Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ/1659/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/1659/05/08                                 2009 թ.

Նախագահող դատավոր` Ռ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ա. Մաթևոսյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի մարտի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 12.11.2008 թվականի վճռի դեմ` ըստ Նորայր Պետրոսյանի հայցի ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ)` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի (այսուհետ` Նախարար) 13.12.2006 թվականի թիվ 1153-Ա գաղտնի հրամանը, 12.03.2007 թվականի թիվ 257-Ա հրամանը, 28.04.2007 թվականի թիվ 130-Ա հրամանը, Խորհրդի 26.04.2007 թվականի թիվ 390-Ա որոշումն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդ վճարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Նորայր Պետրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Նախարարի 13.12.2006 թվականի թիվ 1153-Ա գաղտնի հրամանը, 12.03.2007 թվականի թիվ 257-Ա հրամանը, 28.04.2007 թվականի թիվ 130-Ա հրամանը, Խորհրդի 26.04.2007 թվականի թիվ 390-Ա որոշումը, վերականգնել նույն պաշտոնում` պարտադրելով ՀՀ ֆինանսների նախարարությանը վճարելու հարկադիր պարապուրդի պատճառով իրեն չվճարված աշխատավարձը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 12.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նորայր Պետրոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ և 57-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, ինչպես նաև սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, Նախարարի վիճարկվող հրամանները դիտելով որպես վարչական ակտեր, գտել է, որ այդ հրամանները չեն ընդունվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ և 57-րդ հոդվածներին համապատասխան:

Մինչդեռ Նախարարի նշված հրամանները վարչական ակտեր չեն, դրանք չեն ընդունվել հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, քանի որ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` Նախարարություն) և Նորայր Պետրոսյանի միջև եղել են աշխատանքային հարաբերություններ:

i

2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածը, 265-րդ հոդվածի 2-րդ մասը, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի «դ» կետը, 32-րդ հոդվածը, Խորհրդի 22.11.2002 թվականի թիվ 124-Ն որոշմամբ հաստատված «Ծառայողական քննություն անցկացնելու կարգ»-ի 6-րդ կետի «բ» ենթակետը, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև սխալ է մեկնաբանել «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ կառավարության 02.05.2002 թվականի թիվ 737-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին, 9-րդ, 11-րդ կետերը և 12-րդ կետի «զ» ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը եզրակացնելով, որ Նորայր Պետրոսյանի նկատմամբ սահմանվել են օրենքով չնախատեսված պատասխանատվության տեսակներ` «խիստ նկատողություն» և «նկատողություն», անտեսել է այն հանգամանքը, որ Նորայր Պետրոսյանին աշխատանքից ազատելու հիմքում դրված չի եղել նրա նկատմամբ նախկինում տվյալ կարգապահական տույժերը կիրառված լինելու հանգամանքը:

Բացի այդ, Դատարանը պատճառաբանել է, որ Նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության (այսուհետ` Գործակալություն) պետին հանձնարարականներ տալու լիազորությամբ օժտված է միայն Նախարարը և Գործակալության գործունեությունը համակարգող Նախարարի համապատասխան տեղակալը:

Մինչդեռ Գործակալությունը Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, իսկ վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող Նախարարության կանոնադրության 38-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` Նախարարության աշխատակազմը ղեկավարում է Նախարարության աշխատակազմի ղեկավարը:

Ավելին, Նորայր Պետրոսյանին աշխատանքից ազատման համաձայնություն ստանալու համար անցկացված ծառայողական քննության առարկա է հանդիսացել նաև Նախարարի 02.03.2007 թվականի թիվ 1/1-ՌԳ-2180 գրությամբ տրված հանձնարարականը չկատարելը, իսկ Դատարանը հիմք չի ընդունել և եզրակացրել է, որ վերը նշված հանձնարարականի պահանջները կատարելու համար Նորայր Պետրոսյանին տրվել է եռօրյա ժամկետ, այդուհանդերձ Նախարարը, չսպասելով իր իսկ կողմից սահմանված ժամկետի լրանալուն, նույն օրը Խորհրդի նախագահին հասցեագրված թիվ 1/1-ՌԳ-2179 գրությամբ խնդրել է իրականացնել ծառայողական քննություն և տալ համաձայնություն գործակալության պետ Նորայր Պետրոսյանի նկատմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու կապակցությամբ:

