Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 41-ՐԴ, 51-ՐԴ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 41-ՐԴ, 51-ՐԴ ԵՎ 56-ՐԴ ՀՈԴՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0799/02/11

    դատարանի որոշում                                             2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0799/02/11

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                             Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                  Վ. Ավանեսյանի

                                               Վ. Աբելյանի

                                               Ս. Անտոնյանի

                                               Ա. Բարսեղյանի

                                               Մ. Դրմեյանի

                                               Գ. Հակոբյանի

                                               Է. Հայրիյանի

                                               Տ. Պետրոսյանի

                                               Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի ապրիլի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վիոլետտա Համբարձումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ավետիս Խաչատրյանի և Մարիամ Ավետիսյանի ընդդեմ Վիոլետտա Համբարձումյանի, երրորդ անձ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի հետ անարգել շփվելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ավետիս Խաչատրյանը և Մարիամ Ավետիսյանը պահանջել են թույլատրել շփվելու իրենց թոռնիկի` Ավետիս Հայկի Խաչատրյանի հետ` սահմանելով տեսակցության օրեր` շաբաթական 2 օր:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 02.11.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Մարիամ Ավետիսյանին և Ավետիս Խաչատրյանին թույլատրվել է իրենց անչափահաս թոռանը` 13.07.2008 թվականին ծնված Ավետիս Հայկի Խաչատրյանին, տեսակցել յուրաքանչյուր երկուշաբթի` ժամը 17:00-ից մինչև ժամը 21:00-ն, մոր` Վիոլետտա Համբարձումյանի ներկայությամբ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.01.2012 թվականի որոշմամբ Ավետիս Խաչատրյանի և Մարիամ Ավետիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է Դատարանի 02.11.2011 թվականի վճիռը` Մարիամ Ավետիսյանին և Ավետիս Խաչատրյանին թույլատրվել է իրենց անչափահաս թոռանը` 13.07.2008 թվականին ծնված Ավետիս Հայկի Խաչատրյանին, տեսակցել յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 17:00-ից մինչև ժամը 21:00-ը, մոր` Վիոլետտա Համբարձումյանի բացակայությամբ, իսկ մնացած մասով Դատարանի 02.11.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վիոլետտա Համբարձումյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ավետիս Խաչատրյանը և Մարիամ Ավետիսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ և 36-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և 7-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ, 51-րդ և 56-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 28.04.2010 թվականի թիվ ԵՄԴ/0233/02/10 քաղաքացիական գործով կայացված վճռով սահմանվել է Հայկ Խաչատրյանին իր անչափահաս երեխայի` Ավետիս Հայկի Խաչատրյանի հետ շփվելու համար տեսակցության օրեր, յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը` ժամը 16:00-ից մինչև 20:00-ը, և կիրակի օրը` ժամը 15:00-ից մինչև ժամը 19:00-ը: Այսինքն Ավետիս Հայկի Խաչատրյանն արդեն իսկ շաբաթական 2 օր անցկացնում է իր բնակավայրից դուրս, մոր` Վիոլետտա Համբարձումյանի բացակայությամբ և շաբաթական ևս 2 օր անչափահաս Ավետիս Խաչատրյանի հետ, իր բնակավայրից դուրս մոր բացակայությամբ տեսակցության կարգ սահմանելը լրջորեն կփոխի Ավետիս Հայկի Խաչատրյանի համար սովորական դարձած միկրոսոցիալական միջավայրը և կխախտի նրա օրակարգը, ինչը չի կարող դրական անդրադառնալ երեխայի վրա:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.01.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, իսկ Վիոլետտա Համբարձումյանի վճռաբեկ բողոքը իրավական հիմնավորումներից զուրկ է, և չեն խախտվել ոչ Վիոլետտա Համբարձումյանի, ոչ էլ Ավետիս Հայկի Խաչատրյանի շահերը:

Միաժամանակ վճռաբեկ բողոքի պատասխանով Ավետիս Խաչատրյանը և Մարիամ Ավետիսյանը հայտնել են, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.01.2012 թվականի թիվ ԵՄԴ/0970/02/11 վճռով Հայկ Խաչատրյանի կողմից Ավետիս Հայկի Խաչատրյանի հետ շփվելու համար սահմանվել է տեսակցության հետևյալ կարգ` յուրաքանչյուր շաբաթվա կիրակի օրը` ժամը 12:00-ից մինչև 20:30-ը, մինչդեռ տվյալ դատական ակտը Վիոլետտա Համբարձումյանի կողմից բողոքարկվել է վերաքննության կարգով, ինչի հետևանքով իրենք, այդ թվում` երեխայի հայրը` Հայկ Խաչատրյանը, զրկված են երեխայի հետ շփվելու հնարավորությունից:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Ա` թիվ 006267 ծննդյան վկայականի համաձայն` Ավետիս Հայկի Խաչատրյանը ծնվել է 13.07.2008 թվականին, և հայրը Հայկ Խաչատրյանն է, իսկ մայրը` Վիոլետտա Համբարձումյանը (գ. թ. 6):

2. Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 07.07.2009 թվականի վճռով լուծվել է Վիոլետտա Համբարձումյանի և Հայկ Խաչատրյանի ամուսնությունը, և որոշվել է 13.07.2008 թվականին ծնված Ավետիս Խաչատրյանին թողնել բնակվելու մոր` Վիոլետտա Համբարձումյանի հետ(գ. թ. 9-12):

3. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 28.04.2010 թվականի վճռով Հայկ Խաչատրյանի կողմից իր երեխայի` Ավետիս Խաչատրյանի հետ շփվելու համար սահմանվել են տեսակցության օրեր` յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը` ժամը 16:00-ից մինչև 20:00-ը, և կիրակի օրը` ժամը 15:00-ից մինչև 19:00-ը (գ. թ. 13-16): Վերոնշյալ վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

4. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` Վիոլետտա Համբարձումյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրությունների ակտի համաձայն` Վիոլետտա Համբարձումյանն ունի անհրաժեշտ պայմաններ և պատշաճ կարգով զբաղվում է երեխայի` Ավետիս Խաչատրյանին խնամքով և դաստիարակությամբ (գ.թ 68):

5. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` Մարիամ Ավետիսյանի և Ավետիս Խաչատրյանի բնակարանային կենսապայմանների ուսումնասիրությունների ակտի համաձայն` Մարիամ Ավետիսյանն ու Ավետիս Խաչատրյանն ունեն անհրաժեշտ պայմաններ զբաղվելու իրենց անչափահաս թոռան` Ավետիս Խաչատրյանի խնամքով ու դաստիարակությամբ (գ.թ 69):

6. ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 24.08.2011 թվականի հ.148-Ա որոշման համաձայն` թույլատրվել է Ավետիս Խաչատրյանին և Մարիամ Ավետիսյանին տեսակցել իրենց անչափահաս թոռնիկի` Ավետիս Խաչատրյանի հետ յուրաքանչյուր երկուշաբթի` ժամը 18:00-ից 20:00-ը (գ.թ 17):

7. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 17.09.2011 թվականի եզրակացությամբ վարչական շրջանի ղեկավարի 24.08.2011 թվականի թիվ 148-Ա որոշմամբ սահմանված տեսակցության կարգը թողնվել է անփոփոխ (գ.թ 67):

8. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 17.09.2011 թվականի եզրակացության համաձայն` Հայկ Խաչատրյանը ծնողների հետ բնակվում է Երևանի Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի 6-րդ շենքի 31 բնակարանում (գ.թ 67):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` ուշադրության առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:

Նշված կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու (որքան դա հնարավոր է), իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել նրա շահերին: Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք:

Նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին: Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար: Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին: Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ձեռք է բերում ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու, իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու երաշխավորված իրավունքներ, իսկ ծնողներն իրավունք ունեն և միաժամանակ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար: Երեխաների և ծնողների նշված իրավունքների լիարժեք իրականացման և ծնողների նշված պարտականությունների պատշաճ կատարման հրամայականից ելնելով` ծնողների համար երաշխավորված է նաև այլ անձանց հանդեպ իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունքը: Նշվածի հիման վրա` Հայաստանի Հանրապետությունը երեխայի իրավունքների իրականացման և պաշտպանության գործընթացում պարտավոր է ելնել միմիայն երեխայի լավագույն շահերից, երեխային ապահովել բարեկեցության համար անհրաժեշտ հոգատարությամբ (տե՛ս ըստ հայցի Մարգարիտ Հովհաննիսյանի ընդդեմ Արթուր Թորոսյանի, երրորդ անձ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին և Արթուր Թորոսյանի հակընդդեմ հայցի` ծնողական իրավունքները սահմանափակելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի թիվ ԵԱԴԴ/1513/02/08 որոշումը): Ելնելով երեխայի լավագույն շահերից և նրան երաշխավորված իրավունքների գերակայությունից` ՀՀ ընտանեկան օրենսգիրքը սահմանել է երեխայի պապերի, տատերի` երեխայի հետ միայն շփվելու իրավունքը, և նշված անձանց երեխայի դաստիարակությամբ զբաղվելու իրավունք վերապահված չէ:

Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 17.09.2011 թվականի եզրակացությունը, գտել է, որ երեխայի տեսակցումը պետք է կատարվի շաբաթական մեկ անգամ, յուրաքանչյուր երկուշաբթի` ժամը 17-ից 21-ը, երեխայի մոր` Վիոլետտա Համբարձումյանի ներկայությամբ:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ շաբաթական ընդամենը 1 օր տեսակցության կարգի սահմանումը հիմնավոր չէ և չի բխում մանկահասակ երեխայի շահերից, քանի որ տեսակցության օրերի միջև եղած 6-օրյա ոչ կարճատև ընդմիջումը կարող է որոշակի բարդություններ առաջացնել երեխայի և Ավետիս Խաչատրյանի, Մարիամ Ավետիսյանի շփման համար: Հաշվի առնելով երեխայի տարիքը` հնարավոր է, որ երեխան տեսակցության օրերի միջև եղած երկար ընդմիջման պատճառով որոշակի խնդիրներ ունենա տատի ու պապի հետ մերձենալու առումով, ինչն էլ յուրաքանչյուր տեսակցության ժամանակ երեխայի անցանկալի հուզումների առիթ կհանդիսանա, և գտել է, որ երեխայի տեսակցությունն իրենից առանձին ապրող տատի ու պապի հետ պետք է թույլատրվի շաբաթական 2 օր, ուստի, բացի երկուշաբթի օրվանից, պետք է սահմանվի նաև ևս մեկ տեսակցություն օր, այն է` յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը` ժամը 17:00-ից մինչև 21:00-ը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 17.09.2011 թվականի եզրակացության համաձայն` Հայկ Խաչատրյանը բնակվում է Երևանի Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի 6-րդ շենքի 31 բնակարանում` ծնողների` Ավետիս Խաչատրյանի և Մարիամ Ավետիսյանի հետ, հետևաբար Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 28.04.2010 թվականի թիվ ԵՄԴ/0233/02/10 քաղաքացիական գործով կայացված վճռով Հայկ Խաչատրյանը հնարավորություն է ստանում երեխայի հետ տեսակցել, շփվել, մասնակցել նրա դաստիարակությանը և կրթությանը շաբաթական 2 օր` օրական 4 ժամ` երեխային տեղափոխելով իր բնակության վայր, որն էլ հնարավորություն է տալիս ապահովել նաև երեխայի շփումը տատի ու պապի հետ:

«Երեխայի իրավունքների մասին» 1989 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 3-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ Դատարանները երեխայի իրավունքները շոշափող ցանկացած գործ քննելիս առաջնայնությունը պետք է տան երեխայի շահերի առավել ապահովմանը: Կոնվենցիայով պետությունը պարտավորվում է օրենսդրական, վարչական միջոցներ ձեռնարկել երեխայի շահերի ապահովման համար, սահմանել երեխայի խնամարկյալների, ծնողների իրավունքների և պարտականությունների ծավալը, հետևել տվյալ իրավահարաբերություններում պետական մարմինների գործունեությանը` միտված երեխայի բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությանը և հոգատարությանը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխան ունի իր ծնողների, պապերի և տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք: Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն ազդում երեխայի իրավունքների վրա:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխայի պապերը, տատերը, եղբայրները, քույրերը և այլ ազգականներն իրավունք ունեն շփվելու երեխայի հետ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն կատարում խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը, երեխայի մերձավոր ազգականները կարող են երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու հայցով դիմել դատարան: Դատարանը վեճը լուծում է` ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը երեխայի` ազգականների հետ շփվելու հարցերին վերաբերող վեճերը քննելիս առաջնայինը պետք է հիմք ընդունի երեխայի շահերը և գործը լուծի` ելնելով երեխայի շահերից: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, սահմանելով թոռան հետ տեսակցելու կարգ շաբաթական երկու օր` 4 ժամ տևողությամբ, հաշվի է առել տատի և պապի` երեխայի հետ շփվելու իրավունքը, սակայն պատշաճ կերպով չի գնահատել այն հարցը, թե ինչքանով է երեխայի հետ տեսակցության նման կարգի սահմանումը համապատասխանում երեխայի շահերին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխան արդեն իսկ շաբաթական երկու օր չորս ժամ տևողությամբ առանց մոր ներկայության տեսակցում է հոր հետ վերջինիս բնակության վայրում, որտեղ ի դեպ բնակվում են նաև Ավետիս Խաչատրյանը և Մարիամ Ավետիսյանը:

Ավելին, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ երեխայի` մոր ներկայությամբ շփվելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումը հիմնված է եղել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցչի` դատարանում արտահայտած կարծիքի վրա, ինչը հակասում է խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացությանը, միևնույն ժամանակ սահմանել է տեսակցության մի կարգ, որը ևս հակասում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմանը` առանց պատշաճ հիմնավորման անտեսելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` թոռնիկի հետ տեսակցելու թույլտվության մասին թիվ 148-Ա որոշումը և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 17.09.2011 թվականի եզրակացությունը, որով վարչական շրջանի ղեկավարի 24.08.2011 թվականի որոշմամբ սահմանված տեսակցության կարգը թողնվել է անփոփոխ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ, 51-րդ և 56-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.04.2012
N ԵՄԴ/0799/02/11
Որոշում