Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 44-ՐԴ, 49-ՐԴ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 44-ՐԴ, 49-ՐԴ, 51-ՐԴ, 53-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0264/02/11   

    դատարանի որոշում                                               2011 թ.   

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0264/02/11

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Տ. Սահակյան

                       Տ. Նազարյան

                                

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Է. Հայրիյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                                      

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նինա Գոլչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.09.2011 թվականի որոշման դեմ` ըստ Նինա Գոլչյանի հայցի ընդդեմ Ալի Ղոլչիյանի, Զինա Ղոլչյանի` երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրեն հանձնելու պահանջի մասին, ինչպես նաև Ալի Ղոլչիյանի, Զինա Ղոլչյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Նինա Գոլչյանի` երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրենց հանձնելու, ավտոմեքենան հրապարակային սակարկություններով վաճառելու` ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նինա Գոլչյանը պահանջել է իր զավակներ Զինա և Խանում Բադրի Գոլչյանների խնամքը և դաստիարակությունը հանձնել իրեն:

Գործի քննության ընթացքում Նինա Գոլչյանը պահանջել է իր զավակներ Զինա և Խանում Բադրի Գոլչյանների բնակության վայրը որոշել իր բնակության վայրով` ՀՀ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի հասցեով:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ալի Ղոլչիյանը և Զինա Ղոլչյանը պահանջել են Զինա և Խանում Բադրի Գոլչյանների խնամքը և դաստիարակությունը հանձնել իրենց, ինչպես նաև հրապարակային սակարկություններով վաճառել «ՎԱԶ-210630» մակնիշի 23ՏԼ837 պետհամարանիշի ավտոմեքենան` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` բաժիններին համաչափ:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ.Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 18.07.2011 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է «Երեխաներին թողնել բնակվելու ՀՀ Արագածոտնի մարզի Միջնատուն գյուղում` հակընդդեմ հայցվորներ, երեխաների պապիկի` Ալի Ղոլչիյանի, տատիկի` Զինա Ղոլչյանի հետ` համատեղ Միջնատուն գյուղ 4-րդ փողոց թիվ 1 տանը` խնամքը հանձնելով հակընդդեմ հայցվորներին: Մնացած մասով հակընդդեմ հայցը` մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.09.2011 թվականի որոշմամբ Նինա Գոլչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.07.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նինա Գոլչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ալի Ղոլչիյանը և Զինա Ղոլչյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ, 56-րդ, 57-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ, 47-րդ, 53-րդ հոդվածները և 130-րդ հոդվածի 3-րդ կետը, չի կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, անտեսել է այն հանգամանքը, որ ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար, պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին: Ընդ որում, ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք: Հատկանշական է, որ Արագածոտնի մարզի Միջնատուն համայնքի խնամակալության և հոգաբարձության խորհուրդը, ելնելով երեխաների` ուշադրության արժանի շահերից, եզրակացությամբ գտել է, որ անչափահաս Զինա և Խանում Բադրի Գոլչյանների խնամքը և դաստիարակությունը պետք է հանձնել մորը` Նինա Գոլչյանին: Մինչդեռ, Զինա և Խանում Բադրի Գոլչյանների մոր` Նինա Գոլչյանի կողմից իր երեխաների խնամքը և դաստիարակությունն իրականացնելու պատրաստակամության պայմաններում երեխաների խնամքը և դաստիարակությունը պապին և տատին հանձնելը չի բխում երեխաների շահերից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.09.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար բերված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 21.03.1989 թվականի թիվ 396633 ծննդյան վկայականի համաձայն` 28.09.1972 թվականին ծնված Բադր Ալիի Գոլչյանի ծնողներն են 18.06.1946 թվականին ծնված Ալի Ամոյի Ղոլչիյանը և 01.10.1947 թվականին ծնված Զինա Ջամալի Ղոլչյանը (հատոր 1, գ.թ. 38,45,46):

2. Բադր Ալիի Գոլչյանը և Նինա Բինբաշի Մստոյանն ամուսնացել են 11.08.1995 թվականին, և կինը կրում է Գոլչյան ազգանունը, հիմք` 11.08.1995 թվականի թիվ 410254 ամուսնության վկայականը (հատոր 1, գ.թ. 11):

