Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1185-ՐԴ, 12...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1185-ՐԴ, 1226-ՐԴ, 1227-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0809/02/10

    դատարանի որոշում                                              2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0809/02/10

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Տ. Սահակյան

                       Տ. Նազարյան

                                   

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Գ. Հակոբյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                           

2012 թվականի մարտի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լյուդվիգ, Վալերի և Ալֆրեդ Խաչատրյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2011 թվականի որոշման դեմ` ըստ Լյուդվիգ, Վալերի և Ալֆրեդ Խաչատրյանների հայցի ընդդեմ Վլադիմիր Խաչատրյանի, ՀՀ Կոտայքի նոտարական տարածքի նոտար Ռիմա Մխիթարյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման, Արմեն Բադալյանի և Եղիա Դեգեմոնյանի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու ու ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լյուդվիգ, Վալերի և Ալֆրեդ Խաչատրյանները պահանջել են անվավեր ճանաչել Վլադիմիր Խաչատրյանին 16.10.2008 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Վլադիմիր Խաչատրյանի և Եղիա Դեգեմոնյանի միջև 25.02.2010 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ու իրենց ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգներ:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Յու. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 08.06.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.09.2011 թվականի որոշմամբ Լյուդվիգ, Վալերի և Ալֆրեդ Խաչատրյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 08.06.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Լյուդվիգ, Վալերի և Ալֆրեդ Խաչատրյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 2-րդ կետը, 1226-րդ հոդվածի 3-րդ կետը և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետը և 1228-րդ հոդվածի 2-րդ կետը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով իրենց մոր` Մանյա Խաչատրյանի մահից հետո ժառանգական գույքը տիրապետելու և օգտագործելու հետևանքով Լյուդվիգ, Վալերի և Ալֆրեդ Խաչատրյանների կողմից ժառանգությունը փաստացի ընդունած լինելու հանգամանքը, նշել է, որ վերջիններս բաց են թողել ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետը և դատարան չեն դիմել այդ ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու պահանջով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Լյուդվիգ, Վալերի և Ալֆրեդ Խաչատրյանների և Վլադիմիր Խաչատրյանի միջև երբևէ վեճ չի եղել ժառանգական գույքի տիրապետման և օգտագործման վերաբերյալ, որի պատճառով նշանակություն չեն տվել, թե ում անունով այն կգրանցվի:

Վերաքննիչ դատարանը, չիրականացնելով գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, չի ստուգել և չի պարզել, թե ինչու է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը տրվել ժառանգատուի մահվանից 8 տարի հետո, իսկ եթե այն տրվել է ժառանգությունը փաստացի ընդունելու հիմքով, ապա ինչու է նոտարը այն տվել առանց այլ ժառանգների կողմից ժառանգությունը փաստացի ընդունած լինելու փաստը ստուգելու:

Վերաքննիչ դատարանի 29.09.2011 թվականի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի 16.10.2009 թվականի թիվ 3-93 (ՎԴ) որոշմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 29.09.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի թիվ 10 հասցեի տունը սեփականության իրավունքով պատկանել է Մանյա Խաչատրյանին (հատոր 1, գ.թ. 15).

2) Մանյա Խաչատրյանը 24.02.1999 թվականին մահացել է (հատոր 1, գ.թ. 15).

3) Լյուդվիգ, Վալերի, Ալֆրեդ, Վլադիմիր և Գենյա Խաչատրյանները Մանյա Խաչատրյանի երեխաներն են.

4) 16.10.2008 թվականին ՀՀ Կոտայքի նոտարական տարածքի նոտար Ռիմա Մխիթարյանը Վլադիմիր Խաչատրյանին տվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, որի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից կատարվել է Վլադիմիր Խաչատրյանի` ժառանգական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում (հատոր 1, գ.թ. 12,13, 15).

5) 25.02.2010 թվականին Վլադիմիր Խաչատրյանի և Եղիա Դեգեմոնյանի միջև կնքվել է ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի թիվ 10 հասցեի տան առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա կատարվել է Եղիա Դեգեմոնյանի սեփականության իրավունքի պետական գրանցում (հատոր 1, գ.թ. 16, 184, 185):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ` ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգությունը փաստացի տիրապետելը կամ կառավարելը:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ժառանգի կողմից փաստացի տիրապետման եղանակով ժառանգության ընդունման հարցին և նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1126-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով ժառանգի կողմից ժառանգությունն ընդունած կամ չընդունած լինելու փաստի գնահատման հարցում էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյոք առկա են ժառանգի կամքը և ցանկությունը` ընդունելու ժառանգությունը, թե ոչ, և արդյոք ժառանգությունն ընդունելու համար ժառանգը միջոցներ (ակտիվ գործողություններ) է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից և հավակնություններից պաշտպանելու համար (տես` Կիմա Սարգսյանի հայցն ընդդեմ Հարություն Սարգսյանի, Վարդուհի Սարգսյանի և Անժելա Սարգսյանի` փաստացի տիրապետման եղանակով բնակարանի ժառանգությունն ընդունած համարելու պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի թիվ 3-1224(ՎԴ) որոշումը):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է`

- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843/ՎԴ):

Մինչդեռ, հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը վերլուծելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ չեն անդրադարձել հայցի հիմքերին, մասնավորապես` Լյուդվիգ, Վալերի և Ալֆրեդ Խաչատրյանները հայցադիմումի հիմքում դրել են նաև այն հանգամանքը, որ նրանք իրենց մոր մահից հետո փաստացի տիրապետման ուժով ընդունել են ժառանգությունը: Վերջիններս Դատարանում վկայակոչել են փաստ այն մասին, որ իրենց մոր մահից հետո տան պահպանության, վերանորոգման, հողամասի մշակման բոլոր աշխատանքները եղբայրներով կատարել են համատեղ, այդ թվում նաև Վլադիմիր Խաչատրյանը, հավասարապես օգտվել են այդ տնից և յուրաքանչյուրն ունեցել են իրենց բաժինը, իրենց համաձայնությամբ տունը փաստացի բաժանել են միմյանց միջև:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի իրականացվել պատշաճ քննություն, հետևաբար առկա է նոր քննության անհրաժեշտություն:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.03.2012
N ԿԴ1/0809/02/10
Որոշում