Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 109-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով            Քաղաքացիական գործ թիվ 3-169 (ՎԴ)

    վերաքննիչ դատարանի վճիռ                                      2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 06-4071/2006 թ.

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

Գ. Մատինյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

 

2007 թվականի մարտի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վեհանուշ Գրիգորյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 06-4071/2006 թ. քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ հայցի Նիկոլայ Իսկանդարյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) և Վեհանուշ Գրիգորյանի` պետական մարմնի պաշտոնատար անձի գործողություններն անօրինական ճանաչելու, օրենքով սահմանված կարգով ստեղծված բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, տնով զբաղեցված ու սպասարկման տարածք հանդիսացող հողամասը տիրազուրկ ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և Վեհանուշ Գրիգորյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Նիկոլայ Իսկանդարյանը պահանջել է անօրինական ճանաչել Կադաստրի գործողությունը` իր տիրապետության տակ գտնվող Երևանի Չարենցի փողոցի թիվ 67 հասցեի 70 քմ մակերեսով ինքնակամ շինությունը Վեհանուշ Գրիգորյանի անվամբ հաշվառումը, ճանաչել սեփականության իրավունքը վերոնշյալ շինության նկատմամբ, տիրազուրկ ճանաչել նշված տան զբաղեցրած և դրա սպասարկման տարածք հանդիսացող հողամասն ու ձեռքբերման վաղեմության հիմքով դրանց նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը, անվավեր ճանաչել Վեհանուշ Գրիգորյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը` վերոնշյալ շինության և հողամասի մասով:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 29-ի վճռով գործի վարույթը կարճվել է` հայցից հրաժարվելու հիմքով:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2006 թվականի նոյեմբերի 23-ի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վեհանուշ Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Նիկոլայ Իսկանդարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի պահանջները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, 110-րդ հոդվածի 3-րդ մասի, 215-րդ հոդվածի և 217-րդ հոդվածի առաջին մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է հայցվորի իրավունքը` հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ կրկին դատարան դիմելու մասին: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանում ըստ էության չքննված սույն գործով հայցվորի վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ (չկիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթը), զրկելով վերջինիս առաջին ատյանի դատարանում գործի քննության` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող կամ չներկայացնող երրորդ անձանց` գործի մեջ մտնելու (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ և 35-րդ հոդվածներ) և հակընդդեմ հայց հարուցելու (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդված) կանոններով նախատեսված իրավունքներից, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված մրցակցության իրավունքից:

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի առաջին և 5-րդ մասերով նախատեսված դրույթները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

1988 թվականի մարտի 24-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Գ. Գրիգորյանի ժառանգներ են հանդիսացել կինը` Ք. Գրիգորյանը և դուստրը` Վեհանուշ Գրիգորյանը: Վերոնշյալ հոդվածի ուժով ընդունած ժառանգությունը ժառանգության բացման պահից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից:

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի, 52-րդ հոդվածի 2-րդ մասի և 53-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 2004 թվականի նոյեմբերի 12-ի և 2005 թվականի հուլիսի 07-ի որոշումներով բեկանվել են այն դատական ակտերը, որոնցով ճանաչվել էր Նիկոլայ Իսկանդարյանի կնոջ` Ն. Գրիգորյանի տիրապետության տակ գտնվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը: Ընդ որում, վերոնշյալ քաղաքացիական գործերով վեճի առարկա էր հանդիսանում սույն քաղաքացիական գործով վեճի առարկա գույքը: ՈՒստի, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

4) Վերաքննիչ դատարանը չի կիրառել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պատճառաբանության վերաբերյալ հիմնավորումներ չի ներկայացրել:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 23-ի վճիռը, փոփոխել այն և հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

 

Անհիմն են վճռաբեկ բողոք բերած անձի պատճառաբանությունները դատավարական իրավունքի նորմերի խախտման մասով, քանի որ գործով բացակայում էր վերաքննիչ բողոքը վերադարձնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևիցէ մեկը:

Բացի այդ, առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 2006 թվականի փետրվարի 03-ի թիվ 3-55 (ՎԴ) որոշումը, որով սույն գործի հետ նույնական հանգամանքներով մեկ այլ գործով կայացված Վերաքննիչ դատարանի վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքը քննվել է, և վճիռը թողնվել է անփոփոխ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սույն քաղաքացիական գործի քննության ընթացքում հայցվորը հրաժարվել է հայցից, որի արդյունքում դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 29-ի վճռով գործի վարույթը կարճվել է:

2) 2006 թվականի նոյեմբերի 06-ին Նիկոլայ Իսկանդարյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

3) 2006 թվականի նոյեմբերի 23-ին Վերաքննիչ դատարանը քննել է քաղաքացիական գործը և կայացրել է վճիռ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից:

Հիմք ընդունելով քաղաքացիական դատավարության հիմնարար սկզբունքները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է իրավական այն դիրքորոշումը, որ գործի վարույթի կարճումն իրենից ներկայացնում է քաղաքացիական գործի վարույթի ավարտ` առանց դատարանի կողմից գործն ըստ էության քննելու և վեճը լուծող վերջնական դատական ակտ կայացնելու:

«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա առաջին ատյանի դատարանի քննած գործերը կրկին անգամ ըստ էության քննող դատարան է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը գործում եղած, ինչպես նաև լրացուցիչ ներկայացված ապացույցներով կրկնակի քննում է գործը:

Հիմք ընդունելով հիշյալ հոդվածները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը գործն ըստ էության կրկնակի քննող դատարան է, իսկ սույն քաղաքացիական գործն առաջին ատյանի դատարանում ըստ էության չի քննվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործը չէր կարող կրկնակի քննվել Վերաքննիչ դատարանում, քանի որ գործում առկա է քաղաքացիական գործի վարույթի կարճման հիմքը, այն է` դիմումը հայցից հրաժարվելու մասին:

Նշված եզրահանգման գալիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նաև այն իրողությունը, որ Վերաքննիչ դատարանում գործի քննության սահմանները կողմերին հնարավորություն չեն ընձեռում օգտվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված մրցակցային դատավարության կարևոր տարրերից մեկի` դատարանին ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, քանի որ մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, գործին մասնակցող անձանց ներկայացրած լրացուցիչ ապացույցները վերաքննիչ դատարանն ընդունում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է առաջին ատյանի դատարանում այդ ապացույցները ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով: Այսինքն` սույն քաղաքացիական գործի քննությունն առաջին անգամ Վերաքննիչ դատարանում հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքներին:

Վճռաբեկ բողոքի մյուս հիմքերը Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա չեն կարող լինել, քանի որ դրանք չեն քննարկվել և գնահատման առարկա չեն դարձվել առաջին ատյանի դատարանում:

Նիկոլայ Իսկանդարյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում նշված ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 2006 թվականի փետրվարի 03-ի թիվ 3-55 (ՎԴ) որոշմանը, ապա այդ քաղաքացիական գործի փաստերը տարբերվում են սույն քաղաքացիական գործի փաստերից: Մասնավորապես, այդ քաղաքացիական գործի շրջանակներում բերված վճռաբեկ բողոքի հիմքերով չի վիճարկվել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու օրինականությունը, ըստ այդմ, այդ հարցը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի կողմից քննարկման առարկա չի դարձել:

Այսպիսով, սույն բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատելու մասին բողոք բերած անձի միջնորդությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի հիմքով այն ենթակա է բավարարման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վեհանուշ Գրիգորյանը երկրորդ կարգի հաշմանդամ է և սոցիալապես անապահով:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:

Տվյալ դեպքում քաղաքացիական գործի վարույթի կարճման հիմքն ի հայտ է եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ` այն պահին, երբ դատարանն ստացել է հայցից հրաժարվելու մասին կողմի դիմումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 23-ի վճիռը և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Վեհանուշ Գրիգորյանին ազատել վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումից:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.03.2007
N 3-169(ՎԴ)
Որոշում