Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱՐԻՆԵ ...

 

 

020.0918.280910

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21, 22 ԵՎ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍՈՎ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 91-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 28 սեպտեմբերի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի, մասնակցությամբ`

թիվ 6-172 դիմումը ներկայացրած դիմող` քաղաքացի Ն. Սահակյանի և թիվ 7-31 դիմումով դիմողի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի և Ա. Ղազարյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հանրապետություն» կուսակցության և քաղաքացի Նարինե Սահակյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21, 22 և 23-րդ հոդվածների` ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացնելու մասով, և ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը «Հանրապետություն» կուսակցության և քաղաքացի Ն. Սահակյանի համապատասխանաբար` 2010 թվականի ապրիլի 1-ի և մայիսի 18-ի` ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի հիմքով սահմանադրական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 18-ի ՍԴԱՈ-94 որոշմամբ վերոհիշյալ դիմումներով գործերը միավորվել են` դատարանի նույն նիստում քննելու համար:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ դատական օրենսգրքերը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հունիսի 17-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007 թվականի փետրվարի 21-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի ապրիլի 7-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի մայիսի 18-ին:

Սույն գործով քննության առարկա իրավահարաբերությունները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախկինում կարգավորվել են 4-րդ գլխում ամփոփված 21-րդ, 22-րդ, ինչպես նաև 25-րդ և 26-րդ հոդվածներում ամրագրված նորմերով (1998թ. հունիսի 17-ի խմբագրությամբ), մասնավորապես` նախատեսելով ոչ միայն դատավորի ինքնաբացարկի, այլև` նրան բացարկ հայտնելու և դրանց լուծման կարգի հետ կապված հարաբերությունները: Այդ նորմերը «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (28.11.2007թ. ՀՕ-277-Ն) 9-րդ հոդվածի համաձայն շարադրվել են այլ խմբագրությամբ, ինչպես նաև օրենսգրքի նախկին 25-րդ և 26-րդ հոդվածները ճանաչվել են ուժը կորցրած: Արդյունքում` գործող իրավակարգավորումը վերաբերում է ինքնաբացարկի հետ կապված հարաբերություններին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Դատավորի ինքնաբացարկը» վերտառությունը կրող 21-րդ հոդվածը (2007թ. նոյեմբերի 28-ի խմբագրությամբ) սահմանում է.

«1. Դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91 հոդվածով:

2. Դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ: Գործին մասնակցող անձը նման միջնորդություն կարող է ներկայացնել, իսկ դատավորը ինքնաբացարկ կարող է հայտնել միայն մինչև դատաքննությունն սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կապացուցի, իսկ դատավորը կհիմնավորի, որ ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել դատաքննությունն սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնի լինել: Ամեն դեպքում միջնորդությունը կարող է ներկայացվել, կամ ինքնաբացարկը կարող է հայտնվել միայն մինչև դատաքննության ավարտը»:

Նույն օրենսգրքի 22-րդ հոդվածը (2007թ. նոյեմբերի 28-ի խմբագրությամբ) սահմանում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հետևյալ կարգը.

«1. Սույն օրենսգրքի 21 հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել: Ինքնաբացարկը պետք է լինի պատճառաբանված:

2. Դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությունը ներկայացվում է գրավոր, որում շարադրվում են դրա հիմքերը:

3. Նույն հիմքով դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդություն կրկին ներկայացնել չի թույլատրվում»:

Օրենսգրքի 23-րդ հոդվածը (2007թ. նոյեմբերի 28-ի խմբագրությամբ) կրում է «Ինքնաբացարկի միջնորդության լուծման կարգը» վերտառությունը և սահմանում է.

«1. Ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու դեպքում գործի քննությունը ընդհատվում է մինչև այդ հարցի լուծումը: Նիստը կարող է ընդհատվել ոչ ավելի, քան երեք օրով:

2. Նույն հիմքով հայտնված ինքնաբացարկի միջնորդությունը չի քննարկվում:

3. Հայտնված ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքներով դատավորը կամ ինքնաբացարկ է հայտնում, կամ կայացնում է որոշում միջնորդությունը մերժելու մասին»:

ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 4-րդ մասը սահմանում է.

«4. Ինքնաբացարկի մասին որոշումը կարող է բողոքարկվել»:

2. Քննության առարկա միավորված գործով դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին:

Դիմող «Հանրապետություն» կուսակցությունը 11.09.2008թ. «Խաղաղ հավաքների իրավունքի և արտահայտվելու ազատության իրավունքների խախտման փաստը ճանաչելու և Երևանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի 08.09.2008թ. թիվ 128, 129, 130, 132 որոշումները վերացնելու պահանջի մասին» հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան: Այդ գործով դատաքննությունն սկսվել է 01.10.2009թ.: Դատաքննության սկզբում դիմողը գործը քննող դատավորին` նրա անկողմնակալության մեջ ողջամիտ կասկածի հիմքով ներկայացրել է ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն, որը մերժվել է 02.10.2009թ. կայացված որոշմամբ: Գործով դատաքննությունն ավարտվել է 23.10.2009թ. և վճռի հրապարակման օր է հայտարարվել 03.11.2009թ.: Նշված օրը վարչական դատարանը կայացրել է գործի քննությունը վերսկսելու մասին որոշում, որից անմիջապես հետո դատավորը հայտնել է ինքնաբացարկ` հրապարակելով իր` 03.11.2009թ. «Ինքնաբացարկ հայտնելու մասին» որոշումը:

Քաղաքացի Ն. Սահակյանի դիմումի և դրան կից փաստաթղթերի համաձայն` 2009 թվականի հուլիսի 10-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դռնբաց դատական նիստում քննվել է Նարինե Սահակյանի հայցն ընդդեմ Գեորգի Պապոյանի և Անահիտ Շահվերդյանի` գույքի, հագուստի և անձնական իրերի պահանջի մասին: Դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի հիմքերով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ գլխում սահմանված կարգի համաձայն նախագահող դատավորին ներկայացրել է ինքնաբացարկի միջնորդություն, ինչը մերժվել է 18.07.2009թ. կայացված որոշմամբ: 21.07.2009թ. այդ որոշումը դիմողը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Վերջինս վերաքննիչ բողոքը վերադարձրել է: ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես վերադարձրել է վճռաբեկ բողոքը` 07.10.2009թ. կայացնելով համապատասխան որոշում:

3. Դիմող «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21, 22 և 23-րդ հոդվածների դրույթները` ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացնելու մասով, հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին: Մասնավորապես կարծիք է հայտնվում, որ անկողմնակալության և անաչառության հարցի քննությունը դատավորի հայեցողությանը թողնելը կասկածի տակ է դնում այդ ինստիտուտի, որպես իրավական պաշտպանության միջոցի, արդյունավետությունը: Դատավորը չի կարող անկողմնակալ կերպով լուծել իր անկողմնակալության հարցը, եթե նա իրոք շահագրգռված է գործի ելքով կամ կան նրա օբյեկտիվության, արդարության և օրենքի հիման վրա գործը լուծելու վերաբերյալ կասկած հարուցող այլ հանգամանքներ: Միաժամանակ, սեփական անկողմնակալության հարցը քննելիս անկողմնակալ չլինելուն նպաստում է այն հանգամանքը, որ միջնորդության կապակցությամբ կայացված որոշումն առանձին բողոքարկման ենթակա չէ, այլ կարող է ներառվել միայն վերաքննիչ և վճռաբեկ բողոքներում: Եթե առաջին ատյանի դատարանում գործը քննելիս դատավորի անկողմնակալությունը կարող է ապահովվել հետագա դատական ատյանների կայացրած որոշումներով, ապա գործին մասնակցող անձանց` դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու լիազորությամբ օժտելը կորցնում է իր իմաստը:

