Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 863-ՐԴ, 873...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 863-ՐԴ, 873-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0098/02/10  

    դատարանի որոշում                                             2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0098/02/10

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Կ. Չիլինգարյան  

                       Ա. Պետրոսյան     

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ապավեն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Երևանշին» ԲԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Ընկերության` բեռը հանձնելու և պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին, և Ընկերության հակընդդեմ հայցի ընդդեմ Կազմակերպության և Ֆեոդոր Աբրահամյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը հանձնելու 30.07.2009 թվականի բեռնարկղերով միջազգային կոմբինացված տրանսպորտային առաքման կազմակերպման մասին թիվ AK/9343 պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) առարկա հանդիսացող 20 ֆուտանոց ստանդարտ բեռնարկղով սարքավորումները (այսուհետ` Բեռ), ինչպես նաև Ընկերությունից բռնագանձել 9.185.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից և Ֆեոդոր Աբրահամյանից համապարտության կարգով բռնագանձել 7.533.179 ՀՀ դրամ` որպես Պայմանագրով սահմանված լրացուցիչ ծախսերի գումար, 368.550 ՀՀ դրամ` որպես MEDՍ 132506-6 բեռնարկղի պարապուրդի գումար, 163.470 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և 780.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանին վճարված վարձ:

Գործի քննության ընթացքում Կազմակերպությունը բեռը հանձնելու պահանջի մասով հայցից հրաժարվել է:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 22.09.2010 թվականի վճռով պատճառված վնասը հատուցելու պահանջի մասով հայցը մերժվել է, իսկ բեռը հանձնելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է: Հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է Կազմակերպությունից և Ֆեոդոր Աբրահամյանից հօգուտ Ընկերության համապարտության կարգով բռնագանձել 8.839.763,58 ՀՀ դրամ, որից 7.533.179 ՀՀ դրամը` որպես Պայմանագրով նախատեսված լրացուցիչ ծախսերի գումար, 368.550 ՀՀ դրամը` որպես MEDՍ 132506-6 բեռնարկղի պարապուրդի ծախսի գումար, 780.000 ՀՀ դրամը` որպես փաստաբանին վճարված գումար և 158.034,58 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Մնացած մասով հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.12.2010 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 22.09.2010 թվականի վճիռը բեկանվել է` հայցի մասով գործն ուղարկվել է նոր քննության, իսկ հակընդդեմ հայցի մասով վճիռը փոփոխվել է` հակընդդեմ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետը, ինչը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և 13-րդ հոդվածի պահանջների խախտմանը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չէր կարող ամբողջությամբ բեկանել Դատարանի վճիռը, քանի որ այն վերաբերել է նաև Ֆեոդոր Աբրահամյանին, ով օրենքով սահմանված կարգով և ժամկետում վերաքննիչ բողոք չի ներկայացրել: Ավելին, Վերաքննիչ դատարանը Կազմակերպության վերաքննիչ բողոքը քննել է այն հիմքերով և հիմնավորումներով, որոնք վերջինս Դատարանում չի հայտնել: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1048-րդ, 1049-րդ, 1051-րդ հոդվածների վերաբերյալ Կազմակերպությունը Դատարանում որևէ դիրքորոշում չի հայտնել, իսկ վերաքննիչ բողոքում չի ներկայացրել հիմնավորում այն մասին, որ զրկված էր Դատարանում նշված նորմերի կիրառման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Հետևաբար, այդ մասով վերաքննիչ բողոքը չէր կարող քննվել:

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 863-րդ, 873-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ, 1284-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կազմակերպությունը, որպես կապալառու, ժամանակին կատարել է բոլոր շինարարական աշխատանքները, շենքը պատշաճ կերպով հանձնել է պատվիրատուին, որի դիմաց վճարում է ստացել, իսկ պահակները Կազմակերպության հիմնական աշխատողներն են, որոնց աշխատավարձի վճարումը գործատուի պարտականությունն է: Նման իրադրությունում պարզ չէ Ընկերության հակաիրավական մեղավոր արարքը, որով Կազմակերպությանը վնաս է պատճառվել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի հիմնավորել, թե ինչումն է դրսևորվել Ընկերության կողմից Պայմանագրի խախտումը: Մասնավորապես` Պայմանագրի 4.3-րդ կետից բխում է, որ կողմերի համաձայնությամբ սահմանված 45-օրյա ժամկետը բացի այն, որ մոտավոր ժամկետ է, այլ նաև չունի պարտադիր բնույթ:

3) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1048-րդ, 1049-րդ, 1051-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 871-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կողմերի միջև ծագած հարաբերությունները պայմանագրային իրավահարաբերություններ են, որոնք ծագել են Պայմանագրի հիման վրա, որի 3-րդ բաժնի համաձայն` բոլոր այն ծախսերը, որոնք հնարավոր չէ կանխատեսել սույն պայմանագրի շրջանակներում, առաքողի կողմից ներկայացվում են պատվիրատուի վճարմանը լրացուցիչ և առանձին հաշիվներով: Հետևաբար, առանց հանձնարարության ի շահ ուրիշի գործողություններ կատարելուց` որպես միակողմ գործարքից բխող հարաբերությունները կարգավորող նորմերը կիրառելի չեն պայմանագրային հարաբերությունների նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.12.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 22.09.2010 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Պայմանագրի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է կազմակերպել Բեռի առաքումը Գդինիա քաղաքից (Լեհաստան) մինչև Երևան քաղաք (Հայաստան), իսկ Կազմակերպությունը պարտավորվել է համաձայն Ընկերության ներկայացրած հաշվի Բեռը Փոթի նավահանգիստ ժամանելուն պես վճարել առաքման վարձը: Պայմանագրի 3.2-րդ կետի համաձայն` վճարումը չապահովելու դեպքում առաքողն իրավունք ունի չհանձնել բեռը պատվիրատուին և բեռնարկղի պահպանման և բոլոր այլ լրացուցիչ ծախսերը կներկայացվեն պատվիրատուի վճարմանը: Պայմանագրի 3.4-րդ կետի համաձայն` բոլոր այն ծախսերը, որոնք հնարավոր չէ կանխատեսել նույն պայմանագրի շրջանակներում, առաքողի կողմից ներկայացվում են պատվիրատուի վճարմանը լրացուցիչ և առանձին հաշիվներով, իսկ 4.3-րդ կետի համաձայն` բարձման նավահանգստից բեռնարկղի դուրս գալուց հետո առաքման ժամկետը կազմում է մոտավորապես 45 օր (ոչ պարտադիր) (հատոր 1-ին, գ.թ. 6-7):

2) 25.08.2009 թվականի թիվ MSCՍR0180522 ապրանքագրի համաձայն` Ընկերությունը բեռնափոխադրման հայտ է ներկայացրել «Միջերկրածովյան փոխադրման ընկերություն» Ս.Ա.-ին («ՄԵԴԻԹԵՐԱՆԻԱՆ ՇԻՓԻՆԳ ՔԱՄՓԸՆԻ»)` վերջինիս գործակալ «Դելտա Նովել» ՍՊԸ-ի միջոցով փոխադրում իրականացնելու համար և կնքել փոխադրման պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 88-109):

3) Գործում առկա նամակների համաձայն` «Միջերկրածովյան փոխադրման ընկերություն» Ս.Ա.-ի կողմից հայտարարվել է բեռնափոխադրող նավի «Ընդհանուր վթար»-ի մասին, իսկ նշված ընկերության գործակալ «Դելտա Նովել» ՍՊԸ-ն 24.09.2009 թվականին Ընկերությանը տեղեկացրել է ընդհանուր վթարի հայտարարագրման մասին (հատոր 1-ին, գ.թ. 63-67):

4) 16.11.2009 թվականի թիվ 30 գրության համաձայն` Կազմակերպության «Գյումրի» մասնաճյուղի տնօրենը դիմել է Ընկերության գործադիր տնօրենին Բեռի ուշացման պատճառները պարզաբանելու պահանջով` հայտնելով, որ նույն թվականի սեպտեմբեր ամսվա վերջին Ընկերության կողմից բանավոր տեղեկացվել է բեռնափոխադրող նավի վթարման մասին (հատոր 1-ին, գ.թ. 16):

5) Ընկերության գործադիր տնօրենի 17.11.2009 թվականի թիվ ԱՊ-1397 գրությամբ Կազմակերպությանը հայտնվել է, որ կազմակերպված փրկարարական աշխատանքների արդյունքում կանխվել է բեռնափոխադրող նավի խորտակումը և փրկվել է բեռի մեծ մասը, այդ թվում` Կազմակերպության բեռնարկղը, որը բեռնաթափվել է Ռոտերդամ նավահանգստում, որտեղից Փոթի նավահանգիստ տեղափոխելու համար պետք է օգտագործել այլ նավ և վճարել ծովային ֆրախտ: Առաջարկվել է կազմակերպել վճարումը, որպեսզի թույլ տրվի բեռնարկղի հետագա շարժը (հատոր 1-ին, գ.թ. 17-18):

6) Կազմակերպության «Գյումրի» մասնաճյուղի տնօրենի 23.11.2009 թվականի թիվ 31 գրության համաձայն` վերջինս դիմել է ՀՀ ԱՆ «Դատաիրավական Բարեփոխումների Ծրագրի Իրականացման Գրասենյակ» պետական հիմնարկին և պատճառաբանելով, որ առանց օդափոխության սարքավորումների տեղադրման հնարավոր չէ իրականացնել ներքին հարդարման աշխատանքները, իսկ բեռնափոխադրող նավը վթարվել է` առաջարկել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակ քաղաքի նստավայրի նոր շենքի շինարարական աշխատանքները երեք ամսով (2009 թվականի դեկտեմբեր, 2010 թվականի հունվար, փետրվար) դադարեցնել, որին 30.11.2009 թվականի թիվ 01/058 գրությամբ համաձայնություն է տրվել (հատոր 1-ին, գ.թ. 19-20):

7) Կազմակերպության «Գյումրի» մասնաճյուղի տնօրենի 30.11.2009 թվականի թիվ 32 գրությամբ Ընկերությանը հայտնվել է, որ անհիմն է լրացուցիչ վճարումներ կատարելու պահանջը, միաժամանակ խնդրվել է տեղեկացնել Բեռը Հայաստանի Հանրապետություն առաքելու առավելագույն ժամկետի մասին (հատոր 1-ին, գ.թ. 21-23):

8) Ընկերության գործադիր տնօրենի 10.12.2009 թվականի թիվ ԱՊ-1558 գրությամբ հայտնվել է Բեռը Փոթի նավահանգիստ հասնելուն պես Կազմակերպությանը հաշիվներ ներկայացնելու մտադրության, ինչպես նաև Բեռը Հայաստանի Հանրապետություն առաքելու ժամկետների մասին (հատոր 1-ին, գ.թ. 24):

9) 15.01.2010 թվականի թիվ 155 և թիվ 156 հաշիվների, Ընկերության գործադիր տնօրենի 22.01.2010 թվականի F/10-008 գրության համաձայն` Կազմակերպությանը հայտնվել է, որ առաքման կազմակերպման ընթացքում առաջացել են 7.533.179 ՀՀ դրամի չափով լրացուցիչ ծախսեր, որոնք Պայմանագրի 3.2-րդ կետի համաձայն` ենթակա են վճարման մինչև Բեռը պատվիրատուին հանձնելը: Խնդրվել է իրականացնել վճարումը (հատոր 1-ին, գ.թ. 25, 110-111):

10) Կազմակերպության «Գյումրի» մասնաճյուղի տնօրենի 25.01.2010 թվականի թիվ 14 գրությամբ հայտնվել է, որ լրացուցիչ ծախսերի գումարը ողջամիտ չեն և Ընկերությունը պարտավոր չէ դրանք փոխհատուցել (հատոր 1-ին, գ.թ. 26):

11) 10.03.2010 թվականի ակտի համաձայն` MEDՍ 132506-6 բեռնարկղն Ընկերության մաքսային տերմինալի տարածք է ժամանել 20.01.2010 թվականին, իսկ Կազմակերպությունը Բեռը ստացել է 10.03.2010 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 56):

12) Սույն գործով Ֆեոդոր Աբրահամյանը Դատարանի 22.09.2010 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացրել, իսկ Կազմակերպությունը Դատարանում որևէ դիրքորոշում չի հայտնել Ընկերության գործողություններն առանց հանձնարարության ի շահ ուրիշի կատարված լինելու և այդ իրավահարաբերությունը կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1048-րդ, 1049-րդ, 1051-րդ հոդվածների կիրառելիության վերաբերյալ: Ընդ որում, վերաքննիչ բողոքում չի ներկայացրել որևէ հիմնավորում այն մասին, որ զրկված էր Դատարանում նշված հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Սույն գործով Դատարանը հակընդդեմ հայցը բավարարելիս Պայմանագրի 3.4-րդ կետի վերլուծության հիման վրա արձանագրել է, որ Կազմակերպությունը կրում է բեռնափոխադրման լրացուցիչ ծախսերը, որն Ընկերությունը կատարել է իր պայմանագրային պարտավորություններն իրականացնելու նպատակով, հատուցելու պարտականություն:

Վերաքննիչ դատարանը հակընդդեմ հայցի մասով Դատարանի վճիռը բեկանելու և հակընդդեմ հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Բեռը փրկելուն ուղղված գործողությունները հանդիսանում են ի շահ Կազմակերպության և առանց վերջինիս համաձայնության կատարված գործողություններ, որպիսի հանգամանքը բացառում է բեռնարկղի փրկման և պահպանման ծախսը` որպես Պայմանագրով նախատեսված լրացուցիչ ծախսի գումար Կազմակերպությունից բռնագանձելու հնարավորությունը:

Սույն գործի նյութերի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ֆեոդոր Աբրահամյանը Դատարանի 22.09.2010 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացրել, իսկ Կազմակերպությունը վերաքննիչ բողոքում վկայակոչված Ընկերության գործողություններն առանց հանձնարարության ի շահ ուրիշի կատարված լինելու և այդ իրավահարաբերությունը կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1048-րդ, 1049-րդ, 1051-րդ հոդվածների կիրառելիության վերաբերյալ փաստարկը Դատարանում չի հայտնել: Ընդ որում, վերաքննիչ բողոքում չի ներկայացրել որևէ հիմնավորում այն մասին, որ կողմը զրկված էր Դատարանում նշված հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի` Ընկերության գործողություններն առանց հանձնարարության ի շահ ուրիշի կատարված լինելուն և այդ իրավահարաբերությունը կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1048-րդ, 1049-րդ, 1051-րդ հոդվածների կիրառելիությանը վերաբերող մասը Վերաքննիչ դատարանի կողմից չէր կարող քննության առարկա դառնալ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը Կազմակերպության վերաքննիչ բողոքի հիման վրա Դատարանի վճիռն ամբողջությամբ բեկանել է, մինչդեռ նշված վճիռը վերաբերել է նաև Ֆեոդոր Աբրահամյանի իրավունքներին ու պարտականություններին, իսկ վերջինս Դատարանի 22.09.2010 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացրել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը կարող էր վերանայել միայն Դատարանի դատական ակտի` Կազմակերպությանը վերաբերող մասը, հետևաբար, Վերաքննիչ դատարանն իրավասու չէր ամբողջությամբ բեկանել Դատարանի վճիռը:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 863-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխադրման պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում կողմերը կրում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ սահմանված պատասխանատվություն:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` փոխադրողի` օրենքով սահմանված պատասխանատվությունը սահմանափակելու կամ վերացնելու մասին ուղևորների և բեռնատերերի հետ տրանսպորտային կազմակերպությունների համաձայնություններն անվավեր են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 873-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տրանսպորտային առաքման պայմանագրով` պարտականությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար առաքողը պատասխանատվություն է կրում նույն օրենսգրքի 26-րդ գլխի կանոններով նախատեսված հիմքերով և չափով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե առաքողն ապացուցում է, որ պարտավորությունը խախտվել է փոխադրման պայմանագրերն անպատշաճ կատարելու հետևանքով, ապա առաքողի պատասխանատվությունը հաճախորդի առջև որոշվում է նույն կանոններով, որոնցով համապատասխան փոխադրողը պատասխանատու է առաքողի առջև:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ գլխի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 409-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունը խախտած անձը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառված վնասները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասները որոշվում են նույն օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ սույն օրենքով կամ պայմանագրով:

i

Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տեԲս ըստ հայցի Նատալյա Հակոբյանի ընդդեմ Վարդան Հայրապետյանի` վնասի հատուցման պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ՀՔԴ3/0016/02/08 որոշումը):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է նաև դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տեԲս ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54 (ՎԴ) որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Պայմանագրով Ընկերությունը պարտավորվել է կազմակերպել Բեռի առաքումը Գդինիա քաղաքից (Լեհաստան) մինչև Երևան քաղաք (Հայաստան), իսկ Կազմակերպությունը պարտավորվել է համաձայն Ընկերության ներկայացրած հաշվի Բեռը Փոթի նավահանգիստ ժամանելուն պես վճարել առաքման վարձը: Պայմանագրի 4.3-րդ կետի համաձայն` բարձման նավահանգստից բեռնարկղի դուրս գալուց հետո առաքման ժամկետը կազմում է մոտավորապես 45 օր (ոչ պարտադիր):

Սույն գործով հայցի առարկան Ընկերության կողմից Բեռն ուշ տեղ հասցնելու հետևանքով Կազմակերպությանը պատճառված վնասի հատուցման պահանջն է:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստն Ընկերության գործողությունների հետևանքով Կազմակերպությանը վնաս պատճառելու հանգամանքն է: Այսինքն` սույն գործով պետք է պարզվեր այն հանգամանքը, թե Ընկերության կողմից Բեռն ուշ տեղ հասցնելու հետևանքով Կազմակերպությունը վնաս կրել է, թե` ոչ: Նշված փաստը պարզելուց հետո միայն կարող էր քննարկման առարկա դառնալ վնասի հատուցման համար պարտադիր մյուս պայմանների` իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի առկայությունը:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն առանց պարզելու Կազմակերպության մոտ վնասի առկայության փաստը, իրավաչափ է համարել Ընկերության կողմից պարտավորությունը կետանցով կատարելու հետևանքով առաջացած վնասի հատուցման պահանջը: Այսինքն` սույն գործով վնասի առկայության փաստը պարզված չլինելու պայմաններում Վերաքննիչ դատարանն անդրադարձել է պարտապանի պատասխանատվության հարցին, ինչը չի բխում վնասի հատուցման պահանջի վերաբերյալ գործի համար նշանակություն ունեցող պարտադիր պայմանները պարզելու տրամաբանությունից:

3) Սույն որոշման առաջին հիմքում նշված պատճառաբանության հիման վրա վճռաբեկ բողոքի երրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին և երկրորդ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հակընդդեմ հայցի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին մասնակիորեն օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2010 թվականի որոշման` հակընդդեմ հայցը մերժելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.09.2010 թվականի վճռին: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով:

2. «Երևանշին» ԲԲԸ-ից հօգուտ «Ապավեն» ՍՊԸ-ի բռնագանձել 260.452 (երկու հարյուր վաթսուն հազար չորս հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցի մասով վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար, իսկ հայցի մասով պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.07.2011
N ԵԱԴԴ/0098/02/10
Որոշում