Մինչդեռ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Խորհրդի նախագահին հասցեագրված Նախարարի 02.03.2007 թվականի թիվ 1/1-ՌԳ-2179 գրությամբ խնդրվել է իրականացնել ծառայողական քննության Նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից Գործակալության պետ Նորայր Պետրոսյանին տրված չորս հանձնարարականները չկատարելու փաստի առթիվ, իսկ Նախարարի 02.03.2007 թվականի թիվ 1/1-ՌԳ-2180 գրությամբ տրված հանձնարարականը չկատարելու փաստի մասին Խորհրդին ի լրումն հայտնվել է Նախարարության 12.03.2007 թվականի թիվ 1/3-ՌԳ-2442 գրությամբ, և նշված հանձնարարականի չկատարումը ևս հանդիսացել է ծառայողական քննության առարկա:

Դատարանը Նախարարի և Նախարարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների չկատարումը հիմնավորել է նաև նրանով, որ Գործակալության պետի ծառայողական լիազորությունները և պարտականությունները փաստացի կասեցված էին, Գործակալության կնիքը և երկու պահարանների (պահոցների) բանալիները Նորայր Պետրոսյանի մոտ չէին, այն դեպքում, որ Նախարարի ու Նախարարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների կատարումը կապված չէր Գործակալության կնիքի և ՀՀ կենտրոնական բանկի պահոցում գտնվող երկու չհրկիզվող պահարանների բանալիների հետ:

Ընդ որում, եթե նույնիսկ այդ հանձնարարականների կատարումը որևէ կերպ կապված լիներ Գործակալության կնիքի և ՀՀ կենտրոնական բանկի պահոցում գտնվող երկու չհրկիզվող պահարանների բանալիների հետ, ապա Նորայր Պետրոսյանը կարող էր դրանից օգտվել Գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների կառավարման բաժնի պետ Սասուն Հեբոյանի ներկայությամբ, ինչպիսի հնարավորության մասին Նորայր Պետրոսյանին հայտնվել էր Նախարարի 12.02.2007 թվականի թիվ 9/ԱՄ-188-1361 գրությամբ:

Վերջապես Դատարանը, չկիրառելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, վճռել է Նորայր Պետրոսյանին վերականգնել նախկին աշխատանքում: Այն դեպքում, երբ Նորայր Պետրոսյանին աշխատանքից ազատելուց հետո Գործակալության պետի պաշտոնը զբաղեցնում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձը և հնարավոր չէ այն զբաղեցնող քաղաքացիական ծառայողին ազատել աշխատանքից, քանի որ առկա չէ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածում սահմանված քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերից որևէ մեկը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Դատարանի 12.11.2008 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Ն. Պետրոսյանի վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

i

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` ՀՀ գլխավոր դատախազը և նրա տեղակալները կարող են բողոքարկել քաղաքացիական կամ վարչական գործով պետական շահերին վերաբերող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը` անկախ տվյալ գործի քննությանը դատախազության մասնակցությունից: Մինչդեռ վճռաբեկ բողոքում խոսք անգամ չկա պետական շահերի մասին, դրանով չեն հետապնդվում պետական շահեր, և տվյալ գործի քննությանը դատախազությունը մասնակցություն չի ունեցել: Հետևաբար, սույն գործով վճռաբեկ բողոք բերելը դուրս է ՀՀ գլխավոր դատախազության լիազորություններից:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքին և դրանում առկա պահանջներին` գտնում է, որ բողոքն անհիմն է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Նախարարի 06.12.2006 թվականի թիվ 1119-Ա հրամանով կասեցվել է Նորայր Պետրոսյանի ծառայողական պարտականությունների կատարումը:

Նույն հրամանի 2-րդ կետով Գործակալության պետի պարտականությունները մեկ ամիս ժամկետով դրվել են Գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների կառավարման բաժնի պետ Սասուն Հեբոյանի վրա (հատ. 1, գ.թ. 22):

2) 11.12.2006 թվականին հանձնման-ընդունման ակտով Նորայր Պետրոսյանը Սասուն Հեբոյանին է հանձնել Գործակալության կնիքը, ՀՀ կենտրոնական բանկի պահոցում գտնվող երկու չհրկիզվող պահարանների երկու բանալիները և Գործակալության պետի առանձնասենյակի բանալին (հատ. 1, գ.թ. 118):

3) Նախարարի 22.12.2006 թվականի թիվ 1193-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Նախարարի 06.12.2006 թվականի թիվ 1119-Ա հրամանի 1-ին կետը: Միաժամանակ, Նորայր Պետրոսյանի ծառայողական պարտավորությունների կատարումը վարձատրության պահպանմամբ համարվել է կասեցված Խորհրդի 11.12.2006 թվականի թիվ 1071-Ա որոշմամբ ծառայողական քննություն նշանակելու պահից` 11.12.2006 թվականից, մինչև ծառայողական քննության ավարտը (հատ. 1, գ.թ. 21):

4) Նախարարի 13.12.2006 թվականի թիվ 1153-Ա գաղտնի հրամանով Նորայր Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը:

5) Խորհրդի 26.01.2007 թվականի թիվ 75-Ա որոշմամբ 11.12.2006 թվականի թիվ 1071-Ա որոշմամբ նշանակված ծառայողական քննությունն ավարտել է (հատ. 1, գ.թ. 151):

6) Նախարարի 12.02.2007 թվականի թիվ 9/ԱՄ188-1361 գրությամբ Նորայր Պետրոսյանին հայտնվել է, որ Խորհրդի 26.01.2007 թվականի թիվ 75-Ա որոշումը 30.01.2007 թվականին Նախարարություն մուտք լինելու հիմքով նրա ծառայողական պարտականությունների կասեցումը նշված օրվանից մեխանիկորեն համարվում է վերացված: Նշված գրությամբ հայտնվել է նաև, որ ծառայողական լիազորությունների ընթացքում փաստաթղթեր կնքելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում դրանք պետք է կնքվեն Գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների կառավարման բաժնի պետ Սասուն Հեբոյանի կողմից, և պահոցներից (չհրկիզվող պահարանից) օգտվելը պետք է կատարվի նրա ներկայությամբ (հատ. 1, գ.թ. 123):

7) Նախարարության աշխատակազմի ղեկավարի 14.02.2007 թվականի թիվ ՌԳ 14/02-07-1815-1475 գրությամբ Նորայր Պետրոսյանին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում տեղեկություն տալ Գործակալությունում առկա հույժ գաղտնի և գաղտնի փաստաթղթերի առկայության (նշելով դրանց հաշվառման համարները) և պահպանման կարգի մասին (հատ. 1, գ.թ. 16):

8) նախարարության աշխատակազմի ղեկավարի 14.02.2007 թվականի թիվ ՌԳ 14/02-07-1817-1477 գրությամբ Նորայր Պետրոսյանին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել Գործակալության կողմից 2006 թվականի 2-րդ եռամսյակում ՀՀ պետական կառավարման մարմիններին և տնտեսվարող սուբյեկտներին հասցեագրված 70 գրությունների կազմման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի բնօրինակները, նշված գրությունների բնօրինակները, դրանց ստացված պատասխանների բնօրինակները և պետական պահուստներն արդյունավետ կառավարելու ու պահպանելու նպատակով թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ներքին ու արտաքին շուկաների իրավիճակների ուսումնասիրման նյութերի բնօրինակները (հատ. 1, գ.թ. 17):

9) Նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.02.2007 թվականի թիվ ՌԳ 16/02-07-1135-1547 գրությամբ Նորայր Պետրոսյանին հանձնարարվել է 2-օրյա ժամկետում ներկայացնել բացատրագիր 14.02.2007 թվականի հաշվապահական հաշվառման տվյալների ճշգրտման նպատակով կազմված միջանկյալ ակտը չստորագրելու մասին (հատ. 1, գ.թ. 12):

