ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ Քաղաքացիական գործ թիվ 3-1818 (ՎԴ)
դատարանի վճիռ 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-2719
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
դատավորներ` Ն. Հովսեփյան
Մ. Ասատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ` Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ս. Գյուրջյանի
Է. Հայրիյանի
Ս. Սարգսյանի
2007 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռ. Շիրբակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 09.10.2007 թվականի վճռի դեմ` քաղաքացիական գործով ըստ հայցի Նովելա Գևորգյանի ընդդեմ Ռուզաննա Շիրբակյանի` սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին, և ըստ Ռուզաննա Շիրբակյանի հակընդդեմ հայցի` 20.09.2005 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը` որպես շինծու գործարք, անվավեր ճանաչելու պահանջի մասին
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է ազատել պատասխանողի ապօրինի տիրապետությունից սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Բրյուսովի փողոցի 23 շենքի թիվ 34 բնակարանը, պարտավորեցնել այնտեղից դուրս բերել բնակարանում առկա իրերը:
Հակընդդեմ հայցով պատասխանողը պահանջել է անվավեր ճանաչել 20.09.2005 թվականի կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրը` որպես շինծու գործարք:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 03.05.2007 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել պատասխանող Ռ. Շիրբակյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 218-րդ հոդվածների պահանջները, ինչի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Պատասխանողի կողմից դատարան են ներկայացվել վիճելի բնակարանի մի քանի առուվաճառքի պայմանագրեր, ըստ որոնց` բնակարանը մի քանի անգամ վաճառվել և վերավաճառվել է հայցվորի և պատասխանողի ընտանիքի անդամների միջև: Այս բոլոր առուվաճառքի պայմանագրերը կնքվել են միայն ի ապահովումն հայցվորի կողմից պատասխանողին տարված վարկերի վերադարձման: Այսինքն` հայցվորը հանդիսանալով տոկոսով փոխառության գումարներ տրամադրող անձ, որպիսի հանգամանքը հիմնավորվում է նաև հայցվորի և այլ անձանց միջև կնքված գրավի պայմանագրով, մի քանի անգամ պատասխանողին տրամադրել է տոկոսով գումարներ, և ի ապահովումն գումարի վերադարձման, ամեն անգամ կնքվել են նույն բնակարանի առուվաճառքի պայմանագրեր: Յուրաքանչյուր անգամ պատասխանողի կողմից այդ գումարները վերադարձվելուց հետո վիճելի բնակարանը առուվաճառքի միջոցով վերագրանցվել է: Մինչդեռ, հետագայում հրաժարվելով կատարված առուվաճառքի գործարքը` որպես վարկի վերադարձման ապահովման միջոց ընդունելուց, հայցվորը պնդել է, որ այն ընդամենը սովորական առուվաճառքի պայմանագիր է, որով հայցվորը ձեռք է բերել վիճելի բնակարանը:
Դատարանն ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, հիշատակված պայմանագրերը, ինչպես նաև գործով ձեռքբերված այլ ապացույցները, օբյեկտիվ չի գնահատել:
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 94-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:
Գործը քննվել է պատասխանողի բացակայությամբ, որը տեղեկացված չի եղել դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Գործում առկա չէ որևէ պատշաճ ապացույց առ այն, որ դատարանը պատասխանողին տեղեկացրել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Գործի քննությանը չմասնակցելով` պատասխանողը զրկվել է իր իրավունքները պաշտպանելու, բացատրություններ, փաստարկեր և ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից: Գործը պատասխանողի բացակայությամբ քննվելու արդյունքում խախտվել է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.10.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 03.05.2007 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 30.07.2003 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Երևանի Բրյուսովի 23 շենքի թիվ 34 բնակարանը Կ. Շիրբակյանը վաճառել է Մ. Ավետիսյանին (գ.թ. 24):
2) 06.10.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով նույն բնակարանը Մ. Ավետիսյանը վաճառել է հայցվորի ամուսնուն` Հ. ՋԵհիզյանին (գ.թ. 25):
3) 12.08.2005 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վիճելի բնակարանը Հ. Ջեհիզյանը վաճառել է Ռ. Շիրբակյանին (գ.թ. 22):
4) 20.09.2005 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վիճելի բնակարանը Ռ. Շիրբակյանը վաճառել է Ն. Գևորգյանին (գ.թ. 10):
