ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-248/ՎԴ/
դատարանի որոշում 2010 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-2920
Նախագահող դատավոր` Լ. Սոսյան
Դատավորներ` Կ. Հակոբյան
Ն. Հովսեփյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Վ. Աբելյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
2010 թվականի սեպտեմբերի 10-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Անդրանիկ Այվազյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Դավիթ Փոլադյանի ընդդեմ Անդրանիկ Այվազյանի` գումարի և այդ գումարին հաշվարկվող տոկոսների բռնագանձման, ըստ Անդրանիկ Այվազյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Դավիթ Փոլադյանի` գումարի և այդ գումարին հաշվարկվող տոկոսների բռնագանձման և ըստ հայցի Դավիթ Փոլադյանի ընդդեմ Անդրանիկ Այվազյանի` Անդրանիկ Այվազյանի նկատմամբ ունեցած պարտավորությունները, այդ թվում` 28.04.2002 թվականի ստացականում նշված պարտավորությունը դադարած ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի` 31.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 07-2920 վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Դավիթ Փոլադյանը պահանջել է բռնագանձել Անդրանիկ Այվազյանից 120.000 ԱՄՆ դոլար պարտքի գումարը և այդ գումարի նկատմամբ հաշվարկված 60.000 ԱՄՆ դոլար տոկոսները:
Գործի քննության ընթացքում Դավիթ Փոլադյանը պահանջը պնդել է մասնակիորեն և պահանջել բռնագանձել Անդրանիկ Այվազյանից 102.500 ԱՄՆ դոլար պարտքի և 36.663 ԱՄՆ դոլար հաշվարկված տոկոսների գումարը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Անդրանիկ Այվազյանը պահանջել է բռնագանձել Դավիթ Փոլադյանից 362.000 ԱՄՆ դոլար պարտքի գումարը և այդ գումարի նկատմամբ հաշվարկված 78.540 ԱՄՆ դոլար տոկոսները:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 21.12.2004 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են, կատարվել է պահանջների հաշվանցում, և որոշվել է Դավիթ Փոլադյանից հօգուտ Անդրանիկ Այվազյանի բռնագանձել 301.377 ԱՄՆ դոլար:
Մեկ այլ հայցով դիմելով դատարան` Դավիթ Փոլադյանը պահանջել է դադարած ճանաչել Անդրանիկ Այվազյանի նկատմամբ ունեցած պարտավորությունները, այդ թվում` 28.04.2002 թվականի ստացականում նշվածը:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 30.05.2005 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.06.2005 թվականի որոշմամբ նշված քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.02.2007 թվականի վճռով Դավիթ Փոլադյանի հայցը` Անդրանիկ Այվազյանից գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է, Անդրանիկ Այվազյանի հակընդդեմ հայցը բավարարվել է, կատարվել է պահանջների հաշվանցում` Դավիթ Փոլադյանից հօգուտ Անդրանիկ Այվազյանի բռնագանձվել է 301.377 ԱՄՆ դոլար գումար, իսկ Դավիթ Փոլադյանի հայցը` Անդրանիկ Այվազյանի նկատմամբ ունեցած պարտավորությունները, այդ թվում` 28.04.2002 թվականի ստացականում նշվածը դադարած համարելու պահանջի մասին, մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի թիվ 3-962(ՎԴ) որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.02.2007 թվականի վճիռը բեկանվել, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճռով Դավիթ Փոլադյանի հայցերը բավարարվել են, իսկ Անդրանիկ Այվազյանի հակընդդեմ հայցը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2008 թվականի թիվ 3-281(ՎԴ) որոշմամբ վերադարձվել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճռի դեմ Անդրանիկ Այվազյանի վճռաբեկ բողոքը:
Դիմելով դատարան` Անդրանիկ Այվազյանը պահանջել է անվավեր ճանաչել էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի և Անդրանիկ Այվազյանի միջև 13.06.2002 թվականին կնքված համաձայնագիրը:
Երևանի քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2009 թվականի որոշմամբ Դավիթ Փոլադյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` մասնակիորեն բեկանվել է Երևանի քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի վճիռը և փոփոխվել է. «Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի և Անդրանիկ Այվազյանի միջև 2002 թվականի հունիսի 13-ին կնքված համաձայնագիրը` «այլևս մեզանից յուրաքանչյուրս մեկս մյուսի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունենք և չենք ներկայացնելու» մասով ճանաչել անվավեր Անդրանիկ Այվազյանին և Դավիթ Փոլադյանին վերաբերող մասով: Հայցը մնացած մասով մերժել»:
ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/2013/02/08 որոշմամբ վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2009 թվականի որոշման դեմ Դավիթ Փոլադյանի վճռաբեկ բողոքը:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անդրանիկ Այվազյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 31.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի հիմքում դրվել է 13.06.2002 թվականին կնքված համաձայնագիրը, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 07.07.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Անդրանիկ Այվազյանի և Դավիթ Փոլադյանի վերաբերող մասով անվավեր է ճանաչվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2009 թվականի դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել 18.09.2009 թվականին: Տվյալ որոշման մասին Անդրանիկ Այվազյանն իմացել է 22.10.2009 թվականին:
Նշված դատական ակտով 13.06.2002 թվականին կնքված համաձայնագիրը Դավիթ Փոլադյանին և Անդրանիկ Այվազյանին վերաբերող մասերով անվավեր ճանաչման հանգամանքը նոր երևան եկած հանգամանք է, որն էական նշանակություն ունի ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճիռը վերանայելու և այն բեկանելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 28.04.2002 թվականի ստացականի համաձայն` Դավիթ Փոլադյանը պարտավորվել է մինչև 28.05.2003 թվականը մարել Անդրանիկ Այվազյանի նկատմամբ ունեցած 362.000 ԱՄՆ դոլար պարտքը (հատոր 2-րդ, գ.թ. 8):
2) Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի և Անդրանիկ Այվազյանի միջև 13.06.2002 թվականին կնքված համաձայնագրով արձանագրվել է, որ Դավիթ Փոլադյանի կողմից ««Տավուշ» գինու գործարան» ՓԲԸ-ում ունեցած 60 տոկոս բաժնեմասը Վլադիմիր Ադամյանին օտարելուց հետո այլևս իրենցից յուրաքանչյուրը մեկը մյուսի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունի և չի ներկայացնելու, բացառությամբ նրա, որ Անդրանիկ Այվազյանը և Վլադիմիր Ադամյանը պարտավորվում են վերը նշված գործարքը կատարելուց հետո 45 օրվա ընթացքում Դավիթ Փոլադյանին վճարել 120.000 ԱՄՆ դոլար (հատոր 2-րդ, գ.թ. 7):
3) ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճռով Անդրանիկ Այվազյանից հօգուտ Դավիթ Փոլադյանի բռնագանձվել է 102.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հիմնական պարտքի և 36.663 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ տոկոսների գումարները, ինչպես նաև դադարած է ճանաչվել Դավիթ Փոլադյանի կողմից Անդրանիկ Այվազյանին 28.04.2002 թվականին տրված ստացականում նշված պարտավորությունը: Նշված վճռի հիմքում դրվել է Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի և Անդրանիկ Այվազյանի միջև 13.06.2002 թվականին կնքված համաձայնագիրը (հատոր 4-րդ, գ.թ. 59-66):
4) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 07.07.2009 թվականի որոշմամբ Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի և Անդրանիկ Այվազյանի միջև 13.06.2002 թվականին կնքված համաձայնագիրը` «այլևս մեզանից յուրաքանչյուրս մեկս մյուսի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունենք և չենք ներկայացնելու» մասով` Անդրանիկ Այվազյանին և Դավիթ Փոլադյանին վերաբերող մասով ճանաչվել է անվավեր:
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե`
1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին
մասնակցող անձանց, կամ
2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց
նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և
3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե` ոչ (տե՛ս Մարինե Մանուկյանի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ 02-2397(ԵԿԴ) և Կարինե Հարությունյանի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/1137/02/08 քաղաքացիական գործերով որոշումները):
Սույն գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը Դավիթ Փոլադյանի պահանջները բավարարելու հիմքում դրել է եզրահանգումն այն մասին, որ «13.06.2002 թվականի համաձայնագրի հիման վրա` 13.06.2002 թվականից հետո դադարել են գործել մինչև այդ օրը Դ. Փոլադյանի, Ա. Այվազյանի և Վ. Ադամյանի միջև գոյություն ունեցած բոլոր փոխադարձ պարտավորությունները, այդ թվում` Դավիթ Փոլադյանի կողմից տրված 28.04.2002 թվականի ստացականում նշված պարտավորությունը»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 07.07.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Դավիթ Փոլադյանի, Վլադիմիր Ադամյանի և Անդրանիկ Այվազյանի միջև 13.06.2002 թվականին կնքված համաձայնագիրը` «այլևս մեզանից յուրաքանչյուրս մեկս մյուսի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունենք և չենք ներկայացնելու» մասով` Անդրանիկ Այվազյանին և Դավիթ Փոլադյանին վերաբերող մասով, ճանաչվել է անվավեր:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2009 թվականի որոշմամբ հաստատված հանգամանքներն էական նշանակություն ունեն սույն գործի լուծման համար, հետևաբար ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի` 31.08.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը ենթակա է վերանայման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.08.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Վ. Աբելյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան