Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 806-Ն ...

 

 

040.0316.260312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 2012 թվականի N 316-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» N 806-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի փետրվարի 2-ի

N 316-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի մայիսի 24-ի

N 806-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու (տրամադրելու) կարգը:

2. Անտառներն օգտագործման են տրամադրվում անտառակառավարման պլանների հիման վրա` Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքին, այլ իրավական ակտերին և սույն կարգին համապատասխան:

3. Անտառները և անտառային հողերն օգտագործման են տրամադրվում պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) համակարգում գործող անտառային տնտեսություն վարող կազմակերպության (այսուհետ` տրամադրող) կողմից:

4. Անտառօգտագործումն իրականացվում է` ինչպես անտառների և անտառային հողերի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի ձեռքբերման միջոցով, այնպես էլ` առանց դրանց նկատմամբ իրավունքների ձեռքբերման:

5. Անտառային հողերում շենքեր և շինություններ կառուցել թույլատրվում է միայն անտառային տնտեսության կարիքների համար, որի պայմանները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Անտառային հողերն անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքների, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման և այլ աշխատանքներ իրականացնելու նպատակով օգտագործման են տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1045-Ն որոշմամբ սահմանված կարգով:

7. Անտառների և անտառային հողերի օգտագործման իրավունք կարող են ձեռք բերել անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ` հայտատու)` ներկայացնելով սահմանված ձևի հայտ` համաձայն NN 1, 2 և 3 ձևերի:

8. Հաշվի առնելով անտառների և անտառային հողերի նպատակային և գործառնական նշանակությունը` դրանք միաժամանակ կարող են տրամադրվել անտառօգտագործման` մեկ և մեկից ավելի տեսակներով, մեկ կամ մեկից ավելի օգտագործողների:

9. Միևնույն անտառները կամ անտառային հողերը նույն նպատակով օգտագործման չեն կարող տրամադրվել մեկից ավելի անձանց:

10. Մրցույթի միջոցով` սույն կարգով նախատեսված դեպքերում անտառների կամ անտառային հողերի նկատմամբ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունք ձեռք բերելու համար հայտատուները հայտերը ներկայացնում են լիազոր մարմին` սույն կարգի 32-րդ կետում նշված հրապարակային ծանուցումից հետո:

11. Առանց հրապարակային ծանուցման ներկայացված հայտերը լիազորված մարմնի կողմից ենթակա են մերժման:

 

II. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ` ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

12. Անտառային հողերը կարող են անհատույց օգտագործման տրամադրվել Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով սահմանված դեպքերում:

13. Լիազորված մարմնի կողմից անցկացվող մրցույթի հիման վրա` հայտատուներն անտառապատման նպատակով անտառային հողերն անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար լիազորված մարմին են ներկայացնում հայտ` համաձայն N 3 ձևի, և առաջարկ, որը ներառում է`

1) նախնական ներդրումների չափը.

2) անտառային ծառատեսակների կազմի ցանկալի փոփոխությունները` անտառաճման պայմաններին համապատասխան բարձրարժեք ծառատեսակների աճեցում (հատկապես` կաղնու, հաճարենու, սոճու, իսկ երբեմն, ելնելով լեռնալանջի թեքության աստիճանից և դիրքադրությունից, գիհու աճեցում և այլն).

3) հողերն էրոզիայից պաշտպանելու (պաշտպանական նշանակության) նպատակով անտառամելիորատիվ տնկարկների հիմնումը.

4) խնամքի աշխատանքների` ժամանակին և պահանջվող ծավալով կիրառումը.

5) անտառատնկումների զուգակցումը հակաէրոզիոն այլ միջոցառումների հետ (ագրոտեխնիկական, հիդրոտեխնիկական և այլն).

6) որակյալ անտառային սերմերի և տնկանյութի օգտագործումը.

7) նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:

14. Լիազորված մարմինը մրցույթն անցկացնում է սույն կարգի 5-րդ բաժնով սահմանված կարգով:

15. Մրցույթում հաղթող ճանաչված հայտատուի հետ տրամադրողը 15 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է անտառապատման նպատակով անտառային հողերն անհատույց իրավունքով օգտագործման տալու մասին պայմանագիր` դրանում ներառելով դրույթներ սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամկետների և այդ ժամկետներում նախագիծ չներկայացվելու դեպքում` տրամադրողի կողմից պայմանագրի լուծման վերաբերյալ:

16. Հայտատուն պայմանագրի կնքումից հետո հնգամսյա ժամկետում տրամադրողին ներկայացնում է անտառապատման նախագիծ (այսուհետ` նախագիծ), որը ներառում է`

1) ընդհանուր բացատրագիրը (ներածությունը, տարածքների բնակլիմայական բնութագիրը, կլիման, հողերը, բուսականությունը, օբյեկտի տեղադրությունը և նկարագրությունը, անտառապատման աշխատանքների իրականացման պարտադիր պայմանները), հիմնադրման սխեմաները, քարտեզները.

2) ծավալային աշխատանքների ամփոփագիրը (նախատեսված աշխատանքների անվանումը, չափի միավորը, աշխատանքների ծավալն ըստ նախագծի).

3) շուկայական գներով հաշվարկված նախահաշիվը (նախատեսված աշխատանքների անվանումը, չափի միավորը, աշխատանքների ծավալն ըստ նախագծի, միավորի արժեքը (հազ. դրամ), ընդհանուր գումարը (հազ. դրամ):

17. Պայմանագիրը լուծելուց հետո երկու ամսվա ընթացքում հայտարարվում է նոր մրցույթ:

 

III. ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

18. Անտառօգտագործումն առանց անտառային հողերի նկատմամբ իրավունքների ձեռքբերման իրականացվում է` համաձայն հայտատուի կողմից տրամադրողին ներկայացված հայտի հիման վրա` համաձայն N 1 ձևի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի: Պայմանագիրը կնքվում է մինչև մեկ տարի ժամկետով, ընդ որում, այդ ժամկետը չպետք է գերազանցի տրամադրողի կողմից տրված անտառահատման կամ անտառային տոմսի վավերականության ժամկետը: Պայմանագրի պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրողի կողմից ներկայացվում է լիազորված մարմին:

19. Բնափայտ մթերելիս` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում են`

1) արմատի վրա հատման ենթակա ծառուտի դեպքում` ծառուտի առուվաճառքի մասին պայմանագիր.

2) անտառավերականգնման, միջանկյալ (խնամքի) և սանիտարական հատումներ իրականացնելու դեպքում` անտառատնտեսական աշխատանքների կատարման մասին պայմանագիր:

20. Երկրորդական անտառանյութի մթերման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է երկրորդական անտառանյութի մթերման մասին պայմանագիր:

21. Բնափայտի և երկրորդական անտառանյութի մթերման համար սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերով սահմանված դեպքերում կնքված պայմանագրի համաձայն տրվում է անտառահատման տոմս:

22. Ոչ բնափայտային անտառանյութի` պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերման, ինչպես նաև մեղվանոցների փեթակների տեղադրման նպատակներով անտառօգտագործման համար կնքված պայմանագրի համաձայն տրվում է անտառային տոմս:

23. Խոտհնձի և արածեցման նպատակով անտառային հողերն օգտագործման են տրամադրվում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 389-Ն որոշումների:

24. Ներկայացված հայտը (N 1 ձև) մերժվում է տրամադրողի կողմից, եթե լիազորված մարմնի ղեկավարի հաստատած անտառակառավարման պլանով տվյալ տարածքում պլանավորված չեն տնտեսական միջոցառումներ կամ տվյալ տեղամասում պլանավորված տնտեսական միջոցառումներով նախատեսված գործողությունների իրականացման համար արդեն իսկ բավարարվել է մեկ այլ հայտատուի կողմից ավելի վաղ ներկայացված հայտը, կամ պլանավորված տնտեսական միջոցառումներն իրականացվում են (իրականացվելու են) անտառային տնտեսություն վարող կազմակերպության կողմից, ինչպես նաև, եթե հայտում նշված տեղեկություններն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին:

 

IV. ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

 

