Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ ԵՎ 37...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ ԵՎ 372-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ           Քաղաքացիական գործ թիվ 3-27 (ՏԴ)

    Քաղաքացիական գործ թիվ Տ-2666/2007 թ.                       2008 թ.

Դատավոր` Ե. Խունդկարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի փետրվարի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Թամամ» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 09.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ Կազմակերպության հայցի ընդդեմ «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` 22.533.430 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

i

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 22.533.430 ՀՀ դրամ, որից 9.557.614 ՀՀ դրամը` մատակարարված դիզելային վառելիքի և բենզինի դիմաց չվճարված գումար, 12.975.816 ՀՀ դրամը` մատակարարման պայմանագրով նախատեսված տուգանքի գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Դատարան) 09.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 9.557.614 ՀՀ դրամ պարտավորության և 2.389.404 ՀՀ դրամ տուգանքի մասով, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով տոկոսների բռնագանձման պահանջի մասով մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի

11-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը, հաստատված է համարել, որ պայմանագրով նախատեսված և հայցվորի կողմից պահանջվող գումարը ակնհայտորեն անհամաչափ է 9.557.614 ՀՀ դրամ պարտավորության չվճարման հետևանքների և որպես համաչափ տուգանքի չափ սահմանել է հայցվող գումարի 25%-ը` 2.389.404 ՀՀ դրամը:

Մինչդեռ դատարանը չի հիմնավորել իր վերոնշյալ եզրահանգումը:

Բացի այդ, անհիմն է դատարանի եզրահանգումն այն մասին, որ մատակարարը անբարեխիղճ ձևով է իրականացրել իր քաղաքացիական իրավունքները, քանի որ պարտապանից ավելի վաղ չէր պահանջել պարտավորության կատարումը: Մասնավորապես, դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` Կազմակերպությունը իր քաղաքացիական իրավունքները իրականացնում է իր հայեցողությամբ:

2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Գործում եղած ապացույցներով և Դատարանի վճռով միանշանակ հաստատվել է, որ Ընկերությունը թույլ է տվել դրամական պարտավորությունների կետանց: Հայցադիմումին կից ներկայացված տուգանքի հաշվարկներում Կազմակերպությունը ճշգրիտ և բավարար տեղեկություններ է ներկայացրել յուրաքանչյուր օրվա համար Ընկերության կողմից չկատարված դրամական պարտավորությունների գումարների մասին: Ինչ վերաբերում է բանկային տոկոսի` համապատասխան ժամանակահատվածների համար սահմանված դրույքաչափերի վերաբերյալ Կազմակերպության կողմից որևէ ապացույց չներկայացնելու դատարանի պատճառաբանությանը, ապա այն հիմնավոր չէ, քանի որ նշված դրույքաչափերը սահմանվել են ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան իրավական ակտերով, հրապարակվել են օրենքով նախատեսված կարգով և դրանք պետք է հայտնի լինեին Դատարանին:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 09.11.2007 թվականի վճիռը հայցապահանջների մերժված մասով և գործն ուղարկել նոր քննության կամ այդ մասով փոփոխել Դատարանի վճիռը և հայցապահանջները բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

1) 01.10.2005 թվականի թիվ 19 պայմանագրի համաձայն` Կազմակերպությունը պարտավորվել է Ընկերությանը մատակարարել հաշիվ-ապրանքագրով դուրս գրված հեղուկ վառելիքի, քսայուղերի կամ այլ ապրանքների համապատասխան քանակությունը` ամբողջությամբ կամ մաս-մաս, իսկ Ընկերությունը պարտավորվել է 10 օրվա ընթացքում վճարել Կազմակերպությանը, վճարումն ուշացնելու դեպքում յուրաքանչյուր ուշացած օրվա համար վճարել 0,15 տոկոսի չափով տուգանք:

2) 2005 թվականի դեկտեմբերից մինչև 2006 թվականի օգոստոս ամիսների ընթացքում Կազմակերպության կողմից մատակարարված ապրանքների դիմաց դրամական պարտավորությունները պատշաճ չկատարելու հետևանքով Ընկերությունը պարտք է մնացել 9.557.614 ՀՀ դրամ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի համաձայն` տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն` եթե վճարման ենթակա տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, դատարանն իրավունք ունի պակասեցնել այն:

Վերոնշյալից հետևում է, որ տուժանքը պարտավորությունների կատարումն ապահովող երաշխիք է: Այն նպատակաուղղված է ապահովելու պարտապանի կողմից պարտավորության կատարումը, իսկ դրա չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում նրա համար նախատեսել գույքային անբարենպաստ հետևանքներ` դրամական պատասխանատվություն, իսկ դատարանը կոչված է ապահովելու սահմանված տուժանքի չափի և պարտավորության խախտման հետևանքների ողջամիտ հարաբերակցությունը: տուժանքը պակասեցնելու դատարանի իրավունքը կոչված է կանխելու անձի կողմից իր քաղաքացիական իրավունքների իրականացման չարաշահումը:

Յուրաքանչյուր դեպքում տուժանքը պակասեցնելիս դատարանը առաջին հերթին պետք է գնահատման առարկա դարձնի այն հարցը, թե պայմանագրով նախատեսված տուժանքը որքանով է անհամաչափ պարտավորության խախտման հետևանքներին:

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման` վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Մինչդեռ սույն քաղաքացիական գործով Դատարանը, հաստատված համարելով, որ պայմանագրով նախատեսված և հայցվորի կողմից պահանջվող գումարի չափը ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության չկատարման հետևանքներին, չի նշել այդ եզրահանգումը հիմնավորող որևէ հանգամանք:

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև Դատարանի եզրահանգումն այն մասին, որ մատակարարը անբարեխիղճ ձևով է իրականացրել իր քաղաքացիական իրավունքները, քանի որ պարտապանից ավելի վաղ չէր պահանջել պարտավորության կատարումը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

Նույն օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

Վերոնշյալից հետևում է, որ անձը ազատ է որոշելու իր քաղաքացիական իրավունքների իրականացման պահը, ինչը չի կարող մեկնաբանվել ի վնաս վերջինիս և գնահատվել որպես իր իրավունքների անբարեխիղճ իրականացում: Դեռ ավելին, կետանցող պարտապանն է խախտում պարտատիրոջ իրավունքները և կրում այդ խախտման բացասական հետևանքների ռիսկը:

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Սույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ է նախատեսված որոշակի ժամանակահատվածի համար, ապա սույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:

Սույն քաղաքացիական գործով դատարանը մերժել է հայցապահանջի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով տոկոսների բռնագանձման պահանջը` վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ հայցվորի կողմից չներկայացվեց ոչ պահանջվող բանկային տոկոսների վերաբերյալ հաշվարկ և ոչ էլ տոկոսի` համապատասխան ժամանակահատվածների համար սահմանված դրույքաչափի վերաբերյալ որևէ ապացույց:

Դատարանի վճռի հիմքում դրված վերոնշյալ պատճառաբանությունը Վճռաբեկ դատարանը գտնում է անհիմն, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսների դրույքաչափերը սահմանվում են ՀՀ կենտրոնական բանկի իրավական ակտերով և հրապարակվում են օրենքով սահմանված կարգով: Հետևաբար, դրանք հայցվորի կողմից ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է:

Իսկ ինչ վերաբերում է բանկային տոկոսների վերաբերյալ հաշվարկ չներկայացնելու վերաբերյալ Դատարանի պատճառաբանությանը, ապա այն նույնպես անհիմն է, քանի որ դրա չափը կախվածության մեջ է դրվում պարտավորության դադարման օրվանից, այսինքն, պարտավորության կատարման պահից: Հետևաբար, դրանք հայցվորի կողմից ներկայացնելու անհրաժեշտությունը նույնպես բացակայում է:

i

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածից հետևում է, որ վնասի հատուցման կամ պայմանագրային պարտավորությունները չկատարելու կետանցի համար սահմանված պատասխանատվության այլ կարգի առկայության դեպքում կամ եթե տոկոսի (տուժանքի) այլ չափ նախատեսված է պայմանագրով, ապա նույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգը չի գործում: Օրենսդրության նման ձևակերպումը կոչված է ապահովելու կրկնակի պատասխանատվության անթույլատրելիության սկզբունքը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում ընդունված որոշումներով արդեն ընդգծել է, որ այդ սկզբունքը բխում է ՀՀ Սահմանադրությունից և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթներից և այն պետք է պահպանվի բոլոր պետական մարմինների կողմից (տես Աշխեն Ենգոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի` Երևանի քաղաքապետի վարչական իրավախախտումների գործերով հանձնաժողովի 15.09.2006 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը քաղաքացիական գործով թիվ 3-1670 (ՎԴ)): Սույն գործով հաստատված է, որ Կազմակերպության և Ընկերության միջև 01.10.2005 թվականին կնքված թիվ 19 պայմանագրով ապրանքի դիմաց վճարումն ուշացնելու համար սահմանված է տուգանք 0,15 տոկոսի չափով: Հետևաբար, Ընկերության կողմից դրամական պարտավորությունները պատշաճ չկատարելու համար պայմանագրով արդեն նախատեսված է պատասխանատվություն: ՈՒստի վերջինիցս պայմանագրով նախատեսված տոկոսով տուգանքից բացի պայմանագրային պարտավորությունների կետանցի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ գանձվել չեն կարող:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 09.11.2007 թվականի վճիռը` պայմանագրային տուգանք 12.975.816 ՀՀ դրամ բռնագանձելու հայցը մերժելու մասով և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Հարավային քաղաքացիական դատարան` նոր քննության: Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.02.2008
N 3-27 (ՏԴ)
Որոշում