Հղում կատարելով դատարանի «անկողմնակալ ու անաչառ» լինելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական մոտեցումներին` դիմողը նշում է, որ որոշակի դեպքերում, երբ ոչ օբյեկտիվ, կողմնակալ դատավորի կայացրած դատական ակտը ենթակա է անհապաղ կատարման, կամ վարչական արդարադատությունում, երբ առկա է երկաստիճան դատական համակարգ, կամ` վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտերի դեմ բերված բողոքները վարույթ ընդունելու հարցի լուծումը հայեցողության սկզբունքով, ապա դրանք կասկածի տակ են դնում դատավորի անկախության և անկողմնակալության կարևորագույն երաշխիքներից մեկի արդյունավետությունը: Խնդրո առարկա դրույթներն ինքնաբացարկի «օբյեկտիվ» հիմքով միջնորդության մասին հարցը քննելիս սկզբունքորեն այլ լուծում չեն ենթադրում, քան միջնորդության մերժումը: Տվյալ դրույթները չեն երաշխավորում մարդու արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրերից մեկի` դատավորի անկախության և անկողմնակալության սկզբունքի պահպանումը: Նմանատիպ կարգավորումը խախտում է դիմողի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի սահմանադրական իրավունքը:

Դիմող` քաղաքացի Ն. Սահակյանը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին այն պատճառաբանությամբ, որ ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ինքնաբացարկի որոշումը ենթակա է բողոքարկման: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի վերլուծությունից բխում է, որ կարող են բողոքարկվել ինչպես ինքնաբացարկի մերժման, այնպես էլ բավարարման մասին որոշումները: Սակայն, ըստ դիմողի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը և ՀՀ վճռաբեկ դատարանն իրենց որոշումներով վիճարկվող նորմին տվել են այլ մեկնաբանություն` նշելով, որ այն կիրառելի է միայն ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելու որոշման դեպքում: Այսպիսի մոտեցումը նեղացնում է նորմի կիրառման դաշտը` միաժամանակ փոխելով դրա իմաստը: Արդյունքում` ստեղծվում է այնպիսի իրավակիրառական պրակտիկա, որը հակասում է Սահմանադրությամբ սահմանված դատական պաշտպանության իրավունքին: Վիճարկվող դրույթը, այսպիսով, առաջ է բերում իրավական անհստակություն, ինչն էլ, ըստ դիմողի, հնարավորություն է տալիս վերադաս դատարանների կողմից նորմին տալ կամայական մեկնաբանություն` ստեղծելով հակասահմանադրական իրավակիրառական պրակտիկա, սահմանափակելով ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով սահմանված իրավունքները: Վերջիններիս իրացման համար, ըստ դիմողի, նախատեսված է նաև ինքնաբացարկի ինստիտուտը, որի իրականացման երաշխիքներից է ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը դատական վերադասության կարգով բողոքարկելու այնպիսի հնարավորության սահմանումը, որը կերաշխավորի այդ միջնորդության քննության արդյունքում առաջին ատյանի դատարանում կայացված` այն մերժելու մասին որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգումը:

4. Պատասխանող կողմը գտնում է, որ որպես դատավորի անկողմնակալությունն ապահովող մեխանիզմներ օրենսդրությամբ նախատեսվել են գործով քննությանը դատավորի մասնակցությունը բացառող ընթացակարգեր, որոնց նպատակը գործի ելքով շահագրգռված դատավորի` գործի քննությանը մասնակցության բացառումն է` դրանով իսկ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Սահմանադրության 19-րդ հոդվածի հիմքում ընկած «անաչառ դատարանի» կողմից իր գործի քննության` յուրաքանչյուրի իրավունքի ապահովումը:

Ըստ պատասխանողի` դատավորի անաչառությունն ու անկողմնակալությունը սուբյեկտիվ կատեգորիաներ են և յուրաքանչյուրի դեպքում դատավորն ինքն է ունակ ու պարտավոր գնահատելու` արդյո՞ք տվյալ գործով նա կարող է հանդես գալ որպես արդարադատություն իրականացնող սուբյեկտ:

Պատասխանողը գտնում է նաև, որ դատարանի նախագահը կամ մեկ այլ դատավոր չեն կարող միանշանակորեն անկողմնակալ կերպով լուծել բացարկի միջնորդությունը, ինչն առկա էր նախկին իրավակարգավորման դեպքում, նշելով, որ դատարանների նախագահները չպետք է միջամտեն այլ դատավորների կողմից որոշումների կայացման գործընթացին` վկայում է նաև միջազգային պրակտիկան: Հետևաբար, պատասխանողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21, 22 և 23-րդ հոդվածները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը:

Պատասխանողը վիճարկելով դիմողի փաստարկները միջազգային իրավական լուծումների առնչությամբ` գտնում է, որ դիմողի կողմից վիճարկվող իրավակարգավորումը խորթ չէ նաև Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք երկրների քաղաքացիական դատավարության օրենսգրքերին և ՀՀ Սահմանադրության համատեքստում սահմանադրականության խնդիր չեն առաջացնում:

ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ պատասխանող կողմը գտնում է, որ այն համապատասխանում է ՄԻԵԴ-ի կողմից իր նախադեպային իրավունքով սահմանված իրավական որոշակիության սկզբունքի չափանիշներին: Իրավական որոշակիության սկզբունքի շահարկումն այս պարագայում տեղին չէ, քանի որ վիճարկվող իրավանորմը հստակ սահմանում է օրենսդրի կամքը, պարզ, հասկանալի և միանշանակ է իրավակիրառողի և տվյալ նորմի հետագա ենթադրյալ հասցեատերերի համար: ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է իրավական որոշակիության սկզբունքին և դիմողի համար ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելիս և դրանից հետո հստակ է եղել միջնորդությունը մերժելու որոշման բողոքարկման օրենսդրական արգելքը: Վիճարկվող նորմի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերի, ինչպես նաև ձևավորված իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունը, ըստ պատասխանողի, ցույց է տալիս, որ ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ ինքնաբացարկի միջնորդությունը բողոքարկելու հնարավորություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում:

5. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմերի սահմանադրականությունը գնահատել.

- ինքնաբացարկի, որպես սահմանադրաիրավական սկզբունքներին համապատասխան արդարադատության անկախությունը և անկողմնակալությունը, ինչպես նաև իրավունքի գերակայությունն ապահովող ինստիտուտի, օրենսդրական երաշխավորման տեսանկյունից,

- արդար և արդյունավետ դատաքննության իրավունքի, ինչպես նաև գործին մասնակցող անձանց դատավարական այլ իրավունքների երաշխավորված գործադրումը և պաշտպանությունն ապահովելու տեսանկյունից,

- ինքնաբացարկի ինստիտուտի` միջազգային իրավակիրառական պրակտիկայում հաստատված սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից:

Ինքնաբացարկը ՀՀ իրավահամակարգում հանդիսանում է այնպիսի ինստիտուտ, որը կոչված է արդարադատության բնագավառում երաշխավորելու օբյեկտիվ և անաչառ որոշումների կայացումը` ինչպես ընթացակարգային (դատավարական), այնպես էլ նյութական իրավահարաբերություններ կարգավորելիս, և կոչված է երաշխավորելու դատական իշխանության անկախությունը, արդարադատության արդյունավետությունը, անկողմնակալությունը:

Քաղաքացիադատավարական հարաբերությունների կարգավորման բնագավառում ինքնաբացարկի ինստիտուտը նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` սույն գործով վիճարկվող 21, 22 և 23-րդ, ինչպես նաև 24-րդ հոդվածներում: Այդ հարաբերությունները նյութաիրավական առումով կարգավորվում են նաև ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով, որով սահմանված են դատավորի կողմից` որպես նորմատիվ պարտավորություն, ինքնաբացարկ հայտնելու հիմքերը և կարգը: Այդ հոդվածների նորմերի համակարգված վերլուծությունը վկայում է, որ.

