Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1028/02/10

    դատարանի որոշում                                               2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1028/02/10

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Տ. Նազարյան

                                        

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                                    

2011 թվականի դեկտեմբերի 27 -ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արփիկ Բոջիկյանի և Շաքե Պոջուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2011 թվականի որոշման դեմ` ըստ Գևորգ Քեշիշյանի դիմումի` ժառանգությունն ընդունելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գևորգ Քեշիշյանը պահանջել է ժառանգությունն ընդունելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարել և 11.04.2008 թվականին մահացած Ծաղիկ Բոջիկյանի 27.08.2002 թվականի կտակով ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.11.2010 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.02.2011 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արփիկ Բոջիկյանը և Շաքե Պոջուկյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գևորգ Քեշիշյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ, 1217-րդ, 1225-րդ, 1226-րդ հոդվածների պահանջները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը և 103-րդ հոդվածի 4-րդ կետը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Երևանի Շահումյանի 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 տան սեփականատերն էր Հակոբ Բոջիկյանը, ում մահից հետո նշված տունը 1/2-ական բաժիններով պատկանել է Ծաղիկ և Խաթուն Բոջիկյաններին: Ծաղիկ Բոջիկյանը 27.08.2002 թվականի կտակի համաձայն` Երևանի Շահումյանի 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 տան իրեն պատկանող բաժինը կտակել է Գևորգ Քեշիշյանին, ով Ծաղիկ Բոջիկյանի մահից հետո

(11.04.2008 թվական) օրենքով սահմանված ժամկետում չի դիմել ըստ կտակի ժառանգության վկայագիր ստանալու համար` չնայած այն հանգամանքին, որ տեղյակ էր իր մորաքրոջ` Ծաղիկ Բոջիկյանի մահվան մասին:

Մինչդեռ Արփիկ Բոջիկյանը և Շաքե Պոջուկյանը փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ընդունել են իրենց քրոջ` Ծաղիկ Բոջիկյանին պատկանող գույքի նկատմամբ ժառանգությունը, ավելին Շաքե Պուջուկյանը 1994 թվականից գրանցված և մինչև օրս փաստացի բնակվում է Ծաղիկ Բոջիկյանին պատկանող Երևանի Շահումյանի 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 տան բաժնում:

Արփիկ Բոջիկյանը և Շաքե Պոջուկյանը որպես ըստ օրենքի ժառանգներ սույն քաղաքացիական գործին մասնակից չեն դարձվել, ինչը նշանակում է, որ հնարավորություն չեն ունեցել արտահայտել իրենց դիրքորոշումներն ու առարկությունները դիմումի կապակցությամբ: ՈՒստի, սույն գործով վիճելի է, թե ով է փաստացի տիրապետում Ծաղիկ Բոջիկյանին պատկանող Երևանի Շահումյանի 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 տան բաժինը, այսինքն` իրավունքի վերաբերյալ վեճ է ծագել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 25.02.2011 թվականի որոշումը և դիմումը թողնել առանց քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքի պատասխանում պատճառաբանել է, որ վճռաբեկ բողոքն անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանը նյութական և դատավարական իրավունքի նորմեր չի խախտել, խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ծաղիկ Բոջիկյանը 27.08.2002 թվականի կտակով Երևանի Շահումյանի 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 տան իր բաժինը կտակել է Գևորգ Քեշիշյանին:

2) 28.10.2010 թվականին Գևորգ Քեշիշյանը դիմել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան 11.04.2008 թվականին մահացած Ծաղիկ Բոջիկյանին պատկանող Երևանի Շահումյանի 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 տան բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով:

3) Ծաղիկ Բոջիկյանը Արփիկ Բոջիկյանի և Շաքե Պոջուկյանի քույրն է:

4) Արփիկ Բոջիկյանը հաշվառված, փաստացի բնակվում է Երևանի Շահումյանի 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 տանը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ պետք է բացակայի նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայության մեջ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյո՞ք գործի փաստերից ելնելով` առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա:

Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը հայցն առանց քննության թողնելու հիմք է:

Դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վեճի առկայության կամ բացակայության հարցը պետք է պարզի` ելնելով տվյալ գործի փաստերից, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներից (տես նաև` «Ֆիրմա ՄՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի թիվ 3-445(Ա) գործով 02.03.2007 թվականի որոշումը):

 

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ծաղիկ Բոջիկյանին պատկանող Երևանի Շահումյանի 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 տան բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունելու մասով ծագել է վեճ: Հետևաբար, սույն գործի դատական քննության ժամանակ առկա էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հայցն առանց քննության թողնելու հիմքը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2011 թվականի որոշումը և դիմումը թողնել առանց քննության:

2. Գևորգ Քեշիշյանից հօգուտ Արփիկ Բոջիկյանի և Շաքե Պոջուկյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք բերելու համար նախատեսված և վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2011
N ԵՄԴ/1028/02/10
Որոշում