ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-30 (ՎԴ)
քաղաքացիական գործերով 2007 թ.
վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 06-2826/2006 թ.
նախագահող դատավոր` Ա. ԽԱՌԱՏՅԱՆ
դատավորներ` Տ. ՍԱՀԱԿՅԱՆ
Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/,
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2007 թվականի հունվարի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի և Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավարի վճռաբեկ բողոքն ըստ Սոնյա Բալաբեկյանի հայցի ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` աշխատանքում վերականգնելու և հարկադրական պարապուրդի ժամանակի համար միջին վաստակը բռնագանձելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 27.10.2006 թվականի վճռի դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Սոնյա Բալաբեկյանը պահանջել է վերականգնել իրեն նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի աշխատավարձը:
Առաջին ատյանի դատարանի 01.11.2005 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.03.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վճռաբեկ դատարանի 16.06.2006 թվականի որոշմամբ վերաքննիչ դատարանի վերը նշված վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 27.10.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել են ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը և Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավարը:
Սոնյա Բալաբեկյանը վճռաբեկ բողոքին ներկայացրել է պատասխան:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի և 227-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերող անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկով.
Դատարանը, Սոնյա Բալաբեկյանին նախկին` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում որպես նիստերի քարտուղարի աշխատանքում վերականգնելու պահանջի մասին քաղաքացիական գործով վճիռ է կայացրել ՀՀ դատական դեպարտամենտի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, որը գործի քննությանը մասնակից չի դարձվել:
Դատարանը գործի քննությանը մասնակից չի դարձրել ՀՀ դատական դեպարտամենտին կամ նրա համապատասխան առանձնացված ստորաբաժանմանը` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմին` վերջիններիս զրկելով ՀՀ Սահմանադրությամբ ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքից: Այս դատավարական խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` դատարանի վճիռը բոլոր դեպքերում բեկանելու հիմք է:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերող անձինք պահանջել են բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 27.10.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.
Գործի քննությանը որպես պատասխանող է ներգրավվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը: Թե առաջին ատյանի, և թե վերաքննիչ դատարանները գործի քննությունը բազմիցս հետաձգել են` փորձելով ապահովել պատասխանողի ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, սակայն վերջինս դատական նիստին չի ներկայացել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
ա/ Սոնյա Բալաբեկյանը աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում որպես դատական նիստերի քարտուղար:
բ/ Դատարանի նախագահի 17.08.2004 թվականի թիվ 28 հրամանով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ազատվել է աշխատանքից:
գ/ Վերաքննիչ դատարանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձրել ՀՀ դատական դեպարտամենտի և նրա առանձնացված ստորաբաժանման` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը նշված հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական դեպարտամենտը պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է դատարաններին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ու քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը, իսկ 3-րդ մասի համաձայն` դատական դեպարտամենտը գործում է Վճռաբեկ դատարանի նախագահի հաստատած կանոնադրության հիման վրա:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական դեպարտամենտն իրականացնում է կադրային քաղաքականությունը, ֆինանսաբյուջետային, նյութատեխնիկական և այլ բնույթի միջոցառումներ` ուղղված դատական իշխանության արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006 թվականի թիվ 01 Ն որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկը (այսուհետ` նաև Դեպարտամենտ) և նույն որոշմամբ հաստատվել է վերը նշված հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը:
Կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն` Դեպարտամենտը դատարաններին վերապահված լիազորությունների լիարժեք, արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունն ապահովում է առանձնացված ստորաբաժանումների միջոցով:
Այդպիսի առանձնացված ստորաբաժանում է նաև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմը, որն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
«Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն` դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից բացի, մյուս պաշտոններում նշանակումները կատարում է Դեպարտամենտի ղեկավարը` առանձնացված ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ:
Վերաքննիչ դատարանը սույն գործով վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած Դեպարտամենտի և նրա առանձնացված ստորաբաժանման` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ` վերջիններիս մասնակից չդարձնելով գործի քննությանը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Հետևաբար, սույն վճռաբեկ բողոքի հիմքում նշված դատավարական իրավունքի խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու հիմք է:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների խախտման վերաբերյալ սույն վճռաբեկ բողոքի փաստարկը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում, քանի որ նշված հոդվածը վերաբերում է գործին մասնակցող անձանց դատական նիստի վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցմանը, իսկ սույն գործի փաստերի համաձայն` բողոք բերած անձինք սույն գործին մասնակցող անձինք չեն հանդիսացել:
Վերոնշյալ պատճառաբանությունների հիման վրա` Վճռաբեկ դատարանը բողոքի հիմքը դիտում է հիմնավոր և բավարար հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ 2-րդ մասի 3-րդ կետի ուժով դատական ակտը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 27.10.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