Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ԵՎ 9 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների  Քաղաքացիական գործ թիվ 3-2449 (Ա)

    առաջին ատյանի դատարանի վճիռ                                  2006 թ.

նախագահող դատավոր` Էդ. Ավետիսյան

Քաղաքացիական գործ թիվ 2-719/2006 թ.

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

2006 թվականի դեկտեմբերի 21-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լևոն Չալաբյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 27.02.2006 թվականի թիվ 2-719 վճռի դեմ ըստ «Արմենտել» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) հայցի ընդդեմ Լևոն Չալաբյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան ընկերությունը պահանջել է բռնագանձել պատասխանողից 806 795 ՀՀ դրամը և վճարված պետական տուրքը:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 27.02.2006 թվականի թիվ 2-719 վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Լևոն Չալաբյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 94-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

Դատարանը Լ. Չալաբյանին պատշաճ ձևով չի ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, որի հետևանքով թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված խախտում:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցվորից չի պահանջել ապացուցել իր պահանջների հիմքում ընկած հանգամանքները: Հայցվորը չի ներկայացրել թույլատրելի ապացույցներ, որոնցով հնարավոր լիներ պարզել, թե պատասխանողը որ հեռախոսահամարի հետ է խոսել և որքան տևողությամբ: Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել հայցվորի ներկայացրած մեկ էջանոց հաշվարկը, որը հեռու է ապացուցողական նշանակություն ունենալուց, սակայն այն դրվել է վճռի հիմքում:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 27.02.2006 թվականի թիվ 2-719 վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

1) 11.01.2006 թվականին դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ և գործի քննությունը նշանակել է 2006 թվականի փետրվարի 27-ին (գ.թ.1):

2) Գործում առկա է պատասխանող Լևոն Չալաբյանին հասցեագրված, «Ստորագրություն» վերնագրված թերթիկ (գ.թ.9):

3) 27.02.2006 թվականի դատական նիստի արձանագրությունում արձանագրված է, որ պատասխանողը չի ներկայացել դատարան անհայտ պատճառներով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Մինչդեռ, գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ պատասխանողը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան պատշաճ ձևով տեղեկացվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին (գ.թ. 9): Գործում առկա «Ստորագրություն» անվանումով թերթիկը դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատական ծանուցագիրը պատասխանողին հանձնելու վերաբերյալ ապացույց չէ: Դրանում բացակայում է պատասխանողին ծանուցագիրը չհանձնելու պատճառների մասին որևէ նշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` տեղեկացնելու պարտականությունը ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող մրցակցության և կողմերի հավասարության նորմ-սկզբունքների հետ, քանի որ նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով դատավարական օրենքի էական խախտում է:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված ծանուցման պահանջի չպահպանումը հանգեցնում է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածով երաշխավորված յուրաքանչյուրի` արդար դատաքննության իրավունքի խախտման: Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասում ուղղակիորեն նշված չէ, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը:

Առաջին ատյանի դատարանը, գործին մասնակից չդարձած անձի իրավունքների վերաբերյալ վճիռ կայացնելով, չի ապահովել պատասխանողի իրական մասնակցությունը գործի քննությանը` զրկելով նրան Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներից:

2) վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքը Վճռաբեկ դատարանը քննության առարկա չի դարձնում հետևյալ պատճառաբանությամբ.

Դատավարական իրավունքի նորմերի խախտման մասին բողոք բերած անձի պատճառաբանություններին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ գործը քննվել և վճիռը կայացվել է նրա դատավարական իրավունքների սահմանափակումների պայմաններում: Դրա արդյունքում բողոք բերած անձի փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձվել, հետևաբար դրանք չեն կարող լինել նաև Վճռաբեկ դատարանի քննության առարկա:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 27.02.2006 թվականի թիվ 2-719 վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.12.2006
N 3-2449(Ա)
Որոշում