25. Անտառների և անտառային հողերի վարձակալության իրավունքը տրամադրվում է լիազորված մարմնի կողմից` սույն կարգին համապատասխան անցկացվող մրցույթի միջոցով` մինչև 60 տարի ժամկետով, իսկ անտառային հողերի` գյուղատնտեսական նպատակների համար նախատեսված հողատեսքերի դեպքում` մինչև 25 տարի ժամկետով:

26. Անտառները և անտառային հողերը մրցույթով վարձակալության տրամադրելու դեպքում դրանց վարձավճարի նվազագույն չափը սահմանվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշման:

27. Հայտատուները կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման, մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով անտառների կամ անտառային հողերի վարձակալության իրավունք ստանալու համար հայտի հետ միասին` համաձայն N 2 ձևի, լիազորված մարմին են ներկայացնում անտառօգտագործման ծրագիր (այսուհետ` ծրագիր), որը ներառում է`

1) ամփոփ տեղեկատվություն տվյալ անտառների և անտառային հողերի նպատակային ու գործառնական նշանակության մասին.

2) տարածքների նկարագրությունը.

3) կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակով` կախված օգտագործման տեսակից`

ա. կենդանական աշխարհի օգտագործման տեսակը,

բ. որսորդական տնտեսության կազմակերպման համար որսահանդակների որակի պահպանության ու բարելավման միջոցառումները,

գ. օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան միջոցառումները.

4) մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակով` կախված օգտագործման տեսակից`

ա. զբոսաշրջային երթուղիները,

բ. զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման մասին տեղեկություններ,

գ. առկա կլիմայաբուժական բարենպաստ պայմանների, պատմամշակութային արժեքների, բուժիչ ու կազդուրիչ ջրային օբյեկտների նկարագրությունը, դրանց պահպանության ու բարելավման միջոցառումները,

դ. օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան միջոցառումներ.

5) նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցը.

6) ներդրումների չափը և ժամանակացույցը.

7) սխեմաներ և քարտեզներ.

8) ակնկալվող արդյունքը:

28. Հայտատուները գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման և պտղահատապտղային, ընկույզների և դեղաբույսերի տնկադաշտերի ստեղծման նպատակով անտառային հողերի օգտագործման իրավունք ստանալու համար հայտի հետ միասին (N 2 ձև) լիազորված մարմին են ներկայացնում օգտագործման վերաբերյալ ծրագիր, որը ներառում է սույն կարգի 27-րդ կետով նախատեսված պահանջները` բացառությամբ 3-րդ և 4-րդ ենթակետերի:

29. Գիտահետազոտական նպատակներով անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունք ձեռք բերելու համար հայտատուն հայտի հետ միասին (N 2 ձև) լիազորված մարմին է ներկայացնում տվյալներ ծրագրվող գիտահետազոտական աշխատանքների ուղղվածության և հետազոտվող օբյեկտի մասին:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

30. Սույն կարգով նախատեսված դեպքերում անտառները կամ անտառային հողերը մրցույթով` վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծվում է միջգերատեսչական մրցութային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որի կազմը և աշխատակարգը հաստատում է լիազորված պետական մարմինը:

31. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի մարզպետարանի, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպես նաև իր համաձայնությամբ ներկայացուցիչ է ընդգրկվում այն համայնքի տեղական ինքնակառավարման մարմնից (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարան), որի վարչական տարածքի սահմաններում են գտնվում օգտագործման համար տրամադրվող անտառները կամ անտառային հողերը:

32. Հանձնաժողովը մրցույթն սկսելուց առնվազն 30 օր առաջ մրցույթն անցկացնելու մասին կատարում է հրապարակային ծանուցում` www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների և լիազորված մարմնի www.minagro.am պաշտոնական ինտերնետային կայքերում:

33. Մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

1) մրցույթի կազմակերպչի անվանումը, մրցույթի կազմակերպման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, վայրը (հասցեն).

2) մրցույթին մասնակցության հայտերի ընդունման ժամկետը (ժամերն ըստ օրերի).

