Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 224-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 224-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԲԱԶՄԱԲՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0145/02/09

    դատարանի որոշում                                             2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0145/02/09

 

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

    Դատավորներ`        Ն. Տավարացյան

                       Ս. Միքայելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                    Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ         Վ. Ավանեսյանի

                                      Վ. Աբելյանի

                                      Ս. Անտոնյանի

                                      Ա. Բարսեղյանի

                                      Մ. Դրմեյանի

                                      Գ. Հակոբյանի

                                      Է. Հայրիյանի

                                      Տ. Պետրոսյանի

                                      Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մայիսի 27 -ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աբրահամ Մկրտչյանի ընդդեմ Երևանի Չեխովի փողոցի 15-րդ շենքի սեփականատերերի ընդհանուր ժողովի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աբրահամ Մկրտչյանը պահանջել է Երևանի Չեխովի փողոցի 15-րդ շենքի թիվ 6 մուտքի նկուղային հարկի 68 քմ մակերեսով տարածքի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 12.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.03.2010 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածը, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 110-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի «Երևան քաղաքի թաղային համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ցանկը հաստատելու մասին» թիվ 42 որոշումը, 29.05.2009 թվականի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցված անհրաժեշտ գույքի ցանկը հաստատելու մասին» թիվ 604-Ն որոշումը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով`

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի թիվ 42 որոշման հիման վրա Երևանի Չեխովի 15 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի թիվ 32 բնակարանի տակ գտնվող 68 քմ մակերեսով նկուղն արդեն իսկ ճանաչվել է Երևանի նախկին Շենգավիթ թաղային համայնքի սեփականությունը և գտնվել է համայնքի հաշվեկշռում: Այսինքն` վիճելի տարածքը սեփականության իրավունքով պատկանել է նախկին Շենգավիթ համայնքին, և Աբրահամ Մկրտչյանն առանց որևէ իրավահաստատող փաստաթղթերի կամ իրավական հիմքերի` անբարեխիղճ կերպով օգտագործել է այն և անհիմն կերպով հավակնում է ձեռք բերել նշված տարածքի նկատմամբ սեփականության իրավունք: Ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն անդրադարձ են կատարել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող գույքին` անտեսելով նրա իրավունքներն ու օրինական շահերը:

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել, որ Երևանի Չեխովի 15-րդ շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր ժողովի 06.08.2007 թվականի արձանագրության համաձայն` ընդհանուր ժողովը որոշել է Չեխովի 15-րդ շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունից առանձնացնել 6-րդ մուտքի նկուղում 68 քմ մակերեսով տարածքը և այն սեփականության իրավունքով անհատույց հատկացնել նույն շենքի բնակիչ Աբրահամ Մկրտչյանին: Այսինքն` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի ուժով արձանագրության հիման վրա Աբրահամ Մկրտչյանը պետք է վիճելի 68քմ մակերեսով տարածքի նկատմամբ իր իրավունքները պարտադիր կերպով ներկայացներ պետական գրանցման: Հետևաբար, պատասխանող կողմը` համասեփականատերերի ընդհանուր ժողովը, իր համաձայնությունն արդեն տվել էր, և տվյալ դեպքում վեճը սույն գործով կողմերի միջև ուղղակի բացակայում է:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Աբրահամ Մկրտչյանի և Երևանի Չեխովի 15-րդ շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր ժողովի ներկայացուցչի կողմից չեն ներկայացվել համապատասխան վերաբերելի ու թույլատրելի ապացույցներ այն մասին, որ վիճելի տարածքի նկատմամբ գրանցված էր նույն շենքի համասեփականատերերի սեփականության իրավունքը:

Փաստորեն Դատարանը և Վերաքննիչ դատարանը կայացրած դատական ակտերով, ըստ էության, անդրադարձ են կատարել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող գույքին` անտեսելով Երևան համայնքի իրավունքներն ու օրինական շահերը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.03.2010 թվականի որոշումը և հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Երևանի Չեխովի փողոցի թիվ 15 շենքը բազմաբնակարան շենք է:

2. 08.04.1996 թվականի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Աբրահամ Մկրտչյանը Չեխովի փողոցի 15-րդ շենքի թիվ 32 բնակարանի սեփականատերն է (գ.թ 6):

3.»Բագրատունյաց 13» համատիրության 28.04.2009 թվականի տեղեկանքի համաձայն` Աբրահամ Մկրտչյանը բնակվում է Չեխովի փողոցի 15-րդ շենքի թիվ 32 բնակարանում և 1996 թվականից օգտագործել է նշված բնակարանի տակ գտնվող 68քմ մակերեսով նկուղը (գ.թ 17):

4. 06.08.2007 թվականի Բագրատունյաց 15-րդ շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր ժողովի արձանագրության համաձայն` ընդհանուր ժողովը որոշել է Չեխովի 15-րդ շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունից առանձնացնել 6-րդ մուտքի նկուղում 68,0 քմ մակերեսով տարածքը և այն սեփականության իրավունքով անհատույց հատկացնել նույն շենքի բնակիչ Աբրահամ Մկրտչյանին (գ.թ 5):

5. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման 10.02.2009 թվականի թիվ 14-04/210 գրության համաձայն` Չեխովի փողոցի 15-րդ շենքի 6-րդ մուտքի 32 բնակարանի նկուղ (68.0 քմ մակերեսով) հասցեով իրավունքների պետական գրանցում չի կատարվել (գ.թ 11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ բազմաբնակարան շենքի շինությունների նկուղներն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են բազմաբնակարան շենքի սեփականատերերին:

Սույն գործով Երևանի քաղաքապետարանը, վկայակոչելով «Երևան քաղաքի թաղային համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ցանկը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության 13.03.1997 թվականի թիվ 42 որոշման 3-րդ կետը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասը, «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 4-րդ կետը, բողոքի հիմքում դրել է այն հանգամանքը, որ վիճելի տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Երևանի քաղաքապետարանին, և, գործի քննությանն իրեն մասնակից չդարձնելով, խախտվել են իր դատավարական իրավունքները:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ վիճելի տարածքը` նկուղը, բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունն է, այն ընդհանուր օգտագործման տարածք է, մինչդեռ Երևանի քաղաքապետարանի վերևում վկայակոչված որոշումները վերաբերում են բնակելի շենքերում` նախագծով նախատեսված ընդհանուր օգտագործման շինություններ չհանդիսացող գույքին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն բողոք բերած անձի պատճառաբանություններն անհիմն է համարել հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին 20.06.2001 թվականի թիվ 550 որոշման 1-ին կետի համաձայն` ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի «Երևան քաղաքի թաղային համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 42 որոշման 3-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի` Երևանի քաղաքային ենթակայության բնակարանային տնտեսության ձեռնարկությունների հաշվեկշիռներում հաշվեգրված բնակարանային ֆոնդի բնակելի շենքերի բացվածքները և ոչ բնակելի տարածքները (բնակելի շենքերում` նախագծով նախատեսված ընդհանուր օգտագործման շինություններ (տարածքներ) չհանդիսացող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով չպատկանող ոչ բնակելի շինությունները (տարածքներ) (արհեստանոց, արտադրական, առևտրային, գրասենյակային և այլն)) համարել Երևան քաղաքի համապատասխան թաղային համայնքներին սեփականության իրավունքով հանձնված` բացառությամբ պետական հիմնարկների կամ կազմակերպությունների կողմից զբաղեցված տարածքների, վարձակալությամբ տրված արվեստանոցների և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի «ը» ենթակետով նախատեսված մասնավորեցման ենթակա ոչ բնակելի տարածքների:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 110-րդ հոդվածի համաձայն` ավագանու ընտրություններից հետո այդ պահին Երևանի թաղային համայնքների սեփականություն համարվող գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Երևանին: Երևանը համարվում է Երևան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը:

ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 604-Ն որոշման 4-րդ կետի համաձայն` Երևան քաղաքի վարչական տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի չսեփականաշնորհված բնակարանները և պետական գրանցում չունեցող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները (բացառությամբ պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների) համարվում են Երևան քաղաքի սեփականությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ նորմատիվ իրավական ակտերը վերաբերում են իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով չպատկանող ոչ բնակելի շինություններին, ինչպես նաև բնակելի շենքերում ընդհանուր օգտագործման շինություններ (տարածքներ) չհանդիսացող գույքին, մինչդեռ նկուղը բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածք է:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ինչպես նաև «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի ուժով բազմաբնակարան շենքի նկուղը բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունն է, և այն ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումների ուժով չի փոխանցվել Երևան քաղաքի սեփականությանը, ավելին, Երևան քաղաքի սեփականությունը հավաստող որևէ թույլատրելի ապացույց սույն գործում առկա չէ, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է բողոք բերած անձի այն փաստարկը, որ առանց իր մասնակցության կայացվել է վճիռ իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2010 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2011
N ԵՇԴ/0145/02/09
Որոշում