3. 20.12.2010 թվականի թիվ ԱԲ-112907 ծննդյան վկայականի համաձայն` 31.10.1995 թվականին ծնված Զինա Բադրի Գոլչյանի ծնողներն են Բադր Ալիի և Նինա Բինբաշի Գոլչյանները (հատոր 1, գ.թ. 6):

4. 20.12.2010 թվականի թիվ ԱԲ-112908 ծննդյան վկայականի համաձայն` 06.02.1998 թվականին ծնված Խանում Բադրի Գոլչյանի ծնողներն են Բադր Ալիի և Նինա Բինբաշի Գոլչյանները (հատոր 1, գ.թ. 7):

5. 20.12.2010 թվականի թիվ ԱԲ-036908 մահվան վկայականի համաձայն` Բադր Ալիի Գոլչյանը մահացել է 03.07.2010 թվականին (հատոր 1, գ.թ. 10):

6. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Արագածի սոցիալական ապահովության տարածքային բաժնի 13.05.2011 թվականի թիվ 03/28 և թիվ 03/29 տեղեկանքների համաձայն` Ալի Ղոլչիյանը 3-րդ խմբի աշխատանքային հաշմանդամ է և ստանում է 28.554 ՀՀ դրամ կենսաթոշակ, իսկ Զինա Ջամալի Ղոլչյանը 2-րդ խմբի աշխատանքային հաշմանդամ է և ստանում է 16.128 ՀՀ դրամ կենսաթոշակ (հատոր 1, գ.թ. 49,98):

7. Արագածոտնի մարզի Միջնատուն համայնքի խնամակալության և հոգաբարձության խորհրդի եզրակացության համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը, հիմք ընդունելով երեխաների լավագույն շահերը, նպատակահարմար է գտել, որ անչափահաս Զինա և Խանում Բադրի Գոլչյանների խնամքը և դաստիարակությունն այսուհետ իրականացվի մոր` Նինա Գոլչյանի կողմից (հատոր 1, գ.թ. 83-86):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` ուշադրության առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև, որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` մասնակից պետություններն ապահովում են, որ երեխան, հակառակ ծնողների ցանկության, չբաժանվի նրանցից, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու մարմինները գործող օրենքի և ընթացակարգի համաձայն կայացնեն որոշում, ինչը ենթակա է դատական վերահսկողության, որ այդպիսի բաժանումն անհրաժեշտ է երեխայի շահերը լավագույնս պաշտպանելու տեսակետից: Նման որոշում կարող է անհրաժեշտ լինել այս կամ այն կոնկրետ դեպքում, օրինակ, երբ ծնողները դաժանորեն են վարվում երեխայի հետ կամ հոգ չեն տանում նրա մասին, կամ երբ ծնողներն առանձին են ապրում և հարկ է որոշում կայացնել երեխայի բնակության վայրի վերաբերյալ: Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն` ցանկացած քննության ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերին հնարավորություն է տրվում մասնակցել քննությանը և ներկայացնել իրենց տեսակետները:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` մասնակից պետությունները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը` երեխայի դաստիարակության և զարգացման գործում երկու ծնողների ընդհանուր պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ապահովելու համար: Ծնողները կամ համապատասխան դեպքերում օրինական խնամակալները երեխայի դաստիարակության ու զարգացման համար կրում են հիմնական պատասխանատվություն: Երեխայի լավագույն շահերը նրանց հիմնական հոգածության առարկան են: Սույն կոնվենցիայում շարադրված իրավունքները երաշխավորելու և դրանց իրականացմանը նպաստելու նպատակով մասնակից պետությունները ծնողներին և օրինական խնամակալներին անհրաժեշտ օգնություն են տրամադրում երեխայի դաստիարակության իրենց պարտականությունները կատարելու գործում և ապահովում են երեխաների խնամքի հաստատությունների և ծառայությունների զարգացումը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին: Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք: Ծնողների բացակայության, նրանց ծնողական իրավունքներից զրկված լինելու և ծնողական հոգատարությունից զրկվելու այլ դեպքերում ընտանիքում դաստիարակվելու երեխայի իրավունքն ապահովում է խնամակալության և հոգաբարձության մարմինը` սույն օրենսգրքի 17-րդ գլխի նորմերով սահմանված կարգով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան ունի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրավունք: Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում են ծնողները (օրինական ներկայացուցիչները), իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խնամակալության և հոգաբարձության մարմինը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` 11-րդ գլխով նախատեսված ծնողական իրավունքները դադարում են երեխաների տասնութ տարեկանը լրանալով, ինչպես նաև սահմանված կարգով երեխաների ամուսնանալու, օրենքով նախատեսված կարգով մինչև չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելու դեպքերում:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին: Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար: Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին: Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն` երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը դրվում է նրանց ծնողների վրա: Ծնողները համարվում են իրենց երեխաների օրինական ներկայացուցիչները և նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ առանց լիազորագրի հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ցանկացած հարաբերություններում, ինչպես նաև դատարանում:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխայի պապերը, տատերը, եղբայրները, քույրերը և այլ ազգականներն իրավունք ունեն շփվելու երեխայի հետ:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողները կարող են պահանջել վերադարձնել իրենց երեխային այն անձից, ով նրան իր մոտ է պահում առանց օրինական հիմքի կամ առանց դատարանի որոշման: Վեճի առկայության դեպքում ծնողներն իրենց ծնողական իրավունքները պաշտպանելու համար կարող են դիմել դատարան: Հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը` դատարանը կարող է մերժել ծնողների հայցի բավարարումը, եթե հանգի այն եզրակացության, որ ծնողներին վերադարձնելը չի բխում երեխայի շահերից:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի հետազոտություն, ովքեր հավակնում են նրա դաստիարակությանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն`երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար: Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով պետությունը և նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին` երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 57-րդ հոդվածի 1-ին մասը, որպես իր դիրքորոշման հիմնավորում նշել է, որ «Զինա և Խանում Գոլչյանները, (երկուսի 10 տարին էլ լրացած է) չեն ցանկանում բնակվել իրենց մոր` հայցվոր Նինա Գոլչյանի հետ»:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածով օրենսդիրն ամրագրել է երեխայի իրավունքն իր շահերը շոշափող ցանկացած հարցի լուծման դեպքում ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքն ինչպես ընտանիքում, այնպես էլ դատական և այլ մարմիններում: Ընդ որում, տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում: Հատկանշական է, որ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տասը տարին լրացած երեխայի վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմինը կամ դատարանը կարող են որոշում ընդունել միայն նրա համաձայնությամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը տվյալ պարագայում տասը տարին լրացած երեխաների կարծիքը հաշվի առնելու հիմքով վերջիններիս խնամակալությունը հարազատներին հանձնելու պայմաններում ըստ էության, խախտել է ծնողի` Նինա Գոլչյանի` այլ անձանց հանդեպ երեխային դաստիարակելու նախապատվության, երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար հոգ տանելու իրավունքները և պարտականությունները:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանություններն անհիմն են:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության` ՀՀ Արագածոտնի մարզի Միջնատուն համայնքի խնամակալության և հոգաբարձության խորհրդի եզրակացությունը գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատելու համար:

