Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈ ...

 

 

005.28.12.96

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ
ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, ղեկավարվելով երկու Պետությունների միջև տնտեսական, գիտական, տեխնիկական ու մշակութային համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու ձգտումով և եկամուտների ու գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը վերացնելու, հարկերի վճարումից խուսափելը կանխելու և հարկային խտրականություն թույլ չտալու նպատակով որոշեցին կնքել սույն Համաձայնագիրը և պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

ԱՆՁԻՆՔ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

 

Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտներ հանդիսացող անձանց նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

ՀԱՐԿԵՐ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

 

1. Սույն Համաձայնագիրը տարածվում է Պայմանավորվող Պետությունում եկամուտներից և գույքից գանձվող հարկերի վրա, անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտներից ու գույքից գանձվող հարկեր են համարվում եկամուտների ընդհանուր գումարից, գույքի ընդհանուր արժեքից կամ դրանց առանձին տարրերից գանձվող բոլոր հարկերը:

3. Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է, մասնավորապես, հետևյալ գործող հարկերի վրա`

ա) Ռուսաստանի առնչությամբ` Ռուսաստանի Դաշնության հետևյալ օրենքներին համապատասխան գանձվող հարկերը.

 

(I)  «Ձեռնարկությունների և կազմակերպությունների շահութահարկի մասին»,

(II) «Ֆիզիկական անձանցից եկամտահարկի մասին»,

(III) «Ձեռնարկությունների գույքահարկի մասին»,

(IV) «Ֆիզիկական անձանց գույքահարկի մասին»,

 

բ) Հայաստանի առնչությամբ.

 

(I)  իրավաբանական անձանց շահույթի և եկամուտների առանձին տեսակների

հարկ,

(II) եկամտահարկ,

(III) գույքահարկ, և

(IV) հողի հարկ:

 

4. Սույն Համաձայնագիրը կիրառվում է նաև սույն հոդվածի առաջին կետում հիշատակված հարկերի նմանատիպ կամ ըստ էության համանման հարկերի նկատմամբ, որոնք կգանձվեն ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն սույն Համաձայնագրի ստորագրման օրվանից հետո:

Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները ժամանակին կիրազեկեն միմյանց իրենց համապատասխան հարկային օրենքներում և հարկային օրենսդրության հետ կապված այլ նորմատիվ ակտերում կատարված էական փոփոխությունների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե այլ բան չի բխում ենթատեքստից.

ա) «մի Պայմանավորվող Պետություն» և «մյուս Պայմանավորվող Պետություն» արտահայտությունները ենթատեքստից կախված նշանակում են Հայաստան կամ Ռուսաստան,

բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և աշխարհագրական իմաստով օգտագործվելու դեպքում նշանակում է Հայաստանի Հանրապետության տարածք,

գ) «Ռուսաստան» տերմինը նշանակում է Ռուսաստանյան Դաշնություն և աշխարհագրական իմաստով օգտագործվելու դեպքում նշանակում է Ռուսաստանյան Դաշնության տարածք, ինչպես նաև բացառիկ տնտեսական գոտին ու մայրցամաքային շելֆը,

դ) «անձ» տերմինը նշանակում է ֆիզիկական անձ, ձեռնարկության կամ անձանց ցանկացած այլ` որպես հարկման սուբյեկտ դիտարկվող միավորում,

ե) «Պայմանավորվող Պետության ձեռնարկություն» արտահայտությունը նշանակում է այդ Պետության օրենսդրության համապատասխան գրանցված ձեռնարկություն,

զ) «միջազգային փոխադրում» արտահայտությունը նշանակում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից ծովային նավով կամ օդանավով, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտով իրականացվող ցանկացած փոխադրում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի փոխադրումն իրականացվում է բացառապես մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող կետերի միջև,

է) «իրավասու մարմին» արտահայտությունը նշանակում է.

Հայաստանի առնչությամբ` Հայաստանի Հանրապետության Հարկային Տեսչությունը կամ նրա լիազոր ներկայացուցիչը,

Ռուսաստանի առնչությամբ` Ռուսաստանյան Դաշնության Ֆինանսների նախարարությունը կամ նրա լիազոր ներկայացուցիչը:

2. Պայմանավորվող Պետության կողմից սույն Համաձայնագիրը կիրառելիս սույն Համաձայնագրում չսահմանված ցանկացած տերմին կամ արտահայտություն կունենա այն նշանակությունը, որը նրան տրվում է այդ պահին այդ Պետության օրենսդրությամբ` եթե այլ բան ենթատեքստից չի հետևում: Համաձայնագրի գործողության տակ ընկնող հարկերի նկատմամբ Պայմանավորվող Պետության օրենսդրության և այդ Պայմանավորվող Պետության օրենսդրության այլ բնագավառների միջև տարակարծություններ առաջանալու դեպքում կիրառվում է օրենսդրությունը այն հարկերի նկատմամբ, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

ՌԵԶԻԴԵՆՏ

 

1. Սույն Համաձայնագիրը կիրառելիս «Պայմանավորվող Պետության ռեզիդենտ» արտահայտությունը նշանակում է այդ Պետության իշխանության մարմին, ինչպես նաև ցանկացած անձ, որն այդ Պետության օրենսդրությամբ այնտեղ ենթակա է հարկման բնակության վայրի, գրանցման վայրի կամ այլ համանման չափանիշի հիման վրա:

2. Այն դեպքում, երբ սույն հոդվածի առաջին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող Պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.

ա) նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ ունի մշտական կացարան,

բ) եթե անձը երկու Պետություններում էլ ունի մշտական կացարան կամ եթե նա Պետություններից և ոչ մեկում չունի մշտական կացարան, նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որի քաղաքացին է հանդիսանում,

գ) եթե Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրը նրան դիտում է որպես իր քաղաքացի, կամ եթե նա չի հանդիսանում դրանցից և ոչ մեկի քաղաքացի, ապա Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները տվյալ հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մշտական ներկայացուցչություն» արտահայտությունը նշանակում է գործունեության մշտական վայր, որի միջոցով մի Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը իրականացնում է կանոնավոր առևտրային գործունեություն մյուս Պայմանավորվող Պետությունում:

2. «Մշտական ներկայացուցչություն» արտահայտությունը, հաշվի առնելով 1 կետի դրույթները, մասնավորապես ներառում է.

ա) մասնաճյուղ (բաժանմունք),

բ) գրասենյակ,

գ) ֆաբրիկա (գործարան),

դ) արհեստանոց,

ե) հանքահոր, հանքավայր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների հետախուզման, մշակման կամ արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. Շինարարական հրապարակը, մոնտաժային կամ հավաքման օբյեկտը, նշված օբյեկտների հետ կապված հսկողական գործունեությունը, ինչպես նաև ծառայությունների մատուցումը կազմում են մշտական ներկայացուցչություն, եթե այդպիսի հրապարակի, օբյեկտի, գործունեության կամ ծառայությունների տևողությունը գերազանցում է 18 ամիսը:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին, «մշտական ներկայացուցչություն» արտահայտությունը չի ներառում.

ա) կառույցների օգտագործումը բացառապես ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պահպանման, ցուցադրման կամ տեղ հասցնելու նպատակով.

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես պահպանման, ցուցադրման կամ տեղ հասցնելու նպատակով.

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես այլ ձեռնարկության կողմից վերամշակման նպատակով.

դ) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով.

ե) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի ցանկացած այլ գործունեության իրականացման նպատակով.

զ) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես ա), ե) ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության իրականացման համար:

5. Սույն Հոդվածի 1 և 2 կետերի դրույթներից անկախ, եթե Պայմանավորվող Պետության ձեռնարկության անունից գործող անձը անկախ կարգավիճակով գործակալ չէ, (որի մասին խոսվում է սույն Հոդվածի 7 կետում) ունի և սովորաբար մյուս Պայմանավորվող Պետությունում օգտագործում է հիշյալ ձեռնարկության անունից կոնտրակտներ կնքելու իրավասությունը, կամ պահում է այդ ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարներ, որոնցից կատարվում են այդ ապրանքների և արտադրանքի կանոնավոր մատակարարումներ հիշյալ ձեռնարկության անունից, ապա այդ ձեռնարկությունը դիտվում է որպես մշտական ներկայացուցչություն ունեցող մյուս Պայմանավորվող Պետությունում` ցանկացած գործունեության առնչությամբ, որն այդ անձն իրականացնում է ձեռնարկության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ գործունեությունը սահմանափակվում է սույն հոդվածի 4 կետում նշվածով:

6. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին, Պայմանավորվող Պետության ապահովագրական ձեռնարկությունը, կրկնակի ապահովագրության դեպքերից բացի, համարվում է մյուս Պայմանավորվող Պետությունում մշտական ներկայացուցչություն ունեցող, եթե նա անկախ կարգավիճակով գործակալ չհանդիսացող անձի միջոցով այդ մյուս Պետության տարածքում ապահովագրական մուծումներ է հավաքում կամ ապահովագրում այնտեղ հնարավոր ռիսկից:

7. Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը չի դիտվում որպես մյուս Պայմանավորվող Պետությունում մշտական ներկայացուցչություն ունեցող, եթե նա առևտրային գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում բրոքերի, կոմիսիոների կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով: «Մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության նկատմամբ անկախ կարգավիճակով գործակալ» արտահայտությունը նշանակում է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձ, որը աշխատանքային հարաբերությունների մեջ չէ առաջինը հիշատակված Պետության ձեռնարկության հետ:

8. Այն փաստը, որ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ձեռնարկությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ձեռնարկությանը կամ վերահսկում է նրա կողմից, կամ որը իրականացնում է այդ մյուս Պետությունում առևտրային գործունեություն (մշտական ներկայացուցչության միջոցով կամ այլ կերպ), ինքնին այդ ձեռնարկություններից մեկը չի վերածում մյուսի մշտական ներկայացուցչության:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ

 

1. Այն եկամուտները, որոնք Պայմանավորվող Պետության ռեզիդենտը ստանում է մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող անշարժ գույքից (ներառյալ եկամուտ գյուղացիական կամ անտառային տնտեսություններից), կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. «Անշարժ գույք» արտահայտությունը պետք է ունենա այն նշանակությունը, որը նա ունի այն Պայմանավորվող Պետության օրենսդրության մեջ, որտեղ գտնվում է տվյալ գույքը:

3 հոդվածի 1 կետի զ) ենթակետում նշված տրանսպորտային միջոցները որպես անշարժ գույք չեն դիտարկվում:

3. Սույն հոդվածի 1 կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի վաճառքից, անմիջական օգտագործումից, վարձակալության տալուց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացված եկամուտների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

ՇԱՀՈՒՅԹ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

 

1. Պայմանավորվող Պետության ձեռնարկության առևտրային գործունեությունից ստացված շահույթը հարկվում է միայն այդ պետությունում, եթե միայն այդ ձեռնարկությունը առևտրային գործունեություն չի իրականացնում մյուս Պայմանավորվող Պետությունում` այնտեղ գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով: Եթե ձեռնարկությունը մյուս Պայմանավորվող Պետությունում առևտրային գործունեություն է իրականացնում այնտեղ գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով, ապա ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն մասով, որը վերաբերում է այդ մշտական ներկայացուցչությանը:

2. Հաշվի առնելով սույն հոդվածի 3 կետի դրույթները, եթե Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը մյուս Պայմանավորվող Պետությունում առևտրային գործունեություն է իրականացնում այնտեղ գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով, ապա Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրում այդպիսի մշտական ներկայացուցչությանն է վերագրվում այն շահույթը, որ նա կարող էր ստանալ այդպիսի կամ համանման պայմաններում այդպիսի կամ համանման գործունեությամբ զբաղված առանձին և ինքնուրույն անձ լինելու և ձեռնարկությունից (ում մշտական ներկայացուցչությունը համարվում է) միանգամայն անկախ գործելու դեպքում:

3. Մշտական ներկայացուցչության շահույթը որոշելիս թույլատրվում է մշտական ներկայացուցչության նպատակների համար կատարված` վավերապես հաստատված ծախսերի հանում, ներառյալ կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, անկախ այն բանից` կատարված են դրանք այն Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական ներկայացուցչությունը, թե նրա սահմաններից դուրս: Բոլոր դեպքերում այդպիսի ծախսերը չպետք է ներառեն ցանկացած գումարներ, որոնք վճարվում են (այլ կերպ քան իրոք տեղի ունեցած ծախսումների հատուցում) մշտական ներկայացուցչության կողմից ձեռնարկությանը կամ նրա այլ ստորաբաժանմանը, պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար տարբեր վճարումների, կառավարման կամ մատուցած ծառայությունների համար միջնորդավճարների, կամ մշտական ներկայացուցչությանը նրանց տրամադրած փոխառության համար տոկոսների (բացառությամբ բանկերի) ձևով:

4. Մշտական ներկայացուցչությանը չի հաշվեգրվում ոչ մի շահույթ սոսկ այն բանի հիման վրա, որ այդ մշտական ներկայացուցչությունը ապրանքներ կամ արտադրանք է գնել ձեռնարկության համար:

5. Նախորդ կետերի նպատակների համար, մշտական ներկայացուցչությանը վերաբերող շահույթը ամեն տարի որոշվում է միևնույն եղանակով, եթե Պայմանավորվող պետության իրավասու մարմինները չգան համաձայնության, որ այդ եղանակի փոփոխման պատճառը ծանրակշիռ է ու բավարար:

6. Եթե Պայմանավորվող Պետության օրենսդրության համաձայն մշտական ներկայացուցչությանը վերաբերող շահույթի որոշումը կարող է կատարվել ձեռնարկության տարբեր ստորաբաժանումների միջև շահույթի ընդհանուր գումարի համամասնական բաշխման հիման վրա, ապա սույն հոդվածի 2 կետի դրույթները չեն խոչնդոտի հարկվող շահույթը հաշվարկել նման բաշխման միջոցով:

7. Եթե շահույթը ներառում է սույն Համաձայնագրի այլ հոդվածներում հիշատակվող եկամուտների տարրեր, ապա սույն հոդվածի դրույթները չեն շոշափում այդ հոդվածների դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՑ

 

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից 3 հոդվածի 1 կետի զ) ենթակետում նշված միջազգային փոխադրումներում տրանսպորտային միջոցների շահագործումից ստացված եկամուտները հարկվում են միայն այդ Պետությունում:

2. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի եկամուտները, որ ստացվում են միջազգային փոխադրումներում շահագործման համար տրանսպորտային միջոցները, ինչպես նաև կոնտեյներները և դրանց սարքավորումները վարձակալության տալուց, հարկվում են միայն այդ Պետությունում:

3. Սույն հոդվածի 1 և 2 կետերի դրույթները կիրառվում են նաև այն եկամուտների նկատմամբ, որոնք Պայմանավորվող Պետության ռեզիդենտը ստանում է տրանսպորտային միջոցների շահագործման համատեղ գործունեությանը մասնակցելուց, բայց միայն եկամտի այն մասի նկատմամբ, որը վերագրվում է համատեղ գործունեությունում նրա ունեցած մասնաբաժնին:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՃՇԳՐՏՈՒՄ

 

1. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկության միջև առկա առևտրային և ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են նրանցից, որոնք կարող էին լինել անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը կարող էր վերագրվել դրանցից մեկին, բայց այդ պայմանների առկայության պատճառով նրան չի վերագրվել, Պայմանավորվող Պետության կողմից կարող է մտցվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և համապատասխանաբար ենթարկվել հարկման:

2. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները համաձայնեցնում են այդպիսի ճշգրտման իրականացման մեխանիզմը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ

 

1. Մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարվող շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն նման շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող Պետությունում, որի ռեզիդենտն է համարվում շահաբաժինները վճարող ձեռնարկությունը, և այդ Պետության օրենսդրությանը համապատասխան. բայց եթե ստացողը ունի շահաբաժինների սեփականության իրավունք, ապա այդ ձևով վճարվող հարկը չպետք է գերազանցի.

ա) շահաբաժինների համախառն գումարի 5 %-ը, եթե մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտը ձեռնարկության հիմնադիր կապիտալի մեջ ներդրել է առնվազն 40.000 ամերիկյան դոլար (կամ Պայմանավորվող Պետություններից որևէ մեկի ազգային արժույթով համարժեք գումար),

բ) շահաբաժինների համախառն գումարի 10 % բոլոր մնացած դեպքերում:

Պայմանավորվող Պետության իրավասու մարմինները ա) ենթակետի դրույթների կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:

Այս կետը չի շոշափում ձեռնարկությունների հարկումը այն շահույթի նկատմամբ, որից վճարվում են շահաբաժինները:

3. «Շահաբաժիններ» տերմինը սույն Հոդվածի նպատակների համար նշանակում է եկամուտներ ցանկացած բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող` շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպես որ բաժնետոմսերից ստացվող եկամուտը` այն Պետության օրենսդրությանը համապատասխան, որի ռեզիդենտն է հանդիսանում շահույթի բաշխումն իրականացնող ձեռնարկությունը:

4. 1 և 2 կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների սեփականության իրավունքի տերը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, առևտրային գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող Պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժիններ վճարող ձեռնարկությունը, այնտեղ գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով կամ այդ մյուս Պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող մշտական բազայի միջոցով, և մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրոք վերաբերում են նման մշտական ներկայացուցչությանը կամ մշտական բազային: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7 կամ 13 հոդվածների դրույթները:

5. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ համարվող ձեռնարկությունը շահույթ կամ եկամուտներ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, այդ մյուս Պետությունը կարող է հարկումից լրիվ ազատել ձեռնարկության կողմից վճարվող շահաբաժինները, բացառությամբ եթե այդ շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ եթե մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրոք վերաբերում է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական ներկայացուցչությանը կամ մշտական բազային, և ձեռնարկության չբաշխված շահույթից հարկեր չգանձել, եթե նույնիսկ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթը լրիվ կամ մասնակիորեն կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

ՏՈԿՈՍՆԵՐ

 

1. Մի Պայմանավորվող Պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները հարկվում են միայն այդ մյուս Պետությունում:

2. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածի նպատակների համար նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից անկախ, հիպոթեքային ապահովումից և պարտապանի շահույթներին մասնակցելու իրավունքի առկայությունից, և մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից, փոխառության տոմսերից ու պարտատոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերին, պարտատոմսերին և փոխառության տոմսերին վերաբերող պարգևավճարներն ու շահումները:

Սույն հոդվածի նպատակների համար ժամկետանց վճարումների դիմաց գանձվող տուգանքները որպես տոկոսներ չեն դիտվում:

3. 1 կետի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների սեփականության իրավունքի տերը, լինելով մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, առևտրային տոկոսների առաջացման աղբյուր հանդիսացող մյուս Պետությունում առևտրային գործունեություն է իրականացնում այնտեղ գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով, կամ այդ մյուս Պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող մշտական բազայի միջոցով և եթե պարտապահանջը, որի հիման վրա տոկոսները վճարվում են, իրոք վերաբերում է նման մշտական ներկայացուցչությանը կամ մշտական բազային: Այդ դեպքում կիրառվում են 7 կամ 13 հոդվածների դրույթները` կախված հանգամանքներից:

4. Համարվում է, որ տոկոսներն առաջանում են Պայմանավորվող Պետությունում, եթե վճարողն այդ Պետությունում ստեղծված իշխանության մարմինն է կամ այդ Պետության ռեզիդենտը: Սակայն եթե տոկոսներ վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է թե ոչ, մշտական ներկայացուցչություն կամ մշտական բազա ունի Պայմանավորվող Պետությունում, որոնց առնչությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդ տոկոսների վճարման ծախսերը կատարում է նման մշտական ներկայացուցչությունը կամ մշտական բազան, ապա համարվում է, որ նման տոկոսները առաջանում են այն Պետությունում, որտեղ գտնվում են մշտական ներկայացուցչությունը կամ մշտական բազան:

5. Եթե վճարողի և տոկոսներ ստացողի, կամ նրանց երկուսի և որևէ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով վճարման համար հիմք ծառայող պարտապահանջին վերաբերող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարին, որը կհամաձայնեցվեր վճարողի և ստացողի միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարի ավելցուկային մասը առաջվա պես հարկվում է Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, հաշվի առնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻՑ

 

1. Մի Պայմանավորվող Պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարվող հեղինակային իրավունքներից և արտոնագրերից եկամուտները հարկվում են միայն այդ մյուս Պետությունում:

2. «Հեղինակային իրավունքներից և արտոնագրերից եկամուտներ» արտահայտությունը սույն հոդվածի նպատակների համար նշանակում է փոխհատուցման տեսքով ստացվող ցանկացած տեսակի վճարումներ գրականության, արվեստի և գիտության ցանկացած ստեղծագործության, ներառյալ կինոնկարները և տեսա-ձայնագրությունները հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների համար, ցանկացած պատենտի, ապրանքանշանի, առևտրանշանի, դիզայնի կամ մոդելի, պլանի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի հեղինակային իրավունքների օգտագործման, կամ օգտագործման իրավունքի տրամադրման համար, արդյունաբերական, առևտրային կամ գիտական սարքավորումների օգտագործման, կամ օգտագործման իրավունքի տրամադրման համար, կամ արդյունաբերական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկության (նոու-հաու) համար:

3. 1 կետի դրույթները չեն կիրառվում, եթե այդպիսի եկամուտների սեփականության իրավունքի տերը, լինելով մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, առևտրային գործունեություն է իրականացնում հեղինակային իրավունքներից և արտոնագրերից եկամուտների աղբյուր հանդիսացող մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով, կամ այդ մյուս Պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող մշտական բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց նկատմամբ վճարվում են այդ եկամուտները, իրոք կապված են այդպիսի մշտական ներկայացուցչության կամ մշտական բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են 7 կամ 13 հոդվածների դրույթները:

4. Համարվում է, որ հեղինակային իրավունքներից և արտոնագրերից եկամուտները առաջանում են Պայմանավորվող պետությունում, եթե այդպիսի եկամուտների վճարող է հանդիսանում այդ Պետությունում ստեղծված իշխանության մարմինը, կամ այդ Պետության ռեզիդենտը: Սակայն եթե այդպիսի եկամուտներ վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է թե ոչ, այդ Պետությունում ունի մշտական ներկայացուցչություն կամ մշտական բազա, որի կապակցությամբ այդպիսի եկամուտներ վճարելու պարտավորություն է առաջացել և վճարման ծախսերը կրում են այդ մշտական ներկայացուցչությունը կամ մշտական բազա, ապա համարվում է, որ այդ եկամուտները առաջանում են այն Պետությունում, որտեղ գտնվում են մշտական ներկայացուցչությունը կամ մշտական բազան:

5. Եթե վճարողի և սեփականության իրավունքի տիրոջ միջև կամ նրանց երկուսի և երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով վճարման համար հիմք ծառայող օգտագործմանը, իրավունքին կամ տեղեկությանը վերաբերող եկամուտների գումարը գերազանցում է այն գումարը, որը համաձայնեցված կլիներ վճարողի և փաստացի տիրոջ միջև` այդպիսի հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարի ավելցուկային մասն առաջվա պես հարկվում է Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, պատշաճ կերպով հաշվի առնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՆԿԱԽ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

 

1. Այն եկամուտը, որ Պայմանավորվող Պետության ռեզիդենտը ստանում է մասնագիտական ծառայությունների մատուցումից կամ մյուս Պայմանավորվող Պետությունում վարձու աշխատանքի հետ կապ չունեցող անկախ բնույթի այլ գործունեությունից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում, եթե միայն այդ ռեզիդենտը այդ մյուս Պետությունում տնօրինում է իր գործունեությունն իրականացնելու նպատակների համար օգտագործվող մշտական բազա, և եկամուտը վերաբերում է այդ մշտական բազային:

2. «Մասնագիտական ծառայություններ» արտահայտությունը ներառում է, մասնավորապես, անկախ գործունեություն արվեստների բնագավառում, գիտական, գրական, կրթական կամ դասախոսական գործունեություն, ինչպես նաև բժիշկների, փաստաբանների, ինժեներների, ճարտարապետների, ատամնաբույժների, աուդիտորների և հաշվապահների անկախ գործունեություն:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

 

1. Հաշվի առնելով սույն Համաձայնագրի 15, 16 և 18 հոդվածների դրույթները, աշխատավարձը և նման այլ վարձատրությունները, որ մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտը ստանում է վարձու աշխատանքի դիմաց, հարկվում են միայն այդ Պետությունում, եթե միայն այդպիսի աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող Պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է մյուս Պայմանավորվող Պետությունում, ապա այդ կապակցությամբ ստացված վարձատրությունները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Անկախ սույն հոդվածի 1 կետի դրույթներից, մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ստացած վարձատրությունը մյուս Պայմանավորվող Պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց, հարկվում է միայն առաջինը հիշատակված Պետությունում, եթե.

ա) ստացողը աշխատանքն իրականացնում է մյուս Պայմանավորվող Պետությունում օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամկետում կամ ժամկետներում, և

բ) վարձատրությունը կատարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող վարձող կողմից կամ վարձողի անունից, և

գ) վարձատրություն կատարելու ծախսերը չեն կրում մյուս Պետությունում` վարձողի ունեցած մշտական ներկայացուցչությունը կամ մշտական բազան:

3. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից,

ա) միջազգային փոխադրումներում շահագործվող` 3 հոդվածի 1 կետի զ) ենթակետում հիշատակված տրանսպորտային միջոցներով իրականացվող վարձու աշխատանքի հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում այդ փոխադրումներն իրականացնող անձը,

բ) մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած վարձատրությունը կամ եկամուտը մյուս Պայմանավորվող Պետությունում իրականացվող` որպես մշտական ներկայացուցչություն չդիտվող օբյեկտներում կատարած վարձու աշխատանքից, հարկվում են միայն առաջինը հիշատակված Պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀՈՆՈՐԱՐՆԵՐԸ

 

Վճարումները, որ մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտը ստանում է, որպես մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ձեռնարկության տնօրենների խորհրդի կամ համանման այլ մարմնի անդամ, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

ԱՐՏԻՍՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

 

1. Անկախ 13 և 14 հոդվածների դրույթներից, այն եկամուտը, որ մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտը ստանում է որպես արվեստի աշխատող` ինչպես թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստը, կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ մյուս Պայմանավորվող Պետությունում իրականացվող իր անձնական գործունեությունից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Եթե արվեստի աշխատողի կամ մարզիկի որպես այդպիսին իրականացվող անձնական գործունեության եկամուտը վերագրվում է ոչ թե բուն արվեստի աշխատողին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա, անկախ 7, 13 և 14 հոդվածների դրույթներից, այդ եկամուտը կարող է հարկվել այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ արվեստի աշխատողը կամ մարզիկը իրականացնում է գործունեությունը:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

Պայմանավորվող պետության աղբյուրներից վճարվող կենսաթոշակները և այլ համանման վարձատրությունները ֆիզիկական անձին` կապված նրա նախկին վարձու աշխատանքի հետ, կարող են հարկվել միայն այդ Պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

1. Պայմանավորվող պետությունում ստեղծված իշխանության մարմնի վճարած կամ նրա ֆոնդերից վճարված աշխատավարձը կամ այլ նման վարձատրությունը ցանկացած ֆիզիկական անձի` այդ իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց, հարկվում են միայն այդ Պետությունում:

2. Չնայած 1 կետի դրույթներին, այդպիսի վարձատրությունը հարկվում է միայն մյուս Պայմանավորվող Պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում, և այդ Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը.

ա) այդ Պետության քաղաքացին է, կամ

բ) այդ Պետության ռեզիդենտ չի դարձել սոսկ այդպիսի ծառայություններ մատուցելու նպատակով:

3. 14 և 15 հոդվածների դրույթները կկիրառվեն այն ծառայությունների վարձատրման նկատմամբ, որոնք մատուցվում են Պայմանավորվող Պետությունում ստեղծված իշխանության մարմնի կողմից իրականացվող առևտրային գործունեության կապակցությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՍՏԱԺՈՐՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

 

Մինչև անմիջականորեն մի Պայմանավորվող Պետության գալը մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ համարվող կամ համարված և առաջինը հիշատակված Պետությունում բացառապես կրթություն ստանալու կամ պրակտիկա անցնելու նպատակով գտնվող ուսանողին, պրակտիկանտին կամ ստաժորին հատկացվող վճարումները` նախատեսված ապրելու, ուսանելու կամ մասնագիտական պատրաստության համար, չեն հարկվում առաջինը հիշատակված Պետությունում, եթե այդ վճարումների աղբյուրը գտնվում է այդ Պետության սահմաններից դուրս:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի եկամուտների` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված տեսակները, անկախ նրանց առաջացման աղբյուրից, հարկվում են այդ Պետությունում:

2. 1 կետի դրույթները չեն կիրառվում 6 հոդվածի 2 կետում սահմանված անշարժ գույքի եկամուտներից տարբեր այդ եկամուտների նկատմամբ, եթե նման եկամուտներ ստացողը համարվում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտ և մյուս Պայմանավորվող Պետությունում իրականացնում է առևտրային գործունեություն այնտեղ գտնվող մշտական ներկայացուցչության միջոցով կամ այդ մյուս Պետությունում մատուցում է անկախ անձնական ծառայություններ այնտեղ գտնվող մշտական բազայի միջոցով, և գույքը կամ իրավունքը, որի առնչությամբ ստացվել է եկամուտը, իրոք կապված է այդպիսի մշտական ներկայացուցչության կամ մշտական բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են 7 կամ 13 հոդվածների դրույթները:

3. Մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված և մյուս Պայմանավորվող Պետությունում առաջացած եկամտի մյուս տեսակները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

ԳՈՒՅՔ

 

1. Մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի սեփականություն համարվող և մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող անշարժ գույքը, որի մասին խոսվում է 6 հոդվածում, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող Պետության ձեռնարկության մյուս Պայմանավորվող Պետությունում ունեցած մշտական ներկայացուցչության մաս կազմող շարժական գույքը, ինչպես նաև մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտի տնօրինության տակ գտնվող և անկախ անձնական ծառայություններ մատուցելու նպատակով մյուս Պայմանավորվող Պետությունում տեղաբաշխված մշտական բազայի հետ կապված շարժական գույքը, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Պայմանավորվող Պետության ռեզիդենտին պատկանող, միջազգային փոխադրումներում շահագործվող և որպես 3 հոդվածի 1 կետի զ) ենթակետում հիշատակված տրանսպորտային միջոց ներկայացված գույքը հարկվում է միայն այդ Պետությունում:

4. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը հարկվում են միայն այդ Պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԸ

 

1. Եթե մի Պայմանավորվող Պետության ռեզիդենտը մյուս Պայմանավորվող Պետությունում եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան կարող են հարկվել մյուս Պետությունում, ապա այդ եկամտի կամ գույքի հարկի գումարը` վճարված այդ մյուս Պետությունում, ենթակա է հանման այդպիսի ռեզիդենտից գանձվող հարկից` առաջինը հիշատակված Պետությունում նման եկամտի կամ գույքի կապակցությամբ: Այդպիսի հանումը, սակայն, չի գերազանցի առաջին Պետության` այդպիսի եկամտի կամ գույքի հարկի գումարը` հաշվարկված նրա հարկային օրենսդրությանը և կանոններին համապատասխան:

2. Եթե Համաձայնագրի որևէ դրույթին համապատասխան Պայմանավորվող Պետության ռեզիդենտի եկամուտը կամ գույքը այդ Պետությունում ազատված են հարկից, ապա այդ Պետությունը, այդուհանդերձ, կարող է այդ ռեզիդենտի գույքի կամ եկամտի մնացած մասի վրա դրվող հարկի դրույքաչափը և գումարը որոշելիս հաշվի առնել հարկից ազատված եկամուտը կամ գույքը:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Մի Պայմանավորվող Պետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող Պետությունում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորության կատարումը, որին ենթարկվում են կամ կարող են ենթարկվել մյուս Պայմանավորվող Պետության քաղաքացիները նույն հանգամանքների դեպքում: Այս դրույթը, չնայած 1 Հոդվածի դրույթներին, կիրառվում է նաև Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ:

2. Պայմանավորվող Պետություններից որևէ մեկի ռեզիդենտ համարվող` քաղաքացիություն չունեցող անձինք Պայմանավորվող Պետություններից և ոչ մեկում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորության կատարումը, որին ենթարկվում են այդ Պետությունների քաղաքացիները միևնույն հանգամանքների դեպքում:

3. Մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող Պետությունում ունեցած մշտական ներկայացուցչության հարկումը չպետք է նվազ բարենպաստ լինի այդ մյուս Պայմանավորվող Պետությունում, քան այդ մյուս Պետությունում համանման գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումը:

4. Սույն Հոդվածի դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես մի Պայմանավորվող Պետությանը պարտավորեցնող` մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտներին տրամադրելու որևէ հարկային անհատական արտոնություններ, հանումներ և զեղչեր նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա, որոնք այդ Պետությունը տրամադրում է սեփական ռեզիդենտներին:

5. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9 Հոդվածի 1 կետի, 11 Հոդվածի 5 կետի կամ 12 Հոդվածի 5 կետի դրույթները, մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության կատարած վճարումները մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին, նման ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են հանման այն նույն պայմաններով, ինչպես առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության ցանկացած պարտք մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին, այդ ձեռնարկության հարկվող գույքի որոշման նպատակով պետք է ենթակա լինի հանման այն նույն պայմաններով, ինչ որ պարտքը առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին:

6. Մի Պայմանավորվող Պետության ձեռնարկությունները, որոնց հիմնադիր կապիտալը լրիվ կամ մասնակիորեն ձևավորված է մյուս Պայմանավորվող Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է առաջինը հիշատակված Պետությունում ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ նրա հետ կապված պարտավորության, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորությունը, որին ենթարկվում են առաջինը հիշատակված Պետության համանման այլ ձեռնարկություններ:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ

 

1. Եթե անձը գտնում է, որ Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն նրա` սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման, ապա նա կարող է, այդ Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, քննարկման համար իր գործը ներկայացնել այն Պայմանավորվող Պետության իրավասու մարմիններին, որի ռեզիդենտն է ինքը, կամ, եթե դեպքը վերաբերում է 23 Հոդվածի 1 կետին, այն Պայմանավորվող Պետության իրավասու մարմիններին, որի քաղաքացին է նա:

Դիմումը պետք է ներկայացվի երեք տարվա ընթացքում Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողությունների մասին առաջին ծանուցման պահից:

2. Եթե իրավասու մարմինը դիմումը համարի հիմնավորված կամ եթե ինքը ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ որոշման, կձգտի հարցը լուծել մյուս Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ, նպատակ ունենալով վերացնել Համաձայնագրին չհամապատասխանող հարկումը: Ցանկացած ձեռքբերված պայմանավորվածություն պետք է կատարվի անկախ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենսդրությունում առկա որևէ ժամանակային սահմանափակումների:

3. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները փոխհամաձայնությամբ կձգտեն լուծել բոլոր դժվարություններն ու կասկածները, որոնք կարող են առաջանալ սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ:

4. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ նախորդ կետերի ըմբռնման մեջ համաձայնության հասնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԸ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

1. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները պարտավորվում են միմյանց փոխադարձ օգնություն և աջակցություն ցույց տալ 2 հոդվածում նախատեսված հարկերը, ինչպես նաև տուգանքների բնույթ չկրող ցանկացած լրավճարներն ու տույժերը գանձելու նպատակով:

2. Մի Պայմանավորվող Պետության հարկային մարմնի խնդրանքով մյուս Պայմանավորվող Պետության հարկային մարմինը ապահովում է 1 կետով նախատեսված հարկերի գանձումը այդ վերջին Պետության նշված հարկերը գանձելիս կիրառվող իրավական դրույթներին և կանոններին համապատասխան:

3. 2 կետում նախատեսված հարցումները պետք է ուղեկցվեն գործադիր փաստաթղթերի պաշտոնական պատճենով, որոնց անհրաժեշտության դեպքում, պետք է կցվի դատական քննության հետևանքով ուժի մեջ մտած դատական կամ վարչական որոշումների պաշտոնական պատճենը:

4. Գանձման ենթակա հարկային վճարումների նկատմամբ մի Պայմանավորվող Պետության հարկային մարմինը, իր իրավունքները պահպանելու նպատակով կարող է մյուս Պայմանավորվող Պետության հարկային մարմնից պահանջել, որ նա ձեռնարկի իր օրենսդրությամբ նախատեսված կանխիչ միջոցներ:

5. 26 հոդվածի 1 կետի դրույթները կիրառվում են հավասարապես բոլոր հետաքննությունների նկատմամբ, որ Պայմանավորվող Պետության հարկային մարմնի գիտությամբ անցկացվում են ի կատարումն սույն հոդվածի դրույթների:

6. Սույն հոդվածը կիրառելու նպատակով «հարկային մարմին» արտահայտությունը նշանակում է.

ա) Ռուսաստանում` Ռուսաստանի Դաշնության Պետական Հարկային Ծառայություն,

բ) Հայաստանում` Հայաստանի Հանրապետության Հարկային Տեսչություն:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

1. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները սույն Համաձայնագրի կամ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենսդրության դրույթների կիրառման համար անհրաժեշտ տեղեկություններ կփոխանակեն այն հարկերի վերաբերյալ, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը այն չափով, որքանով հարկումը չի հակասում Համաձայնագրին:

Տեղեկությունների փոխանակումը 1 հոդվածով չի սահմանափակվում: Պայմանավորվող Պետության ստացած ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես որ այդ Պետության ներքին օրենսդրության շրջանակում ստացված տեղեկությունը, և հաղորդվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղված են Համաձայնագրով ընդգրկվող հարկերը գնահատելով կամ հավաքելով, բռնագանձումով, դատական հետապնդումով կամ բողոքարկումների քննումով: Ստացված տեղեկությունը անձինք կամ մարմինները պետք է օգտագործեն միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել այդ տեղեկությունը դռնբաց դատական նիստի ընթացքում կամ իրավաբանական որոշումներ ընդունելիս:

2. 1 կետի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվի որպես Պայմանավորվող Պետություններին պարտավորեցնող.

ա) անցկացնելու այդ կամ մյուս Պայմանավորվող Պետության օրենսդրությանը կամ վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ.

բ) ներկայացնելու տեղեկություն, որը չի կարելի ստանալ այդ կամ մյուս Պայմանավորվող Պետության օրենսդրությամբ կամ սովորական վարչական գործավարության ընթացքում.

գ) ներկայացնելու տեղեկություն, որը բացահայտեր որևէ առևտրական, առևտրային, արդյունաբերական կամ մասնագիտական գաղտնիք, առևտրական գործընթաց կամ տեղեկություն, որը հակասեր պետական շահերին:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՍԻԱՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊՈՍՏԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չի շոշափում դիվանագիտական միսիաների և հյուպատոսական պոստերի անդամների` միջազգային իրավունքի ընդհանուր նորմերով կամ հատուկ համաձայնագրերի հիման վրա սահմանված հարկային արտոնություններ:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրում:

2. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակման օրը, և նրա դրույթները կկիրառվեն.

ա) աղբյուրից գանձվող հարկերի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ից հետո վճարվող գումարներից,

բ) եկամուտներից գանձվող այլ հարկերի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ից սկսվող հարկման ժամանակաշրջանների համար,

գ) գույքից գանձվող հարկերի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին առկա գույքի վրա,

դ) 25 և 26 Հոդվածների առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագիրը մնում է ուժի մեջ մինչև Պայմանավորվող Պետություններից մեկի կողմից նրա գործողության դադարեցումը:

Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Համաձայնագրի գործողությունը` ուժի մեջ մտնելու պահից երեք տարի անցնելուց հետո ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ, դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող Պետությանը համապատասխան ծանուցագիր հանձնելու միջոցով: Այդ դեպքում Համաձայնագիրը դադարեցնում է գործողությունը.

ա) աղբյուրից գանձվող հարկերի առնչությամբ` ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկից հետո վճարվող գումարների նկատմամբ.

բ) եկամուտներից գանձվող այլ հարկերի առնչությամբ` ծանուցագիրը փոխանցելու տարին հաջորդող տարվա հունվարի մեկից սկսվող հարկման ժամանակաշրջանների համար,

գ) գույքից գանձվող հարկերի առնչությամբ` ծանուցագիրը փոխանցելու օրացուցային տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ին գոյություն ունեցող գույքի վրա:

 

Կատարվել է ք. Մոսկվա 1996 թվականի դեկտեմբեր ամսի 28 երկու բնօրինակով, հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի մարտի 17-ից:

 

 

pin
28.12.1996
Միջազգային պայմանագիր