Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 219-ՐԴ ՀՈԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                     Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                    ՀՔԴ3/0049/02/08

    Քաղաքացիական գործ թիվ ՀՔԴ3/0049/02/08                       2010 թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

Տ. Սահակյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 2-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հովհաննես Պապյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել Հովհաննես Պապյանից 6.447.306,10 ՀՀ դրամ:

ՀՀ հարավային քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 26.02.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 26.02.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վճռի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Հովհաննես Պապյանի կողմից ներկայացված 02.06.2009 թվականի կանխիկ մուտքի անդորրագիրը, ըստ որի` Ընկերության «Վարդանանց» մասնաճյուղին է փոխանցվել 6.500.000 ՀՀ դրամ` որպես վարկային պարտքի մասնակի մարում, և պատճառաբանել է, որ կողմերի կամքից անկախ հանգամանքներով չի ներկայացվել առաջին ատյանի դատարանում, քանի որ ձեռք է բերվել դատական ակտը կայացնելուց հետո:

Մինչդեռ, նշված ապացույցը վճռի բեկանման հիմք չի կարող հանդիսանալ, քանի որ նշված ապացույցն առաջին ատյանի դատարան չներկայացնելը չէր կարող լինել Հովհաննես Պապյանի կամքից անկախ, քանի որ այդ ժամանակ այդ ապացույցը գոյություն չի ունեցել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.07.2009 թվականի որոշումը և օրինական ուժի մեջ թողնել Դատարանի 26.02.2009 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 25.09.2007 թվականի թիվ V07-6612 վարկային պայմանագրի համաձայն` Ընկերությունը (որպես Վարկատու) Հովհաննես Պապյանին (որպես Վարկառու) տրամադրել է 10.000.000 դրամ վարկ տարեկան 18% տոկոսադրույքով, մինչև 18.09.2009 թվականը (գ. թ. 20):

2. Ի ապահովումն 25.09.2007 թվականին կնքված վարկային պայմանագրի 25.09.2007 թվականին Ընկերության և Հովհաննես Պապյանի միջև կնքվել է անշարժ գույքի գրավի պայմանագիր, որով գրավադրվել է Հովհաննես Պապյանին սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի, Ոսկեհատ գյուղի, Բարեկամության 126 հասցեում գտնվող Ոսկեհատ-Մասիս ճանապարհին գտնվող շենք-շինությունները (գ. թ. 24):

3. Դատարանը Հովհաննես Պապյանից 6.447.306,10 ՀՀ դրամ գումար բռնագանձելու վճիռը կայացրել է 26.02.2009 թվականին (գ. թ. 91-97):

4. Հովհաննես Պապյանը 26.03.2009 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք (գ. թ. 107):

5. Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում Հովհաննես Պապյանը ներկայացրել է 02.06.2009 թվականի թիվ 000200 կանխիկ մուտքի անդորրագիրը, ըստ որի` Հովհաննես Պապյանը որպես վարկային պարտքի մասնակի մարում Ընկերությանը վճարել է 6.500.000 ՀՀ դրամ (գ. թ. 146):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանը իրավասու չէ նոր ապացույց ընդունել, բացառությամբ այն դեպքի, երբ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ կողմերի կողմից ներկայացված նոր ապացույցը չի ներկայացվել նրանց կամքից անկախ հանգամանքներով: Ընդ որում, ապացույցը պետք է էական նշանակություն ունենա գործի լուծման համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով նոր ապացույցը պետք է օբյեկտիվորեն առկա լինի, սակայն կողմերի կամքից անկախ պատճառներով գործի քննության ընթացքում չներկայացվի:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Հովհաննես Պապյանի կողմից ներկայացված 02.06.2009 թվականի թիվ 000200 կանխիկ մուտքի անդորրագիրը, ըստ որի` Ընկերությանը որպես վարկային պարտքի մարում վճարվել է 6.500.000 ՀՀ դրամ, էական նշանակություն ունի գործի լուծման համար: Մինչդեռ, վիճելի գումարի բռնագանձման վճիռը Դատարանը կայացրել է 26.02.2009 թվականին, իսկ 6.500.000 ՀՀ դրամի վարկային պարտքի մարումը Հովհաննես Պապյանի կողմից վճարվել է 02.06.2009 թվականին` վերաքննիչ վարույթի ընթացքում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված գրավոր փաստաթղթի ձեռքբերումն ուղղակիորեն կապված է գործին մասնակցող անձի գործողություններից: Տվյալ դեպքում Հովհաննես Պապյանի կողմից 02.06.2009 թվականի վճարման անդորրագրով վարկի պարտքի մարումը կատարվել է դատական ակտը կայացվելուց հետո և ուղղված է փաստացի դատական ակտի կատարմանը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանում` գործի քննության ընթացքում Հովհաննես Պապյանի ներկայացրած 02.06.2009 թվականի թիվ 000200 կանխիկ մուտքի անդորրագիրը նոր ապացույց չէ, քանի որ այն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ առկա չէր, իսկ դրա չներկայացնելը պայմանավորված չէր Հովհաննես Պապյանի կամքից անկախ հանգամանքներով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ «նշված ապացույցը կողմի կամքից անկախ հանգամանքներով չի ներկայացվել առաջին ատյանի դատարանում, քանի որ այն ձեռք է բերվել դատական ակտը կայացնելուց հետո միայն` 02.06.2009 թվականին»:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ հարավային քաղաքացիական դատարանի 26.02.2009 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.04.2010
N ՀՔԴ3/0049/02/08
Որոշում