10) Նախարարության աշխատակազմի ղեկավարի 22.02.2007 թվականի թիվ ՌԳ 22/02-07-1247-1812 գրությամբ Նորայր Պետրոսյանին հանձնարարվել է 3-օրյա ժամկետում վերը նշված հանձնարարականների չկատարման վերաբերյալ ներկայացնել բացատրագիր (հատ. 1, գ.թ. 18):

11) Նախարարի 02.03.2007 թվականի թիվ 1/1-ՌԳ-2180 հանձնարարականով Նորայր Պետրոսյանին հանձնարարվել է 3-օրյա ժամկետում կատարել Նախարարության աշխատակազմի ղեկավարի 3 հանձնարարականների պահանջները (հատ. 1, գ.թ. 19):

12) Նախարարը 02.03.2007 թվականի թիվ 1/1-ՌԳ-2179 գրությամբ դիմել է Խորհուրդ` Նորայր Պետրոսյանի նկատմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու նպատակով Խորհրդի համաձայնությունը տալու հարցը պարզելու համար (հատ 2, գ.թ. 69):

13) Խորհուրդը Նախարարի 02.03.2007 թվականի թիվ 1/1-ՌԳ-2179 գրության հիման վրա 13.03.2007 թվականի թիվ 229-Ա որոշմամբ նշանակել է ծառայողական քննություն:

14) Նախարարի 12.03.2007 թվականի թիվ 257-Ա հրամանով Նորայր Պետրոսյանի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը (հատ. 1, գ.թ. 10):

15) Խորհուրդը 26.04.2007 թվականի թիվ 390-Ա որոշմամբ տվել է համաձայնություն` Գործակալության պետ Նորայր Պետրոսյանի նկատմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված կարգապահական տույժը` զբաղեցրած պաշտոնից ազատումը, կիրառելու համար (հատ 1, գ.թ. 9):

16) Նախարարի 28.04.2007 թվականի թիվ 130-Ա հրամանով Նորայր Պետրոսյանի նկատմամբ կիրառվել է «զբաղեցրած պաշտոնից ազատում` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժը` նույն թվականի ապրիլի 28-ից վերջինիս ազատելով զբաղեցրած պաշտոնից (հատ. 1, գ.թ. 6-8):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի հիմնական հասկացությունները սահմանող 3-րդ հոդվածով վարչարարությունը բնորոշվում է որպես վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Սույն գործով Դատարանը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով, պատճառաբանել է, որ Նախարարի վիճարկվող հրամանները միջամտող վարչական ակտեր են:

i

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային ծառայությունը պետությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքականություն իրականացնելը, պետական ծառայությունը և համայնքային ծառայությունը, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանքը:

Վերը նշված նորմերից ելնելով` Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Նախարարի վիճարկվող հրամաններն ընդունվել են հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, դրանք ունեն արտաքին ներգործության ուժ և հետևաբար վարչական ակտեր են:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված են քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերի կիրառման հիմքերը և ընթացակարգերը:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մինչև կարգապահական տույժ նշանակելը, կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված քաղաքացիական ծառայողից:

Նախարարի վիճարկվող 13.12.2006 թվականի թիվ 1153-Ա հրամանի ընդունման համար հիմք է հանդիսացել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 24-րդ և 27-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 30.12.1997 թվականի թիվ 626-կգ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ» հրահանգի 2.19-րդ կետի «ե» ենթակետի և 3.13-րդ կետի պահանջների խախտումը:

Նորայր Պետրոսյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժը կիրառելու նպատակով Նախարարության հատուկ բաժնի 01.12.2006 թվականի թիվ 686գ գաղտնի գրությամբ նրանից բացատրություն է պահանջվել: Գրությունը նրան է ուղարկվել սուրհանդակային կապի միջոցով, սակայն այն 07.12.2006 թվականին հետ է վերադարձվել Նախարարություն` Գործակալությունում գաղտնի գործավարություն չիրականացնելու պատճառով, որի իրականացումը Գործակալությունում պետք է կազմակերպեր Գործակալությունը ղեկավարող պաշտոնատար անձը:

Փաստորեն Նախարարի 13.12.2006 թվականի թիվ 1153-Ա հրամանով Նորայր Պետրոսյանը ենթարկվել է պատասխանատվության այն բանի համար, որ լինելով գործակալությունը ղեկավարող պաշտոնատար անձ` չի ապահովել իր և Գործակալության մյուս աշխատակիցների համապատասխանաբար «հույժ գաղտնի» և «գաղտնի» տեղեկություններին առնչվելու թույլտվություն ստանալը և առանց այդ թույլտվությունների` նա և Գործակալության մյուս աշխատակիցները մինչև հրամանի կայացման օրն առնչվել են նման տեղեկությունների հետ:

Գործակալության պետի «Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի» (կոդը` 28-1.2-5) 8-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` Գործակալության պետը լուծում է Գործակալության առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրներ, ընդունում որոշումներ: Նույն պաշտոնի անձնագրի 9-րդ կետի «դ» ենթակետի համաձայն` Գործակալության պետն ապահովում է Գործակալության և այլ մարմինների փոխհարաբերությունները, իսկ 11-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` Գործակալության պետը պատասխանատվություն է կրում Գործակալության առջև դրված խնդիրների, նպատակների և գործառույթների լիարժեք իրականացման, այդ բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

Գործակալության պետի պաշտոնի անձնագրով նա է պատասխանատվություն կրում Գործակալության առջև դրված խնդիրների,նպատակների և գործառույթների լիարժեք իրականացման համար: ՈՒստի Դատարանի եզրահանգումն այն մասին, որ Նորայր Պետրոսյանի մեղքը բացակայում է, անհիմն է:

Վերոնշյալ փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Նախարարության կողմից պահպանվել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը և կարգապահական տույժ կիրառելուց առաջ Նորայր Պետրոսյանից գրավոր բացատրություն է պահանջվել, բայց քանի որ Գործակալությունում գաղտնի գործավարություն չի իրականացվել, որի իրականացումը պետք է ապահովեր Նորայր Պետրոսյանը` որպես Գործակալությունը ղեկավարող պաշտոնատար անձ, այդ պատճառով բացատրություն պահանջելու մասին գաղտնի գրությունը հետ է վերադարձվել:

Նորայր Պետրոսյանի կողմից վիճարկվող Նախարարի մյուս` 12.03.2007 թվականի թիվ 257-Ա հրամանով նրա նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժն այն բանի համար, որ վերջինս խախտել է Նախարարի 09.12.2003 թվականի թիվ 896-Ա հրամանով հաստատված «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գործավարության հրահանգ»-ի 3.12-րդ կետի պահանջները, այն է` Նախարարության աշխատակազմի ղեկավարին ուղղված 22.02.2007 թվականի գրությունը ներկայացրել է ոչ զեկուցագրի տեսքով և 13.02.2007 թվականին ժամը 10:05-ի դրությամբ աշխատանքի չի ներկայացել:

Նախարարության աշխատակազմի ղեկավարի 06.02.2007 թվականի թիվ ՌԳ-06/02-07-1142-2298 և 27.02.2007 թվականի թիվ ՌԳ-27/02-07-1716 հանձնարարականներով Նորայր Պետրոսյանին հանձնարարվել է կատարված խախտումների վերաբերյալ 2-օրյա ժամկետում ներկայացնել բացատրագիր` «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգապահական տույժը կիրառելու նպատակով:

Նշված հանձնարարականների հետ կապված Նորայր Պետրոսյանը 07.03.2007 թվականի թիվ 18-022/032 զեկուցագիրն է ներկայացրել Նախարարության աշխատակազմի ղեկավարին:

Փաստորեն սույն հրամանն արձակելիս նույնպես պահպանվել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթը, և պահանջվել է բացատրագիր:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Նախարարի 13.12.2006 թվականի թիվ 1153-Ա և 12.03.2007 թվականի թիվ 257-Ա հրամանները` Նորայր Պետրոսյանին «խիստ նկատողություն» և «նկատողություն» կարգապահական տույժի ենթարկելու մասին, անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են, ուստի Նորայր Պետրոսյանի հայցը` դրանք անվավեր ճանաչելու պահանջի մասին, ենթակա է մերժման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է նաև Նորայր Պետրոսյանի պահանջը` Խորհրդի 26.04.2007 թվականի թիվ 390-Ա որոշումը և 28.04.2007 թվականի թիվ 130-Ա հրամանն անվավեր ճանաչելու մասին, հետևյալ պատճառաբանությամբ.