3) անտառօգտագործման տեսակը, ժամկետը, վայրը.

4) վարձավճարի չափը (բացառությամբ սույն կարգի 2-րդ բաժնով սահմանված դեպքի).

5) մասնակիցների կողմից անտառի տարածքին ծանոթանալու օրերը և ժամերը.

6) մրցույթին մասնակցության հայտին կից պահանջվող փաստաթղթերի ցանկը.

7) մրցույթի պայմանները, մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

8) մրցույթին մասնակցության նախավճարի չափը (նախավճարի գումարը չի կարող գերազանցել տվյալ տարածքի նվազագույն վարձավճարի գնի 5 տոկոսը) և վճարման հաշվեհամարը, մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում դրա վերադարձման կարգը (բացառությամբ սույն կարգի 2-րդ բաժնով սահմանված դեպքի).

9) մրցույթի հայտերը ներկայացնելու վայրը, ինչպես նաև` հայտերի բացման և դրանց ամփոփման նիստերի կայացման օրերը և ժամերը:

34. Մրցույթի պայմանների փոփոխման դեպքում հանձնաժողովը պարտավոր է մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ` զանգվածային լրատվության այն միջոցով, որով հրապարակվել է մրցույթի մասին ծանուցումը: Ծանուցման մեջ թույլատրվում է կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ, եթե չեն փոփոխվում դրանում նշված էական պայմանները:

35. Մրցույթի էական պայմաններն են`

1) անտառների և անտառային հողերի նպատակային ու գործառնական նշանակությունը.

2) անտառների կամ անտառային հողերի գտնվելու վայրը, վարձավճարի չափը.

3) անտառօգտագործման տեսակը, հաղորդակցուղիների առկայությունը.

4) անտառների կամ անտառային տարածքների նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը.

5) շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները:

36. Մրցույթի էական պայմանների փոփոխման դեպքում հանձնաժողովը հրապարակում է մրցույթի անցկացման մասին նոր ծանուցում` նախկինը հայտարարելով չեղյալ:

37. Մրցույթին մասնակցության հայտին (N 2 ձև) կից ներկայացվում են`

1) անտառօգտագործման ծրագիրը (գիտահետազոտական նպատակներով օգտագործման դեպքում` տվյալներ ծրագրվող գիտահետազոտական աշխատանքների ուղղվածության և հետազոտվող օբյեկտի մասին).

2) նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար` համապատասխանաբար պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.

4) անձնագրի պատճենը` ֆիզիկական անձանց համար.

5) հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը:

38. Մրցույթին մասնակցության հայտին (N 3 ձև) կից ներկայացվում են`

1) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար` համապատասխանաբար պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.

2) ֆիզիկական անձանց համար` անձնագրի պատճենը.

3) առաջարկը.

4) հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է նրա լիազորած անձը:

39. Մրցույթին մասնակցության հայտերը (NN 2 և 3 ձևեր)` անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում ներկայացվում են սոսնձված և ստորագրված ծրարով` անձամբ, հայտատուի լիազորած անձի միջոցով կամ փոստով:

40. Հայտը (ծրարը) ներկայացնելու ժամկետ է համարվում հանձնաժողովի կողմից այն ստանալու օրը և ժամը, որի մասին գրառում է կատարվում հայտի (ծրարի) վրա:

41. Սույն կարգի պահանջներին չհամապատասխանող հայտերը, ինչպես նաև հայտերը ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում ներկայացնողին:

42. Հայտատուները մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը լրանալը կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը:

43. Մրցույթի հայտը (ծրարը) առանց բացվելու գրանցվում է լիազորված մարմնում և անմիջապես հանձնվում մրցութային հանձնաժողովի քարտուղարին: Մրցույթի հայտը գրանցվում է առանձին` տվյալ մրցույթի համար կազմված գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության, ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը:

44. Մրցույթին մասնակցության հայտերը բացվում են մրցույթի անցկացման մասին ծանուցմամբ (հրավերով) սահմանված օրը և ժամին` մրցույթին մասնակցության հայտերի բացման նպատակով հրավիրված նիստում:

45. Մրցույթի հայտատուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթին մասնակցության հայտերի բացման, ինչպես նաև մրցութային առաջարկների քննարկման նիստերին և ծանոթանալ նիստերի արձանագրություններին:

46. Ծրարները զննվում են հանձնաժողովի անդամների կողմից. հայտատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի ցանկության դեպքում կարող են զննվել նաև նրանց կողմից:

47. Հայտերը, որոնք չեն համապատասխանում տվյալ մրցույթի համար սահմանված պայմաններին, հանձնաժողովի կողմից չեն քննարկվում, և դրա մասին տեղեկացվում է հայտատուներին` նշելով պատճառները:

48. Հանձնաժողովի անդամները ներկայացված առաջարկների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին:

49. Յուրաքանչյուր հայտ քննարկվում է, ապա հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից գնահատվում 1-10 բալանոց միավորների համակարգով` ըստ ներկայացված պայմանների արդյունավետության: Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի ներկայացրած հայտի գնահատված միավորների հանրագումարն առավելագույնն է մնացած մասնակիցների միավորների հանրագումարից, բայց ոչ պակաս, քան հանձնաժողովի անդամների կողմից գնահատվելիք առավելագույն միավորների հանրագումարի կեսից:

50. Հավասար միավորների դեպքում հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:

51. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփման օրը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն, որն ստորագրում է նաև մրցույթի հաղթողը:

52. Եթե մրցույթում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց կամ 15 օրվա ընթացքում պայմանագիր կնքելուց, ապա նրա վճարած նախավճարը չի վերադարձվում, և մրցույթի հաղթող է համարվում միավորների հանրագումարով իրենից հետո առավելագույն միավոր ստացած մասնակիցը, իսկ այդպիսին չլինելու դեպքում մրցույթը համարվում է չկայացած:

53. Մրցույթը համարվում է չկայացած`

1) եթե մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) եթե մրցույթի մասնակիցների հայտերը չեն համապատասխանում մրցույթի մասին ծանուցման պայմաններին.

3) սույն կարգի 52-րդ կետով սահմանված դեպքում.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

54. Մրցույթին մասնակցության համար միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չէ մրցույթը չկայացած համարելու համար:

55. Հանձնաժողովին մրցույթի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց մրցույթի մասնակիցների համաձայնության:

56. Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո լիազորված մարմինը մեկշաբաթյա ժամկետում մրցույթի արձանագրությունը և մրցույթին առնչվող փաստաթղթերն ուղարկում է տրամադրողին, որը 15 օրվա ընթացքում մրցույթի հաղթողի հետ կնքում է անտառօգտագործման մասին պայմանագիր, իսկ դրա պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիազորված մարմին:

57. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի վճարած նախավճարը հաշվարկվում է նրա կողմից կատարվելիք վարձավճարի մեջ:

58. Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցները մրցույթի մասնակցության նախավճարի վերադարձման նպատակով դիմում են տրամադրողին, որը դիմումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում նախավճարի գումարը վերադարձնում է նրանց:

59. Մրցույթը կարող է անվավեր ճանաչվել դատական կարգով:

60. Դատական կարգով մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերության:

 

Ձև N 1

 

ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՅՏ

 

ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

______________________________________________________________________

______________________________________________________________________

(հայտը ներկայացնող քաղաքացու անունը, ազգանունը, հասցեն կամ

իրավաբանական անձի անվանումը, հասցեն)

 

Ցանկանում եմ պետական անտառների և անտառային հողերի տարածքում կատարել

______________________________________________________________________

______________________________________________________________________

____________________________________________________________________:

(նշել անտառօգտագործման տեսակը, ծավալները (թվերով և բառերով),

ժամկետը (թվերով և բառերով)

 

ԴԻՄՈՂ _____________________________________________________________ ___________________________________________________________________

(անունը, ազգանունը, անձնագրի համարը, երբ է տրված, ում կողմից, իսկ

իրավաբանական անձի դեպքում` ներկայացուցչի անունը, ազգանունը,

ստորագրությունը, հեռախոսահամարը)

