Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 128-ՐԴ, 131-ՐԴ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 128-ՐԴ, 131-ՐԴ, 132-ՐԴ ՀՈԴՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ Վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ/0927/05/10

    Վարչական գործ թիվ ՎԴ/0927/05/10                                2011 թ.

Նախագահող դատավոր` Ռ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 08.07.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Գևորգ Աղրյանի ընդդեմ Կոմիտեի, երրորդ անձինք «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի, «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի` Կոմիտեի 05.03.2010 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն առոչինչ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գևորգ Աղրյանը պահանջել է առոչինչ ճանաչել Կոմիտեի 05.03.2010 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 08.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գևորգ Աղրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ժ» և «ժա» կետերը, ՀՀ մաքսային վարչության պետի 12.06.1998 թվականի թիվ 78-ՄՎՐ հրամանը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ, 131-րդ, 132-րդ հոդվածները, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ 10.02.2010 թվականի թիվ C-2345 բեռնամաքսային հայտարարագիրն անմիջականորեն լրացվել և մաքսային մարմին է ներկայացվել Գևորգ Աղրյանի կողմից: Սույն գործով միայն Գևորգ Աղրյանը կարող էր հայտարարագրել «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի անվամբ ստացված բեռը, միայն նա իրավունք ուներ զննել և չափել մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները, որի արդյունքում կհայտնաբերվեր փաստացի ներմուծված ապրանքի և փաստաթղթերի միջև առկա անհամապատասխանությունը և կկանխվեր մաքսային կանոնների խախտումը:

Բացի այդ, 30.12.2009 թվականի թիվ AA-296 լիազորագրով «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն լիազորել է Գևորգ Աղրյանին Կոմիտեում կատարել ցանկացած տեսակի գործողություն, այդ թվում և մաքսային ձևակերպումները, իսկ հայտարարագրումը մաքսային ձևակերպման փուլերից է: Այսինքն` Գևորգ Աղրյանը, լիազորված լինելով կատարելու մաքսային ձևակերպումներ, այդ թվում` ներկայացնելու հայտարարագիր, ՀՀ մաքսային օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի ուժով հանդես է եկել որպես հայտարարատու, ստանձնել է հայտարարատուի իրավունքներն ու պարտականությունները, ներառյալ` նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված ապրանքների հայտարարագրում իրականացնելու պարտականությունը, որի ոչ պատշաճ կատարումը հանգեցրել է նույն օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 08.07.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները

ՀՀ մաքսային օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասում նշված է, որ որպես հայտարարատու կարող է հանդես գալ ապրանքներ տեղափոխողը կամ նրա լիազորված անձը: Տվյալ դեպքում ապրանքներ տեղափոխողը «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ն է, «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն ապրանքներ տեղափոխող չէ, իսկ վերջինիս լիազորված անձը Գևորգ Աղրյանն է: Այսինքն` Գևորգ Աղրյանը ոչ մի կերպ չի կարող դիտվել որպես հայտարարատու:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի և «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի միջև 01.12.2009 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն պարտավորվել է կատարել «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի ապրանքների մաքսազերծման հետ կապված անհրաժեշտ գործողությունները` ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսազերծումը (գ.թ. 32-38):

2) 30.12.2009 թվականի թիվ AA-296 լիազորագրի համաձայն` «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն լիազորել է Գևորգ Աղրյանին ներկայացնելու ընկերությանը Կոմիտեում և մաքսային կետերում, ընկերության անունից կատարելու վճարումներ, ինչպես նաև ցանկացած տեսակի ձևակերպումներ (գ.թ. 31):

3) Կոմիտեի 05.03.2010 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման համաձայն` «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի լիազոր անձ Գևորգ Աղրյանը «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի անվամբ 28.01.2010 թվականի թիվ 9209057189 հաշիվ-ապրանքագրով, 04.02.2010 թվականի թիվ 730-46000205 ավիաբեռնագրով Շվեդիայից ՀՀ ներմուծված և 11.02.2010 թվականին «Զվարթնոց» մաքսատանը թիվ C-2345 բեռնամաքսային հայտարարագրով հայտարարագրված ԱՏԳ ԱԱ 85442000 ծածկագրի տակ դասվող, 4.078,3 կգ նետտո քաշով կոաքսիլային մալուխից 3.822,25 կգ-ը ԲՄՀ-ի թիվ 1 ապրանքային դիրքում հայտարարագրել է ոչ իր անվանմամբ և ԱՏԳ ԱԱ սխալ ծածկագրով` որպես ԱՏԳ ԱԱ 85176100 ծածկագրի տակ դասվող կոմունիկացիոն համակարգ լրակազմ:

Նշված իրավախախտման համար Գևորգ Աղրյանը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով և տուգանվել 3.822,25 կգ նետտո քաշով կոաքսիլային մալուխի մաքսային արժեքի չափով` 11.256.526 ՀՀ դրամ (գ.թ. 7-9):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը, այսինքն` դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելը, ինչպես նաև հայտարարագրումը ոչ իրենց անվանմամբ` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում, առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ժա» կետի համաձայն` հայտարարատու է համարվում ապրանքներ տեղափոխող կամ մաքսային բրոքեր (միջնորդ) հանդիսացող անձը, որը մաքսային մարմիններում հայտարարագրում և ներկայացնում է ապրանքները և տրանսպորտային միջոցները:

ՀՀ մաքսային օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որպես հայտարարատու կարող է հանդես գալ ապրանքներ տեղափոխող անձը կամ նրա կողմից լիազորված անձը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայտարարատուն նույն օրենսգրքի համաձայն կրում է պատասխանատվություն` հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար:

Նշված դրույթների վերլուծությունից հետևում է, որ հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար պատասխանատվություն է կրում հայտարարատուն, որպիսին համարվում է ապրանքներ տեղափոխող կամ մաքսային բրոքեր (միջնորդ) հանդիսացող անձը, կամ ապրանքներ տեղափոխող անձի լիազորված անձը:

Սույն գործով հայցը բավարարելիս Դատարանը պատճառաբանել է, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածով սահմանված իրավունքները և պարտականությունները վերաբերում են բացառապես հայտարարատուին և ոչ թե հայտարարատուի լիազոր անձին: Հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար պատասխանատվությունը ՀՀ մաքսային օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով կրում է հայտարարատուն: Հետևաբար, ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության սուբյեկտն օրենսդիրն արդեն իսկ որոշել է, որը, նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, հանդիսանում է հայտարարատուն: Գևորգ Աղրյանը ՀՀ մաքսային օրենսգրքի իմաստով հայտարարատու չի հանդիսացել: Վերջինս ընդամենը հանդիսացել է հայտարարատու «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի լիազորված անձը: Արդյունքում Դատարանը գտել է, որ վարչական ակտով Գևորգ Աղրյանի վրա դրվել է այնպիսի պարտականություն, որը կարող էր դրվել ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված իրենց պարտականությունները չկատարած միայն որոշակի սուբյեկտների վրա, մինչդեռ այդ սուբյեկտների մեջ հայտարարատուի լիազորված անձը չի մտնում:

Սույն գործի փաստերի համաձայն` «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի և «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի միջև 01.12.2009 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն պարտավորվել է կատարել «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի ապրանքների մաքսազերծման հետ կապված անհրաժեշտ գործողությունները` ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսազերծումը, իսկ 30.12.2009 թվականի թիվ AA-296 լիազորագրի համաձայն` «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն լիազորել է Գևորգ Աղրյանին ներկայացնելու ընկերությանը Կոմիտեում և մաքսային կետերում, ընկերության անունից կատարելու վճարումներ, ինչպես նաև ցանկացած տեսակի ձևակերպումներ: Կոմիտեի 05.03.2010 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման համաձայն` «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի լիազոր անձ Գևորգ Աղրյանը «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի անվամբ 28.01.2010 թվականի թիվ 9209057189 հաշիվ-ապրանքագրով, 04.02.2010 թվականի թիվ 730-46000205 ավիաբեռնագրով Շվեդիայից ՀՀ ներմուծված և 11.02.2010 թվականին «Զվարթնոց» մաքսատանը թիվ C-2345 բեռնամաքսային հայտարարագրով հայտարարագրված ԱՏԳ ԱԱ 85442000 ծածկագրի տակ դասվող, 4.078,3 կգ նետտո քաշով կոաքսիլային մալուխից 3.822,25 կգ-ը ԲՄՀ-ի թիվ 1 ապրանքային դիրքում հայտարարագրել է ոչ իր անվանմամբ և ԱՏԳ ԱԱ սխալ ծածկագրով` որպես ԱՏԳ ԱԱ 85176100 ծածկագրի տակ դասվող կոմունիկացիոն համակարգ լրակազմ, որի համար ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով և տուգանվել 3.822,25 կգ նետտո քաշով կոաքսիլային մալուխի մաքսային արժեքի չափով` 11.256.526 ՀՀ դրամ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ապրանքներ տեղափոխողը «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ն է, որը ներմուծած և արտահանած ապրանքների մաքսազերծման հետ կապված անհրաժեշտ գործողությունների կատարման համար լիազորել է «Էյր Արմենիա» ՓԲԸ-ին, իսկ Գևորգ Աղրյանը «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի լիազորված անձն է: Այսինքն` Գևորգ Աղրյանը «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի լիազորված անձը չէ, հետևաբար ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ժա» կետի և 131-րդ հոդվածի 1-ին մասի ուժով չի կարող համարվել հայտարարատու, այսինքն` պատասխանատվություն չի կարող կրել հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի դ) կետի համաձայն` առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալները. ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գևորգ Աղրյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության սուբյեկտ չէ, այսինքն` նրա վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, հետևաբար Կոմիտեի 05.03.2010 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն առ ոչինչ վարչական ակտ է:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը կայացրել է ըստ էության ճիշտ դատական ակտ, հետևաբար տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի թերի պատճառաբանված դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական դատարանի 08.07.2010 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.07.2011
N ՎԴ/0927/05/10
Որոշում