Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ Արմավիրի մարզի առաջին               Քաղաքացիական գործ թիվ 3-1867 (Ա)

    ատյանի դատարանի վճիռ                                           2007 թ.  

Քաղաքացիական գործ թիվ 2-536

Դատավոր` Ա. Ադամյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ս. Սարգսյանի                     

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Համլետ Ավդալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 26.05.2003 թվականի վճռի դեմ` քաղաքացիական գործով ըստ հայցի Վարդան Նավասարդյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` կադաստր), երրորդ անձ Համլետ Ավդալյանի` սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Վարդան Նավասարդյանը պահանջել է մասնակիորեն` 107 քմ հողատարածքի մասով, անվավեր ճանաչել կադաստրի կողմից 15.02.2003 թվականին Համլետ Ավդալյանին տրված թիվ 861625 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` դատարան) 26.05.2003 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համլետ Ավդալյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ, 2-րդ և 159-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործին մասնակցող անձ Հ. Ավդալյանը դատական նիստի վայրի և ժամանակի մասին պատշաճ կերպով չի ծանուցվել և վճիռը կայացվել է վերջինիս բացակայությամբ: Նշված դատավարական իրավունքի խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանի վճիռը բոլոր դեպքերում բեկանելու հիմք է:

Բացի այդ, սույն գործով հայցվորը դիմել է պետական մարմնի ակտը մասնակի անվավեր ճանաչելու պահանջով: Տվյալ դեպքում պետական մարմնի ակտի վիճարկման հարցում հայցվորը շահագրգիռ անձ համարվել չի կարող, քանի որ գործով որևէ ապացույց չի ներկայացվել այն մասին, որ հայցվոր Վ. Նավասարդյանը «Արմավիր-Նավթամթերք» ՓԲԸ-ի և նրա գույքի հետ որևէ առնչություն ունի, հայցվորը «Արմավիր-Նավթամթերք» ՓԲԸ-ի անվճարունակության գործով պարտատեր կամ պարտապան չի հանդիսացել, ընկերության գույքի աճուրդ-վաճառքների ընթացքում հաղթող ճանաչված կամ մասնակցած անձ չէ: Այսինքն, որևէ ձևով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված հայցվորի որևէ իրավունք կամ ազատություն չի խախտվել: Իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ և 159-րդ հոդվածների համաձայն` հայցը կարող էր բավարարվել, եթե նշված գրանցումը հակասում է օրենքն և պարտադիր կարգով խախտում է դիմողի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքը կամ ազատությունը, իսկ դատարան դիմելու իրավունք ունի շահագրգիռ անձը` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: Մինչդեռ դատարանը չի հիմնավորել, թե ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից կատարված սեփականության իրավունքի գրանցմամբ Վ. Նավասարդյանի ո՞ր իրավունքն է խախտվել:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 26.05.2003 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վրա գտնվող 4200 քմ հողամասի սեփականատերը Հ. Ավդալյանն է:

2) Հայցվոր Վ. Նավասարդյանը նշված հողամասի նկատմամբ Հ. Ավդալյանի իրավունքի գրանցմամբ իր իրավունքի խախտումը պատճառաբանել է այն փաստարկով, որ ինքը` լինելով «Արմավիր Նավթամթերք» ՓԲԸ-ի երկարամյա աշխատող, զրկվել է նշված հողամասի նկատմամբ սեփականատեր դառնալու հնարավորությունից:

3) Սույն գործին մասնակցող անձ` Հ. Ավդալյանին դատական նիստ վայրի և ժամանակի մասին պատշաճ կերպով ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ, և վճիռը կայացվել է վերջինիս բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Սույն քաղաքացիական գործով երրորդ անձ Հ. Ավդալյանը պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի օրվա և ժամի մասին: Գործում առկա չէ վերջինիս գործի քննության ժամի և վայրի մասին պատշաճ ծանուցելու փաստը հաստատող որևէ ապացույց: Քաղաքացիական գործում առկա ծանուցագրում միայն նշված է գործի համարը, ամիս-ամսաթիվը, պատասխանողի անունը և ազգանունը. այն ստորագրված չէ ոչ ստացողի, ոչ հանձնողի կողմից, դրանում բացակայում է որևէ տեղեկություն ծանուցագրի ստացման կամ հանձնման մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունը ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով դատավարական իրավունքի էական խախտում է:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված ծանուցման պահանջի չպահպանումը հանգեցնում է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքի խախտման: Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասում ուղղակիորեն նշված չէ, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը: Հետևաբար, դատարանը, գործին մասնակից չդարձրած անձի իրավունքների վերաբերյալ վճիռ կայացնելով, չի ապահովել պատասխանողի իրական մասնակցությունը գործի քննությանը` զրկելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներից: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հիշյալ մեկնաբանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տվել է Կոլոցցան ընդդեմ Իտալիայի (12.02.1985 թ., որոշման 28-րդ կետ) գործով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետի խախտումն առկա է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, մասնավորապես, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջների խախտումն առկա է, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն` դատարանի վճիռը բեկանելու հիմք է, որի պայմաններում Վճռաբեկ դատարանը բողոքի մյուս հիմքերին չի անդրադառնում:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու հայցապահանջը դատարան է ներկայացվել 2003 թվականի ընթացքում, այսինքն` մինչև Վճռաբեկ դատարանի կողմից այդպիսի պահանջը դատարանում քննության ենթակա չլինելու վերաբերյալ իրավական դիրքորոշումը հայտնելը (նշված իրավական նախադեպային դիրքորոշումը Վճռաբեկ դատարանը առաջին անգամ հայտնել է 26.10.2006 թվականին կայացված թիվ 3-1920 որոշմամբ), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սկզբնական հայցվորը նման պահանջ ներկայացնելով դատարան` նկատի է ունեցել այդ վկայականների հիմքում ընկած` սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 26.05.2003 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

Ս. Սարգսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2007
N 3-1867 (Ա)
Որոշում