5) Ն. Գևորգյանի և Ռուզաննա ու Եվգենյա Պողոսյանների միջև 30.06.2004 թվականին կնքված գրավի պայմանագրի համաձայն` Ն. Գևորգյանից մեկ տարի ժամկետով ստացված փոխառության վերադարձման ապահովման համար գրավադրվել է Պողոսյաններին պատկանող բնակարանը (գ.թ. 23):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) Բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
i
Համաձայն նույն օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի` վերաքննիչ դատարանի վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:
Սույն գործով դատարան են ներկայացվել հետևյալ ապացույցները`
- Ն. Գևորգյանի և Ռուզաննա ու Եվգենյա Պողոսյանների միջև 30.06.2004 թվականին կնքված գրավի պայմանագիրը, համաձայն որի` Ն. Գևորգյանից մեկ տարի ժամկետով ստացված փոխառության վերադարձման ապահովման համար գրավադրվել է Պողոսյաններին պատկանող բնակարանը: Սույն ապացույցով պատասխանողը փորձել է հիմնավորել իր փաստարկն առ այն, որ հայցվորը փոխառությամբ գումարներ է տրամադրում քաղաքացիներին:
- Մ. Կպրյանի հայտարարությունը, համաձայն որի` վերջինիս միջոցով Ռ. Շիրբակյանը Ն. Գևորգյանին փոխանցել է 5.000 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև 2006 թվականի հոկտեմբեր-2007 թվականի հունվար ամիսների համար 1.250-ական ԱՄՆ դոլար գումար:
- 1.250 ԱՄՆ դոլարի վճարման 23.10.2006 թվականի և 24.11.2006 թվականի երկու հաշիվներ (գ.թ. 20-21), որոնցով պատասխանողը փորձել է հիմնավորել իր փաստարկն առ այն, որ վիճելի բնակարանի կապակցությամբ 20.09.2005 թվականին առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո հայցվորին «Թրավել+Մ» ՍՊԸ-ի միջնորդությամբ վճարվել են փոխառությամբ վերցված գումարի տոկոսներ:
- Կ. Շիրբակյանի և Մ. Ավետիսյանի միջև Երևան քաղաքի Բրյուսովի 23 շենքի թիվ 34 բնակարանի առուվաճառքի 30.07.2003 թվականի, Մ. Ավետիսյանի և Հ. Ջեհիզյանի միջև նույն բնակարանի առուվաճառքի 06.10.2004 թվականի, Հ. Ջեհիզյանի և Ռ. Շիրբակյանի միջև նույն բնակարանի առուվաճառքի 12.08.2005 թվականի և Ռ. Շիրբակյանի ու Ն. Գևորգյանի միջև նույն բնակարանի առուվաճառքի 20.09.2005 թվականի պայմանագրերը: Սույն պայմանագրերով պատասխանողը փորձել է հիմնավորել իր փաստարկն առ այն, որ հայցվորի կողմից տարբեր ժամանակահատվածներում պատասխանողին փոխառությամբ գումարներ են տրամադրվել: Փոխադարձ համաձայնությամբ գրավի պայմանագրի փոխարեն յուրաքանչյուր անգամ փոխառության վերադարձման ապահովման համար կնքվել է վիճելի բնակարանի առուվաճառքի պայմանագիր, որով սեփականության իրավունքը փոխանցվել է հայցվորին (նրա ընտանիքի անդամներից որևէ մեկին), և յուրաքանչյուր անգամ փոխառության գումարները վերադարձվելուց հետո նշված բնակարանի սեփականության իրավունքը մեկ այլ առուվաճառքի պայմանագրի կնքման միջոցով փոխանցվել է պատասխանողին:
Փաստորեն, սույն գործով 30.07.2003 թվականից մինչև 20.09.2005 թվականն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի 23 շենքի թիվ 34 վիճելի բնակարանը չորս անգամ դարձել է առուվաճառքի առարկա, ընդ որում` հայցվորի և պատասխանողի ընտանիքի անդամների միջև, բնակարանի առուվաճառքի 20.09.2005 թվականի պայմանագրի կնքումից հետո հայցվորը ստացել է գումարներ, որպիսի հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չեն առնվել, իսկ վերը թվարկված ապացույցների հաստատման կամ հերքման վերաբերյալ վճռում որևէ պատճառաբանություն չի նշվել: Մինչդեռ, Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի տրամաբանությամբ պարտավոր է տալ վճռի փաստական հիմնավորումը, այսինքն` ինչ ապացույցների վերլուծության և գնահատման արդյունքում է պատասխանողի պահանջը անհիմն համարել: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա այն ապացույցները, որոնցով հնարավոր կլիներ պարզել կողմերի իրական կամքը վիճելի բնակարանի առուվաճառքի պայմանագրերի, մասնավորապես` 20.09.2005 թվականի առուվաճառքի պայմանագրի կնքման հարցում, ինչպես նաև այն, թե իրականում ու՞մ կողմից և ինչու՞ են 20.09.2005 թվականի առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո հայցվորին գումարներ փոխանցվել:
Նշված պատճառաբանությամբ հիմնավոր են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 218-րդ հոդվածների պահանջների խախտման, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ բողոքում նշված պատճառաբանությունները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված փաստարկները հիմնավոր համարելով, Վճռաբեկ դատարանը դրանց առկայությունը դիտում է որպես բավարար հիմք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար, որի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 09.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան