Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 32-ՐԴ, 109 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0462/02/08

    դատարանի որոշում                                              2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0462/02/08

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Ն. Բարսեղյան

                       Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի հոկտեմբերի 19-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Յուրիկ և Աղունիկ Փիլոյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.02.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Յուրիկ և Աղունիկ Փիլոյանների ընդդեմ Սիրանուշ Փիլոյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին և Սիրանուշ Փիլոյանի հայցի ընդդեմ Յուրիկ և Աղունիկ Փիլոյանների, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի` բնակարանից բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Յուրիկ և Աղունիկ Փիլոյանները պահանջել են բռնագանձել Սիրանուշ Փիլոյանից 23.300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և 790.520 ՀՀ դրամի 1/3 մասը` որպես ժառանգության հետ կապված ծախսերի հատուցում:

Դիմելով դատարան` Սիրանուշ Փիլոյանը պահանջել է Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի 51-րդ շենքի թիվ 2 հասցեում գտնվող բնակարանից բնեղենով առանձնացնել իրեն պատկանող 1/3 մասը, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 02.04.2008 թվականի որոշմամբ նշված գործերը միացվել են մեկ վարույթում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 30.07.2009 թվականի վճռով Յուրիկ և Աղունիկ Փիլոյանների հայցը մերժվել է, իսկ Սիրանուշ Փիլոյանի հայցը` բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2009 թվականի որոշմամբ Յուրիկ և Աղունիկ Փիլոյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 30.07.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.03.2010 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2009 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 14.11.2011 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է այն պատճառաբանությամբ, որ գործի դատաքննության ընթացքում հայցվոր Սիրանուշ Փիլոյանի ներկայացուցիչ Սեդա Գասպարյանը, ինչպես նաև հայցվորներ Յուրիկ և Աղունիկ Փիլոյանները հրաժարվել են իրենց ներկայացրած հայցերից:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.02.2012 թվականի որոշմամբ Յուրիկ և Աղունիկ Փիլոյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.11.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Յուրիկ և Աղունիկ Փիլոյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Սիրանուշ Փիլոյանը և նրա ներկայացուցիչ Սեդա Գասպարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 3-րդ կետը, 12-րդ հոդվածը, 47-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, 109-րդ հոդվածի 6-րդ կետը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ բողոք բերած անձինք իրենց ներկայացրած հայցից հրաժարվել են միայն Սիրանուշ Փիլոյանի կողմից վիճելի տան 1/3 մասից հրաժարվելու պայմանով: Ընդ որում, գործի դատաքննության ընթացքում Սիրանուշ Փիլոյանի ներկայացուցիչ Սեդա Գասպարյանը հստակ հայտարարել է, որ հրաժարվում է ոչ միայն հայցապահանջից, այլև վիճելի տան 1/3 բաժնից, որպիսի հանգամանքն է միայն վճռորոշ նշանակություն ունեցել բողոք բերած անձանց համար հայցից հրաժարվելու հարցում և առաջնորդել նրանց գործողությունները: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն առանց լսելու դատական նիստի ձայնագրառումը` հիմք է ընդունել Վերաքննիչ դատարանում Սեդա Գասպարյանի տված այն ցուցմունքը, թե իբր բնակարանից հրաժարվելու մասին խոսք չի եղել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 23.02.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

31.10.2011 թվականի դատական նիստում Սեդա Գասպարյանն իր լիազորությունների շրջանակում համապատասխան մեկնաբանությունների և փաստարկների վկայակոչմամբ հրաժարվել է հայցից, Յուրիկ և Աղունիկ Փիլոյանները` իրենց հայցից, իսկ ժառանգական գույքի 1/3 բաժնից հրաժարվելու վերաբերյալ փաստարկը բողոք բերած անձանց երևակայության արդյունքն է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 20.03.2006 թվականի թիվ 2011385 և 31.10.2006 թվականի թիվ 2237092 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականների համաձայն` Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի 51-րդ շենքի թիվ 2 հասցեում գտնվող 59.0 քմ և 40.0 քմ մակերեսներով բնակարանների նկատմամբ 01.03.2004 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 3348 վկայագրի հիման վրա գրանցվել է Յուրիկ, Աղունիկ և Սիրանուշ Փիլոյանների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` յուրաքանչյուրին 1/3 բաժին (հատոր 2-րդ, գ.թ. 11-18):

