` Գ.Ղարիբյան                           2006թ.

Քաղաքացիական գործ թիվ Տ-2188

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

2006 թվականի դեկտեմբերի 21-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` վարչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 03.10.2006 թվականի թիվ Տ-2188 վճռի դեմ ըստ վարչության հայցի ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան վարչությունը պահանջել է բռնագանձել ընկերությունից 5.238.558 ՀՀ դրամ պարտքի գումարը:

ՀՀ տնտեսական դատարանի 03.10.2006 թվականի թիվ Տ-2188 վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է վարչությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասի և 69-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

 

Ընկերությունը լուծարված չէ, ուստի նա ունի իրավունքներ և պարտականություններ:

 

2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-435-րդ հոդվածների պահանջները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

Նշված հոդվածները նախատեսում են պարտավորությունների դադարման հիմքերը: Ընկերության գույքի վաճառքը հիմք չէ նրա համապատասխան պարտավորության դադարման համար:

 

3) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով. Դատարանը վճռի պատճառաբանական մասում չի նշել ոչ մի օրենք կամ այլ իրավական ակտ, որոնցով ղեկավարվել է վարչության հայցի մերժումը հիմնավորելիս:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 03.10.2006 թվականի թիվ Տ-2188 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1) ՀՀ կառավարության 22.09.1997 թվականի թիվ 405 որոշմամբ Երևան քաղաքի, Արցախի փողոց 32 հասցեում գտնվող տարածքը սեփականաշնորհվել է ընկերությանը:

2) Ընկերության հետ կնքված 12.12.1997 թվականի թիվ 5948 սեփականաշնորհման պայմանագրի համաձայն տարածքի արժեքը կազմում է 7.290.504 ՀՀ դրամ: Առաջին վճարումը` 2.204.525 ՀՀ դրամի չափով, ընկերությունը կատարել է 10.12.1997 թվականին, որից հետո վճարումներ չեն կատարվել (գ.թ. 14-15):

3) 02.06.2001 թվականի «Հայաստան» օրաթերթում (թիվ` 19(22620)) հայտարարություն է հրապարակվել ընկերության լուծարման վերաբերյալ (գ.թ. 20-21):

4) 05.06.2001 թվականին ընկերության տնօրենը դիմում է ներկայացրել ՀՀ պետական ռեգիստրի Էրեբունու տարածքային բաժնի պետին լուծարման գործընթացը սկսելու և լուծարային հանձնաժողովը գրանցելու մասին (գ.թ. 22):

5) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Էրեբունի-Նուբարաշեն բաժանմունքի կողմից հրապարակային սակարկությունների միջոցով վաճառվել է ընկերությանը պատկանող Երևան քաղաքի, Արցախի փողոց 32 հասցեում գտնվող տարածքը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Հայցը մերժելիս տնտեսական դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ 02.06.2001 թվականին N 19(22620) «Հայաստան» օրաթերթում հայտարարություն է տրվել ընկերության լուծարման վերաբերյալ, իսկ վերջինիս տնօրենը լուծարման մասին դիմում է ներկայացրել ՀՀ պետական ռեգիստրի Էրեբունու տարածքային բաժնի պետին:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է նրա ստեղծման և դադարում է լուծարման ավարտի պահից, իսկ 69-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած, պետական գրանցման պահից:

Նույնաբովանդակ նորմ պարունակում է նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետը, որի համաձայն իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը դադարած, այդ մասին պետական գրանցամատյանում գրառման պահից, ինչի մասին տրվում է տեղեկանք:

Սույն քաղաքացիական գործի նյութերում առկա չէ պետական գրանցամատյանում գրառում կատարելու մասին տեղեկանք կամ որևէ այլ թույլատրելի ապացույց այն մասին, որ ընկերությունը լուծարված է, իսկ նրա գոյությունը` դադարած:

 

2) վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ տնտեսական դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ ամբողջությամբ մարված են ընկերության հարկային պարտավորությունները ՀՀ պետական բյուջեի նկատմամբ: Միաժամանակ, դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ներկայումս Երևան քաղաքի, Արցախի 32 շենքի հասցեում գտնվող տարածքի սեփականատեր է հանդիսանում քաղաքացի Լենա Գևորգյանը, վարչության հայցապահանջը գնահատել է անհիմն:

Պարտավորությունների դադարման հիմքերը սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 27-րդ գլխի 423-435-րդ հոդվածներով: Ընդ որում, օրենսդիրը սահմանել է, որ պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:

Ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-435-րդ հոդվածներով, այնպես էլ սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի որևէ իրավական ակտով, ինչպես նաև Արցախի փողոցի 32 հասցեում գտնվող տարածքն օտարելու մասին պայմանագրով ընկերության պարտավորություններն երրորդ անձանց նկատմամբ չեն դադարել:

 

3) վճռաբեկ բողոքն երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը: Մինչդեռ, ՀՀ տնտեսական դատարանի վճռում նշված չեն և ոչ մի օրենք կամ այլ իրավական ակտ, որոնցով ղեկավարվել է դատարանը վեճը լուծելիս:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ տնտեսական դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքերի առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բեկանելու հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 03.10.2006 թվականի թիվ Տ-2188 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս.ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.12.2006
N 3-2504(ՏԴ)
Որոշում