Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 27-ՐԴ, 28- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԿԴ2/0039/02/10

    դատարանի որոշում                                             2010 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ2/0039/02/10

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Ն. Բարսեղյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի      

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի        

                                              Վ. Աբելյանի     

                                              Ս. Անտոնյանի    

                                              Ա. Բարսեղյանի        

                                              Մ. Դրմեյանի          

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի    

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի դեկտեմբերի 03-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2010 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Փայլակ Խանամիրյանի, երրորդ անձինք Կադաստրի պետական կոմիտեի «Չարենցավան» տարածքային ստորաբաժանման, ՀՀ Կոտայքի մարզի Արզական համայնքի` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Փայլակ Խանամիրյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող 0,10 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 31.03.2010 թվականի վճռով Փայլակ Խանամիրյանի դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.07.2010 թվականի որոշմամբ Կադաստրի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.03.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կադաստրը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքարկվող դատական ակտով չեն խախտվել բողոքաբերի իրավունքներն ու օրինական շահերը, քանի որ վերջինս պետական անտառի պաշտպանությամբ հանդես գալու համար պատշաճ լիազորություն չունի, ուստի այդ հիմքով Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին` գտնելով, որ դրանք անհիմն են և ենթակա են մերժման:

Մինչդեռ դատական ակտի բողոքարկման համար անհրաժեշտ և բավարար պայման է գործին մասնակցող անձ լինելու փաստը, ինչը տվյալ դեպքում հաշվի չի առել Վերաքննիչ դատարանը:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ և 187-րդ հոդվածները, ՀՀ հողային օրենսգրքի 25-րդ, 57-րդ և 59-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ, 27-րդ, 28-րդ, 53-րդ, 51-րդ, 130-րդ և 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Փայլակ Խանամիրյանի` 06.03.1992 թվականի առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված հողամասը ներկայումս իր կողմից զբաղեցրած ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող 106-001 ծածկագրի տակ հաշվառված 0,10 հա մակերեսով հողամասն է:

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել այն հանգամանքը, որ Փայլակ Խանամիրյանը Դատարան չի ներկայացրել որևէ ապացույց վեճի առարկա հանդիսացող հողամասը բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ օգտագործելու վերաբերյալ: Ինչպես նաև անտեսել է այն հանգամանքը, որ վիճելի հողատարածքը, այդ թվում` 297 հա ընդհանուր մակերեսով հողատարածքը 106-001 ծածկագրով անտառային ֆոնդի հողեր են:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.07.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ ժողովրդական պատգամավորների Հրազդանի շրջխորհրդի գործկոմի 1992 թվականի ապրիլի 17-ի նիստի թիվ 4 արձանագրության 31-րդ կետի արխիվային քաղվածքի համաձայն` Փայլակ Ռազմիկի Խանամիրյանը գրանցված է և բնակվում է Երևան քաղաքում, ընտանիքը բաղկացած է մեկ շնչից:

Փայլակ Խանամիրյանը շրջանային Պետնոտարի կողմից 06.03.1992 թվականին հաստատված պայմանագրի հիման վրա իր անվամբ ունի 0,10 հա տնամերձ հողամաս:

Փայլակ Խանամիրյանը դիմել է Շրջխորհրդի գործկոմ` բնակելի տան շինարարության թույլտվություն ստանալու համար, և Շրջխորհրդի գործկոմը որոշել է թույլատրել Երևան քաղաքի բնակիչ Փայլակ Խանամիրյանին կատարել բնակելի տան շինարարություն` ըստ տրված նախագծի (գ.թ. 14):

2) ՀՀ Հրազդանի նոտարական տարածքի նոտար Հ. Գյոզալյանի 09.02.2010 թվականի «Նոտարական գործարքի կատարումը մերժելու մասին» թիվ 7 որոշման համաձայն` Փայլակ Խանամիրյանի դիմումը` 06.03.1992 թվականի հաստատված պայմանագրի պատճեն տրամադրելու վերաբերյալ, մերժվել է, քանի որ մանրակրկիտ ու հետևողական ուսումնասիրվել է 1992 թվականի պահպանված արխիվային նյութերը, սակայն վերը նշված պայմանագիրը չի հայտնաբերվել (գ.թ. 8):

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Չարենցավանի տարածքային ստորաբաժանման 12.02.2010 թվականի տեղեկանքի համաձայն` «Տրամադրվում է Փայլակ Խանամիրյանին, որ ներկայացված հատակագծով հողամասը գտնվում է 106-001 ծածկագրով միավորում, որն իր հերթին հանդիսանում է անտառային նպատակային նշանակության հող: Նշված հողատարածքի նկատմամբ որևէ իրավունք գրանցված չէ» (գ.թ. 7):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք են կողմերը, երրորդ անձինք, դիմողները` նույն օրենսգրքի երրորդ բաժնով նախատեսված գործերով:

Նույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն բողոքարկել դատական ակտերը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքի փաստարկներին այն պատճառաբանությամբ, որ Կադաստրի որևէ իրավունք տվյալ դեպքում չի խախտվել, և վերջինիս կողմից վերաքննիչ բողոք չէր կարող ներկայացվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տես` Հովհաննես Գրիգորյանի ընդդեմ Բավական Գրիգորյանի, Գյումրի նոտարական տարածքի նոտարի` փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և ժառանգության վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ՇԴ/0023/02/09 որոշումը):

Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ կադաստրը գործին մասնակցող անձ է, և որպես այդպիսին, նա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ և 28-րդ հոդվածների ուժով ունի դատական ակտը բողոքարկելու իրավունք:

2) Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին չի անդրադառնում, քանի որ վերաքննիչ բողոքի փաստարկները Վերաքննիչ դատարանում քննության առարկա չեն դարձվել:

Այսպիսով, բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի փաստարկները քննության առարկա չեն դարձվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը պետք է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.12.2010
N ԿԴ2/0039/02/10
Որոշում