2) Գործի դատաքննության 31.10.2011 թվականի դատական նիստի ձայնային արձանագրման համաձայն` Սիրանուշ Փիլոյանի ներկայացուցիչ Սեդա Գասպարյանը հայցից հրաժարվելիս հայտարարել է, որ «Վճռաբեկ դատարանի կողմից հիմնավորված վճարվելիք գումարների 1/3 մասը...թող դրվի ժառանգական գույքի վրա», իսկ նախագահող դատավորի այն հարցին, թե «այսինքն` հանվի ժառանգական գույքի արժեքից», պատասխանել է, որ «այո, այսինքն` մենք լրիվ, լրիվ հրաժարվում ենք, նվիրում եմ նրանց և վերջ»: Դրան հաջորդել է Աղունիկ Փիլոյանի հայտարարությունը. «եթե 1/3 բաժնից հրաժարվում է, ապա գումարի պահանջի մասին այլևս խոսք չկա, քանի որ այդ բաժինը կվաճառվի, և այդ գումարները կվճարվեն»: Այնուհետև նախագահող դատավորը Յուրիկ և Աղունիկ Փիլոյաններին հարցրել է, թե պնդում են իրենց պահանջը, որին ի պատասխան Աղունիկ Փիլոյանը նշել է. «դե, եթե ինքը տարածքից հրաժարվում է», նախագահող դատավորն արձագանքել է. «դե, եթե չկա, տիկին Փիլոյան, ասում է, որ հրաժարվում է»: Դրանից հետո Յուրիկ և Աղունիկ Փիլոյանները հայտարարել են, որ հրաժարվում են իրենց պահանջից` Աղունիկ Փիլոյանը միաժամանակ հավելելով. «բայց հետո մնալու է իմ թոռնիկներին, նվիրատվություն ենք անելու»: Սեդա Գասպարյանը որևէ կերպ չի արձագանքել իր կողմից անշարժ գույքի 1/3 բաժնից հրաժարվելու հայտարարության կապակցությամբ Յուրիկ, Աղունիկ Փիլոյանների դիրքորոշումներին և նախագահող դատավորի պարզաբանումներին (հատոր 8-րդ, գ.թ. 126-128):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ իրավունքի պաշտպանության տնօրինման եղանակներից հայցից հրաժարվելու ինստիտուտին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` .... Հայցվորը հայցից կարող է հրաժարվել առաջին ատյանի դատարանում մինչև դատաքննության ավարտը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաստական փուլում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցից հրաժարումը հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջից և իրավունքի պաշտպանության դատավարական միջոցից անվերապահորեն, առանց որևէ պայմանի հրաժարումն է: Հայցից հրաժարումը հայցվորի միակողմանի տնօրինչական գործողություն է, որը կարող է տեղի ունենալ տարբեր նկատառումներով: Դատարանը չպետք է անդրադառնա հայցից հրաժարվելու պատճառների գնահատմանը, սակայն պարտավոր է հայցվորին պարզաբանել կատարվող գործողության իմաստն ու նշանակությունը և համոզվել, որ հայցից հրաժարումը վերջինիս ազատ կամքի արտահայտությունն է և զերծ է այլ անձանց հարկադրանքից:

Սույն գործի վարույթը կարճելիս Դատարանը պատճառաբանել է, որ դատաքննության ընթացքում` 31.10.2011 թվականին նշանակված դատական նիստում, Սիրանուշ Փիլոյանի ներկայացուցիչ Սեդա Գասպարյանը հայտնել է, որ իրենք ամբողջությամբ հրաժարվում են ներկայացրած բոլոր հայցապահանջներից, իսկ Աղունիկ և Յուրիկ Փիլոյանները հայտնել են, որ Սիրանուշ Փիլոյանի կողմից հայցից հրաժարվելու պարագայում իրենք նույնպես պահանջներ չունեն, ուստի ևս հրաժարվում են հայցից:

Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի վճիռը, նշել է, որ Սիրանուշ Փիլոյանի ներկայացուցիչ Սեդա Գասպարյանը 31.10.2011 թվականի դատական նիստի ժամանակ բանավոր հայտարարել է, որ հրաժարվում է իր հայցապահանջից, այլ ոչ թե ժառանգության 1/3 բաժնից, ինչը վեճի առարկա չէ: Հետևաբար, անհիմն է բողոք բերած անձանց այն փաստարկը, որ իրենք հայցից հրաժարվել են միայն այն պայմանով, որ Սիրանուշ Փիլոյանը հրաժարվել է ժառանգության 1/3 բաժնից:

Մինչդեռ գործի դատաքննության 31.10.2011 թվականի դատական նիստի ձայնային արձանագրման ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձինք իրենց հայցապահանջից հրաժարվելու նպատակ չեն ունեցել, և դատական նիստում այդ հայեցողական իրավունքից օգտվել են միայն այն բանից հետո, երբ համոզվել են Սիրանուշ Փիլոյանի կողմից վիճելի անշարժ գույքի 1/3 բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրություն չունենալու հարցում: Մինչդեռ Դատարանն անտեսել է բողոք բերած անձանց առաջադրած հայցից հրաժարվելու պայմանը և չպարզաբանելով վերապահումով հայցից հրաժարվելու անթույլատրելիությունը` ընդունել է հայցից հրաժարումը: Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին անհիմն կերպով արձանագրել է, որ բողոք բերած անձանց կողմից հայցից հրաժարումը պայմանավորված չի եղել Սիրանուշ Փիլոյանի կողմից վիճելի անշարժ գույքի 1/3 բաժնի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից հրաժարվելով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցից հրաժարումը հայցվորի կողմից իր դատավարական իրավունքների իրացման տնօրինչական գործողություն է, որով վերջինս անվերապահ հրաժարվում է իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությունից և ուղղված է իր նախաձեռնությամբ հարուցված գործի վարույթի դադարեցմանը: Հետևաբար, հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցից հրաժարումը բողոք բերած անձանց իրական կամքի խաթարման արդյունք է, նրանց կամքն ամենևին էլ ուղղված չի եղել պարզապես հայցից հրաժարվելուն, քանի որ նրանք այդ տնօրինչական իրավունքն իրացրել են` հաստատապես համոզված լինելով, որ Սիրանուշ Փիլոյանը հրաժարվում է վիճելի անշարժ գույքի 1/3 բաժնի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից և հայցից հրաժարման հիմքում բացառապես դրել են վերոհիշյալ պայմանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, գործի դատաքննության ընթացքում բողոք բերած անձանց կողմից հայցից հրաժարվելու հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճելով, իսկ Վերաքննիչ դատարանը, նշված դատական ակտի այդ մասն օրինական ուժի մեջ թողնելով, հաշվի չեն առել, որ տվյալ դեպքում բողոք բերած անձինք հայցից հրաժարվել են վերապահումով, ինչը չպետք է ընդունվեր: Արդյունքում, Սիրանուշ Փիլոյանը կորցրել է սույն գործով ներկայացրած հայցապահանջով կրկին անգամ դատարան դիմելու հնարավորությունը, սակայն ժառանգական գույքի նկատմամբ պահպանել է ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, մինչդեռ բողոք բերած անձինք ընդհանրապես զրկվել են գումարի բռնագանձման պահանջով դատական պաշտպանություն հայցելու իրավունքից:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է համարում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննությունը պետք է իրականացվի միայն Յուրիկ և Աղունիկ Փիլոյանների հայցի մասով, քանի որ Սիրանուշ Փիլոյանի հայցի մասով Դատարանի 14.11.2011 թվականի վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.02.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
19.10.2012
N ԵԿԴ/0462/02/08
Որոշում