Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.32-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0611/02/09

    դատարանի որոշում                                             2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0611/02/09

 

Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան

    Դատավորներ`        Ս. Միքայելյան

                       Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                    Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ         Տ. Պետրոսյանի

                                      Վ. Աբելյանի

                                      Ս. Անտոնյանի

                                      Վ. Ավանեսյանի

                                      Ա. Բարսեղյանի

                                      Մ. Դրմեյանի

                                      Գ. Հակոբյանի

                                      Է. Հայրիյանի

                                      Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռոմելա Սողոյանի, Նարեկ և Նարինե Ասատրյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հակոբ, Սրբուհի, Մելանյա, Դավիթ Ասատրյանների և Անթառան Ավդալյանի ընդդեմ Ռոմելա Սողոյանի, Նարեկ և Նարինե Ասատրյանների` բնակարանից վտարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հակոբ, Սրբուհի, Մելանյա, Դավիթ Ասատրյանները և Անթառան Ավդալյանը պահանջել են Ռոմելա Սողոյանին, Նարեկ և Նարինե Ասատրյաններին վտարել Երևանի Չեխովի 54-րդ շենքի թիվ 23 բնակարանից:

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 14.08.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.11.2009 թվականի որոշմամբ Ռոմելա Սողոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 14.08.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 07.04.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.12.2010 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքների հիմքով Հակոբ, Սրբուհի, Դավիթ Ասատրյանների և Անթառան Ավդալյանի բողոքը բավարարվել է` Դատարանի 07.04.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ռոմելա Սողոյանը, Նարեկ և Նարինե Ասատրյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 24.05.2010 թվականի որոշմամբ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 17.08.2006 թվականի վճռի կատարման ժամկետը վերականգնելու, փոխհատուցում տրամադրելու միջոցով վիճելի բնակարանի նկատմամբ Կարապետ Ասատրյանի սեփականության իրավունքը դադարեցնելու և այդ բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու հանգամանքները սույն գործով նոր երևան եկած հանգամանքներ չեն, քանի որ 2006 թվականին փոխհատուցմամբ նշված բնակարանի նկատմամբ Կարապետ Ասատրյանի սեփականության իրավունքի դադարեցման փաստը հայտնի է եղել վերաքննիչ բողոք բերած անձանց, և նրանք կարող էին ժամանակին փոխհատուցում վճարելու միջոցով դադարեցնել Կարապետ Ասատրյանի սեփականության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «մասնակիորեն բեկանել և փոփոխել ստորադաս դատարանի դատական ակտը` մերժելով հայցվորներ Հակոբ, Սրբուհի, Մելանյա Ասատրյանների և Անթառան Ավդալյանի վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2010թ. թիվ ԵՇԴ/0611/02/09 քաղաքացիական գործով կայացված վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու պահանջի մասին»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Սույն գործով Դատարանի 07.04.2010 թվականի վճռով Ռոմելա Սողոյանին, Նարեկ և Նարինե Ասատրյաններին Երևանի Չեխովի 54-րդ շենքի թիվ 23 բնակարանից վտարելու պահանջի վերաբերյալ Հակոբ, Սրբուհի, Մելանյա, Դավիթ Ասատրյանների և Անթառան Ավդալյանի հայցը մերժվել է: Հայցի մերժման հիմքում դրվել է նշված բնակարանի համասեփականատեր Կարապետ Ասատրյանի կողմից պատասխանողներին վտարելու պահանջ չներկայացնելու փաստը (հատոր 2-րդ, գ.թ. 71-75):

2) Վերաքննիչ դատարանը նոր երևան եկած հանգամանքների հիմքով բողոքը բավարարելիս հիմք է ընդունել Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի` 17.08.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով 4.180 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխհատուցելու միջոցով Կարապետ Ասատրյանի սեփականության իրավունքը նշված բնակարանի 1/6 բաժնի նկատմամբ դադարեցնելու, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 24.05.2010 թվականի որոշմամբ վերոհիշյալ վճռով կատարողական թերթ ներկայացնելու ժամկետը վերականգնելու, 29.09.2010 թվականին վիճելի բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու և անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում Կարապետ Ասատրյանի` որպես վիճելի բնակարանի համասեփականատեր նշված չլինելու հանգամանքները (հատոր 3-րդ, գ.թ. 55-57):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.

Նշված դրույթի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքներն էական նշանակություն ունեն գործի լուծման համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, յուրաքանչյուր գործով նոր երևան եկած հանգամանքները որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն, թե արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե ոչ:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նոր երևան եկած հանգամանքները գործի լուծման պահին արդեն իսկ առկա, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ են, որոնք գործին մասնակցող անձանց, հետևաբար և դատարանին հայտնի չլինելու կամ ներկայացնելու անհնարինության պատճառով գործը լուծելիս հաշվի չեն առնվել: Դատական ակտի կայացումից հետո ծագած հանգամանքները ոչ թե նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու, այլ նախկինում քննված հայցի հիմքերից տարբերվող փաստական հիմքերի առաջացման հնարավորության պարագայում հայց ներկայացնելու հիմք են:

Սույն գործով Դատարանը մերժել է Հակոբ, Սրբուհի, Մելանյա, Դավիթ Ասատրյանների և Անթառան Ավդալյանի հայցն ընդդեմ Ռոմելա Սողոյանի, Նարեկ և Նարինե Ասատրյանների` բնակարանից վտարելու պահանջի մասին` դրա հիմքում դնելով Կարապետ Ասատրյանի կողմից վիճելի բնակարանի համասեփականատեր հանդիսանալու և պատասխանողներին վտարելու պահանջ չներկայացնելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը, նոր երևան եկած հանգամանքների հիմքով բողոքը բավարարելիս պատճառաբանելով, որ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի` 17.08.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով 4.180 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխհատուցելու միջոցով դադարեցվել է Կարապետ Ասատրյանի սեփականության իրավունքը Երևանի Չեխովի 54-րդ շենքի թիվ 23 բնակարանի 1/6 բաժնի նկատմամբ, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 24.05.2010 թվականի որոշմամբ վերականգնվել է վերոհիշյալ վճռով կատարողական թերթ ներկայացնելու ժամկետը, իսկ վճռի կատարման արդյունքում վիճելի բնակարանի նկատմամբ կատարվել է իրավունքների պետական գրանցում և 29.09.2010 թվականին տրվել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական, որում Կարապետ Ասատրյանը որպես համասեփականատեր նշված չէ, գտել է, որ նշված հանգամանքները սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ են, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած անձանց:

Վերաքննիչ դատարանի 08.12.2010 թվականի որոշման ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն ըստ էության սույն գործով որպես նոր երևան եկած հանգամանք է դիտել Երևանի Չեխովի 54-րդ շենքի թիվ 23 բնակարանի նկատմամբ Կարապետ Ասատրյանի սեփականության իրավունքի դադարումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր երևան եկած հանգամանքի առկայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ, քանի որ վիճելի բնակարանի նկատմամբ Կարապետ Ասատրյանի սեփականության իրավունքի դադարումը սույն գործի լուծման պահին գոյություն չի ունեցել, այլ ծագել է միայն Դատարանի 07.04.2010 թվականի վճռի կայացումից հետո: Այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված հանգամանքը Դատարանի դատական ակտը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու հիմք չէ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2010 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2011
N ԵՇԴ/0611/02/09
Որոշում