ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1174/02/11
դատարանի որոշում 2012թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1174/02/11
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
Դատավորներ` Ա. Պետրոսյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2012 թվականի հունիսի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե Մխիթարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.02.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գայանե Մխիթարյանի ընդդեմ Ռաֆանուշ Գրիգորյանի` Երևանի Այգեստան 7-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող ընդհանուր գույքի նկատմամբ մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու և ընդհանուր գույքից Գայանե Մխիթարյանի բաժինը բնեղենով առանձնացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գայանե Մխիթարյանը պահանջել է Երևան քաղաքի Այգեստան 7-րդ փողոցի 10 հասցեում գտնվող ընդհանուր գույքի նկատմամբ որոշել յուրաքանչյուրի բաժինը և բնեղենով առանձնացնել իր բաժինը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ռ.Ափինյան) (այսուհետ` Դատարան) 15.11.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է` վճռվել է Երևան, Այգեստան 7-րդ փողոցի թիվ 10 տան ձախակողմյան ցանկապատից սկսած դիմացի մասը 3 մ լայնությամբ, 13 մ երկարությամբ մինչև պատասխանողի դարպասը, ինչպես նաև տան ձախակողմյան անկյունամասից հաշված 18,5 մ երկարությամբ դեպի բակի խորքը` ընդամենը 133,5 քմ, հատկացնել պատասխանող Ռաֆանուշ Գրիգորյանին, իսկ տան աջակողմյան մասը` ընդամենը 342,5 քմ, թողնել հայցվոր Գայանե Մխիթարյանին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.02.2012 թվականի որոշմամբ Ռաֆանուշ Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 15.11.2011 թվականի վճիռը բեկանվել և մասնակիորեն փոփոխվել է, որոշվել է ««Երևան, Այգեստան 7-րդ փողոց, թիվ 10» հասցեում գտնվող 476 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կողմերի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքում նրանց բաժինները որոշել հավասար չափերով` նրանցից յուրաքանչյուրի բաժինը սահմանելով հողամասի 1/2 չափ, և գործն ուղարկել նույն դատարան` նշված հողամասից հայցվորի բաժինն առանձնացնելու պահանջին վերաբերող մասով նոր քննության»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Մխիթարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ, ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 219-րդ, 221-րդ հոդվածների և ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները և հանգել է սխալ հետևության այն մասին, որ առկա չեն ապացույցներ` օրենքով կամ կողմերի համաձայնությամբ ընդհանուր սեփականության իրավունքում կողմերի բաժինների անհավասարություն նախատեսված լինելու մասին: Մինչդեռ հողամասի փաստացի առանձնացված լինելու և դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիմքով նախատեսված է ընդհանուր սեփականության իրավունքում կողմերի բաժինների անհավասարություն:
Այն հանգամանքը, որ վիճելի հասցեի հողամասը եղել է փաստացի առանձնացված, և կողմերից յուրաքանչյուրն օգտագործել է իր կողմից զբաղեցրած մասը, որի վերաբերյալ առարկություն չի ներկայացրել նաև մյուս սեփականատեր Ռաֆանուշ Գրիգորյանը, հաստատվում է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով, որպիսի հանգամանքը վերաքննիչ դատարանը չի գնահատել:
Նշված հասցեում գտնվող 476 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կողմերի բաժինները հավասար չափերով սահմանելու մասին որոշում կայացնելով` Վերաքննիչ դատարանը բավարարել է պատասխանողի պահանջը, մինչդեռ հայցադիմում ներկայացվել է իր կողմից, որի պահանջը եղել է Այգեստան 7-րդ փողոցի 10 հասցեում գտնվող ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում որոշել մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը և ընդհանուր գույքից առանձնացնել պատասխանողի բաժինը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.02.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.11.2011 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 23.09.1987 թվականի դրությամբ Երևան, Այգեստան 7 փողոց, թիվ 10 բնակելի տան 1/2-ական մասերի սեփականատերեր են հանդիսացել հայցվոր Գայանե Մխիթարյանի հայրը` Հակոբ Քոչարյանը և Ռաֆանուշ Գրիգորյանը, իսկ 476 քմ մակերեսով հողամասն ընդհանուր օգտագործման իրավունքով հաշվառվել է վերջիններիս անվամբ (կադաստրային գործ, գ.թ. 79, 97).
2) Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանային ժող. Դատարանի` 17.08.1990 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ռաֆանուշ Գրիգորյանի և Հակոբ Քոչարյանի միջև սահմանվել է հողօգտագործման կարգ հետևյալ կերպ. «Երևան, Այգեստան 7-րդ փող. նո 10 տան ձախակողմյան ցանկապատից սկսած դիմացի մասը 3 մ լայնությամբ, 13,10 մ երկարությամբ մինչև պատասխանողի դարպասը, ինչպես նաև տան ձախակողմյան անկյունամասից հաշված 18,5 մ երկարությամբ դեպի բակի խորքը` ընդամենը 133,5 քմ, հատկացնել հայցուհի Ռաֆանուշ Գրիգորյանին, իսկ տան աջակողմյան մասը թողնել պատասխանող Հ.Քոչարյանի օգտագործմանը» (հատոր 1, գ.թ. 30).
3) Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանային ժող. դատարանի 17.08.1990 թվականի վճիռը ներկայացվել է իրավունքի պետական գրանցում կատարող մարմնին (գույքագրման բյուրո), որն առկա է կադաստրային գործում (կադաստրային գործ, գ.թ. 154-156).
4) Երևանի առաջին պետական նոտարական գրասենյակի պետական նոտարի կողմից Գայանե Հայկի Մխիթարյանի անվամբ 28.01.1998 թվականին հաստատվել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը, որի համաձայն` Հակոբ Քոչարյանի մահից հետո մնացած` Երևան, Այգեստան 7 փողոցի թիվ 10 անշարժ գույքի` /19,25 քմ բնակելի, 41,02 քմ օժանդակ մակերեսներով/ տան նկատմամբ ժառանգ է հանդիսանում Գայանե Միքայելյանը (կադաստրային գործ, գ.թ. 111).
5) 13.02.1998 թվականին տրված թիվ Ա 026194 սեփականության վկայագրի համաձայն` Երևան, Այգեստան 7 փողոցի թիվ 10 անշարժ գույքի 60,27 քմ մակերեսով բնակելի տունը սեփականության իրավունքով, իսկ 0,0476 հա մակերեսով հողամասն օգտագործման իրավունքով գրանցվել է Գայանե Մխիթարյանի անվամբ (կադաստրային գործ, գ.թ. 153).
6) Կադաստրի 05.11.2003 թվականին տրված անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 1708678 վկայականի համաձայն` Երևան, Այգեստան 7 փողոցի թիվ 10 հասցեի անշարժ գույքը` 60,27 քմ բնակելի մեկերեսով տունը, սեփականության իրավունքով, իսկ 0,0476 հա հողամասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցվել է Գայանե Մխիթարյանի անվամբ (կադաստրային գործ, գ.թ. 149):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
i
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Գործող ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված հողամասի նկատմամբ իրավունքներն ունեն իրավաբանական ուժ և ենթակա չեն վերագրանցման:
29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեցած հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք են ձեռք բերում հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայության դեպքում, եթե`
1/ այդ հողամասերը հատկացվել են որպես տնամերձ, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար և
2/ դրանք տրամադրվել են մինչև 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը (տես`Ռիմա Համբարձումյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` բնակելի տան և տնով զբաղեցված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԿԴ/1471/02/08 որոշումը):
Այսինքն` տնամերձ, ինչպես նաև այգեգործական (ամառանոցի) և բնակելի տան շինարարության սպասարկման համար հատկացված այն հողամասերը, որոնք մինչև 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը գտնվել են քաղաքացիների օգտագործման ներքո, նրանց փոխանցվում են ի սեփականություն` անհատույց կարգով (տես` Վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի թիվ ԵԿԴ/2035/02/08 որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանային ժող. Դատարանի` 17.08.1990 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ռաֆանուշ Գրիգորյանի և Հակոբ Քոչարյանի միջև սահմանվել է հողօգտագործման կարգ, համաձայն որի` Երևան, Այգեստան 7-րդ փող. նո 10 տան ձախակողմյան ցանկապատից սկսած դիմացի մասը 3 մ լայնությամբ, 13,10 մ երկարությամբ մինչև պատասխանողի դարպասը, ինչպես նաև տան ձախակողմյան անկյունամասից հաշված 18,5 մ երկարությամբ դեպի բակի խորքը` ընդամենը 133,5 քմ, հատկացվել է Ռաֆանուշ Գրիգորյանին, իսկ տան աջակողմյան մասը թողնվել է պատասխանող Հակոբ Քոչարյանի օգտագործմանը (Հայցվորի իրավանախորդին):
Նշված վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ, որը վկայում է այն մասին, որ վիճելի հասցեի հողամասի նկատմամբ օգտագործման կարգ սահմանելու վճռի վերաբերյալ կողմերի միջև ըստ էության անհամաձայնություն չի եղել: Այսինքն` նշված վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կողմերի ունեցած հողատարածքներ համարվել են դատարանի վճռով հատկացված հողամասերը: Բացի այդ, դեռևս հայցվորի իրավանախորդի կողմից հողօգտագործման կարգ սահմանելու վերաբերյալ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո այն ներկայացվել է գույքագրման բյուրոյին (որն առկա է կադաստրային գործում), և նշված ժամանակվանից սկսած` ըստ էության կողմերն իրենց ունեցած հողամասերը համարել են դատարանի վճռով հատկացված հողամասերը, թեև դրանք փաստացի չեն առանձնացվել:
Վերը նշված հոդվածի վերլուծությունը և սույն գործի փաստերի համադրումը վկայում են այն մասին, որ վիճելի հողամասը Հակոբ Քոչարյանին հատկացվել է բնակելի տան շինարարության նպատակով և հողօգտագործման կարգ սահմանելու վերաբերյալ վճիռը կայացվել է 17.08.1990 թվականին և օրինական ուժի մեջ է մտել մինչև 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ակնհայտ են այն պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայությունը, որոնք հիմք են, 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն, վիճելի հողի նկատմամբ կողմերի սեփականության իրավունքը ճանաչելու օրենքի ուժով և սեփականության իրավունքում վերջիններիս բաժիններն առանձնացնելու ըստ Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանային ժող. Դատարանի` 17.08.1990 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանային ժող. Դատարանի` 17.08.1990 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ռաֆանուշ Գրիգորյանի և Հակոբ Քոչարյանի միջև սահմանվել է հողօգտագործման կարգ, համաձայն որի` վերջիններս փաստացի տիրապետել և մինչ օրս տիրապետում են նաև կողմերը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով կողմերը դարձել են իրենց կողմից փաստացի օգտագործվող և վերը նշված վճռով սահմանված հողամասերի սեփականատերերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:
Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով և վերլուծության չենթարկելով այն հանգամանքը, որ մինչև 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով կողմերի միջև սահմանված է եղել հողօգտագործման կարգ և կողմերի ունեցած հողատարածքները համարվել են դատարանի վճռով առանձնացված հողամասերը, հանգել է սխալ հետևության:
Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.02.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 15.11.2011 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:
2. Ռաֆանուշ Գրիգորյանից հօգուտ Գայանե Մխիթարյանի բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան