Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/3645/05/09

    դատարանի որոշում                                               2011 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3645/05/09

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Ա. Աբովյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կառլոս, Սարգիս, Ջուլիետտա, Իդա Գրիգորյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.04.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կառլոս, Սարգիս, Ջուլիետտա, Իդա Գրիգորյանների ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և Գայանե Պետրոսյանի` Երևանի քաղաքապետի 16.02.2007 թվականի թիվ 301-Ա որոշումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կառլոս, Սարգիս, Ջուլիետտա, Իդա Գրիգորյանները պահանջել են մասնակի` Երևանի Չկալովի թիվ 40 տունը և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը սեփականության իրավունքով Գայանե Պետրոսյանին տրամադրելու մասով, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 16.02.2007 թվականի թիվ 301-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Մաթևոսյան) (այսուհետ` Դատարան) 28.10.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.04.2011 թվականի որոշմամբ Գայանե Պետրոսյանի և Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները բավարարվել են` Դատարանի 28.10.2010 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Կառլոս, Սարգիս, Ջուլիետտա, Իդա Գրիգորյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գայանե Պետրոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, մասնավորապես` հաշվի չի առել, որ Երևանի Չկալովի թիվ 40 տունը բողոք բերած անձանց անվամբ հաշվառված լինելու պայմաններում Երևանի քաղաքապետը վերջիններիս չի ծանուցել վարչական վարույթի մասին, ինչի հետևանքով նրանք չեն մասնակցել վարույթին և զրկվել են իրենց իրավունքները լիարժեք պաշտպանելու հնարավորությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 13.04.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.10.2010 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Քաղաքապետարանը պարտավոր չէր հայցվորներին հրավիրել հարուցված վարչական վարույթին, քանի որ Իդա և Կառլոս Գրիգորյաննները վիճելի հասցեից դուրս են եկել համապատասխանաբար 1963 և 1976 թվականներին, իսկ Սարգիս և Ջուլիետտա Գրիգորյաննները` 1989 թվականին և որևէ առնչություն չունեն այդ հասցեի հետ: Ընդ որում, վերահաշվառման արդյունքում տրված 07.06.1989 թվականի նոր տեխնիկական անձնագիրը կեղծիքի արդյունք է, իսկ հայցվորները չեն դիմել համապատասխան մարմիններին` նշված տեխնիկական անձնագիրը պետական գրանցման ենթարկելու համար: Ավելին, վիճելի տարածքը 1989 թվականին իրացվել է, հայցվորների սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարեցվել է, իսկ տարածքը գտնվել է Քաղաքապետարանի իրավասության տակ: Հետևաբար, Երևանի քաղաքապետի որոշումը բխում է օրենքի պահանջներից, և այն անվավեր ճանաչելու հիմք չկա:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հայկական ՍՍՀ ժողովրդական դեպուտատների Երևան քաղաքի Սպանդարյանի շրջանի բնակարանային տնտեսության արտադրական վարչության 02.06.1989 թվականի` հաշվետեխնիկական բյուրոյին ներկայացնելու համար տրված տեղեկանքի համաձայն` Երևանի Չկալովի թիվ 40 տան հասցեն պետական տների ցուցակում առկա չէ /գույքային թերթ 9-114, հատակագիծ 40/ (հատոր 2-րդ, գ.թ. 40):

2) 07.06.1989 թվականի անհատական բնակարանային ֆոնդի բնակելի տան տեխնիկական անձնագրի համաձայն` Երևանի Չկալովի թիվ 40 հասցեում գտնվող անշարժ գույքը հաշվառվել է Սիրվարդ, Կառլոս, Սարգիս, Ջուլիետտա և Իդա Գրիգորյանների անվամբ` յուրաքանչյուրին 1/5 բաժնով (հատոր 2-րդ, գ.թ. 44-45):

3) Երևանի քաղաքապետի 09.11.2005 թվականի «Երևան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչների մի մասի հողօգտագործման իրավունքի ձևակերպման մասին» թիվ 2391-Ա որոշման 1-ին կետով նախատեսվել է. «Սույն որոշման հավելվածում նշված քաղաքացիներին կամ նրանց օրինական ժառանգներին ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքով տրամադրել հավելվածում նշված հասցեներում գտնվող բնակելի տների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը (հատոր 2-րդ, գ.թ. 6):

4) Երևանի քաղաքապետի 16.02.2007 թվականի «Երևանի քաղաքապետի 2005 թվականի նոյեմբերի 9-ի հ. 2391-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 301-Ա որոշման 1-ին կետով սահմանվել է. «Երևան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչների մի մասի հողօգտագործման իրավունքի ձևակերպման մասին» Երևանի քաղաքապետի 09.11.2005թ. հ. 2391-Ա որոշման հավելվածը լրացնել 486-499 կետերով, համաձայն սույն որոշման հավելվածի»: Որոշման հավելվածի 499-րդ կետով Գայանե Պետրոսյանին սեփականության իրավունքով տրամադրվել է Երևանի Չկալովի թիվ 40 հասցեում գտնվող 0,0170 հա հողամասը և 79,10 քմ մակերեսով շինությունը (հատոր 2-րդ, գ.թ. 23-25):

5) Սույն գործում առկա չէ որևէ ապացույց Կառլոս, Սարգիս, Ջուլիետտա և Իդա Գրիգորյաններին Երևանի Չկալովի թիվ 40 հասցեում գտնվող անշարժ գույքը Գայանե Պետրոսյանին սեփականության իրավունքով տրամադրելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի 16.02.2007 թվականի թիվ 301-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթին մասնակից դարձնելու և նրանց վարույթի մասին ծանուցելու վերաբերյալ:

6) Սույն գործում առկա չէ որևէ ապացույց 07.06.1989 թվականի անհատական բնակարանային ֆոնդի բնակելի տան տեխնիկական անձնագիրն անվավեր կամ առոչինչ ճանաչված լինելու մասին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներն են երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված վարույթի մասնակիցները վարչական վարույթում ներգրավվում են իրենց դիմումի համաձայն կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ:

i

Նույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց, անհրաժեշտության դեպքում` նաև վկային, փորձագետին, թարգմանչին և այլ մարմինների ներկայացուցիչներին, վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին:

Նույն օրենքի 37-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

Նույն օրենքի 38-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելու վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել վարույթին մասնակցող անձի` լսված լինելու իրավունքը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը: Այս եզրահանգումը բխում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներից (տե՛ս ըստ հայցի ՀՀ աշխատանքի պետական տեսչության ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի` պատասխանողին գործողություններ կատարելուն պարտավորեցնելու և պարտավոր անձի նկատմամբ տուգանք նշանակելու պահանջների մասին, և Ընկերության և Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի հակընդդեմ հայցի` ՀՀ աշխատանքի պետական տեսչության 15.10.2007 թվականի թիվ 15-Ա որոշումն անվավեր ճանաչելու և այն վերացնելու պահանջների մասին վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ/0016/05/08 որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը հայցվորների անվամբ հաշվառված լինելու պայմաններում այդ անշարժ գույքը Գայանե Պետրոսյանի անվամբ օրինականացնելու վերաբերյալ ընդունվելիք վարչական ակտով շոշափվել են նաև վերջիններիս իրավունքները և օրինական շահերը, մինչդեռ նրանք չեն ծանուցվել հարուցված վարչական վարույթի մասին:

Վերաքննիչ դատարանը Դատարանի դատական ակտը բեկանելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցվորներին վարչական վարույթին մասնակից չդարձնելը հայցվորների որևէ իրավունքը չի սահմանափակել, քանի որ վարչական վարույթի լսումները նպատակ են ունեցել պարզելու գույքային միավորների փաստացի օգտագործողներին և փաստացի զբաղեցված հողամասի և շինությունների մակերեսները: Մինչդեռ, հայցվորները նշված հասցեում չեն բնակվել և գույքի փաստացի օգտագործողներ չեն հանդիսացել, ավելին, նրանք հասցեի գույքի իրացման արդյունքում ստացել են նոր բնակարաններ, ինչից հետևում է, որ իրացված տարածքը գտնվել է Քաղաքապետարանի տնօրինման ներքո: Ընդ որում, սույն գործով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ տվյալ հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանել է հայցվորներին, և վիճարկվող որոշմամբ նրանց գույքային որևէ իրավունք է ոտնահարվել:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Չկալովի թիվ 40 հասցեում գտնվող անշարժ գույքը 1989 թվականի հունիս ամսվա դրությամբ պետական տների ցուցակում առկա չի եղել և հաշվառվել է Սիրվարդ, Կառլոս, Սարգիս, Ջուլիետտա և Իդա Գրիգորյանների անվամբ` յուրաքանչյուրին 1/5 բաժնով: Երևանի քաղաքապետի 16.02.2007 թվականի թիվ 301-Ա որոշմամբ Գայանե Պետրոսյանին սեփականության իրավունքով տրամադրվել է Երևանի Չկալովի թիվ 40 հասցեում գտնվող 0,0170 հա հողամասը և 79,10 քմ մակերեսով շինությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցվորները պետք է մասնակից դարձվեին Երևանի քաղաքապետի 16.02.2007 թվականի թիվ 301-Ա որոշման ընդունմանը նպատակաուղղված վարչական վարույթին, քանի որ նշված վարչական վարույթի ընթացքում քննարկվել են նրանց անվամբ հաշվառված անշարժ գույքի վերաբերյալ հարցեր, և ընդունվելիք վարչական ակտով կարող էին շոշափվել նրանց իրավունքները և օրինական շահերը:

Մինչդեռ, սույն գործում առկա չէ որևէ ապացույց հայցվորներին նշված վարչական վարույթին մասնակից դարձնելու և նրանց վարույթի մասին ծանուցելու վերաբերյալ: Այսինքն` Երևանի քաղաքապետը հայցվորներին վարչական վարույթին մասնակից դարձնելու և նրանց ծանուցելու` օրենքով սահմանված իր պարտականությունն իրականացրել է ոչ պատշաճ, ինչի արդյունքում չի ապահովել նրանց լսված լինելու իրավունքը` վերջիններիս զրկելով իրենց իրավունքները լիարժեք պաշտպանելու հնարավորությունից:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետի 16.02.2007 թվականի թիվ 301-Ա որոշման` Գայանե Պետրոսյանին վերաբերող մասն ընդունվել է օրենքի, մասնավորապես` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 35-րդ, 37-րդ, 38-րդ հոդվածների խախտմամբ, հետևաբար այն ոչ իրավաչափ վարչական ակտ է և ենթակա է անվավեր ճանաչման:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված այն փաստարկին, որ վերահաշվառման արդյունքում տրված 07.06.1989 թվականի նոր տեխնիկական անձնագիրը կեղծիքի արդյունք է, ապա նշված տեխնիկական անձնագրի անվավեր կամ առոչինչ ճանաչված լինելու վերաբերյալ ապացույցի բացակայության պայմաններում Վճռաբեկ դատարանը նշված փաստարկին չի անդրադառնում:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված մյուս փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.04.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 28.10.2010 թվականի վճռին:

2. Գայանե Պետրոսյանից և Երևանի քաղաքապետարանից հօգուտ Կառլոս, Սարգիս, Ջուլիետտա և Իդա Գրիգորյանների համապարտության կարգով բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.10.2011
N ՎԴ/3645/05/09
Որոշում