Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ թիվ 3-342 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-3819

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի մայիսի 23-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Լենա Աբգարյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2008 թվականի վճռի դեմ` ըստ Լենա Աբգարյանի հայցի ընդդեմ Մկրտիչ Համբարձումյանի և Գրիգոր Գորոյանի` ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և ըստ Մկրտիչ Համբարձումյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Լենա Աբգարյանի, Անահիտ Գևորգյանի և Գոռ Մահտեսյանի` ապօրինի զբաղեցրած տարածքից վտարելու և հաշվառումից հանելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Լենա Աբգարյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Գուլակյան փողոցի թիվ 71 տան նկուղային հարկի, օժանդակ կառույցների և այդ կառույցներով զբաղեցրած հողատարածքի նկատմամբ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մկրտիչ Համբարձումյանը պահանջել է հաշվառումից հանել և վտարել Լենա Աբգարյանին, Անահիտ Գևորգյանին և Գոռ Մահտեսյանին սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Գուլակյան փողոցի թիվ 71 հասցեում գտնվող տանից:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 10.09.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, հակընդդեմ հայցի հաշվառումից հանելու պահանջի մասը կարճվել է, իսկ մնացած մասը` մերժվել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.01.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, հակընդդեմ հայցի հաշվառումից հանելու պահանջի մասը կարճվել է, իսկ մնացածը մասը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լենա Աբգարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մկրտիչ Համբարձումյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 17.05.2007 թվականի գրությունը, ճիշտ չի գնահատել Հակոբ Այվազյանի և Ստեփան Գևորգյանի միջև 24.10.1971 թվականին կնքված պայմանագիրը:

Ավելին, Վերաքննիչ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, նշել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ են մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը և մատնանշել չորս վավերապայմաններ, որոնք ևս վկայում են, որ Լենա Աբգարյանը հանդիսանում է գույքը բարեխիղճ ձեռք բերող անձ: Չնայած դրան, Վերաքննիչ դատարանն այն մեկնաբանել է ի վնաս հայցվորի:

i

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս վճռի պատճառաբանական մասում չի նշել դատարանի կողմից պարզված հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը վճռի պատճառաբանական մասում նշել է, որ հայցվորը որևէ ապացույցով չի հիմնավորել, որ 24.10.1971 թվականին կնքված պայմանագիրն ստորագրվել է Հակոբ Այվազյանի և Ստեփան Գևորգյանի կողմից: Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման գալով հաշվի չի առել, որ դատաքննության ընթացքում կողմերն ընդունել են, որ նշված պայմանագիրն ստորագրել են Հակոբ Այվազյանը և Ստեփան Գևորգյանը և այդ մասին դատաքննության ընթացքում որևէ վեճ առկա չէ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.01.2008 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի 10.09.2007 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

 

Մկրտիչ Համբարձումյանը երբևէ չի հրաժարվել վիճելի մակերեսների նկատմամբ իր սեփականության իրավունքից: Այդ ամբողջ տարիների ընթացքում նա կատարել է սեփական գույքը պահպանելու բոլոր գործողությունները, մասնավորապես, մշտապես վճարել է հողի հարկը և գույքահարկը, համապատասխան մարմնում գրանցել սեփականության իրավունքը Երևանի Գուլակյան փողոցի թիվ 71 հասցեի իրեն պատկանող մակերեսների, այդ թվում` հայցվորի զբաղեցրած մակերեսների նկատմամբ:

Բացի այդ, վեճի առարկա տարածքը հայցվորը զբաղեցրել է սեփականատիրոջ համաձայնությամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 24.11.1971 թվականին կնքված պայմանագրի 2-րդ պարբերության համաձայն` Հակոբ Այվազյանը` կնոջ և տղայի համաձայնությամբ, սեփական տան նկուղային հարկի երկու սենյակներն իրենց նախասենյակով վաճառել է Ստեփան Գևորգյանին չորս հազար հինգ հարյուր ռուբլով:

2. Նույն պայմանագրի 4-րդ պարբերության համաձայն` Հակոբ Այվազյանը թույլատրել է Ստեփան Գևորգյանին իրեն գնած նկուղային հարկի դիմաց, բակի մեջ կառուցել խոհանոց ջրի ծորակով և այլ օժանդակ հարմարություններով:

3. Ստեփան Գևորգյանը Լենա Աբգարյանի նախկին ամուսինն է:

4. ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 17.05.2007 թվականի գրությամբ Լենա Աբգարյանն օգտագործում է Երևանի Գուլակյան փողոցի թիվ 71 հասցեում գտնվող տան 49.7 քմ նկուղային հարկը և 14.4 քմ օժանդակ կառույցները:

5. Լենա Աբգարյանը 1973 թվականից հաշվառված է Երևանի Գուլակյան փողոցի թիվ 71 հասցեում գտնվող տանը:

6. Երևանի Գուլակյան փողոցի բնակիչների 23.07.2007 թվականի վկայությունների համաձայն` Լենա Աբգարյանը 1973 թվականից անընդմեջ բնակվում է Երևանի Գուլակյան փողոցի թիվ 71 տանը:

7. 30.08.1985 թվականի կտակի համաձայն` Հակոբ Այվազյանն իր գույքը կտակել է Մկրտիչ Համբարձումյանին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել այն գույքի նկատմամբ, որից սեփականատերը հրաժարվել է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես, դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,

i

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Գուլակյան փողոցի թիվ 71 տան հասցեում գտնվող վեճի առարկա անշարժ գույքը Լենա Աբգարյանի տիրապետմանն անցման հիմք է 24.11.1971 թվականի նոտարական կարգով չվավերացված առուվաճառքի պայմանագիրը, որի համաձայն` Հակոբ Այվազյանը` կնոջ և տղայի համաձայնությամբ, սեփական տան նկուղային հարկի երկու սենյակներն իրենց նախասենյակով վաճառել է Լենա Աբգարյանի ամուսնուն` Ստեփան Գևորգյանին, չորս հազար հինգ հարյուր ռուբլով: Նույն պայմանագրի 4-րդ պարբերության համաձայն` Հակոբ Այվազյանը թույլատրել է Ստեփան Գևորգյանին իրեն գնած նկուղային հարկի դիմաց, բակի մեջ կառուցել խոհանոց ջրի ծորակով և այլ օժանդակ հարմարություններով: Բացի այդ, Լենա Աբգարյանը 1973 թվականից հաշվառված է և 1973 թվականից անընդմեջ բնակվում է Երևանի Գուլակյան փողոցի թիվ 71 հասցեում գտնվող տանը: Վերջինս օգտագործում է Երևանի Գուլակյան փողոցի թիվ 71 հասցեում գտնվող տան 49.7 քմ նկուղային հարկը և 14.4 քմ օժանդակ կառույցները:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հակոբ Այվազյանը Երևանի Գուլակյան փողոցի թիվ 71 հասցեում գտնվող վեճի առարկա անշարժ գույքը վաճառելով Ստեփան Գևորգյանին հրաժարվել է իրեն պատկանող վեճի առարկա գույքի սեփականության իրավունքից: Հետևաբար, Լենա Աբգարյանի կողմից վեճի առարկա անշարժ գույքի տիրապետումը հիմնված է այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող էր տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքն իր տիրապետմանն անցնելու պահից տիրապետել է որպես սեփականը, այսինքն` գույքի փաստացի տիրապետող Լենա Աբգարյանը 10 տարի բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ, որպես սեփական գույք տիրապետելով վեճի առարկա անշարժ գույքը, դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի ուժով ձեռք է բերել սեփականության իրավունք:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի թիվ 3-1435 (ՎԴ) որոշումը և մատնանշելով ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման համար չորս անհրաժեշտ վավերապայմանների առկայությունը, անհիմն կերպով մերժվել է վեճի առարկա գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչումը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ Մկրտիչ Համբարձումյանը երբևէ չի հրաժարվել իր սեփական գույքից` վճարելով գույքահարկը և հողի հարկերը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն վիճելի անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Լենա Աբգարյանի սեփականության իրավունքի ճանաչումը մերժելու հիմք չէ, հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` 30.08.1985 թվականի կտակի համաձայն` Հակոբ Այվազյանն իր գույքը կտակել է Մկրտիչ Համբարձումյանին:

Հետևաբար, 30.08.1985 թվականի կտակով Մկրտիչ Համբարձումյանին փոխանցվել է միայն Երևանի Գուլակյան փողոցի թիվ 71 տան այն մասը, որը ժառանգության բացման պահին պատկանել է Հակոբ Այվազյանին:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Հակոբ Այվազյանը հրաժարվել է վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության համաձայն` վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

i

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504(ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածից բխում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Անժելա Ղազարյան, Արփիկ և Արմինե Գասպարյաններ ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե և Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը, թիվ 3-1843(ՎԴ)): Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից գործի քննության ընթացքում պետք է ուսումնասիրվեին գործում առկա բոլոր ապացույցները, վերլուծության ենթարկվեին կողմերի ներկայացրած և դատաքննությամբ հետազոտված ապացույցները, դրանցով համապատասխան հանգամանքները կամ անհիմն համարելու համար:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը կասկածի տակ դնելով կողմերի կնքած 24.10.1971 թվականի պայմանագիրը, չի հիմնավորել իր այդ եզրահանգումը:

Բացի այդ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, գնահատման առարկա չի դարձել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 17.05.2007 թվականի գրությունը, Երևանի Գուլակյան փողոցի բնակիչների 23.07.2007 թվականի վկայությունները, ինչպես նաև չի նշել այդ ապացույցների մերժման հիմնավորումները:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:

i

Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով` Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2008 թվականի վճռի և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 10.09.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.05.2008
N 3-342 (ՎԴ)
Որոշում