Սեղմել Esc փակելու համար:
«ՄԵԼՏԵՔՍ» ՍՊԸ-Ի ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍԵՐԻՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԵԼՏԵՔՍ» ՍՊԸ-Ի ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍԵՐԻՆԵ ՖԼՋՅԱՆԻ, ԻՐԻ ...

 

 

020.0866.230210

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՄԵԼՏԵՔՍ» ՍՊԸ-Ի ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍԵՐԻՆԵ ՖԼՋՅԱՆԻ, ԻՐԻՆԱ ՕԳԱՆԵԶՈՎԱՅԻ, ԱՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԵՎ ԱԳՆԵՍԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղ. Երևան 23 փետրվարի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.

Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող կողմի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Ա. Ղազարյանի և Կ. Մեժլումյանի, պատասխանող կողմի` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««Մելտեքս» ՍՊԸ-ի և քաղաքացիներ Սերինե Ֆլջյանի, Իրինա Օգանեզովայի, Աննա Բաղդասարյանի և Ագնեսա Բաղդասարյանի դիմումների հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը «Մելտեքս» ՍՊԸ-ի և քաղաքացիներ Ս. Ֆլջյանի, Ի. Օգանեզովայի, Ա. Բաղդասարյանի և Ա. Բաղդասարյանի համապատասխանաբար` 19.08.2009թ., 31.08.2009թ. և 15.09.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են, որոնց հիման վրա, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով, մինչև դատաքննությունն սկսվելը գործերը միավորվել են դատարանի նույն նիստում քննելու համար:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, օրենսդրության այլ ակտեր, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև սույն գործի առարկայի վերաբերյալ սահմանադրական դատարանի կայացրած որոշումները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Դիմողների կողմից վիճարկվող «204.28» հոդվածը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ներառվել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով (ՀՕ-277-Ն), որը ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է 2007 թվականի դեկտեմբերի 20-ին և ուժի մեջ մտել 2008 թվականի հունվարի 1-ից: 204.28-րդ հոդվածը նախատեսված էր փոփոխությունների և լրացումների վերաբերյալ վերոհիշյալ օրենքի 72-րդ հոդվածով, որով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը լրացվել էր «Վճիռների և որոշումների վերանայումը նոր հանգամանքներով» վերտառությունը կրող 3.2-րդ բաժնով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածով սահմանված էր նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու արդյունքում դատարանի իրավասությունը, այդ թվում` դիմումն առանց բավարարման և նախորդ դատական ակտն ուժի մեջ թողնելու վերաբերյալ (հոդվածի 1-ին կետը):

i

Սույն գործով դիմող` քաղաքացի Սերինե Ֆլջյանի` 14.05.2008թ. սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումի հիման վրա` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 80 հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննության արդյունքում, սահմանադրական դատարանն իր` 09.09.2008 թվականի ՍԴՈ-758 որոշման եզրափակիչ մասի 5-րդ կետի համաձայն ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել վերոհիշյալ օրենքի նաև 72-րդ հոդվածը` ամբողջությամբ, այդ թվում` սույն գործով վիճարկվող 204.28-րդ հոդվածը: Այդ նորմի իրավաբանական ուժը կորցնելը սահմանադրական դատարանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-17-րդ մասերի հիմքով չի հետաձգվել, հետևաբար` կիրառման մեջ պետք է դրվեր այդ որոշման հրապարակման պահից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածի սահմանադրականության հարցին անդրադառնալիս սահմանադրական դատարանն իր վերոհիշյալ որոշմամբ (13-րդ կետ) գտել էր, որ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում նախորդ դատական ակտն ուժի մեջ թողնելու դատարանի լիազորության օրենսդրական կարգավորման դեպքում պետք է հաշվի առնվի, որ օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին սահմանադրական դատարանի որոշման առկայության պարագայում նոր հանգամանքների հիմքով վերանայվող դատական ակտը բոլոր դեպքերում ուժի մեջ մնալ չի կարող, քանի որ այդ ակտով կիրառվել է հակասահմանադրական իրավանորմ, հետևաբար, այդպիսի իրավակարգավորման բացակայությամբ էլ հիմնավորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ հոդվածի հակասությունը ՀՀ Սահմանադրությանը: Իսկ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի ուժի մեջ մտած վճռի կամ որոշման հիմքով (մասնավորապես` ՄԻԵԴ-ի) դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու իրավակարգավորման սահմանադրականության խնդրում սահմանադրական դատարանը գտել էր, որ այդ ակտերն ուժի մեջ թողնելու հարցը լուծելիս ՀՀ համապատասխան դատարանը հիմք է ընդունում այդ դատարանի վճռով (որոշմամբ) մարդու իրավունքների խախտման փաստը հաստատված կամ չհաստատված համարվելու իրողությունը:

2. Ինչպես հետևում է գործի նյութերից, ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ 3-10 (ՏԴ) 2009թ., 3-11(ՏԴ)2009թ., 3-7(ՎԴ)2009թ. և 3-123(ՎԴ)2009թ. քաղաքացիական գործերով, քննելով «Մելտեքս» ՍՊԸ-ի, քաղաքացիներ Ս. Ֆլջյանի, Ի. Օգանեզովայի, Ա. Բաղդասարյանի և Ա. Բաղդասարյանի վճռաբեկ բողոքները` նոր հանգամանքների հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 27.02.2004թ. թիվ 3-397(ՏԴ), 23.04.2004թ. թիվ 3-748(ՏԴ) որոշումները, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի` 30.11.2007թ., 05.02.2007թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին», 18.06.2007թ. «Նոր հանգամանքների հիմքով որոշման վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին» որոշումները վերանայելու մասին, 2009թ. փետրվարի 19-ին, 2009թ. մարտի 13-ին և 2009թ. հուլիսի 24-ին կայացրել է սույն գործով վերջնական դատական ակտեր համարվող որոշումներ` կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-758 որոշմամբ իրավաբանական ուժը կորցրած 204.28-րդ հոդվածի դրույթները:

Սահմանադրական դատարանի վերոհիշյալ որոշմանը հաջորդող ժամանակահատվածում ՀՀ Ազգային ժողովը 2008թ. դեկտեմբերի 26-ին ընդունված ՀՕ-233-Ն օրենքով փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3.2-րդ բաժնում` կապված նոր հանգամանքներով վերանայման ենթակա դատական ակտերի տեսակները, դատական ակտերը վերանայելու իրավասություն ունեցող դատարանների կազմն ընդլայնելու հետ, սակայն 204.28-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու խնդրին չի անդրադարձել, ինչի արդյունքում դատական պրակտիկայում կիրառվել է հակասահմանադրական ճանաչված այդ նորմը:

3. ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի համաձայն սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սահմանադրական դատարանի որոշումները դրանց ընդունման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, առաքվում են դատավարության կողմերին, պետական իշխանության համապատասխան մարմիններին, այդ թվում` ՀՀ Ազգային ժողով և ՀՀ վճռաբեկ դատարան, հրատարակվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում և սահմանադրական դատարանի տեղեկագրում: Իսկ նույն օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի և 66-րդ հոդվածի համաձայն սահմանադրական դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց համար:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակներում վերոհիշյալ նորմերի իրավաբանական բովանդակությունից նաև բխում է, որ.

