Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1406/02/09   

    դատարանի որոշում                                              2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1406/02/09

Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան

    Դատավորներ`        Ս. Միքայելյան     

                       Դ. Խաչատրյան      

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Գ. Հակոբյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի ապրիլի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լազար Մինասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.11.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գևորգ Եղիազարյանի ընդդեմ Լազար Մինասյանի` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքն առանձնացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գևորգ Եղիազարյանը պահանջել է Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի 6-րդ շենքի նկուղային տարածքից սեփականության իրավունքով առանձնացնել 116 քմ մակերեսով տարածք:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 19.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.11.2010 թվականի որոշմամբ Գևորգ Եղիազարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 19.07.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լազար Մինասյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 3-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածը, չի կիրառել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի, ե) ենթակետը, 8-րդ կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 190-րդ, 191-րդ, 195-րդ հոդվածներով և 197-րդ հոդվածի 2-6-րդ կետերով նախատեսված կանոնները կիրառելի չեն սույն իրավահարաբերության նկատմամբ, անհիմն կարևորել է դատատեխնիկական փորձաքննության անհրաժեշտությունը: Դատարանի կողմից այդ փորձաքննության արդյունքների ստացմանը ձեռնամուխ չլինելը գնահատել է որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի խախտում և արձանագրել, որ գործով անհրաժեշտ է իրականացնել ամբողջ ծավալով գործի նոր քննություն` ապահովելով փորձագետի պատասխանի ստացումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն չկար, քանի որ շենքի սեփականատերերի ընդհանուր ժողովին Լազար Մինասյանը չի մասնակցել և համաձայն չէ շենքի նկուղից 116 քմ տարածքն առանձնացնելուն ու դրա նկատմամբ Գևորգ Եղիազարյանի սեփականության իրավունքը ճանաչելուն, որի դեպքում սեփականատերերի ընդհանուր ժողովի արձանագրությունն առոչինչ է և իրավաբանական ուժ չունի, քանի որ բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մի մասի առանձնացման, օտարման, գրավադրման մասին որոշումների ընդունման լիազորությունը պատկանում է շենքի սեփականատերերի ժողովին, որում, տվյալ դեպքում, գույքի մի մասի առանձնացման, դրա օտարման վերաբերյալ հարցերով որոշումը պետք է ընդունվեր բոլոր սեփականատերերի կողմից միաձայն: Անգամ առաջադրված հարցերի վերաբերյալ փորձագետի եզրակացության առկայության պայմաններում գործն այլ ելք չէր կարող ունենալ: Այսինքն, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը: Մինչդեռ, մինչ փորձաքննության անհրաժեշտությունը սույն գործով կարևորելը, Վերաքննիչ դատարանը պետք է պարզեր, թե արդյոք փորձաքննության եզրակացությունը կարող էր ազդել գործի ելքի վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.11.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 19.07.2010 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Գևորգ Եղիազարյանը Երևանի Շենգավիթ համայնքի Գ. Նժդեհի փողոցի 6-րդ բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 1, 5, 13/1 և 14 շինությունների` բնակարանների սեփականատերն է.

2) Լազար Մինասյանը Երևանի Շենգավիթ համայնքի Գ. Նժդեհի փողոցի 6-րդ բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 13 և 13ա շինությունների` բնակարանների սեփականատերն է.

3) 22.09.2009 թվականին հրավիրվել է նշված բազմաբնակարան բնակելի շենքի շինությունների սեփականատերերի ժողով` այդ շինությունների մի մասի սեփականատեր Գևորգ Եղիազարյանին ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից` նկուղից 116 քմ մակերեսով բաժին առանձնացնելու

4) նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունվել է բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բոլոր շինությունների սեփականատերերի կողմից միաձայն, մասնավորապես Լազար Մինասյանը չի տվել Գևորգ Եղիազարյանին ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից` նկուղից 116 քմ մակերեսով բաժին առանձնացնելու վերաբերյալ հարցի վերաբերյալ համաձայնություն.

