Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ, 5-ՐԴ, 24-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԵԿԴ/0198/02/08
2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0198/02/08
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան 
Դատավորներ` Կ. Հակոբյան
Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Ե. Խունդկարյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
  Ս. Օհանյանի

 

2008 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Կենտրոն» համատիրության վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Կենտրոն» համատիրության (այսուհետ` Համատիրություն) ընդդեմ Համլետ Ավետիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Համլետ Ավետիսյանի ընդդեմ Համատիրության` աշխատանքներ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համատիրությունը պահանջել է Համլետ Ավետիսյանից բռնագանձել պարտադիր նորմերի իրականացման համար նախատեսված և սահմանված ժամկետում չվճարված 121.702 ՀՀ դրամը:

i

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Համլետ Ավետիսյանը պահանջել է Համատիրությանը պարտավորեցնել պատշաճ կերպով կատարել ՀՀ կառավարության 10.10.2002 թվականի թիվ 1625-Ն որոշմամբ սահմանված պարտադիր նորմերի բոլոր կետերով նախատեսված աշխատանքները:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.02.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.05.2008 թվականի որոշմամբ Համլետ Ավետիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.02.2008 թվականի վճիռը` հայցը մասնակիորեն բավարարելու մասով և այն փոփոխվել է` Համատիրության հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համատիրությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համլետ Ավետիսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 5-րդ, 24-րդ հոդվածները, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 22-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, չպարզելով, թե Համլետ Ավետիսյանի ընտանիքի անդամների թիվը համապատասխանում է թիվ 5 տեղամասի տեղեկանք-հաշվարկում նշված թվին, թե ոչ, չի վկայակոչել որևէ նյութաիրավական նորմ, որը վերաբերելի կամ կիրառելի է սույն իրավահարաբերության նկատմամբ, որով ըստ էության չի լուծել վեճը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.05.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.02.2008 վճռին կամ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը` հայցը մերժելու մասով և գործն այդ մասով ուղարկել ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի որոշումը լիովին հիմնավոր է, քանի որ Համատիրությունը դատարանին տեղեկանք չի ներկայացրել Համլետ Ավետիսյանի անձերի թվի մասին, իսկ ներկայացված տեղեկանք-հաշվարկում անձերի թիվն արհեստականորեն ավելացվել է` դրանով ավելացնելով պահանջվող գումարի չափը: Բացի այդ, թվարկված և մի շարք այլ հարցերի կապակցությամբ Համլետ Ավետիսյանի գրավոր միջնորդությունները Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նույնիսկ քննության չի առել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Համատիրության կողմից կազմված տեղեկանք-հաշվարկում կատարվել է պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների հաշվարկ, որով հաշվարկվել է ընդհանուր մակերեսից պարտադիր նորմի վճարը և աղբահանության վճարը: Դրա արդյունքում 2003 թվականի օգոստոսից մինչև 2007 թվականի օգոստոս ամսվա համար հաշվարկվել է ընդամենը 121.702 ՀՀ դրամ պարտավորության գումար:

2) Գործի քննության ընթացքում Համլետ Ավետիսյանն ընդունել է բնակարանում 3 անձի փոխարեն 2 անձի բնակվելու փաստը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործում առկա տեղեկանք-հաշվարկում կատարվել է ընդհանուր մակերեսից պարտադիր նորմի վճարի հաշվարկ, ինչպես նաև աղբահանության վճարի հաշվարկ` 3 անձի համար:

Վերաքննիչ դատարանը հայցն ամբողջությամբ մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որը վերը նշված տեղեկանք-հաշվարկում Երևանի Երվանդ Քոչարի 7-րդ շենքի թիվ 49 բնակարանում նշված է 3 անձ, սակայն նշված չէ այդ տվյալի ստացման սկզբնաղբյուրը, մինչդեռ այդ հանգամանքի ապացուցման բեռը կրում է Համատիրությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը` գումարի բռնագանձումն ամբողջությամբ մերժելու մասով, անհիմն է, քանի որ Համատիրության կողմից կատարված հաշվարկը վերաբերում է ոչ միայն աղբահանությանը, այլ նաև ընդհանուր մակերեսից պարտադիր նորմի վճարի հաշվարկին, որին Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել:

Ինչ վերաբերում է անձանց թվին համապատասխան աղբահանության համար գումարներ հաշվարկելուն, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բնակարանում բնակվող անձանց թվի վերաբերյալ ճշգրիտ հաշվարկներ ներկայացնելու պարտականությունն արդարացիորեն դրել է Համատիրության վրա, քանի որ վերջինս պետք է հիմնավորի իր պահանջի հիմքում ընկած հանգամանքները, այդ թվում` հաշվարկված գումարի ճշտությունը: Այնուհանդերձ, հարկ է արձանագրել, որ սույն գործի քննության ընթացքում Համլետ Ավետիսյանն ընդունել է բնակարանում 3 անձի փոխարեն 2 անձի բնակվելու հանգամանքը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով վերոգրյալը, ամբողջությամբ մերժել է հայցը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2008 թվականի որոշումը` «Կենտրոն» համատիրության հայցը մերժելու մասով, և այդ մասով գործն ուղարկել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ե. Խունդկարյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2008
N ԵԿԴ/0198/02/08
Որոշում