 

____ _____________ 20 թ.

 

Ձև N 2

 

ՀԱՅՏ

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

 

______________________________________________________________________

______________________________________________________________________

(հայտը ներկայացնող քաղաքացու անունը, ազգանունը, հասցեն կամ

իրավաբանական անձի անվանումը, հասցեն)

 

Ծանոթանալով 20 թ. ________ _____-ին ____________________________ կողմից

(լիազորված մարմնի անվանումը)

_________________________________________________ պետական անտառները և

(կայքի կամ զանգվածային լրատվության միջոցի անվանումը)

 

անտառային հողերը մրցույթով __________________________________________

_____________________________________________________________________

        (գտնվելու վայրը, մակերեսը (հա), անտառօգտագործման տեսակը)

               

վարձակալության իրավունքով ձեռք բերելու մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում եմ մասնակցել մրցույթին:

Հայտին կից ներկայացնում եմ`

1) [] կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակով` ծրագիր.

2) [] մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակով` ծրագիր.

3) [] գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման և պտղահատապտղային, ընկույզների և դեղաբույսերի տնկադաշտերի ստեղծման նպատակով` ծրագիր.

4) [] գիտահետազոտական նպատակով` տվյալներ ծրագրվող գիտահետազոտական աշխատանքների ուղղվածության և հետազոտվող օբյեկտի մասին.

5) [] նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթի պատճենը.

6) [] իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար` համապատասխանաբար պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.

7) [] ֆիզիկական անձանց համար` անձնագրի պատճենը.

8) [] հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է նրա լիազորած անձը:

Տեղեկացված եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն մրցույթի կայացման մասին արձանագրությունը չստորագրելու, ինչպես նաև մրցույթի օրվանից 15-օրյա ժամկետում օգտագործման պայմանագիրը չկնքելու դեպքում իմ կողմից վճարված նախավճարը չի վերադարձվում:

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերը և դրանցում նշված տեղեկությունները ճիշտ են, որի համար ստորագրում եմ:

 

ԴԻՄՈՂ _____________________________________________________________ ___________________________________________________________________

(անունը, ազգանունը, անձնագրի համարը, երբ է տրված, ում կողմից, իսկ

իրավաբանական անձի դեպքում` ներկայացուցչի անունը, ազգանունը,

ստորագրությունը, հեռախոսահամարը)

 

____ _____________ 20 թ.

 

Ձև N 3

 

ՀԱՅՏ

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՆ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

______________________________________________________________________

______________________________________________________________________

(հայտը ներկայացնող քաղաքացու անունը, ազգանունը, հասցեն կամ

իրավաբանական անձի անվանումը, հասցեն)

 

Ծանոթանալով 20 թ. ________ _____-ին ____________________________ կողմից

(լիազորված մարմնի անվանումը)

 

______________________________________________ պետական անտառային հողերը

(կայքի կամ զանգվածային լրատվության միջոցի

անվանումը)

 

մրցույթով ____________________________________________________________

(գտնվելու վայրը, մակերեսը (հա)

 

անտառապատման նպատակով անհատույց օգտագործման տրամադրելու մասին հրապարակված տեղեկատվությանը` ցանկանում եմ մասնակցել մրցույթին:

 

Հայտին կից ներկայացնում եմ`

1) [] իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար`

համապատասխանաբար պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.

2) [] ֆիզիկական անձանց համար` անձնագրի պատճենը.

3) [] առաջարկություն.

4) [] հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է

նրա լիազորած անձը:

 

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերը և դրանցում նշված տեղեկությունները ճիշտ են, որի համար ստորագրում եմ:

 

ԴԻՄՈՂ _____________________________________________________________ ___________________________________________________________________

(անունը, ազգանունը, անձնագրի համարը, երբ է տրված, ում կողմից, իսկ

իրավաբանական անձի դեպքում` ներկայացուցչի անունը, ազգանունը,

ստորագրությունը, հեռախոսահամարը)

 

_______ ______________ 20 թ.»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.02.2012
N 316-Ն
Որոշում