5) Դատարանը 14.12.2009 թվականին որոշում է կայացրել դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին` փորձագետին առաջադրելով հետևյալ հարցերը` որքան է կազմում Երևանի Գարեգին Նժդեհ փողոցի 6-րդ շենքի նկուղային տարածքի ընդհանուր մակերեսը, համատեղ սեփականության իրավունքով նույն շենքի սեփականատերերին պատկանող նկուղային տարածքի ընդհանուր մակերեսը, նույն շենքի նկուղային տարածքի սեփականատերերից յուրաքանչյուրին պատկանող ընդհանուր մակերեսի իր բաժինը: Փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունու տարածքային ստորաբաժանմանը (հատոր 1-ին, գ. թ. 98).

6) համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 07.04.2010 թվականին տրված թիվ 1Կ-04/03-2372 գրության` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին փորձաքննություն իրականացնելու և տեխնիկական-մասնագիտական եզրակացություն տրամադրելու գործառույթ վերապահված չէ (հատոր 1-ին, գ. թ. 105).

7) Դատարանը 13.04.2010 թվականին որոշում է կայացրել գործի վարույթը վերսկսելու մասին` որոշման հիմքում դնելով այն, որ վերացել են գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները (հատոր 1-ին, գ. թ. 106):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

Նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` շինության սեփականատերերի կողմից նույն օրենքով սահմանված կարգով ընդունված որոշմամբ ընդհանուր սեփականությունից կարող է առանձնացվել բնակարան կամ ոչ բնակելի տարածք կամ դրա մաս, որը սույն օրենքով նախատեսված հարաբերակցությամբ հանդիսանալու է շինության սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն:

Նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմինը շինությունների սեփականատերերի ժողովն է, որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն օրենքի համաձայն համարվում են կառավարման մարմնի բացառիկ լիազորությունը: Նույն հոդվածի 7-րդ կետի «ե» ենթակետի համաձայն` շինությունների սեփականատերերի ժողովի լիազորությունն է ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մի մասի առանձնացման, դրա օտարման, գրավադրման մասին որոշումների ընդունումը: Ընդ որում, նույն հոդվածի 8-րդ կետի համաձայն` այդ հարցերով որոշումները պետք է ընդունվեն բոլոր սեփականատերերի կողմից միաձայն:

Սույն գործի փաստերի համաձայն` 22.09.2009 թվականին հրավիրվել է Երևանի Գ. Նժդեհի 6-րդ բազմաբնակարան բնակելի շենքի շինությունների սեփականատերերի ժողով` այդ շինությունների մի մասի սեփականատեր Գևորգ Եղիազարյանին ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից` նկուղից 116 քմ մակերեսով բաժին առանձնացնելու վերաբերյալ հարցով, նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունվել է բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բոլոր շինությունների սեփականատերերի կողմից միաձայն, մասնավորապես, Լազար Մինասյանը Գևորգ Եղիազարյանին ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից` նկուղից 116 քմ մակերեսով բաժին առանձնացնելու վերաբերյալ հարցի վերաբերյալ համաձայնություն չի տվել:

Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ հայցվորը դատարանին չի ներկայացրել որևէ ապացույց վեճի առարկա տարածքը սեփականության իրավունքով իրեն պատկանելու, ինչպես նաև շենքի բոլոր սեփականատերերի համաձայնությունը վեճի առարկա նկուղից հօգուտ իրեն հրաժարվելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Գևորգ Եղիազարյանի վերաքննիչ բողոքը, որոշման հիմքում դրել է այն հանգամանքները, որ «Դատարանը, էական համարելով սույն գործով դատատեխնիկական փորձաքննության նշանակումը, ինչպես նաև առաջադրված հարցադրումները, առանց դրանց պատասխաններն ստանալու, ավարտել է սույն գործի քննությունը` կայացնելով դատական ակտ, ինչպես նաև Դատարանի կողմից դատատեխնիկական փորձաքննության արդյունքների (հարցադրումների պատասխանների) ստացմանը ձեռնամուխ չլինելը հանգեցրել է հայցվորի դատավարական իրավունքների սահմանափակման` դրանով իսկ վերջինիս, որպես դատավարության մասնակցի, դնելով նվազ բարենպաստ դրության մեջ, քան պատասխանողին», ու գտել է, որ «սույն գործով անհրաժեշտ է իրականացնել ամբողջ ծավալով գործի նոր քննություն` ապահովելով փորձաքննության պատասխանի ստացումը»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վերը նշված պատճառաբանություններով բեկանելով Դատարանի 19.07.2010 թվականի վճիռը և գործն ուղարկելով նոր քննության, անտեսել է այն հանգամանքը, որ վերը նշված ժողովին չեն մասնակցել նույն շենքի բոլոր շինությունների սեփականատերերը, այդ ժողովում որոշումն ընդունվել է ոչ բոլոր սեփականատերերի կողմից միաձայն, ինչպես նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` բազմաբնակարան շենքերի բնակարանների և (կամ) բնակելի տարածքների սեփականատերերի վրա չեն տարածվում նույն օրենսգրքի 195-րդ հոդվածի և 197-րդ հոդվածի 2-7-րդ կետերում նախատեսված կանոնները, որոնք վերաբերում են ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը գնելու նախապատվության իրավունք տալուն ու բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելուն և դրանից բաժին առանձնացնելուն:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շինությունների սեփականատերերի կողմից ընդունված վերը նշված որոշումը չի բխում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջից, որը նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով բացառում է շինության սեփականատերերի կողմից ընդհանուր սեփականությունից ոչ բնակելի տարածք առանձնացնելը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Դատարանը, էական համարելով սույն գործով դատատեխնիկական փորձաքննության նշանակումը, ինչպես նաև առաջադրված հարցադրումները, առանց դրանց պատասխաններն ստանալու, ավարտել է գործի քննությունը` կայացնելով դատական ակտ, որի արդյունքում դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը չի կատարվել, իսկ փորձաքննության արդյունքների ստացմանը ձեռնամուխ չլինելը հանգեցրել է հայցվորի դատավարական իրավունքների սահմանափակման, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չէր կարող հիմք հանդիսանալ Դատարանի վճիռը բեկանելու համար հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածը գործով ապացույցներ է համարում նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, իսկ այդ տեղեկությունները հաստատվում են նաև փորձագետների եզրակացություններով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության բավարարման կամ մերժման հարցը լուծելիս դատարանը պետք է անդրադառնա այն հարցին թե արդյոք ներկայացված միջնորդությամբ նշանակվող փորձաքննության արդյունքում կարող է պարզվել գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Դատարանի 14.12.2009 թվականի որոշմամբ նշանակված դատատեխնիկական փորձաքննության արդյունքում տրվելիք փորձագետի եզրակացությամբ, հիմք ընդունելով պարզաբանման համար առաջադրված հարցերը, չէր կարող ձեռք բերվել այնպիսի տեղեկություն, որի հիման վրա Դատարանը կպարզեր գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այսինքն, սույն գործով նշանակված դատատեխնիկական փորձաքննության արդյունքում տրվելիք փորձագետի եզրակացությունը, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի, ոչ վերաբերելի ապացույց է, քանի որ այն անհրաժեշտ չէ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից առանց փորձագետին առաջադրված հարցերի պատասխաններն ստանալու գործի քննությունն ավարտելը չի կարող հիմք հանդիսանալ Դատարանի վճիռը բեկանելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.11.2010 թվականի որոշումը և այն փոփոխել: Գևորգ Եղիազարյանի հայցը մերժել:

2. Գևորգ Եղիազարյանից հօգուտ Լազար Մինասյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ, որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.04.2011
N ԵՇԴ/1406/02/09
Որոշում