- դատավորի ինքնաբացարկի հիմք կարող են լինել այնպիսի փաստերը և հանգամանքները, որոնք ողջամիտ կասկած կարող են հարուցել տվյալ գործով դատավորի անկողմնակալության հարցում (ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերություն),

- նման հիմքերի առկայության դեպքում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել,

- ի թիվս այլոց, դատավորի ինքնաբացարկ հայտնելու կոնկրետ հիմքերը հստակեցված են ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում,

- ինքնաբացարկ հայտնելիս դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, կարող է կողմերին առաջարկել իր բացակայությամբ քննել ինքնաբացարկի անտեսման հարցը (ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 3-րդ մաս),

- դատավորի ինքնաբացարկը պետք է լինի պատճառաբանված,

- ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի հիմքերով դատավորի ինքնաբացարկի մասին որոշումը կարող է բողոքարկվել (ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մաս):

Սույն գործով վիճարկվող նորմերի և դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված այլ նորմերի, ինչպես նաև ինքնաբացարկի ինստիտուտի իրավակարգավորմանն առնչվող այլ իրավական ակտերի համապատասխան դրույթների համակարգային վերլուծությունը վկայում է, որ, մասնավորապես, քաղաքացիադատավարական հարաբերություններում դատավորի ինքնաբացարկի ինստիտուտի իրավակարգավորման շրջանակներում օրենսդրորեն ամրագրվել են հետևյալ մոտեցումները.

- ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը դիտարկվում է որպես գործն ըստ էության չլուծող, միջանկյալ դատական ակտ,

- դատավորի ինքնաբացարկի մասին որոշման կայացումը ոչ թե դատավորի հայեցողական լիազորությունն է, այլ պարտականությունը,

- դատավորի` իր անմիջական պարտականության կատարումից հնարավոր խուսափելը բացառելու իրավական միջոց է հանդիսանում նրա կողմից կայացված ինքնաբացարկի մասին որոշման բողոքարկման հնարավորությունը,

- ինքնաբացարկի հանգամանքների օբյեկտիվ բացահայտման և դատարանի իրավազորության երաշխավորման կարևոր նախադրյալ է դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ գործին մասնակցող անձանց կողմից միջնորդություն ներկայացնելու ինստիտուտը,

- դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման անմիջական դատական բողոքարկման կարգ ու պայմաններ (ժամկետներ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել` չբացառելով նման բողոքի քննությունը գործով կայացրած դատական ակտի բողոքարկման շրջանակներում:

Այդպիսով, վիճարկվող նորմերում ամրագրված է ինքնաբացարկի ինստիտուտի իրավակարգավորման այն սկզբունքը, համաձայն որի տվյալ գործով քննություն իրականացնող դատավորի բացառիկ լիազորությունն ու պարտականությունն է դատաքննության շրջանակներում լուծել գործի հետ կապված ցանկացած, այդ թվում` նաև իր անաչառության վերաբերյալ կասկած հարուցող փաստերի և հանգամանքների առկայության հարցը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է այն սկզբունքային տարբերությունները, որպիսիք առկա են այդ ինստիտուտի նախկին (1998թ. հունիսի 17-ի խմբագրությամբ) և ներկա իրավակարգավորումների միջև: Մասնավորապես, բացարկի հարցն ըստ նախկին իրավակարգավորման ենթակա էր լուծման ոչ թե գործը քննող դատավորի, այլ` համապատասխան դատարանի նախագահի կողմից, իսկ գործը վերջինիս վարույթում գտնվելու դեպքում` մեկ այլ դատավորի կողմից: Բացի այդ, բացարկի (այն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ) և ինքնաբացարկի հարցի արդյունքներով կայացված որոշումը ենթակա չէր բողոքարկման (ՀՀ քաղ. դատ. օր-ի 1998թ. հունիսի 17-ի խմբագրությամբ 25-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ կետեր): Ներկա իրավակարգավորմամբ գործը քննող դատավորին պարտավորեցնելով համապատասխան հիմքերի առկայության դեպքում կայացնելու ինքնաբացարկի վերաբերյալ որոշում` օրենսդիրը միաժամանակ սահմանել է դատավորի նախաձեռնությամբ կայացված այդպիսի որոշման բողոքարկման հնարավորություն (ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մաս), նախատեսելով լրացուցիչ իրավական երաշխիք` անաչառ որոշում կայացնելու և ինքնաբացարկի ինստիտուտը սահմանադրաիրավական նպատակներին ծառայեցնելու համար:

6. Գնահատելով սույն գործով վիճարկվող իրավակարգավորման ազդեցությունն արդար և անկողմնակալ դատաքննության իրավունքի, ինչպես նաև դրա արդյունավետ իրականացման երաշխիքների վրա, նկատի ունենալով նաև ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ սահմանադրական դատարան ներկայացված դիմումներում առկա հարցադրումները` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ եթե դատավորն իր անաչառության վրա ազդող հանգամանքներն իրավաչափորեն գնահատում է այն դեպքում, երբ ինքնաբացարկի նախաձեռնությունն իրենն է, ապա նույն տրամաբանությամբ նա կարող է և պարտավոր է իրավաչափորեն գնահատել նույն հանգամանքները, երբ դատավարության կողմն է հանդես եկել ինքնաբացարկի միջնորդությամբ: Հետևաբար, չկա որևէ տարբերություն` պայմանավորված այն հանգամանքով, թե ով է հանդես գալիս ինքնաբացարկի նախաձեռնությամբ` կողմը, թե՞ դատավորը: Ավելին, ինքնաբացարկի հիմքերի առկայության հարցի վերաբերյալ դատավորի ոչ անաչառ մոտեցումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ընդհուպ հանգեցնել այդ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման (մասնավորապես` ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի հիման վրա), քանի որ դատավորն է պարտավոր ապահովել դատարանի անաչառությունն ու այդ սկզբունքով արդարադատության իրականացումը: Կողմնակալ դատավորն անկախ չէ և ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` արդարադատություն իրականացնել չի կարող, իսկ այդպիսի պայմաններում կայացված դատական ակտը (որպես իրավական ակտ) ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով` գործադրվել չի կարող:

Խնդիրը, սակայն, այն է, թե դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդության քննության և լուծման գործող կարգը որքանով է իրավաչափ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ հայտնված ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքներով դատավորը կամ ինքնաբացարկ է հայտնում, կամ կայացնում է որոշում միջնորդությունը մերժելու մասին: Նկատի ունենալով, որ խոսքը վերաբերում է դատավորի ինքնաբացարկին, որը նա պարտավոր է իրականացնել օբյեկտիվ հիմքերի առկայության դեպքում, ինքնաբացարկի միջնորդության մերժումը չի կարող բողոքարկման առարկա չդառնալ: Հակառակ դեպքում հիմնավոր կլինի դիմող կողմի պնդումն այն մասին, որ վերջին հաշվով դատավորի անկողմնակալության մասին հանգամանքներն օբյեկտիվ գնահատման առարկա չեն դառնում:

Միջազգային փորձի և տարբեր երկրների սահմանադրական արդարադատության պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ այս հարցում գոյություն ունի հստակ դիրքորոշում` ինքնաբացարկի որոշումը պարտադիր ենթակա է բողոքարկման, սակայն դրա կարգի և ժամկետների որոշումն օրենսդրի հայեցողության հարցն է: Որպես կանոն, օրենսդրական կարգավորման պրակտիկայում գերապատվությունը տրվում է ոչ թե ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշման անմիջական բողոքարկմանը, որը լուրջ վտանգ կարող է ներկայացնել գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքի իրացման հարցում, այլ, այսպես կոչված, «հետաձգված բողոքարկմանը»` գործով կայացրած որոշման բողոքարկման շրջանակներում դրա քննությանը, որը նույնպես ապահովում է դատարանի իրավազորության երաշխավորման հարցում կողմերի իրավունքների իրացումը:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ նման ընտրությունն օրենսդրի իրավասության խնդիրն է, սակայն պարտադիր պետք է երաշխավորված լինի դատական ակտի բողոքարկման շրջանակներում դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշման հետ կապված հանգամանքների համակողմանի քննությունը: ՀՀ գործող օրենսդրությունն այս հարցում որևէ արգելանք չի նախատեսում, և այս ուղղությամբ պետք է ընթանա նաև իրավակիրառական պրակտիկան: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ինքնաբացարկի վերաբերյալ կայացված որոշման բողոքարկման հնարավորության բացակայությունը և, միաժամանակ` ՀՀ դատական օրենսգրքում դատավորի ինքնաբացարկի որոշման բողոքարկման իրավունքի առկայությունն իրավակիրառական պրակտիկայում չեն կարող մեկնաբանվել այնպես, որ բացառվի այդպիսի որոշումների վիճարկման իրավունքը` ինքնաբացարկի դեպքում` անմիջականորեն, ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու դեպքում` ըստ էության գործով կայացված դատական ակտի բողոքարկման շրջանակներում: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դա բխում է նաև «Քաղաքացիական և տնտեսական գործերով բողոքարկման համակարգերի և ընթացակարգերի ու դրանց գործառնության կատարելագործման մասին» ԵԽ նախարարների կոմիտեի թիվ R 95 (5) հանձնարարականի դրույթներից (հոդված 3):

Միաժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի պահանջը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21, 22 և 23-րդ հոդվածների դրույթները` ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու մասով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ, չի երաշխավորում կողմերի իրավունքը հասնելու այն բանին, որ արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկողմնակալ ու իրավազոր դատարանի կողմից իրականացվի գործի քննություն:

7. ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության խնդրի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այդ նորմի իրավակարգավորման առարկան դատավորի` ինքնաբացարկի վերաբերյալ կայացված որոշման բողոքարկումն է: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ դատական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածում ամրագրված են նաև ինքնաբացարկի ինստիտուտի իրավակարգավորման շրջանակներում ընդհանուր նշանակության նորմեր (հոդվածի 1-ին և 2-րդ մասեր): Վիճարկվող նորմը կոչված է երաշխավորելու անկախ, արդար դատաքննության իրավունքի (ՀՀ Սահմ. 19-րդ հոդված) իրացումն այն դեպքերում, երբ դատավարության կողմն ունի ողջամիտ կասկածներ գործը քննող դատավորի` իր ինքնաբացարկի հարցի լուծման իրավաչափության հարցում, նախատեսելով դատավորի ինքնաբացարկի մասին որոշման բողոքարկման հնարավորություն:

ՀՀ սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ դատավորի բացարկի և ինքնաբացարկի ինստիտուտների իրավակարգավորման գործում անհրաժեշտ է միասնական ու համակարգային մոտեցում: Հարկ է նկատել, որ այս խնդիրն առավել հստակ է կարգավորված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում (հոդվածներ 88, 89, 90, 299, 322 և այլն), քան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, որտեղ ընդհուպ անհամաձայնություն գոյություն ունի 21-26-րդ հոդվածների և 28-րդ հոդվածի միջև:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21, 22 և 23-րդ հոդվածները` ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացնելու մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

28 սեպտեմբերի 2010 թվականի

ՍԴՈ-918

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.09.2010
N ՍԴՈ-918
Որոշում