Խորհրդի 26.04.2007 թվականի որոշմամբ Խորհուրդը համաձայնություն է տվել Գործակալության պետ Նորայր Պետրոսյանի նկատմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված կարգապահական տույժը` զբաղեցրած պաշտոնից ազատումը, կիրառելու համար:

Որոշումն ընդունվել է` ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» և «զ» կետերով, ինչպես նաև Խորհրդի 22.11.2002 թվականի «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 124-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 38-րդ և 39-րդ կետերով, քննարկելով Նախարարի 02.03.2007 թվականի թիվ 1/1 ՌԳ-2179 դիմումը և Խորհրդի 13.03.2007 թվականի «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմում ծառայողական քննություն նշանակելու մասին» թիվ 229-Ա որոշման հիման վրա անցկացված ծառայողական քննության արդյունքում տրված Խորհրդի աշխատակազմի վերահսկողության և վերլուծության վարչության 20.04.2007 թվականի թիվ 50-207 եզրակացությունը:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում է «զբաղեցրած պաշտոնից ազատում` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժը:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ի» ենթակետով քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք է նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու համար տրված քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունը:

Խորհրդի 22.11.2002 թվականի թիվ 124-Ն որոշմամբ հաստատված «Ծառայողական քննություն անցկացնելու կարգ»-ի 6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` ծառայողական քննությունն անցկացվում է քաղաքացիական ծառայողի նկատմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու համաձայնություն ստանալու համար նշված օրենքով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ դիմում ներկայացնելու դեպքերում:

Սույն գործով ծառայողական քննության անցկացման համար հիմք է հանդիսացել Նախարարի 02.03.2007 թվականի թիվ 1/1-ՌԳ-2179 գրությունը: Նշված գրությամբ Նախարարը խնդրել է իրականացնել ծառայողական քննություն` Նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից Գործակալության պետ Ն. Պետրոսյանին տրված չորս հանձնարարականները չկատարելու փաստի առթիվ, իսկ Նախարարի 02.03.2007 թվականի թիվ 1/1-ՌԳ-2180 գրությամբ տրված հանձնարարականը չկատարելու փաստի մասին Խորհրդին ի լրումն հայտնվել է Նախարարության 12.03.2007 թվականի թիվ 1/3-ՌԳ-2442 գրությամբ, և այդ հանձնարարականի չկատարումը ևս հանդիսացել է ծառայողական քննության առարկա, հետևաբար անհիմն է Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Նախարարի տված հանձնարարականի պահանջները կատարելու համար Նորայր Պետրոսյանին տրվել է եռօրյա ժամկետ, այդուհանդերձ Նախարարը, չսպասելով իր իսկ կողմից սահմանված ժամկետի լրանալուն, նույն օրը Խորհրդի նախագահին հասցեագրված գրությամբ խնդրել է իրականացնել ծառայողական քննություն և տալ համաձայնություն Գործակալության պետ Նորայր Պետրոսյանի նկատմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու կապակցությամբ:

Փաստորեն Ն. Պետրոսյանին աշխատանքից ազատելու հիմքում դրված չեն եղել և հաշվի չեն առնվել նրա նկատմամբ նախկինում «խիստ նկատողություն» և «նկատողություն» կարգապահական տույժերը կիրառված լինելու հանգամանքները:

Նախարարը, 28.04.2007 թվականի թիվ 130-Ա հրամանով հաշվի առնելով, որ Նորայր Պետրոսյանի կողմից պարբերաբար չեն կատարվել իր վրա դրված ծառայողական պարտականությունները, այն է` չի կատարվել Նախարարության աշխատակազմի ղեկավարի 16.02.2007 թվականի թիվ ՌԳ 16/2-07-1135-1547, 14.02.2007 թվականի թիվ ՌԳ 14/02-07-1815-1475, 14.02.2007 թվականի թիվ ՌԳ 14/02-07-1816-1477 և 22.02.2007 թվականի թիվ ՌԳ 22/02-07-1847-1812 գրություններով տրված հանձնարարականները, ինչպես նաև չի կատարվել նշված հանձնարարականներից թվով երեք հանձնարարականների պահանջները կատարելու վերաբերյալ Նախարարի 02.03.2007 թվականի թիվ 1/1-ՌԳ-2180 հանձնարարականը, հաշվի առնելով նաև Խորհրդի 26.04.2007 թվականի թիվ 390-Ա որոշումը, հրամայել է Նորայր Պետրոսյանի նկատմամբ կիրառել «զբաղեցրած պաշտոնից ազատում` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժը` 2008 թվականի ապրիլի 28-ից նրան ազատելով զբաղեցրած պաշտոնից:

«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող գործակալություն է:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմիններն են` քաղաքացիական ծառայության խորհուրդը, աշխատակազմերի ղեկավարները:

Սույն վեճի հետ կապված իրավահարաբերությունների ժամանակ գործող ՀՀ կառավարության 11.07.2002 թվականի թիվ 1460-Ն որոշմամբ հաստատված Նախարարության կանոնադրության 6-րդ կետի համաձայն` Նախարարությունը կազմված է նախարարից և Նախարարության աշխատակազմից: Նույն կանոնադրության 38-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` նախարարության աշխատակազմը ղեկավարում է Նախարարության աշխատակազմի ղեկավարը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ Գործակալությունը Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որից հետևում է, որ Նախարարության աշխատակազմի ղեկավարը գործակալության պետի վերադասն է, և նրա տված հանձնարարականները պարտադիր են վերջինիս համար:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետի համաձայն` քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականություններն են` վերադաս մարմինների և պաշտոնական անձանց` սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը:

Մինչդեռ Նորայր Պետրոսյանը, համարելով, որ Նախարարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները դուրս են վերջինիս լիազորությունների շրջանակից, չի կատարել նշված հոդվածի ուժով իր վրա դրված պարտականությունը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի եզրահանգումն այն մասին, որ գրավոր բացատրություն պահանջելու իրավունքն օրենսդիրը վերապահել է կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (գործատուին), տվյալ դեպքում` Նախարարին, անհիմն է:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը սույն գործի լուծման համար չի կիրառել նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարելու հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Այս դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

i

Մինչդեռ Դատարանը, Նորայր Պետրոսյանին վերականգնելով նախկին պաշտոնում, չի պարզել գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման հնարավորության հարցը և նշված փաստի վերաբերյալ անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու համար չի օգտվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իր իրավասությունից, որի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես, պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Ինչ վերաբերում է պատասխանով բերված այն փաստարկին, որ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքը բերել է իրեն վերապահված լիազորությունների խախտումով, ապա նշված պնդումը հերքվում է հետևյալ պատճառաբանությամբ.

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող են բերել միայն գլխավոր դատախազն ու նրա տեղակալները: Ընդ որում, քաղաքացիական կամ վարչական գործով պետական շահերին վերաբերող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը գլխավոր դատախազն ու նրա տեղակալները կարող են բողոքարկել անկախ տվյալ գործի քննությանը դատախազության մասնակցությունից:

Սույն գործով պահանջվում է նաև վճարել հարկադիր պարապուրդի գումարը, հետևաբար վիճարկվող դատական ակտը վերաբերում է պետության գույքային շահերին, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից վճռաբեկ բողոքը բերվել է վերոնշյալ հոդվածի դրույթներին համապատասխան:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 12.11.2008 թվականի վճիռը, և այն փոփոխել` Նորայր Պետրոսյանի հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.03.2009
N ՎԴ/1659/05/08
Որոշում