Այսպես` Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտն անփոփոխ թողնելու որոշումը հիմնավորել է նաև այն հանգամանքով, որ Միջնատուն համայնքի խնամակալության և հոգաբարձության խորհրդի եզրակացությամբ չի հիմնավորվում, որ հայցվորն ունի բավարար պայմաններ` երեխաների` իր հետ բնակության և նրանց խնամքն իրականացնելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտը թողնելով անփոփոխ, չի իրականացրել նաև վերոհիշյալ ապացույցի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, քանի որ տվյալ ապացույցը չի գնահատել օբյեկտիվ` ծնողի` երեխային դաստիարակելու նախապատվության իրավունքի հաշվառմամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքարկվող որոշումը նշված մասով անհիմն է:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի հիմքը վերաբերում է դատական ակտի` հայցը մերժելու և հակընդդեմ հայցի` անչափահաս Զինա և Խանում Գոլչյանների պապի` Ալի Ղոլչիյանի և տատի` Զինա Ղոլչյանի հետ համատեղ Միջնատուն գյուղ 4-րդ փողոց թիվ 1 տանը բնակվելու և խնամքը վերջիններիս հանձնելու մասին, հետևաբար դատական ակտը ենթակա է բեկանման միայն այդ մասով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.09.2011 թվականի որոշման` հայցը մերժելու և հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելու մասերով վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասը և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.09.2011 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված և հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2011
N ԱՐԱԴ/0264/02/11
Որոշում