- սահմանադրական դատարանի որոշումը որևէ կերպ մեկնաբանման, վիճարկման ենթակա չէ,

- սահմանադրական դատարանի ՍԴՈ-758 որոշմանն անմիջականորեն պետք է հաջորդեր ՀՀ Ազգային ժողովի օրինաստեղծ գործունեությունը` կապված ոչ միայն «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված ՀՀ օրենքի (ՀՕ-277-Ն) 80 և 76-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3.2-րդ բաժնի 204.20 և 204.26-րդ հոդվածների համապատասխան նորմերը, այլև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված ՀՀ վերոհիշյալ օրենքի 72-րդ հոդվածում ընդգրկված 204.28-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու հետևանքով ուժը կորցրած ճանաչելու և վերջինիս նախկին իրավակարգավորումը Սահմանադրությանը համապատասխանեցնելու հետ,

- սահմանադրական դատարանի ՍԴՈ-758 որոշմանը շահագրգիռ անձանց դիմումների հիման վրա պետք է հաջորդեին իրավական հետևանքներ (նոր հանգամանքներ)` հանգեցնելով օրենքով սահմանված կարգով դատական այն ակտերը վերանայելուն, որոնցով կիրառվել են Սահմանադրությանը հակասող ճանաչված` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածի դրույթները, ընդ որում` պարտադիր հաշվի առնելով նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2008 թվականի ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` կապված նոր հանգամանքներով այն անձանց խախտված իրավունքները վերականգնելու անհրաժեշտության հետ, որոնց վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացման և տվյալ անձի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում վեց ամիսը:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներում դեռևս նախատեսված չէ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով օրենքը (վերջինիս դրույթը), ՀՀ Ազգային ժողովի որոշումը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու դեպքում ՀՀ Ազգային ժողովի կողմից սահմանադրական դատարանի այդպիսի որոշումից բխող անհրաժեշտ իրավակարգավորում, որպիսի հանգամանքը կարևորվել է նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների կատարման վիճակի ամփոփման վերաբերյալ 2008 և 2009 թվականների տարեկան հաղորդումներով:

Միաժամանակ, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ, ինչպես վկայում է դատական պրակտիկան, հաճախ օրենքի այս կամ այն դրույթը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումներից կամ իրավակարգավորման ընդհանուր անհրաժեշտությունից բխող օրենսդրական փոփոխությունների և լրացումների հետ կապված իրավատեխնիկական խնդիրների (այդ փոփոխությունները, լրացումները օրենքում ներառելու (ինկորպորացնելու)) ոչ լիարժեք լուծումը հանգեցնում է ոչ թե փոփոխված (լրացված) օրենքի, այլ դրանում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ օրենքի կիրառմանը, որը չի բխում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներից և իրավակիրառական պրակտիկայում առաջացնում է անհստակություն:

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի և 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն գործի քննության ցանկացած փուլում սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը, եթե «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-75-րդ (այդ թվում 69-րդ հոդվածում) և 77-րդ հոդվածներում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշումը: Սույն գործով ներկայացված դիմումներում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի նախկինում կայացված որոշումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19, 32 և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Մելտեքս» ՍՊԸ-ի և քաղաքացիներ Սերինե Ֆլջյանի, Իրինա Օգանեզովայի, Աննա Բաղդասարյանի և Ագնեսա Բաղդասարյանի դիմումների հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

Արձանագրել, որ, նախ` ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-758 որոշման 13-րդ կետում արտահայտած իրավական դիրքորոշման և եզրափակիչ մասի 5-րդ կետի հիմքով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված ՀՀ օրենքի (ՀՕ-277-Ն) 72-րդ հոդվածում ընդգրկված 204.28-րդ հոդվածը, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված` ինչպես ՀՕ-233-Ն, այնպես էլ դրան հաջորդող որևէ այլ օրենքով դեռևս ՀՀ Սահմանադրությանը չի համապատասխանեցվել, երկրորդ` ՀՀ սահմանադրական դատարանի` 2008 թվականի ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջների հիմքով սպառված չպետք է համարվի սույն գործի առարկայի շրջանակներում նոր հանգամանքներով իրավասու դատարան դիմելու շահագրգիռ անձանց իրավունքը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

23 փետրվարի 2010 թվականի

ՍԴՈ-866

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
23.02.2010
N ՍԴՈ-866
Որոշում