Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ/0414/04/08

    դատարանի որոշում                                               2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ/0414/04/08

Նախագահող դատավոր` Էդ. Մուրադյան

Դատավորներ` Ա. Մկրտչյան

Ն. Հովսեփյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի ապրիլի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2008 թվականի որոշման դեմ` ըստ «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ի դիմումի ընդդեմ «ԱՄՖ» ՍՊԸ-ի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ն պահանջել է «ԱՄՖ» ՍՊԸ-ին ճանաչել սնանկ:

ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 21.10.2008 թվականի վճռով դիմումը բավարարվել է, և «ԱՄՖ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.12.2008 թվականի որոշմամբ Դատարանի 21.10.2008 թվականի վճիռը բեկանվել, և այն փոփոխվել է` «Տոնտոն» ՍՊԸ-ի դիմումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները և անտեսել է, որ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) և պարտապան «ԱՄՖ» ՍՊԸ-ն 11.05.2006 թվականին կնքել են դրամական պարտավորությունների կարգավորման մասին համաձայնագիր, որով ընդհանուր հաշվով նախարարության նկատմամբ «ԱՄՖ» ՍՊԸ-ի պարտքը կազմել է 55.834.617 ՀՀ դրամ /հաշվարկ 25.668.300+18.129.468+12.036.849=55.834.617/, որից 38.448.900 ՀՀ դրամը որպես հիմնական պարտքի գումար, իսկ 17.385.717 ՀՀ դրամը` տոկոսներ և տույժ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 16.05.2006 թվականի երաշխավորության պայմանագիրը կնքելուց հետո Նախարարությունը, ի կատարումն տվյալ երաշխավորության պայմանագրի, «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ի հետ կազմել է փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտ, որով «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ին է հանձնել «Տրաստբանկ» ՓԲԸ-ի կողմից Նախարարությանը զիջված պահանջը հիմնավորող այլ փաստաթղթեր, այդ թվում` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.01.2002 թվականի վճիռը, որով պարտապան է նաև «ԱՄՖ» ՍՊԸ-ն: Նշված ակտով էլ «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ն` որպես պարտատեր, «ԱՄՖ» ՍՊԸ-ի նկատմամբ ձեռք է բերել 55.834.617 ՀՀ դրամ գումարի պահանջի իրավունք:

Այսպիսով, «ԱՄՖ» ՍՊԸ-ի պարտքը «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ին մնում է անվիճելի և կազմում է 55.834.617 ՀՀ դրամ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.12.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 21.10.2008 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. «ԱՄՖ» ՍՊԸ-ի և Նախարարության միջև կնքված 11.05.2006 թվականի «Դրամական պարտավորությունների կարգավորման մասին» համաձայնագրով «ԱՄՖ» ՍՊԸ-ի չկատարված դրամական պարտավորությունը Նախարարության հանդեպ կազմել է 55.834.617 ՀՀ դրամ: Նույն համաձայնագրի համաձայն` Նախարարության պահանջը 40.533.200 ՀՀ դրամի չափով պետք է մարվեր մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը (գ.թ. 31, հ. 2-րդ):

2. «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ի և Նախարարության միջև կնքված 16.05.2006 թվականի երաշխավորության պայմանագրի համաձայն` «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ն երաշխավորել է 11.05.2006 թվականի համաձայնագրով «ԱՄՖ» ՍՊԸ-ի ստանձնած պարտավորության 40.533.200 ՀՀ դրամի չափով կատարումը (գ.թ. 17, հ.1-ին):

3. 02.11.2006 թվականին «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ն կատարել է 40.533.200 ՀՀ դրամի վճարում (գ.թ. 12-13, հ.1-ին):

4. Ի կատարումն 16.05.2006 թվականի երաշխավորության պայմանագրի կազմված փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտի համաձայն` Նախարարությունը «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ին է հանձնել 55.834.617 ՀՀ դրամ պահանջը հաստատող փաստաթղթերը: Տվյալ ակտում ա, բ և գ կետերի 55.834.617 ՀՀ դրամ պահանջի հիմքում դրված են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր: (գ.թ. 16, հ.1-ին):

5. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի (այսուհետ` Ծառայություն) «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 07.08.2008 թվականի որոշմամբ պարզվել է, որ 05.08.2008 թ. «Սպորտ» ԲԲԸ-ում «ԱՄՖ» ՍՊԸ-ին պատկանող 2972 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը 42.363.957,8 ՀՀ դրամ մեկնարկային գնով հանձնվել է գործով պահանջատեր «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ին որպես սեփականություն: 04.08.2008 թվականի դրությամբ «ԱՄՖ» ՍՊԸ-ի պարտքը հօգուտ «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ի կազմում է 14.292.117 ՀՀ դրամ (գ.թ. 9, հ.1-ին):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանը կարող է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա սնանկ ճանաչվել, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է: Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե նա առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ պարտապանը կարող է պարտատիրոջ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա դատարանի վճռով սնանկ ճանաչվել, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է: Ընդ որում, վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե նա առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով:

Սույն գործի փաստերի համաձայն` «Դրամական պարտավորությունների կարգավորման մասին» 11.05.2006 թվականի համաձայնագրով «ԱՄՖ» ՍՊԸ-ի չկատարված դրամական պարտավորությունը Նախարարության հանդեպ կազմել է 55.834.617 ՀՀ դրամ, 16.05.2006 թվականի երաշխավորության պայմանագրով «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ն երաշխավորել է 11.05.2006 թվականի համաձայնագրով «ԱՄՖ» ՍՊԸ-ի ստանձնած պարտավորության 40.533.200 ՀՀ դրամի չափով կատարումը, ի կատարումն 16.05.2006 թվականի երաշխավորության պայմանագրի` Նախարարությունը փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտով «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ին է հանձնել 55.834.617 ՀՀ դրամ պահանջը հաստատող փաստաթղթերը: Տվյալ ակտում ա, բ և գ կետերի 55.834.617 ՀՀ դրամ պահանջի հիմքում դրված են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր:

Բացի այդ, գործում առկա է Ծառայության «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 07.08.2008 թվականի որոշումը, որի համաձայն` 05.08.2008 թ. «Սպորտ» ԲԲԸ-ում «ԱՄՖ» ՍՊԸ-ին պատկանող 2972 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը 42.363.957,8 ՀՀ դրամ մեկնարկային գնով հանձնվել է գործով պահանջատեր «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ին որպես սեփականություն և 04.08.2008 թվականի դրությամբ «ԱՄՖ» ՍՊԸ-ի պարտքը հօգուտ «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ի կազմում է 14.292.117 ՀՀ դրամ:

Հիմք ընդունելով վերը նշվածը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ԱՄՖ» ՍՊԸ-ի ընդհանուր դրամական պարտավորությունը «Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ-ի նկատմամբ 55.834.617 ՀՀ դրամից կազմում է 14.292.117 ՀՀ դրամ, տվյալ դրամական պարտավորության հիմքում ընկած են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, ուստի «ԱՄՖ» ՍՊԸ-ի վճարային պարտավորությունն անվիճելի է:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով առկա է «ԱՄՖ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու իրավական հիմքը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ «ԱՄՖ» ՍՊԸ-ն բողոքարկել է Ծառայության 07.08.2008 թվականի որոշումը` 14.292.117 ՀՀ դրամ պարտավորության մասով, որի հետևանքով այն դարձել է վիճելի վճարային պարտավորություն, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 14.292.117 ՀՀ դրամ պարտավորության հիմքում դրված օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի առկայության պայմաններում այն անհիմն է:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.04.2009
N ՀՅՔԴ/0414/04/08
Որոշում