Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 136-ՐԴ, 163...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 136-ՐԴ, 163-ՐԴ, 187-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1081/02/09   

    դատարանի որոշում                                             2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1081/02/09

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան     

                       Տ. Նազարյան      

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էդուարդ Ասոյանի և երրորդ անձ Հասմիկ Ահարոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Էդուարդ Ասոյանի ընդդեմ Կարինե Ոսկանյանի, Սամվել Սահակյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) և երրորդ անձ Հասմիկ Ահարոնյանի` առուվաճառքի պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու, շինության և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ընդհանուր օգտագործվող շինությամբ զբաղեցված հողամասի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Սամվել Սահակյանի ընդդեմ Էդուարդ Ասոյանի` սեփականության իրավունքով Սամվել Սահակյանին պատկանող տան վրա առկա ինքնակամ շինություններից Էդուարդ Ասոյանին վտարելու և դրանք քանդել թույլատրելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էդուարդ Ասոյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի 26 հասցեի հողամասի նկատմամբ Կարինե Ոսկանյանի անվամբ 1998 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը` 137,8 քմ հողամասի մասով, վերջինիս և Սամվել Սահակյանի միջև 25.06.1998 թվականին կնքված նո. 5-1614 առուվաճառքի պայմանագիրը` 137,8 քմ հողամասի մասով, Սամվել Սահակյանի անվամբ 29.06.1998 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը` 137,8 քմ հողամասի մասով, Էդուարդ Ասոյանի կողմից զբաղեցված 284,7 քմ շինության և 132,1 քմ հողամասի նկատմամբ ճանաչել վերջինիս սեփականության իրավունքը, Սամվել Սահակյանի հետ ընդհանուր օգտագործվող շինությամբ զբաղեցված 137,8 քմ հողամասի նկատմամբ ճանաչել Էդուարդ Ասոյանի և Սամվել Սահակյանի համատեղ սեփականության իրավունքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սամվել Սահակյանը պահանջել է սեփականության իրավունքով իրեն պատկանող տան վրա առկա ինքնակամ շինություններից վտարել Էդուարդ Ասոյանին և թույլատրել քանդել դրանք:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 23.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.05.2010 թվականի որոշմամբ Սամվել Սահակյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վերաքննիչ բողոքները բավարարվել են` բեկանվել է Դատարանի 23.12.2009 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Էդուարդ Ասոյանը և երրորդ անձ Հասմիկ Ահարոնյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 220-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 136-րդ, 163-րդ, 187-րդ հոդվածները, ՀՀ հողային օրենսգրքի 44-րդ, 45-րդ, 117-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Կադաստրն իրավունքներ գրանցող և ոչ թե տեղեկանքի հիման վրա հող հատկացնող մարմին է: Կադաստրային գործում Կարինե Ոսկանյանի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ առկա չէ, նրան հողամաս չի հատկացվել և հողամասի նկատմամբ սեփականության իրավունք նա երբևէ չի ունեցել: Կադաստրն ապօրինաբար Կարինե Ոսկանյանին, առանց օրենքով սահմանված հիմքի և կարգի, շինության տակ գտնվող հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու իրավունք է վերապահել, տվել է տեղեկանք, որի հիման վրա վերջինս հողամասը վաճառել է Սամվել Սահակյանին: Վիճելի հասցեի շինության տակ գտնվող հողամասը միշտ ընդհանուր օգտագործվող հողամաս էր, հետևաբար այն պետք է ճանաչվի Սամվել Քեշիշյանի իրավահաջորդ Կարինե Ոսկանյանի և Հայկանուշ Ասոյանի իրավահաջորդ Էդուարդ Ասոյանի ընդհանուր համատեղ սեփականությունը: 1953 թվականից հանգուցյալ Հայկանուշ Ասոյանը Գրիգոր Սամվելի Քեշիշյանի, նրա իրավահաջորդներ Սամվել Գրիգորի Քեշիշյանի, Կարինե Ոսկանյանի, իսկ 1998 թվականից Սամվել Սահակյանի հետ միասին հավասարապես բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել և օգտագործել են Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի 26 հասցեի հողամասը:

Ինչ վերաբերում է ինքնակամ շինություններին, ապա դրանք ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման մասին» թիվ 114 որոշմամբ արդեն իսկ ճանաչվել են Հայկանուշ Ասոյանի սեփականությունը` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վերջինիս կողմից օգտագործվող և բնակելի տան սպասարկման համար օգտագործվող հողամասը սեփականության իրավունքով նրան էր պատկանում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 07.05.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 23.12.2009 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1) Հայկական ՍՍՀ Երևան քաղաքի ժողովրդական դեպուտատների Շահումյանի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 26.10.1989 թվականի որոշմամբ թույլատրվել է Կիլիկիա 26 հասցեի պետականացված տունը վաճառել Սամվել Գրիգորի Քեշիշյանին` որպես սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 76):

2) Երևան քաղաքի «Կենտրոն» թաղապետարանի թիվ 2 տեղամասի լիազոր ներկայացուցչի կնիքով հաստատված 04.05.2009 թվականի տեղեկանքի համաձայն` Հայկուշ Ասոյանը 25.05.1953 թվականին գրանցվել ու բնակվել է Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի թիվ 26 տան հասցեում մինչև իր մահը` 04.04.2005 թվականը (հիմք` տնային գիրք Ն-95): Նշվել է, որ Հայկուշ Ասոյանի մահվանից հետո վերոհիշյալ հասցեում շարունակում է գրանցված մնալ ու բնակվել նրա ընտանիքը. որդին` Էդուարդ Ասոյանը, հարսը` Հասմիկ Ահարոնյանը և թոռները` Լիլիթ Էդուարդի Ասոյանն ու Արա Էդուարդի Ասոյանը (հատոր 1-ին, գ.թ. 77):

3) Կադաստրի 30.03.2009 թվականի գրությամբ նշվել է, որ կադաստրային գործի տվյալների համաձայն` Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի թիվ 26 հասցեում գտնվող անշարժ գույքը պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները քաղաքացիներին կանխիկ հաշվարկով վաճառելու մասին պայմանագրի, 26.10.1989 թվականի թիվ 28/171 Երքաղգործկոմի որոշման համաձայն` 1989 թվականին, իսկ հետո 1990 թվականին հաշվառվել է որպես օրինական կառույց Սամվել Քեշիշյանի անվամբ, սակայն հողհատկացման վերաբերյալ որևիցե ամրագրում պայմանագրում կամ որոշման մեջ չկա: Նշվել է, որ Կիլիկիա 1-ին փողոցի թիվ 26 հասցեում գտնվող անշարժ գույքը Ս. Քեշիշյանը պետ. նոտարի 20.03.1990 թվականի թիվ 1077 առուվաճառքի պայմանագրով վաճառել է Կարինե Ոսկանյանին և պետ. նոտարի 25.06.1998 թվականի թիվ 5-1614 առուվաճառքի պայմանագրով Կարինե Ոսկանյանը վաճառել է Սամվել Սահակյանին, որի անվամբ իրավունքների պետական գրանցումը կատարվել է 29.06.1998 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 100):

4) 24.06.1998 թվականի թիվ 01-20/68 արխիվային տեղեկանքի համաձայն` Գրիգոր Քեշիշյանին հատկացվել է 360,0 քմ հողամաս անհատական կարգով բնակարան կառուցելու համար (հատոր 1-ին, գ.թ. 83):

5) 19.11.2008 թվականի գրությամբ նշվել է, որ Կիլիկիա 1-ին փողոցի թիվ 26 հասցեում գտնվող անշարժ գույքը (2-րդ հարկ) հաշվառվել է որպես անօրինական կառույց Հայկանուշ Ասոյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 99):

6) Կադաստրի 10.11.2008 թվականի գրությամբ նշվել է, որ Կիլիկիա 1-ին փողոցի թիվ 26 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 29.06.1998 թվականին կատարվել է իրավունքների պետական գրանցում Սամվել Սահակյանի անվամբ (հիմք` 25.06.1998 թվականի թիվ 5-1614 առուվաճառքի պայմանագիրը) և գրանցվել է 140,9 քմ ընդհանուր մակերես, որից 69,2 քմ բնակելի և գտնվում է 283,8 քմ հողամասի վրա (հատոր 1-ին, գ.թ. 85):

7) Հայաստանի ազգային արխիվի 21.04.2009 թվականի տեղեկանքների համաձայն` Երևանի Շահումյանի շրջխորհրդի գործկոմի 1948-1958 թվականների նիստերի արձանագրություններում տեղեկություն չի հայտնաբերվել Գրիգոր Սամվելի Քեշիշյանին հողամասի հատկացման վերաբերյալ, իսկ 1950-1953 թվականներին` Մկրտիչ Հմայակի Արմավանյանին, Հայկանուշ Ասոյանին և Ռիփսիմե (Ռիփսիկ) Ասոյանին հողամասի հատկացման վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 97, 98):

8) Աշխատավորների դեպուտատների Երքաղսովետի գործադիր կոմիտեի բնակ. տնտեսության վարչությանը կից հաշվետեխնիկական բյուրոյի կողմից 22.06.1973 թվականին տրված տեղեկանքում նշված է, որ Հայկանուշ Բենիամինի Ասոյանի Կիլիկիա 1-ին փողոցի թիվ 26 հասցեում զբաղեցված տունը բաղկացած է բնակելի` 21,1 քմ, օժանդակ` 28,2 քմ և հաշվառման է վերցված` որպես անօրինական կառույց, իսկ հողամասի չափը` 375,0 քմ, որն ընդհանուր է (հատոր 1-ին, գ.թ. 96):

9) Երքաղսովետի գործկոմի բնակտնտեսության վարչությանը կից տեխնիկական հաշվառման բյուրոյի կողմից հաստատված անկետայում Հայկանուշ Բենիամինի Ասոյանի անվամբ բացի բնակելի և այլ օգտագործվող մակերեսներից նշվել է նաև 375 քմ հողամաս, որն ընդհանուր է (հատոր 1-ին, գ.թ. 94):

10) Երքաղսովետի գործկոմի բնակտնտեսության վարչությանը կից տեխնիկական հաշվառման բյուրոյի կողմից հաստատված հատակագծի համաձայն` Կիլիկիա 1-ին փողոցի թիվ 26 հասցեի Հայկանուշ Բենիամինի Ասոյանին պատկանող անշարժ գույքի հատակագծում հողամասը նշված է որպես ընդհանուր` 375 քմ (հատոր 1-ին, գ.թ. 92):

11) Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները քաղաքացիներին կանխիկ հաշվարկով վաճառելու մասին 06.12.1989 թվականի պայմանագրով Շահումյանի շրջանի ժողովրդական դեպուտատների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի բնակ. տնտ. արտ. վարչությունը Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի թիվ 26 տունը համապատասխան մակերեսներով վաճառել է Սամվել Գրիգորի Քեշիշյանին (1-ին հարկ) (հատոր 1-ին, գ.թ. 87):

12) Երևան քաղաքի Շահումյանի շրջանի ժողդատարանի 06.05.1989 թվականի վճռով հաստատված հանգամանք է դիտվել, որ Կիլիկիա 1-ին փողոցի թիվ 261 տունը (2-րդ հարկը) սեփականության իրավունքով պատկանում է Էդուարդ Ասոյանին: Նշվել է, որ Էդուարդ Ասոյանն իր ընտանիքով և Հայկանուշ Ասոյանը բնակվել և բնակվում են Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի թիվ 261 տանը (հատոր 1-ին, գ.թ. 16-18):

13) Տնատիրության կառույցի մակերեսի հաշվարկի վերաբերյալ էջում Կիլիկիա 1-ին փողոցի թիվ 26 հասցեի 375 քմ հողամասը նշված է որպես ընդհանուր հողամաս (հատոր 1-ին, գ.թ. 103):

14) 29.06.1998 թվականի թիվ 013564 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` Կիլիկիա 1-ին փողոցի թիվ 26 հասցեի 140,9 քմ բնակելի տունը և 283,8 քմ հողամասը սեփականության իրավունքով պատկանում են Սամվել Սահակյանին (հատոր 2-րդ, գ.թ. 20-22):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

15.03.1991 թվականից գործող ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի թիվ 26 տունը որպես պետականացված կառույց հաշվառված էր Գրիգոր Սամվելի Քեշիշյանի անվամբ, որից հետո այն անվանափոխվել է վերջինիս որդու` Սամվել Գրիգորի Քեշիշյանի անվամբ, և գործկոմի որոշման ու պայմանագրի հիման վրա այն օրինականացվել և վաճառվել է Սամվել Գրիգորյանին, իսկ վերջինս նշված հասցեի տունը վաճառել է Կարինե Ոսկանյանին, և հողամասի վաճառքի վերաբերյալ որևէ նշում չի եղել: Այնուհետև, Կարինե Ոսկանյանը 24.06.1998 թվականի արխիվային տեղեկանքի ներկայացմամբ սեփականացրել է նշված տան տակ գտնվող հողամասը, որը և առուվաճառքի պայմանագրով տան հետ միասին վաճառել է Սամվել Սահակյանին: Կարինե Ոսկանյանի և Սամվել Սահակյանի` Կիլիկիա 1-ին փողոցի թիվ 26 տան հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար հիմք է հանդիսացել Երևան քաղաքի պետական արխիվի կողմից 24.06.1998 թվականին տրված արխիվային տեղեկանքը, որի համաձայն` 05.07.1958 թվականի նիստի թիվ 13 արձանագրության թիվ 1 կետից պարզվել է, որ գործկոմը որոշել է Շահումյանի ավանի բանվոր-ծառայողներին հատկացնել հողամասեր` անհատական կարգով բնակարաններ կառուցելու համար, այդ թվում` Գրիգոր Քեշիշյանին հատկացվել է 19 կվ. թիվ 27 360 քմ հողամաս` անհատական կարգով բնակարան կառուցելու համար: Հայաստանի ազգային արխիվի 27.03.2009 թվականի տեղեկության համաձայն` Հայկ. ԽՍՀ Երևանի Շահումյանի շրջանային խորհրդի գործկոմի 05.07.1958 թվականի որոշման համաձայն` գործադիր կոմիտեն, հարգելով Շահումյան ավանի բնակիչների դիմումները, անհատական կառուցման համար հատկացրել է հողամաս, որոնց կազմում է ընդգրկվել նաև Գրիգոր Կարապետի Քեշիշյանը (6 մասի 19 կվ. նո. 27, 360 քմ):

Երևան քաղաքի Շահումյանի շրջանի ժողդատարանի 06.05.1989 թվականի վճռով հաստատված հանգամանք է դիտվել, որ Կիլիկիա 1-ին փողոցի թիվ 261 տունը (2-րդ հարկը) սեփականության իրավունքով պատկանում է Էդուարդ Ասոյանին: Նշվել է, որ Էդուարդ Ասոյանն իր ընտանիքով և Հայկանուշ Ասոյանը բնակվել և բնակվում են Կիլիկիա 1-ին փողոցի թիվ 261 տանը:

Սույն գործով Դատարանը գտել է, որ Երևան քաղաքի պետական արխիվի կողմից 24.06.1998 թվականին տրված արխիվային տեղեկանքը, որտեղ նշված է, որ Գրիգոր Քեշիշյանին հատկացվել է 360 քմ հողամաս, սույն գործով վերաբերելի ապացույց չէ, քանի որ գործում առկա այդ և ազգային արխիվի կողմից 27.03.2009 թվականին տրված տեղեկության համեմատության արդյունքում պարզվում է, որ այդ տեղեկանքները վերաբերում են Գրիգոր Կարապետի Քեշիշյանին և ոչ թե Գրիգոր Սամվելի Քեշիշյանին, հետևաբար այդ տեղեկանքները որևէ նշանակություն չունեն վիճելի հասցեի հողամասի կարգավիճակի որոշման հարցում: Արդյունքում Դատարանը բավարարել է հայցը և ճանաչել է ընդհանուր օգտագործվող շինությամբ զբաղեցված 137,8 քմ հողամասի նկատմամբ Էդուարդ Ասոյանի և Սամվել Սահակյանի համատեղ սեփականության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության` պատճառաբանելով, որ դատաքննությամբ պետք է պարզվի, թե գործով ներկայացված ապացույցներում նշված 375 քմ հողամասից որքան մասն է կազմում Սամվել Սահակյանի սեփականությունը, որքանն է պետական սեփականություն և ինչ շինություններով է ծանրաբեռնված:

Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով գործում առկա բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ, գտնում է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ վիճելի հասցեում գտնվող շինությամբ ծանրաբեռնված հողամասը պատկանել է միայն Գրիգոր Սամվելի Քեշիշյանին: Ավելին, գործում առկա բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ Հայկանուշ Բենիամինի Ասոյանը դեռևս 1953 թվականից մինչև իր մահը` 2005 թվականը, գրանցվել ու իր որդու հետ բնակվել է Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի թիվ 26 տան հասցեում գտնվող շինության 2-րդ հարկում և օգտագործում է 375 քմ հողամաս, որն ընդհանուր է, իսկ Երևան քաղաքի Շահումյանի շրջանի ժողդատարանի 06.05.1989 թվականի վճռով հաստատվել է, որ Կիլիկիա 1-ին փողոցի թիվ 261 տունը (2-րդ հարկը) սեփականության իրավունքով պատկանում է Էդուարդ Ասոյանին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 15.03.1991 թվականից գործող ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով վիճելի հասցեի շինությամբ ծանրաբեռնված հողամասի նկատմամբ ծագել է Հայկանուշ Ասոյանի և Գրիգորի Սամվելի Քեշիշյանի իրավահաջորդ Սամվել Գրիգորի Քեշիշյանի համատեղ սեփականության իրավունքը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ այս մասով Դատարանի վճիռը հիմնավոր է:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի փաստարկի` վիճելի հասցեի 132,1 քմ հողամասի նկատմամբ Էդուարդ Ասոյանի սեփականության իրավունքի ճանաչման մասին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով հիմնավոր է Վերաքննիչ դատարանի որոշումը գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ, քանի որ սույն գործի նյութերից պարզ չէ, թե ինչ կարգավիճակ ունի այդ հողը, արդյոք պետական սեփականություն է կամ մտնում է արդյոք ընդհանուր համարվող 375 քմ հողամասի մեջ:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի` վիճելի հասցեում Էդուարդ Ասոյանի կողմից զբաղեցված 284,7 քմ շինության նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը ճանաչելու փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս մասով անհրաժեշտ է գործի նոր քննություն` պարզելու համար նշված շինության կարգավիճակը, քանի որ սույն գործի փաստերից պարզ չէ, թե նշված շինությունն արդյոք ինքնակամ կառույց է, եթե այո, ապա շինության որ մասն է իրենից ներկայացնում ինքնակամ կառույց, և երբ է շինությունը կառուցվել:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին մասնակիորեն օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2010 թվականի որոշման` Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի 26 հասցեում գտնվող տնով ծանրաբեռնված 137,8 քմ հողամասի նկատմամբ Էդուարդ Ասոյանի և Սամվել Սահակյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու, Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի թիվ 26 հասցեի տնով ծանրաբեռնված 137,8 քմ հողամասի մասով 1998 թվականին Կարինե Ոսկանյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, Կարինե Ոսկանյանի և Սամվել Սահակյանի միջև 25.06.1998 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը, Սամվել Սահակյանի անվամբ 29.06.1998 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասերը և այդ մասերով օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.12.2009 թվականի վճռին:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2010 թվականի որոշման` Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի թիվ 26 հասցեում Էդուարդ Ասոյանի կողմից զբաղեցված 284,7 քմ շինության, ինչպես նաև 132,1 քմ հողամասի նկատմամբ Էդուարդ Ասոյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասով գործը նոր քննության ուղարկելու մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.07.2011
N ԵԿԴ/1081/02/09
Որոշում