Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԿԴ3/0026/02/08
Քաղաքացիական գործ թիվ   ԿԴ3/0026/02/08
Նախագահող դատավոր`        Դ. Խաչատրյան
                                                         Ն. Տավարացյան
                                                         Ս. Միքայելյան
i

    

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

Նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Ե. Խունդկարյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
  Ս. Օհանյանի

                   

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում քննելով Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2008 թվականի որոշման դեմ` ըստ Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանի հայցի ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի` բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանը պահանջել է Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչել և Ալվարդ Խաչատրյանին ճանաչել համասեփականատեր:

Հակընդդեմ հայցով Արմեն Խաչատրյանը պահանջել է առանց փոխհատուցման դադարեցնել Թեհմինե, Ալվարդ և Էմմա Խաչատրյանների բնակության իրավունքը և բնակելի տարածությունից վտարել:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 04.03.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.06.2008 թվականի որոշմամբ Դատարանի 04.03.2008 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թեհմինե Խաչատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Ալվարդ Խաչատրյանն Արմեն Խաչատրյանի դուստրն է, ընտանիքի անդամը, որի ուժով համարվել է սեփականաշնորհման սուբյեկտ և պետք է օգտվեր բնակարանի սեփականաշնորհումից բխող բոլոր իրավունքներից:

Վերաքննիչ դատարանի կողմից յուրաքանչյուր ապացույց չի գնահատվել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, մասնավորապես, Քանաքեռավանի գյուղապետարանի կողմից տրված տեղեկանքը, Ալվարդ Խաչատրյանի համար 1994 թվականին բացված բժշկական ամբուլատոր քարտը, որոնց համաձայն` Թեհմինե Խաչատրյանի երեխաներ Ալվարդ և Էմմա Խաչատրյանները ծննդյան օրվանից մշտապես բնակվել են վեճի առարկա տանը, որից հետևում է, որ Ալվարդ Խաչատրյանը սեփականաշնորհման սուբյեկտ է:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, վտարելով Ալվարդ և Էմմա Խաչատրյաններին Քանաքեռավան գյուղի 11 փողոցի 21/4 բնակելի տանից, խախտել է «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, որը երաշխավորում է ծնողներից յուրաքանչյուրի բնակելի տարածությունում երեխայի ապրելու իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.06.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 04.03.2008 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Թեհմինե և Արմեն Խաչատրյանները գտնվել են փաստական, իսկ 06.12.1995 թվականից` գրանցված ամուսնության մեջ: Համատեղ կյանքում ունեցել են 2 երեխա, Ալվարդ Խաչատրյանը` ծնված 08.06.1994 թվականին և Էմմա Խաչատրյանը` ծնված 04.05.1998 թվականին:

2. Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 15.11.2007 թվականի վճռով լուծվել է Թեհմինե և Արմեն Խաչատրյանների ամուսնությունը:

3. Վեճի առարկա հասցեով Ալվարդ Խաչատրյանի համար 1994 թվականից բացվել է բժշկական ամբուլատոր քարտ:

4. Քանաքեռավանի գյուղապետարանի կողմից տրված 12.11.2007 թվականի տեղեկանքի համաձայն` Ալվարդ և Էմմա Խաչատրյանները ծննդյան օրվանից մշտապես բնակվել են Քանաքեռավան գյուղի 11 փողոցի 21/4 հասցեում (նախկին 1 փողոց թիվ 19/2):

5. Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշմամբ վեճի առարկա տունը սեփականաշնորհվել է:

6. Թեհմինե Խաչատրյանը 09.08.2001 թվականին հաշվառվել է Քանաքեռավան գյուղի 11 փողոցի 21/4 տանը:

7. 13.02.1996 թվականի սեփականության վկայագրի համաձայն` վեճի առարկա բնակելի տան նկատմամբ գրանցված է Պարույր, Արմեն և Ալիսա Խաչատրյանների սեփականության իրավունքը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները:

Նույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումն ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնային սեփականություն: Վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգրքի համաձայն` վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում բոլոր պարտականությունները, ինչպես նաև օգտվում են բնակարանների սեփականաշնորհումից բխող իրավունքներից:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ բնակարանի վարձակալ չհանդիսացող անձը սեփականաշնորհման արդյունքում կարող է ձեռք բերել սեփականության իրավունք 3 պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում: Այդպիսիք են` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալը, ինչպես նաև բնակարանի վարձակալի ընտանիքի անդամ լինելը:

i

Սույն գործի փաստերի համաձայն` Արմեն Խաչատրյանի դուստր Ալվարդ Խաչատրյանը ծննդյան օրվանից մշտապես բնակվել է Քանաքեռավան գյուղի 11 փողոցի 21/4 հասցեում: «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 11.09.1992 թվականի թիվ 473 որոշման 22-րդ կետի համաձայն` ծնողների (խնամակալների, հոգաբարձուների) հետ բնակվող 16 տարին չլրացած քաղաքացիների հաշվառումը կատարվում է ծնողներից մեկի (խնամակալի, հոգաբարձուի) հաշվառման փաստաթղթերում նրանց մասին տվյալները գրառելու միջոցով:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 16 տարին չլրացած քաղաքացիների գրանցումը հաստատված համարելու համար առանձին հաշվառման փաստաթղթի առկայությունը պարտադիր չէ, քանի որ այն պարտադիր կերպով կատարվում է իրենց ծնողի հաշվառման փաստաթղթերում գրառում կատարելու միջոցով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բնակելի տան սեփականաշնորհման արդյունքում Ալվարդ Խաչատրյանը նույնպես ձեռք է բերել սեփականության իրավունք:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843 (ՎԴ)):

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը գալով այն եզրահանգման, որ Ալվարդ Խաչատրյանը սեփականաշնորհման սուբյեկտ չէ, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել Ալվարդ Խաչատրյանի համար 1994 թվականից բացված բժշկական ամբուլատոր քարտը և Քանաքեռավանի գյուղապետարանի կողմից տրված 12.11.2007 թվականի տեղեկանքը, որոնցով հիմնավորվում է, որ Ալվարդ Խաչատրյանը ծննդյան օրվանից մշտապես բնակվել է Քանաքեռավան գյուղի 11 փողոցի 21/4 բնակելի տանը` Արմեն Խաչատրյանի հետ համատեղ, հետևաբար, վարձակալի հետ համահավասար օգտվում է բնակելի տարածության սեփականաշնորհումից բխող իրավունքներից:

i

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ծնողների հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից:

Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` ընտանիքի անդամներ են նաև երեխաները: Նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):

Վերոգրյալ հոդվածներից հետևում է, որ երեխան ունի ծնողներից յուրաքանչյուրի հետ ապրելու իրավունք:

Ծնողների զբաղեցրած բնակարանում երեխայի ապրելու իրավունքի ապահովումը միաժամանակ ծնողների պարտականությունն է, նրանք հավասարապես պարտավոր են երեխային ապահովել բնակելի տարածությունում ապրելու իրավունքով:

Ծնողի հետ ապրելու երեխայի իրավունքն անմիջականորեն կապված է ծնողի անձի հետ, այլ ոչ թե ծնողի սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող գույքի հետ: Ծնողի զբաղեցրած բնակարանում երեխայի ապրելու իրավունքը ծագում է օրենքի ուժով և պահպանվում է մինչև երեխայի 18 տարին լրանալը: Այսինքն` ծնողի հետ ապրելու իրավունքը երեխայի մոտ ծագում է ծնող-երեխա ազգակցական կապի ուժով:

i

Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ծնողներից յուրաքանչյուրի հետ ապրելու երեխայի իրավունքը պահպանվում է նույնիսկ այն դեպքում, երբ նրա խնամքը հանձնված է ծնողներից մեկին, այսինքն` անգամ ամուսնալուծված ծնողը պարտավոր է թույլատրել երեխային բնակվել իր կողմից զբաղեցրած բնակարանում (տես, Նիկողոս Դաբաղյանն ընդդեմ Մարի, Նշան և Տաթևիկ Դաբաղյանների` բնակելի տնից վտարելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-222 (ՎԴ)):

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Արմեն Խաչատրյանը վեճի առարկա տան համասեփականատեր է, իսկ անչափահաս Էմմա Խաչատրյանը` նրա դուստրը:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անչափահաս Էմմա Խաչատրյանն օրենքի ուժով ապրելու իրավունք ունի Արմեն Խաչատրյանի համասեփականության ներքո գտնվող բնակելի տանը:

Ինչ վերաբերում է բնակելի տնից Թեհմինե Խաչատրյանին վտարելու պահանջին, ապա այն հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Թեհմինե Խաչատրյանին վտարելու պահանջն ենթակա է մերժման, քանի որ այն ներկայացվել է միայն մեկ սեփականատիրոջ կողմից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթը Արմեն, Պարույր, Ալիսա Խաչատրյանների անվամբ տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը:

i

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է այն հարցին, որ սեփականության իրավունքի գրանցման վկայականը հանդիսանում է սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, և այդ փաստաթղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մնում վարչական ակտը` անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը (իրավական հիմնավորումը տես` Սիսիանի քաղաքապետարան ընդդեմ Շահեն Սարգսյան, երրորդ անձինք ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Սիսիանի ստորաբաժանում, Կորյուն Օհանյան, 26.10.2006 թվական, քաղաքացիական գործ թիվ 3-1920/ՎԴ (2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագիրը լուծելու, Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև 11.09.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջներով)):

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. Թեհմինե Խաչատրյանի հայցը բավարարել մասնակիորեն. Ալվարդ Խաչատրյանին ճանաչել Քանաքեռավան գյուղի 11 փողոցի 21/4 բնակելի տան 1/4 մասի սեփականատեր և այդ մասով անվավեր ճանաչել Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը և Արմեն, Պարույր, Ալիսա Խաչատրյանների սեփականության իրավունքի պետական գրանցումը: Արմեն, Պարույր, Ալիսա Խաչատրյանների անվամբ տրված սեփականության իրավունքի վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ե. Խունդկարյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2008
N ԿԴ3/0026/02/08
Որոշում